ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
17 նոյեմբերի 2015 թ. |
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԵՎ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 21-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`
դիմողի` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ Լ. Սարգսյանի,
դիմողի՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ Դ. Մելքոնյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Հ. Սարդարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ և 8-րդ կետերի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38, 68 և 71-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ գլխավոր դատախազի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ գլխավոր դատախազի համապատասխանաբար՝ 11.08.2015թ. և 21.08.2015թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են:
Հաշվի առնելով, որ վերոհիշյալ դիմումներով գործերը վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի` սահմանադրական դատարանն իր` 08.09.2015 թվականի ՍԴԱՈ-52 աշխատակարգային որոշմամբ միավորել է դրանք՝ դատարանի նույն նիստում քննելու համար:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, դիմումներում բարձրացված հարցերին առնչվող օրենսդրության այլ ակտերը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը (ՀՕ-248) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ին:
Օրենսգրքի՝ սույն գործով վիճարկվող` «Կրկին անգամ դատվելու անթույլատրելիությունը» վերտառությամբ 21-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է.
«4. Դատախազը քրեական գործը կարճելու, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի կայացրած որոշումը կարող է վերացնել որոշման պատճենը ստանալու պահից 7 օրվա ընթացքում: Դրանից հետո քրեական հետապնդման մարմնի՝ գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը կարող է վերացվել մեկ անգամ և միայն գլխավոր դատախազի կողմից՝ այդպիսի որոշում կայացնելուց հետո՝ վեց ամսվա ժամկետում»:
Օրենսգրքի վերոհիշյալ հոդվածը փոփոխության և լրացման է ենթարկվել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համապատասխանաբար՝ 25.05.2006 թվականի ՀՕ-91-Ն, 21.02.2007 թվականի ՀՕ-93-Ն և 28.11.07 թվականի ՀՕ-270-Ն ՀՀ օրենքներով: Իսկ վիճարկվող դրույթների բովանդակությունը լրացվել է 21.02.2007 թվականի՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-93-Ն օրենքով, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2007 թվականի փետրվարի 21-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2007 թվականի մարտի 15-ին և ուժի մեջ է մտել 2007 թվականի ապրիլի 7-ին:
2. Դիմողներից՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ վիճարկվող նորմը հակասում է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին և 22-րդ հոդվածի 7-րդ մասերին` ներկայացնելով հիմնավորումներ, համաձայն որոնց` իր կողմից կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ գործնականում հսկող դատախազի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու, քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները միևնույն հիմքով մի քանի անգամ վերացնելու դեպքում անձն անորոշ ժամկետով հայտնվում է քրեական հետապնդման մեջ: Դա «... հակասում է նույն արարքի համար կրկին չդատվելու սկզբունքին (non bis in idem)», և, ըստ դիմողի` իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունից պարզվել է, որ ՀՀ գլխավոր դատախազի, հսկող դատախազի և քննիչի կողմից քրեական գործ հարուցելու, քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու լիազորության տարանջատման հետ կապված «առկա են խնդիրներ»:
Մասնավորապես, ինչպես գտնում է դիմողը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան հետաքննության մարմնի կամ քննիչի կայացրած որոշումը դատախազի կողմից կարող է վերացվել այդ որոշման պատճենը ստանալու պահից 7 օրվա ընթացքում: Դրանից հետո այդ որոշումը կարող է վերացվել մեկ անգամ և միայն գլխավոր դատախազի կողմից՝ այդպիսի որոշում կայացնելուց հետո՝ վեց ամսվա ժամկետում: Եվ ինչպես դիմողն է գտնում` «Տվյալ դրույթներն ինքնին իրավական որոշակիության խնդիր ունեն, պարունակում են հակասական կարգավորումներ, ինչպես նաև կիրառման ժամանակ առաջացնում են տարաբնույթ մեկնաբանություններ իրավասու պետական մարմինների և քաղաքացիների շրջանում»: Մասնավորապես, դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմին գործնականում հնարավոր է երկու մեկնաբանություն տրվի: Մեկի համաձայն՝ հսկող դատախազն իրավասու է վերացնել քննիչի՝ քրեական գործ հարուցելու, քրեական գործի հարուցումը մերժելու (քրեական հետապնդում չիրականացնելու) կամ քրեական գործի վարույթը կարճելու (քրեական հետապնդումը դադարեցնելու) որոշումը՝ առանց քանակական սահմանափակման: Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազը վեցամսյա ժամկետում իրավասու է վերացնել քննիչի՝ վերոհիշյալ որոշումը, եթե հսկող դատախազը չի վերացրել այն: Այսինքն, ինչպես գտնում է դիմողը, «դատախազական և քննչական գերատեսչությունների միջև դիրքորոշումների անհամաձայնության հետևանքով անձը անորոշ ժամկետով հայտնվում է քրեական հետապնդման մեջ, ինչը հակասում է նույն արարքի համար կրկին չդատվելու սկզբունքի (non bis in idem) բուն էությանը»:
Մյուս հնարավոր մեկնաբանության վերաբերյալ դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասության մեջ օգտագործվող «դրանից հետո» արտահայտությունը վերաբերում է հսկող դատախազի կողմից որոշումը վերացնելու գործողությանը, այլ ոչ թե 7-օրյա ժամկետին: Այսինքն` հսկող դատախազը կարող է վերացնել վերոնշյալ որոշումները միայն մեկ անգամ, որից հետո քննիչի որոշումը կարող է վերացվել մեկ անգամ և միայն ՀՀ գլխավոր դատախազի կողմից: Եվ եթե դիտարկվի, որ «դրանից հետո» արտահայտությունը վերաբերում է ոչ թե 7-օրյա ժամկետին, այլ որոշումը վերացնող դատախազի գործողությանը, ապա ստացվում է այնպես, որ ՀՀ գլխավոր դատախազը վեցամսյա ժամկետում քրեական հետապնդման մարմնի՝ օրենքով նախատեսված որոշումները կարող է վերացնել միայն այն դեպքում, երբ հսկող դատախազը մեկ անգամ դրանք վերացրել է:
Ըստ դիմողի` գործնականում ձևավորվել է այնպիսի պրակտիկա, որ ՀՀ գլխավոր դատախազն իրավասու է վերացնել քրեական հետապնդման մարմնի՝ օրենքով նախատեսված որոշումները նաև այն դեպքում, երբ հսկող դատախազը չի վերացրել դրանք: Սակայն «Ստացվում է, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից քննիչի՝ քրեական գործ հարուցելու, քրեական գործի հարուցումը մերժելու (քրեական հետապնդում չիրականացնելու) կամ քրեական գործի վարույթը կարճելու (քրեական հետապնդումը դադարեցնելու) որոշումը վերացնելուց հետո քննիչն իրավասու է կրկին կարճել քրեական վարույթը, որի հետևանքով կսահմանափակվի ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածով նախատեսված ՀՀ դատախազության` ... օրինականության նկատմամբ հսկողության գործառույթը, քանի որ դատախազն այլևս հնարավորություն չի ունենա վերացնել քննիչի վերոնշյալ որոշումները»:
Ըստ դիմողի` նման հակասական կարգավորումների և մեկնաբանությունների հիմնական պատճառն այն է, որ քննիչի և դատախազի լիազորությունները վիճարկվող նորմով հստակ տարանջատված չեն:
Դիմողներից` ՀՀ գլխավոր դատախազը գտնում է, որ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված նորմը գործնականում զրկում է հսկող դատախազին՝ հետաքննության մարմնի ու քննիչի՝ քրեական գործը կարճելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին օրենքի խախտմամբ կայացված որոշումը վերացնելու օբյեկտիվ հնարավորությունից: Նույն հոդվածին իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանության պայմաններում ՀՀ գլխավոր դատախազը ևս հնարավորություն չի ունենում իրացնելու այդ հոդվածով իրեն վերապահված լիազորությունը, դրանով իսկ «... զրկվելով ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածով դատախազությանը վերապահված գործառույթի իրականացումն ապահովելու հնարավորությունից»:
Դիմողը նաև ներկայացնում է փաստարկներ այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումն ստանալուց հետո պահանջվել է ստուգման համար նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, «սակայն, մի շարք դեպքերում նյութերը ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել 7-օրյա ժամկետն անցնելուց հետո, որի պատճառով դատախազը հնարավորություն չի ունեցել իրացնելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ որոշումը ստանալու պահից 7-օրյա ժամկետում վերացնելու լիազորությունը»:
Վիճարկվող նորմի համակարգային վերլուծությունից և այդ նորմին իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանությունից դիմողը հանգում է այն հետևությանը, համաձայն որի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությամբ նշված որևէ որոշում գլխավոր դատախազի կողմից վերացնելու իրավունքից զրկումը խաթարում է ոչ միայն նշված հոդվածի տրամաբանական կառուցվածքը, այլև «նսեմացնում է դրա նորմատիվային արժեքը», հակասում է ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածում ամրագրված՝ դատախազության գործունեության միասնականության սկզբունքին, վտանգում է հանցագործությունից տուժած անձանց՝ իրավունքների և ազատությունների պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը: Բացի դրանից, ինչպես գտնում է դիմողը, պետությունն իր հերթին ստանձնել է անձանց պատճառված վնասի հատուցմանն ուղղված պոզիտիվ պարտականություն, որի իրացման մեխանիզմներից մեկն էլ դատախազի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման վերացումն է: «Եթե պետության նշված պոզիտիվ պարտականությունը չի իրացվում հսկող դատախազի կողմից, ապա դրա իրացման պարտականությունը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով, կրում է գլխավոր դատախազը»:
3. Պատասխանող կողմը գտնում է, որ վիճարկվող հոդվածի դրույթները ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան իրավակարգավորման նպատակի լույսի ներքո մեկնաբանելու պարագայում սահմանադրականության խնդիրներ չեն առաջացնի: Պատասխանող կողմի փաստարկները հանգում են հետևյալին:
Օրենսդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկվող դրույթի նպատակը քրեական հետապնդման սպառնալիքի և դրանով պայմանավորված` անձի իրավական կարգավիճակի անորոշության վերացումն է, նախատեսել է քրեական հետապնդման մարմինների՝ վիճելի իրավանորմում նշված որոշումները հսկող դատախազի կողմից միայն 7-օրյա ժամկետում և մեկ անգամ վերացնելու հնարավորություն: Մինչդեռ այդ նորմով նախատեսված 7-օրյա ժամկետի հաշվարկը յուրաքանչյուր անգամ վերսկսելու և դրանով հսկող դատախազին նշված որոշումները բազմակի վերացնելու հնարավորություն ընձեռելու դեպքում կառաջանա քրեական գործի քննության անվերջանալի շրջապտույտ, անխուսափելիորեն կխախտվեն կասկածյալի կամ մեղադրյալի իրավունքները՝ նրան դնելով քրեական հետապնդման չվերջացող սպառնալիքի ներքո: ՀՀ գլխավոր դատախազի կողմից օրենքի խախտումները շտկելու վեցամսյա ժամկետի հաշվարկն սկսվում է քրեական գործը կարճելու, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի կողմից որոշում կայացնելուց հետո, որը դարձյալ կասկածյալին կամ մեղադրյալին քրեական հետապնդման անորոշ սպառնալիքից պաշտպանելու նպատակ է հետապնդում:
Պատահական չէ, որ հենց ՀՀ գլխավոր դատախազին է վերապահվել քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումները վերացնելու հարցում վերջնական որոշում կայացնելու իրավասությունը: Բանն այն է, որ հսկող դատախազի կողմից նշված որոշումները հաստատվելուց հետո կասկածյալի կամ մեղադրյալի իրավական դրության մեջ որոշակիություն է մտցվում, և, հակառակը, նշված որոշումների վերացումն էականորեն շոշափում է անձի իրավունքները, ուստի, հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ դրա լուծումը վերապահվել է ՀՀ գլխավոր դատախազի բացառիկ իրավասությանը:
Պատասխանողն անհիմն է համարում այնպիսի մեկնաբանությունը, համաձայն որի` միայն հսկող դատախազի կողմից քրեական հետապնդման մարմնի համապատասխան որոշումը ոչ իրավաչափորեն վերացնելուց հետո միայն գլխավոր դատախազը միջամտության հնարավորություն կստանա: Պատասխանողը գտնում է, որ նման մեկնաբանությունը չի համապատասխանում տվյալ իրավակարգավորմամբ հետապնդվող նպատակներին:
Պատասխանողը գտնում է նաև, որ «քրեական գործը կարճելու, քրեական գործ հարուցելու և քրեական գործի հարուցումը մերժելու մասին քրեական հետապնդման մարմինների որոշումները բազմակի վերացնելու հնարավորության ճանաչումը... կիմաստազրկի և ի չիք կդարձնի ՀՀ գլխավոր դատախազի իրավասության նշանակությունը»:
Հղում կատարելով դատախազության իրավական կարգավիճակին վերաբերող սահմանադրական նորմերին և միջազգային ակտերին, վերլուծելով «քրեական հետապնդում» եզրույթի իրավական բովանդակությունը` պատասխանողը նշում է, որ քրեական գործի հարուցումը և քրեական գործ հարուցելուց հրաժարվելու մասին որոշումների օրինականությունը վճռական նշանակություն ունեն քրեական դատավարության խնդիրների իրականացման համար: Այս առումով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ իրականացվող դատախազական հսկողությունը միտված է վերը նշված նպատակներին: Քրեական գործի հարուցման փուլի օրինականության ապահովման պարտականությունն օրենսդիրը, առաջին հերթին, վերապահել է հսկող դատախազին: Սակայն օրենսդրորեն պետք է նաև համարժեք կառուցակարգեր և երաշխիքներ սահմանվեն դրանց իրականացումն ապահովելու համար: Այս առումով, ինչպես ցույց է տալիս իրավակիրառ պրակտիկան, 7-օրյա ժամկետի հաշվարկի մեկնարկն ընդամենը որոշման պատճենը ստանալու պահից սկսելը, երբ որոշման պատճենի հետ միասին դատախազին չեն ներկայացվում նաև գործի նյութերը, ի զորու չէ լիարժեքորեն ապահովել հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունը, այդպիսի հսկողության իրականացմամբ հետապնդվող նպատակները: Իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրը շտկելու համար ՀՀ Ազգային ժողովում պատրաստվում է օրենքի նախագիծ:
Պատասխանողի հիմնական եզրակացությունն այն է, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները կոչված են բացառելու անձի` կրկին անգամ դատվելու հնարավորությունը` միաժամանակ երաշխավորելով քրեական հետապնդում հարուցելու և հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու դատախազության սահմանադրական լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը»: Հետևաբար` «...վիճարկվող հոդվածի դրույթները ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան իրավակարգավորման նպատակների լույսի ներքո մեկնաբանելու պարագայում սահմանադրականության խնդիրներ չեն առաջացնի»:
4. Սույն գործով սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող նորմերի իրավակարգավորման շրջանակներում պարզել.
- ՀՀ դատախազության` որպես ՀՀ գլխավոր դատախազի կողմից ղեկավարվող միասնական համակարգի սահմանադրաիրավական գործառույթների և դրանց իրացման համարժեք միջոցների առկայությունը,
- իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական սկզբունքի ապահովման, ինչպես նաև պետական իրավասու մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց լիազորությունների թույլատրելի սահմանների երաշխավորվածությունը,
- իրավական որոշակիության, ինչպես նաև վիճելի իրավակարգավորմամբ հետապնդվող նպատակների ու նախատեսված իրավական միջոցների համարժեքության սահմանադրաիրավական պահանջներին համապատասխանելիությունը,
- ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ անձին նույն արարքի համար կրկին անգամ դատելու անթույլատրելիության սկզբունքի լիարժեք պահպանման իրավական հնարավորությունների առկայությունն ու այդ սկզբունքի սահմանադրաիրավական բովանդակության և դրան համապատասխանող իրավական ընթացակարգեր նախատեսելու վերաբերյալ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների իրացումը,
- հանցավոր ոտնձգություններից անձի սահմանադրական իրավունքների ու ազատությունների պաշտպանության իրավական համարժեք ընթացակարգերի երաշխավորվածությունը:
Սույն գործով դիմումներում ներկայացված փաստարկների ու հիմնավորումների վերլուծությունը վկայում է, որ ինչպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազը քննության առարկա իրավանորմերի սահմանադրականությունը վիճարկելիս հիմնվում են առավելապես իրավակիրառական պրակտիկայի վրա՝ ներկայացնելով այդ նորմերին տրված տարաբնույթ մեկնաբանություններ: Ուստի ՀՀ սահմանադրական դատարանն առաջնահերթ է համարում վեճի առարկա նորմերի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտումը:
5. ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն` ՀՀ դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը: Դատախազության առջև դրված են մի շարք սահմանադրաիրավական բացառիկ գործառույթներ, այդ թվում՝ մինչդատական վարույթի շրջանակներում՝ քրեական հետապնդման հարուցումը, հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության սահմանումը, իսկ քրեական գործերով դատաքննության փուլում՝ մեղադրանքի պաշտպանությունը: Սահմանադրության վերոհիշյալ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատախազությունն իր գործառույթներն իրականացնում է օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով:
Սահմանադրաիրավական վերոհիշյալ նորմերի անմիջական իրացմանն են միտված «Դատախազության մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, որոնք ինչպես նյութական, այնպես էլ ընթացակարգային նորմերով կոչված են սահմանելու դատախազության, գլխավոր դատախազի սահմանադրական գործառույթներից անմիջականորեն բխող լիազորությունների շրջանակը, այդ լիազորությունների իրականացման կարգն ու պայմանները՝ դատախազական հսկողության ձևերն ու մեթոդները, ինչպես նաև պետական, այդ թվում՝ հետաքննություն և նախաքննություն իրականացնող մարմինների ու պաշտոնատար անձանց հետ դատախազության, գլխավոր դատախազի գործառութային ու կառուցակարգային հարաբերությունների շրջանակը:
Չնայած Սահմանադրության 103-րդ հոդվածի նորմերի անմիջական գործողությանը, դրանք սահմանադրաիրավական նշանակություն ունեցող և, հատկապես՝ օրենքով կարգավորման ենթակա խնդիրներ են, որոնց նորմատիվ հաստատագրմամբ է նաև պայմանավորված ինչպես դատախազության, այնպես էլ գլխավոր դատախազի իրավական կարգավիճակի առանձնահատկությունը: Այս առումով, վերոհիշյալ իրավական ակտերը կոչված են ապահովելու նաև ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի, 6-րդ հոդվածի 5-րդ մասի, Սահմանադրության 2-րդ գլխում ամփոփված բազմաթիվ այլ նորմերի, ինչպես նաև 83.5-րդ հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 6-րդ կետերի նորմատիվ պահանջների կատարումը:
Ելնելով Սահմանադրության վերոհիշյալ նորմերի, դատախազության գործունեությունը կարգավորող օրենսդրական ակտերի համակարգային վերլուծությունից` սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ դատախազության` որպես պետաիրավական միասնական ինստիտուտի (մարմնի) կարգավիճակի առանձնահատկությունը ոչ միայն պայմանավորված է սահմանադրական գործառույթների բացառիկությամբ, այլև դրանց սոցիալ-իրավական նշանակությամբ, որից բխում է, որ այդ մարմնի գործունեության նպատակն է նաև հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: Այս համատեքստում բացահայտելով վեճի առարկա իրավանորմերի բովանդակությունը` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող նորմերն իրենց իրավական բովանդակությամբ կոչված են ոչ միայն սահմանելու մինչդատական վարույթում դատախազի (գլխավոր դատախազի) սահմանադրական գործառույթներից բխող կոնկրետ լիազորություններն ու դրանց իրականացման կարգը /կապված հետաքննություն և նախաքննություն իրականացնող մարմնի, ինչպես նաև գլխավոր դատախազի կողմից կոնկրետ գործի շրջանակներում ստորադաս դատախազի գործողությունների օրինականության ու հիմնավորվածության նկատմամբ հսկողություն իրականացնելու հետ/, այլև երաշխավորել, որպեսզի`
- քրեական օրենսգրքերով չթույլատրված արարք կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի և քրեական օրենքով նախատեսված դեպքերում ու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվի,
- ոչ մի անմեղ անձ հանցանքի կատարման մեջ չկասկածվի, չմեղադրվի և չդատապարտվի,
- ոչ ոք անօրինական կամ առանց անհրաժեշտության չենթարկվի դատավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների և ազատությունների այլ սահմանափակման /ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, հոդվ. 2/:
Այսպիսով, վեճի առարկա իրավակարգավորմամբ հետապնդվող վերոհիշյալ նպատակներն ունեն սահմանադրական հիմնավորում, քանի որ հետաքննություն, նախաքննություն իրականացնող մարմինների՝ քրեական գործի հարուցումը մերժելու, քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները վերացնելու լիազորության նախատեսմամբ ոչ միայն երաշխավորվում են դատախազության սահմանադրական կոնկրետ գործառույթի իրականացման կարգն ու պայմանները, այլև ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` անձի հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը: Հետևաբար, հետապնդվող այդպիսի նպատակների առումով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի նորմերը սահմանադրականության խնդիր չեն հարուցում:
Բացահայտելով վեճի առարկա իրավակարգավորմամբ հետապնդվող նպատակի սահմանադրաիրավական բովանդակությունը` սահմանադրական դատարանը կարևոր է համարում նաև գնահատել վերոհիշյալ հոդվածի վերտառության («Կրկին անգամ դատվելու անթույլատրելիությունը») իրավական իմաստը, համաձայն որի` վեճի առարկա նորմերն ինքնին կոչված են դատախազական հսկողության միջոցով երաշխավորելու կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սահմանադրական սկզբունքի (ՀՀ Սահմ. 22-րդ հոդվածի 7-րդ մաս) պահպանումը քրեական գործերով մինչդատական վարույթում: Այսինքն` օրենսդիրն ի սկզբանե կանխորոշել է վիճարկվող նորմի կարգավորման բնագավառը (առարկան)` առաջին պլան մղելով ոչ թե տարբեր ինստիտուտների գործառութային ու կառուցակարգային փոխհարաբերությունների խնդիրը, այլ կողմնորոշել է իրավակիրառ սուբյեկտներին՝ ղեկավարվել բացառապես իրավակարգավորման այն խնդիրներով ու նպատակներով, որոնք բխում են օրենսգրքի 21-րդ հոդվածի նորմատիվ կանոններից՝ դրանք դասելով քրեադատավարական սկզբունքների շարքին (ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, գլուխ 2): Հետևաբար, վեճի առարկա նորմերի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտումը պետք է դիտարկել, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 22 և 103-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21 և 53-րդ հոդվածների համակարգային կապի շրջանակներում, ինչի վերաբերյալ իրավակիրառական պրակտիկայում առկա չէ միասնական մոտեցում:
6. Անդրադառնալով վիճելի իրավակարգավորմամբ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական սկզբունքի ապահովման, ինչպես նաև պետական իրավասու մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց լիազորությունների թույլատրելի սահմանների երաշխավորման խնդրին` սահմանադրական դատարանը ելնում է այն իրողությունից, որ սույն գործով քննության առարկա իրավակարգավորման շրջանակներում սահմանադրական վեճ ծագել է հենց այդ խնդրի տարակերպ ըմբռնման ու մեկնաբանման շուրջ, հետևաբար` անհրաժեշտ է, մասնավորապես, պարզել, թե`
- որո՞նք են մինչդատական վարույթում հետաքննության և նախաքննության մարմինների կողմից քրեական գործը կարճելու, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ կայացված որոշումների օրինականության նկատմամբ դատախազական հսկողության էությունն ու բովանդակությունը, ինչպես նաև սահմանները,
- ինչպիսի՞ք են քրեական գործը կարճելու, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու հետ կապված հարաբերություններում, մի կողմից, հետաքննության մարմնի, քննիչի, և մյուս կողմից՝ հսկող դատախազի (գլխավոր դատախազի) լիազորությունները, դրանց իրականացման կարգն ու պայմանները (թույլատրելի սահմանները):
«Դատախազության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի, «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի համապատասխան նորմերի համակարգային վերլուծությունը և ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետի, 103-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության հետ համադրումը (նկատի ունենալով նաև, որ վեճի առարկա իրավակարգավորումը համակարգային առումով փոխկապակցված է վերոթվարկյալ իրավական ակտերով կարգավորվող համանման հարաբերությունների հետ) վկայում են, որ սահմանադրական մակարդակով հստակ տարանջատված են հասարակական կարգի պահպանության, օրինականության պահպանման, հանցավորության դեմ պայքարի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների ապահովման ուղղությամբ դատախազության և այլ մարմինների սահմանադրական գործառույթները: Միաժամանակ, օրենքով հստակեցված են քննչական մարմինների (ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ՀՀ քննչական կոմիտե) լիազորությունների իրականացման կարգն ու պայմանները, որոնցից, հաշվի առնելով սույն գործով վեճի առարկա իրավակարգավորման առանձնահատկությունները, հետևում է, որ.
Ա) դատախազը.
- իր գործունեությունն իրականացնելիս անկախ է և ենթարկվում է միայն օրենքին, այդ գործունեությանն օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է,
- իր լիազորություններն իրականացնելիս ինքնուրույն է որոշումներ ընդունում՝ հիմնվելով օրենքների և ներքին համոզմունքի վրա և պատասխանատու է այդ որոշումների համար,
- քրեական հետապնդման հարուցումը նրա բացառիկ լիազորությունն է,
- ՀՀ դատախազությունը՝ գլխավոր դատախազի ղեկավարմամբ, հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության (անկախ գերատեսչական ենթակայությունից) օրինականության նկատմամբ, իսկ մինչդատական վարույթում՝ իրականացնում է դատավարական ղեկավարում, որը դատախազի բացառիկ լիազորությունն է,
- պատասխանատու է հետաքննության և նախաքննության լրիվության, օբյեկտիվության, բազմակողմանիության և արդյունավետության համար,
- իրավասու է վերացնել հետաքննության մարմնի և քննիչի կայացրած որոշումը քրեական գործի հարուցումը մերժելու մասին և հարուցել քրեական գործ, ինչպես նաև իր նախաձեռնությամբ հարուցել քրեական գործ, վերացնել հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումը քրեական գործով վարույթը կարճելու մասին,
- քրեական գործը կարճելու, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի կայացրած որոշումը կարող է վերացնել դրա պատճենը ստանալու պահից 7 օրվա ընթացքում, իսկ դրանից հետո քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը կարող է վերացվել մեկ անգամ և միայն գլխավոր դատախազի կողմից՝ այդպիսի որոշում կայացնելուց հետո՝ վեց ամսվա ժամկետում,
- հանցագործության դեպքով հետաքննության մարմնին և քննիչին իրավասու է հանձնարարել նախապատրաստել նյութեր քրեական գործ հարուցելու համար,
- իրավասու է հետաքննության մարմնին և քննիչին հանձնարարել կատարելու անհետաձգելի քննչական գործողություններ,
- հետաքննության մարմնին, քննիչին գրավոր ցուցումներ է տալիս քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու, որոշումներ ընդունելու վերաբերյալ,
- նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելիս իրավասու է պահանջել փաստաթղթեր, նյութեր և գործեր, որոնք կարող են տեղեկություններ պարունակել դեպքերի և դրանց առնչվող անձանց մասին,
- օրենքով նախատեսված դեպքերում իրավունք ունի որոշում կայացնելու հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող անձին վարույթից հեռացնելու վերաբերյալ,
- հրաժարվում է մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց, կարճում է քրեական գործով վարույթը կամ դադարեցնում քրեական հետապնդումը:
Բ) քննիչը.
- իր իրավասության շրջանակներում իրականացնում է քրեական գործով նախաքննություն, լիազորված է հանցագործության դեպքով նախապատրաստել նյութեր և հարուցել քրեական գործ, ինչպես նաև մերժել քրեական գործի հարուցումը և այդ մասին կայացված որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկում է դատախազին՝ որոշման օրինականությունն ստուգելու նպատակով,
- պատասխանատվություն է կրում քննչական և այլ դատավարական գործողություններն օրինական կարգով ու ժամանակին կատարելու համար,
- լիազորված է կարճել քրեական գործով վարույթը, դադարեցնել քրեական հետապնդումը և պարտավոր է այդ մասին կայացրած որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկել դատախազին՝ որոշման օրինականությունն ստուգելու նպատակով,
- պարտավոր է կատարել դատախազի օրինական ցուցումները:
Գ) հետաքննության մարմինը.
- հարուցում է քրեական գործ կամ մերժում է քրեական գործ հարուցելը, որոնց վերաբերյալ կայացրած որոշումների պատճենները 24 ժամվա ընթացքում ուղարկում է դատախազին՝ դրանց օրինականությունն ստուգելու նպատակով,
- քրեական գործ հարուցելուց հետո կատարում է քննչական անհետաձգելի գործողություններ,
- քրեական գործ հարուցելու պահից տասն օրվա ընթացքում, իսկ որոշ դեպքերում՝ անհապաղ, գործը հանձնում է քննիչին,
- քննիչի վարույթում գտնվող հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում է քննիչի, դատախազի հանձնարարությունները և վերջինիս ցուցումները,
- հնարավորություն է ընձեռում դատախազին՝ իր լիազորությունների շրջանակում ստուգելու հետաքննության մարմնի գործունեությունը,
- դատախազին տրամադրում է իր լիազորությունների շրջանակում պահանջած անհրաժեշտ տեղեկությունները,
- պարտադիր կատարում է դատախազի՝ օրենքին համապատասխան տված ցուցումները:
Այսպիսով, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ակնհայտ է գործող օրենսդրությամբ, մի կողմից, հետաքննության, նախաքննության մարմինների, մյուս կողմից՝ դատախազության գործառութային լիազորությունների տարանջատումը՝ սույն գործով վեճի առարկա և դրա հետ կապված իրավակարգավորումներում: Ընդ որում, եթե հետաքննության, նախաքննության իրականացումը պետական իրավասու մարմինների՝ օրենքով նախատեսված բացառիկ լիազորությունն է, ապա այդ գործունեության նկատմամբ հսկողության (դատավարական հսկողության) իրականացումը դատախազության սահմանադրական գործառույթն ու պարտականությունն է: Վերջինիս դեպքում օրենսդիրը նկատի է ունեցել, որ հետաքննության և նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության գործառույթը ոչ թե գերատեսչական հսկողության բովանդակություն ունի, այլ կոչված է օրենքով նախատեսված միջոցներով ապահովելու քրեական գործերով վարույթի օրինականությունը՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների շրջանակներում: Նկատի է առնվում նաև, որ քրեական գործով դատաքննության փուլում պետական մեղադրանքի պաշտպանության սահմանադրական գործառույթի իրականացման բացառիկ իրավունքը նույնպես վերապահված է դատախազին, ով պատասխանատու է հետաքննության և նախաքննության լրիվության, օբյեկտիվության, բազմակողմանիության և արդյունավետության համար, ինչն էլ իրավական կարևոր նախադրյալ է այդ մեղադրանքը դատարանում արդյունավետ պաշտպանելու և քրեական գործով արդար դատաքննություն իրականացնելու համար:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ գործառութային այդպիսի տարանջատումը համահունչ է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի, 89-րդ հոդվածի 7-րդ կետի և 103-րդ հոդվածի պահանջներին և կարևոր երաշխիք է հանցավոր ոտնձգություններից մարդու իրավունքների ու ազատությունների արդյունավետ պաշտպանությունն ապահովելու տեսանկյունից:
Սահմանադրական դատարանը նաև գտնում է, որ Սահմանադրության 103-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված գործառույթները (քրեական հետապնդման հարուցում, հետաքննության ու նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն, դատարանում մեղադրանքի պաշտպանություն) իրավակիրառական պրակտիկայում պետք է ընկալվեն, մեկնաբանվեն ու կիրառվեն ելնելով դրանց սահմանադրաիրավական փոխկապակցվածությունից: Մասնավորապես, վեճի առարկա իրավակարգավորման շրջանակներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի նորմերը չեն կարող մեկնաբանվել հայեցողաբար, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (53-րդ հոդված), նաև` «ՀՀ քննչական կոմիտեի մասին» և «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքների համապատասխան փոխկապակցված նորմերի, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության համատեքստից դուրս: Այն անխուսափելիորեն կհանգեցնի ինչպես դատախազության սահմանադրական գործառույթների իմաստազրկմանը, այնպես էլ կվտանգի մարդու՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների ու ազատությունների արդյունավետ պաշտպանությունը՝ ինչպես մինչդատական, այնպես էլ դատական վարույթի շրջանակներում: Արդյունքում` կխախտվի սահմանադրական օրինականությունը:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ սույն գործով վիճարկվող նորմատիվ կարգավորման շրջանակներում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի սահմանադրական լիազորություններից անմիջականորեն բխող իրավունքն ու պարտականությունն է, անհրաժեշտ իրավական հիմքերի առկայության պայմաններում`
- վերացնել քրեական գործը կարճելու, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի կայացրած որոշումը` օրենքով սահմանված ժամկետում ու կարգով (որոշման պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում, ՀՀ քր.դատ.օր. 21-րդ հոդվածի 4-րդ մաս),
- հիշյալ որոշման օրինականությունը (հիմնավորվածությունը) ստուգելու համար օրենքով նախատեսված ողջամիտ ժամկետում հետաքննության մարմնից, քննիչից պահանջել և ստանալ դեպքի առիթով նախապատրաստված նյութերը, քրեական գործի նյութերը (քրեական գործը) և դրանց առնչվող այլ տեղեկատվություն (ՀՀ քր.դատ.օր. 21-րդ հոդվածի 4-րդ մաս, 53-րդ հոդված),
- ՀՀ գլխավոր դատախազի բացառիկ իրավունքն ու պարտականությունն է հսկող դատախազի վերը նշված լիազորության կատարումից կամ այդ լիազորության կատարման համար սահմանված ժամկետի ավարտից հետո ծագած իրավահարաբերությունների շրջանակներում և օրենքով նախանշված ժամկետում ու կարգով վերացնել գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին քրեական հետապնդման մարմնի անօրինական որոշումը: Տվյալ դեպքում` «քրեական հետապնդման մարմին» եզրույթի ներքո պետք է հասկանալ տվյալ գործով նախաքննություն իրականացնող քննիչ, հսկող դատախազ (ՀՀ քր.դատ.օր. 21-րդ հոդվածի 4-րդ մաս, 35-րդ հոդվածի 3-րդ մաս, 53-րդ հոդված): Ընդ որում, ելնելով գլխավոր դատախազի իրավական կարգավիճակի առանձնահատկությունից, քրեական հետապնդման մարմնի հիշյալ որոշումը վերացնելու մասին գլխավոր դատախազի որոշումը մինչդատական վարույթում դատախազական հսկողության շրջանակներում պետք է դիտարկել որպես վերջնական և որևէ պայմանավորվածության մեջ չդնել հսկող դատախազի կողմից նման որոշում ընդունված լինելու կամ չլինելու հանգամանքի հետ: Դատախազական հսկողության այդ փուլում գլխավոր դատախազն իր սահմանադրաիրավական կարգավիճակին համապատասխան իրավասու է իրականացնել հսկողություն ինչպես մինչդատական վարույթի նկատմամբ, այնպես էլ գերատեսչական հսկողություն ստորադաս (հսկող) դատախազի նկատմամբ: Հաշվի պետք է առնել նաև այն հանգամանքը, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի, 10-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի հիմքերով դատախազին վերապահված բոլոր լիազորությունները, այդ թվում` քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի և քննիչի որոշումը վերացնելու մասին, հավասարապես վերաբերում են նաև գլխավոր դատախազին: ՀՀ դատական պրակտիկան ՀՀ քրեական օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի և 53-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրաիրավական այս բովանդակության հետևողական իրացում չի երաշխավորել:
Անդրադառնալով քրեական գործով մինչդատական վարույթի շրջանակներում դատախազական հսկողության սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման խնդրին` սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-935 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում, համաձայն որի` «քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում կայացված՝ գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումների վերանայումը դատախազի կողմից՝ հանդիսանում է հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության առանձին տարատեսակ, առնչվում է ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և օրենսգրքի 27-րդ հոդվածով սահմանված՝ քրեական հետապնդում հարուցելու և հանցագործությունը բացահայտելու՝ դատախազի պարտականության իրականացմանը, հանդիսանում է ինքնուրույն վարույթ և, հետևաբար, ունի որոշակի առանձնահատկություններ»:
Վերահաստատելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումը` ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ առանձնահատկության համատեքստում պետք է նաև դիտարկել մինչդատական վարույթի շրջանակներում հսկող դատախազի և ՀՀ գլխավոր դատախազի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումից բխող վերոթվարկյալ լիազորությունները:
Սահմանադրական դատարանը նաև գտնում է, որ վիճելի իրավակարգավորման շրջանակներում սահմանադրական օրինականության տեսանկյունից անթույլատրելի է միևնույն հիմքերով քրեական գործը կարճելու, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ հետաքննության կամ քրեական հետապնդման մարմնի` մեկից ավելի որոշումների կայացումը, մասնավորապես` այդպիսի որոշումները վերացնելու մասին իրավասու դատախազի որոշմանը հաջորդող հետաքննության կամ քրեական հետապնդման մարմնի` միևնույն հիմքերով նոր որոշումներ ընդունելը: Մինչդատական վարույթում այդպիսի, թեկուզ տեսական հնարավորության առկայությունը, լուրջ նախադրյալներ է պարունակում իմաստազրկելու ոչ միայն հետաքննության, նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության իրավական բովանդակությունը, այլև վտանգելու հատկապես մարդու խախտված իրավունքներն ու ազատություններն արդյունավետ միջոցներով պաշտպանելու սահմանադրական իրավունքի իրացումը (ՀՀ Սահմ. 18-րդ հոդված): Ինչպես վկայում է իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրությունը, եզակի չեն այն դեպքերը, երբ քրեական գործը կարճելու, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու` հետաքննության կամ քրեական հետապնդման մարմնի որոշում մեկից ավելի անգամ է ընդունվում ու ապա վերացվում իրավասու դատախազի կողմից:
Միջազգային պրակտիկայում առավել տարածված է այն իրավակարգավորումը, երբ ընդհանրապես քրեական վարույթը կարճելու մասին որոշումը ենթակա է հաստատման դատախազի կողմից: ՀՀ օրենսդրական կարգավորումների համադրված վերլուծությունից բխում է, որ հատկապես այն դեպքերում, երբ հսկող դատախազը վերացրել է քրեական գործը կարճելու, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և քրեական դատավարության օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում տվել է կոնկրետ ցուցումներ կամ հանձնարարականներ գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին նոր որոշում հնարավոր է կայացվել է միայն իրավասու դատախազի կողմից տրված ցուցումների կամ հանձնարարականների պարտադիր կատարման պարագայում: Հակառակ դեպքում կիմաստազրկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի` որպես քրեական դատավարության կարևոր սկզբունքի բաղադրատարրի իրավական բովանդակությունը:
7. Անդրադառնալով վիճարկվող նորմերի իրավակարգավորման շրջանակներում կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքի մեկնաբանման և կիրառման վերաբերյալ դիմող կողմի հարցադրումներին` սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վկայակոչել իր` ՍԴՈ-1139 որոշմամբ այդ սկզբունքի սահմանադրաիրավական բովանդակության վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումը, համաձայն որի` «...Այդ սկզբունքն իր բովանդակությամբ (մեկնաբանմամբ) ենթադրում է պետության պարտականությունը՝ նույն արարքի համար անձին կրկին անգամ պատժելը, դատելը և քրեական հետապնդման ենթարկելը բացառելը: Իր սահմանադրաիրավական բովանդակությամբ՝ այդ սկզբունքի հիմքում (քրեաիրավական իմաստով) դրված է այն գաղափարը, որ ոչ ոք չի կարող նույն արարքի համար կրկին դատվել: Այդ սկզբունքը նաև բացառում է միևնույն հանցագործության որակումը քրեական օրենսգրքի մեկից ավելի հոդվածներով, արգելում է նաև միևնույն հանգամանքը հաշվի առնել ինչպես հանցանքը որակելիս, այնպես էլ պատժի տեսակն ու չափն ընտրելիս (ՀՀ քր.օր-ի 10, 63, 104-րդ հոդվածներ): Այսպիսով, նախկինում հանցանք կատարած լինելու փաստը, եթե անձը դրա համար արդեն դատվել է, չի կարող նրա հետագա վարքագծի քրեաիրավական գնահատականի հիմք հանդիսանալ, «բացառությամբ այն դեպքերի», ինչպես վճռել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, «երբ ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել արդյունքի վրա» (Նիկիտինն ընդդեմ Ռուսաստանի գործով 2004թ. հուլիսի 20-ի վճռի 45-րդ կետ, գանգատ թիվ 50178/99)»:
Վերոհիշյալ սկզբունքի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի նորմերի՝ սույն որոշմամբ բացահայտված սահմանադրաիրավական բովանդակության համադրված վերլուծությունը վկայում է, որ վիճելի իրավակարգավորման առարկան հենց այդ սկզբունքի պահպանումն է, որի համար օրենքով նախատեսված են դատախազական հսկողության կոնկրետ միջոցներ (քրեական գործը կարճելը, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու` հետաքննության կամ քրեական հետապնդման մարմնի որոշման վերացումը, նյութեր պահանջելն ու ցուցումներ տալը և այլն)` բացառելու համար միևնույն հիմքերով նման որոշման մեկից ավելի անգամ կայացումը:
Իրավակիրառ պրակտիկայում տարակերպ է մեկնաբանվում նաև հսկող դատախազի կողմից քննիչից քրեական գործի նյութերը պահանջելու և ստանալու դրույթը: Քիչ չեն դեպքերը, երբ նման պահանջի կատարումն իրականացվում է փոստով նյութերն ուղարկելու ճանապարհով, ինչը երբեմն օրենքով նախատեսված 7 օրից ավելի ժամանակ է պահանջում և մարդու խախտված իրավունքների արագ վերականգնմանը կարող է խոչընդոտ հանդիսանալ, ինչպես նաև վտանգում է հսկող դատախազի կողմից վեճի առարկա նորմով նախատեսված ժամկետում իրականացվելիք սահմանադրական գործառույթի իրականացումը:
ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ տվյալ իրավահարաբերության շրջանակներում գործի նյութերի վերաբերյալ պահանջի կատարումը պետք է իրականացվի անհապաղ` չխոչընդոտելով դատախազական հսկողության իրականացմանը, ինչպես նաև մարդու՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների ու ազատությունների արագ և արդյունավետ պաշտպանությանը:
Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազին բացառիկ իրավունք է վերապահված վերոհիշյալ որոշումների օրինականության վերաբերյալ կայացնելու վերջնական որոշում, որն իրավական լուրջ երաշխիք է մինչդատական վարույթի շրջանակներում թե՛ այդ վարույթի արդյունավետությունն ապահովելու, ծագած իրավական այս կամ այն խնդիրը վերջնական հանգուցալուծելու և թե՛ անձանց իրավունքները ողջամիտ ժամկետներում պաշտպանելու ուղղությամբ: Հետևաբար, վիճարկվող նորմերը սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում ընկալվելու, մեկնաբանվելու և կիրառվելու դեպքում չեն կարող հանգեցնել կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտմանը և դատախազական հսկողության խոչընդոտմանը:
8. Դատախազի՝ մինչդատական վարույթի շրջանակներում հսկողական լիազորությունների իրականացման վերաբերյալ Եվրոպայի խորհրդի շրջանակներում (ԵԽ Նախարարների կոմիտեի հանձնարարական REC(2000)19 Քրեական դատավարության համակարգում հանրային դատախազության դերի վերաբերյալ (ընդունված` 2000թ. հոկտեմբերի 6-ին) միջազգային փորձի ուսումնասիրումը վկայում է, որ.
- դատախազները հանրային մարմիններ են, որոնք, հասարակության անունից և ի շահ հանրության, ապահովում են օրենքի կիրառությունը, որոշում են հարուցել քրեական հետապնդում կամ դադարեցնել այն, ինչպես նաև իրականացնում, ուղղորդում կամ վերահսկում են քրեական գործերով հետաքննությունը,
- ընդհանուր առմամբ, հանրային դատախազները պետք է վերահսկեն ոստիկանության կողմից իրականացվող հետաքննության օրինականությունը` ոչ ուշ, քան քրեական հետապնդում հարուցելու կամ այն շարունակելու վերաբերյալ որոշում կայացնելու ընթացքում: Այս առումով, հանրային դատախազները պետք է հետևեն նաև ոստիկանության կողմից մարդու իրավունքների պահպանմանը,
- դատախազները պետք է իրականացնեն հսկողություն այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իրենց ցուցումներին և օրենքին համապատասխանությունը դիտարկելու համար:
Միացյալ ազգերի` Հանցագործությունների կանխարգելման և իրավախախտների նկատմամբ վերաբերմունքի հարցերով կոնգրեսի կողմից ընդունված՝ դատախազների դերի վերաբերյալ ուղեցույցի (Հավանա, Կուբա, 27 օգոստոս - 7 սեպտեմբեր 1990թ.) համաձայն.
- դատախազները պետք է ակտիվ դեր կատարեն քրեական գործի վարույթում, ներառյալ քրեական հետապնդման հարուցումը,
- դատախազները պետք է արդար, հետևողականորեն և անհապաղ իրականացնեն իրենց պարտականություններն օրենքով սահմանված կարգով, հարգեն ու պաշտպանեն մարդու արժանապատվությունը և պաշտպանեն մարդու իրավունքները` նպաստելով քրեական արդարադատության համակարգի անխափան գործունեության և պատշաճ ընթացակարգի ապահովմանը,
- եթե անկողմնակալ հետաքննությունը ցույց է տալիս, որ մեղադրանքն անհիմն է, դատախազները չպետք է հարուցեն քրեական հետապնդում կամ շարունակեն այդպիսի հետապնդումը, այլ պետք է գործադրեն բոլոր ջանքերը վարույթը դադարեցնելու համար:
Դատախազների միջազգային ընկերակցության կողմից 1999թ. ապրիլի 23-ին ընդունված՝ դատախազների հիմնական պարտականությունների և իրավունքների ձևակերպման և մասնագիտական պատասխանատվության վերաբերյալ չափանիշների համաձայն.
- քրեական վարույթ հարուցելիս դատախազները պետք է գործին ընթացք տան միայն դրա՝ ողջամտորեն արժանահավատ և ընդունելի համարվող ապացույցներով հիմնավորված լինելու դեպքում և չպետք է շարունակեն հետապնդումն այդպիսի ապացույցների բացակայության դեպքում, վարույթի ողջ ընթացքում գործը պետք է վարեն հաստատակամորեն, բայց արդարացի ձևով` դուրս չգալով ապացույցներով նախասահմանված շրջանակներից:
Դատական համակարգի անկախության վերաբերյալ եվրոպական չափանիշների մասին Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի զեկույցի համաձայն (CDL-AD(2010)040).
- հետաքննության նկատմամբ դատախազական հսկողությունը համարվում է նորմալ և ընդունելի: Դատախազի և քննիչի առանձնացվածությունը դրական առումով նվազեցնում է մեկ ինստիտուտի կողմից իր լիազորությունների չարաշահման ռիսկը:
9. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, ելնելով նաև վերը փաստված միջազգային փորձի ուսումնասիրությունից, օրենսդրական կարգավորումների շրջանակներում նախատեսել լրացուցիչ երաշխիքներ՝ բացառելու համար մինչդատական վարույթում սույն գործով քննության առարկա դատախազական հսկողության արդյունքում կայացված որոշումների շրջանցման (չկատարման) կամ հետաքննության մարմնի, քննիչի կողմից միևնույն հիմքերով մեկից ավելի նման որոշումներ կայացնելու որևէ հնարավորություն: Միաժամանակ, սահմանադրական դատարանը գտնում է, որ դատախազի համաձայնությամբ հետաքննության մարմնի, քննիչի կողմից քրեական վարույթի կարճման կամ քրեական հետապնդման դադարեցման ինստիտուտի ներդրումն առավելապես կհամապատասխաներ վիճելի իրավահարաբերության՝ միջազգային կարգավորման փորձին, կներդաշնակեցներ մինչդատական վարույթում, մի կողմից, հետաքննության մարմնի, քննիչի, և մյուս կողմից՝ դատախազի գործառութային դերը: Այս առումով, սահմանադրական դատարանն ի գիտություն է ընդունում պատասխանող կողմի իրազեկումն այն մասին, որ «իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրը շտկելու համար ՀՀ Ազգային ժողովում պատրաստվում է օրենքի նախագիծ» և շրջանառության մեջ է դրված նաև ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, որում համարժեք լուծումներ նախատեսված են:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64, 68 և 71-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի կողմից բացահայտված սահմանադրաիրավական բովանդակության շրջանակներում:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է հետևյալին.
առաջին` այն դեպքերում, երբ հսկող դատախազը վերացրել է քրեական գործը կարճելու, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և քրեական դատավարության օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում տվել է կոնկրետ ցուցումներ կամ հանձնարարություններ, գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին նոր որոշում հնարավոր է կայացնել միայն իրավասու դատախազի կողմից տրված ցուցումների կամ հանձնարարությունների պարտադիր կատարման պարագայում,
երկրորդ՝ մինչդատական վարույթում հետաքննության մարմնից, քննիչից պահանջված նյութերը, փաստաթղթերը, քրեական գործը հսկողության նպատակով դատախազին տրամադրելու վերաբերյալ վերջինիս պահանջի կատարումը պետք է իրականացվի անհապաղ,
երրորդ` մինչդատական վարույթում դատախազական հսկողության շրջանակներում Սահմանադրությամբ և օրենքով ՀՀ գլխավոր դատախազին վերապահված լիազորությունների իրականացման արդյունքում ընդունված որոշումները պետք է դիտարկել որպես վերջնական և որևէ պայմանավորվածության մեջ չդնել հսկող դատախազի կողմից նման որոշում ընդունված կամ չընդունված լինելու հանգամանքի հետ:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող
Գ. Հարությունյան
17 նոյեմբերի 2015 թ.
ՍԴՈ-1236
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|