Գլխավոր տեղեկություն
Համար
N 180-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.08.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.03.19/16(606) Հոդ.249
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.02.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 փետրվարի 2008 թվականի N 180-Ն

 

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 14-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հատուկ քննչական ծառայության մրցութային հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. մարտի 5

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

փետրվարի 28-ի N 180-Ն որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության գլխավոր և առաջատար խմբերի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք), սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

3. Մրցութային հանձնաժողովը կազմավորում է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետը: Մրցութային հանձնաժողովը կազմավորվում է 7 անդամից, որոնցից 3-ը իրավաբան-գիտնականներ են, իսկ 4-ը` պետական պաշտոն զբաղեցնող անձինք:

(3-րդ կետը խմբ. 06.08.20 N 1315-Ն) 

4. Հանձնաժողովը ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, որին հանձնաժողովի անդամների թվից նշանակում է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետը: Հանձնաժողովն իր կազմից ընտրում է քարտուղար:

(4-րդ կետը փոփ. 06.08.20 N 1315-Ն) 

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Հանձնաժողովի խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հատուկ քննչական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման հավասար մատչելիության ապահովումը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.

2) Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության համար արհեստավարժ կադրերի ընտրությունը.

3) անցկացվող մրցույթների թափանցիկության և հրապարակայնության ապահովումը:

6. Հանձնաժողովը`

1) Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության համապատասխան ստորաբաժանումից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը.

2) ստուգում է քաղաքացիների կողմից ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու օրինականությունը և ընդունում որոշում դիմած քաղաքացիներին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին.

3) նոր մրցույթ անցկացնելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին, եթե մասնակիցներից ոչ մեկը չի հավաքել հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ ու մրցույթում հաղթող չի ճանաչվել, կամ եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ դիմողները չեն բավարարում օրենքով պաշտոնի անցնելու համար ներկայացվող պահանջները, կամ դիմողներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթին.

4) մրցույթի մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց.

5) հարցազրույցից անմիջապես հետո յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն.

6) քվեարկության արդյունքում ընդունում է որոշում մրցույթի հաղթող (հաղթողներ) ճանաչելու կամ չճանաչելու մասին.

7) ամփոփում է մրցույթի արդյունքները.

8) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ և ընդունում որոշումներ.

9) հրապարակում է մրցույթի արդյունքները.

10) մրցույթի ավարտից հետո` մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցների մասին եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին.

11) մրցույթի ավարտից հետո` Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության համապատասխան ստորաբաժանմանն է հանձնում մրցութային փաթեթը` համապատասխան փաստաթղթերով.

12) իրականացնում է օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ:

(6-րդ կետը փոփ. 06.08.20 N 1315-Ն) 

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով:

8. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

9. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:

10. Հանձնաժողովի որոշումները ձևակերպվում են գրավոր և ստորագրվում հանձնաժողովի նախագահի ու քարտուղարի կողմից: Սույն աշխատակարգի 6-րդ կետի 6-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսված որոշումը և եզրակացությունն ստորագրում են հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած բոլոր անդամները:

11. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթ անցկացնելու կարգի խախտման դեպքում հանձնաժողովը տվյալ հարցի մասին ընդունում է որոշում, որի պատճենն անմիջապես ներկայացնում է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին: Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետն իր որոշմամբ կարող է ազատել հանձնաժողովի անդամին:

(11-րդ կետը փոփ. 06.08.20 N 1315-Ն)

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

12. Հանձնաժողովի նախագահը`

1) կազմակերպում և ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.

2) վարում է հանձնաժողովի նիստերը.

3) հարցազրույցի ժամանակ կարող է դադարեցնել անհարկի ծավալված բանավեճը.

4) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների ու բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով հանձնաժողովի անդամների հետ.

5) Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի համաձայնությամբ` իր գործառույթների իրականացումը ժամանակավորապես վերալիազորում է հանձնաժողովի այլ անդամի.

6) հանձնաժողովի քարտուղարի բացակայության դեպքում նրա պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարում է հանձնաժողովի այլ անդամի.

7) հանձնաժողովի անդամի կողմից մրցույթ անցկացնելու կարգի խախտման դեպքում գրավոր տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին.

8) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

(12-րդ կետը փոփ. 06.08.20 N 1315-Ն)

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

13. Հանձնաժողովի քարտուղարը`

1) արձանագրում է հանձնաժողովի նիստերը.

2) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

14. Հանձնաժողովի անդամը`

1) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` կարող է վարել հանձնաժողովի նիստը.

2) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և իրավունք ունի հարցեր տալու մասնակիցներին.

3) հարցազրույցից հետո մասնակցում է հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ.

4) ստորագրում է մրցույթի եզրակացությունը, որոշումները, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրում է «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը և առանձին թղթի վրա շարադրած ու ստորագրած հատուկ կարծիքը կցում եզրակացությանը.

5) մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո մեկ ժամվա ընթացքում մրցույթի արդյունքների մասով կարող է գրավոր բողոքարկել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին.

6) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

7) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

15. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(հավելվածը խմբ., փոփ. 06.08.20 N 1315-Ն) 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան