ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
Քրեական գործ թիվ ԱՎԴ2/0032/01/17 | ||||||
Գործ թիվ ԱՎԴ2/0032/01/17 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ` |
Ն. Թումանյանի | |
մասնակցությամբ դատախազներ՝ |
Հ. Էյրամջյանի | |
Տ. Հակոբյանի |
2019 թվականի նոյեմբերի 7-ին ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Աշոտ Ծերունու Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 9-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2017 թվականի հունիսի 1-ին ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասի և 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 44163517 քրեական գործը:
Նախաքննության մարմնի` 2017 թվականի հունիսի 9-ի որոշմամբ Աշոտ Ծերունու Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` (2 դրվագ):
Նույն օրն Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ Ա.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննական մարմնի` 2017 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ Ա.Հակոբյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նա ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
2017 թվականի սեպտեմբերի 19-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):
2. Դատաքննության ընթացքում մեղադրողը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 3-րդ մասով, որոշում է կայացրել Ա.Հակոբյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նոր մեղադրանք առաջադրելու մասին:
Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի ապրիլի 10-ի դատավճռով Ա.Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա` հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Հակոբյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 6 (վեց) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:
Ա.Հակոբյանի մոտ առկա՝ «Հոգեկան և վարքային խանգարումներ կանաբինոիդային նյութերի գործածման հետևանքով, կախվածություն համախտանիշ» հիվանդության կապակցությամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 97-98-րդ հոդվածների հիման վրա, նրա նկատմամբ պատժի հետ մեկտեղ նշանակվել է հարկադիր բուժում:
Նույն դատավճռով դատապարտվել է նաև Սպարտակ Վլադիմիրի Ավանեսյանը:
3. Մեղադրող Տ.Հակոբյանի և պաշտպան Գ.Ասատրյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2018 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ դատախազի բողոքը բավարարել է, իսկ պաշտպանի բողոքը` բավարարել մասնակի: Ա.Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի ապրիլի 10-ի դատավճիռը բեկանել է և փոփոխել` նրան մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ` Ա.Հակոբյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:
4. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 9-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունվարի 31-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Նույն օրվա մեկ այլ որոշմամբ ամբաստանյալ Ա.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Աշոտ Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «(...) [Ն]ա 2016 թվականի աշնանը՝ քննությամբ չպարզված օրը, ապօրինի իրացնելու նպատակով, չկոնկրետացված դիտավորությամբ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի դաշտերից՝ ինքն իրեն աճած կանեփի թփերից պոկելու, մանրացնելու և չորացնելու միջոցով ապօրինի ձեռք է բերել և Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Նոր Խարբերդ ամառանոցների 13-րդ փողոցի 8/1-րդ հասցեում գտնվող իր տան ննջասենյակի մահճակալի ներքնակի տակ պահել է 14 հատ լուցկու տուփերի մեջ լցված, ընդհանուրը խոշոր չափերով՝ 39.01 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, համապատասխանաբար 2.69, 2.76, 2.78, 2.46, 2.62, 2.77, 2.83, 2.96, 2.50, 2.95, 2.83, 2.75, 3.53 և 2.58 գրամ քաշերով: Այնուհետև, Աշոտ Հակոբյանը 2017 թվականի մայիսի 26-ին Արարատի մարզի Այնթապ գյուղում «Ինեսա» առևտրի սրահի մոտից բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է վերը նշված թմրամիջոցից 2 լուցկու տուփերում առկա՝ 2.76, 2.78 գրամ քաշերով թմրամիջոցը: Դրանից հետո իր կատարած հանցագործության բացահայտման վտանգից դրդված, նույն օրը ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցներին Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Նոր Խարբերդ ամառանոցների 13-րդ փողոցի 8/1-րդ հասցեում գտնվող իր տանը ներկայացրել է իր կողմից ապօրինի իրացման նպատակով մահճակալի ներքնակի տակ պահված մնացածը՝ ընդհանուրը 11 նույնանման լուցկու տուփերի մեջ լցված մարիխուանա տեսակի թմրամիջոցը:
Այսպիսով, Աշոտ Ծերունու Հակոբյանը մեղադրվում է մեղավորությամբ հանրության համար վտանգավոր արարք կատարելու մեջ, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Բացի այդ, Աշոտ Հակոբյանը 2016 թվականի աշնանը՝ քննությամբ չպարզված օրը, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի դաշտերից՝ ինքն իրեն աճած կանեփի թփերից պոկելու, մանրացնելու և չորացնելու միջոցով իրացնելու նպատակով, չկոնկրետացված դիտավորությամբ ապօրինի ձեռք բերված թմրամիջոցից 1 լուցկու տուփի մեջ լցված զգալի չափերով` 2.69 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցը 2017 թվականի մայիսի 26-ին նախնական պայմանավորվածության համաձայն՝ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի Զոնալ կոչվող տարածքում Սպարտակ Վլադիմիրի Ավանեսյանին ապօրինի իրացնելու նպատակով դրել է գրպանը, հանդիպել վերջինիս և նրա վարած «Գազել» մակնիշի 0678Տ հաշվառման համարանիշի երթուղային ավտոմեքենայով ապօրինի փոխադրել մինչև Արարատի մարզի Այնթապ գյուղում գտնվող «Ինեսա» առևտրի սրահի մոտ, որտեղից նույն օրը բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է զգալի չափերով՝ 2.69 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցը:
Այսպիսով, Աշոտ Ծերունու Հակոբյանը մեղադրվում է մեղավորությամբ հանրության համար վտանգավոր արարք կատարելու մեջ, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով: (...)»1:
6. Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի ապրիլի 10-ի դատավճռով արձանագրել է. «(...) Դատարանը գտնում է, որ ապացուցված է Աշոտ Հակոբյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (...), իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղքը չընդունելու և այդ կապակցությամբ ամբաստանյալ Ա.Հակոբյանի բերած պատճառաբանություններն էլ հերքվել են դատաքննությամբ հետազոտված և սույն դատավճռի «Ապացույցների հետազոտում և գնահատում» բաժնում շարադրված բավարար ապացույցների համակցությամբ:
Ինչ վերաբերում է ամբաստանյալ Ա.Հակոբյանի և պաշտպան Գ.Ասատրյանի միջնորդություններին` նշված դրվագով արարքն առանց իրացման նպատակի թմրանյութ ձեռք բերելու և պահելու հոդվածով վերաորակելու, ինչպես նաև պաշտպանի միջնորդությունը` Ա.Հակոբյանի վերաբերյալ արդարացման դատավճիռ կայացնելու մասին, դատարանը գտնում է, որ դրանք հիմնազուրկ են:
(...) Գնահատության ենթարկելով դատաքննությամբ հետազոտված ապացույցներն իրենց համակցության մեջ, դատարանը հանգում է այն համոզման, որ Աշոտ Հակոբյանի կողմից խոշոր չափի հասնող մարիխուանա տեսակի թմրամիջոցների ապօրինի ձեռք բերումը, դրանք համեմատաբար հավասար քաշերով առանձնացնելն ու լուցկու 14 տուփերի մեջ լցնելը ու հարմար փաթեթավորելը, թմրամիջոցը հայտնաբերելու պահին ամբաստանյալ Ա.Հակոբյանի կատարած հայտարարությունները` դրանք իրացնելու մասին, Սպարտակ Ավանեսյանին իր մոտ պահվող թմրամիջոցից մեկ տուփի մեջ լցված զգալի չափի հասնող թմրամիջոցի իրացման փորձ կատարելու հանգամանքը վկայում են Ա.Հակոբյանի կողմից ի սկզբանե խոշոր չափի հասնող թմրամիջոցն իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերելու և պահելու մտադրության մասին, որպիսի պայմաններում բացակայում են հիմքերը Ա.Հակոբյանի արարքն առանց իրացնելու նպատակով ապօրինի խոշոր չափի հասնող թմրամիջոց ձեռք բերելու և պահելու համար նախատեսված հոդվածով վերաորակելու կամ արդարացման դատավճիռ կայացնելու համար] (...)»2:
6.1. Ամբաստանյալ Աշոտ Հակոբյանն ըստ էության ցուցմունքներ է տվել այն մասին, որ երկար տարիներ օգտագործել է թմրամիջոց, սակայն երբեք ոչ ոքի այն չի վաճառել: 2016 թվականի աշնանը դուրս է եկել տնից և Նոր Խարբերդ գյուղի դաշտամիջյան ճանապարհով անցնելիս առվի եզրին նկատելով կանեփի բույս` որոշել է պոկել դրանցից և տանել տուն: Այդ նպատակով արմատախիլ է արել կանեփ տեսակի բույսը, տարել տան բակի վերջնամասում՝ արևոտ հատվածում դրել, որպեսզի չորանա և տան անդամները չտեսնեն: Մի քանի օր անց նկատել է, որ կանեփի բույսը չորացել է, խանութից գնել է տուփերով լուցկի, դատարկել լուցկու հատիկները, առանձնացրել կանեփի չորացված բույսի տերևներն ու գլխիկները, մանրացրել, լցրել լուցկու 14 դատարկ տուփերի մեջ ու դրանք տեղավորել է ննջասենյակում` ներքնակի տակ: Առանձին տուփերի մեջ է լցրել, քանի որ այդպես տեղաշարժման համար ավելի հարմար է: Ինքը շուրջ մեկ տարի ճանաչել և մտերմություն է արել հարևան փողոցի բնակիչ Սպարտակ Ավանեսյանի հետ: Խոսակցության ընթացքում Ս.Ավանեսյանն իրեն հայտնել է, որ թմրամիջոց է օգտագործում, ինքն էլ ասել է, որ նույնպես թմրանյութ է օգտագործում:
2017 թվականի մայիսի 26-ին՝ կեսօրին մոտ, որոշել է հոսանքի վարձավճարը մուծելու համար գնալ Երևան քաղաք: Քանի որ Ս.Ավանեսյանն աշխատել է թիվ 57-րդ երթուղում որպես վարորդ, իր հեռախոսահամարից զանգահարել է Ս.Ավանեսյանի բջջային հեռախոսին, որպեսզի նրա վարած երթուղայինով գնա Երևան քաղաք, և պայմանավորվել են հանդիպել Նոր Խարբերդ գյուղի Զոնալ կոչվող թաղամասում, որտեղ գտնվում է երթուղայինի կայանատեղին: Մահճակալի ներքնակի տակից վերցրել է երեք լուցկու տուփերի մեջ լցված մարիխուանա տեսակի թմրանյութ, փաթեթավորել թերթով, հետո ամրացրել կպչուն ժապավենով և դրել տաբատի ձախ գրպանում՝ մեկ լուցկու տուփը Ս.Ավանեսյանին տալու նպատակով, իսկ երկուսն իր օգտագործման համար: Պայմանավորված վայրում հանդիպել է Ս.Ավանեսյանին, նրանից 5.000 ՀՀ դրամ գումար է վերցրել ու խոստացել Երևան քաղաքից վերադառնալիս մեկ լուցկու տուփ մարիխուանա տեսակի թմրամիջոցը տալ նրան: Ժամը 16.00-ի սահմաններում Ս.Ավանեսյանը զանգահարել է իրեն, հանդիպել են Շենգավիթի կանգառում, և ինքը Ս.Ավանեսյանին խոստացել է Նոր Խարբերդ գյուղի Զոնալ կոչվող տարածք հասնելուն պես նրան տալ մեկ լուցկու տուփի մեջ լցված թմրանյութը: Հասնելով Արարատի մարզի Այնթապ գյուղում գտնվող «Ինեսա» առևտրի սրահի դիմաց՝ Ս.Ավանեսյանի վարած երթուղային տաքսի մեքենան կանգնեցրել են ոստիկանության աշխատակիցները և թմրանյութ պահելու կասկածանքով իրենց բերման ենթարկել ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ իր անձնական խուզարկությամբ հագին եղած սև գույնի տաբատի ձախ գրպանից հայտնաբերվել է իր կողմից Ս.Ավանեսյանին փոխանցելու համար նախատեսված մեկ տուփ և իր օգտագործման նպատակով պահված երկու տուփ` ընդհանուր` 8.23 գրամ հաստատուն քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցը: Նույն օրն ինքը Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Նոր Խարբերդ ամառանոցների 13-րդ փողոցի 8/1 հասցեում գտնվող իր տանը ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել 11 նույնանման լուցկու տուփերի մեջ լցված` 30.78 գրամ հաստատուն քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցը, որը պահել էր իրացնելու և իր օգտագործման համար: Լուցկու տուփերի մեջ լցված թմրամիջոցը չի կշռել, ուղղակի լցրել է այնքան, որքան որ տեղավորվել է: Ս.Ավանեսյանից 5000 ՀՀ դրամ գումարը վերցրել է պարտքով, իսկ ինքը նրան թմրամիջոց է խոստացել տալ առանց գումարի: Թմրամիջոց օգտագործել է ցավերը հանգստացնելու համար3:
6.2. Ամբաստանյալ Սպարտակ Ավանեսյանն ըստ էության ցուցմունքներ է տվել այն մասին, որ ընդհանուր խոսակցության ժամանակ տեղեկացել է, որ Ա.Հակոբյանը թմրամիջոց է օգտագործում, նրան հայտնել է, որ ինքը նույնպես թմրամիջոց է օգտագործում: Մի քանի անգամ նրան առաջարկել է թմրամիջոց լինելու դեպքում իրեն տեղեկացնել, սակայն Աշոտը ոչ մի անգամ իրեն թմրամիջոց չի տվել և միշտ վստահեցրել է, որ լինելու դեպքում կտեղեկացնի: 2017 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 14.30-ի սահմաններում, իր բջջային հեռախոսահամարից զանգահարել է Ա.Հակոբյանի բջջային հեռախոսին և խնդրել իրեն թմրանյութ տալ՝ իր օգտագործման համար: Ա.Հակոբյանն ասել է, որ կմոտենա և խնդրել է երթուղայինում տեղ պահել, քանի որ գործով գնում է Երևան քաղաք: Քիչ հետո Ա.Հակոբյանը մոտեցել է իրեն, նստել երթուղայինը, և միասին ուղևորվել են դեպի Երևան քաղաք: Այդ ժամանակ ինքը Ա.Հակոբյանին է տվել 5.000 ՀՀ դրամ գումար` թմրանյութի դիմաց, վերջինս Շենգավիթի կանգառում իջել է երթուղայինից, և պայմանավորվել են, որ վերադառնալիս նույն կանգառում պետք է հանդիպեն, որից հետո Ա.Հակոբյանն իրեն պետք է տա թմրանյութը, քանի որ այն Երևան քաղաքից էր վերցնելու: Պայմանավորվածության համաձայն, նույն կանգառից վերցրել է Ա.Հակոբյանին, և ուղևորվել են դեպի Նոր Խարբերդ գյուղի Զոնալ կոչվող տարածք: Հասնելով Արարատի մարզի Այնթապ գյուղում գտնվող «Ինեսա» առևտրի սրահի դիմաց՝ իր վարած երթուղային տաքսի մեքենան կանգնեցրել են ոստիկանության աշխատակիցները և թմրանյութ պահելու կասկածանքով իրենց բերման ենթարկել ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ Ա.Հակոբյանի անձնական խուզարկությամբ հագին եղած սև գույնի տաբատի ձախ գրպանից հայտնաբերվել է երեք լուցկու տուփ մարիխուանա տեսակի թմրամիջոցը, որից մեկն Ա.Հակոբյանը 5.000 ՀՀ դրամի դիմաց պետք է տար իրեն4:
6.3. Վկա Նարեկ Մանուկյանը ըստ էության ցուցմունքներ է տվել այն մասին, որ ինքն ու մի տղամարդ որպես ընթերակա մասնակցել են ոստիկանության Մասիսի բաժնում Ա.Հակոբյանի անձնական խուզարկությանը, որի ընթացքում ոստիկանների կողմից վերջինիս տաբատի ձախ գրպանից հայտնաբերվել է թերթով փաթաթված ու կպչուն ժապավենով ամրացված փաթեթ, որի մեջ առկա են եղել երեք հատ լուցկու նույնանման տուփեր, իսկ դրանց մեջ եղել է չորացված ու մանրացված դեղնականաչավուն, սուր հոտով զանգված: Ա.Հակոբյանը հայտարարել է, որ հայտնաբերված զանգվածը պատկանում է իրեն, այն հանդիսանում է թմրամիջոց, դրանցից մեկ տուփը պետք է տար իր հետ բաժին բերված անձնավորությանը, որը գազելի վարորդ է, իսկ մնացածը` պահեր իր օգտագործման համար5:
6.4. Վկա Սարգիս Բադալյանն ըստ էության ցուցմունքներ է տվել այն մասին, որ ոստիկանության Մասիսի բաժնում որպես ընթերակա մասնակցել է Ա.Հակոբյանի անձնական խուզարկությանը, որի ընթացքում ոստիկանների կողմից նրա տաբատի ձախ գրպանից հայտնաբերվել է թերթով փաթաթված ու կպչուն ժապավենով ամրացված փաթեթ, որի մեջ առկա է եղել երեք հատ լուցկու նույնանման տուփ, իսկ դրանց մեջ եղել է չորացված ու մանրացված դեղնականաչավուն, սուր հոտով զանգված: Ա.Հակոբյանը հայտարարել է, որ հայտնաբերված զանգվածը պատկանում է իրեն, դրանցից մեկը պետք է տար գազելի վարորդին, իսկ մնացածը պահեր իր օգտագործման համար6:
6.5. Վկա Մանուկ Պետրոսյանը ըստ էության ցուցմունքներ է տվել այն մասին, որ ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները հրավիրել են իրեն որպես ընթերակա մասնակցելու Նոր Խարբերդի ամառանոցների 13-րդ փողոցի 8/1 հասցեում գտնվող բնակարանի սեփականատիրոջ կողմից ոստիկանության աշխատակիցներին դեղնականաչավուն, սուր հոտով զանգված ներկայացնելու և վերցնելու գործողությանը: Ա.Հակոբյանը հայտարարել է, որ հայտնաբերված զանգվածը պատկանում է իրեն, դրանից հյուրասիրել է մարդկանց7:
6.6. Նախաքննության ընթացքում` 2017 թվականի հունիսի 8-ին, Ա.Հակոբյանը որպես կասկածյալ հացաքննվելիս ցուցմունք է տվել այն մասին, որ 2017 թվականի մայիսի 26-ին` կեսօրին, մահճակալի ներքնակի տակից վերցրել է երեք լուցկու տուփ թմրանյութ, փաթեթավորել թղթով, դրել տաբատի ձախ գրպանում և գնացել Երևան՝ աշխատանք փնտրելու: Թմրանյութը վերցրել է իր հետ, որպեսզի մեկ տուփը տա Սպարտակին, իսկ մնացածը պահի իր օգտագործման համար: Տվյալ օրն առավոտյան ինքը Սպարտակից 5000 դրամ գումար է ուզել, սակայն թմրանյութը պետք է տար ոչ թե գումարի դիմաց, այլ ընկերական հարաբերություններից ելնելով: Հինգ անգամ առանց գումարի Սպարտակին տվել է թմրանյութ՝ նրա օգտագործման համար: Բացի այդ, մեկ անգամ թմրանյութ է հյուրասիրել Մայիսին8:
6.7. 2017 թվականի հունիսի 9-ին կասկածյալ Ս.Ավանեսյանի հետ առերես հարցաքննվելիս Ա.Հակոբյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Սպարտակին հինգ անգամ առանց գումարի, լուցկու տուփի կեսի չափով թմրանյութ է տվել՝ վերջինիս օգտագործման համար9:
6.8. Անձնական խուզարկություն կատարելու մասին արձանագրության համաձայն՝ 2017 թվականի մայիսի 26-ին Ա.Հակոբյանի անձնական խուզարկության ժամանակ նրա հագին եղած սև գույնի տաբատի ձախ գրպանից հայտնաբերվել է երեք փաթեթ՝ փաթեթավորված թերթով և ամրացված կպչուն ժապավենով, որոնցից առաջինի մեջ առկա է եղել մոտ 5 գրամ, երկրորդի մեջ՝ մոտ 5 գրամ և երրորդի մեջ՝ մոտ 3 գրամ դեղնականաչավուն սուր հոտով, չորացված, մանրացված կանեփ տեսակի բույսի զանգված: Հայտնաբերվածի վերաբերյալ Ա.Հակոբյանը հայտարարել է, որ այն պատկանում է իրեն, հանդիսանում է թմրանյութ, որն ինքն է պատրաստել և դրանից մեկ տուփը 2017 թվականի մայիսի 26-ին պետք է տար թիվ 57 համարի երթուղայինի վարորդ Ս.Ավանեսյանին, ումից նախապես վերցրել էր 5.000 ՀՀ դրամ գումար, իսկ մյուս երկու փաթեթները պահել էր իր օգտագործման համար10:
6.9. Ա.Հակոբյանի կողմից դեղնականաչավուն զանգվածները ներկայացնելու, զննելու և վերցնելու մասին 2017 թվականի մայիսի 26-ի արձանագրության համաձայն՝ 2017 թվականի մայիսի 26-ին` ժամը 22.00-ին, Ա.Հակոբյանը Երևան քաղաքի Նոր Խարբերդ ամառանոցների 13-րդ փողոցի 8/1 հասցեում գտնվող իր տանը ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցներին է ներկայացրել ննջասենյակի մահճակալի ներքնակի տակ իր կողմից պահված նույնանման 11 լուցկու տուփերը, որոնք ընդհանուր փաթեթավորված են եղել թերթով և ամրացված կպչուն ժապավենով, որոնցից մեկ լուցկու տուփի մեջ առկա է եղել մոտ 4 գրամ, իսկ մնացածների մեջ՝ մոտ 3-ական գրամ՝ ընդհանուր` մոտ 34 գրամ դեղնականաչավուն, չորացված, մանրացված կանեփի բույսի զանգված: Հայտնաբերվածի վերաբերյալ Ա.Հակոբյանը հայտարարել է, որ այն պատկանում է իրեն, հանդիսանում է կանեփ տեսակի բույսից իր կողմից պատրաստված թմրանյութ, որից ինքն օգտագործել է, ինչպես նաև հյուրասիրել է և վաճառել տարբեր մարդկանց11:
7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(... ) Ինչ վերաբերում է քրեական գործի քննության սկզբնական փուլում ամբաստանյալ Ա.Հակոբյանի կողմից արված հայտարարությանը` թմրանյութն իրացնելու առնչությամբ, ինչպես նաև սույն գործով կազմված մեղադրական եզրակացությունում ներառված՝ վերջինիս կողմից նախաքննության ընթացքում տված ցուցմունքներում տեղ գտած տեղեկություններին, ապա դրանք ինչպես առանձին վերցված, այնպես էլ գործով ձեռք բերված մյուս փաստական տվյալների համադրությամբ, (կոնկրետ դեպքում) ինքնին բավարար դիտարկվել չեն կարող մեղադրանքի այդ մասն (ամբաստանյալ Ա.Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը) գնահատելու համար:
Ընդ որում, կոնկրետ դեպքում, (մեղադրանքի այդ մասով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով) հայտնաբերված խոշոր չափով թմրանյութն ինքնըստինքյան դրանք իրացնելու հանգամանքի վերաբերյալ անվիճելի ապացույց չէ և դա պետք է գնահատել միայն իրացման նպատակի մասին վկայող այլ տվյալների հետ համակցության մեջ:
Հատկանշական է, որ սույն գործով կազմված մեղադրական եզրակացությունում ներառված՝ Ա.Հակոբյանի կողմից նախաքննության ընթացքում տված ցուցմունքներում պարունակվում են նաև տեղեկություններ՝ հայտնաբերված թմրամիջոցն իրեն պատկանելու, այն իր օգտագործման նպատակով պահելու, ըստ էության (մեղադրանքի այդ մասով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով) իրացնելու նպատակը բացառելու վերաբերյալ:
Ինչ վերաբերում է նաև մեղադրանքի այդ մասով (ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով), մեղադրանքի հիմքում դրված մյուս ապացույցների վերլուծությանը, ապա դրանք ըստ էության չեն պարունակում որևէ տեղեկություն մեղադրանքի այդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ նրան մերկացնելու վերաբերյալ և կրում են միայն ածանցյալ բնույթ:
Վերոգրյալի հաշվառմամբ, դրանք (կոնկրետ դեպքում) չեն կարող դիտարկվել որպես հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան մեղադրանքի այդ մասն (ապացուցման առարկան) հաստատող բավարար փաստական տվյալներ:
Հետևաբար` այդ առնչությամբ պաշտպանության կողմի բերված պատճառաբանությունները և պնդումներն ըստ էության ոչ միայն չեն հերքվում, այլև որպես չփարատված կասկած` պետք է մեկնաբանվեն հօգուտ ամբաստանյալ Ա.Հակոբյանի:
(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի հանցակազմում որպես պարտադիր հատկանիշ, նպատակը նախատեսելն ինքնանպատակ չէ:
Ավելին` հենց այդ նպատակն է, որ հանդիսանում է հիշյալ արարքի հանրային վտանգավորության ցուցիչ:
Հետևաբար` յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վարույթն իրականացնող մարմինը մինչև անձի քրեական պատասխանատվության հարցը լուծելը պարտավոր է, ի թիվս այլ հատկանիշների, ապացուցել նաև իրացման նպատակի առկայությունը:
Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին` վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրվող արարքում իրացման նպատակի առկայությունն ապացուցված չէ:
(…)
Վերաքննիչ դատարանի վերջին եզրահանգումը մեծապես պայմանավորված է նաև նրանով, որ քրեական գործով ձեռք չի բերվել որևէ թույլատրելի և արժանահավատ ապացույց, իսկ նման ապացույց չի ներկայացրել մեղադրանքի կողմը ևս, որը ոչ միայն կհաստատեր, որ ամբաստանյալ Ա.Հակոբյանը հիշյալ թմրամիջոցը ձեռք է բերել և պահել իրացման նպատակով, այլև կհերքեր վերջինիս կողմից բերվող այն փաստարկը, որ դրանք ձեռք է բերել բացառապես անձնական օգտագործման նպատակով:
Ավելին` քրեական գործի նախաքննության ժամանակ ձեռք չի բերվել նաև փոխկապակցված թույլատրելի, վերաբերելի և հավաստի ապացույցների բավարար համակցություն, որը կվկայեր Աշոտ Հակոբյանի կողմից (մեղադրանքի այդ մասով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով) մեկ այլ անձի հետ հիշյալ թմրամիջոցներն իրացնելու շուրջ ձեռք բերված նախնական պայմանավորվածության մասին:
Դրան հակառակ` քրեական գործի նախաքննության ժամանակ ձեռք են բերվել ապացույցներ ամբաստանյալ Աշոտ Հակոբյանի կողմից հենց կանաբինոիդների խմբի թմրամիջոցներ գործածելու, այդ թմրամիջոցից կախվածություն և հարկադիր բուժման կարիք ունենալու մասին:
(…)
Հիմք ընդունելով վերոգրյալը` վերաքննիչ դատարանը գտնում է, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Աշոտ Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրական դատական ակտ կայացնելու հարցում հանգել է ոչ ճիշտ եզրակացության, ինչը հանգեցրել է նյութական իրավունքի այնպիսի խախտման, որը հիմք է վիճարկվող դատական ակտն այդ մասով բեկանելու և փոփոխելու` նրա կատարած արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակելու համար: (…)»12:
8. 2019 թվականի հունվարի 1-ին Վճռաբեկ դատարան է ստացվել ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի գրությունը, համաձայն որի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում բուժվող, կալանավորված անձ Աշոտ Ծերունի Հակոբյանի մոտ «Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի՝ 2018 թվականի սեպտեմբերի 25-ին տրամադրած տեղեկանքի համաձայն` հայտնաբերվել է ծանր հիվանդություն՝ «Աջ թոքի միջին բլթի պերիֆերիկ քաղցկեղի ներաճումով պլևրա, մետաստատիկ էսուդատիվ պլևրիտ աջից, T4 N 1M1a ստադիա: Վիճակ պլևրալ խոռոչի դրենավորումից հետո աջից: Ուռուցքային ինֆեկցիա, հյուծում: ՇԱ»:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
9. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Մասնավորապես, խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 127-րդ հոդվածների պահանջները: Բացի այդ, ստորադաս դատարանի որոշումը հակասում է Վճռաբեկ դատարանի՝ Ս.Սաքանյանի, Մ.Բոլյանի և մի շարք այլ գործերով որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին:
Բողոք բերած անձի պնդմամբ` սույն գործով Վերաքննիչ դատարանը չի պահպանել ապացույցների հետազոտման՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջները, չի ապահովել դրանց հետազոտումը արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, ինչի հետևանքով Ա.Հակոբյանին վերագրված արարքը վերաորակվել է, և նա անհիմն ենթարկվել է մեղմ պատասխանատվության:
Մասնավորապես, ստորադաս դատարանն անտեսել է գործով ձեռք բերված թույլատրելի, վերաբերելի և օրենքով սահմանված պատշաճ ընթացակարգի շրջանակներում դատարանում հետազոտված ապացույցների համակցությունը, որով ուղղակիորեն հաստատվում է Ա.Հակոբյանի բնակարանում հայտնաբերված թմրամիջոցն իրացման նպատակով պահելու հանգամանքը:
Այսպես` բողոքի հեղինակն ընդգծել է, որ նախաքննության ընթացքում Ա.Հակոբյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2017 թվականի փետրվար ամսից մինչև մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում օգտագործման համար 5 անգամ տարբեր չափերի թմրանյութ է տվել Ս.Ավանեսյանին: Վերոնշյալը Ա.Հակոբյանը պնդել է նաև Ս.Ավանեսյանի հետ առերեսման ժամանակ: Բացի այդ, Ա.Հակոբյանի կողմից դեղնականաչավուն զանգվածները ներկայացնելու, զննելու և վերցնելու մասին 2017 թվականի մայիսի 26-ի արձանագրության համաձայն` հայտնաբերվածի վերաբերյալ Ա.Հակոբյանը հայտարարել է, որ այն պատկանում է իրեն, հանդիսանում է կանեփ տեսակի բույսից պատրաստված թմրամիջոց, այդ զանգվածներից օգտվել է ինքն անձամբ, իսկ մի քանի օր առաջ նույն ձևի տուփերից մի քանիսը վաճառել և հյուրասիրել է տարբեր անձանց:
9.1. Բողոքաբերն ընդգծել է, որ Ա.Հակոբյանի տանը հայտնաբերված թմրամիջոցի՝ իրացման նպատակով պահելու մասին է վկայում նախևառաջ դրա հավասար չափաբաժինների մասնատված լինելու և լուցկու տուփերի մեջ նախապես լցնելու հանգամանքները: Այս առումով անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն, որ Ս.Ավանեսյանին թմրամիջոցն իրացնելու համար հանդիպման գնալիս Ա.Հակոբյանը նախապես իր հետ վերցրել է հենց նույն լուցկու տուփերից, որոնք հայտնաբերվել են նրա տանը, ով այդ լուցկու տուփի պարունակության՝ մեկ չափաբաժնի դիմաց նախապես պահանջել և վերցրել է 5.000 ՀՀ դրամ գումար: Այս հանգամանքն ուղղակիորեն հերքում է Ա.Հակոբյանի կողմից ի պաշտպանություն իրեն բերված ցուցմունքն այն մասին, որ լուցկու տուփերում նման կերպով թմրամիջոց պահելը միայն հարմարավետության համար է եղել, իսկ պարունակությունը նախատեսված է եղել բացառապես իր գործածման համար, և հաստատում է այն, որ 2.5-ից 3 գրամ պարունակությամբ 1 չափաբաժին մարիխուանա տեսակի թմրամիջոցը Ա.Հակոբյանը իրացրել է 5.000 ՀՀ դրամով:
9.2. Բողոքի հեղինակն ընդգծել է նաև, որ այդ տուփերում հավասարապես բաշխված թմրամիջոցն իրացնելու նպատակով պահելու մասին են վկայում նաև Ա.Հակոբյանի կողմից նախկինում դրանցից Ս.Ավանեսյանին և այլ անձանց վաճառելու և հյուրասիրելու վերաբերյալ տրված ցուցմունքները, որոնք, սակայն, Վերաքննիչ դատարանն անտեսել և որևէ վերլուծության չի ենթարկել: Վերաքննիչ դատարանն Ա.Հակոբյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորող առանցքային ապացույցներն անհասկանալիորեն որակել է որպես «տեղեկություններ»` առանց դրանք դատական ակտում վկայակոչելու, դրանց բովանդակությունը բացահայտելու` նշելով միայն, որ դրանք ինչպես առանձին վերցված, այնպես էլ գործով ձեռք բերված մյուս փաստական տվյալների համադրությամբ, բավարար չեն կարող դիտարկվել մեղադրանքի այդ մասը գնահատելու համար:
Բողոքաբերի կարծիքով` Վերաքննիչ դատարանի նման գործելաոճը հիմք է տալիս գալու հետևության` դատարանի կողմից այդ ապացույցների բովանդակությունն ուսումնասիրված չլինելու վերաբերյալ: Այսինքն` Վերաքննիչ դատարանը, այդ ապացույցների նկատմամբ կանխակալ մոտեցում ցուցաբերելով (մյուս ապացույցների նկատմամբ այդ փաստական տվյալի ապացուցողական արժեքը չբացահայտելով և նվազեցնելով), առանց մյուս ապացույցների հետ համադրելու, դրանց նախապես տվել է ավելի նվազ կարևորություն, քան դատական ակտում վկայակոչած և վերլուծված ապացույցներին:
10. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է մասնակի՝ Ա.Հակոբյանին մեղսագրվող արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասից 268-րդ հոդվածի 2-րդ մասով վերաորակելու մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանվա՞ծ է արդյոք ամբաստանյալ Ա.Հակոբյանի կողմից մարիխուանա տեսակի թմրամիջոցն առանց իրացնելու նպատակի ապօրինի պահելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածը սահմանում է. «1.Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ: (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն՝ «Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»:
Նույն օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:
2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:
Մեջբերված նորմերը վերլուծության ենթարկելիս Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, ինչը՝ որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն մի կողմից պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ: Ընդ որում, թեև ապացույցները գնահատվում են ներքին համոզմունքի հիման վրա, այնուամենայնիվ, այն չի կարող կամայական լինել և պետք է բխի գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունից: Այլ կերպ՝ յուրաքանչյուր գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելիս (հանցագործության դեպքը և հանգամանքները, կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին, անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ և այլն) դատարանը կրում է առկա ապացույցները բարեխիղճ գնահատման ենթարկելու պարտականություն, ինչն էլ իր հերթին պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների տեսքով13:
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածը սահմանում է.
«1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:
(…)
4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:
Դատական ակտի պատճառաբանված լինելու հատկանիշի առնչությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է, որ դատական ակտերի պատճառաբանման պահանջը ոչ միայն արդարացիության կարևոր բաղադրատարր է, այլև անձի արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման կարևոր երաշխիք, ինչը դատավարության մասնակիցներին պաշտպանում է կամայականություններից:
Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս, և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար: Քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է: Ընդ որում, դատական ակտի պատճառաբանությունների հիմքում չեն կարող դրվել վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ: Պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա, ուստիև դատական ակտի պատճառաբանությունների հիմքում վերացական, ընդհանրական դատողությունների առկայությունն անմիջականորեն վկայում է այդպիսի պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին14:
13. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի համաձայն` «1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնել[ն է] (…):
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝
(…)
2) խոշոր չափերով (…)»։
Վճռաբեկ դատարանը մեջբերված նորմը վերլուծության է ենթարկել Մարտիկ Բոլյանի վերաբերյալ գործով որոշման շրջանակներում` արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) Իրացման նպատակի տակ պետք է հասկանալ թմրամիջոցի կամ հոգեներգործուն նյութերի տարածման ցանկացած եղանակ, այդ թվում նաև նախնական պատվերով: Իրացման նպատակի մասին կարող է վկայել ինչպես ձեռք բերողի (ստացողի, սպառողի) հետ համապատասխան պայմանավորվածության առկայությունը, այնպես էլ գործի մյուս հանգամանքները. թմրամիջոցներ ձեռք բերելը և պահելը դրանք չգործածող անձի կողմից, զգալի քանակությունը, իրացման համար հարմար փաթեթավորումը և այլն: Ընդ որում, հանցավորից առգրավված թմրամիջոցների մեծ քանակությունն ինքնըստինքյան դրանք իրացնելու անվիճելի ապացույց չէ. դա պետք է գնահատել միայն իրացման նպատակի մասին վկայող այլ տվյալների հետ համակցության մեջ: Ինչ վերաբերում է ապօրինի իրացմանը, ապա այն թմրամիջոցի կամ հոգեներգործուն նյութի ցանկացած եղանակով օտարումն է: Ապօրինի իրացման տակ պետք է հասկանալ թմրամիջոցի կամ հոգեներգործուն նյութի՝ հատուցմամբ կամ անհատույց այլ անձանց հանձնելու, փոխանցելու ցանկացած եղանակ՝ վաճառք, նվիրատվություն, փոխանակում, փոխատվություն, պարտքի մարում, ուրիշի ներարկում և այլն: Իրացման առանձնահատկությունն այն է, որ նշված գործողությունների հետևանքով թմրամիջոցին կամ հոգեներգործուն նյութին տիրանում է մեկ այլ անձ, որն այս դեպքում հանդես է գալիս որպես ձեռք բերող, ստացող կամ գնորդ, սպառող: Ապօրինի իրացումը համարվում է ավարտված, երբ մեկ այլ անձ տիրանում է թմրամիջոցին կամ հոգեմետ նյութին: Մեկ ուրիշ անձին փոխանցելու եղանակը կարող է տարբեր լինել, սակայն դա արարքի որակման համար նշանակություն չունի: Ապօրինի իրացման հանցակազմի համար նշանակություն չունի, թե թմրամիջոցին կամ հոգեներգործուն նյութին տիրացած անձն ինչպես է այն տնօրինելու, դրա հետ վարվելու (…)»15։
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Ա.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով այն բանի համար, որ նա, իր տան ննջասենյակի մահճակալի ներքնակի տակ, իրացման նպատակով պահել է 14 լուցկու տուփերի մեջ լցված, ընդհանուր խոշոր չափերով՝ 39.01 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց:
Բացի այդ, վերոնշյալ թմրամիջոցից մեկ լուցկու տուփի մեջ լցված զգալի չափերով` 2.69 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցը 2017 թվականի մայիսի 26-ին, նախնական պայմանավորվածության համաձայն, Ս.Ավանեսյանին ապօրինի իրացնելու նպատակով դրել է գրպանը, հանդիպել վերջինիս և նրա վարած «Գազել» մակնիշի երթուղային ավտոմեքենայով ապօրինի փոխադրել մինչև Արարատի մարզի Այնթապ գյուղում գտնվող «Ինեսա» առևտրի սրահի մոտ, որտեղից նույն օրը բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին16:
Առաջին ատյանի դատարանը Ա.Հակոբյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքի կապակցությամբ Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Ա.Հակոբյանի կողմից խոշոր չափերով մարիխուանա տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելը, դրանք համեմատաբար հավասար քաշերով առանձնացնելն ու լուցկու 14 տուփերի մեջ լցնելը, հարմար փաթեթավորելը, ինչպես նաև թմրամիջոցը հայտնաբերելու պահին ամբաստանյալ Ա.Հակոբյանի կատարած` դրանք իրացնելու մասին հայտարարությունները, Ս.Ավանեսյանին իր մոտ պահվող թմրամիջոցից զգալի չափի հասնող թմրամիջոց իրացնելու փորձ կատարելու հանգամանքները վկայում են Ա.Հակոբյանի կողմից ի սկզբանե խոշոր չափերով թմրամիջոցն իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերելու և պահելու մտադրության մասին17:
Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանել է և ամբաստանյալ Ա.Հակոբյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ մասի 2-րդ մասի 2-րդ կետով: Ա.Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքի մասով Վերաքննիչ դատարանն արձանագրել է հետևյալը.
- քրեական գործի քննության սկզբնական փուլում ամբաստանյալ Ա.Հակոբյանի կողմից արված հայտարարությունը` թմրամիջոցն իրացնելու առնչությամբ, ինչպես նաև սույն գործով կազմված մեղադրական եզրակացությունում ներառված՝ վերջինիս կողմից նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներում տեղ գտած տեղեկություններն ինչպես առանձին վերցված, այնպես էլ գործով ձեռք բերված մյուս փաստական տվյալների համադրությամբ, ինքնին չեն կարող բավարար դիտարկվել՝ մեղադրանքի այդ մասը գնահատելու համար,
- կոնկրետ դեպքում հայտնաբերված խոշոր չափով թմրամիջոցն ինքնին այն իրացնելու նպատակի վերաբերյալ անվիճելի ապացույց չէ,
- մեղադրական եզրակացությունում ներառված՝ Ա.Հակոբյանի կողմից նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներում պարունակվում են նաև տեղեկություններ՝ հայտնաբերված թմրամիջոցն իրեն պատկանելու, այն իր օգտագործման նպատակով պահելու վերաբերյալ,
- քրեական գործի նախաքննության ժամանակ ձեռք չի բերվել թույլատրելի, վերաբերելի և հավաստի ապացույցների բավարար համակցություն, որը կվկայեր Ա.Հակոբյանի կողմից մեկ այլ անձի հետ թմրամիջոցն իրացնելու շուրջ ձեռք բերված նախնական պայմանավորվածության մասին,
- դրան հակառակ` քրեական գործի նախաքննության ժամանակ ձեռք են բերվել ապացույցներ՝ ամբաստանյալ Ա.Հակոբյանի կողմից հենց կանաբինոիդների խմբի թմրամիջոց գործածելու, դրանից կախվածություն և հարկադիր բուժման կարիք ունենալու մասին:
Արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ պաշտպանության կողմի բերված պատճառաբանությունները և պնդումները ոչ միայն չեն հերքվում, այլև որպես չփարատված կասկած` պետք է մեկնաբանվեն հօգուտ ամբաստանյալ Ա.Հակոբյանի18:
15. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Ա.Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրվող արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով վերաորակելով, պատշաճ գնահատման և վերլուծության չի ենթարկել գործում առկա փաստական տվյալների համակցությունը: Մասնավորապես, Ա.Հակոբյանի կողմից մարիխուանա տեսակի թմրամիջոցն ապօրինի պահելու նպատակը գնահատելիս Վերաքննիչ դատարանը որևէ վերլուծության չի ենթարկել ամբաստանյալի կողմից թմրամիջոցը ներկայացնելիս արված հայտարարությունը, վերջինիս նախաքննական ցուցմունքները, դրանց համատեքստում գնահատման չի ենթարկել հայտնաբերված թմրամիջոցի քանակը, ինչպես նաև վերոնշյալ թմրամիջոցից 2.69 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցը Ս.Ավանեսյանին իրացնելու նպատակով փոխադրելու հանգամանքը:
Այսպես` ամբաստանյալ Ա.Հակոբյանն իր տան ննջասենյակի մահճակալի ներքնակի տակ պահել է խոշոր չափերով՝ ընդհանուր 39.01 գրամ հաստատուն քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոց, որն առանձնացրել է համեմատաբար հավասար քաշերով, լցրել լուցկու 14 տուփերի մեջ և հարմար փաթեթավորել: 2017 թվականի մայիսի 26-ի` դեղնականաչավուն զանգվածները ներկայացնելու, զննելու և վերցնելու մասին արձանագրության համաձայն` ամբաստանյալ Ա.Հակոբյանը հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, այդ զանգվածից անձամբ է օգտվել, ինչպես նաև վաճառել և հյուրասիրել է տարբեր անձանց: Վերոնշյալ հանգամանքն իր ցուցմունքներով հաստատել է նաև վկա Մ.Պետրոսյանը: Որպես կասկածյալ հարցաքննվելիս` Ա.Հակոբյանն ընդգծել է, որ հինգ անգամ առանց գումարի թմրանյութ է տվել Ս.Ավանեսյանին՝ նրա օգտագործման համար, ինչը պնդել է նաև վերջինիս հետ առերես հարցաքննվելիս, իսկ մեկ անգամ էլ թմրանյութ է հյուրասիրել Մայիսին: Բացի այդ, դեպքի օրը` 2017 թվականի մայիսի 26-ին, Ա.Հակոբյանը լուցկու տուփերից մեկը` զգալի չափերով` 2.69 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցը, Ս.Ավանեսյանին ապօրինի իրացնելու նպատակով փոխադրել է մինչև Արարատի մարզի Այնթապ գյուղում գտնվող «Ինեսա» առևտրի սրահի մոտ, որտեղից էլ նույն օրը բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին: Հիշյալ թմրամիջոցի համար Ս.Ավանեսյանն Ա.Հակոբյանին վճարել է 5000 ՀՀ դրամ գումար19:
15.1. Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, Ա.Հակոբյանին մեղսագրվող արարքը վերաորակելիս, արձանագրել է, որ քրեական գործի քննության սկզբնական փուլում Ա.Հակոբյանի կողմից արված հայտարարությունը` թմրանյութն իրացնելու առնչությամբ, ինչպես նաև վերջինիս կողմից նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներում տեղ գտած տեղեկություններն ինչպես առանձին, այնպես էլ գործով ձեռք բերված մյուս փաստական տվյալների համադրությամբ, ինքնին բավարար չեն մեղադրանքի այդ մասը գնահատելու համար:
Վերոշարադրյալը հիմք է տալիս Վճռաբեկ դատարանին փաստելու, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Ա.Հակոբյանի հայտարարությունը, վերջինիս կողմից նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները բովանդակային վերլուծության չի ենթարկել, արժանահավատության տեսանկյունից չի գնահատել ամբաստանյալի նախաքննական ու դատաքննական ցուցմունքները, չի պարզել դրանցում առկա հակասություններն ու դրանց հիմնական պատճառները` գործի ողջ փաստական տվյալների համատեքստում գնահատման ենթարկելու արդյունքում:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ մեղադրական եզրակացությունում ներառված՝ Ա.Հակոբյանի կողմից նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներում պարունակվում են նաև տեղեկություններ հայտնաբերված թմրամիջոցն իրեն պատկանելու, այն իր օգտագործման նպատակով պահելու վերաբերյալ, ինչպես նաև այն, որ Ա.Հակոբյանը գործածում է հենց կանաբինոիդների խմբի թմրամիջոց, ինչից ունի կախվածություն և հարկադիր բուժման կարիք, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ հանգամանքները դեռևս չեն բացառում վերջինիս մոտ թմրամիջոցի` նաև իրացման նպատակի առկայությունը: Ավելին` սույն գործում առկա փաստական հանգամանքների ամբողջությունը, մասնավորապես` Ա.Հակոբյանի հայտարարությունը` մարիխուանա տեսակի թմրամիջոցը տարբեր անձանց վաճառելու և հյուրասիրելու վերաբերյալ, նրա նախաքննական ցուցմունքները, հայտնաբերված թմրամիջոցի բավականին մեծ քանակությունը, դրանք լուցկու 14 տուփերի մեջ փաթեթավորելը, ինչպես նաև Ա.Ավանեսյանին 5000 ՀՀ դրամ գումարի դիմաց իրացնելու նպատակով մեկ տուփ թմրամիջոցը փոխադրելը, ողջամտորեն հիմք են տալիս եզրահանգելու, որ ամբաստանյալ Ա.Հակոբյանը մարիխուանա տեսակի թմրամիջոցը պահել է նաև իրացման նպատակով: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով գործում առկա` իրացման նպատակի մասին վկայող վերոնշյալ փաստական տվյալները, արձանագրել է, որ Ա.Հակոբյանը թմրամիջոցն ապօրինի ձեռք է բերել և պահել միայն օգտագործման նպատակով:
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ հայտնաբերված թմրամիջոցի չափն ինքնին այն իրացնելու նպատակի վերաբերյալ անվիճելի ապացույց չէ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերահաստատում է իր նախադեպային որոշումներում արտահայտված և սույն որոշման 13-րդ կետում մեջբերված վերոնշյալ իրավական դիրքորոշումը, միևնույն ժամանակ ընդգծում, որ թմրամիջոցի մեծ քանակությունը պետք է գնահատվի իրացման նպատակի մասին վկայող այլ տվյալների հետ համակցության մեջ: Հետևաբար, սույն գործով հայտնաբերված թմրամիջոցի քանակը ենթակա էր գնահատման վերևում շարադրված փաստական տվյալների համակցության լույսի ներքո:
16. Հիմք ընդունելով սույն որոշման 15-15.1-րդ կետերում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալին մեղսագրվող արարքը վերաորակելով, պատշաճ գնահատման և վերլուծության չի ենթարկել սույն գործում առկա փաստական հանգամանքները, ինչի արդյունքում արձանագրել է Ա.Հակոբյանի կողմից մարիխուանա տեսակի թմրամիջոցը միայն իր օգտագործման նպատակով ապօրինի պահելու փաստը` անտեսելով վերջինիս մոտ թմրամիջոցի` նաև իրացման նպատակի առկայության մասին վկայող, գործով հաստատված փաստական տվյալների ամբողջությունը:
Ուստի, վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ամբաստանյալ Ա.Հակոբյանի կողմից մարիխուանա տեսակի թմրամիջոցն առանց իրացնելու նպատակի ապօրինի պահելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավորված և պատճառաբանված չէ:
17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 126-րդ, 127-րդ հոդվածների պահանջների խախտումներ, կայացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտ, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, քրեադատավարական օրենքի էական խախտում է և հիմք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործի նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի գրությունը` Ա.Հակոբյանի մոտ հայտնաբերված ծանր հիվանդության և վերջինիս նկատմամբ հնարավոր նշանակվելիք պատժի կրման համատեղելիության հարցը որոշելիս:
Անդրադառնալով Ա.Հակոբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է թողնել անփոփոխ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, վերացնելով արձանագրված խախտումները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, արարքի քրեաիրավական որակման հարցում պետք է հանգի համապատասխան հետևության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Աշոտ Ծերունու Հակոբյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Ամբաստանյալ Աշոտ Ծերունու Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված` չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_____________________________________
1 Տե΄ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 178:
2 Տե΄ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 176-191:
3 Տե΄ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 179-180:
4 Տե΄ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 180:
5 Տե΄ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 183:
6 Տե΄ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 183:
7 Տե΄ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 183-184:
8 Տե΄ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 80-83:
9 Տե΄ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 119-120:
10 Տե΄ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 184:
11 Տե΄ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 15-18:
12 Տե΄ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 75-121:
13 Տե΄ս, mutatis mutandis, Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08, Հմայակ Դավթյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ՇԴ/0126/01/12 որոշումները:
14 Տե΄ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ֆրունզիկ Գալստյանի վերաբերյալ գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09, Գևորգ Խնուսյանի վերաբերյալ գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12, Արսեն Մակարյանի վերաբերյալ գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15, Արամայիս Հակոբյանի վերաբերյալ գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0224/01/14, Մարտուն Հակոբյանի վերաբերյալ գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՐԴ1/0005/11/16 որոշումները:
15 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Մարտիկ Բոլյանի վերաբերյալ գործով 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ 135/07 որոշումը:
16 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։
17 Տե΄ս սույն որոշման 6-րդ կետը:
18 Տե΄ս սույն որոշման 7-րդ կետը:
19 Տե΄ս սույն որոշման 5-6.9-րդ կետերը:
Նախագահող` |
Լ. Թադևոսյան | |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան | |
Ս. Ավետիսյան | ||
Ե. Դանիելյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական: