Գլխավոր տեղեկություն
Համար
N 81-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (03.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.08.01/19(196) Հոդ.231
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.03.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 մայիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007221

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

20 մարտի 2007 թ.

N 81-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՕՐԵՆՔՈՎ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 28.08.20 թիվ 134-Ն)

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հաշվետվությունների ներկայացման ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառելու կարգը»` համաձայն հավելվածի (կցվում է):

(1-ին կետը փոփ. 28.08.20 թիվ 134-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

 Տ. Սարգսյան


2007 թ. մարտի 26
 Երևան

 

 

Հավելված

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի մարտի 20-ի
թիվ 81-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՕՐԵՆՔՈՎ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 28.08.20 թիվ 134-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  1
 
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառելու նպատակն է` հաշվետու անձանց կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ էլեկտրոնային ձևով ներկայացվող հաշվետվություններում պարունակվող տեղեկատվության պաշտպանությունը անթույլատրելի փոփոխումներից և հաշվետու անձի իսկության հաստատումը:

2. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հաշվետվությունների ներկայացման ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման, հավաստագրերի տրամադրման և էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման կարգը:

(2-րդ կետը փոփ. 28.08.20 թիվ 134-Ն)

3. Սույն կարգով և սույն կարգի 4-րդ կետով նախատեսված համաձայնագրով սահմանված էլեկտրոնային թվային ստորագրությունը համարվում է հաշվետու անձի ստորագրություն:

4. Էլեկտրոնային թվային ստորագրությունը, էլեկտրոնային թվային ստորագրության տրամադրման և ստուգման միջոցները  սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հաշվետու անձի միջև կնքված համաձայնագրով:

 

Գ Լ ՈՒ Խ  2

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

5.1) էլեկտրոնային թվային ստորագրություն - էլեկտրոնային հաշվետվության մեջ պարունակվող տեղեկատվության կրիպտոգրաֆիկ փոխակերպությունների միջոցով ստացված և էլեկտրոնային թվային ձևով ներկայացված պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը կցված կամ տրամաբանորեն կապված է էլեկտրոնային հաշվետվության հետ և օգտագործվում է հաշվետու անձին նույնականացնելու, ինչպես նաև էլեկտրոնային հաշվետվությունը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու նպատակով.

5.2) հաշվետվու անձ - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով հաշվետվություն ներկայացնող անձ.

5.3) հավաստագիր - փաստաթուղթ` էլեկտրոնային կամ այլ կրիչի վրա, որը հաստատում է  ստորագրող անձին էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և էլեկտրոնային թվային ստորագրության պատկանելությունը և ծառայում է էլեկտրոնային թվային ստորագրության իսկության ստուգման միջոց.

5.4) հավաստագրման կենտրոն - Հայաստանի Հանրապետության  կենտրոնական բանկ.

5.5) հավաստագրման կենտրոնի ադմինիստրատոր - էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրեր տրամադրող Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակից.

5.6) հասցեատեր - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ստորաբաժանում կամ աշխատակից, որին հասցեագրված է ուղարկված հաշվետվությունը.

5.7) հավաստագրման կենտրոնի հատուկ ծրագրային ապահովում - հաշվետու անձի անհատական տվյալների հիման վրա հավաստագիր տրամադրող ծրագրային համակարգ.

5.8) թերի ստորագրություն - էլեկտրոնային թվային ստորագրությունը համարվում է թերի, եթե դրա ստուգման արդյունքում բացահայտվել է ստորագրված տեղեկատվության կամ սույն կարգի 4-րդ կետով նախատեսված համաձայնագրով սահմանված ստորագրության փոփոխում, ինչպես նաև էլեկտրոնային թվային ստորագրության անհամապատասխանությունը հավաստագրին կամ ստորագրության բացակայություն.

5.9) փակ և բաց բանալիներ - պայմանանշանների ուրույն հաջորդականություն, որը ստորագրող անձն օգտագործում է իր էլեկտրոնային թվային ստորագրությունը յուրաքանչյուր անգամ կիրառելիս և յուրաքանչյուր էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը հաստատելու նպատակով.

5.10) բանալիների զույգ - մեկ անձին պատկանող, մեկ հավաստագրով հաստատված փակ և բաց բանալիների զույգ:

5.11) Կրիպտոգրաֆիկ նույնականացման բանալի (ՅուԷսԲի Թոքեն)` գաղտնաբառով պաշտպանված ապարատային ՅուԷսԲի միջոց, որի վրա առկա տեղեկատվությունը ընթերցման համար հասանելի է միայն այդ միջոցի վրա և պաշտպանված է պատճենումից:

(5-րդ կետը խմբ., լրաց. 28.08.20 թիվ 134-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ

 

6. Հավաստագիր ստանալու համար հաշվետու անձի լիազորված ներկայացուցիչը հավաստագրման կենտրոն է ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ, հաշվետու անձի կողմից տրամադրված` հավաստագիրը ստանալու իրավասությունը հաստատող լիազորագիր:

(6-րդ կետը փոփ. 28.08.20 թիվ 134-Ն)

