ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/0452/02/19 2020 թ.
Քաղաքացիական գործ
Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան
Դատավորներ՝ |
Ա. Սմբատյան |
Ա. Մկրտչյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. հակոբյան | |
|
զեկուցող |
Է. Սեդրակյան |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. հակոբյան | ||
|
|
Ս. Միքայելյան |
Տ. Պետրոսյան | ||
Ն. Տավարացյան |
2020 թվականի սեպտեմբերի 04-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ալվարդ Սահակյանի ներկայացուցիչ Արսեն Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.10.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ալվարդ Սահակյանի ընդդեմ Հենրիկ Մարտիկյանի, երրորդ անձ «Յունիբանկ» ԲԲԸ-ի՝ պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ալվարդ Սահակյանը պահանջել է անվավեր ճանաչել «Ամուր Շին» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից 30.06.2018 թվականին կազմակերպված և անցկացված՝ անշարժ գույքի աճուրդը և դրա հիման վրա 11.07.2018 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը:
ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Հ. Դարբինյան) (այսուհետ՝ Դատարան) 28.06.2019 թվականի որոշմամբ հայցը թողնվել է առանց քննության:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 31.10.2019 թվականի որոշմամբ Ալվարդ Սահակյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.06.2019 թվականի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ալվարդ Սահակյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ, 95-րդ հոդվածները և 180-րդ հոդվածի 11-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ալվարդ Սահակյանի կողմից իր ներկայացուցչին տրված լիազորագրում, ի թիվս այլ լիազորությունների, նշված է նաև դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթերը ստանալու լիազորությունը: Հետևաբար Դատարանը պետք է ղեկավարվեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով և դատական ծանուցումներն ուղարկեր Ալվարդ Սահակյանի ներկայացուցիչ Արսեն Մարտիրոսյանին։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը գտել է, որ Ալվարդ Սահակյանի կողմից ներկայացուցչին դատական ծանուցումներ ստանալու լիազորություն վերապահելը սոսկ ապահովել է ներկայացուցչի կողմից այդ գործառույթի իրականացման իրավաչափությունը, և այդ լիազորության առկայությունն ինքնին բավարար չէ ծանուցումները միայն ներկայացուցչին ուղարկելու վերաբերյալ Ալվարդ Սահակյանի կամահայտնությունն արձանագրելու համար։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31.10.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ վերացնել Դատարանի 28.06.2019 թվականի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ալվարդ Սահակյանի կողմից 04.03.2019 թվականին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Արսեն Մարտիրոսյանին տրված լիազորագրի համաձայն՝ Արսեն Մարտիրոսյանը լիազորվել է պաշտպանել Ալվարդ Սահակյանի շահերը բոլոր պետական մարմիններում, վարել վերջինիս գործերը ՀՀ ընդհանուր իրավասության, վարչական, սնանկության, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում, ինչպես նաև ի թիվս այլ լիազորությունների վերջինս լիազորվել է կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված լիազորությունները, այդ թվում՝ ստանալ դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթերը (գ.թ. 12)։
2) Ալվարդ Սահակյանի ներկայացուցիչ Արսեն Մարտիրոսյանի կողմից 06.03.2019 թվականին դատարան է ներկայացվել հայցադիմում, որը Դատարանի 07.03.2019 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (գ.թ. 1-4)։
3) Դատարանի 07.03.2019 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը 07.03.2019 թվականին առձեռն ստացել է Ալվարդ Սահակյանի ներկայացուցիչ Արսեն Մարտիրոսյանը (գ.թ. 15)։
4) Դատարանի 22.04.2019 թվականի «Գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին» որոշման օրինակն ու 22.05.2019 թվականին նշանակված նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրն ուղարկվել է միայն Ալվարդ Սահակյանին, վերջինս այն ստացել է 11.05.2019 թվականին (գ.թ. 28-30)։
5) 22.05.2019 թվականին նշանակված դատական նիստի արձանագրման համառոտագրման համաձայն` դատական նիստին կողմերը չեն ներկայացել և գործի քննությունը հետաձգվել է (գ.թ. 37)։
6) 26.06.2019 թվականին նշանակված նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրն ուղարկվել է միայն Ալվարդ Սահակյանին, վերջինս այն ստացել է 07.06.2019 թվականին (գ.թ. 41-42)։
7) 26.06.2019 թվականին նշանակված դատական նիստի արձանագրության համաձայն՝ դատական նիստին կողմերը չեն ներկայացել: Նկատի ունենալով, որ հայցվորը չի ներկայացել երկրորդ պարբերական նիստին և չի խնդրել գործը քննել իր բացակայությամբ, Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, հայցը թողել է առանց քննության (գ.թ. 48)։
8) Սույն գործում բացակայում է 22.05.2019 թվականին և 26.06.2019 թվականին կայացած հաջորդական դատական նիստերի ժամանակի և վայրի մասին Ալվարդ Սահակյանի ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ որևէ ապացույց։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասի և 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք գործին մասնակցող անձի կողմից ներկայացուցչին տրված լիազորագրում դատական ծանուցումներ ստանալու լիազորություն վերապահելը բավարար է դատարանի կողմից դատական ծանուցումները միայն գործին մասնակցող անձի ներկայացուցչին ուղարկելու համար:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորվում են յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքները, որոնց բաղկացուցիչ տարրերից մեկն իրավաբանական օգնություն ստանալու իրավունքն է. այդ իրավունքը երաշխիք է իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ իրացման համար:
ՀՀ սահմանադրական դատարանը 08.10.2008 թվականի թիվ ՍԴՈ-765 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ներառում է նախ՝ որակյալ իրավաբանական ծառայություն ստանալու հնարավորությունը, երկրորդ՝ պետության պարտավորությունը որակյալ իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն ապահովելու բոլոր նրանց համար, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն ստանալ այդպիսի օգնություն:
ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության մասնակիցները, բացառությամբ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների, նույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ դիմում ներկայացվելու կամ լիազորագրում նման լիազորության առկայության դեպքում ծանուցվում է միայն ներկայացուցիչը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանել է դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին դատական ծանուցումները միայն գործին մասնակցող անձի ներկայացուցչին ծանուցելու դեպքերը: Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ օրենսդրի կողմից սահմանվել է միայն գործին մասնակցող անձի ներկայացուցչին ծանուցելու դատարանի պարտականության երկու առանձին դեպք՝
- գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ դիմում ներկայացվելու,
- գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ լիազորագրում նման լիազորության առկայության դեպքում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությամբ հստակ կարգավորում է նախատեսված այն մասին, որ գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ լիազորագրում լիազորություն սահմանելու դեպքում դատական նիստերի վերաբերյալ ծանուցվում է միայն ներկայացուցիչը: Հետևաբար լիազորագրում՝ ներկայացուցչի կողմից դատական ծանուցումներն ստանալու (ներկայացուցչին ծանուցելու) վերաբերյալ լիազորության առկայության պայմաններում դատարանի կողմից դատական ծանուցումները ներկայացուցչին ուղարկելը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն, համարվում է դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձին ծանուցելու՝ դատարանի պարտականության պատշաճ կատարում: Ընդ որում՝ լիազորագրում՝ ներկայացուցչի կողմից դատական ծանուցումներն ստանալու վերաբերյալ լիազորության առկայությունը բավարար է դատարանի կողմից դատական ծանուցումները միայն ներկայացուցչին ուղարկելու համար:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև անդրադառնալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի բովանդակությանը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից հստակ սահմանվել է այն պայմանների միաժամանակյա առկայությունը, որոնց դեպքում դատարանը հայցը կարող է թողնել առանց քննության, մասնավորապես՝
- պատշաճ ծանուցված հայցվորի (դիմողի) կամ նրա ներկայացուցչի՝ երկու հաջորդական դատական նիստերին չներկայանալու,
- գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն ներկայացված չլինելու,
- ինչպես նաև պատասխանողի կողմից գործի քննությունը շարունակելու վերաբերյալ միջնորդություն ներկայացված չլինելու դեպքում:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միայն վերոնշյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է դատարանն իրավասու ներկայացված հայցը կամ դիմումը թողնել առանց քննության։ Այսինքն՝ պատշաճ ծանուցված հայցվորի կամ նրա ներկայացուցչի կողմից երկու հաջորդական դատական նիստերին մասնակցությունն ապահովված չլինելու և գործի քննությունը հետաձգելու կամ իր բացակայությամբ այն իրականացնելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացված չլինելու պայմանների, ինչպես նաև պատասխանողի կողմից գործի քննությունը շարունակելու վերաբերյալ միջնորդության բացակայության միաժամանակյա առկայությունը բավարար է դատարանի կողմից հայցն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելու համար։ Հետևաբար նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում դատարանն իրավասու չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի հիմքով հայցը կամ դիմումը թողնել առանց քննության։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի իրավակարգավորումը հարկ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորման լույսի ներքո: Այսինքն՝ այն դեպքում, երբ հայցվորն օրենքով սահմանված կարգով իր կամահայտնությունն արտահայտել է գործի քննության ժամանակի և վայրի մասին իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ, դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված պայմանների առկայության դեպքում նույն իրավանորմի հիմքով իրավասու է հայցը թողնել առանց քննության, եթե պատշաճ կերպով իրականացրել է հայցվորի ներկայացուցչին՝ գործի քննության ժամանակի և վայրի մասին ծանուցելու իր պարտականությունը: Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ եզրահանգումը բխում է այն հանգամանքից, որ եթե հայցվորը իր կողմից տրված լիազորագրում դատական ծանուցումները ներկայացուցչի կողմից ստանալու (ներկայացուցչին ծանուցելու) լիազորություն է վերապահել, ապա հայցվորի կողմից դատական ծանուցումներ ստանալու դեպքում վերջինիս մոտ համոզմունք է ձևավորվում առ այն, որ իր կողմից դատական նիստերին չներկայանալը չի կարող առաջացնել որևէ բացասական հետևանք, քանի որ պետք է գործի օրենքով սահմանված կանխավարկածն առ այն, որ նման դեպքերում պատշաճ ծանուցում է համարվում դատական նիստերի ժամանակի և վայրի մասին ներկայացուցչին ծանուցելը: Ուստի նման պայմաններում դատական նիստերի ժամանակի և վայրի մասին միայն հայցվորին ծանուցելու և վերջինիս կողմից երկու հաջորդական նիստերին չներկայանալու դեպքում դատարանն իրավասու չէ հայցը թողնել առանց քննության:
Սույն գործի փաստերի համաձայն` Ալվարդ Սահակյանի կողմից 04.03.2019 թվականին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Արսեն Մարտիրոսյանին տրվել է լիազորագիր, որի համաձայն՝ Արսեն Մարտիրոսյանը լիազորվել է պաշտպանել Ալվարդ Սահակյանի շահերը բոլոր պետական մարմիններում, վարել վերջինիս գործերը ՀՀ ընդհանուր իրավասության, վարչական, սնանկության, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում, ինչպես նաև ի թիվս այլ լիազորությունների՝ վերջինս լիազորվել է կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված լիազորությունները, այդ թվում՝ ստանալ դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթերը։ Արսեն Մարտիրոսյանի՝ որպես Ալվարդ Սահակյանի ներկայացուցչի կողմից 06.03.2019 թվականին Դատարան է ներկայացվել հայցադիմում, որը Դատարանի 07.03.2019 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ։ Դատարանի 07.03.2019 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը 07.03.2019 թվականին առձեռն ստացել է Ալվարդ Սահակյանի ներկայացուցիչ Արսեն Մարտիրոսյանը։ Դատարանի 22.04.2019 թվականի «Գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին» որոշման օրինակն ու 22.05.2019 թվականին նշանակված նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրն ուղարկվել է միայն Ալվարդ Սահակյանին, վերջինս այն ստացել է 11.05.2019 թվականին։ 22.05.2019 թվականին նշանակված դատական նիստի արձանագրման համառոտագրման համաձայն` դատական նիստին կողմերը չեն ներկայացել և գործի քննությունը հետաձգվել է: Հաջորդ դատական նիստը նշանակվել է 26.06.2019 թվականին, որի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրը կրկին ուղարկվել է միայն Ալվարդ Սահակյանին, վերջինս այն ստացել է 07.06.2019 թվականին։ 26.06.2019 թվականին նշանակված դատական նիստի արձանագրության համաձայն՝ դատական նիստին կողմերը չեն ներկայացել:
Դատարանը 28.06.2019 թվականի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշմամբ պատճառաբանել է, որ սույն գործով հրավիրվել են երկու նախնական դատական նիստեր, որոնց ժամանակի և վայրի մասին հայցվորը պատշաճ ծանուցված է եղել, սակայն երկու հաջորդական դատական նիստերին չի ներկայացել և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն: Նկատի ունենալով, որ հայցվորը չի ներկայացել երկրորդ պարբերական նիստին և չի խնդրել գործը քննել իր բացակայությամբ, Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, հայցը թողել է առանց քննության:
Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, պատճառաբանել է, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի կիրառման իրավաչափությունը հայցվորի ներկայացուցչի լիազորությունների շարքում նաև ծանուցումներ ստանալու լիազորությունը ներառված լինելու փաստից և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոնից կախվածության մեջ դրվել չի կարող առնվազն այն պատճառով, որ որոշակի հանգամանքների առկայության դեպքում դրա կիրառման հետ կապված վերապահումներ կամ սահմանափակումներ կամ առանձնահատկություններ սահմանված չեն, իսկ գործում էլ առկա չէ դատական ծանուցումներն իր ներկայացուցչին ուղարկելու վերաբերյալ հայցվորի կամահայտնությունն արտացոլող որևէ փաստաթուղթ։ Ինչ վերաբերում է հայցվորի կողմից ներկայացուցչին դատական ծանուցումներ ստանալու լիազորություն վերապահված լինելուն, ապա դրանով սոսկ ապահովվել է ներկայացուցչի կողմից այդ գործառույթի իրականացման իրավաչափությունը, և այդ լիազորության առկայությունն ինքնին բավարար չէ ծանուցումները միայն ներկայացուցչին ուղարկելու վերաբերյալ հայցվորի կամահայտնությունն արձանագրելու և հենց հայցվորի ծանուցումն ապահովված լինելու պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի կիրառումը բացառելու համար:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով այն հիմքով, որ Ալվարդ Սահակյանը, ներկայացուցչին դատական ծանուցումներ ստանալու լիազորություն վերապահելով, սոսկ ապահովել է ներկայացուցչի կողմից այդ գործառույթի իրականացման իրավաչափությունը, և այդ լիազորության առկայությունն ինքնին բավարար չէ ծանուցումները միայն ներկայացուցչին ուղարկելու վերաբերյալ վերջինիս կամահայտնությունն արձանագրելու համար, անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին՝ դատական ծանուցումները ստանալու վերաբերյալ լիազորագրում լիազորություն վերապահելու դեպքում դատական նիստերի վերաբերյալ դատական ծանուցումներն ուղարկվում են միայն ներկայացուցչին: Ընդ որում՝ ներկայացուցչի կողմից դատական ծանուցումներն ստանալու (ներկայացուցչին ծանուցելու) վերաբերյալ լիազորագրում նման լիազորության առկայության պայմաններում Դատարանի կողմից դատական ծանուցումները ներկայացուցչին ուղարկելը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն, համարվում է դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձին ծանուցելու՝ դատարանի պարտականության պատշաճ կատարում: Ավելին՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից երևում է, որ օրենսդրի կողմից սահմանվել է գործին մասնակցող անձի ներկայացուցչին ծանուցելու դատարանի պարտականության երկու առանձին դեպք, մասնավորապես՝ կամ գործին մասնակցող անձի կողմից ներկայացուցչին տրված լիազորագրում դատական ծանուցումներն ստանալու (ներկայացուցչին ծանուցելու) վերաբերյալ լիազորության նախատեսվելու դեպքում կամ գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ դատարան դիմում ներկայացվելու դեպքում։
Հետևաբար հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արսեն Մարտիրոսյանին պատշաճ կերպով տրվել է լիազորագիր՝ ներկայացնելու Ալվարդ Սահակյանին, և լիազորագրում, ի թիվս այլնի, սահմանվել է ներկայացուցչի լիազորությունը՝ ստանալու դատական ծանուցումները: Մինչդեռ սույն գործում բացակայում է 22.05.2019 թվականին և 26.06.2019 թվականին կայացած հաջորդական դատական նիստերի ժամանակի և վայրի մասին Ալվարդ Սահակյանի ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ որևէ ապացույց: Նշված դատական նիստերի ժամանակի և վայրի մասին Ալվարդ Սահակյանին ծանուցելը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը հաշվի առնելով, չի կարող դիտարկվել հայցվորի ներկայացուցչին դատական նիստերի ժամանակի և վայրի մասին ծանուցելու՝ Դատարանի պարտականության պատշաճ կատարում: Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում պահպանված չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված պայմանների միաժամանակյա առկայությունը, որպիսի պարագայում Դատարանն իրավասու չէր հայցը թողնելու առանց քննության, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության ուղարկելու լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպություններ և ֆիզիկական անձինք` գործը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը բեկանելու, վճիռների կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, վճիռների կատարման եղանակը և կարգը փոփոխելու, հայցերի ապահովման կամ ապահովման մի տեսակը մեկ այլ տեսակով փոխարինելու վերաբերյալ հայցերով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
Նկատի ունենալով, որ սույն գործով բողոքարկել է Վերաքննիչ դատարանի՝ Դատարանի 28.06.2019 թվականի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշումը վերանայելու վերաբերյալ կայացված դատական ակտը, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետը, գտնում է, որ վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1.
Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.10.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Է. Սեդրակյան Ս. Անտոնյան Վ. Ավանեսյան Ա. Բարսեղյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Տ. Պետրոսյան Ն. Տավարացյան
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հոկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|