«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 նոյեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 2004 թվականի N 1582-Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԴԱՆԱՎՈՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 29.07.10 N 941-Ն)
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով, 53-րդ հոդվածի 1-ին կետով և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի (Չիկագոյի կոնվենցիա) «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել քաղաքացիական օդանավով ռազմական նշանակության արտադրանքի օդային փոխադրումներ իրականացնելու կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 29.07.10 N 941-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԴԱՆԱՎՈՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
(Վերնագիրը փոփ. 29.07.10 N 941-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Քաղաքացիական օդանավով ռազմական նշանակության արտադրանքի օդային փոխադրումներ իրականացնելու կարգը (այսուհետ` կարգ) մշակվել է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի և 53-րդ հոդվածի 1-ին կետի, Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելվածի հիման վրա:
(1-ին կետը փոփ. 29.07.10 N 941-Ն)
2. Սույն կարգով կանոնակարգվում են քաղաքացիական օդանավերով ռազմական նշանակության արտադրանքի օդային փոխադրումներ իրականացնելիս ծագող իրավահարաբերությունները:
(2-րդ կետը փոփ. 29.07.10 N 941-Ն)
3. Սույն կարգի պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավակայանների միջոցով և (կամ) Հայաստանի Հանրապետության օդային տարածքով` քաղաքացիական օդանավերով ռազմական նշանակության արտադրանքի օդային փոխադրումներ իրականացնող Հայաստանի Հանրապետության և (կամ) օտարերկրյա օդանավ շահագործողների վրա:
Սույն կարգով չեն կանոնակարգվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական ավիացիայի օդանավերով քաղաքացիական, ծառայողական և ձեռքի մարտական հրաձգային զենքերի, դրանց փամփուշտների ու ռազմամթերքի փոխադրումների ընթացքում ծագող իրավահարաբերությունները:
(3-րդ կետը փոփ. 29.07.10 N 941-Ն)
II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԵՐՈՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
(Վերնագիրը փոփ. 29.07.10 N 941-Ն)
4. Քաղաքացիական օդանավակայաններով կամ օդային տարածքով ռազմական նշանակության արտադրանքի յուրաքանչյուր փոխադրման թույլտվություն ստանալու համար ռազմական նշանակության արտադրանքը առաքող կազմակերպությունը հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի և օդային տրանսպորտի բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմին (այսուհետ` լիազորված մարմին):
Օտարերկրյա կազմակերպությունները հայտը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:
(4-րդ կետը փոփ. 29.07.10 N 941-Ն)
5. Քաղաքացիական օդանավերով ռազմական նշանակության արտադրանքի առաքող կազմակերպությունը, ապահովելով գաղտնիության ռեժիմը, հայտը ներկայացնում է ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումից 7 օր առաջ, որում պետք է նշի հետևյալ անհրաժեշտ տեղեկությունները`
ա) ռազմամթերքը (ռազմական բեռը) առաքող կազմակերպության անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման համարը, գտնվելու վայրը,
բ) փոխադրվող ռազմամթերքի (ռազմական բեռի) անվանումը, տեսակը (դասը, կարգը, խումբը), բեռնային տեղերի քանակը, եթե ռադիոակտիվ նյութ է, ապա դրա քիմիական և ֆիզիկական ձևերի նկարագրությունը, բեռին շնորհված` Միավորված ազգերի կազմակերպության համարանիշը, փաթեթավորման խմբի տեսակը,
գ) ռազմամթերքը (ռազմական բեռը) ստացող կազմակերպության անվանումը, գրանցումը հավաստող փաստաթուղթը, գտնվելու վայրը,
դ) ռազմամթերքի (ռազմական բեռի) առաքման հիմքը (պայմանագիր, համաձայնագիր և այլն),
ե) ռազմամթերքի (ռազմական բեռի) փոխադրման միջոցը` օդանավի տեսակը,
զ) ռազմամթերքի (ռազմական բեռի) փոխադրման ժամկետները,
է) ռազմամթերքի (ռազմական բեռի) փոխադրման երթուղին,
ը) ռազմամթերքի (ռազմական բեռի) կապակցությամբ լիցենզիաները, սերտիֆիկատները, թույլտվությունները` եթե նման լիցենզիաներ, սերտիֆիկատներ, թույլտվություններ պահանջվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով,
թ) լիազորված մարմին ներկայացված հայտին կցվում է նաև երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրմանը վերաբերող փաստաթղթերի (պոլիսների) պատճենները:
(5-րդ կետը փոփ. 29.07.10 N 941-Ն, 25.08.11 N 1245-Ն)
6. Լիազորված մարմինը երկօրյա ժամկետում քննարկում և ուսումնասիրում է կից փաստաթղթերը, երկօրյա ժամկետում համաձայնեցնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ, որի արդյունքում հայտարարված փոխադրումը թույլատրում կամ մերժում է: Լիազորված մարմինը սույն կետով նախատեսված գործառույթների արդյունքի մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին: Օտարերկրյա կազմակերպությունների հայտը մերժվում է միայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ:
(6-րդ կետը լրաց. 29.07.10 N 941-Ն)
7. Լիազոր մարմինը փոխադրման թույլտվություն տալը կարող է մերժել, եթե`
ա) Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) 9284-ԱՆ/905 օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգով սահմանված ցանկով արգելվում է քաղաքացիական օդանավերով տվյալ տիպի ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումը,
բ) ներկայացված փաստաթղթերում առկա են կեղծ տվյալներ, անճշտություններ և թերություններ,
գ) պահպանված չեն սույն կարգի 6-րդ կետի պահանջները,
դ) տվյալ հայտ ներկայացնող և (կամ) ավիափոխադրում իրականացնող կազմակերպության տեխնիկական միջոցները չեն համապատասխանում Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) 9284-ԱՆ/905 օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգով պահանջվող` սահմանված չափանիշներին.
ե) փոխադրման թույլտվության տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին,
զ) Միավորված ազգերի կազմակերպության կողմից տվյալ պետությանը ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման վրա դրված է արգելք:
(7-րդ կետը փոփ., լրաց. 29.07.10 N 941-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |