ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից
2 դեկտեմբերի 1991թ. Ն-0450-I
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը կարգավորում է բնության հատուկ պահպանվող տարածքների կազմավորման ու պահպանության բնագավառում ծագող հարաբերությունները:
ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
Բնության հատուկ պահպանվող տարածքների կազմավորման, կազմակերպման, պահպանության և օգտագործման կարգը սահմանվում է սույն օրենքով և դրա հիման վրա ընդունվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով:
Հոդված 2. | ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ |
Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրության խնդիրներն են.
- բնության չափանմուշների (էտալոնների), էկոհամակարգի պահպանությունը և վերարտադրությունը.
- բնական հուշարձանների պահպանությունը.
- կենսաբանական բազմազանության պահպանումը.
- բնական երևույթների գիտական ուսումնասիրումը.
- բնական միջավայրի վիճակի հսկողությունը.
- էկոլոգիական կրթությունը և դաստիարակությունը, ինչպես նաև, օրենքով սահմանված դեպքերում, ռեկրեացիոն-ճանաչողական նպատակներով բնական օբյեկտների օգտագործումը:
Հոդված 3. | ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ |
Բնության հատուկ պահպանվող տարածքները մակերեսային ու ստորերկրյա ջրերի, ընդերքի, բուսական և կենդանական աշխարհի` օրենքով սահմանված կարգով առանձնացված այն տեղամասերն են, ինչպես նաև առանձին բնական օբյեկտները, որոնք հատուկ էկոլոգիական, գիտական, բուժական, մշակութային, գեղագիտական արժեք են ներկայացնում և լրիվ կամ մասամբ, ժամանակավորապես կամ մշտապես ենթակա չեն տնտեսական շահագործման:
Բնության հատուկ պահպանվող տարածքները ունեն միջազգային, հանրապետական և տեղական նշանակություն:
Բնության հատուկ պահպանվող տարածքներին տրվում է պետական արգելոցների, ազգային պարկերի, պետական արգելավայրերի, բնության հուշարձանների կարգավիճակ:
Բնության հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվում են պահպանական գոտիներ:
Պահպանական գոտիների չափերն ու ռեժիմը սահմանվում են տվյալ տարածքի մասին կանոնադրությամբ, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Բնության հատուկ պահպանվող տարածքները հաշվի են առնվում տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերի, հողաշինարարության սխեմաների կազմման ու վարչատարածքային միավորների սահմանների որոշման ժամանակ: Բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի սեփականաշնորհումը արգելվում է:
Հոդված 4. | ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԸ |
Բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կադաստրը դրանց իրավական վիճակի, քանակական և որակական բնութագրերի, էկոլոգիական, գիտական, մշակութային և ժողովրդատնտեսական այլ արժեքների հողօգտագործման մասին տեղեկությունների և փաստաթղթերի համակարգ է:
Բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կադաստրը կազմվում է դրանց ծրագրավորումն ու պահպանությունը ապահովելու, գիտական հետազոտությունների, համապատասխան ռեժիմների պահպանման նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի կազմման ու արտադրական ուժերի տեղաբաշխման ժամանակ դրանց դերը հաշվի առնելու նպատակով:
Բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրը կազմվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
Բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կադաստրի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ԲԱԺԻՆ 2
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 5. | ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ |
Բնության հատուկ պահպանվող տարածքները կազմավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Տարածքներին (ջրատարածքներին) և օբյեկտներին տեղական նշանակության արգելավայրի կամ բնության հուշարձանի կարգավիճակ տալու մասին որոշումն ընդունվում է պետական իշխանության տեղական մարմնի կողմից և ներկայացվում է կառավարության հաստատմանը:
Հոդված 6. | ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ |
Բնության հատուկ պահպանվող տարածքների կազմակերպումը կատարվում է բնության պահպանության համակարգված հեռանկարային սխեմաների և հատուկ մշակված նախագծերի հիման վրա, որոնք կազմվում են համապատասխան գիտահետազոտական, գիտաարտադրական և նախագծային հաստատությունների և կազմակերպությունների կողմից` պետական բյուջեի միջոցների հաշվին:
Հոդված 7. | ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ |
Բնության հատուկ պահպանվող տարածքների կարգավիճակ տալու մասին միջնորդության քննարկման հետ միաժամանակ պետական իշխանության տեղական մարմինը բնական համակարգի կամ օբյեկտի պահպանման նպատակով ընդունում է հատուկ պահպանման հողակտորի կոնսերվացման մասին որոշում և ձևակերպում համապատասխան ակտ, որով սահմանափակվում կամ անհրաժեշտության դեպքում դադարեցվում է հողօգտագործողների տնտեսական գործունեությունը տվյալ տարածքում:
Կոնսերվացման մասին ընդունված ակտին համապատասխան ճշտվում են տվյալ տեղամասի տնտեսական օգտագործման պետական ծրագրերը:
ԲԱԺԻՆ 3
ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐ
Հոդված 8. | ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ |
Պետական արգելոցն էկոլոգիական, պատմամշակութային արժեք ներկայացնող առանձնահատուկ բնապահպանական, գեղագիտական հատկանիշներով օժտված տարածք է (ջրատարածք) որտեղ բնական միջավայրի դադարեցման պրոցեսներն ընթանում են առանց մարդու անմիջական միջամտության:
Պետական արգելոցն ունի բնապահպանական, գիտահետազոտական հիմնարկի կարգավիճակ, օգտվում է իրավաբանական անձի իրավունքներից:
Հոդված 9. | ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻ ՌԵԺԻՄԸ |
Պետական արգելոցային տարածքներում (բնական արգելոցներում) արգելվում է բնական պրոցեսների զարգացման խախտման հետ կապված որևէ գործունեություն:
Պետական արգելոցային տարածքներում արգելվում են.
- ջրային պաշարների շահագործումը և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.
- տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունը և շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և հաղորդակցության այլ ուղիների շինարարությունը (բացառությամբ տվյալ հաստատության գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների շինարարության).
- որսորդությունը, ձկնորսությունը, կենդանիների ապրելու միջավայրի պայմանների խախտումը.
- կենդանիների և բույսերի նոր տեսակների ներմուծումը, ինչպես նաև առանձին տեսակների քանակի մեծացման նպատակով տարվող որևէ աշխատանք.
- հավաքածուների հավաքը, բացառությամբ արգելոցի տարածքի գիտական հետազոտությունների համար նախատեսված նյութերի.
- թունաքիմիկատների օգտագործումը պարարտացման և վնասատուների դեմ պայքարելու նպատակով.
- հետախուզական աշխատանքները, օգտակար հանածոների մշակումը, հողային ծածկույթի խախտումը, հանքաշերտերի, հանքելուստների և լեռնատեսակների ելքերի շահագործումը.
- անտառահատումները, բույսերի, ծաղիկների և սերմերի մթերումը, անասունների արածեցումը, խոտհունձը և բուսական ծածկույթի այլ խախտումներ.
- ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտի երթևեկությունը.
- մեքենայացված տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.
- ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է բնական համակարգերը և օբյեկտները կամ սպառնում է գիտական կամ մշակութային արժեք ներկայացնող օբյեկտների պահպանությանը:
ԲԱԺԻՆ 4
ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐ
Հոդված 10. | ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ |
Ազգային պարկը տարածք է (ջրատարածք), որն ընդգրկում է հատուկ էկոլոգիական, պատմամշակութային և գեղագիտական արժեք ներկայացնող բնական համակարգեր և օբյեկտներ, որոնք բնական ու մշակութային լանդշաֆտների բարենպաստ զուգորդման շնորհիվ կարող են օգտագործվել ռեկրեացիոն, պատմամշակութային ու գիտական նպատակներով:
Տվյալ տարածքը ազգային պարկին մշտական օգտագործման է տրվում օրենսդրությամբ սահմանվող կարգով:
Ազգային պարկը, ըստ իր առանձին մասերի ֆունկցիոնալ նշանակության, պահպանության և օգտագործման ռեժիմի բնույթի բաժանվում է համապատասխան գոտիների, որոնցից արգելոցային գոտու տարածքները հանվում են տնտեսական շահագործումից:
Ազգային պարկը ունի բնապահպանական, գիտահետազոտական հիմնարկի կարգավիճակ, օգտվում է իրավաբանական անձի իրավունքներից:
Հոդված 11. | ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ՌԵԺԻՄԸ |
Ազգային պարկի տարածքում հաստատվում է նրա առանձին ստորաբաժանումների (արգելոցային հատված, հանգստյան գոտի և այլն) պահպանության և բնական համակարգերի ու այլ օբյեկտների օգտագործման կարգը` հաշվի առնելով դրանց էկոլոգիական, ռեկրեացիոն, մշակութային և գեղագիտական արժեքը:
Ազգային պարկի տարածքում (բացառությամբ արգելոցային գոտու, որտեղ գործում է արգելոցների համար սահմանված ռեժիմը) արգելվում են.
- պարկի գործունեության հետ չառնչվող արդյունաբերական և այլ օբյեկտների շինարարությունը և շահագործումը.
- հետախուզական աշխատանքները, օգտակար հանածոների մշակումը.
- անտառահատումները (բացառությամբ սանիտարականի).
- բույսերի և կենդանիների նոր տեսակների ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.
- ցանկացած այլ գործունեություն, որը հակասում է ազգային պարկի նպատակներին և կանոնադրությանը:
ԲԱԺԻՆ 5
ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԵՐ
Հոդված 12. | ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԵՐ |
Պետական արգելավայրերը սահմանված կարգով մշտապես կամ ժամանակավորապես առանձնացված այն տարածքներն են, որոնց սահմաններում ապահովվում են էտալոնային, գիտական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող բնական համակարգերի և դրանց տարրերի տեսակների պահպանությունը և վերարտադրությունը:
Պետական արգելավայրերի տարածքում արգելվում է ամեն մի գործունեություն, որը խախտում է արգելավայրերի էկոհամակարգերը կամ սպառնում է հատուկ գիտական կամ մշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:
Հոդված 13. | ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԵՐԻ ՌԵԺԻՄԸ |
Պետական արգելավայրերի տարածքում սահմանափակվում կամ արգելվում է ցանկացած գործունեություն, որը հակասում է արգելավայրի նպատակային նշանակմանը:
Պետական արգելավայրերի հիմնական խնդիրներն ու ռեժիմի առանձնահատկությունները որոշվում են դրանց կանոնադրությամբ:
ԲԱԺԻՆ 6
ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
Հոդված 14. | ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ |
Բնության հուշարձանները բացառիկ կամ տիպիկ գիտական և պատմամշակութային հատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտներ են, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 15. | ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՌԵԺԻՄԸ |
Բնության հուշարձանների պահպանության կարգը հաստատում են պետական այն մարմինները, որոնք որոշում են ընդունում օբյեկտը բնության հուշարձան հայտարարելու մասին:
Նշված մարմինների կողմից ձևակերպվում է պահպանման վկայական և որոշվում է այն կազմակերպությունը, որը պատասխանատու է բնության հուշարձանի պահպանության ապահովման համար:
ԲԱԺԻՆ 7
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՌԵԺԻՄԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 16. | ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՌԵԺԻՄԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ |
Բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմի խախտման մեջ մեղավոր անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԲԱԺԻՆ 8
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
Հոդված 17. | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ |
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ կանոններ, քան պարունակում է սույն օրենքը, ապա կիրառվում է միջազգային պայմանագիրը:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
Երևան 17 դեկտեմբերի 1991 թ. ՀՕ-5 |