Գլխավոր տեղեկություն
Համար
N 206-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.04.06/28(1208) Հոդ.212
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.03.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մարտի 2016 թվականի N 206-Ն

 

ԷՏԱԼՈՆԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել էտալոնային լաբորատորիաներին ներկայացվող պահանջները և դրանց ճանաչման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մարտի 10

Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 3-ի N 206-Ն որոշման

ԷՏԱԼՈՆԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Էտալոնային լաբորատորիաներին ներկայացվող պահանջներով և դրանց ճանաչման կարգով (այսուհետ՝ կարգ) կարգավորվում են փորձարկման լաբորատորիան որպես էտալոնային լաբորատորիա ճանաչելու կարգը և պահանջները սահմանելու հետ կապված հարաբերությունները:

2. Կարգում օգտագործվող հասկացություններն ունեն «Տեխնիկական կանոնակարգման մասին» և «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված իմաստը՝

1) էտալոնային մեթոդիկա (այսուհետ` մեթոդ)՝ փաստաթուղթ, որով սահմանվում են չափումների (փորձարկումների) կատարման նախապատրաստման կանոնները, չափումների (փորձարկումների) մեթոդները, տեխնիկական միջոցները, ինչպես նաև արդյունքի մշակման և հաշվարկման կարգը.

2) փորձարկման լաբորատորիա՝ որոշակի փորձարկումներ իրականացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.

3) միջազգային հավատարմագրում՝ հավատարմագրման գործընթաց՝ իրականացված հավատարմագրման տարածաշրջանային և (կամ) միջազգային կազմակերպությունների երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր ստորագրող կողմ հանդիսացող հավատարմագրման մարմնի կողմից:

3. Լաբորատորիան ճանաչվում է որպես էտալոնային, երբ առաջանում է էտալոնային մեթոդի կիրառմամբ, չափումների որոշակի բնագավառում միջազգային մակարդակով հետևելի` տեխնիկական կանոնակարգով սահմանված արտադրանքի հենակետային մեծության արժեքի որոշման անհրաժեշտություն:

4. Էտալոնային լաբորատորիայի ճանաչման անհրաժեշտությունն առաջանում է հանրային (բնակչության) և կենդանիների առողջության, ինչպես նաև պետական անվտանգության համար տեխնիկական կանոնակարգով սահմանված արտադրանքի որոշակի կարևոր ցուցանիշների` միջազգային մակարդակով հետևելի մեծության արժեքի որոշման և տրամադրման, ինչպես նաև անհրաժեշտ արբիտրաժային խնդիրների լուծման դեպքում:

5. Էտալոնային լաբորատորիաների նպատակն է չափումների (փորձարկումների) արդյունքներով նպաստել՝

1) հազվագյուտ կամ դժվար ախտորոշման հաստատմանը.

2) առանձին, անորոշ դեպքերի կառավարմանը.

3) արտադրանքի` հանրային ազդեցության ուսումնասիրությանը (մարդկանց և կենդանիների առողջության անվտանգության առումով).

4) նոր տեխնոլոգիաների զարգացմանը, կրթական մակարդակի բարձրացմանը և վերապատրաստմանը.

5) ազգային մակարդակում արտադրանքի նկատմամբ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների լաբորատոր չափումների (փորձարկումների) իրականացման բարձր մակարդակի ապահովմանը, չափումների (փորձարկումների) արդյունքների ճշտության վերլուծությանը և իրավիճակի վերահսկողությանը:

 

II. ԷՏԱԼՈՆԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Փորձարկման լաբորատորիան տեխնիկական կանոնակարգով կանոնակարգվող ոլորտում (այսուհետ` կանոնակարգվող ոլորտ) որպես էտալոնային լաբորատորիա ճանաչվելու համար անհրաժեշտ են`

1) ազգային և միջազգային հավատարմագրում.

2) հավատարմագրված միջազգային կազմակերպությունների կողմից անցկացված որակավորման ստուգման ամենամյա ծրագրին մասնակցության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն` դրական արդյունքներ.

3) չափումների (փորձարկումների) իրականացման հաստատված ընթացակարգ` (կլինիկական, տեխնիկական կամ այլ) էտալոնային նմուշների հետևելիության գրառումներով.

4) հաստատված ընթացակարգ՝ էտալոնային և (կամ) աշխատանքային նմուշների պահպանման համար, ինչպես նաև համապատասխան տեխնիկական հմտություններ` նոր մեթոդներ մշակելու և գնահատելու համար.

5) մասնագիտական կադրեր` կանոնակարգվող ոլորտում ծառայություն մատուցող այլ մասնագետների վերապատրաստում իրականացնելու և ստանդարտ մեթոդների մշակման և (կամ) գնահատման համար (անհրաժեշտություն առաջանալու դեպքում).

6) տրամաչափարկված չափման միջոցներ.

7) չափումների (փորձարկումների) հաստատագրված ընթացակարգ.

8) հաստատված քաղաքականություն և ընթացակարգեր` կատարվող աշխատանքների հաշվառման համակարգով:

7. Էտալոնային լաբորատորիան պետք է ապահովի իր գործառույթների պատշաճ կատարումը` բարձր ճշգրտությամբ վերլուծական սարքավորումների, ինչպես նաև համապատասխան մեթոդական բազայի միջոցով:

8. Էտալոնային լաբորատորիան պետք է ապահովի իր գործունեության մասին անհրաժեշտ տեղեկատվության տեղադրումն ինտերնետային ցանցի իր համապատասխան կայքէջում:

 

III. ԷՏԱԼՈՆԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

 

9. Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգման ոլորտում համակարգող մարմնի (այսուհետ՝ համակարգող մարմին) կողմից հայտարարվում է մրցույթ` արտադրանքի ցուցանիշների չափումների (փորձարկումների) ճշգրիտ արդյունքներ ապահովող էտալոնային լաբորատորիաների ճանաչման համար:

10. Մրցույթին մասնակցելու և որպես էտալոնային լաբորատորիա ճանաչվելու համար փորձարկման լաբորատորիան secretariat@miոecօոօmy.am էլեկտրոնային հասցեով համակարգող մարմին է ներկայացնում էլեկտրոնային հայտ` կցելով կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերը, որոնք պետք է ներկայացվեն էլեկտրոնային ստորագրությամբ:

11. Հայտի ձևը հաստատվում է համակարգող մարմնի ղեկավարի կողմից:

12. Հայտին կից ներկայացվում են՝

1) փորձարկման լաբորատորիայի ազգային և միջազգային հավատարմագրման վկայագրերի պատճենները.

2) մեծությունների միավորների ելակետային արժեքների ներկայացման՝ լաբորատորիայի հայտարարագրված չափումների (փորձարկումների) ցանկը.

3) չափումների (փորձարկումների) ընթացքում կիրառվող էտալոնային մեթոդների ցանկը.

4) ծառայությունների մատուցման անհրաժեշտ մակարդակի մասին տեղեկատվություն (տարածքային, մասնագիտական պատրաստվածության (վերապատրաստման), տեխնիկական հագեցվածության մասին).

5) չափումների (փորձարկումների) իրականացման հաստատված ընթացակարգ.

6) տեղեկատվություն չափման միջոցների տրամաչափարկման մասին.

7) տեղեկատվություն հավատարմագրված միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող որակավորման ստուգման ամենամյա ծրագրին մասնակցության դրական արդյունքների մասին (սերտիֆիկատ կամ այլ փաստաթղթեր):

13. Կարգի 12-րդ կետով սահմանված փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում համակարգող մարմինը դրա մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հայտատուին և առաջարկում 3 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել դրանք:

14. Կարգի 13-րդ կետով սահմանված ժամկետում թերությունները չուղղելու, ինչպես նաև կարգի 12-րդ կետով սահմանված փաստաթղթերը չներկայացնելու, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն ներկայացնելու դեպքում` հայտը մերժվում է, և համակարգող մարմինը 3 օրվա ընթացքում գրությամբ, տվյալ փորձարկման լաբորատորիային (լաբորատորիաներին) տեղեկացնում է ներկայացված հայտի մերժման մասին:

15. Ներկայացված հայտն ու հայտին կից փաստաթղթերն ստանալուց հետո, կարգի 13-րդ կետով սահմանված թերությունների բացակայության և դրանք ամբողջական լինելու դեպքում համակարգող մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ, տվյալ փորձարկման լաբորատորիային (լաբորատորիաներին) տեղեկացնում է ներկայացված հայտն ընդունելու մասին:

16. Փորձարկման լաբորատորիան որպես էտալոնային լաբորատորիա ճանաչելու նպատակով՝ հայտի ընդունումից 5 աշխատանքային օր հետո համակարգող մարմնի կողմից ստեղծվում է մրցութային հանձնաժողով (այսուհետ` մրցութային հանձնաժողով):

17. Փորձարկման լաբորատորիան էտալոնային լաբորատորիա է ճանաչվում այն չափումների (փորձարկումների) իրականացման համար, որոնց մասին հայտ է ներկայացվել:

18. Կարգի 6-8-րդ կետերում նշված չափանիշներին համապատասխանությունը գնահատվում է հետևյալ միավորների համակարգով՝

1) համապատասխանության գնահատման ճշտությունը հավաստող փաստաթղթեր (առավելագույնը՝ 5 միավոր, նվազագույնը` 0).

2) աշխատակազմ`

ա. տեխնիկական գիտելիքներ (առավելագույնը՝ 5 միավոր, նվազագույնը` 0),

բ. մասնագիտական պատրաստվածություն (առավելագույնը՝ 5 միավոր, նվազագույնը` 0),

գ. տվյալ ոլորտի հմտություններ (փորձ) (առավելագույնը՝ 5 միավոր, նվազագույնը` 0).

3) տեխնիկական, մասնագիտական կարողություններ և միջոցներ (այդ թվում` տարածքների և սարքավորումների առկայություն) (առավելագույնը՝ 5 միավոր, նվազագույնը` 0):

19. Մրցութային հանձնաժողովի կողմից 12-րդ կետով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունն իրականացվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում:

20. Եթե մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից հայտին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության և կարգի 18-րդ կետով սահմանված կարգով իրականացված գնահատման արդյունքում ընդհանուր գնահատականը կազմում է առնվազն 15 միավոր, և առանձին գնահատականներից որևէ մեկը ցածր չէ 3 միավորից, ապա մրցութային հանձնաժողովը համակարգող մարմնի համապատասխան ստորաբաժանման միջոցով 3 օրվա ընթացքում համակարգող մարմնի ղեկավարին ներկայացնում է տվյալ փորձարկման լաբորատորիան որպես էտալոնային լաբորատորիա ճանաչելու վերաբերյալ առաջարկ:

21. Համակարգող մարմնի ղեկավարը 2 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է փորձարկման լաբորատորիան որպես էտալոնային լաբորատորիա ճանաչելու և գործունեություն իրականացնելու իրավունքի վերապահման մասին որոշում (նաև մրցույթին մասնակցող լաբորատորիաների հավասար միավորներ ստանալու դեպքում):

22. Եթե կարգի 18-րդ կետով սահմանված կարգով գնահատման արդյունքում ընդհանուր միջին գնահատականը ցածր է 15 միավորից, կամ առանձին գնահատականներից որևէ մեկը ցածր է 3 միավորից, ապա մրցութային հանձնաժողովը համակարգող մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություն հայտը մերժելու վերաբերյալ, և 3 օրվա ընթացքում համակարգող մարմնի ղեկավարի մերժման վերաբերյալ որոշման հետ միասին հայտատուին են ներկայացվում յուրաքանչյուր միավորի նշանակման հիմնավորումները:

23. Կարգի 21-րդ կետով սահմանված որոշման ընդունումից հետո համակարգող մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում պետք է տվյալ փորձարկման լաբորատորիային տրամադրի էտալոնային լաբորատորիայի ճանաչման վկայական:

24. Փորձարկման լաբորատորիան ճանաչվում է որպես էտալոնային՝ ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով` միջազգային և ազգային հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետին համապատասխան:

25. Էտալոնային լաբորատորիայի ճանաչման վկայականի ձևը հաստատվում է համակարգող մարմնի ղեկավարի կողմից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան