11.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2020 թվականի N 1487-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 792-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 792-Ն որոշմամբ սահմանված հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) հավելվածի 5-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու օրվան հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը՝
1) տվյալ մարմնի քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողին կարող է առաջարկել կնքել պայմանագիր՝ տվյալ քաղաքացիական ծառայողի տվյալները տեղադրելով տվյալ մարմնի պաշտոնական կայքէջում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ տվյալ մարմնի վերադաս համապատասխան մարմնի պաշտոնական կայքէջում, կամ՝
2) իր պաշտոնական կայքէջում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ իր վերադաս համապատասխան մարմնի պաշտոնական կայքէջում կարող է հրապարակել հայտարարություն՝ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու նպատակով:
6. Հայտարարությունը պարունակում է առնվազն հետևյալ տեղեկությունները՝
1) համապատասխան մարմնի անվանումը.
2) քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոնի անվանումը, ծածկագիրը և տվյալ պաշտոնի անձնագրով (աշխատատեղի նկարագրով) սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
3) քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.
4) քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը.
5) դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը, որը պետք է լինի տվյալ հայտարարության հրապարակմանը հաջորդող երրորդ աշխատանքային օրը, իսկ սույն կարգի 18-րդ կետով նախատեսված դեպքում առաջացած ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարություն հրապարակելիս՝ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձի կողմից սահմանված օրը։ Ընդ որում՝ փաստաթղթերի ընդունումը յուրաքանչյուր օրվա համար չպետք է պակաս լինի երեք ժամից.
6) աշխատավարձի չափը.
7) աշխատանքի վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
8) պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակը.
9) անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։».
2) հավելվածի 10-րդ կետում «հրապարակումից մեկ ամիս հետո» բառերը փոխարինել «հրապարակումից հետո՝ մեկ ամսվա ընթացքում» բառերով.
3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետով՝
«10.1. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված ժամկետներում ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով չհամալրվելու դեպքում հայտարարությունները հրապարակվում են նույն պարբերականությամբ:».
4) հավելվածի 17-րդ կետում «6-րդ կետով» բառերը փոխարինել «5-րդ կետի 2-րդ ենթակետով» բառերով.
5) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ կետով՝
«18. Ռազմական դրության ժամանակ զորահավաքային զորակոչին մասնակցելու հետևանքով քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության դեպքում առաջացած քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել նաև առանց սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հայտարարություն հրապարակելու՝ տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու միջոցով։».
6) ժամկետային աշխատանքային պայմանագրի ձևում «բնակության վայրը՝» բառերը փոխարինել «հաշվառման հասցեն՝» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2020 թվական: