Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.03.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.11.05/82(1440).1 Հոդ.1143
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.03.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0274/01/15

ԵԿԴ/0274/01/15 

Նախագահող դատավոր՝ Ա. Ազարյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

ե. դԱՆԻԵԼյանի

Լ. Թադևոսյանի

ա. պողոսՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ`

Մ. Պետրոսյանի

 

մասնակցությամբ`
ամբաստանյալ

Լ. Սողոմոնյանի
 
պաշտպան

Կ. Կիրակոսյանի

 
տուժողի ներկայացուցիչ

Հ. Անանյանի

2018 թվականի մարտի 20-ին

ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Լևոն Ռաֆիկի Սողոմոնյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 9-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի, տուժողներ Սերգեյ Մարդոյանի և «Սեյվր» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հ.Անանյանի վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ Վ.Բադալյանի՝ 2014 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 15134714 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի փետրվարի 3-ի որոշմամբ Լևոն Ռաֆիկի Սողոմոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2015 թվականի փետրվարի 3-ի որոշմամբ մեղադրյալ Լ.Սողոմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով:

Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մարտի 24-ի որոշմամբ մեղադրյալ Լ.Սողոմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկարացվել է երկու ամսով:

Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մայիսի 26-ի որոշմամբ մեղադրյալ Լ.Սողոմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը կրկին երկարացվել է երկու ամսով, միաժամանակ, դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը և թույլատրելի է ճանաչել մեղադրյալ Լ.Սողոմոնյանին գրավով ազատելը՝ գրավի չափ սահմանելով 3.000.000 ՀՀ դրամը:

2. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2015 թվականի հունիսի 10-ի որոշմամբ բեկանել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մայիսի 26-ի որոշումը՝ անթույլատրելի ճանաչելով Լ.Սողոմոնյանին գրավով ազատելը:

Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ մեղադրյալ Լ.Սողոմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը կրկին երկարացվել է երկու ամսով, միաժամանակ, մերժվել է Լ.Սողոմոնյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը:

Մեղադրյալ Լ.Սողոմոնյանի պաշտպան Կ.Կիրակոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի սեպտեմբերի 2-ի որոշմամբ մասնակի բավարարել է բողոքը, Լ.Սողոմոնյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու մասով բեկանել ու փոփոխել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի օգոստոսի 5-ի որոշումը և մեղադրյալ Լ.Սողոմոնյանի նկատմամբ կիրառել է գրավ՝ 5.000.000 ՀՀ դրամի չափով:

3. Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ Լ.Սողոմոնյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 324-րդ հոդվածի 2-րդ մասով:

2015 թվականի նոյեմբերի 14-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

4. Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 7-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է Լևոն Սողոմոնյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում՝ կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:

Նույն դատավճռով Լևոն Սողոմոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 324-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ամբաստանյալ Լ.Սողոմոնյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտվել է ազատազրկման` 7 (յոթ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով` տուգանքի` 500.000 (հինգ հարյուր հազար) դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա` պատիժները լրիվ գումարելու միջոցով, նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 7 (յոթ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման և տուգանք՝ 500.000 (հինգ հարյուր հազար) դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված կանոններով նշանակված պատժին հաշվակցվել է ամբաստանյալ Լ.Սողոմոնյանի կալանքի տակ գտնվելու 6 (վեց) ամիս 22 (քսաներկու) օր ժամկետը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) տարի 5(հինգ) ամիս 9 (ինը) օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, և տուգանք՝ 500.000 (հինգ հարյուր հազար) դրամի չափով:

Լևոն Սողոմոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` գրավը, փոփոխվել է, նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, և Լ.Սողոմոնյանը կալանավորվել է դատական նիստերի դահլիճում:

5. Մեղադրող Ա.Մանուկյանի, ամբաստանյալ Լ.Սողոմոնյանի պաշտպան Ա.Սիրունյանի, տուժող Ս.Մարդոյանի ներկայացուցիչ Հ.Անանյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2017 թվականի հունվարի 24-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները բավարարել է մասնակիորեն, բեկանել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 7-ի դատավճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Որոշվել է նաև ամբաստանյալ Լ.Սողոմոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, թողնել անփոփոխ:

6. Գործի նոր քննության ընթացքում ամբաստանյալ Լ.Սողոմոնյանի պաշտպաններ Ա.Սիրունյանը և Կ.Կիրակոսյանը միջնորդություն են ներկայացրել ամբաստանյալ Լ.Սողոմոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին, որն Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ մերժվել է:

7. Ամբաստանյալ Լ.Սողոմոնյանի պաշտպան Կ.Կիրակոսյանի բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2017 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն, բեկանել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 7-ի որոշումը, ամբաստանյալ Լ.Սողոմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինել է այլընտրանքային խափանման միջոց գրավով՝ գրավի չափ սահմանելով 5.000.000 ՀՀ դրամը:

8. Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը, տուժողներ Սերգեյ Մարդոյանի և «Սեյվր» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հ.Անանյանը, որոնք Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ ընդունվել են վարույթ:

Ամբաստանյալ Լ.Սողոմոնյանի պաշտպան Կ.Կիրակոսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան՝ խնդրելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի, տուժողներ Սերգեյ Մարդոյանի և «Սեյվր» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հ.Անանյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

9. Առաջին ատյանի դատարանը, դատական քննության նախապատրաստելու փուլի ավարտից հետո՝ քրեական գործի դատական քննության ժամանակ, քննարկելով ամբաստանյալ Լ.Սողոմոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպաններ Ա.Սիրունյանի և Կ.Կիրակոսյանի կողմից ներկայացված միջնորդությունը և 2017 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ մերժելով այն, նշել է. «() [Ներկայացված միջնորդությունը] ենթակա է մերժման, քանի որ շարունակում են առկա լինել Լևոն Սողոմոնյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերը (): Ինչ վերաբերում է միջնորդությամբ հայտնած այն հանգամանքներին (որ դատաքննությունը սկսվում է նորից և նախկինում վկաները հարցաքննվել են), ապա Դատարանը գտնում է, որ դրանք բավարար չեն գալու եզրահանգման, որ ամբաստանյալ Լևոն Սողոմոնյանը ազատության մեջ մնալով, չի թաքնվի վարույթ իրականացնող մարմնից և անօրինական ազդեցություն չի ունենա դատավարության մասնակցող անձանց վրա:

(…)

Դատարանը, հաշվի առնելով Լևոն Սողոմոնյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորող վերոգրյալ հանգամանքը () գտնում է, որ նրա պատշաճ վարքագիծը հնարավոր չէ ապահովել կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառմամբ ()» (տե՛ս քրեական գործի հավելված, հատոր 1-ին, թերթ 7):

10. Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բավարարելով Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 7-ի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը, նշել է. «() Վիճարկվող դատական ակտի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Լևոն Սողոմոնյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելն առաջին ատյանի դատարանը պատճառաբանել է նրանով, որ տվյալ դեպքում շարունակում են առկա լինել Լևոն Սողոմոնյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերը, մասնավորապես այն, որ նրան վերագրվում է նաև ծանր հանցագործություն, որի համար պատիժ է նախատեսված ազատազրկում հինգից ութ տարի ժամկետով, որպիսի պայմաններում ազատության մեջ մնալու դեպքում նրա կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը բարձր է:

Անդրադառնալով պաշտպանների կողմից միջնորդությամբ հայտնած այն հանգամանքներին, որ դատաքննությունն սկսվում է նորից և վկաները նախկինում հարցաքննվել են, առաջին ատյանի դատարանը գտել է, որ դրանք բավարար չեն գալու այն եզրահանգման, որ մնալով ազատության մեջ ամբաստանյալ Լևոն Սողոմոնյանը չի թաքնվի վարույթն իրականացնող մարմնից և անօրինական ազդեցություն չի ունենա դատավարությանը մասնակցող անձանց վրա:

Վերաքննիչ դատարանի համար ընդունելի չէ առաջին ատյանի դատարանի նման եզրահանգումը, քանի որ գործով վկաների կողմից արդեն իսկ մեկ անգամ հարցաքննված լինելու պարագայում Լևոն Սողոմոնյանի կողմից նրանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով վարույթն իրականացնող մարմնի աշխատանքները խոչընդոտելու հավանականությունը նվազում է:

Ինչ վերաբերում է առաջին ատյանի դատարանի այն պատճառաբանությանը, համաձայն որի՝ Լևոն Սողոմոնյանին վերագրվող արարքների բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը թույլ են տալիս գալ եզրահանգման, որ մնալով ազատության մեջ Լևոն Սողոմոնյանը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, դրանով իսկ խոչընդոտելով դատարանում գործի քննությանը, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քրեական գործի քննության տվյալ փուլում Լևոն Սողոմոնյանի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել նաև կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի` 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ գրավի կիրառմամբ, որը, որպես բավարար և ողջամիտ միջոց, կարող է հաղթահարել նրա կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու մտավախությունը:

Նման եզրահանգման Վերաքննիչ դատարանը հանգում է հաշվի առնելով նաև այն, որ Լևոն Սողոմոնյանն ունի մշտական բնակության վայր, ամուսնացած է, բարձրագույն կրթությամբ, նախկինում դատապարտված չի եղել ()» (տե՛ս քրեական գործի հավելված, հատոր 2-րդ, թերթեր 152-153):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

11. Բողոքաբեր, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, բավարարելով ամբաստանյալ Լ.Սողոմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը, թույլ է տվել դատական սխալ, խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-136-րդ, 143-րդ հոդվածների պահանջները, որոնք ազդել են գործի ելքի վրա: Բացի այդ, ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել Դավիթ Ալիխանյանի, Ասլան Ավետիսյանի և Արամ Ճուղուրյանի վերաբերյալ գործերով որոշումներում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները:

Ի հիմնավորումն իր վերոհիշյալ փաստարկների` բողոքի հեղինակը նշել է, որ առկա հանգամանքների պարագայում գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելի չէ ամբաստանյալ Լ.Սողոմոնյանի նկատմամբ, քանի որ սույն քրեական գործի նյութերով հիմնավորվել է, որ Լ.Սողոմոնյանը մինչև նախաքննության ընթացքում կալանավորվելը բազմիցս խուսափել է նախաքննական մարմին ներկայանալուց և թաքնվել է, այսինքն` միանշանակ կերպով առկա է եղել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը: Լ.Սողոմոնյանին մեղսագրվում են երեք հանցագործություններ` ոչ մեծ ծանրության, միջին ծանրության և ծանր, որոնցից հատկապես վերջինի պատժի խստությունն էապես բարձրացնում է վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու, հետագայում՝ պատժի կրումից խուսափելու հավանականությունը, մանավանդ որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նրան յոթ տարի ժամկետով ազատազրկման դատապարտելիս արդեն իսկ մեկ անգամ նման հետևության հանգել է:

11.1. Բողոքի հեղինակը, ի թիվս այլոց, նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանի կողմից սույն քրեական գործով դատավճիռը բեկանելու և քրեական գործն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ուղարկելու մասին որոշում կայացնելուց հետո քրեական գործով չի փոխվել որևէ հանգամանք, որը կարող է ազդեցություն ունենալ կիրառված խափանման միջոցի փոփոխության համար: Իսկ 2017 թվականի հունվարի 24-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանը որոշել էր Լ.Սողոմոնյանի նկատմամբ ընտրված կալանավորում խափանման միջոցը թողնել անփոփոխ, հետևաբար նույն Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումն անընդունելի է նաև այս տեսանկյունից:

11.2. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումը և անթույլատրելի ճանաչել ամբաստանյալ Լ.Սողոմոնյանին կալանքից գրավով ազատելը:

12. Բողոքաբեր, տուժողներ Սերգեյ Մարդոյանի և «Սեյվր» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հ.Անանյանը նշել է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը 2017 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ թույլ է տվել դատական սխալ, խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ, 20-րդ հոդվածների պահանջները, որը ազդել է գործի ելքի վրա:

Մասնավորապես, ըստ բողոքի հեղինակի՝ Վերաքննիչ դատարանը չի ծանուցել և չի տեղեկացրել տուժող Ս.Մարդոյանին, «Սեյվր» ՍՊ ընկերության տնօրենին և նրանց ներկայացուցչին դատական նիստի օրվա և ժամի մասին՝ անտեսելով, որ առաջին ատյանի դատարանում գտնվող գործով վերջիններս նույնպես դատավարության մասնակիցներ են, մասնակցել են տվյալ դատական նիստին, հայտնել են կարծիքներ, հակափաստարկներ և ողջամտորեն պետք է հնարավորություն ունենային ներկա գտնվելու նաև Վերաքննիչ դատարանում՝ իրացնելու համար լսելի լինելու իրենց իրավունքը:

Բացի այդ, բողոքաբերը փաստել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից որպես գրավի գումար սահմանված 5 միլիոն ՀՀ դրամը այս գործով չի կարող իրական երաշխիք լինել ամբաստանյալ Լ.Սողոմոնյանի պատշաճ վարքագիծն ապահովելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինիս մեղսագրված է 160 միլիոն ՀՀ դրամի հափշտակություն: 12.1. Բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումը հակասում է Վճռաբեկ դատարանի՝ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների իմաստին և բովանդակությանը, քանի որ ընդհանուր իրավասության դատարանում գործի ըստ էության քննության ժամանակ դատարանի՝ միջնորդությունը քննության առնելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկումը չի կարող լինել անվերապահ և անսահմանափակ: Ըստ բողոքաբերի՝ գործնականում նշված հարցի կապակցությամբ չկա միասնական մոտեցում, գործում են երկակի ստանդարտներ: Բողոքաբերի կարծիքով՝ դատավարության այդ փուլում դատական ակտի բողոքարկման չկանոնակարգվածությունը և դրա փոխարեն այն փաստացի բողոքարկելը, որոշ դեպքերում Վերաքննիչ դատարանի կողմից վարույթ ընդունելը և քննության առնելը առաջացնում են քաոսային իրավիճակներ:

12.2. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

13. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընտրված խափանման միջոց կալանավորումը չփոփոխելու մասին առաջին ատյանի դատարանի՝ դատական քննության նախապատրաստելու փուլի ավարտից հետո կայացրած որոշման՝ վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործերով միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար:

14. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առաջնային քննարկման ենթակա է այն իրավական հարցը, թե արդյոք Վերաքննիչ դատարանն իրավասու էր վերանայելու ամբաստանյալ Լ.Սողոմոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 7-ի որոշումը:

15. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը (...)»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածը սահմանում է. «Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են՝

(…)

4) առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու () որոշումները.

(…)»:

Մեջբերված քրեադատավարական նորմից հետևում է, որ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են միայն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին որոշումները: Այլ կերպ՝ քրեադատավարական օրենքը չի նախատեսում ընտրված խափանման միջոց կալանավորումը չփոփոխելու (ներառյալ՝ կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժելու) մասին առաջին ատյանի դատարանի՝ դատական քննության նախապատրաստելու փուլի ավարտից հետո (այլ կերպ՝ դատական քննություն նշանակելու մասին որոշման կայացումից հետո դատական նիստում դատավարության համապատասխան մասնակիցների մասնակցությամբ քննարկումների արդյունքների հիման վրա) կայացրած որոշման՝ վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն: Օրենսդրի այսպիսի մոտեցումը Վճռաբեկ դատարանը պայմանավորում է առաջին հերթին արդարադատության արդյունավետության շահով: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հակառակ մոտեցումը մի կողմից կարող է իր բացասական ազդեցությունը թողնել առաջին ատյանի դատարանում հիմնական քրեական գործի քննության հետագա ընթացքի վրա՝ դրանով իսկ սահմանափակելով նաև առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը, մյուս կողմից՝ պարունակում է վերադաս դատարանի բնականոն գործունեությունը խաթարելու վտանգ (հաշվի առնելով դատական քննության ընթացքում այդպիսի միջնորդություններ ներկայացնելու քանակի տեսանկյունից որևէ արգելքի բացակայությունը, ուստիև դրանց քննարկման արդյունքում կայացված համապատասխան որոշումների՝ վերադասության կարգով անընդմեջ և անսահմանափակ բողոքարկման հնարավորությունը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի մեկնաբանության շրջանակներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) փաստել է, որ նշյալ նորմը չի պարտավորեցնում պայմանավորվող պետություններին երաշխավորելու երկրորդ ատյանի դատարանի կողմից կալանավորման օրինականությունը ստուգելու և անձին ազատ արձակելու միջնորդությունը քննության առնելու ընթացակարգեր1: Ըստ Եվրոպական դատարանի՝ վերջինիս խնդիրը չէ պարզել, թե դատական վերանայման ինչպիսի եղանակն է ամենահարմար ձևը2: Միևնույն ժամանակ, Եվրոպական դատարանն ընդգծել է, որ իրավական պաշտպանության գոյություն ունեցող միջոցը պետք է լինի բավարար չափով որոշակի3, իսկ կալանքի օրինականությունը պետք է ստուգվի ողջամիտ պարբերականությամբ4:

15.1. Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը, սահմանափակելով խնդրո առարկա որոշման վերադասության կարգով անմիջական բողոքարկման հնարավորությունը, ըստ էության, նպատակ է հետապնդել երաշխավորելու, ի թիվս այլոց, առաջին ատյանի դատարանում հիմնական քրեական գործի բնականոն քննության ապահովումը, ինչպես նաև ստորադաս դատարանի ներքին անկախությունը: Դրա հետ մեկտեղ նշվածը չի բացառում համապատասխան որոշման բողոքարկման հնարավորությունը, սակայն դա հետաձգվում է ավելի ուշ փուլ, այն է՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի հետ միասնական բողոքարկման միջոցով:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործը քննող դատարանի կողմից կալանավորման օրինականությունը պարբերաբար ստուգելու, ինչպես նաև քննարկվող որոշման՝ հետաձգված կարգով բողոքարկման հնարավորության պայմաններում օրենսդիրը չի նախատեսել այդ որոշման՝ վերաքննության կարգով անմիջականորեն բողոքարկելու իրավունք:

16. Սույն գործի փաստերից հետևում է, որ ամբաստանյալ Լ.Սողոմոնյանի պաշտպաններ Ա.Սիրունյանը և Կ.Կիրակոսյանը միջնորդություն են ներկայացրել ամբաստանյալ Լ.Սողոմոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին, որը դատական քննության նախապատրաստելու փուլի ավարտից հետո՝ գործի դատական քննության ժամանակ, քննարկվել և Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ մերժվել է (տե՛ս սույն որոշման 6-րդ և 9-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանն իր հերթին, քննության առնելով Առաջին ատյանի դատարանի նշյալ որոշման դեմ պաշտպան Կ.Կիրակոսյանի կողմից ներկայացված բողոքը, արդյունքում բեկանել է այն, ամբաստանյալ Լ.Սողոմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինել է այլընտրանքային խափանման միջոց գրավով՝ գրավի չափ սահմանելով 5.000.000 ՀՀ դրամը (տե՛ս սույն որոշման 7-րդ և 10-րդ կետերը):

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-15.1.-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր վերանայելու ամբաստանյալ Լ.Սողոմոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը մերժելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 7-ի որոշումը: Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ կետով և 381-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պահանջները և Առաջին ատյանի դատարանի համապատասխան որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը քննության է առել այն պայմաններում, երբ նշված որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը ենթակա չէր քննության:

18. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով որոշում կայացնելիս թույլ է տվել դատական սխալ` դատավարական իրավունքի խախտում, մասնավորապես՝ խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի, 376.1-րդ հոդվածի 4-րդ կետի և 381-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները։ Խախտումներն իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների, հիմք է վերջինիս կողմից կայացված դատական ակտը բեկանելու և Առաջին ատյանի դատարանի որոշմանն օրինական ուժ տալու համար:

Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ Վերաքննիչ դատարանի դեպոզիտ հաշվին որպես գրավի գումար մուծված 5.000.000 ՀՀ դրամը ենթակա է վերադարձման գրավատուին:

19. Ինչ վերաբերում է բողոքաբերների կողմից վճռաբեկ բողոքում բարձրացված մյուս փաստարկներին (տե՛ս սույն որոշման 11-12-րդ կետերը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում դրանց անդրադառնալն առարկայազուրկ է, քանի որ սույն գործով Վերաքննիչ դատարանն ի սկզբանե իրավասու չէր քննության առնելու Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 7-ի որոշման դեմ ներկայացված բողոքը:

 

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Ամբաստանյալ Լևոն Ռաֆիկի Սողոմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումը բեկանել` օրինական ուժ տալով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու մասին 2017 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմանը:

2. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դեպոզիտ հաշվին որպես գրավի գումար մուծված 5.000.000 ՀՀ դրամը վերադարձնել գրավատուին:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

________________

1 Տե՛ս, ի թիվս այլնի, Kucera v. Slovakia գործով 2007 թվականի հուլիսի 17-ի վճիռը, գանգատ թիվ 48666/99, կետ 107:

2 Տե՛ս, mutatis mutandis, Shtukaturov v. Russia գործով 2008 թվականի մարտի 27-ի վճիռը, գանգատ թիվ 44009/05, կետ 123:

3 Տե՛ս, mutatis mutandis, Vachev v. Bulgaria գործով 2004 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 42987/98, կետ 71:

4 Տե՛ս, mutatis mutandis, Shishkov v. Bulgaria գործով 2003 թվականի հունվարի 9-ի վճիռը, գանգատ թիվ 38822/97, կետ 88:

 

Նախագահող`

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան