ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/6684/02/18 Դատավորներ՝ Ն. Կարապետյան Ա. Սմբատյան
Քաղաքացիական գործ
2020 թ.
Նախագահող դատավոր՝ Ն. Մարգարյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. հակոբյան | |
զեկուցող |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
|
|
Գ. հակոբյան |
|
|
Տ. Պետրոսյան |
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2020 թվականի ապրիլի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) ներկայացուցիչ Սեյրան Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.02.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Նիլա» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Հիմնադրամի` գումարի բռնագանձման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Հիմնադրամից հօգուտ Ընկերության բռնագանձել 4.143.384 ՀՀ դրամ, որպես հիմնական պարտավորության կատարում, 995.034 ՀՀ դրամ, որպես մինչև 30.03.2018 թվականը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկված տոկոսագումար և 303.000 ՀՀ դրամ, որպես դատական ծախս: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի պահանջների համաձայն` Հիմնադրամից բռնագանձել նաև տոկոսներ 30.03.2018 թվականից սկսած մինչև պարտավորության կատարման վերջնական օրը:
10.07.2018 թվականին Ընկերության ներկայացուցիչը ներկայացրել է հայցի առարկան հստակեցնելու մասին դիմում և խնդրել է Հիմնադրամից բռնագանձել 692.839 ՀՀ դրամ` որպես ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափով տոկոսագումար և 253.283 ՀՀ դրամ`որպես դատական ծախսի գումար:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Դանիելյան) (այսուհետ` Դատարան) 08.10.2018 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի Ընկերության ընդդեմ Հիմնադրամի` 4.445.579 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով կարճվել է` հայցվորի կողմից նշված մասով հայցից հրաժարվելու հիմքով: Մնացած մասով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ Հիմնադրամից հօգուտ Ընկերության բռնագանձվել է 622.356 ՀՀ դրամ՝ որպես պարտավորության կետանցի համար հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսների գումար: Հայցը` 70.483 ՀՀ դրամի չափով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսներ բռնագանձելու մասով մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.02.2019 թվականի որոշմամբ Հիմնադրամի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08.10.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հիմնադրամի ներկայացուցիչը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 177-րդ, 700-րդ, 709-րդ, 718-րդ, 738-րդ, 751-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Ընկերությունը Դատարան չի ներկայացրել որևէ կոնկրետ ապացույց, թե երբ է հաստատվել «Շինարարական աշխատանքների կատարողական ակտը»: Հայտնի չէ, թե այնուամենայնիվ կատարված աշխատանքների իրական հանձնում-ընդունումը երբ է կատարվել: Դատարանը, սխալ գնահատելով հայցվորի կողմից ներկայացված «Շինարարական աշխատանքների կատարողական ակտը», հանգել է ոչ իրավաչափ եզրակացության, որն ազդել է գործի ելքի վրա:
Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 751-րդ հոդվածի դրույթներին համապատասխան՝ կապալառուն պատվիրատուին չի ներկայացրել նախնական պահանջ՝ իր կատարած աշխատանքները ընդունելու համար, ինչը վկայում է, որ հայցվորի այն պնդումները, թե իրեն վճարվել է այդ աշխատանքները ընդունելուց հետո կետանցով, առնվազն անհիմն են ու իրականությունից հեռու: Սույն գործով Դատարանը, հաշվի չառնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 751-րդ հոդվածի պահանջները, Հիմնադրամի վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի մասով դրել է պարտավորություններ, որոնք չպետք է դներ:
Բացի այդ, Դատարանը, բավարարելով հայցվորի պահանջը, հիմք է ընդունել կողմերի միջև գումարի չափի վերաբերյալ կնքված փոխադարձ հաշվարկների ակտը, որը ոչ մի կապ չունի և չէր էլ կարող ունենալ կատարված աշխատանքների փաստացի ընդունման կոնկրետ ժամանակի հետ, քանի որ դրանք լրիվ այլ պահանջներ են, որոնք վերաբերելի են պայմանագրի տարբեր դրույթներին:
Հայցվորի կողմից դատարան ներկայացված և գործում առկա «Շինարարական աշխատանքների կատարողական ակտ թիվ 1» փաստաթղթում առկա չէ այն կազմելու օրը, ամիսը, տարեթիվը: Հետևաբար` Վերաքննիչ դատարանի կողմից հաստատված համարված փաստարկները չեն բխում գործում առկա ապացույցներից, գործող օրենսդրության պահանջներից:
Բացի այդ, հայցվոր կողմը դատարան չի ներկայացրել շինարարական աշխատանքների վերջնական ընդունմանը վերաբերելի կոնկրետ ապացույց, ինչը նախատեսված է պայմանագրով և գործող օրենսդրությամբ: Իսկ այդ փաստի ապացուցման պարտականությունը կրում էր հայցվոր կողմը: Այդ իսկ պատճառով Դատարանի կողմից միանշանակ համարվող հաստատումը՝ 1.971.360 ՀՀ դրամի մասով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի պահանջի կիրառումը ամբողջական տեսքով անհիմն է ու ոչ հիմնավոր, և դատական ակտն այդ մասով նույնպես ենթակա է մերժման:
Բողոք բերած անձը պահանջել է «բեկանել թիվ ԵԴ/6684/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ դատարանի 19 փետրվարի 2019 որոշումը, բավարարել վճռաբեկ բողոքը, կայացնել դատական ակտ՝ հիմնազուրկ համարելով՝ «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամից հօգուտ «Նիլա» ՍՊԸ-ի բռնագանձել 622.356 ՀՀ դրամ՝ որպես պարտավորության կետանցի համար հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված բանկային տոկոսների գումարի մասով, և կամ բեկանել թիվ ԵԴ/6684/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ դատարանի 19 փետրվարի 2019 որոշումը և գործն ուղարկել վերաքննիչ դատարան, այլ կազմով քննելու համար»:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Հիմնադրամի և Ընկերության միջև 01.07.2016 թվականին կնքվել է թիվ N/Ն 5 կապալի պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր), որի համաձայն՝ Ընկերությունը պարտավորվել է կատարել է Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում գտնվող խոտի խորդանոցի հատակի բետոնացման, պատերի կառուցման և կից տարածքի բլրի քանդման և հեռացման աշխատանքներ, իսկ Հիմնադրամը պարտավորվել է վճարել նշված աշխատանքների դիմաց (հատոր 1-ին գ.թ. 13-16).
2. Ընկերության կողմից կազմվել է շինարարական աշխատանքների կատարողական ակտ N1` 7.971,360.00 ՀՀ դրամի չափով, որը հաստատվել է Հիմնադրամի տնօրենի կողմից (հատոր 1-ին գ.թ. 18).
3. Ընկերության կողմից 22.07.2016 թվականին դուրս է գրվել թիվ Բ 3731558840 ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշիվ ապրանքագիր (հատոր 1-ին գ.թ. 19).
4. 25.07.2016 թվականի Հիմնադրամի և Ընկերության միջև կազմված փոխադարձ հաշվարկների ակտի համաձայն` Հիմնադրամի պարտավորությունը Ընկերության նկատմամբ կազմում է 7.971.360 ՀՀ դրամ (հատոր 1-ին գ.թ. 21).
5. 09.12.2016 թվականի թիվ 352 վճարման հանձնարարագրի համաձայն` Հիմնադրամը վճարել է Ընկերությանը կատարված ծառայությունների համար 5.000.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին գ.թ. 61).
6. 27.07.2016 թվականի թիվ 194 վճարման հանձնարարագրի համաձայն` Հիմնադրամը վճարել է Ընկերությանը կատարված ծառայությունների համար 1.000.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին գ.թ. 62).
7. 23.05.2018 թվականի թիվ 4076 վճարման հանձնարարագրի համաձայն` Հիմնադրամը վճարել է Ընկերությանը կատարված ծառայությունների համար 1.971.870 ՀՀ դրամ (հատոր 1-ին գ.թ. 60):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առերևույթ առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 751-րդ հոդվածի 4-րդ կետը չկիրառելու և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որի առկայությունը, սակայն հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ կապալի պայմանագրով աշխատանքների ընդունման ակտի ստորագրման օրվա բացակայության պայմաններում պահանջի իրավունքի ծագման իրավական խնդրին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 700-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կապալի պայմանագրով մի կողմը (կապալառուն) պարտավորվում է մյուս կողմի (պատվիրատուի) առաջադրանքով կատարել որոշակի աշխատանք և դրա արդյունքը սահմանված ժամկետում հանձնել պատվիրատուին, իսկ պատվիրատուն պարտավորվում է ընդունել աշխատանքի արդյունքը և վարձատրել դրա համար: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ կապալի պայմանագրի առանձին տեսակների (կենցաղային կապալ, շինարարական կապալ, նախագծային և հետազոտական աշխատանքների կապալ, պետական կարիքների համար կապալային աշխատանքներ) նկատմամբ կիրառվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 37-րդ գլխի 1-ին պարագրաֆի դրույթները, եթե այլ բան սահմանված չէ նույն օրենսգրքի` կապալի պայմանագրի համապատասխան տեսակների մասին կանոններով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 706-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կապալի պայմանագրում նշվում են աշխատանքը կատարելու սկզբնական և վերջնական ժամկետները: Կողմերի համաձայնությամբ` պայմանագրում կարող են նախատեսվել աշխատանքի առանձին փուլերի ավարտի (միջանկյալ) ժամկետներ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 709-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պատվիրատուն պարտավոր է պայմանավորված գինը կապալառուին վճարել աշխատանքի արդյունքները վերջնական հանձնելուց հետո, պայմանով, եթե աշխատանքը կատարված է պատշաճ և պայմանավորված ժամկետում կամ ժամկետից շուտ` պատվիրատուի համաձայնությամբ, եթե կատարվող աշխատանքի կամ դրա առանձին փուլերի նախնական վարձատրություն նախատեսված չէ կապալի պայմանագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 738-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կապալառուն, շինարարական կապալի պայմանագրով, պարտավորվում է պայմանագրում սահմանված ժամկետում պատվիրատուի առաջադրանքով կառուցել որոշակի օբյեկտ կամ կատարել շինարարական այլ աշխատանքներ, իսկ պատվիրատուն պարտավորվում է կապալառուի համար ստեղծել աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ պայմաններ, ընդունել դրա արդյունքը և վճարել պայմանավորված գինը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 751-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ շինարարական կապալի պայմանագրով կատարված աշխատանքի արդյունքը կամ կատարված աշխատանքի փուլը հանձնելու համար պատրաստ լինելու մասին կապալառուից հաղորդում ստացած պատվիրատուն պարտավոր է անհապաղ սկսել դրա ընդունումը, եթե այն նախատեսված է պայմանագրով: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` կապալառուի կողմից աշխատանքի արդյունքի հանձնումը և պատվիրատուի կողմից դրա ընդունումը ձևակերպվում է երկու կողմերի ստորագրած ակտով: Ակտն ստորագրելուց կողմերից մեկի հրաժարվելու դեպքում ակտում նշվում է այդ մասին, և ակտն ստորագրում է մյուս կողմը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 744-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կապալառուի կատարած աշխատանքը պատվիրատուն վարձատրում է նախահաշվով նախատեսված չափով` շինարարական կապալի պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով: Պայմանագրում համապատասխան ցուցումների բացակայության դեպքում աշխատանքի վարձատրությունը կատարվում է նույն օրենսգրքի 709-րդ հոդվածին համապատասխան:
Կապալառուն պատասխանատվություն է կրում աշխատանքը կատարելու ինչպես սկզբնական և վերջնական, այնպես էլ միջանկյալ ժամկետները խախտելու համար, եթե այլ բան սահմանված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ նախատեսված չէ պայմանագրով:
Սույն գործի փաստական հանգամանքների ուսումնասիրությունից հետևում է, որ կողմերի միջև կնքվել է կապալի պայմանագիր, որից էլ ծագել են կապալի իրավահարաբերությունները: Կապալի պայմանագրով աշխատանքների դիմաց վճարումը պայմանավորված է պատվիրատուի կողմից դրանց ընդունումով, որի վերաբերյալ կողմերը ստորագրում են համապատասխան հանձնման-ընդունման (կատարողական) ակտ:
Գործի փաստերից հետևում է, որ աշխատանքների հանձնման-ընդունման ակտում բացակայում է դրա ստորագրման օրը, որի հիմքով էլ բողոք բերած անձը վիճարկում է պայմանագրով որոշված աշխատանքների դիմաց իրենց կողմից վճարային պարտավորությունների կետանցի առկայության հանգամանքը:
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառման համար առանցքային նշանակություն ունեցող հարցի՝ վճարային պարտավորության կետանցի առկայության հանգամանքը պարզելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան (…):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե պարտավորությունը նախատեuում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա oրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ oրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` նույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Եթե օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար, ապա նույն կետով նախատեսված կարգը չի գործում միայն տվյալ ժամանակահատվածում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերլուծությանը: ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է, որ դրամական պարտավորությունը չկատարելու համար գումարին տոկոսներ վճարելու պարտավորության ծագման հիմքն ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելն է (տե՛ս, օրինակ, Արամ Հայրապետյանն ընդդեմ Նորիկ Գզիրյանի և մյուսների թիվ 3-502/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2008 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը վրա է հասնում հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
- ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում, և
- եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով կամ օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար:
Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման, եթե առկա է դրամային պարտավորություն, որի կատարումը խախտվել է, կամ այն չի կատարվել (տե՛ս, «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվն ընդդեմ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԵԿԴ/0735/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Պայմանագրի 3.2 կետի համաձայն՝ պատվիրատուն պարտավոր է վճարել աշխատանքներն ընդունելուց հետո 15 օրվա ընթացքում:
Պայմանագրի 4.2 կետի համաձայն՝ շինարարությունը նույն պայմանագրի պահանջներին համապատասխանելու դեպքում շինարարության ընդունման փաստը հաստատվում է հանձնման-ընդունման (կատարողական) ակտի ստորագրմամբ:
Հիմնադրամի կողմից Դատարանում առարկություններ են ներկայացվել պայմանագրի 3.2 կետի կապակցությամբ, այն հիմնավորմամբ, որ կատարողական ակտի ստորագրման ժամկետը բացակայում է, որը հիմք է տալիս փաստել, որ հայցվորի կողմից դատարան ներկայացված հաշվարկները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված վնասների մասով իրավաչափ և հիմնավոր չեն: Նշված առարկությունը, որպես վերաքննիչ բողոքի հիմք ներկայացվել է Վերաքննիչ դատարան:
Հիմնադրամի առարկության մյուս հիմքը եղել է այն հանգամանքը, որ պարտք եղած 1.971.870 ՀՀ դրամը մնացել է չվճարված, քանի որ հայցվորն այլ պայմանագրերով չի կատարել իր պարտավորությունները:
Վերաքննիչ դատարանը, որոշմամբ վերահաստատելով Դատարանի արտահայտած դիրքորոշումը, փաստել է, որ Դատարանը, հաստատված համարելով աշխատանքների ընդունման փաստը, ըստ էության ճիշտ եզրահանգում է կատարել առ այն, որ առնվազն 25.07.2016 թվականից Հիմնադրամն ընդունել է Պայմանագրով Ընկերության կողմից կատարված աշխատանքները, ուստի այդ օրվանից սկսած 15 օրյա ժամկետում` մինչև 09.08.2016 թվականը, պետք է վճարեր աշխատանքների դիմաց: Մինչդեռ, 1.000.000 ՀՀ դրամը 27.07.2016 թվականին վճարելուց հետո, մնացած գումարները վճարել է կետանցով, մասնավորապես` 09.12.2016 թվականի թիվ 352 վճարման հանձնարարագրի համաձայն` Հիմնադրամը վճարել է Ընկերությանը կատարված ծառայությունների համար 5.000.000 ՀՀ դրամ, իսկ 23.05.2018 թվականի թիվ 4076 վճարման հանձնարարագրի համաձայն` 1.971.870 ՀՀ դրամ:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ առկա չէ Հիմնադրամի կողմից Դատարանին վերագրվող նյութական իրավունքի նորմի որևէ խախտում, բողոքում բարձրացված փաստարկները հերքվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների հաշվարկի և բռնագանձման վերաբերյալ Դատարանի եզրահանգումներով։
Գնահատելով և համադրելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և վճռաբեկ բողոքի փաստարկները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման ստորև ներկայացված պատճառաբանությամբ.
Քաղաքացիական գործում առկա` շինարարական աշխատանքների հանձնման-ընդունման ակտը հաստատում է պայմանագրի առարկա հանդիսացող աշխատանքների կատարման փաստը: Ընդ որում` կատարված աշխատանքների որակի և/կամ այլ թերությունների վերաբերյալ պատվիրատուի կողմից կատարողին պահանջներ չեն ներկայացվել: Գործի նյութերից հետևում է, որ պայմանագրի կողմերը կատարողական ակտից բացի կազմել են նաև փոխադարձ հաշվարկների ակտ, իսկ կատարողի կողմից ներկայացվել է նաև հաշիվ-ապրանքագիր: Նման հանգամանքների առկայության պայմաններում, երբ կատարողական ակտի ստորագրումից և դուրս գրված հաշիվ-ապրանքագրի ներկայացնելուց հետո 15 օրվա ընթացքում պայմանագրով նախատեսված վճարում չի կատարվել, ստորադաս դատարանները իրավաչափորեն են հաստատել դրամական պարտավորության կետանցի առկայությունը:
Վերը նշված փաստական հանգամանքների և պատասխանողի կողմից ժամկետի այլ հաշվարկի վերաբերյալ թույլատրելի և վերաբերելի ապացույցի չներկայացման պայմաններում վճռաբեկ բողոքի հիմքը կետանցի բացակայության մասին անհիմն է:
Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նաև բողոքաբերի պատճառաբանություններն այն մասին, որ վճարումների ձգձգումը պայմանավորված է եղել կատարողի կողմից այլ պայմանագրերով ունեցած պարտավորությունների խախտումներով, քանի որ Հիմնադրամը չի ներկայացրել բավարար ապացույցներ առ այն, որ առկա են եղել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 373-րդ հոդվածով նախատեսված պարտապանի գույքի պահման հիմքեր, կամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 367-րդ հոդվածով նախատեսված հանդիպակաց պարտավորության կասեցման կամ հրաժարման հիմք, որպիսի հանգամանքները կարող էին բացառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվությունը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոք բերած անձի հիմնավորումներն ու փաստարկները բավարար չեն բողոքի հիմքերը՝ վճարային պարտավորության կետանցի բացակայության և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի խախտման վերաբերյալ, հիմնավորված համարելու համար:
Վերոնշյալ հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով չի հիմնավորվում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առկայությունը, որպիսի պայմաններում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` Վճռաբեկ դատարանի` դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոնների համաձայն:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Հիմնադրամի կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.02.2019 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Մ. Դրմեյան Ե. Խունդկարյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Ն. Տավարացյան