Գլխավոր տեղեկություն
Համար
N 1204-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.12.2016-11.05.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.12.07/87(1267).1 Հոդ.1154.11
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.11.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 2016 թվականի N 1204-Ն

 

ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ԱԳԱՐԱԿ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ե» կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 273.210.03440) միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը՝ 273.210.03420):

2. Սահմանել, որ՝

1) «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Երաժշտագիտական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 278.210.03357) միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը՝ 286.210.824540):

4. Սահմանել, որ՝

1) «Երաժշտագիտական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Ցուցահանդեսային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 286.210.04838) միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը՝ 286.210.04845):

6. Սահմանել, որ՝

1) «Ցուցահանդեսային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

7. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Ագարակ» պատմամշակութային արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 56.210.00798) միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը՝ 290.210.02888):

8. Սահմանել, որ «Ագարակ» պատմամշակութային արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում «Ագարակ» պատմամշակութային արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:

9. Ստեղծել «Ագարակ» պատմամշակութային արգելոց և հաստատել դրա կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի:

10. Սահմանել «Ագարակ» պատմամշակութային արգելոցի տարածքը՝ 118.2 հեկտար, համաձայն N 2 հավելվածի:

11. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել՝

1) սույն որոշման 1-ին, 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերում նշված՝ միացած պետական ոչ առևտրային կազմակերպություններին հանձնված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել գույքի կազմը, արժեքը, միացման պայմանագրերը և փոխանցման ակտերը.

2) սույն որոշման 1-ին, 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերում նշված՝ միացած պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության դադարման պետական գրանցումը.

3) սույն որոշման 1-ին, 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերում նշված՝ միացած պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրություններում վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը.

4) «Ագարակ» պատմամշակութային արգելոց» մասնաճյուղի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական հաշվառման ներկայացնելը:

12. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ սույն որոշման 1-րդ, 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերով նախատեսված պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքել անշարժ գույքի անհատույց և անժամկետ օգտագործման պայմանագրերում սույն որոշումից բխող պայմանագրերի փոփոխման մասին համաձայնագրեր` դրանցում նախատեսելով, որ համաձայնագրերի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի ազգային գրադարան», «Հայաստանի ազգային պատկերասրահ», «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 202 որոշման մեջ փոփոխություն կատարելու և պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 312-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) որոշման 7-րդ կետում «մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի» բառերը փոխարինել «մշակույթի» բառով.

2) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 22-րդ կետով.

«22. «Ագարակ» պատմամշակութային արգելոց»:

14. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 29-ի «Ագարակ» պատմամշակութային արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1305, 2002 թվականի ապրիլի 16-ի «Ագարակ» պատմամշակութային արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 412 որոշումները, 2002 թվականի հունիսի 6-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 886-Ն որոշման N 3 հավելվածի 20-րդ կետն ու N 4 հավելվածի 3-րդ կետը և 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 2158-Ն որոշումը:

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. նոյեմբերի 29
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
նոյեմբերի 24-ի N 1204-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԱԳԱՐԱԿ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Ագարակ» պատմամշակութային արգելոցը (այսուհետ` արգելոց) ստեղծվում է` պայմանավորված «Ագարակ» բնակատեղի-հնավայրի պատմամշակութային բարձրարժեք հուշարձանների հատուկ և ամբողջական ուսումնասիրման, պահպանության պայմանակարգի (ռեժիմի) սահմանման անհրաժեշտությամբ, ինչը հնարավորինս անաղարտ կպահպանի հնավայրը, կապահովի նրա հետազոտման և գիտաճանաչողական ու զբոսաշրջության նպատակներով օգտագործումը: Արգելոցը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ագարակի և Ոսկեհատի գյուղական համայնքների վարչական տարածքներում:

2. Արգելոցի ստեղծման նպատակներն են`

1) հուշարձանի բնապատմական միջավայրի պատմամշակութային հողերի և դրանց հարող տեղանքապատկերների (լանդշաֆտներ) հնարավորինս անաղարտ պահպանումը.

2) հուշարձանի տարածքում հայտնաբերված և այդ հուշարձանին վերաբերող մշակութային արժեքների պահպանումը, ուսումնասիրումը, ինչպես նաև նպատակային օգտագործումը.

3) գիտաճանաչողական զբոսաշրջության զարգացման նախադրյալների ստեղծումը և բնակչության` մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի ձևավորումը:

3. Արգելոցի անվանումն է`

1) հայերեն լրիվ` «Ագարակ» պատմամշակութային արգելոց.

2) հայերեն կրճատ` «Ագարակ» արգելոց.

3) ռուսերեն լրիվ՝ Историко-культурный заповедник «Агарак».

