ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/5685/05/17 Վարչական գործ թիվ ՎԴ/5685/05/17
2019 թ.
Նախագահող դատավոր՝ Կ. Ավետիսյան
Դատավորներ՝ |
Կ. Բաղդասարյան |
Կ. Մաթևոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող և զեկուցող Ռ. հակոբյան Ս. Անտոնյան Վ. Ավանեսյան Ա. Բարսեղյան Մ. Դրմեյան Ե. Խունդկարյան Գ. հակոբյան ս. Միքայելյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան Ն. Տավարացյան
2019 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում քննելով Սերգեյ Մանուկյանի ներկայացուցիչ Արտակ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.07.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սերգեյ Մանուկյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)` Ծառայության 23.05.2017 թվականի թիվ 1706136735 որոշումը (այսուհետ՝ Որոշում) անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Սերգեյ Մանուկյանը պահանջել է անվավեր ճանաչել Որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Խանդանյան) (այսուհետ` Դատարան) 10.11.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.07.2018 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 10.11.2017 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է, և Սերգեյ Մանուկյանից հօգուտ Ծառայության բռնագանձվել է 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված պետական տուրքի փոխհատուցում:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սերգեյ Մանուկյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ և 57-րդ հոդվածները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման Հավելված 1-ի 80-րդ և 84-րդ կետերը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն օրենքով Որոշմանն առաջադրված պահանջների պահպանված լինելու մասով անհիմն են և չեն բխում ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություններից և կիրառման ենթակա օրենքի պահանջներից: Որոշման մեջ որպես խախտված իրավանորմ նշվել է ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված՝ ճանապարհային երթևեկության կանոնների 9-րդ բաժնի 80-րդ կետը, իսկ որպես հաստատված հանգամանք նշվել է, որ տրանսպորտային միջոցը տեղակայվել է երկրորդ շարքում: Մինչդեռ կանգառն արգելող վայրերը սահմանված են նույն բաժնի 84-րդ կետում: Բացի այդ, Որոշման մեջ նշված «տրանսպորտային միջոցը տեղակայել է երկրորդ շարքում» արտահայտությունով չի բացահայտվում, թե նշված տրանսպորտային միջոցի վարորդը կանգառ կատարելու ո՞ր կանոնը կամ կանոններն է խախտել:
2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածը և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի համաձայն` վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով ֆիզիկական անձն ազատված է պետական տուրքի վճարումից` անկախ դատաքննության ելքից: Հետևաբար տվյալ դեպքում Սերգեյ Մանուկյանի վրա չէր կարող դրվել Ծառայության կողմից վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի հատուցման պարտականություն: Վերաքննիչ դատարանի կողմից քաղաքացու վրա պետական տուրքի վճարման պարտականություն դնելը խախտում է քաղաքացու դատական պաշտպանության, արդար դատաքննության և դատարան դիմելու կամ արդարադատության մատչելիության սահմանադրական իրավունքները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 03.07.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 10.11.2017 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը.
1) Որոշմամբ Սերգեյ Մանուկյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 5.000 ՀՀ դրամի չափով 03.05.2017 թվականին՝ ժամը 9:12-ին, Երևան քաղաքի Արշակունյաց-Նժդեհ խաչմերուկի հատվածում տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում տեղակայելու համար՝ խախտելով ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման թիվ 1 հավելվածի 80-րդ կետով սահմանված ճանապարհային երթևեկության կանոնը (գ.թ. 8):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի խախտման արդյունքում թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.
1) Վճռաբեկ բողոքի առաջին հիմքով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հարցը հանգում է հետևյալին.
ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ սույն գործով վիճարկվող վարչական ակտը համապատասխանում է արդյո՞ք վարչական ակտերին ներկայացվող հիմնավորվածության պահանջին:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն իր բովանդակությամբ պետք է համապատասխանի դրա ընդունման համար օրենքով սահմանված պահանջներին, նշում պարունակի այն բոլոր էական փաստական և իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշում:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում, արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ, արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության, կան, արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ, պատճառվել է, արդյոք, գույքային վնաս, (...) ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի համաձայն` քննելով վարչական իրավախախտման գործը, մարմինը (պաշտոնատար անձը) գործի վերաբերյալ որոշում է ընդունում: (...) Որոշումը պետք է պարունակի` այն ընդունած մարմնի (պաշտոնատար անձի) անվանումը, գործի քննության ժամանակաթիվը, տեղեկություններ այն անձի մասին, որի վերաբերյալ քննվում է գործը, գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի նշումը, գործի վերաբերյալ ընդունված որոշումը (...):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 282-րդ հոդվածի համաձայն` քննելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործը, մարմինը (պաշտոնատար անձը) ընդունում է հետևյալ որոշումներից մեկը` (1) վարչական տույժ նշանակելու մասին, (2) գործի վարույթը կարճելու մասին:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ և 57-րդ հոդվածների վկայակոչված իրավական նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտերը պետք է հիմնավորված լինեն. օրենսդիրը սահմանել է, որ վարչական ակտի հիմնավորումներում պետք է անպայման նշվեն համապատասխան վարչական ակտն ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը, այսինքն՝ վարչական մարմինը վարչական ակտն ընդունելիս պարտավոր է վարչական ակտում նշել այն բոլոր փաստական հանգամանքները և իրավական հիմքերը, որոնք հիմք են հանդիսացել տվյալ վարչական ակտն ընդունելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներում անդրադարձել է վարչական ակտի հիմնավորվածության հարցին` արձանագրելով, որ վարչական ակտը հիմնավորելու՝ վարչական մարմնի պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել վարչական վարույթի մասնակիցների սուբյեկտիվ իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը (տե՛ս, Գիթա Հեյդարիմարանջեհն ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության թիվ ՎԴ/6781/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդրի կողմից վարչական ակտի հիմնավորում պարունակելու պահանջն ինքնանպատակ չէ. այն հնարավորություն է տալիս շահագրգիռ անձանց, ովքեր համաձայն չեն ընդունված վարչական ակտի հետ, վարչական բողոք կամ դատարան հայց ներկայացնելով, գործնականում իրացնել իրենց արդյունավետ իրավական պաշտպանության և դատարան դիմելու հիմնարար իրավունքները: Միաժամանակ վարչական մարմնի կողմից ընդունված հիմնավորված վարչական ակտը գործնականում իրական հնարավորություն է տալիս վարչական բողոքը քննարկող վարչական մարմնին կամ դատարանին պարզելու այն փաստական և իրավական հիմքերը, որոնք վարչական ակտն ընդունած վարչական մարմինը դրել է իր որոշման հիմքում (տե՛ս, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/2127/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Անդրադառնալով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար անձին վարչական պատասխանատվության ենթարկելուն ուղղված վարչական ակտերին ներկայացվող հիմնավորվածության պահանջին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բոլոր այն դեպքերում, երբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան զանցակազմը հղում է կատարում ճանապարհային երթևեկության այս կամ այն կանոնին՝ առանց մանրամասնելու այդ կանոնի բովանդակությունը, ապա տվյալ զանցակազմի հիման վրա անձին վարչական պատասխանատվության ենթարկելուն ուղղված վարչական ակտը պետք է նշում պարունակի ճանապարհային երթևեկության այն կոնկրետ կանոնի մասին, որի խախտման համար անձը ենթակա է վարչական պատասխանատվության: Նման դատողության համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածով սահմանված այն իրավական կարգավորումը, որի համաձայն՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը պետք է պարունակի, inter alia, գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը:
Այլ կերպ՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար անձին վարչական պատասխանատվության ենթարկելուն ուղղված վարչական գործի շրջանակներում հաստատման ենթակա հանգամանքներից մեկը վարչական պատասխանատվության ենթակա անձի կողմից խախտված ճանապարհային երթևեկության կոնկրետ կանոնն է, որը պետք է անպայմանորեն ներառվի վարչական տույժ նշանակելու մասին որոշման բովանդակության մեջ, եթե վարչական պատասխանատվության հիմք հանդիսացող համապատասխան զանցակազմը չի պարունակում ճանապարհային երթևեկության տվյալ կանոնի նկարագրությունը:
Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածով վարչական իրավախախտման գործի վերաբերյալ ընդունված որոշումներին ներկայացվող՝ գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը պարունակելու մասին պահանջը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումների առումով պետք է մեկնաբանվի հետևյալ կերպ.
1) ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական տույժ նշանակելու մասին որոշումը պետք է պարունակի, inter alia, Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության այն կանոնի նորմատիվ ձևակերպումը կամ այդ կանոնը սահմանող իրավանորմին ուղղված հղումը, որը խախտվել է տվյալ անձի կողմից,
2) եթե Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված համապատասխան զանցակազմը չի պարունակում ճանապարհային երթևեկության կոնկրետ կանոնի նկարագրությունը, ապա այդ զանցակազմի հիմքով վարչական տույժ նշանակելու մասին որոշումը պետք է պարունակի, inter alia, ճանապարհային երթևեկության այն կանոնի իրավական նկարագրությունը, որի խախտման համար անձը ենթակա է վարչական պատասխանատվության,
3) ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական տույժ նշանակելու մասին որոշումը պետք է պարունակի, inter alia, տվյալ անձի կողմից կատարված այն արարքի նկարագրությունը, որն առաջացրել է ճանապարհային երթևեկության կոնկրետ կանոնի խախտում (տե՛ս, Արթուր Միքայելյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1769/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Սերգեյ Մանուկյանի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է վերացնել Ծառայության Որոշումը։ Նշված վարչական ակտով Սերգեյ Մանուկյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված արարքի կատարման համար, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 5.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի վարորդը 03.05.2017 թվականին՝ ժամը 9:12-ին, Երևան քաղաքի Արշակունյաց-Նժդեհ խաչմերուկի հատվածում տրանսպորտային միջոցը տեղակայել է երկրորդ շարքում՝ խախտելով ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման թիվ 1 հավելվածի 80-րդ կետով սահմանված ճանապարհային երթևեկության կանոնը:
Դատարանը բավարարել է Սերգեյ Մանուկյանի հայցը: Դատարանը, հետազոտելով Որոշմամբ նշված խախտումն ամրագրող տեսանյութը, փաստել է, որ վարչական վարույթի նյութերով չի հաստատվում, թե կանգառ կատարելու ո՞ր կանոնն է խախտվել, ինչը նշանակում է, որ վարչական իրավախախտումը ոչ իրավաչափորեն է վերագրվել Սերգեյ Մանուկյանին:
Վերաքննիչ դատարանը, բավարարելով Ծառայության վերաքննիչ բողոքը, բեկանել և փոփոխել է Դատարանի վճիռը և հայցը մերժել է։ Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ Որոշումը համապատասխանում է դրան առաջադրվող պահանջներին: Ըստ Վերաքննիչ դատարանի՝ Սերգեյ Մանուկյանին պատկանող տրանսպորտային միջոցի վարորդի կողմից կատարված արարքի որակումը, որը տրվել է Որոշմամբ, համապատասխանում է դրա ընդունման համար հիմք ծառայող տեսանյութում «արծարծվող իրողությանը»:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասում նախատեսված զանցակազմը հղում է կատարում ճանապարհային երթևեկության կանոններին՝ առանց դրանք նկարագրելու կամ մանրամասնելու: Այդ զանցակազմի դիսպոզիցիան ունի հետևյալ տեսքը. «տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը»: Նշված օրենսդրական ձևակերպումից հետևում է, որ քննարկվող զանցակազմը չի կոնկրետացնում, թե որոնք են կանգառի կամ կայանման այն կանոնները, որոնց խախտման համար առաջանում է վարչական պատասխանատվություն:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության կանոնները սահմանելու լիազորությունը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի «գ» կետով օրենսդիրը վերապահել է ՀՀ կառավարությանը: Վերջինս, հիմք ընդունելով իր այդ լիազորությունը, 28.06.2007 թվականին ընդունել է «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշումը, որի թիվ 1 հավելվածով հաստատվել են Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները: Ընդ որում, կանգառի և կայանման կանոնները նախատեսված են նշված որոշման թիվ 1 հավելվածի «Կանգառը և կայանումը» վերտառությամբ IX բաժնի 78-86-րդ կետերով:
Կանգառի կանոններից մեկը սահմանված է ՀՀ կառավարության նշված որոշման թիվ 1 հավելվածի 80-րդ կետով, որի համաձայն` տրանսպորտային միջոցը տեղակայել թույլատրվում է երթևեկելի մասի եզրին զուգահեռ մեկ շարքով` բացառությամբ այն տեղերի (երթևեկելի մասի տեղային լայնացում), որտեղ գծանշմամբ թույլատրված են տրանսպորտային միջոցների դասավորման այլ ձևեր (...):
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համաձայն՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Որոշումը՝ որպես վարչական իրավախախտման համար վարչական տույժ նշանակելու վերաբերյալ որոշում, համապատասխանում է դրա հիմնավորվածությանը ներկայացվող պահանջներին, որոնք, մասնավորապես, սահմանված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածով:
Այսպես՝ Որոշումը հղում է կատարում ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման թիվ 1 հավելվածի IX բաժնով սահմանված կանգառի և կայանման կոնկրետ կանոնին, որը խախտվել է Սերգեյ Մանուկյանին պատկանող տրանսպորտային միջոցի վարորդի կողմից: Այդ կանոնը, ինչպես նշված է Որոշման մեջ, ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման թիվ 1 հավելվածի 80-րդ կետն է:
Բացի այդ, Որոշումը պարունակում է Սերգեյ Մանուկյանին պատկանող տրանսպորտային միջոցի վարորդի կողմից կատարված այն արարքի նկարագրությունը, որի կատարումը դիտվում է որպես ճանապարհային երթևեկության նշված կանոնի խախտում: Այդ արարքը, ինչպես նշված է Որոշման մեջ, տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում տեղակայելն է: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ ակնհայտ է, որ տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում տեղակայելն ուղղակիորեն հակասում է կանգառի և կայանման վերոնշյալ կանոնին, որը թույլատրելի է համարում տրանսպորտային միջոցի տեղակայումը երթևեկելի մասի եզրին զուգահեռ մեկ շարքով:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն ընդունելի չի համարում վճռաբեկ բողոքում վկայակոչված այն փաստարկը, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտը բավարար չափով հիմնավորված չէ: Այն համապատասխանում է նմանատիպ վարչական ակտերի հիմնավորվածությանը ներկայացվող պահանջներին, որոնք մանրամասն նկարագրված են Արթուր Միքայելյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1769/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշմամբ: Հետևաբար, սույն գործով վիճարկվող վարչական ակտը ենթակա չէ անվավեր ճանաչման՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ և 57-րդ հոդվածների և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի խախտմամբ ընդունված լինելու հիմքով, ինչն իրավացիորեն արձանագրվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
2) Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հարցը հանգում է հետևյալին.
արդյո՞ք վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքից օրենքի ուժով ազատված հայցվորի վրա կարող է դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն այն դեպքում, երբ այդ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում գործի ելքը փոխվել է ի վնաս հայցվորի:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է (...) մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը դատարան դիմելու համար պետական տուրք վճարելու պարտականությունից ազատման ձևով օրենքի ուժով սահմանված արտոնության՝ դատական բողոքարկման փուլերում կիրառման առանձնահատկություններին անդրադարձել է Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով 30.11.2018 թվականի որոշմամբ: Նշված որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավակիրառ պրակտիկայում խնդրահարույց է դատական ծախսերի բաշխման հարցն այն իրավիճակում, երբ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտերի վիճարկման պահանջի հիման վրա հարուցված դատական գործը վարչական դատարանում լուծվում է հայցվորի օգտին, վարչական դատարանի դատական ակտը վերադաս դատական ատյան է բողոքարկվում ոչ թե հայցվորի, այլ պատասխանող վարչական մարմնի կողմից, և այդ բողոքի քննության արդյունքում գործի ելքը փոխվում է ի վնաս հայցվորի: Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել իրավական դիրքորոշումներ ձևավորել հենց այդ խնդրահարույց իրավիճակի վերաբերյալ՝ հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
ՀՀ սահմանադրական դատարանը նշված որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցն իրավունքի ուժով օգտվել է պետական տուրքի գծով արտոնությունից, դատարանի որոշմամբ կարող է կրել դատական ծախսերը, որը չի կարող ներառել այդ արտոնությամբ նախատեսված պետական տուրքի վճարը: Նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերությունը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով՝ դատական բողոքարկման բոլոր փուլերում:
ՀՀ վճռաբեկ դատարանը վկայակոչված որոշմամբ փաստել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության՝ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է հետևյալին. վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտերի վիճարկման համար օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտները՝ ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, չեն կարող կրել պետական տուրք վճարելու կամ վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականություն՝ թե՛ վարչական դատարանում, թե՛ դատական բողոքարկման փուլերում՝ անկախ գործի ելքից:
Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները և նպատակ ունենալով ՀՀ սահմանադրական դատարանի կողմից 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները ներդնել վարչական գործերով իրավակիրառ պրակտիկայի հիմքում՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է հետևյալ եզրակացության. եթե վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման գործերով պատասխանող վարչական մարմնի վերաքննիչ բողոքի հիման վրա օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտի հայցը վերաքննիչ վարչական դատարանի կողմից մերժվում է, ապա վերջինս չպետք է կրի պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի հատուցման պարտականություն: Այլ կերպ ասած՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքից օրենքի ուժով ազատված հայցվորի վրա չի կարող դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն՝ անկախ այդ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում գործի ելքն ի վնաս հայցվորի փոխվելու հանգամանքից: Այդ դեպքում վերաքննիչ վարչական դատարանը պարտավոր է վերաքննիչ բողոք բերելու համար պատասխանող վարչական մարմնի կողմից վճարված պետական տուրքի հարցը համարել լուծված (տե´ս, Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Սերգեյ Մանուկյանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության հիմքով ազատված է Որոշման՝ որպես անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտի, վիճարկման հայցով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրք վճարելու պարտականությունից:
Դատարանը, ինչպես նշվեց, բավարարել է Սերգեյ Մանուկյանի հայցը՝ Որոշումը ճանաչելով անվավեր:
Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկել է պատասխանող Ծառայությունը: Ծառայությունն ազատված չէ վերաքննիչ բողոքի համար պետական տուրք վճարելու պարտականությունից և վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարել է պետական տուրք՝ 10.000 ՀՀ դրամի չափով: Սակայն Վերաքննիչ դատարանը, բավարարելով Ծառայության վերաքննիչ բողոքը և բեկանելով ու փոփոխելով Դատարանի վճիռը՝ հայցը մերժել է: Անդրադառնալով դատական ծախսերի բաշխման հարցին՝ Վերաքննիչ դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի կիրառմամբ Սերգեյ Մանուկյանից հօգուտ Ծառայության բռնագանձել է 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված պետական տուրքի փոխհատուցում:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի որոշման իրավաչափությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը Ծառայության կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի հատուցման պարտականությունը դրել է պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված ֆիզիկական անձի՝ Սերգեյ Մանուկյանի վրա:
Մինչդեռ հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում սույն որոշմամբ արված իրավական հետևությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված հայցվոր Սերգեյ Մանուկյանի վրա չի կարող դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն՝ անկախ այդ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում գործի ելքն ի վնաս հայցվոր Սերգեյ Մանուկյանի փոխվելու հանգամանքից, քանի որ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտերի վիճարկման համար օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտները չեն կարող կրել պետական տուրք վճարելու կամ վճարված պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականություն՝ թե՛ վարչական դատարանում, թե՛ դատական բողոքարկման փուլերում՝ անկախ գործի ելքից:
Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված հայցվոր Սերգեյ Մանուկյանի վրա պետական տուրք վճարելու (փոխհատուցելու) պարտականություն դնելու փոխարեն, պարտավոր էր վերաքննիչ բողոք բերելու համար պատասխանող Ծառայության կողմից վճարված պետական տուրքի հարցը համարել լուծված:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը մասնակիորեն փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սերգեյ Մանուկյանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով ազատված է վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի վճարման պարտականությունից: Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սերգեյ Մանուկյանը տվյալ դեպքում վճռաբեկ բողոքի համար պետական տուրք չի վճարել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.07.2018 թվականի որոշման՝ վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի բաշխման մասը, և այդ մասով այն փոփոխել՝ վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի բաշխման հարցը համարել լուծված:
Որոշումը՝ մնացած մասով, թողնել անփոփոխ:
2. Վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան Ս. Անտոնյան Մ. Դրմեյան Ե. Խունդկարյան Գ. Հակոբյան Ս. Միքայելյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան Ն. Տավարացյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան