ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 56-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը` որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու կարգը հաստատելու մասին» ՆՀ-87-Ն հրամանագիրը:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. մայիսի 19 Երևան ՆՀ-118-Ն |
Հավելված ՀՀ Նախագահի 2008թ. մայիսի 19-ի ՆՀ-118-Ն հրամանագրի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից որպես դրամաշնորհներ հասարակական կազմակերպություններին հատկացնելու, ինչպես նաև ծխելու դեմ պայքարի պետական ծրագրով Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի իմաստով` դրամաշնորհը հասարակական կազմակերպության գործունեության խթանման և կանոնադրական խնդիրների, ինչպես նաև ծխելու դեմ պայքարի պետական ծրագրի իրականացման նպատակով պետական բյուջեից անհատույց և անվերադարձ տրամադրվող դրամական հատուցումն է:
3. Հասարակական կազմակերպություններին պետական բյուջեի միջոցների հաշվին դրամաշնորհներ հատկացվում են մրցութային կարգով:
4. Հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ հատկացվում են`
1) քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացման, ժողովրդավարության խորացման,
2) հասարակական կազմակերպությունների ներուժի դրսևորման և օգտագործման,
3) մարդկային ռեսուրսների զարգացման,
4) դրամաշնորհային մրցույթի անվանակարգին համապատասխան` գործունեության ծավալման, հետազոտությունների կատարման և եզրահանգումների ներկայացման,
5) հասարակական կարծիքի ուսումնասիրման և վերլուծության,
6) հասարակության իրազեկման, հրատապ հիմնահարցերին ուշադրություն հրավիրելու,
7) քաղաքացիների իրավագիտակցության և իրավական կուլտուրայի աստիճանի բարձրացման,
8) որոշակի խնդիրների լուծման տարբերակների մշակման և հիմնավորված առաջարկությունների կատարման,
9) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների իրականացմանն աջակցելու,
10) ծխելու դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում գործունեություն իրականացնելու,
11) կարևոր հիմնահարցերին հասարակական հնչեղություն հաղորդելու նպատակով:
5. Հասարակական կազմակերպությունների միջև դրամաշնորհային մրցույթի կազմակերպման իրավասությունը ՀՀ Նախագահը վերապահում է գործընկեր հասարակական կազմակերպությանը` վերջինիս համաձայնությամբ:
6. Դրամաշնորհային մրցույթ հայտարարվում է ըստ համապատասխան անվանակարգի` սահմանելով դրամաշնորհային ծրագրի իրականացման նպատակները, ծրագրի նկարագիրը, գնահատման չափանիշները:
7. Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը որպես դրամաշնորհ ստացած գումարի մինչև տասը տոկոսը տրամադրում է գործընկեր հասարակական կազմակերպությանը` մրցույթ անցկացնելու համար վերջինիս կրած կազմակերպական ծախսերը փոխհատուցելու նպատակով:
8. Դրամաշնորհային մրցույթն անցկացվում է հրապարակայնության, հավասար հնարավորությունների ապահովման, հասարակության տարբեր շերտերի ներգրավման սկզբունքներով:
9. Դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթած հասարակական կազմակերպությունը, պետական բյուջեից որպես դրամաշնորհ ստացած միջոցների հաշվին, իրականացնում է`
1) կարճաժամկետ (մինչև վեց ամիս տևողությամբ),
2) միջնաժամկետ (վեց ամսից մինչև մեկ տարի տևողությամբ),
3) երկարաժամկետ (մեկ տարուց մինչև երկու տարի տևողությամբ) դրամաշնորհային ծրագրեր:
10. Դրամաշնորհային մրցույթներն անցկացվում են որոշակի անվանակարգերով` կապված հետևյալ հիմնախնդիրների լուծման հետ՝
1) քաղաքացիական հասարակության կայացում.
2) մարդու իրավունքների և ազատությունների իրականացմանն աջակցություն.
3) կանանց, երեխաների, երիտասարդների իրավունքների պաշտպանություն.
4) հասարակությանը տեղեկատվությամբ ապահովում.
5) միջազգային և ներպետական իրավական ակտերի համեմատական վերլուծություն.
6) սահմանադրական բարեփոխումներ.
7) ընտրական օրենսդրության և ընտրական գործընթացի կատարելագործում.
8) տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխում.
9) կրթական, գիտական, մշակութային ծրագրերի իրականացում.
10) սոցիալական աջակցության, առողջ ապրելակերպի ապահովում.
11) ծխելու դեմ պայքարի ծրագրերի իրականացում.
12) բնապահպանական ծրագրերի իրականացում.
13) խաղաղության և համերաշխության հաստատման, քաղաքակրթությունների երկխոսության ապահովման ուղիների մշակում.
14) տարածաշրջանային բախումների, ղարաբաղյան հակամարտության լուծման հնարավոր ուղիների առաջարկում.
15) Հայրենիք-Սփյուռք համագործակցության նոր հեռանկարների ապահովում.
16) Եվրախորհրդի առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարում.
17) այլ անվանակարգեր:
II. ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
11. Դրամաշնորհային մրցույթի կազմակերպման և անցկացման, մրցույթի արդյունքում հաղթող հասարակական կազմակերպության որոշման և դրամաշնորհի հատկացման նպատակով գործընկեր հասարակական կազմակերպությունը`
1) ՀՀ Նախագահի աշխատակազմի հետ համաձայնեցնելով` սահմանում է դրամաշնորհային մրցույթի անցկացման ընթացակարգը (ներքին կարգը).
2) ընտրում է փորձագետներ և այլ մասնագետներ` դրամաշնորհային մրցույթի անցկացման ընթացքում փորձագիտական և տեխնիկական օժանդակության ցուցաբերման նպատակով` նախատեսելով կազմակերպական ծախսերի համար գործընկեր հասարակական կազմակերպությանը տրամադրված միջոցներից փորձագետների և այլ մասնագետների կատարած ծախսերի փոխհատուցման պայմանները.
3) սույն կարգին համապատասխան` դրամաշնորհային մրցույթի անցկացման և հաղթող հասարակական կազմակերպության որոշման նպատակով կազմավորում է մրցութային հանձնաժողով, սահմանում մրցութային հանձնաժողովի աշխատակարգը.
4) սահմանում է դրամաշնորհային մրցույթին մասնակցելու հայտի, ինչպես նաև հայտի ֆինանսական նախահաշվի, գնահատման թերթիկի կազմման ձևերը, հայտը ներկայացնելու պայմանները, ներառյալ` տեղը, ժամկետը, հայտի լեզուն, հայտերի բացման օրը և ժամը.
5) նախապատրաստում է մրցույթում հաղթող հասարակական կազմակերպության հետ կնքվելիք դրամաշնորհի տրամադրման պայմանագրի նախագիծը.
6) հրապարակում է մրցույթի մասին հայտարարություն` զանգվածային լրատվության միջոցներով` մրցույթի հայտերը ներկայացնելու համար սահմանված վերջին օրվանից առնվազն 30 օր առաջ:
12. Մրցույթի մասին հայտարարությունը պարունակում է համառոտ տեղեկություններ մրցույթի անցկացման նպատակի ու կարգի, դրամաշնորհի չափի և դրամաշնորհային ծրագրի իրականացման ժամկետի, մրցույթին մասնակցելու հիմնական պայմանների, այդ թվում` մրցութային հայտ կազմելու և ներկայացնելու պահանջների մասին:
13. Մրցութային հայտի ներկայացման իրավունք ունեն այն հասարակական կազմակերպությունները, որոնք`
1) իրենց կանոնադրական խնդիրներով և գործունեության բնույթով համապատասխանում են մրցույթի անվանակարգին,
2) ներկայացրել են տեղեկանքներ` դրամաշնորհային ծրագրի իրականացման հնարավորությունների մասին (տեղեկություններ հասարակական կազմակերպության մասին, մրցութային հայտ ներկայացնելու մասին հասարակական կազմակերպության ղեկավար մարմնի որոշումը, տեղեկանքներ հարկային ծառայությունից, բանկից),
3) ներկայացրել են երաշխավորություններ անձանցից և կազմակերպություններից,
4) համապատասխանում են տվյալ անվանակարգի համար նախատեսված բոլոր մյուս պահանջներին:
14. Մրցութային հայտի ներկայացման իրավունք չունեն այն հասարակական կազմակերպությունները, որոնք`
1) ՀՀ Նախագահի կողմից ընտրվել են որպես գործընկեր հասարակական կազմակերպություն,
2) նույն տարվա ընթացքում արդեն մեկ անգամ հաղթել են գործընկեր հասարակական կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթում կամ դրամաշնորհ ստացել են մեկ այլ անվանակարգում,
3) նախկինում ստացել են դրամաշնորհներ, սակայն դրամաշնորհային ծրագրերն իրականացնելիս թույլ են տվել էական խախտումներ,
4) ունեն հարկային և ֆինանսական բնույթի այլ չկատարված պարտավորություններ, սահմանված ժամկետում չեն ներկայացրել ֆինանսական հաշվետվություններ,
5) ներկայացրել են կեղծ փաստաթղթեր:
15. Մրցութային հայտը` սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով, ներկայացվում է գործընկեր հասարակական կազմակերպությանը: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և պահանջված թվով կրկնօրինակներից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «Բնօրինակ» և «Կրկնօրինակ» բառերը:
16. Հասարակական կազմակերպությունները մրցութային հայտեր ներկայացնում են մինչև մրցույթի մասին հայտարարությամբ սահմանված ժամկետի ավարտը: Մասնակիցը չի կարող նույն մրցույթին ներկայացնել մեկից ավելի հայտ:
17. Մրցութային հայտերը գրանցվում են առանձին գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը: Հայտատուին տրվում է համապատասխան ստացական:
18. Մասնակիցը մինչև հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտն իրավունք ունի փոխելու կամ հետ վերցնելու իր հայտը:
Հայտը փոփոխվում է հայտ ներկայացնելու համար սահմանված կարգով` ծրարի վրա ավելացնելով «Փոփոխում» բառը:
19. Հայտեր ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո տրված հայտերն առանց ծրարը բացելու, ինչպես նաև սահմանված կարգի մյուս պահանջների խախտումով ներկայացված հայտերը, մերժվում են և վերադարձվում ներկայացնող հասարակական կազմակերպություններին:
20. Մրցութային հանձնաժողովը բաղկացած է առնվազն երեք անդամից:
Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են`
1) ՀՀ Նախագահի աշխատակազմի մեկ ներկայացուցիչ,
2) գործընկեր հասարակական կազմակերպության մեկ ներկայացուցիչ,
3) տվյալ ոլորտի ճանաչված մասնագետ` հայտնի հասարակական, քաղաքական, գիտական, մշակութային և այլ գործիչ:
21. Դրամաշնորհային մրցույթ հայտարարելուց հետո գործընկեր հասարակական կազմակերպությունը դիմում է կազմակերպություններին` առաջարկելով ներկայացնել թեկնածություններ` մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար:
22. Մրցութային հանձնաժողովի կազմավորման մասին ամփոփ տեղեկությունները զետեղվում են գործընկեր հասարակական կազմակերպության ինտերնետային կայքում և զանգվածային լրատվության միջոցներում:
23. Մրցութային հանձնաժողովը`
1) իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, կոլեգիալության սկզբունքով.
2) առաջին նիստում ընտրում է հանձնաժողովի նախագահ և քարտուղար.
3) իրավազոր է որոշում ընդունել, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի բոլոր անդամները:
Հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
24. Մրցութային հանձնաժողովի նախագահը ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքը:
25. Մրցութային հանձնաժողովի քարտուղարն իրականացնում է հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման ապահովումը:
26. Մրցութային հանձնաժողովը հայտերը բացում է մրցույթի մասին հայտարարության մեջ նշված ժամկետը լրանալու օրը` հայտերի բացման նիստում:
Նիստին հրավիրվում են մրցույթի մասնակիցները, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:
27. Դրամաշնորհային հայտերը մրցութային հանձնաժողովի կողմից բացվելուց հետո ուսումնասիրվում են գործընկեր հասարակական կազմակերպության ներգրաված փորձագետների կողմից, և փորձագիտական եզրակացությունը` համապատասխան առաջարկություններով և առարկություններով, ներկայացվում է մրցութային հանձնաժողով:
28. Մրցութային հանձնաժողովի անդամները՝
1) ուսումնասիրում են մրցութային հայտերը և դրանց վերաբերյալ տրված փորձագիտական եզրակացությունները,
2) տասը միավոր համակարգով գնահատում են մրցութային հայտերը` գնահատման թերթիկներում համապատասխան նշումներ կատարելու միջոցով,
3) գնահատման թերթիկները փոխանցում են հանձնաժողովի քարտուղարին և հաշվարկում յուրաքանչյուր մրցութային հայտին տրված ամփոփիչ գնահատականը,
4) սահմանված հերթականությամբ հայտարարում են մրցութային հայտերին տրված ամփոփիչ գնահատականները:
Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք, քվեարկում է կողմ կամ դեմ:
29. Հանձնաժողովը եզրափակիչ նիստում որոշում է ընդունում առավել շատ միավորներ հավաքած և մրցույթում հաղթած հասարակական կազմակերպության` դրամաշնորհ ստանալու իրավունքը հաստատելու մասին:
Հավասար միավորներ հավաքելու դեպքում հաղթող հասարակական կազմակերպությունը որոշվում է վիճակահանությամբ:
Հանձնաժողովի անդամներն ստորագրում են հանձնաժողովի որոշումը:
30. Մրցութային հանձնաժողովի որոշումը հրապարակվում է այն զանգվածային լրատվամիջոցով, որտեղ հրապարակվել է մրցույթի մասին հայտարարությունը:
31. Հաղթած հասարակական կազմակերպության ներկայացրած դրամաշնորհային ծրագրի դրույթները դրվում են ծրագրի գնահատման հիմքում:
32. Դրամաշնորհային մրցույթը համարվում է չկայացած, եթե`
1) հայտ չի ներկայացվել,
2) ներկայացված ոչ մի հայտ չի համապատասխանում մրցույթի պահանջներին,
3) տեղի են ունեցել մրցույթի սահմանված կարգի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են մրցույթի արդյունքների վրա:
33. Մրցութային հանձնաժողովի որոշման հիման վրա գործընկեր հասարակական կազմակերպությունը մրցույթում հաղթած հասարակական կազմակերպության հետ տասն աշխատանքային օրվա ընթացքում երեք օրինակով կնքում է դրամաշնորհի հատկացման պայմանագիր, որով ամրագրվում են կողմերի իրավունքները և պարտականությունները: Ստորագրված պայմանագիրը հաստատում է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը:
34. Մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը կարող է հրաժարվել դրամաշնորհի հատկացման պայմանագրի կնքումից` իր որոշման մասին տասն աշխատանքային օրվա ընթացքում ծանուցելով գործընկեր հասարակական կազմակերպությանը: Այս դեպքում պայմանագիր կնքվում է հաջորդ առավել շատ միավորներ հավաքած հասարակական կազմակերպության հետ, որը բավարարել է մրցույթի բոլոր պայմանները:
35. Դրամաշնորհի հատկացման պայմանագրում, բացի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներից, ներառվում են`
1) դրամաշնորհային ծրագրի անվանումը, համառոտ նկարագրությունը,
2) դրամաշնորհային ծրագրի իրականացման վայրը,
3) ծրագրով նախատեսված բյուջեն, հաղթած հասարակական կազմակերպության` իր ստացած դրամաշնորհի մինչև տասը տոկոսի հաշվին գործընկեր հասարակական կազմակերպության ծախսերը փոխհատուցելու պարտավորությունը,
4) ծրագրի իրականացման փուլերը և ժամկետները,
5) հասարակական կազմակերպության կողմից կատարման ենթակա գործառույթների նկարագիրը,
6) հասարակական կազմակերպության հետ համագործակցող կառույցների անվանումները,
7) ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգը,
8) ծրագրի մշտադիտարկման (մոնիտորինգի) կարգը և գնահատման չափանիշները,
9) պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կողմերի պատասխանատվությունը,
10) քաղաքացիական օրենսդրությանը չհակասող այլ պայմաններ:
36. Դրամաշնորհի հատկացման պայմանագրին համապատասխան` դրամաշնորհի ձևով հատկացվող գումարը կարող է տրամադրվել փուլերով:
37. Դրամաշնորհ ստացած հասարակական կազմակերպությունը`
1) դրամաշնորհային ծրագրի արդյունքներն ամփոփող ֆինանսական և բովանդակային հաշվետվությունները ներկայացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմ և գործընկեր հասարակական կազմակերպություն` պահպանելով հաշվետվությունների պատճենները: Հաշվետվությունների ներկայացման կարգը սահմանվում է դրամաշնորհի հատկացման պայմանագրով,
2) դրամաշնորհային ծրագրի կատարման վերջնական հաշվետվությունը ներկայացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմ և գործընկեր հասարակական կազմակերպություն` ծրագրի ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
38. Դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթած հասարակական կազմակերպության կողմից դրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքին հետևում է ՀՀ Նախագահի աշխատակազմի և գործընկեր հասարակական կազմակերպության համատեղ ձևավորած մոնիտորինգի հանձնաժողովը:
39. Մոնիտորինգի հանձնաժողովը`
1) պարբերաբար այցելում է ծրագիրն իրականացնող հասարակական կազմակերպություն,
2) ծանոթանում է ծրագրի իրականացման ընթացիկ արդյունքներին,
3) ՀՀ Նախագահի աշխատակազմի, գործընկեր հասարակական կազմակերպության և ծրագիրն իրականացնող հասարակական կազմակերպության ուշադրությունը հրավիրում է առկա թերություններին, հայտնաբերված սխալներին,
4) ցուցաբերում է խորհրդատվական աջակցություն,
5) ուսումնասիրման արդյունքների հիման վրա կազմում է համապատասխան եզրակացություն:
40. Մոնիտորինգի հանձնաժողովի բացասական եզրակացության հիման վրա ՀՀ Նախագահի աշխատակազմը դիմում է ՀՀ ֆինանսների նախարարություն` դրամաշնորհային ծրագրի պատշաճ իրականացումը չապահովող հասարակական կազմակերպությունից օրենքով սահմանված կարգով դրամական միջոցները գանձելու նպատակով:
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար |
Հ. Աբրահամյան |