ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
9 դեկտեմբերի 1997 թ.
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ազգային ժողովը սահմանադրական դատարանի անդամ է նշանակում Սահմանադրությամբ նախատեսված կարգով»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3 հոդվածի առաջին մասում «հայերեն լեզվին» բառերը փոխարինել «հայերենին» բառով:
Նույն հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ մասով`
«Սահմանադրական դատարանի անդամը չի կարող լինել Սահմանադրության 100 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված նորմատիվ իրավական ակտերի մշակման հեղինակ կամ համահեղինակ»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 6 հոդվածը «անկախությունը» բառից հետո լրացնել «մրցակցությունը» բառով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 9 հոդվածի`
ա) վերնագրում «հավասարությունը» բառը փոխարինել «իրավահավասարությունը» բառով.
բ) երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Սահմանադրական դատարանի որոշում կամ եզրակացություն ընդունելիս սահմանադրական դատարանի անդամն ունի մեկ ձայնի իրավունք»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 12 հոդվածի երրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`
«Սահմանադրական դատարանի անդամին կարելի է ձերբակալել կամ խուզարկել` միայն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի թույլտվությամբ»:
Նույն հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ մասով`
«Օրենքով սահմանված կարգով ապահովվում է սահմանադրական դատարանի և նրա անդամների անվտանգությունը»:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 13 հոդվածը`
ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ առաջին մասով`
«Սահմանադրական դատարանի անդամի գործունեությունը երաշխավորելու նպատակով պետությունը նրա համար ապահովում է կյանքի և աշխատանքի արժանավայել պայմաններ»:
Այդ կապակցությամբ հոդվածի առաջին և երկրորդ մասերը համարել համապատասխանաբար երկրորդ և երրորդ մասեր` երրորդ մասում «3» թիվը փոխարինելով «2» թվով.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ, հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ մասերով`
«Սահմանադրական դատարանի անդամի համար սահմանվում է արձակուրդ` 36 աշխատանքային օր:
Դիմումի նախնական ուսումնասիրման և գործի քննության անհրաժեշտությունից ելնելով` սահմանադրական դատարանի նախագահը կարող է սահմանադրական դատարանի անդամներին արձակուրդից հետ կանչել:
Սահմանադրական դատարանի անդամներին սահմանադրական դատարանի նախագահի ներկայացմամբ կարող է շնորհվել դատավորի բարձրագույն որակավորման դաս:
Սահմանադրական դատարանի աշխատակազմի համապատասխան մասնագետներին դատարանի աշխատողների դասային կոչումներ շնորհում է սահմանադրական դատարանի նախագահը»:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 14 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ՀՈԴՎԱԾ 14. | Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների դադարման հիմքերը |
Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարում են, և պաշտոնը համարվում է թափուր, եթե`
1) լրացել է նրա պաշտոնավարման տարիքը.
2) նա մահացել է.
3) դադարեցվել է նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
4. Նա, իրեն նշանակած պետական մարմին` իր լիազորությունները դադարեցնելու համար գրավոր դիմելուց և այդ մասին սահմանադրական դատարանին տեղեկացնելուց առնվազն 15 օր հետո, բայց ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, կրկնում է իր լիազորությունները դադարեցնելու մասին դիմումը.
5) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով նա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.
6) նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ:
Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել, եթե նա`
1) երեք անգամ անընդմեջ անհարգելի պատճառով չի մասնակցել սահմանադրական դատարանի նիստերին.
2) ժամանակավոր անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով չորս ամիս շարունակ ի վիճակի չի եղել կատարելու սահմանադրական դատարանի անդամի պարտականությունները.
3) կատարել է սահմանադրական դատարանի անդամի պատիվն ու արժանապատվությունն արատավորող արարք:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերով սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների դադարեցման ու պաշտոնը թափուր մնալու դեպքում սահմանադրական դատարանի նախագահը պաշտոնը թափուր մնալու օրվանից հաշված երկօրյա ժամկետում դիմում է համապատասխանաբար` Հանրապետության Նախագահին կամ Ազգային ժողով` սահմանադրական դատարանի նոր անդամ նշանակելու խնդրանքով: Ազգային ժողովի նախագահն այդ մասին առաջիկա նիստում տեղյակ է պահում Ազգային ժողովին:
Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում սահմանադրական դատարանի նախագահն այդ մասին գրավոր տեղեկացնում է սահմանադրական դատարանի անդամին նշանակած մարմին:
Սույն հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների դադարեցման հարցը կարող է դատարանի անդամին նշանակած մարմնի քննարկման առարկա դառնալ սահմանադրական դատարանի` օրենքով սահմանված կարգով տրված եզրակացության հիման վրա»:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 16 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ՀՈԴՎԱԾ 16. | Սահմանադրական դատարանի գործունեության կազմակերպումը |
Սահմանադրական դատարանի աշխատանքները կազմակերպում և նրա գործունեությունը ղեկավարում է սահմանադրական դատարանի նախագահը, վերջինիս բացակայության ժամանակ և նրա հանձնարարությամբ` տեղակալը, իսկ տեղակալի բացակայության դեպքում` սահմանադրական դատարանի նախագահի հանձնարարությամբ` դատարանի անդամներից որևէ մեկը Սահմանադրությանը, սույն օրենքին և սահմանադրական դատարանի կողմից հաստատված կանոնակարգին համապատասխան»:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 21 հոդվածի առաջին մասը «կատարվում է բանավոր» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենքի 21(1) հոդվածով նախատեսված դեպքերի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21(1) և 21(2) հոդվածներով`
«ՀՈԴՎԱԾ 21(1). | Գրավորությունը |
Պատգամավորների ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերի հարցով, ինչպես նաև սույն օրենքի 56 և 62 հոդվածներով նախատեսված դեպքերում, սահմանադրական դատարանի որոշմամբ, սահմանադրական դատարանի նիստում գործի քննությունը կարող է անցկացվել գրավոր ընթացակարգով:
Կողմերի գրավոր դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի քննությունը կատարվում է բանավոր:
Գրավոր ընթացակարգով անցկացվող նիստերին դիմող կողմերը, նրանց ներկայացուցիչները, պաշտոնատար անձինք, գործով սահմանադրական դատարան հրավիրված անձինք և մասնագետներն իրենց բացատրությունները, եզրակացությունները և սահմանադրական դատարանի անդամների հարցերի պատասխանները, սահմանադրական դատարանի որոշմամբ, ներկայացնում են ինչպես գրավոր, այնպես էլ` բանավոր` սահմանադրական դատարանի կողմից սահմանված ժամկետներում:
Գրավոր ընթացակարգի դեպքում գործի բոլոր նյութերը սահմանադրական դատարանի անդամներին տրվում են նիստից առնվազն 5 օր առաջ:
«ՀՈԴՎԱԾ 21(2). | Մրցակցությունը |
Սահմանադրական դատարանի նիստում գործերի քննությունը կատարվում է մրցակցության սկզբունքով: Կողմերն իրենց դիրքորոշումն ազատ արտահայտելու և փաստարկներն ու հակափաստարկները շարադրելու միջոցով նպաստում են դատարանի կողմից գործով որոշում ընդունելուն»:
ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 22 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ՀՈԴՎԱԾ 22. | Անընդհատությունը |
Սահմանադրական դատարանի` յուրաքանչյուր գործով նիստը շարունակվում է անընդհատ` բացի հանգստի և սահմանադրական դատարանի որոշմամբ ընդմիջման համար նախատեսված ժամանակից:
Մինչև գործի քննության ավարտը կամ քննության հետաձգումը նիստում այլ գործեր կարող են քննվել բացառիկ դեպքերում` սահմանադրական դատարանի որոշմամբ»:
ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 23 հոդվածի վերնագրում «հավասարությունը» բառը փոխարինել «իրավահավասարությունը» բառով:
ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 24 հոդվածի`
ա) առաջին մասում «հայերեն լեզվով» բառերը փոխարինել «հայերենով» բառով.
բ) երկրորդ մասում «հայերեն լեզվին» բառերը փոխարինել «հայերենին» բառով:
ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 27 հոդվածի երրորդ մասը «ակտի անվանումը» բառերից հետո լրացնել «և դրա» բառերով:
ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 28 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով`
«Դիմումն ընդունվելուց հետո դիմող կողմը նոր փաստաթղթեր կարող է ներկայացնել միայն սահմանադրական դատարանի որոշմամբ»:
ՀՈԴՎԱԾ 16. Օրենքի 30 հոդվածի երկրորդ մասում «12» թիվը փոխարինել «8» թվով:
ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 35 հոդվածի երկրորդ մասը լրացնել հետևյալ բառերով`
«իսկ վերջինիս բացակայության դեպքում` սահմանադրական դատարանի նախագահի հանձնարարությամբ` սահմանադրական դատարանի անդամներից որևէ մեկը»:
ՀՈԴՎԱԾ 18. Օրենքի 36 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով`
«Սահմանադրական դատարանը որոշում է կայացնում գործի քննության բանավոր կամ գրավոր ընթացակարգի վերաբերյալ»:
Այդ կապակցությամբ հոդվածի երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ մասերը համարել համապատասխանաբար երրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ մասեր:
ՀՈԴՎԱԾ 19. Օրենքի 37 հոդվածի 1-ին կետը «քննարկվելիք» բառից հետո լրացնել «և քննարկված» բառերով:
ՀՈԴՎԱԾ 20. Օրենքի 39 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ՀՈԴՎԱԾ 39. | Դատավարության կողմերը |
Սույն օրենքի 5 հոդվածի 1-ին և 3-9-րդ կետերով նախատեսված հարցերի լուծման ժամանակ սահմանադրական դատարանում կողմեր կարող են լինել`
1) սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող պետական մարմիններն ու անձինք.
2) սահմանադրական դատարանում վիճարկվող` սույն օրենքի 5 հոդվածի 1-ին կետում նշված իրավական ակտեր ընդունած կամ հրապարակած պետական մարմինն ու պաշտոնատար անձը.
3) այն պետական մարմինը, որի որոշումները վիճարկվում են սահմանադրական դատարանում.
4) Հանրապետության Նախագահը` Սահմանադրության 55 հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների հիմնավորվածության մասին հարցի քննության ժամանակ.
5) այն կուսակցությունը, որի գործունեության կասեցման կամ արգելման հարցը որոշվում է սահմանադրական դատարանում.
6) սահմանադրական դատարանի անդամը` սույն օրենքի 5 հոդվածի 8-րդ կետով նախատեսված դեպքերում»:
ՀՈԴՎԱԾ 21. Օրենքի 42 հոդվածի 4-րդ կետից հանել «գործը զեկուցող դատարանի անդամին» բառերը:
ՀՈԴՎԱԾ 22. Օրենքի 44 հոդվածի`
ա) չորրորդ մասից հանել «և կողմերը» բառերը.
բ) հինգերորդ մասը «հետազոտման կարգի մասին» բառերից հետո լրացնել «դատարանի անդամների կարծիքը» բառերով:
ՀՈԴՎԱԾ 23. Օրենքի 52 հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերը համարել չորրորդ մաս` շարադրելով հետևյալ խմբագրությամբ`
«Խորհրդակցության արդյունքներն արձանագրում է սահմանադրական դատարանի անդամներից որևէ մեկը` սահմանադրական դատարանի նախագահի հանձնարարությամբ: Արձանագրության մեջ նշվում են քվեարկության դրված հարցերը և քվեարկության արդյունքները»:
Այդ կապակցությամբ հոդվածի վեցերորդ, յոթերորդ և ութերորդ մասերը համարել համապատասխանաբար հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ մասեր:
ՀՈԴՎԱԾ 24. Օրենքի 53 հոդվածի 2-րդ կետում «կիրարկվել» բառը փոխարինել «կիրառվել» բառով:
ՀՈԴՎԱԾ 25. Օրենքի 54 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով`
«Սահմանադրական դատարանը` գործի քննության ընթացքում իրավախախտման փաստեր հայտնաբերելիս, դրանց մասին տեղեկացնում է համապատասխան պետական մարմիններին և պաշտոնատար անձանց»:
Այդ կապակցությամբ հոդվածի երրորդ մասը համարել չորրորդ մաս:
ՀՈԴՎԱԾ 26. Օրենքի 55 հոդվածի վերնագրում «հարցերով դիմելը» բառերը փոխարինել «հարցի քննությունը» բառերով:
Նույն հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով`
«Սահմանադրական դատարանը դիմումում առաջադրված հարցի առնչությամբ պարզում է դրանում նշված իրավական ակտի կամ վերջինիս առանձին դրույթների համապատասխանությունը Սահմանադրությանը, հիմք ընդունելով`
1) իրավական ակտի ձևը.
2) իրավական ակտն ընդունելու ժամանակը, ստորագրելու, հրապարակելու և գործողության մեջ դնելու սահմանված կարգի պահպանումը.
3) իրավական ակտի նորմերի բովանդակությունը.
4) մարդու և քաղաքացու` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ու ազատությունների պաշտպանության, ազատ իրականացման անհրաժեշտությունը, դրանց թույլատրելի սահմանափակումների շրջանակները և հիմքերը.
5) Սահմանադրությամբ նախատեսված` իշխանությունների տարանջատման սկզբունքը.
6) պետական մարմինների և պաշտոնատար անձանց լիազորությունների թույլատրելի սահմանները.
7) Սահմանադրության անմիջական գործողության ապահովման անհրաժեշտությունը»:
ՀՈԴՎԱԾ 27. Օրենքի 56 հոդվածի վերնագրում «հարցերով դիմելը» բառերը փոխարինել «հարցի քննությունը» բառերով:
Նույն հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով`
«Տվյալ գործով սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից որևէ մեկը.
1) միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող.
2) միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները, ամբողջությամբ կամ դրանց մի մասը, ճանաչել Սահմանադրությանը չհամապատասխանող»:
ՀՈԴՎԱԾ 28. Օրենքի 57 հոդվածի վերնագրում «հարցերով դիմելը» բառերը փոխարինել «քննությունը» բառով:
Նույն հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ և երրորդ մասերով`
«Որպես պատասխանող կողմ, կարող է հանդես գալ հանրաքվեների կամ ընտրությունների արդյունքներն ամփոփող պետական մարմինը:
Սահմանադրական դատարանում քննվող գործին առնչվող փաստական հանգամանքները քննության առարկա չեն կարող հանդիսանալ»:
Այդ կապակցությամբ հոդվածի երկրորդ մասը համարել չորրորդ մաս` «մեկամսյա» բառը փոխարինելով «յոթնօրյա» բառով:
ՀՈԴՎԱԾ 29. Օրենքի 58 հոդվածի`
ա) վերնագրում «ճանաչելը» բառը փոխարինել «ճանաչելու հարցերի քննությունը» բառերով.
բ) երկրորդ մասում «հինգ» բառը փոխարինել «տասը» բառով:
ՀՈԴՎԱԾ 30. Օրենքի 59 և 60 հոդվածների վերնագրերում «եզրակացություն տալը» բառերը փոխարինել «հարցի քննությունը» բառերով:
ՀՈԴՎԱԾ 31. Օրենքի 60 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով`
«Սահմանադրական դատարանը Սահմանադրության 100 հոդվածի 6-րդ կետով նախատեսված հարցերով դիմումն ընդունում է նախնական քննարկման, գործը քննում և եզրակացություն է տալիս դիմումն ստանալուց հետո քսանչորս ժամվա ընթացքում»:
ՀՈԴՎԱԾ 32. Օրենքի 61 և 62 հոդվածների վերնագրերում «մասին եզրակացություն տալը» բառերը փոխարինել «հարցի քննությունը» բառերով:
ՀՈԴՎԱԾ 33. Օրենքի 63 հոդվածի վերնագրում «կասեցումը կամ արգելումը» բառերը փոխարինել «կասեցման կամ արգելման հարցի քննությունը» բառերով:
Նույն հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով`
«Սահմանադրական դատարանը կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու մասին որոշում կարող է ընդունել նրա գործունեության մեջ Սահմանադրության կամ կուսակցությունների մասին համապատասխան օրենքի պահանջների խախտման դեպքում»:
Այդ կապակցությամբ հոդվածի երրորդ մասը համարել չորրորդ մաս:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
Երևան |