ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՉԱՇԽԱՏՈՂ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Չաշխատող կենսաթոշակառուների սոցիալական պաշտպանվածությունն ապահովելու նպատակով, որոշում եմ.
1. 1993 թվականի հունվարի 1-ից չաշխատող կենսաթոշակառուներին վերապահել հետևյալ արտոնությունները.
ա) բժիշկների դեղատոմսերով ձեռք բերվող դեղորայքի արժեքի 30 տոկոսի զեղչի իրավունք` պետական դեղատներից օգտվելու դեպքում.
բ) բոլոր տեսակի պրոթեզաօրթոպեդիկ պարագաների անվճար ձեռքբերման իրավունք, բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված պարագաները.
գ) առաջնահերթ սպասարկում բուժպրոֆիլակտիկ հիմնարկներում և դեղատներում:
2. (2-րդ կետը վերացվել է 18.02.98 ՆՀՊ-891)
3. Հրամանագրի 1-ին կետով նախատեսվող արտոնությունների իրականացման հետ կապված ծախսերը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:
(3-րդ կետը փոփ. 18.02.98 ՆՀՊ-891)
4. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` քննարկել միայնակ չաշխատող կենսաթոշակառուներին առաջնահերթ կարգով հեռախոսով ապահովելու հնարավորությունները և մեկամսյա ժամկետում համապատասխան առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` ի հաշիվ պետական սոցիալական ապահովագրության միջոցների հանրապետական հանգստյան տներում և առողջարաններում տեղերին մինչև 10 տոկոսը անվճար հատկացնել միայնակ չաշխատող կենսաթոշակառուներին:
6. Պատգամավորների շրջանային, հանրապետական ենթակայության քաղաքների քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին`
ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ կազմակերպել սոցիալական ծառայություններ այն շրջաններում և քաղաքներում, որտեղ չկան այդպիսիք.
բ) միայնակ չաշխատող, խիստ կարիքավոր կենսաթոշակառուների համար հասարակական սննդի օբյեկտներից մեկում տեղական բյուջեի միջոցների հաշվին կազմակերպել անվճար սնունդ.
գ) («գ» ենթակետը վերացվել է 18.02.98 ՆՀՊ-891)
(6-րդ կետը փոփ. 18.02.98 ՆՀՊ-891)
7. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը, առևտրի նախարարությանը և Հայկոոպի վարչությանը` բավարարել անվճար սնունդ կազմակերպելու համար պատգամավորների շրջանային, հանրապետական ենթակայության քաղաքների քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից ներկայացված հայտերը:8. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` 10-օրյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան ակտեր:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|