ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի մարտի 19-ին
«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն օրենքը սահմանում է երեխայի իրավունքները, պետության, համապատասխան մարմինների և քաղաքացիների պարտականությունները, ինչպես նաև երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացման ծրագրային հիմունքները և կարգավորում է դրանց հետ կապված հարաբերությունները:»:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պետությունը ելնում է հասարակության մեջ երեխային լիարժեք կյանքի նախապատրաստման, նրա մեջ հասարակական և ստեղծագործական ակտիվության զարգացման, բարձր բարոյական հատկանիշների, հայրենասիրության և որպես քաղաքացու դաստիարակման առաջնահերթության սկզբունքներից: Երեխան գտնվում է հասարակության և պետության հովանավորության ու պաշտպանության ներքո:
Սույն օրենքի գործողությունը տարածվում է մինչև 18 տարեկան անձանց վրա:»:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են լիազորված պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Պետությունը համապատասխան մարմինների միջոցով համագործակցում է երեխայի իրավունքների պաշտպանությանը նպաստող անձանց և հասարակական միավորումների հետ:»:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման իրավունք:
Պետական համապատասխան մարմիններն ապահովում են առողջապահական ծառայություններից երեխայի անվճար օգտվելու հնարավորությունը` ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում:»:
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք:»:
Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս.
«Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը վերահսկողություն է իրականացնում մանկական խնամակալական կազմակերպություններում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) երեխաներին տեղավորելու, ինչպես նաև նրանց խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչների կիրառման նկատմամբ: Մանկական խնամակալական կազմակերպություններում երեխաների տեղավորման կարգը և նրանց խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածի վերջում ավելացնել հետևյալ նախադասությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` հաշմանդամ երեխաներն ունեն հաշմանդամության սայլակների, հատուկ պրոթեզաօրթոպեդիկ կոշիկների ու բոլոր տեսակի պրոթեզային իրերի (բացի թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնապրոթեզներից) և հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական այլ սարքերի (առարկաների) անվճար պատվիրման, նորոգման և ստացման իրավունք` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:»:
Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ գլխով.
«Գ Լ ՈՒ Խ 4.
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 33. | Երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագիրը |
Երեխայի իրավունքների պաշտպանության աշխատանքներն իրականացվում են երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրերով (այսուհետ` Տարեկան ծրագիր) սահմանված ժամկետներում և կարգով:
Տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ծախսերն արտացոլվում են համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում:
Տարեկան ծրագրի կատարման արդյունքով նախատեսված աշխատանքների թերակատարված մասը ներառվում է հաջորդ տարվա տարեկան ծրագրում:
Հոդված 34. | Տարեկան ծրագրի բովանդակությունը և դրա մշակման սկզբունքները |
Տարեկան ծրագիրը ներառում է`
ա) ծրագրի հիմնական խնդիրները.
բ) նախատեսված աշխատանքների ծավալները և իրականացման ժամանակացույցը.
գ) նախատեսված աշխատանքների ֆինանսավորման համամասնությունները.
դ) ծրագրի կատարման սկզբունքները և նախատեսված աշխատանքների իրականացման առաջնահերթությունները.
ե) երեխայի իրավունքների պաշտպանության աշխատանքների իրականացման և դրանց ֆինանսավորման (այդ թվում` օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված օգնությունների հաշվին) գործընթացի վերահսկողության կարգը.
զ) առողջապահական ծառայություններից երեխայի անվճար օգտվելու և նրա առողջության պահպանման միջոցառումները.
է) երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման չափորոշիչները, ուղղությունները և հեռանկարները.
ը) հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխաներին հասցեագրված աջակցություն ցուցաբերելու միջոցառումները, ուղղությունները, ծավալները և նախատեսվող արտոնությունները (այդ թվում` անվճար մասնագիտացված բժշկական, արատաբանական և հոգեբանական օգնություն, հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական սարքերի, հաշմանդամության սայլակների, հատուկ պրոթեզաօրթոպեդիկ կոշիկների և բոլոր տեսակի պրոթեզային իրերի անվճար տրամադրում և այլն, բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնապրոթեզների).
թ) սոցիալական անապահով երեխաներին (այդ թվում` ծնողազուրկներ, չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքներ և այլն) հատկացվող օգնության ծավալները և նրանց տրամադրվող արտոնությունները.
ժ) անօթևան կամ ծնողական խնամքից զրկված երեխաների խնամքը և դաստիարակությունը մանկատներում, գիշերօթիկ և ուղղիչ-աշխատանքային հաստատություններում կազմակերպելու ուղղությամբ նախատեսվող միջոցառումները.
ժա) նախատեսված աշխատանքները` ըստ լիազորված մարմինների.
ժբ) երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով նախատեսվող միջոցառումները (ստացիոնար կամ բակային ճամբարներ և այլն).
ժգ) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ծրագրի համակողմանի ներկայացման համար:
Տարեկան ծրագրի հետ կառավարությունը ներկայացնում է նաև դրա կատարումն ապահովող օրինագծերը:
Հոդված 35. | Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը |
Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունն արտացոլվում է համապատասխան տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում:»:
Այդ կապակցությամբ օրենքի գլուխ 4-ը համարել գլուխ 5, իսկ 33-րդ և 34-րդ հոդվածները` համապատասխանաբար 36-րդ և 37-րդ հոդվածներ:
Հոդված 9. | Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: |
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՌ. Քոչարյան
Երևան
15 ապրիլի 2002 թ.
ՀՕ-316