7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո հավաստագրման կենտրոնի ադմինիստրատորը հավաստագրման կենտրոնի հատուկ ծրագրային ապահովման կիրառմամբ տրամադրում է հաշվետվու անձի հավաստագիրը և էլեկտրոնային բաց ու փակ բանալիները՝ հասցեատիրոջ պահանջով հավաստագրման կենտրոնի կողմից տրամադրված մեկ կամ ավելի կրիպտոգրաֆիկ նույնականացման բանալու (ՅուԷսԲի Թոքենի) մեջ գրառված կամ հաշվետու անձի կողմից տրամադրված տեղեկատվության որևէ արտաքին կրիչի (ՅուԷսԲի հիշողություն, էլեկտրոնային կրիչ կամ էլեկտրոնային գրառում թույլ տվող այլ կրիչ) վրա:

(7-րդ կետը խմբ. 28.08.20 թիվ 134-Ն)

7.1. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված պահանջը հասցեատիրոջ կողմից ներկայացվելուց հետո հաշվետու անձը երկօրյա ժամկետում դիմում է հավաստագրման կենտրոն՝ հավաստագիր ստանալու համար:

(7.1-ին կետը լրաց. 28.08.20 թիվ 134-Ն)

8. Հաշվետու անձի լիազորված ներկայացուցիչը սույն կարգի 7-րդ կետում նշված արտաքին կրիչի ստացման վերաբերյալ ստորագրում է ստացական, որի վրա տպագրված է նաև նրան տրամադրված բաց բանալին` թվային ներկայացմամբ: Կրիպտոգրաֆիկ նույնականացման բանալին (ՅուԷսԲի Թոքենը) տրամադրվում է անհատույց օգտագործման, որի վերաբերյալ կազմվում է հանձնման-ընդունման ակտ:

(8-րդ կետը լրաց. 28.08.20 թիվ 134-Ն)

9. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում պահպանվում է սույն կարգի 8-րդ կետում նշված բաց բանալին, որը հավաստագրման կենտրոնի ադմինիստրատորի կողմից ներառվում է հաշվետու անձանց բաց բանալիների ցանկում և տրամադրվում հաշվետվություններ ստացող Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ստորաբաժանումներին:

10. Հավաստագրման կենտրոնի ադմինիստրատորը հաշվետու անձի ներկայացուցչին է տրամադրում հավաստագրի տեղադրման, կրիպտոգրաֆիկ նույնականացման բանալու (ՅուԷսԲի Թոքենի)` օգտագործման կանոնները և տրամադրված հավաստագրի անվտանգության ապահովման պահանջները: Էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառելու կանոնները տրամադրվում են հասցեատիրոջ կողմից:

(10-րդ կետը խմբ. 28.08.20 թիվ 134-Ն)

11. Սույն կարգի 10-րդ կետում նշված կանոնները և պահանջները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով:

(11-րդ կետը խմբ. 28.08.20 թիվ 134-Ն)

12. Հաշվետու անձի լիազորված ներկայացուցիչը հաշվետու անձի էլեկտրոնային հաշվետվությունների ուղարկման համար նախատեսված համակարգչի վրա տեղադրում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից ստացված հավաստագիրը` ղեկավարվելով սույն կարգի 10-րդ կետով նախատեսված կանոններով:

13. Առանձին դեպքերում հավաստագիրը կարող է ժամանակավորապես տեղադրվել այլ համակարգչի վրա` պահպանելով սույն կարգի 10-րդ կետով նախատեսված կանոններում ամրագրված անվտանգության կանոնները. մասնավորապես հաշվետվության ուղարկումն ավարտելուց հետո ապահովել հավաստագրի ոչնչացումը այդ համակարգչից:

 

Գ Լ ՈՒ Խ  4

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՍՏԱՑՈՒՄԸ

 

14. Հաշվետվության էլեկտրոնային տարբերակը (ֆայլը) պատրաստելուց հետո այն պետք է ստորագրվի էլեկտրոնային եղանակով` սույն կարգի 10-րդ կետով նախատեսված կանոններում նկարագրված կարգով:

15. Էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված հաշվետվության ֆայլը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի ծրագրային ապահովման կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված համակարգի միջոցով ուղարկվում է հասցեատիրոջը:

(15-րդ կետը լրաց. 28.08.20 թիվ 134-Ն)

16. Հասցեատերը ֆայլը ստանալուց հետո ստուգում է էլեկտրոնային թվային ստորագրության պահպանվածությունը` սույն կարգի 10-րդ կետով նախատեսված կանոններով նկարագրված կարգով, եթե ստուգումը իրականացվում է ոչ ավտոմատացված եղանակով: Թերի էլեկտրոնային թվային ստորագրությամբ ներկայացված հաշվետվությունները համարվում են չներկայացված, ինչի մասին հաշվետու անձին անմիջապես տեղեկացնում է հասցեատերը:

17. Սույն կարգով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի ծրագրային ապահովման միջոցով ստացված էլեկտրոնային հաշվետվությունների պատճենները պահվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում` այդ նպատակների համար առանձնացված սերվերների վրա պաշտպանված տիրույթում:

(17-րդ կետը լրաց. 28.08.20 թիվ 134-Ն)

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 28.08.20 թիվ 134-Ն)