4) ռուսերեն կրճատ` заповедник «Агарак».

5) անգլերեն լրիվ` Historical and cultural preservaition of «Agarak».

6) անգլերեն կրճատ` Preservaition of «Agarak»:

 

II. ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԿԱՐԳԸ (ՌԵԺԻՄԸ)

 

4. Արգելոցի տարածքում արգելվում են`

1) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և հաղորդակցության այլ ուղիների շինարարությունը` բացառությամբ արգելոցի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների շինարարության.

2) մեքենայացված տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը թույլատրված ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.

3) երկրաբանահետախուզական աշխատանքները, որոնք ուղեկցվում են փորձնական հանույթներով, մակաբացումներով, պայթեցումներով և բնապատմական միջավայրը խախտող այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ.

4) օգտակար հանածոների մշակումը, հանքաշերտերի, հանքաելուստների և լեռնատեսակների ելքերի շահագործումը.

5) բույսերի, ծաղիկների ու սերմերի մթերումը, անասունների արածեցումը, բուսածածկի այլ խախտումներ.

6) թունաքիմիկատների օգտագործումը.

7) այլ ցանկացած գործունեություն, որը խախտում, աղճատում, նսեմացնում է արգելոցի բնապատմական համակարգերը, հնագիտական հուշարձանները կամ սպառնում է գիտական և (կամ) մշակութային արժեքի պահպանությանը:

5. Մուտքն արգելոցի տարածք թույլատրվում է`

1) գիտահետազոտական աշխատանքների կատարման, ինչպես նաև արգելոցի գործունեության հետ կապված այցելությունների,

2) կանոնակարգված, գիտաճանաչողական զբոսաշրջության համար:

 

III. ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

6. Արգելոցը պահպանում, ուսումնասիրում, օգտագործում և հանրահռչակում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ՊՈԱԿ) «Ագարակ» պատմամշակութային արգելոց» մասնաճյուղը (այսուհետ՝ մասնաճյուղ):

7. Արգելոցի տարածքում գտնվող հուշարձաններին և դրանց բնապատմական միջավայրին առնչվող աշխատանքների կատարումը համաձայնեցվում է պետական լիազոր մարմնի հետ:

 

IV. ԱՐԳԵԼՈՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

 

8. Արգելոցի գործունեության առարկան և նպատակներն են հուշարձանի, հուշարձանի պատմական և բնապատմական միջավայրի, պատմամշակութային հողերի, տեղանքապատկերների և հուշարձանին վերաբերող այլ մշակութային արժեքների պահպանությունը, ուսումնասիրումը, հանրահռչակումը և օգտագործումը:

9. Իր գործունեության առարկային և նպատակին համապատասխան՝ արգելոցը`

1) իրականացնում է արգելոցի և նրա պահպանական գոտու տարածքում գտնվող հուշարձանների, հուշարձանի տարածքից հայտնաբերված և այդ հուշարձանին վերաբերող այլ մշակութային արժեքների, պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային հողերի պահպանությունը.

2) վերահսկում է արգելոցի հուշարձանների ամրակայման, վերականգնման, նորոգման, հարմարեցման և պեղման աշխատանքների իրականացումը.

3) կազմակերպում և ուսումնասիրում, հայտնաբերում է արգելոցի պատմամշակութային ժառանգության օբյեկտները և անձնագրավորում է դրանք.

4) կազմակերպում է մշտական ցուցադրություններ, ժամանակավոր և շրջիկ ցուցահանդեսներ.

5) դադարեցնում է արգելոցի տարածքում պատմամշակութային ժառանգության օբյեկտների պահպանվածությունը վտանգող աշխատանքները և տնտեսական գործունեությունը: Արգելոցի հուշարձանների և նրա պահպանական գոտու տարածքի պահպանության պայմանակարգի ու կանոնակարգի խախտման դեպքում կազմում է ակտեր, արձանագրություններ և ներկայացնում ՊՈԱԿ.

6) հայտնաբերում և հավաքում է թանգարանային առարկաներ ու հավաքածուներ.

7) հաշվառում է թանգարանային առարկաները և հավաքածուները, ստեղծում դրանց էլեկտրոնային տվյալների շտեմարան.

8) ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի քննարկմանն է ներկայացնում արգելոցի գործունեությանը վերաբերող հիմնախնդիրները:

10. Արգելոցի տարածքում էքսկուրսիաների, գիտալուսավորչական աշխատանքների կազմակերպման ու անցկացման բացառիկ իրավունքը պատկանում է արգելոցին: Այլ կազմակերպություններ արգելոցի տարածքում նշված գործունեությամբ կարող են զբաղվել ՊՈԱԿ-ի հետ կնքված համապատասխան պայմանագրի և թույլտվության առկայության դեպքում:

 

 V. ԱՐԳԵԼՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Արգելոցին անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ՊՈԱԿ-ի կողմից հանձնված գույքի նկատմամբ արգելոցը չունի իրավունքներ:

12. Անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով հանձնված գույքի պահպանման պարտականությունը կրում է արգելոցը:

 

VI. ԱՐԳԵԼՈՑԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ

 

13. ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի հրամաններով արգելոցին անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվում է ցանկացած գույք:

14. ՊՈԱԿ-ն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից արգելոցին ամրացված գույքը:

15. Արգելոցն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, հանձնելու անհատույց և անժամկետ օգտագործման:

 

VII. ԱՐԳԵԼՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

16. Արգելոցի ընդհանուր կառավարումն իրականացնում է ՊՈԱԿ-ի գործադիր մարմինը, իսկ ընթացիկ գործունեությունը ղեկավարում է ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի կողմից նշանակված մասնաճյուղի վարիչը:

17. ՊՈԱԿ-ի գործադիր մարմինը`

1) ապահովում է արգելոցի բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրա չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.

2) սահմանված կարգով պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է մասնաճյուղի վարիչին.

3) հաստատում է արգելոցի տարեկան ծախսերի նախահաշիվը, աշխատանքային գործունեության ծրագրերը.

4) իրականացնում է արգելոցի գործունեության նկատմամբ վերահսկողությունը.

5) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում մասնաճյուղի վարիչի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.

6) լսում է արգելոցի գործունեության մասին հաշվետվությունները.

7) հաստատում է արգելոցին անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով հանձնված գույքի կազմը.

8) իրականացնում է վերահսկողություն արգելոցին հանձնված գույքի օգտագործման և պահպանման նկատմամբ:

18. Մասնաճյուղի վարիչին պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է ՊՈԱԿ-ի տնօրենը: Մասնաճյուղի վարիչի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր: Աշխատանքային պայմանագրով սահմանվում են մասնաճյուղի վարիչի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները ՊՈԱԿ-ի հետ, նրա աշխատանքի վարձատրման պայմանները, պայմանագրի դադարման՝ օրենքով նախատեսված բոլոր հիմքերն ու այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերն անհրաժեշտ կգտնեն: Աշխատանքային պայմանագրի դրույթները չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

19. Մասնաճյուղի վարիչը սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորության սահմաններում ղեկավարում է արգելոցի գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

20. Մասնաճյուղի վարիչը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

21. Մասնաճյուղի վարիչը գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառած վնասի համար: Նրա լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

22. Մասնաճյուղի վարիչը`

1) առանց լիազորագրի հանդես է գալիս արգելոցի անունից, ներկայացնում նրա շահերը և համապատասխան լիազորությունների առկայության դեպքում կնքում է գործարքներ.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի հրամաններով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է արգելոցին հանձնված գույքը.

3) ՊՈԱԿ-ի գործադիր մարմին է ներկայացնում միջնորդություն աշխատանքի նշանակման և աշխատողներին աշխատանքից ազատման, նրանց նկատմամբ խրախուսման միջոցների կիրառման ու կարգապահական տույժերի նշանակման վերաբերյալ.

4) ՊՈԱԿ-ի գործադիր մարմին է ներկայացնում առաջարկություն աշխատողների միջև աշխատանքի բաշխման վերաբերյալ.

5) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով իր լիազորությունների սահմաններում տալիս է հրահանգներ, պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

6) ՊՈԱԿ-ի կողմից տրված համապատասխան լիազորությունների առկայության դեպքում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող:

23. Մասնաճյուղի վարիչը պարտավոր է չկատարել ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

24. Մասնաճյուղի վարիչի բացակայության դեպքում նրա լիազորություններն իրականացնում է գիտական աշխատողը:

25. Արգելոցի աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, աշխատանքային պայմանագրով, մասնաճյուղի ներքին կանոնակարգով և այլ իրավական ակտերով:

26. Արգելոցի գործունեությանը վերաբերող հիմնական հարցերի քննարկման և կազմակերպական աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով մասնաճյուղի վարիչին կից ստեղծվում է խորհրդակցական մարմին` գիտամեթոդական խորհուրդ: Գիտամեթոդական խորհրդի կազմը և կանոնակարգը հաստատում է ՊՈԱԿ-ի գործադիր մարմինը:

 

VIII. ԱՐԳԵԼՈՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

27. Արգելոցի գործունեությունը կարող է դադարեցվել հիմնադիրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
նոյեմբերի 24-ի N 1204-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_11260

Ներմուծեք նկարագրությունը_11261

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.05.2017, N 457-Ն 11.05.2017, N 1204-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան