ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ տնտեսական դատարան Քաղաքացիական գործ թիվ S2-75 |
Քաղաքացիական գործ թիվ 3-1586(ՏԴ) 2007 թ. |
Նախագահող դատավոր՝ | Վ. Ասլանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Ս. Գյուրջյանի | ||
Ս. Սարգսյանի |
2007 թվականի հոկտեմբերի 10-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 21.03.2007 թվականի թիվ Տ2-75 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ՝ ըստ ՀՀ ԿԱ ՀՊԾ Սպիտակի տարածքային հարկային տեսչության (այսուհետ՝ Ծառայություն) հայցի ընդդեմ «Աբելյան Դ/Ձ» ԲԲԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է պատասխանողից բռնագանձել 495.9 հազար ՀՀ դրամ գումար, որպես հարկային պարտավորություն, ինչպես նաև նախօրոք վճարված պետական տուրքի գումարը՝ 9.918 ՀՀ դրամ:
Դատարանի 21.03.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները և սխալ է մեկնաբանել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը վճիռ է կայացրել թերի ապացույցների հիման վրա՝ առանց գործում գտնվող փաստաթղթերի շուրջ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու: Մասնավորապես, գործի նյութերին կցված են պատասխանողի կողմից հարկային տեսչություն ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկները, պատասխանողի ԱԱՀ-ի անձնական հաշվի քարտերը, հայցվորի կողմից պատասխանողին տրված 08.09.2005 թվականի թիվ 676/01 տեղեկանքը՝ վերջինիս հարկային պարտավորությունների մասին (գ.թ. 41), որոնցից երևում է, որ կողմերը ժամանակին տեղյակ են եղել պատասխանողի հարկային պարտավորությունների մասին: Այսպիսով, Դատարանը վկայակոչել է Վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի թիվ 3-1831 (ՏԴ) և 3-1772 (ՎԴ) որոշումները, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը: Մասնավորապես, հայցի մերժումը Դատարանը հիմնավորել է՝ պատճառաբանելով, թե հայցվորը պատասխանողի կողմից թույլ տրված խախտումը հայտնաբերել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո: Դատարանի պատճառաբանությունը հիմնավոր չէ, որովհետև եզրահանգում է արել առանց հայցվորի կողմից խախտումը հայտնաբերելու ժամկետը ճշտելու, մասնավորապես, դատարանը չի ճշտել, թե արձանագրված խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան հաջորդող երեք տարին լրանալուց հետո, թե՝ խախտում արձանագրողն այն երեք տարին լրանալուց հետո է ներկայացրել դատարան:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 21.03.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ընկերությունը 1998-2002 թվականների համար Ծառայություն է ներկայացրել ավելացված արժեքի հարկի հաշվարկները, որոնց համաձայն՝ այդ տարիների ընթացքում վերջինիս կողմից չվճարած ԱԱՀ-ի հաշվարկների գումարը 18.07.2003 թվականի դրությամբ կազմել է 506,400 ՀՀ դրամ, որից վճարվել է 15,000 ՀՀ դրամը:
2) Ծառայությունը Ընկերության անվամբ վարել է ԱԱՀ-ի անձնական հաշվի քարտ, որի համաձայն՝ Ծառայության կողմից հարկային օրենսդրության խախտումներն հայտնաբերվել են 2002 թվականին, ինչի արդյունքում հաշվարկվել են տույժեր:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է մասնակի հետևյալ պատճառաբանությամբ.
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի համաձայն՝ հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հոդվածով սահմանված վաղեմության ժամկետը վերաբերում է հարկային օրենսդրության խախտման փաստի և դրա՝ հարկային մարմնի կողմից հայտնաբերման միջև ընկած ժամանակահատվածին: Հետևաբար, դատարանը նշված հոդվածով սահմանված վաղեմության ժամկետը կիրառելով խախտման փաստի հայտնաբերմանը հաջորդող ժամկետի նկատմամբ՝ սխալ է մեկնաբանել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը:
Նախկինում կայացված որոշումներում (տես Վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի թիվ 3-1772(ՎԴ) և 3-1831(ՏԴ) որոշումները) Վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիքորոշումը, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը կիրառելի է ոչ միայն հարկային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով անցկացվող ստուգումների արդյունքում հայտնաբերված հարկային պարտավորությունների նկատմամբ: Վճռաբեկ դատարանը հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքի նշված դրույթը կիրառման որևէ բացառություն չի նախատեսում՝ ելնելով պարտավորության հայտնաբերման եղանակից, գտնում է, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դրույթը վերաբերում է հարկային պարտավորությունների հայտնաբերման բոլոր դեպքերին՝ առանց բացառության: Ուստի, Վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշումներն այդ մասով սույն գործի նկատմամբ կիրառելի են:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ծառայությունը Ընկերության անվամբ վարել է ԱԱՀ-ի անձնական հաշվի քարտ, որի համաձայն, խախտումներն հայտնաբերվել են 2002 թվականին, ինչի արդյունքում հաշվարկվել են տույժեր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Վճռաբեկ դատարանը սույն բողոքի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման վերաբերյալ հիմքը հիմնավոր է համարում, քանի որ դատարանը սույն գործով պատշաճ գնահատման չի արժանացրել գործի նյութերում գտնվող ավելացված արժեքի հարկի՝ «Աբելյան Դ/Ձ» ԲԲԸ-ի անձնական հաշվի քարտերը, որոնցով հաստատվում է Ծառայության կողմից «Աբելյան» ԴՁ-ի ժամկետանց հարկային պարտավորությունների նկատմամբ 20.06.2002 թվականին տույժերի հաշվարկման՝ հետևաբար նաև՝ հարկային օրենսդրության խախտման հայտնաբերված լինելու հանգամանքները: Հետևաբար, 1999 թվականի հունիսից սկսած՝ ԱԱՀ-ի գծով ընկերության պարտավորությունների նկատմամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը կիրառելի չէ:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն բողոքի հիմքը հիմնավոր համարելով՝ այն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների ուժով ՀՀ տնտեսական դատարանի 21.03.2007 թվականի վճիռը բեկանելու բավարար հիմք է դիտում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239 հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 21.03.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Հ. Մանուկյան |
Դատավորներ՝ |
Վ. Աբելյան |
Ս. Անտոնյան | |
Ս. Գյուրջյան | |
Ս. Սարգսյան |