Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.03.01/14(1289).1 Հոդ.215.1
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.12.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2150/02/12

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2150/02/12
2016թ.

Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան  

Դատավորներ՝

 Ն. Բարսեղյան

   Հ. Ենոքյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

   

Վ. Ավանեսյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

   

Ն. Տավարացյանի

 

2016 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ԱՎԱԼՈՆ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.06.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ԱՎԱԼՈՆ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ «ՌԱՄԷՕ-ՕՏԵԼ» ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ Կազմակերպության հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 5.591.700 ՀՀ դրամ, որից 4.977.000 ՀՀ դրամը` որպես պարտավորության գումար, իսկ 617.700 ՀՀ դրամը` որպես հաշվարկված տոկոս, ինչպես նաև պահանջել է 4.977.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվեգրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսներ՝ 01.10.2012 թվականից մինչև պարտավորության կատարումը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 4.597.000 ՀՀ դրամ` որպես չկատարված աշխատանքների դիմաց վճարված գումար, ինչպես նաև այդ գումարին հաշվեգրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսներ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ռ․ Ներսիսյան) 31.10.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Ա․ Խառատյան, Ա․ Պետրոսյան, Կ․ Չիլինգարյան) 06.02.2014 թվականի որոշմամբ Կազմակերպության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31.10.2013 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ․ Ափինյան) (այսուհետ` Դատարան) 10.02.2015 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն` Ընկերությունից բռնագանձվել է 4.597.000 ՀՀ դրամ, իսկ մնացած մասով հակընդդեմ հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.06.2015 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.02.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպության ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 718-րդ և 751-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ընկերությունը շինարարական կապալի պայմանագրի հիման վրա Կազմակերպության համար կատարել է բնահողի քանդման, էքսկավատորով բարձման և տեղափոխման աշխատանքներ, որպիսի փաստը հաստատվում է Ընկերության կողմից ներկայացրած ապացույցով, այն է` թիվ 1 ակտով: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն անթույլատրելի ապացույցների հիման վրա հաստատել է իրականությանը չհամապատասխանող փաստ այն մասին, որ Ընկերության կողմից կատարվել են միայն բնահողի քանդման աշխատանքներ, իսկ բնահողի տեղափոխում Ընկերությունը չի իրականացրել: Վերաքննիչ դատարանը նման վերլուծությունը պայմանավորել է նաև այն հանգամանքով, որ Ընկերությունը դատական նիստերին չի մասնակցել և չի առարկել Կազմակերպության վկայակոչած այս փաստի դեմ, մինչդեռ Ընկերության պահանջը` Կազմակերպությունից գումար բռնագանձելու վերաբերյալ, հիմնված է եղել հենց այդ փաստի վրա, որի վերաբերյալ ապացույցը ներկայացվել է Դատարանին:

 

Բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 26.06.2015 թվականի որոշումը»:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով սույն գործի փաստական հանգամանքները և գործում առկա ապացույցները գնահատելով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, կայացրել է հիմնավոր դատական ակտ, իսկ սույն վճռաբեկ բողոքը նպատակ է հետապնդում ձգձգելու գործի վարույթը: Ակտով կողմերը ստանձնել են փոխադարձ պարտավորություններ, այսինքն՝ ակտի հիման վրա ընդամենը սահմանվել են կատարվելիք աշխատանքները և դրանց դիմաց վճարման ենթակա գումարները:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերության՝ «Կապալառու», և Կազմակերպության՝ «Պատվիրատու», միջև 01.11.2011 թվականին կնքված կապիտալ շինարարության իրականացման թիվ 10 պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) 1.1 կետի համաձայն՝ Կապալառուն պարտավորվել է Պատվիրատուի հանձնարարությամբ կատարել հյուրանոցային համալիրի կապիտալ շինարարություն Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի և «Նոյ» թաղամասի միջանկյալ հատվածում: Պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ շինարարությունը ներառել է հետևյալ աշխատանքները` հողային աշխատանքներ, երկաթբետոնե կարկասի կառուցում: Պայմանագրի 3.2.1 կետի համաձայն՝ Պատվիրատուն պարտավորվել է աշխատանքների ծավալների վերաբերյալ ներկայացված միջանկյալ ակտերով կատարել վճարումներ: Պայմանագրի 3.2.2 կետի համաձայն՝ Պատվիրատուն պարտավորվել է Կապալառուի մասնակցությամբ զննել և ընդունել կատարված աշխատանքը, իսկ պայմանագրից աշխատանքի արդյունքը վատթարացնող շեղումներ կամ աշխատանքում այլ թերություններ հայտնաբերելու դեպքերում՝ այդ մասին անհապաղ հայտնել Կապալառուին: Պայմանագրի 3.2.3 կետի համաձայն՝ կատարված աշխատանքների վերաբերյալ ակտերը ներկայացվում են ամսվա վերջում: Այն հաստատվելուց հետո վճարումը կատարվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում (հատոր 1-ին, գ.թ. 10):

2) 2012 թվականի փետրվարին Ընկերության և Կազմակերպության միջև կազմված ու ստորագրված թիվ 1 ակտի համաձայն՝ բնահողի քանդում՝ էքսկավատորով բարձմամբ և տեղափոխմամբ կատարված աշխատանքների արժեքը կազմել է 18.450.000 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն: Նույն ակտով չափման միավորը նշվել է խորանարդ մետր, ծավալը՝ 4.100, իսկ արժեքը՝ 3.750 (հատոր 1-ին, գ.թ. 11):

3) Սույն գործով չի վիճարկվել փաստն առ այն, որ Կազմակերպությունն Ընկերությանը վճարել է 13.453.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 5, 69):

4) 27.02.2012 թվականին Կազմակերպության տնօրենն Ընկերությանը խնդրել է տեղեկացնել հողային աշխատանքների դադարեցման պատճառների մասին (հատոր 2-րդ, գ.թ. 79):

5) 27.02.2012 թվականին Ընկերության տնօրենը Կազմակերպությանը տեղեկացրել է, որ 30.01.2012 թվականին երկու քաղաքացիներ, ներկայանալով որպես քաղաքաշինության վարչության և հողերի վերահսկման տեսչության ներկայացուցիչներ, դադարեցրել են շինարարական աշխատանքները` հողի նախկին վարձակալների հետ առաջացած տարաձայնությունների պատճառով: Փետրվար ամսվա առաջին տասնօրյակում հողային աշխատանքների վերսկսման փորձերը նույնպես դադարեցվել են նույն անձանց կողմից` տարաձայնությունները վերացված չլինելու պատճառաբանությամբ (հատոր 2-րդ, գ.թ. 80):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 751-րդ հոդվածի 4-րդ կետը չկիրառելու և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ շինարարական կապալի պայմանագիր կնքված լինելու պայմաններում կապալառուի կողմից աշխատանքի արդյունքի հանձնման և պատվիրատուի կողմից դրա ընդունումը ձևակերպելու խնդրին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 738-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կապալառուն, շինարարական կապալի պայմանագրով, պարտավորվում է պայմանագրում սահմանված ժամկետում պատվիրատուի առաջադրանքով կառուցել որոշակի օբյեկտ կամ կատարել շինարարական այլ աշխատանքներ, իսկ պատվիրատուն պարտավորվում է կապալառուի համար ստեղծել աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ պայմաններ, ընդունել դրա արդյունքը և վճարել պայմանավորված գինը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` շինարարական կապալի պայմանագիրը կնքվում է շենքի (ներառյալ` բնակելի տան), շինության կամ այլ օբյեկտի շինարարության, ինչպես նաև կառուցվող օբյեկտի հետ անխզելիորեն կապված մոնտաժման, գործարկման, կարգավորիչ և այլ աշխատանքներ կատարելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 751-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ շինարարական կապալի պայմանագրով կատարված աշխատանքի արդյունքը կամ կատարված աշխատանքի փուլը հանձնելու համար պատրաստ լինելու մասին կապալառուից հաղորդում ստացած պատվիրատուն պարտավոր է անհապաղ սկսել դրա ընդունումը, եթե այն նախատեսված է պայմանագրով: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` կապալառուի կողմից աշխատանքի արդյունքի հանձնումը և պատվիրատուի կողմից դրա ընդունումը ձևակերպվում է երկու կողմերի ստորագրած ակտով: Ակտն ստորագրելուց կողմերից մեկի հրաժարվելու դեպքում ակտում նշվում է այդ մասին, և ակտն ստորագրում է մյուս կողմը: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ պատվիրատուն իրավունք ունի հրաժարվելու աշխատանքի արդյունքն ընդունելուց, եթե հայտնաբերվել են թերություններ, որոնք բացառում են դրա օգտագործումը շինարարական կապալի պայմանագրով նախատեսված նպատակով, և կապալառուն կամ պատվիրատուն չեն կարող դրանք վերացնել:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 744-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կապալառուի կատարած աշխատանքը պատվիրատուն վարձատրում է նախահաշվով նախատեսված չափով` շինարարական կապալի պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով: Պայմանագրում համապատասխան ցուցումների բացակայության դեպքում աշխատանքի վարձատրությունը կատարվում է նույն օրենսգրքի 709-րդ հոդվածին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 700-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կապալի պայմանագրով մի կողմը (կապալառուն) պարտավորվում է մյուս կողմի (պատվիրատուի) առաջադրանքով կատարել որոշակի աշխատանք և դրա արդյունքը սահմանված ժամկետում հանձնել պատվիրատուին, իսկ պատվիրատուն պարտավորվում է ընդունել աշխատանքի արդյունքը և վարձատրել դրա համար: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ կապալի պայմանագրի առանձին տեսակների (կենցաղային կապալ, շինարարական կապալ, նախագծային և հետազոտական աշխատանքների կապալ, պետական կարիքների համար կապալային աշխատանքներ) նկատմամբ կիրառվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 37-րդ գլխի 1-ին պարագրաֆի դրույթները, եթե այլ բան սահմանված չէ նույն օրենսգրքի` կապալի պայմանագրի համապատասխան տեսակների մասին կանոններով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 709-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պատվիրատուն պարտավոր է պայմանավորված գինը կապալառուին վճարել աշխատանքի արդյունքները վերջնական հանձնելուց հետո, պայմանով, եթե աշխատանքը կատարված է պատշաճ և պայմանավորված ժամկետում կամ ժամկետից շուտ` պատվիրատուի համաձայնությամբ, եթե կատարվող աշխատանքի կամ դրա առանձին փուլերի նախնական վարձատրություն նախատեսված չէ կապալի պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 706-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կապալի պայմանագրում նշվում են աշխատանքը կատարելու սկզբնական և վերջնական ժամկետները: Կողմերի համաձայնությամբ` պայմանագրում կարող են նախատեսվել աշխատանքի առանձին փուլերի ավարտի (միջանկյալ) ժամկետներ:

Կապալառուն պատասխանատվություն է կրում աշխատանքը կատարելու ինչպես սկզբնական և վերջնական, այնպես էլ միջանկյալ ժամկետները խախտելու համար, եթե այլ բան սահմանված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ նախատեսված չէ պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 706-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ կապալի պայմանագրում նշված աշխատանքը կատարելու սկզբնական, միջանկյալ և վերջնական ժամկետները կարող են փոփոխվել պայմանագրում նախատեսված դեպքերում ու կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 707-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կապալի պայմանագրում նշվում են կատարման ենթակա աշխատանքի գինը կամ այն որոշելու եղանակները: Պայմանագրում նման ցուցումների բացակայության դեպքում գինը որոշվում է նույն օրենսգրքի 440-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ աշխատանքի գինը կարող է որոշվել նախահաշիվ կազմելու միջոցով: Այն դեպքում, երբ աշխատանքը կատարվում է կապալառուի կազմած նախահաշվին համապատասխան, նախահաշիվն ուժի մեջ մտնում և պայմանագրի մաս է դառնում պատվիրատուի կողմից հաստատվելու պահից:

Վճռաբեկ դատարանը, համակարգային վերլուծության ենթարկելով վերոգրյալ իրավանորմերը, արձանագրում է, որ քաղաքացիական իրավահարաբերությունների սուբյեկտներն իրենց տնտեսական և կենցաղային կարիքները կարող են ապահովել շինարարական կապալի պայմանագիր կնքելու միջոցով, որն ունի առանձնահատուկ դեր ու նշանակություն քաղաքացիական շրջանառությունում: Շինարարական կապալի առանձնահատկությունը նախևառաջ պայմանավորված է սուբյեկտային կազմով: Պայմանագրի կողմերն են կապալառուն և պատվիրատուն: Կապալառուն այն անձն է, որը մյուս կողմի համար նրա պատվերով կատարում է որոշակի աշխատանք, իսկ պատվիրատուն կապալառուին որոշակի աշխատանքի կատարում հանձնարարողն է: Ընդ որում, եթե պատվիրատու կարող է լինել ցանկացած անձ, ում մոտ անհրաժեշտություն է առաջացել կառուցելու որևէ օբյեկտ կամ կատարելու շինարարական այլ աշխատանք, ապա կապալառու կարող են լինել շինարարության բնագավառում գործող և շինարարական համապատասխան գործողություն իրականացնելու լիցենզիա ունեցող շինարարական, շինմոնտաժային, նախագծաշինարարական և այլ շինարարական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք, ինչպես նաև անհատ ձեռներեցները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շինարարական կապալի պայմանագրի էական պայմաններն են առարկան, ժամկետները և գինը: Պայմանագրի առարկան կապալառուի աշխատանքի արդյունքն է, որն արտահայտվում է նոր գույքի ստեղծման, փոփոխման կամ այլ աշխատանքների կատարման եղանակով: Ընդ որում, ինչպիսին էլ լինեն կապալառուի գործողությունները, նրա աշխատանքը բոլոր դեպքերում ստանում է առարկայացված ձև, իսկ պայմանագրի առարկան անհատականացվում է:

Շինարարական կապալի պայմանագրի հաջորդ կարևոր պայմանը ժամկետն է, որը որոշվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 706-րդ հոդվածի կանոններով: Մասնավորապես, կապալի պայմանագրում նշվում են աշխատանքը կատարելու սկզբնական և վերջնական ժամկետները, սակայն կողմերի համաձայնությամբ պայմանագրում կարող են նախատեսվել աշխատանքի առանձին փուլերի ավարտի (միջանկյալ) ժամկետներ: Ընդ որում, կապալի պայմանագրում նշված աշխատանքը կատարելու սկզբնական, միջանկյալ և վերջնական ժամկետները կարող են փոփոխվել պայմանագրում նախատեսված դեպքերում ու կարգով:

Շինարարական կապալի պայմանագրի էական պայման է նաև գինը: Մասնավորապես, շինարարական կապալի պայմանագրում պետք է նշվեն կատարման ենթակա աշխատանքի գինը կամ այն որոշելու եղանակները: Ընդ որում, կապալառուի կատարած աշխատանքը պատվիրատուն վարձատրում է նախահաշվով նախատեսված չափով` շինարարական կապալի պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով, իսկ պայմանագրում համապատասխան ցուցումների բացակայության դեպքում աշխատանքի վարձատրությունը կատարվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 709-րդ հոդվածին համապատասխան:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ շինարարական կապալի պայմանագրի կողմերը, պարտադիր կերպով նշելով օրենսդրի կողմից սահմանված պայմանագրի էական պայմանները և ելնելով պայմանագրի ազատության, այն է` պայմանագրում իրենց համար օրենքին չհակասող վարքագծի կանոններ սահմանելու համընդհանուր սկզբունքից, պայմանագրի գործողության ողջ ընթացքի համար որոշում են յուրաքանչյուրի ընդհանուր պարտավորությունների կատարման կարգը` մասնավորեցնելով ստանձնած ընդհանուր պարտավորությունները՝ դրանց առանձնահատկություների հաշվառմամբ: Այսպես, յուրաքանչյուր կողմ պայմանագրով ստանձնում է ընդհանուր պարտավորություն, այն է` կապալառուն պարտավորվում է պայմանագրում սահմանված ժամկետում պատվիրատուի առաջադրանքով կառուցել որոշակի օբյեկտ կամ կատարել շինարարական այլ աշխատանքներ, այդ թվում՝ կառուցվող օբյեկտի հետ անխզելիորեն կապված մոնտաժման, գործարկման, կարգավորիչ և այլ աշխատանքներ, ընդ որում, կապալառուն պարտավոր է այդ աշխատանքներն իրականացնել աշխատանքի ծավալը, բովանդակությունը ու դրան ներկայացվող այլ պահանջները սահմանող ճարտարապետաշինարարական-նախագծային ու նախահաշվային փաստաթղթերին, ինչպես նաև գործող օրենսդրությանը և նորմատիվային պահանջներ սահմանող իրավական ակտերին լիովին համապատասխան, իսկ պատվիրատուն պարտավորվում է կապալառուի համար ստեղծել աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ պայմաններ, շինարարության համար ժամանակին հատկացնել հողամաս (շինարարական հրապարակ), որի մակերեսը և վիճակը պետք է համապատասխանեն պայմանագրում նշված պայմաններին, իսկ նման պայմանների բացակայության դեպքում՝ ապահովեն աշխատանքները ժամանակին սկսելը, դրանց բնականոն ընթացքն ու նշված ժամկետում ավարտը, ընդունել դրա արդյունքը և վճարել պայմանավորված գինը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ինչպես նախահաշիվը, այնպես էլ կապալառուի կողմից աշխատանքի արդյունքի հանձնումը և պատվիրատուի կողմից դրա ընդունումը կարող է կազմել այն կողմը, որի վրա այդ պարտականությունը դրված է պայմանագրով: Այդպիսին կարող է լինել ինչպես կապալառուն, այնպես էլ պատվիրատուն: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ կապալային աշխատանքների կատարումը, որպես կանոն, կապալառուի մասնագիտացված գործունեությունն է, ինչով էլ պայմանավորված՝ սովորաբար հենց նրան է հանձնարարվում նախահաշվի և որոշակի խումբ աշխատանքների ավարտուն արդյունքի հանձնման մշակումն ու պատրաստումը, որը մի դեպքում ձևակերպվում է նախահաշվի տեսքով, իսկ երկրորդ դեպքում՝ երկու կողմերի ստորագրած ակտով: Հետևաբար այն դեպքերում, երբ աշխատանքը կատարվում և արդյունքը հանձնվում է կապալառուի կազմած նախահաշվին և ակտին համապատասխան, ապա նախահաշիվն ու ակտն ուժի մեջ են մտնում և պայմանագրի մաս են դառնում պատվիրատուի կողմից հաստատվելու պահից, իսկ այն դեպքում, երբ պատվիրատուն չհիմնավորված կերպով հրաժարվում է կատարված աշխատանքները ընդունելուց և համապատասխան կատարողական ակտը ստորագրելուց, ապա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 751-րդ հոդվածի 4-րդ կետն իրավական երաշխիքներ է սահմանում կապալառուի շահերի համար, մասնավորապես՝ ակտում նշվում է այդ մասին, և ակտն ստորագրում է միայն մեկ կողմը (կապալառուն):

Վճռաբեկ դատարանը միաժամանակ կարևորում է հավելել, որ պատվիրատուն իրավունք ունի հրաժարվելու աշխատանքի արդյունքն ընդունելուց և ընդունման ակտը ստորագրելուց, եթե հայտնաբերվել են թերություններ, որոնք բացառում են դրա օգտագործումը շինարարական կապալի պայմանագրով նախատեսված նպատակով, և կապալառուն կամ պատվիրատուն չեն կարող վերացնել դրանք:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շինարարական կապալի պայմանագրի հիման վրա պայմանագրի կողմերի ստորագրությամբ հաստատված ակտն ազդարարում է շինարարական կապալի պայմանագրով նախատեսված և ակտում նշված աշխատանքները կապալառուի կողմից կատարված և պատվիրատուի կողմից ընդունված լինելու հանգամանքը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

 

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության («Կապալառու») և Կազմակերպության («Պատվիրատու») միջև 01.11.2011 թվականին կնքված կապիտալ շինարարության իրականացման թիվ 10 պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) 1.1 կետի համաձայն՝ Կապալառուն պարտավորվել է Պատվիրատուի հանձնարարությամբ կատարել հյուրանոցային համալիրի կապիտալ շինարարություն Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի և «Նոյ» թաղամասի միջանկյալ հատվածում: Պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ շինարարությունը ներառել է հետևյալ աշխատանքները` հողային աշխատանքներ, երկաթբետոնե կարկասի կառուցում: Պայմանագրի 3.2.1. կետի համաձայն՝ Պատվիրատուն պարտավորվել է աշխատանքների ծավալների վերաբերյալ ներկայացված միջանկյալ ակտերով կատարել վճարումներ, իսկ 3.2.2 կետի համաձայն՝ Պատվիրատուն պարտավորվել է Կապալառուի մասնակցությամբ զննել և ընդունել կատարված աշխատանքը, իսկ պայմանագրից աշխատանքի արդյունքը վատթարացնող շեղումներ կամ աշխատանքում այլ թերություններ հայտնաբերելու դեպքերում՝ այդ մասին անհապաղ հայտնել Կապալառուին: Պայմանագրի 3.2.3 կետի համաձայն՝ կատարված աշխատանքների վերաբերյալ ակտերը ներկայացվում են ամսվա վերջում: Այն հաստատվելուց հետո վճարումը կատարվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում: 2012 թվականի փետրվարին Ընկերության և Կազմակերպության միջև կազմված և ստորագրված թիվ 1 ակտի համաձայն՝ բնահողի քանդում էքսկավատորով բարձմամբ և տեղափոխմամբ կատարված աշխատանքների արժեքը կազմել է 18.450.000 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն: Նույն ակտով չափման միավորը նշվել է խորանարդ մետր, ծավալը՝ 4.100, իսկ արժեքը՝ 3.750: Սույն գործով չի վիճարկվել փաստն առ այն, որ Կազմակերպությունն Ընկերությանը վճարել է 13.453.000 ՀՀ դրամ: 27.02.2012 թվականին Կազմակերպության տնօրենն Ընկերությանը խնդրել է տեղեկացնել հողային աշխատանքների դադարեցման պատճառների մասին: 27.02.2012 թվականին Ընկերության տնօրենը Կազմակերպությանը տեղեկացրել է, որ 30.01.2012 թվականին երկու քաղաքացիներ, ներկայանալով որպես քաղաքաշինության վարչության և հողերի վերահսկման տեսչության ներկայացուցիչներ, դադարեցրել են շինարարական աշխատանքները` հողի նախկին վարձակալների հետ առաջացած տարաձայնությունների պատճառով: Փետրվար ամսվա առաջին տասնօրյակում հողային աշխատանքների վերսկսման փորձերը նույնպես դադարեցվել են նույն անձանց կողմից` տարաձայնությունները վերացված չլինելու պատճառաբանությամբ:

Դատարանը հայցը մերժելու և հակընդդեմ հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ընկերության և Կազմակերպության գրություններով ըստ էության Ընկերությունն ընդունել է Կազմակերպության վկայակոչած և հակընդդեմ պահանջի հիմքում ընկած այն փաստը, որ Ընկերության կողմից ամբողջությամբ չի կատարվել 2012 թվականի փետրվարին կողմերի միջև կազմված թիվ 1 ակտով սահմանված աշխատանքները և հաստատված է համարել Ընկերության կողմից թիվ 1 ակտում նշված աշխատանքներից միայն հողի քանդման աշխատանք կատարված լինելու փաստը, իսկ քանդված հողի բարձման և տեղափոխման աշխատանքները կատարված չլինելու փաստը հաստատված է համարել նաև նրանով, որ Ընկերությունը չի առարկել Կազմակերպության կողմից վկայակոչած այդ փաստի դեմ և չի ներկայացել դատական նիստերին:

Վերաքննիչ դատարանը մերժել է Ընկերության վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է օրինական ուժի մեջ՝ վերահաստատելով Դատարանի պատճառաբանությունները:

 

Վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թե՛ Դատարանը և թե՛ Վերաքննիչ դատարանը չեն իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, սխալ են գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես՝ կողմերի միջև 2012 թվականի փետրվարին կազմված թիվ 1 ակտը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 2012 թվականի փետրվարին կողմերի միջև կազմված թիվ 1 ակտով հիմնավորվում է այն փաստը, որ Ընկերության կողմից կատարվել է 4.100խմ բնահողի քանդման՝ էքսկավատորով բարձմամբ և տեղափոխմամբ աշխատանքները, որպիսի կատարված աշխատանքի արժեքը կազմել է 18.450.000 ՀՀ դրամ: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Կազմակերպությունը չի հրաժարվել աշխատանքի արդյունքն ընդունելուց և ընդունման ակտը ստորագրելուց, ինչով էլ հավաստել է ակտում նշված աշխատանքները կապալառուի կողմից ամբողջությամբ կատարված լինելու հանգամանքը: Հետևաբար Կազմակերպության կողմից Ընկերությանն ենթակա է վճարման թիվ 1 ակտի արժեքն ամբողջությամբ: Միաժամանակ հաշվի առնելով, որ սույն գործով չի վիճարկվել փաստն առ այն, որ Կազմակերպությունն Ընկերությանը վճարել է վճարման ենթակա գումարի մի մասը՝ 13.453.000 ՀՀ դրամ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության հայցը ենթակա է բավարարման և Կազմակերպությունից հօգուտ Ընկերության ենթակա է բռնագանձման 4.977.000 ՀՀ դրամ՝ որպես 18.450.000 ՀՀ դրամից չկատարված պարտավորության գումար:

 Ինչ վերաբերում է գործում առկա Կազմակերպության տնօրենի 27.02.2012 թվականի գրությանը, որով վերջինս Ընկերությանը խնդրել է տեղեկացնել հողային աշխատանքների դադարեցման պատճառների մասին, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ինչպես այդ գրությունից, այնպես էլ 27.02.2012 թվականին Կազմակերպությանն ուղղված Ընկերության տնօրենի պատասխանից միանշանակ չի կարելի եզրակացնել, որ Ընկերությունն ընդունել է Կազմակերպության վկայակոչած և հակընդդեմ պահանջի հիմքում ընկած այն փաստը, որ Ընկերության կողմից ամբողջությամբ չի կատարվել 2012 թվականի փետրվարին կողմերի միջև կազմված թիվ 1 ակտով սահմանված աշխատանքները: Ավելին` նշված գրություններով չի հաստատվում, որ հողային աշխատանքների դադարեցումը վերաբերում է 2012 թվականի փետրվարին Ընկերության և Կազմակերպության միջև կազմված ու ստորագրված թիվ 1 ակտով նշված 4.100խմ «բնահողի քանդում՝ էքսկավատորով բարձմամբ և տեղափոխմամբ» աշխատանքներին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով արդեն իսկ հաստատված է, որ Կազմակերպության պարտավորությունն Ընկերության հանդեպ կազմում է 4.977.000 ՀՀ դրամ, որը Պայմանագրի 3.2.3 կետի հիմքով ենթակա էր վճարման կատարված աշխատանքների վերաբերյալ ակտերը հաստատվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, հետևաբար Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ընկերության և Կազմակերպության միջև թիվ 1 ակտը կազմվել և ստորագրվել է 2012 թվականի փետրվարին, իրավաչափ է համարում նշված գումարի նկատմամբ 16.03.2012 թվականից մինչև 01.10.2012 թվականն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիմքով հաշվարկված 617.700 ՀՀ դրամ տոկոսների գանձումը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվարկը 4.977.000 ՀՀ դրամի նկատմամբ պետք է շարունակվի 02.10.2012 թվականից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` գույքային պահանջի գործերով առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների համար պետական տուրքը գանձվում է հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից, նույն պահանջի գործերով դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով, նույն պահանջի գործերով դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների համար հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ բեկանման և փոփոխման, որի արդյունքում հայցը ենթակա է բավարարման, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

- Կազմակերպությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 91.940 ՀՀ դրամ` որպես հակընդդեմ հայցադիմումը դատարան ներկայացնելու համար սահմանված և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.07.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, ինչպես նաև 4.597.000 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 01.07.2013 թվականից մինչև 10.02.2015 թվականը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվելիք տոկոսագումարի 2%-ը` որպես նույն որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

- Կազմակերպությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 305.661 ՀՀ դրամ (5.591.700*3%+4.597.000*3%), ինչպես նաև 4.977.000 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 02.10.2012 թվականից մինչև պարտավորության դադարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվելիք տոկոսագումարի 3%-ը և 4.597.000 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 01.07.2013 թվականից մինչև 10.02.2015 թվականը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվելիք տոկոսագումարի 3%-ը` որպես Կազմակերպության կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.12.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

- Կազմակերպությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 305.661 ՀՀ դրամ (5.591.700*3%+4.597.000*3%), ինչպես նաև 4.977.000 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 02.10.2012 թվականից մինչև պարտավորության դադարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվելիք տոկոսագումարի 3%-ը` որպես Ընկերության կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.04.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

- Կազմակերպությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 305.661 ՀՀ դրամ (5.591.700*3%+4.597.000*3%), ինչպես նաև 4.977.000 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 02.10.2012 թվականից մինչև պարտավորության դադարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվելիք տոկոսագումարի 3%-ը` որպես Ընկերության կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.11.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, որպիսի պետական տուրքի գումարն էլ գույքային պահանջի մասով չպետք է գերազանցի բազային տուրքի հազարապատիկը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.06.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել` «ՌԱՄԷՕ-ՕՏԵԼ» ՓԲԸ-ից հօգուտ «ԱՎԱԼՈՆ» ՍՊԸ-ի բռնագանձել 4.977.000 ՀՀ դրամ՝ որպես պարտքի գումար, և 617.700 ՀՀ դրամ՝ որպես 16.03.2012 թվականից մինչև 01.10.2012 թվականը ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիմքով հաշվարկված տոկոսներ, ինչպես նաև 4.977.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվեգրել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 02.10.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, իսկ հակընդդեմ հայցը` մերժել:

2. «ՌԱՄԷՕ-ՕՏԵԼ» ՓԲԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 91.940 ՀՀ դրամ` որպես հակընդդեմ հայցադիմումը դատարան ներկայացնելու համար սահմանված և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.07.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, ինչպես նաև բռնագանձել 4.597.000 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 01.07.2013 թվականից մինչև 10.02.2015 թվականը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվելիք տոկոսագումարի 2%-ը` որպես նույն որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

«ՌԱՄԷՕ-ՕՏԵԼ» ՓԲԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 305.661 ՀՀ դրամ, ինչպես նաև 4.977.000 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 02.10.2012 թվականից մինչև պարտավորության դադարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվելիք տոկոսագումարի 3%-ը և 4.597.000 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 01.07.2013 թվականից մինչև 10.02.2015 թվականը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվելիք տոկոսագումարի 3%-ը` որպես «ՌԱՄԷՕ-ՕՏԵԼ» ՓԲԸ-ի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.12.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

«ՌԱՄԷՕ-ՕՏԵԼ» ՓԲԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 305.661 ՀՀ դրամ, ինչպես նաև 4.977.000 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 02.10.2012 թվականից մինչև պարտավորության դադարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվելիք տոկոսագումարի 3%-ը` որպես «ԱՎԱԼՈՆ» ՍՊԸ-ի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.04.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

«ՌԱՄԷՕ-ՕՏԵԼ» ՓԲԸ-ից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բռնագանձել 305.661 ՀՀ դրամ, ինչպես նաև 4.977.000 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 02.10.2012 թվականից մինչև պարտավորության դադարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվելիք տոկոսագումարի 3%-ը` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.11.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, բայց ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

  Վ. Ավանեսյան
 

Մ. Դրմեյան

  Գ. Հակոբյան
 

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

  Տ. Պետրոսյան
  Ե. Սողոմոնյան
  Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան