Գլխավոր տեղեկություն
Համար
N 95-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.03.20/11(580) Հոդ.131
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.01.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունվարի 2017 թվականի N 95-Ն

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՆՇՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրի (Հանրային հատվածի արդիականացման երկրորդ ծրագիր) շրջանակներում մշակված և «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման ներքո գտնվող էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով օպերատորին փոխանցելու գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու մրցույթի անցկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) էլեկտրոնային առողջապահության համակարգը Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն ու սպասարկում և դեղատնային գործունեություն իրականացնող լիցենզավորված սուբյեկտներում ներդնելու ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ այս մրցույթի նկատմամբ չեն գործում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման պահանջները:

3. Էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու մրցույթի անցկացման նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ մեկշաբաթյա ժամկետում հաստատել մրցութային հանձնաժողովի անհատական կազմը՝ դրանում ներգրավելով մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից, երեք ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից և երկու ներկայացուցիչ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունից:

5. Սահմանել, որ՝

1) բացառությամբ սույն որոշման 4-րդ կետով և սույն որոշման N 1 հավելվածի 36-րդ, 37-րդ և 43-րդ կետերով սահմանված լիազորությունների` էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու մրցույթի անցկացման նպատակով գնման պատվիրատուի լիազորություններն իրականացնում է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունը՝ ապահովելով մրցութային հանձնաժողովի աշխատանքի պատշաճ կազմակերպումը, նիստերի արձանագրումը, գնման համակարգողի և մրցութային հանձնաժողովի քարտուղարի նշանակումը.

2) մինչև սույն որոշման համաձայն կոնցեսիոն պայմանագրով փոխանցումն էլեկտրոնային առողջապահության համակարգի օպերատորի գործառույթներն իրականացնում է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունը:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) 2017 թվականին կնքվող՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների մատուցման մասին պայմանագրում նախատեսել դրույթներ էլեկտրոնային առողջապահության համակարգի շահագործման հետ կապված պարտավորությունների և պատասխանատվության վերաբերյալ.

2) երկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի լիարժեք շահագործումն ապահովելու համար առողջապահության բնագավառում լիցենզավորման կարգերում տեխնիկական պահանջներ և պայմաններ սահմանելու համար.

3) մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը սահմանել էլեկտրոնային առողջապահության համակարգում տվյալների մուտքագրման, ընդունման և ստուգման կարգը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 9

Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
հունվարի 26-ի N 95-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու նպատակով մրցակցային երկխոսության ընթացակարգի կիրառմամբ մրցույթի կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները:

2. Էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով (այսուհետ` կոնցեսիոն պայմանագիր) փոխանցվում է սույն կարգին և մրցութային փաստաթղթերին (այսուհետ` առաջարկներ ներկայացնելու հրավեր) համապատասխան կազմակերպված մրցույթի արդյունքների հիման վրա:

3. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն մրցութային հանձնաժողովի կողմից նախաորակավորված մասնակիցները (այսուհետ` հայտատուներ):

4. Կոնցեսիոն պայմանագրի կնքման համար սույն կարգի համաձայն անցկացված մրցույթի արդյունքների հաստատման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

II. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

5. Կոնցեսիոն պայմանագրի կնքման մրցույթի կազմակերպման և անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվում է մրցութային հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

6. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստեր հրավիրելու միջոցով, որոնք իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:

7. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

8. Հանձնաժողովը`

1) հանձնաժողովի անհատական կազմի հաստատման պահից մեկամսյա ժամկետում մշակում և հաստատում է հայտատուների նախաորակավորման ընթացակարգի հիմնական պահանջները և հրապարակում է նախաորակավորում անցկացնելու մասին հայտարարությունը: Նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրավունք ունի ցանկացած մասնակից.

2) կազմում է նախաորակավորման արդյունքների մասին արձանագրությունը և նախաորակավորված մասնակիցներին հրավիրում է երկխոսության.

3) մշակում և հաստատում է մրցույթի վերջնական հրավերը, որը տրամադրվում է միայն նախաորակավորված մասնակիցներին.

4) ուսումնասիրում է հայտատուների հարցումները և պարզաբանում դրանք` ինչպես գրավոր, այնպես էլ՝ բանավոր՝ հայտատուների համաժողովի ընթացքում.

5) անհրաժեշտության դեպքում լրացումներ է կատարում առաջարկներ ներկայացնելու հրավերում.

6) բացում է հայտատուների առաջարկների ծրարները.

7) ուսումնասիրում և գնահատում է հայտատուների առաջարկները.

8) անհրաժեշտության դեպքում կատարում է հարցումներ հայտատուներին` պարզաբանելու համար նրանց առաջարկները.

9) հայտատուներին ծանուցում է տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքների մասին և ֆինանսական առաջարկների ծրարների բացմանն է հրավիրում այն հայտատուներին, որոնց տեխնիկական առաջարկի գնահատականը պակաս չէ առաջարկի հրավերով սահմանված նվազագույն միավորից.

10) որոշում է նախընտրելի հայտատուին (մրցույթի հաղթող՝ տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատականների կշռված միավորների ամենամեծ հանրագումարը հավաքած հայտատու):

9. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպում է հանձնաժողովի քարտուղարը:

10. Հանձնաժողովի քարտուղարը`

1) հանձնաժողովի անդամներին ծանուցում է հանձնաժողովի նիստերի մասին, կազմում է արձանագրությունները.

2) ընդունում և գրանցում է հայտատուների առաջարկները.

3) ապահովում է արձանագրությունների կազմումը, մրցույթի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող բոլոր փաստաթղթերի հավաքագրումը և մրցույթի ավարտից հետո դրանք հանձնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին.

4) կատարում է սույն կարգից բխող` հանձնաժողովի նախագահի կողմից իրեն տրված հանձնարարականները:

11. Արձանագրություններն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամները:

12. Մրցույթի արդյունավետ անցկացման նպատակով մրցույթը նախապատրաստելու և կազմակերպելու համար հանձնաժողովը կարող է իր աշխատանքներում խորհրդակցական ձայնի իրավունքով ընդգրկել համապատասխան մասնագետների:

13. Հանձնաժողովի աշխատանքները համարվում են ավարտված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կոնցեսիոն պայմանագրի կնքման համար հայտարարված մրցույթի արդյունքները հաստատելու վերաբերյալ համապատասխան որոշման ընդունումից հետո:

 

III. ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐԸ

 

14. Առաջարկներ ներկայացնելու հրավերը պետք է բաղկացած լինի հետևյալ բաժիններից`

1) «Մաս 1. Հրահանգներ հայտատուներին».

2) «Մաս 2. Տեղեկատվական հուշագիր»:

15. «Մաս 1. Հրահանգներ հայտատուներին» բաժինը պետք է ներառի`

1) կոնցեսիայի սխեմայի ընդհանուր պատկերը և գործընթացը.

2) մրցույթի մասնակիցների անվանումները.

3) մանրամասներ տեխնիկական ու ֆինանսական առաջարկների բովանդակության, ձևի և այն ներկայացնելու հասցեի ու վերջնական ժամկետի վերաբերյալ.

4) պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը և ձևերը.

5) մանրամասներ առաջարկներ ներկայացնելու հրավերի վերաբերյալ, պարզաբանումներ ստանալու նպատակով հայտատուների կողմից հարցումներ ներկայացնելու և դրանց պատասխանելու ընթացակարգի վերաբերյալ.

6) մանրամասներ առաջարկներ ներկայացնելու հրավերում լրացումներ կատարելու ընթացակարգի վերաբերյալ.

7) տեխնիկական ու ֆինանսական առաջարկների գնահատման չափանիշները և միավորները.

8) մանրամասներ հանձնաժողովի կողմից առաջարկների ընդունման, բացման և գնահատման վերաբերյալ.

9) ֆինանսական առաջարկների ծրարների բացմանը և գնահատմանը մասնակցելու համար անհրաժեշտ տեխնիկական առաջարկի գնահատականի նվազագույն միավորը.

10) տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատականների կշիռները (տոկոսներով).

11) Հայաստանի Հանրապետությունում կոնցեսիան իրականացնող կազմակերպության ստեղծման գործընթացի ընդհանուր նկարագիրը.

12) կոնցեսիոն պայմանագրի նախագիծը, այդ թվում` օտարվող և կոնցեսիայի հանձնվող ակտիվների ցուցակը.

13) հանձնաժողովի որոշմամբ` այլ տեղեկություններ:

16. «Մաս 2. Տեղեկատվական հուշագիր» բաժինը պետք է պարունակի`

1) տեղեկատվություն էլեկտրոնային առողջապահության համակարգի մասին.

2) տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում բժշկական հաստատությունների կազմի և ոլորտում առկա գործարար միջավայրի մասին.

3) հանձնաժողովի որոշմամբ` այլ տեղեկություններ:

 

IV. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

17. Մրցույթի հայտերը (առաջարկները) ներկայացվում են փակ ծրարով:

18. Հայտը ներկայացնելու ժամկետը համարվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից այն ստանալու օրը և ժամը, որի մասին գրառում է կատարվում հատուկ գրանցաթերթիկում: Վերջինիս պատճենը տրամադրվում է հայտատուին:

19. Մրցույթի հայտերի ընդունման սահմանված վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտերի մասին գրառում է կատարվում հատուկ գրանցաթերթիկում, և, առանց ծրարը բացելու, այն վերադարձվում է հայտատուին:

20. Հայտատուները մինչև մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը լրանալը կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտը:

21. Հայտի փոփոխության կամ վերադարձման մասին դիմումները մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետի ավարտից հետո ներկայացվելու դեպքում մերժվում են:

22. Մրցույթի միայն մեկ հայտ ներկայացնելը հիմք չէ մրցույթը չկայացած համարելու համար:

 

V. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

23. Մրցույթի հայտերի ծրարները բացվում են հայտերի ընդունման վերջնաժամկետի ավարտից անմիջապես հետո` հանձնաժողովի նիստում, որին կարող են մասնակցել բոլոր հայտատուները, ընդ որում, բացվում են միայն տեխնիկական առաջարկների ծրարները, իսկ ֆինանսական առաջարկների ծրարները փակ վիճակում հանձնաժողովի քարտուղարի կողմից պահվում են մինչև դրանց բացման պահը:

24. Հայտերի ծրարների բացման ժամանակ հրապարակվում են`

1) յուրաքանչյուր հայտատուի անվանումը.

2) հայտի փոփոխության կամ այն հետ վերցնելու մասին գրավոր դիմումը, եթե այդպիսին կա.

3) այլ մանրամասներ, որոնք հանձնաժողովն անհրաժեշտ կհամարի հրապարակել:

25. Այն հայտերի ծրարները, որոնք հետ վերցնելու մասին գրավոր դիմումն ստացվել է մինչև հայտերի ընդունման վերջնաժամկետը, չեն բացվում և փակ վիճակում վերադարձվում են հայտատուին:

26. Հանձնաժողովի հետագա նիստերը փակ են հայտատուների համար, եթե նրանք չեն ստացել նիստին մասնակցելու հատուկ հրավեր:

27. Հանձնաժողովն ստուգում է հայտերի ամբողջականությունը և համապատասխանությունն առաջարկներ ներկայացնելու հրավերով սահմանված պահանջներին: Այն հայտերը, որոնք չեն համապատասխանում սույն կարգի և առաջարկներ ներկայացնելու հրավերի պահանջներին, հանձնաժողովի կողմից մերժվում են:

28. Հայտերը սույն կարգի և առաջարկներ ներկայացնելու հրավերի պահանջներին համապատասխանելու դեպքում հանձնաժողովը գնահատում է ներկայացված տեխնիկական առաջարկները` առաջարկներ ներկայացնելու հրավերով նախատեսված չափանիշներով:

29. Տեխնիկական առաջարկների գնահատումն ավարտելուց հետո հանձնաժողովը հայտատուներին ծանուցում է տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքների մասին և ֆինանսական առաջարկների ծրարների բացմանն է հրավիրում այն հայտատուներին, որոնց տեխնիկական առաջարկի գնահատականը պակաս չէ առաջարկներ ներկայացնելու հրավերով սահմանված նվազագույն միավորից:

30. Այն հայտատուները, որոնց տեխնիկական առաջարկի գնահատականը պակաս է առաջարկներ ներկայացնելու հրավերով սահմանված նվազագույն միավորից, իրենց ֆինանսական առաջարկները հետ են ստանում փակ վիճակում:

31. Ֆինանսական առաջարկների ծրարները բացվում են հանձնաժողովի նիստում, որին կարող են մասնակցել հրավիրված հայտատուները:

32. Հանձնաժողովն ստուգում է ֆինանսական առաջարկների ճշգրտությունը և գնահատում առաջարկներ ներկայացնելու հրավերով նախատեսված չափանիշներով:

33. Մրցույթի նախընտրելի հայտատու է ճանաչվում այն հայտատուն, որը հանձնաժողովի կողմից ստացել է տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատականների կշռված միավորների ամենամեծ հանրագումարը:

34. Գնահատականների կշռված միավորների հավասար հանրագումար ստանալու դեպքում նախընտրելի հայտատուն որոշվում է ֆինանսական առաջարկների առավելագույն գնահատականի արդյունքով: Ֆինանսական առաջարկների առավելագույն գնահատականի հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է էլեկտրոնային առողջապահության համակարգերի մշակման և ներդրման առավելագույն փորձ ունեցող հայտատուին:

35. Հանձնաժողովը կազմում է մրցույթի արդյունքների մասին արձանագրություն և ստորագրելուց հետո եռօրյա ժամկետում այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

36. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը մրցույթի մասնակիցներին ծանուցում է մրցույթի արդյունքների մասին՝ հանձնաժողովի ստորագրած արձանագրությունն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում:

37. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը նախընտրելի հայտատուին հրավիրում է կոնցեսիոն պայմանագրի շուրջ բանակցությունների՝ մրցույթի արդյունքների մասին ծանուցումը մրցույթի մասնակիցներին ուղարկելուց հետո երկշաբաթյա ժամկետում:

38. Նախընտրելի հայտատուի կողմից կոնցեսիոն պայմանագրի կնքումից հրաժարվելու դեպքում պայմանագրի շուրջ բանակցությունների է հրավիրվում գնահատման արդյունքում երկրորդ տեղն զբաղեցրած հայտատուն, իսկ այդպիսին չլինելու դեպքում մրցույթը համարվում է չկայացած:

39. Հանձնաժողովը ներկայացված առաջարկների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով իրավունք ունի գրավոր դիմելու հայտատուներին` պահանջելով պարզաբանել իրենց առաջարկները:

40. Հայտատուների պարզաբանումները նույնպես պետք է լինեն գրավոր և չպետք է հանգեցնեն առաջարկների փոփոխության:

41. Հանձնաժողովը ցանկացած պահի, նախքան կոնցեսիոն պայմանագրի կնքման մասին որոշման ընդունումը, կարող է ընդունել կամ մերժել ցանկացած առաջարկ, անտեսել ստացված առաջարկներում տեղ գտած ոչ էական անճշտությունները, չեղյալ հայտարարել առաջարկներ ներկայացնելու հրավերի գործընթացը և մերժել բոլոր առաջարկները` առանց այդ գործողությունների համար հայտատուների նկատմամբ որևէ պարտավորության կամ առանց այդ գործողությունների հիմքերի վերաբերյալ նրանց տեղեկացնելու պարտավորվածության:

42. Մրցույթը համարվում է չկայացած`

1) եթե մրցույթին մասնակցության համար ոչ մի հայտ չի ներկայացվել.

2) սույն կարգով և օրենքով նախատեսված այլ դեպքերում:

 

VI. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

43. Պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը մրցույթի արդյունքները հաստատելու և նախընտրելի հայտատուի (մրցույթի հաղթողի) հետ կոնցեսիոն պայմանագրի կնքման վերաբերյալ համապատասխան առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

44. Կոնցեսիոն պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվում են պայմանագրի կողմ հանդիսացող մրցույթի մասնակցի միջոցների հաշվին:

45. Մինչև մրցույթի արդյունքների հաստատումը և պայմանագրի կնքումը մրցույթը կարող է անվավեր ճանաչվել դատական կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
հունվարի 26-ի N 95-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ՆԵՐԴՆԵԼՈՒ

 

1. Էլեկտրոնային առողջապահության համակարգը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական օգնություն ու սպասարկում և դեղատնային գործունեություն իրականացնող լիցենզավորված սուբյեկտներում ենթակա է ներդրման հետևյալ երկու փուլով`

1) 1-ին փուլ` Հայաստանի Հանրապետությունում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող լիցենզավորված սուբյեկտներում բիզնես շտեմարանի ձևավորում և ամբողջական տվյալների մուտքագրում համակարգում՝ մինչև 2017 թվականի մարտի 1-ը.

2) 2-րդ փուլ` Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական օգնություն և սպասարկում և դեղատնային գործունեություն իրականացնող լիցենզավորված սուբյեկտներում բժշկական ծառայություններ ստացող անձանց հոսքերի կառավարման (այցեր, ուղեգրումներ ու այլ դեպքեր) և բժշկական ծառայություններ ստացող անձանց միասնական էլեկտրոնային բժշկական քարտի ծրագրային բաղադրիչի շահագործման մեկնարկ՝ մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան