ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/0302/02/14 |
Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/0302/02/14 |
|
Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան |
Դատավորներ` |
Ա. Պետրոսյան |
Հ. Ենոքյան |
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2015 թվականի ապրիլի 01-ին,
քննարկելով ըստ հայցի Հակոբ Գյոզալյանի ընդդեմ Մարգարիտա Արզումանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.11.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Հակոբ Գյոզալյանի ներկայացուցիչ Վազգեն Թադևոսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Հակոբ Գյոզալյանը պահանջել է Մարգարիտա Արզումանյանից բռնագանձել 231.250 ՀՀ դրամ պարտքի գումարը և կետանցի օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրն այդ գումարի նկատմամբ հաշվարկել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսները:
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Թումանյան) (այսուհետ` Դատարան) 30.09.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.11.2014 թվականի որոշմամբ Հակոբ Գյոզալյանի միջնորդությունները` վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու և պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին, մերժվել են, և Դատարանի 30.09.2014 թվականի վճռի դեմ բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հակոբ Գյոզալյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը և 21-րդ հոդվածի «դ» կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Հակոբ Գյոզալյանի կողմից վերաքննիչ բողոքը ներկայացվել է Դատարանի 30.09.2014 թվականի վճիռը 28.10.2014 թվականին առձեռն ստանալուց 12 օր հետո` 11.11.2014 թվականին, իսկ բողոքարկման ժամկետի բացթողումը պայմանավորված է եղել Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի պահանջների անտեսմամբ:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ մերժելով պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ Հակոբ Գյոզալյանի միջնորդությունը` սահմանափակել է նրա դատական պաշտպանության իրավունքը, մինչդեռ անձն իր իրավունքների պաշտպանությունից չի կարող զրկվել զուտ ձևական խոչընդոտների առկայության հիմքով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 21.11.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «դ» կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` պետական տուրքը վճարվում է դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար։
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` պետական տուրքի չափը սահմանելու, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հարցերը լուծվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «դ» կետի համաձայն` պետական տուրքի գծով կարող է սահմանվել արտոնություն` պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի առաջին պարբերության «գ» կետի համաձայն`առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:
ՀՀ վճռաբեկ դատարանը, իր որոշումներում անդրադառնալով տվյալ իրավական խնդրին, նշել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի առաջին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից, և այդ արտոնությունները ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը, որն ուղղված է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը։ Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե´ս, Արմենակ և Գուլյա Սահակյանների հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական բանկի` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդի գումարը փոխհատուցելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի թիվ 3-734(ՎԴ) որոշումը, «Պայքար և Հաղթանակ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի թիվ 21638/03 վճիռը, կետ 44):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից: Միաժամանակ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը նման արտոնություն կիրառելու հնարավորություն ընձեռել է դատարաններին կամ դատավորներին այն դեպքերում, երբ թեև բացակայում են նույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերը, սակայն ելնելով կողմերի գույքային դրությունից` անհրաժեշտ է սահմանել նման արտոնություն` երաշխավորելու անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե´ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, մերժելով պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ վերաքննիչ բողոքում պարունակվող միջնորդությունը, պատճառաբանել է, որ միջնորդությունը ներկայացվել է առանց դրա հիմքում դրված փաստը` բողոք բերողի պետական տուրքի գումարը վճարելու հնարավորություն չունենալը հաստատող ապացույցների:
Մինչդեռ, հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, Հակոբ Գյոզալյանի պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ բողոքում պարունակվող միջնորդությունը մերժելով, սահմանափակել է վերջինիս` ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց: Գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատարանի վճիռն անձին չհանձնվելու և բողոքարկման ժամկետները բաց թողնելու իրավական հետևանքներին, մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ ընդհանուր իրավասության դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Այդ ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման համար օրենքն ընդհանուր իրավասության դատարանին պարտավորեցնում է վճիռը հրապարակվելուց անմիջապես հետո դրա օրինակը հանձնել գործին մասնակցած անձանց, իսկ նրանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել նրան: Միաժամանակ, այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնել դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պարտավոր է իրականացնել` հաշվի առնելով նաև անձի` սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները (տե´ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Դանիել Բարսեղյանի և այլոց թիվ ԱՐԱԴ/0716/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2011 թվականի որոշումը):
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելով, պատճառաբանել է, որ վերաքննիչ բողոք բերելու դատավարական ժամկետը բողոք բերած անձի կողմից բաց է թողնվել իր դատավարական իրավունքներից բարեխղճորեն չօգտվելու և շարունակական անգործություն ցուցաբերելու պատճառով, որը հարգելի ճանաչվել չի կարող:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի վճիռը հրապարակվել է 30.09.2014 թվականին (գ.թ. 73), այն Հակոբ Գյոզալյանն առձեռն ստացել է 28.10.2014 թվականին՝ իր կողմից ներկայացված դիմումի հիման վրա (գ.թ. 92), վերաքննիչ բողոքը բերել է 11.11.2014 թվականին, իսկ Դատարանի կողմից վճիռը Հակոբ Գյոզալյանին հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկելու վերաբերյալ որևէ ապացույց սույն գործում առկա չէ:
Ինչ վերաբերում է Հակոբ Գյոզալյանին հասցեագրված Դատարանի վճիռն ուղարկելու վերաբերյալ 30.09.2014 թվականով թվագրված գրությանը (գ.թ. 86) և գործում առկա 07.10.2014 թվականով թվագրված հեռախոսագրին (գ.թ. 88), ապա այդ մասով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված գրությունը և հեռախոսագիրը չեն կարող դիտվել որպես Դատարանի վճիռը` դրա հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով Հակոբ Գյոզալյանին ուղարկելու վերաբերյալ ապացույց: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ վերաքննիչ բողոք բերելու դատավարական ժամկետը բողոք բերած անձի կողմից բաց է թողնվել իր դատավարական իրավունքներից բարեխղճորեն չօգտվելու և շարունակական անգործություն ցուցաբերելու պատճառով, որը հարգելի ճանաչվել չի կարող, անհիմն է և չի բխում սույն գործի փաստերից:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ սահմանված վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով Հակոբ Գյոզալյանին ուղարկելու իմպերատիվ պահանջը, ինչի արդյունքում վերջինս զրկվել է օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքից:
Ելնելով վերոգրյալից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, Հակոբ Գյոզալյանի պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու և վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունները մերժելով և վերաքննիչ բողոքը վերադարձնելով, բողոք բերած անձին զրկել է իր գործի վերաքննության հնարավորությունից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.11.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Վ. Ավանեսյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |