ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2017 թվականի N 142-Ն
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴՐՈՇՄՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 666-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժական դրոշմման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի դրոշմման կարգը սահմանելու մասին» N 666-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. փետրվարի 20 Երևան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴՐՈՇՄՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Սույն կարգով կարգավորվում են գյուղատնտեսական կենդանիների սպանդից գոյացած մթերքի՝ իրացման և վերամշակման համար նախատեսված մսեղիքի, կիսամսեղիքի և քառորդ մսեղիքի (այսուհետ` միս) և որսի կենդանիների սպանդից գոյացած մսեղիքի անասնաբուժական դրոշմման (այսուհետ` դրոշմում) հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) մսեղիք՝ սպանդի ենթարկված կենդանու մարմինն ամբողջական, առանց մաշկի, գլխի, վերջավորությունների ստորին հատվածների և ներքին օրգանների.
2) կիսամսեղիք՝ մսեղիքի ողնաշարի երկարությամբ հավասարաչափ հատվածների բաժանված մասերը.
3) քառորդ մսեղիք՝ մսեղիքի չորս մասի բաժանված հատվածները:
3. Դրոշմումն անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների հիման վրա կատարում են անասնաբուժասանիտարական փորձաքննություն, ինչպես նաև կենդանիների սպանդ իրականացնող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք:
4. Անասնաբուժասանիտարական դրոշմումը հավաստում է մսի անվտանգությունը և պիտանիությունը:
5. Դրոշմման համար կնիքները պատրաստվում են բրոնզից, ռետինից, չժանգոտվող այլ նյութից:
6. Անասնաբուժասանիտարական դրոշմը 1,0-1,5 մմ խորությամբ փորագրված շրջագծով է և ներառում է անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնողի անունը, ազգանունը (անվանումը) կամ հիվանդության անվանումը և կենդանու տեսակը, ինչպես նաև «ԱԲՍՓ» հապավումը:
7. Դրոշմումը պետք է լինի հստակ, ընթեռնելի և պահպանվի մսի պահման ժամանակ:
8. Դրոշմման համար օգտագործվում են միայն սննդային ներկերը:
II. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴՐՈՇՄՆԵՐԸ
9. Անասնաբուժական դրոշմներն են՝
1) 25 x 40 մմ և 40 x 60 մմ չափսերի ձվաձև դրոշմները, որոնցով հաստատվում են անասնաբուժասանիտարական փորձաքննության լիարժեքությունը, ինչպես նաև՝ այն, որ միսը ենթակա է իրացման` առանց սահմանափակման: 25 x 40 մմ չափսի ձվաձև դրոշմն օգտագործվում է ճագարի, նապաստակի, թռչնի, կուղբի, ճահճակուղբի մսի դրոշմման (N 1 ձև), իսկ 40 x 60 մմ չափսի ձվաձև դրոշմը՝ մյուս տեսակների գյուղատնտեսական և որսի կենդանիների մսի դրոշմման համար (N 2 ձև).
2) 40 x 70 մմ չափսի ուղղանկյունաձև դրոշմով հաստատվում է, որ միսը ենթակա է օգտագործման՝ վնասազերծումից հետո: Այդպիսի դրոշմի կենտրոնում նշված մեծատառերը պարզաբանում են հիվանդության անվանումը (դաբաղ, ֆիննոզ, տուբերկուլյոզ և այլն), որի դեպքում միսը ենթակա է վնասազերծման՝ համապատասխան եղանակով (եփում, սառեցում, երշիկի ստացում, պահածոյացում, հալեցում` ճարպի համար, օգտահանում և այլն) (N 3 ձև).
3) 20 x 50 մմ չափսի ուղղանկյունաձև դրոշմով հաստատվում է կենդանատեսակի մսեղիքը (տավարի, խոզի, ոչխարի, այծի, ձիու, ուղտի, եղջերուի, եղնիկի, վարազի, փորսուղի, ճագարի, կուղբի, ճահճակուղբի և այլն) (N 4 ձև):
III. ՄՍԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴՐՈՇՄՈՒՄԸ
10. Մսի անասնաբուժական դրոշմումը կատարվում է հետևյալ կերպ`
1) կենդանու մսեղիքի կամ կիսամսեղիքի վրա դրվում է մեկական դրոշմ` յուրաքանչյուր թիակի և ազդրի հատվածում.
2) կենդանու քառորդ մսեղիքի վրա դրվում է մեկական դրոշմ` յուրաքանչյուր քառորդի թիակի կամ ազդրի հատվածում.
3) ճագարի, նապաստակի, կուղբի, ճահճակուղբի մսեղիքի վրա դրվում է մեկական դրոշմ` թիակի հատվածում և ազդրի արտաքին մակերեսին.
4) օգտահանման ենթակա մսի վրա համապատասխան դրոշմը դրվում է առնվազն 3-4 տարբեր մասերում։
11. Կրկնակի անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված միսը ենթակա է կրկնակի դրոշմման` սույն կարգի 9-րդ կետով սահմանված համապատասխան դրոշմով, որը կսահմանի դրա հետագա օգտագործման հնարավորությունը:
12. Թռչնի և ճագարի մսի փաթեթավորման դեպքում օգտագործվում են վարդագույն և կանաչ թղթյա պիտակներ՝ 15 x 90 մմ չափսերով: Պիտակի ներկված մասի երկարությունը պետք է լինի 60 մմ: Պիտակի վրա նշվում է սպանդ իրականացրած կազմակերպության անվանումը:
13. Անհատական պոլիմերային թաղանթներով ճագարի և բրոյլեր տեսակի ճագարի մսեղիքի փաթեթավորման դեպքում մսեղիքը չի կնքվում, իսկ դրոշմումը կատարվում է փաթեթի մեջ դրված կամ սոսնձված պիտակի վրա` նշելով այն բոլոր տեղեկությունները, որոնք համապատասխանում են նշված արտադրանքին՝ համաձայն նորմատիվ փաստաթղթերի պահանջների:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Ձև N 1
Դ Ր Ո Շ Մ
ՃԱԳԱՐԻ, ՆԱՊԱՍՏԱԿԻ, ԹՌՉՆԻ, ԿՈՒՂԲԻ, ՃԱՀՃԱԿՈՒՂԲԻ ՄՍԻ
Ձվաձև դրոշմ` 25 x 40 մմ չափսի, 1 մմ լայնությամբ շրջանակով, վերևում` անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնողի անունը, ազգանունը կամ անվանումը՝ 6 մմ բարձրությամբ տառերով, ներքևում` 3 մմ բարձրությամբ մեծատառերով «ԱԲՍՓ» հապավումը (անասնաբուժասանիտարական փորձաքննություն)
Ձև N 2
Դ Ր Ո Շ Մ
ԲԱՑԻ ՃԱԳԱՐԻՑ, ՆԱՊԱՍՏԱԿԻՑ, ԹՌՉՆԻՑ, ԿՈՒՂԲԻՑ, ՃԱՀՃԱԿՈՒՂԲԻՑ՝
ՄՅՈՒՍ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄՍԻ
Ձվաձև դրոշմ` 40 x 60 մմ չափսի, 1,5 մմ լայնությամբ շրջանակով, վերևում` անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնողի անունը, ազգանունը կամ անվանումը՝ 12 մմ բարձրությամբ տառերով, ներքևում` 6 մմ բարձրությամբ մեծատառերով «ԱԲՍՓ» հապավումը (անասնաբուժասանիտարական փորձաքննություն)
Ձև N 3
Դ Ր Ո Շ Մ
ՎՆԱՍԱԶԵՐԾՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄՍԻ
Ուղղանկյունաձև դրոշմ` 40 x 70 մմ չափսի, 1,5 մմ լայնությամբ եզրագծով, վերևում` անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնողի անունը, ազգանունը կամ անվանումը՝ 7 մմ բարձրությամբ տառերով, ներքևում` 7 մմ բարձրությամբ մեծատառերով՝ հիվանդության անունը (օրինակ, ԴԱԲԱՂ)
Ձև N 4
Դ Ր Ո Շ Մ
ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿԻ ՄՍԵՂԻՔԻ
Ուղղանկյունաձև դրոշմ` 20 x 50 մմ չափսի, 1,5 մմ լայնությամբ շրջանակով, վերևում` անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնողի անունը, ազգանունը կամ անվանումը՝ 7 մմ բարձրությամբ տառերով, ներքևում` 5 մմ բարձրությամբ մեծատառերով՝ կենդանատեսակը (օրինակ, ԱՅԾ)