Գլխավոր տեղեկություն
Համար
N 301-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.28-2021.01.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.12.2020
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
22.12.2020
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

22 դեկտեմբերի 2020 թ.
Երևան

N 301-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾՈՂ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետը և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 46-Ն որոշումը.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող քաղաքաշինական փաստաթղթեր ստանալու վերաբերյալ ներկայացված հայտերի ուսումնասիրության խորհրդակցական խորհրդի կազմավորման և գործունեության կարգն ու լիազորությունները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրը:

 

Երևանի քաղաքապետ

Հ. Մարության

 

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի

դեկտեմբերի 22-ի N 301-Ն

որոշման

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾՈՂ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ԿԱՐԳ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության Երևան համայնքի (այսուհետև՝ քաղաք) խորհրդակցական նպատակով և հասարակական կարգով գործող քաղաքաշինական փաստաթղթեր ստանալու վերաբերյալ ներկայացված հայտերի ուսումնասիրության խորհրդակցական խորհրդի (այսուհետև` Խորհուրդ) կազմավորման և գործունեության կարգի և լիազորությունների հետ կապված հարաբերությունները: Խորհուրդը ստեղծվում է Երևան քաղաքում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:

 2. Սույն կարգով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 46-Ն որոշմամբ:

 3. Խորհրդի անդամներին իր որոշմամբ, 1 տարի ժամկետով, նշանակում է Երևանի քաղաքապետը՝ ճարտարապետական ոլորտի անհատ մասնագետների ներգրավմամբ՝ անկախ ազգությունից, ռասսայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից:

 4. Խորհրդի կազմում մասնագետների ներգրավումն իրականացվում է իրենց դիմումի համաձայն՝ հրապարակային հայտարարության հիման վրա, որի արդյունքում Երևանի քաղաքապետը նշանակում է խորհրդի անդամներին ըստ ներկայացված դիմումների հաջորդականության մինչև սույն կարգով սահմանված անդամների առավելագույն քանակը լրանալը:

 5. Հրապարակային հայտարարությունը տեղադրվում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում խորհրդի անդամների նշանակումից առնվազն 15 աշխատանքային օր առաջ:

 6. Խորհուրդը կազմված է 30 անդամից:

 7. Խորհրդի կազմում Խորհրդի նախագահի կողմից ձևավորվում են Խորհրդի 7 անդամից բաղկացած աշխատանքային խմբեր: Խորհրդի նախագահը և նախագահի տեղակալն աշխատանքային խմբերում չեն ընդգրկվում:

 8. Խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, իսկ աշխատանքային խմբի նիստերը հրավիրվում են առնվազն շաբաթը մեկ անգամ:

 9. Խորհրդի և աշխատանքային խմբի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են նշանակված անդամների հիսուն տոկոսից ավելին:

 10. Խորհուրդը և աշխատանքային խումբը ընդունում են խորհրդատվական բնույթ ունեցող եզրակացություններ և առաջարկություններ:

 11. Խորհուրդը և աշխատանքային խումբը քննարկվող հարցերի շուրջ եզրակացություններն ու առաջարկությունները ընդունում է բաց քվեարկությամբ՝ նիստին ներկա մասնակիցների ձայների մեծամասնությամբ, իսկ ձայների հավասարության դեպքում, ընդունվում է այն որոշումը, որին կողմ է քվեարկում Խորհրդի նախագահը:

 12. Խորհրդի և աշխատանքային խմբի նիստերը գումարվում են Արգիշտի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում: Նիստեր կարող են գումարվել Երևան քաղաքի որևէ վարչական շրջանի վարչական շենքում կամ Խորհրդի նախագահի որոշմամբ՝ այլ վայրում:

 13. Խորհրդի նախագահ Երևանի քաղաքապետի որոշմամբ նշանակվում է Երևանի քաղաքապետի տեղակալը կամ խորհրդականը:

 14. Խորհրդի նախագահի տեղակալին և քարտուղարին իր որոշմամբ նշանակում է Երևանի քաղաքապետը: Խորհրդի նախագահի տեղակալ նշանակվում է Խորհրդի անդամներից մեկը, իսկ քարտուղար՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցը, ընդ որում Խորհրդի քարտուղարը չի հանդիսանում խորհրդի անդամ և չի կարող ընդգրկվել աշխատանքային խմբերում:

 15. Խորհրդի նախագահի տեղակալը փոխարինում է Խորհրդի նախագահին նրա բացակայության դեպքում:

 16. Խորհրդի նախագահը՝

 1) իրականացնում է Խորհրդի գործունեության ընդհանուր ղեկավարումը,

 2) հաստատում է Խորհրդի նիստի օրակարգը,

3) հրավիրում է Խորհրդի նիստերը,

4) կազմակերպում է Խորհրդի գործունեությունը և ղեկավարում դրա աշխատանքը,

5) ստորագրում է Խորհրդի նիստի արձանագրությունը և Խորհրդի ընդունած եզրակացությունը և (կամ) առաջարկությունը,

 6) մասնագիտական աջակցության նպատակով միջնորդում մասնագետների ներգրավման համար պետական, տեղական ինքնակառավարման կամ միջազգային մարմիններին:

17. Խորհրդի քարտուղարը չի հանդիսանում Խորհրդի անդամ և՝

1) կազմում է նիստի օրակարգը և ներկայացնում Խորհրդի նախագահի հաստատմանը,

2) իրականացնում է նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի նախապատրաստումը,

3) Խորհրդի և աշխատանքային խմբի անդամներին տեղեկացնում է նիստի մասին՝ Խորհրդի անդամներին ներկայացնելով նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ,

4) պատասխանատվություն է կրում ներկայացվող նյութերի ամբողջականության համար,

5) վարում է Խորհրդի գործավարությունը, այդ թվում` նիստի արձանագրության կազմումը,

6) կիսամյակը մեկ անգամ խորհրդի անդամներին է ներկայացնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի օգնությամբ իրականացված խորհրդի գործունեության վերաբերյալ վերլուծություններ, մոնիտորինգների արդյունքներ և այլ տեղեկատվություն:

 18. Խորհրդի նիստի օրակարգում լրացուցիչ հարցեր կարող են ընդգրկվել նիստից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ Խորհրդի նախագահի կողմից:

 19. Խորհրդի անդամը կամ անդամները իրավունք չունեն օրակարգում լրացուցիչ հարցեր ընդգրկել:

 20. Խորհրդի աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը յուրաքանչյուր կիսամյակ հրապարակվում է Երևանի պաշտոնական համացանցային կայքում: Խորհրդի ընդունած եզրակացություններն ու առաջարկությունները չեն հրապարակվում:

 21. Խորհրդի նախագահը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության և (կամ) աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետերից և (կամ) համապատասխան վարչական շրջանի ղեկավարից ստանում է Երևանի քաղաքապետարան ներկայացված 3-րդ, 4-րդ և 5-րդ ռիսկայնության օբյեկտների կառուցման համար ներկայացված քաղաքաշինական փաստաթղթեր ստանալու վերաբերյալ ներկայացված հայտերը և դրանց կից փաստաթղթերը, որոնք ուսումնասիրելու և եզրակացությունը տրամադրելու նպատակով Խորհրդի քարտուղարի միջոցով երկու աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է աշխատանքային խմբերից մեկին:

 22. Աշխատանքային խումբը ստանալով հայտերը 10 օրվա ընթացքում տրամադրում է եզրակացություն կամ առաջարկություն սույն կարգով սահմանված կարգով:

 23. Աշխատանքային խումբը ստացված հայտի վերաբերյալ տրամադրում է դրական կամ բացասական եզրակացություն կամ Խորհրդում քննարկելու անհրաժեշտության վերաբերյալ առաջարկություն:

 24. Աշխատանքային խմբի կողմից հայտը Խորհրդում քննարկելու անհրաժեշտության վերաբերյալ առաջարկություն տալու դեպքում, Խորհուրդը աշխատանքային խմբից հայտը ստանալուց հետո, սույն կարգին համապատասխան 10 օրվա ընթացքում ընդունում է դրական կամ բացասական եզրակացություն:

 25. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմն ըստ անհրաժեշտության աջակցում է Խորհրդի և աշխատանքային խմբերի աշխատանքների կազմակերպման հարցում:

 26. Խորհուրդը կամ աշխատանքային խումբը հայտը քննարկելուց և համապատասխան եզրակացությունը տրամադրելու օրը Խորհրդի նախագահին է ներկայացնում իր եզրակացությունը, իսկ բացասական եզրակացություն ներկայացնելու դեպքում տալիս է վերջինիս հիմնավորումները։

 27. Խորհրդի կամ աշխատանքային խմբի բացասական եզրակացությունը կարող է լինել՝

 1) քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման մերժում,

 2) քաղաքաշինական փաստաթղթերի վերադարձ՝ եզրակացությունում նշված թերությունները վերացնելու նպատակով:

 28. Քաղաքաշինական փաստաթղթերի վերադարձից հետո հայտը կրկին ներկայացվելու դեպքում այն քննարկվում է սույն կարգով սահմանված ընթացակարգին և ժամկետներին համապատասխան՝ նույն աշխատանքային խմբի կողմից:

 29. Հայտի վերաբերյալ դրական եզրակացությունը և ներկայացված փաստաթղթերը Խորհրդի նախագահը տրամադրում է սույն կարգի 21-րդ կետում նշված համապատասխան ստորաբաժանման ղեկավարին՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան