Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.05.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
11.05.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
11.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.05.2010

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1306/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1306/02/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան
Դատավորներ՝                   Ա. Խառատյան
                                            Կ. Չիլինգարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի մայիսի 11-ին,

քննարկելով Նաիրի Տոնապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.11.2009 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի Նաիրի Տոնապետյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության ֆինանսատնտեսական վարչության` սահմանված կենսաթոշակը քննիչի պաշտոնի համար սահմանող պաշտոնային դրույքաչափով հաշվարկելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործով կայացված դատական ակտի էությունը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 24.09.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.11.2009 թվականի որոշմամբ Նաիրի Տոնապետյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նաիրի Տոնապետյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ, 5-րդ և 7-րդ ենթակետերը, 4-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերաքննիչ բողոք բերած անձը վերաքննիչ բողոքում նշել է Դատարանի կողմից թույլ տված խախտումների և դրանց հիմնավորումների մասին, այսինքն՝ Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ վերաքննիչ բողոքը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջներին, վերաքննիչ բողոքը վերադարձրել է:

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 20.11.2009 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ, 5-րդ և 7-րդ ենթակետերի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտման մասին, որը ազդել է գործի ելքի վրա, վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը, բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ Նաիրի Տոնապետյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքում չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ, 5-րդ 7-րդ ենթակետերի պահանջները, այն է՝ վերաքննիչ բողոքում չեն նշվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումների մասին, որոնք ազդել են գործի ելքի վրա, ինչպես նաև դրանց վերաբերյալ հիմնավորումները, վերաքննիչ բողոքում չի նշվել բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

Մինչդեռ սույն գործում առկա Նաիրի Տոնապետյանի վերաքննիչ բողոքում նշված են նյութական իրավունքի նորմերի այն խախտումները և դրանց վերաբերյալ հիմնավորումները, որոնք, ըստ վերաքննիչ բողոք բերած անձի, դատական ակտ կայացնելիս թույլ է տվել Դատարանը (մասնավորապես, Դատարանում դատական նիստի ընթացքում հիշատակված ՀՀ Սահմանադրության 42.1-ին հոդվածի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների խախտման, «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքը և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքը կիրառելու մասին):

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Նաիրի Տոնապետյանի վերաքննիչ բողոքում պահպանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի պահանջները, այսինքն՝ Վերաքննիչ դատարանը բողոք բերած անձի վերաքննիչ բողոքը վերադարձնելով, խախտել է նշված դրույթների պահանջները:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանն այն մասին, որ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի և նույն հոդվածի 4-րդ կետի պահանջները, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որի արդյունքում քաղաքացիների և իրավաբանական անձանց համար կխախտվի դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման հնարավորությունը հետևյալ պատճառաբանությամբ՝

 Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 Հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետի համաձայն` որպես սկզբունք, պետք է ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն լինի վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան):

Վերը նշվածից հետևում է, որ առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի ապահովվի ցանկացած որոշման վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան):

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից բողոքը վերադարձնելով, չի ապահովվել ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած դատական ակտի վերանայման հնարավորությունը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.11.2009 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան