ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
23 ապրիլի 2019 թ. |
N 85-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով և 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի «Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» N 46-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետև՝ Հավելված) 4-րդ և 5-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝
«4. Երևանի քաղաքապետին կից ձևավորվում և գործում են հետևյալ Խորհուրդները.
1) համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման,
2) քաղաքաշինական,
3) շրջակա միջավայրի պահպանության,
4) առևտրի և ծառայությունների, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման,
5) առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի,
6) սոցիալական հարցերի,
7) կրթության, մշակույթի, զբոսաշրջության և երիտասարդության հետ տարվող աշխատանքների։
5. Խորհուրդները ձևավորվում են առավելագույնը 20 անդամի կազմով, իսկ համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման և քաղաքաշինական խորհուրդները` առավելագույնը 25 անդամի կազմով:»:
2. Հավելվածի 6-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝
«6. Խորհրդի անդամներին իր որոշմամբ, 2 տարի ժամկետով, նշանակում է Երևանի քաղաքապետը՝ աշխատակազմի, համայնքային կազմակերպությունների համապատասխան մասնագետների ընդգրկմամբ, ինչպես նաև հասարակական հիմունքներով համայնքի բնակիչների և կազմակերպությունների ներգրավմամբ, որոնց մասնագիտական գործունեությունը առավել սերտ առնչվում է տվյալ խորհրդի գործունեությանը, ընդ որում՝ խորհրդի կազմում 3 անդամ կարող են նշանակվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և Երևանի ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներից, իսկ համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման Խորհրդի կազմում ներգրավվում են նաև.»:
3. Հավելվածը լրացնել նոր 7.1-րդ կետով.
«7.1. Հրապարակային հայտարարությունը տեղադրվում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում խորհրդի անդամների նշանակումից առնվազն 10 աշխատանքային օր առաջ:»:
4. Հավելվածի 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«8. Խորհուրդը ձևավորված է համարվում, եթե նշանակվել են տվյալ Խորհրդի անդամների առավելագույն քանակի առնվազն կեսը:»:
5. Հավելվածը լրացնել նոր 8.1-րդ կետով.
«8.1. Խորհրդի ձևավորումից հետո դրա կազմում թափուր մնացած կամ խորհրդի անդամի լիազորությունները դադարելու հետևանքով առաջացած թափուր տեղերի համալրումը իրականացվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում տեղադրված հայտարարության հիման վրա, սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով:»:
6. Հավելվածի 10-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝
«Խորհրդի նախագահը, Խորհրդի նախագահի տեղակալը և քարտուղարը հանդիսանում են Խորհրդի անդամ, ընդ որում՝ Խորհրդի նախագահի տեղակալ կարող է լինել Երևանի քաղաքապետի տեղակալը կամ Երևանի գլխավոր ճարտարապետը կամ Երևանի քաղաքապետի խորհրդականը կամ օգնականը կամ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության պետը, իսկ քարտուղար՝ խորհրդի յուրաքանչյուր անդամ (համաձայնությամբ):»:
7. Հավելվածի 12-րդ կետում «մասնակցել նաև» բառերից հետո լրացնել «այլ խորհուրդների անդամներ կամ համապատասխան մասնագետներ,» բառերով:
8. Հավելվածը լրացնել նոր 13.1-րդ և 13.2-րդ կետերով.
«13.1. Խորհրդի որոշմամբ խորհրդի կազմում առանձին հարցերի քննարկման նպատակով կարող են ձևավորվել հանձնաժողովներ, որոնց անդամների քանակը և աշխատակարգը սահմանում է խորհուրդը:
13.2. Խորհրդի կազմում ձևավորված հանձնաժողովների կազմում կարող են ընդգրկվել տվյալ խորհրդի և այլ խորհուրդների անդամներ և հրավիրված մասնագետներ, որոնք Խորհրդին ներկայացնելու նպատակով քվեարկությամբ ընդունում են խորհրդակցական բնույթի եզրակացություն:»:
9. Հավելվածը լրացնել նոր 23.1-րդ կետով.
«23.1. Խորհրդի անդամը պարտավոր է Խորհրդի նախագահին հայտարարել շահերի բախման մասին և չմասնակցել այն հարցի քննարկմանը և դրա վերաբերյալ քվեարկությանը, որն առնչվում է իր, իր ընտանիքի անդամի և մերձավոր ազգականի մասնավոր շահերին կամ որի վերաբերյալ ինքը, իր ընտանիքի անդամը կամ մերձավոր ազգականը շահագրգիռ անձինք են, այդ թվում՝ քննարկվող նախագծի կամ ծրագրի շրջանակներում վճարի դիմաց կամ հասարակական հիմունքներով ներգրավված են որպես մասնագետ կամ խորհրդատու: Շահերի բախման վերաբերյալ չհայտարարելու և քվեարկությանը մասնակցելու դեպքում, շահերի բախման իրավիճակում գտնվող խորհրդի անդամի լիազորությունները համարվում են դադարած, իսկ եթե նշված անձի քվեարկությունը ունեցել է վճռորոշ նշանակություն, քվեարկության արդյունքները համարվում են չեղյալ:»:
10. Հավելվածի 25-րդ կետում «երկու» բառը փոխարինել «հինգ» բառով:
11. Հավելվածի 31-րդ կետի 4-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել:
12. Հավելվածի 31-րդ կետի 7-րդ ենթակետում «ավագանու անդամ» բառերից հետո լրացնել «կամ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կամ Երևանի ենթակայության կազմակերպության աշխատակից» բառերը:
13. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում Երևանի քաղաքապետին կից ձևավորված Խորհուրդների գործունեությունը դադարեցվում է և ձևավորվում են նոր Խորհուրդներ սույն որոշման պահանջներին համապատասխան:
14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Երևանի քաղաքապետ |
Հ. Մարության |