Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1205
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.05.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.05.25/29(1118).1 Հոդ. 379.1
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
19.05.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
19.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2015

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

19 մայիսի 2015 թ.

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԷՄՄԱ ԽՈՋՈՅԱՆԻ ԵՎ ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 199-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողների ներկայացուցիչ Կ. Մեժլումյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացիներ Էմմա Խոջոյանի և Գևորգ Արշակյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղաքացիներ Է. Խոջոյանի և Գ. Արշակյանի` 15.10.2014թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատարանը 10.03.2015թ. նիստում բավարարեց սույն գործի դատաքննությունը հետաձգելու վերաբերյալ դիմողների ներկայացուցչի ներկայացրած միջնորդությունը և գործի դատաքննությունը հետաձգեց, որից հետո կողմերը որևէ լրացուցիչ նյութ չեն ներկայացրել:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 1998 թվականի մայիսի 5-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի հուլիսի 28-ին և ՀՀ Ազգային ժողովի կողմից 17.06.1998թ. ընդունված` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի համաձայն ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

Օրենսգրքի` «Համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը բաժանելը և դրանից բաժին առանձնացնելը» վերտառությամբ 199-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«Համատեղ սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո»:

Վերոնշյալ դրույթը փոփոխության կամ լրացման չի ենթարկվել:

 

 2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

ըստ հայցի Լևոն Աբելյանի ընդդեմ Եղիշ Արշակյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասից բաժնեմասն առանձնացնելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Եղիշ Արշակյանի ընդդեմ Լևոն Աբելյանի, երրորդ անձ Բայանդուր Գալստյանի` ձեռքբերման վաղեմության ուժով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և ընդհանուր հողամասից առանձնացնելու պահանջների մասին թիվ ԵԱԴԴ/0549/02/08 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանն իր` 23.03.2009թ. վճռով հայցը և հակընդդեմ հայցը բավարարել է մասնակի` Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցի թիվ 38 հասցեում դեպի Եղիշ Արշակյանի, Լևոն Աբելյանի և Բայանդուր Գալստյանի շինություններ տանող 94քմ հողատարածքը թողնվել է ընդհանուր օգտագործման: Մնացած 456.5քմ հողամասից 196քմ առանձնացվել է և հատկացվել Լևոն Աբելյանին, իսկ Եղիշ Արշակյանին հատկացվել է 260քմ, որը հանդիսանում է նրա շինության տակ գտնվող տարածքը և Լևոն Աբելյանին հատկացված հողատարածքի շարունակությունը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2009 թվականի որոշմամբ Եղիշ Արշակյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 23.03.2009 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.10.2009թ. որոշմամբ Լևոն Աբելյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Ըստ հայցի Լևոն Աբելյանի ընդդեմ Եղիշ Արշակյանի (իրավահաջորդներ Էմմա Խոջոյան և Գևորգ Արշակյան)՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասից բաժնեմասն առանձնացնելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Եղիշ Արշակյանի (իրավահաջորդներ Էմմա Խոջոյան և Գևորգ Արշակյան)՝ ընդդեմ Լևոն Աբելյանի, երրորդ անձ՝ Բայանդուր Գալստյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և ընդհանուր հողամասից առանձնացնելու պահանջների մասին թիվ ԵԱԴԴ/0549/02/08 քաղաքացիական գործի նոր քննության արդյունքում Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն իր` 15.03.2012թ. վճռով հայցը բավարարել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարել է մասնակիորեն` 91.84քմ մակերեսով հողամասն ընդհանուր սեփականության իրավունքով թողնվել է կողմերի ընդհանուր օգտագործմանը, իսկ ձեռքբերման վաղեմության ուժով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և ընդհանուր հողամասից առանձնացնելու մասին պահանջները մերժվել են:

Ընդ որում, դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ գտել է, որ որպես ընդհանուր համատեղ սեփականություն` հողամասը պետք է բաժանվի ոչ թե դրա վրա ամրակայված անշարժ գույքերի մակերեսներին համամասնորեն, այլ համատեղ սեփականության մասնակիցների միջև հավասար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.01.2014թ. որոշմամբ Եղիշ Արշակյանի իրավահաջորդներ Էմմա Խոջոյանի և Գևորգ Արշակյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.03.2012թ. վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Մերժելով վերաքննիչ բողոքը` Վերաքննիչ դատարանը ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով կիրառել է թիվ ԵԿԴ/2343/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 27.05.2011 թվականի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, որի համաձայն. «Մինչև նախկինում գործող ՀՀ հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելը՝ 15.03.1991 թվականը, քաղաքացին որպես անձնական սեփականություն կարող էր ունենալ բնակելի տուն (բնակելի տան մաս), իսկ հողը պետության բացառիկ սեփականությունն էր և հատկացվում էր բացառապես օգտագործման իրավունքով: Բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար քաղաքացիների ունեցած հողամասերն անհատույց՝ որպես սեփականություն, նրանց են թողնվել միայն ՀՀ նախկին հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո` 15.03.1991 թվականից: Միաժամանակ, ՀՀ նախկին հողային օրենսգրքի համաձայն՝ այն բոլոր դեպքերում, երբ բաժինները որոշված չէին, ընդհանուր սեփականությունը համարվում էր որպես համատեղ սեփականություն: Ինչ վերաբերում է տվյալ պահին համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը բաժանելու և դրանից բաժին առանձնացնելու հետ կապված իրավահարաբերություններին, ապա դրանք կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, որի կանոնակարգման ուժով ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ»:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 26.03.2014թ. որոշմամբ Էմմա Խոջոյանի և Գևորգ Արշակյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

 

3. Դիմողները գտնում են, որ օրենսգրքի վիճարկվող դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 8-րդ և 31-րդ հոդվածներին այնքանով, որքանով անշարժ գույքով ծանրաբեռնված ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասի բաժանման դեպքում օրենսգրքի վիճարկվող դրույթը հաշվի չի առնում այդ հողամասին ամրակցված անշարժ գույքերի մակերեսները և հնարավորություն չի տալիս այդ հողամասը բաժանել դրան ամրակցված անշարժ գույքերի մակերեսներին համամասնորեն:

Վկայակոչելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ 06-1034 քաղաքացիական գործով 11.04.2006թ. կայացված վճիռը, որով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտել է, որ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասը պետք է բաժանվի այդ հողամասի վրա ամրակցված անշարժ գույքում սեփականատերերի բաժնեմասերին համաչափ, և թիվ ԵԿԴ/2343/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011թ. որոշումը, որով ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասը ենթակա չէ բաժանման այդ հողամասի վրա ամրակցված անշարժ գույքում սեփականատերերի բաժնեմասերին համաչափ, դիմողները հանգում են այն եզրակացությանը, որ օրենսգրքի վիճարկվող դրույթի առնչությամբ իրավական որոշակիության առումով առկա է խնդիր, քանի որ մի դեպքում այդ նորմի կիրառմամբ ընդհանուր սեփականություն հանդիսացող տնամերձ հողամասը դատարանի կողմից բաժանվել է այդ հողամասին ամրակայված շինությունների մակերեսներին համամասնորեն, մեկ այլ դեպքում հողամասը բաժանվել է այդ հողամասին ամրակայված շինությունների բոլոր սեփականատերերի միջև համամասնորեն` անկախ դրանում առկա շինությունների մակերեսներից:

Դիմողներն օրենսգրքի վիճարկվող դրույթի սահմանադրականության վերաբերյալ իրենց դիրքորոշումը հիմնավորում են հետևյալով.

ա/ դատարանը չի կիրառել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ 06-1034 քաղաքացիական գործով 11.04.2006թ. կայացված վճռում արտահայտված իրավական դիրքորոշումները, դատարանը խախտել է նախկին ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասի և 199-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները,

բ/ «եզակի են այն դեպքերը, երբ հողամասի վրա ամրակայված շինությունները հավասար մակերես ունեն և հիմնականում, դրանք անհավասար են, օրինակ, երկու անձի պատկանող 1000քմ հողամասին կարող է ամրակցված լինել սեփականատերերից մեկին պատկանող շինություն, որի` հողամասին ամրակցված հատվածի մակերեսը 800քմ է, իսկ մյուս սեփականատիրոջ շինության` հողամասին ամրակցված հատվածի մակերեսը 50քմ է, իսկ 150քմ մակերեսով հատվածն էլ ընդհանուր բակն է: Նման իրավիճակում կստացվի, որ հողամասի 50քմ մակերես ունեցող անշարժ գույքի սեփականատիրոջը սեփականության իրավունքով պետք է անցնի ոչ միայն բակային ամբողջ տարածքը, այլ նաև մյուս սեփականատիրոջը պատկանող 800քմ մակերես ունեցող անշարժ գույքով զբաղեցված հողամասի հատվածից 300քմ-ն: Նման իրավիճակում սեփականատերերը զրկվում են հողամասերը բաժանելու և սեփականատիրոջ իրավազորությունից լիարժեք օգտվելու հնարավորությունից»:

 

4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողների փաստարկներին, գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Որպես իր դիրքորոշման հիմնավորում` պատասխանող կողմն անդրադառնում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ընդհանուր համատեղ սեփականության ինստիտուտի վերլուծությանը: Մասնավորապես` նշում է, որ. «Համատեղ սեփականության մասնակիցների բաժինների հավասարության վերաբերյալ դրույթը առանց խտրականության ուղղված է բոլոր համասեփականատերերի շահերի պաշտպանությանը, քանզի ընդհանուր գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պատկանում է բոլոր համասեփականատերերին համատեղ, այն հավասարապես բոլոր մասնակիցների սեփականությունն է, և ընդհանուր գույքը բաժանելիս համասեփականատերերից մեկի օգտին կողմերի համաձայնությամբ չնախատեսված որևէ սուբյեկտիվ հանգամանք հաշվի առնելն ուղղակիորեն կխախտի մյուս համասեփականատերերի սեփականության իրավունքը»:

Պատասխանողը նշում է, որ նախկինում բոլոր այն դեպքերում, երբ ընդհանուր սեփականությունն առաջանալիս մասնակիցների բաժինները նախապես հայտնի չէին, ընդհանուր սեփականությունը համարվել է համատեղ, իսկ հետագայում բաժինների առանձնացումն օրենքի հիման վրա իրականացվել է հավասարության սկզբունքով:

Ըստ պատասխանողի` համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման` համեմատելի իրավիճակներում գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքի տարբերությունը խտրական է, եթե այն չունի օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում, այլ կերպ ասած` եթե այն չի հետապնդում օրինաչափ նպատակ կամ եթե առկա չէ համաչափության ողջամիտ հարաբերակցություն օգտագործված միջոցների և հետապնդվող նպատակի միջև: Այս առումով, պատասխանողի կարծիքով` «վիճարկվող իրավակարգավորումը չի պարունակում տարբերակված մոտեցում կիրառելու հնարավորություն նույնանման հանգամանքներում գտնվող անձանց նկատմամբ»:

Եզրափակելով` պատասխանողը նշում է, որ դիմողների իրավունքների հնարավոր և ենթադրյալ խախտումները պայմանավորված չեն վիճարկվող նորմի սահմանադրականությամբ, իսկ դիմողների կողմից առաջ քաշված ընդհանուր համատեղ սեփականությունը բաժանելու և դրանից բաժինն առանձնացնելու իրենց համար նախընտրելի տարբերակը «...ըստ էության, բարենպաստ պայմաններ կստեղծի... իրենց պահանջների բավարարման տեսանկյունից»:

 

5. ՀՀ սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարում դիմողների փաստարկները, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցը «մեխանիկական վրիպակի պատճառով» չի ներկայացվել որպես քննության առարկա խնդրանք: Սահմանադրական դատարանը 03.11.2014թ. ՍԴԴԿՈ/2-16 որոշմամբ գործն ընդունել է քննության վեճի առարկա հոդվածի 1-ին մասով, և դիմումի առարկան չի կարող փոխվել:

Հաշվի առնելով դիմողների նախապես ներկայացրած պահանջը և այն հիմնավորող փաստարկները` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի կառուցվածքի տրամաբանությունից չի բխում, որ նշված հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ անշարժ գույքով ծանրաբեռնված ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասի բաժանման դեպքում պետք է հաշվի առնվի այդ հողամասին ամրակցված անշարժ գույքի (դրա տարբեր միավորների) մակերեսը (մակերեսները), կամ որ այդ հողամասը պետք է ենթակա լինի բաժանման դրան ամրակցված անշարժ գույքի տարբեր միավորների մակերեսներին համամասնորեն: Այլ կերպ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասը համատեղ սեփականության մասնակիցների բաժինները որոշելու որևէ կանոն չի նախատեսում: Դիմողների կողմից վիճարկվող` համատեղ սեփականության մասնակիցների բաժինների հավասարության կանխավարկածը, որը գործում է սեփականության մասնակիցների համաձայնությամբ կամ օրենքով այլ բան նախատեսված չլինելու դեպքում, սահմանված է նույն հոդվածի 2-րդ մասում, իսկ նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է ընդհանուր գույքը բաժանելու և դրանից բաժին առանձնացնելու հիմքերը և կարգը: Այսպես. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու և դրանից բաժին առանձնացնելու հիմքերը և կարգը սահմանվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի դրույթներով:

Հիմք ընդունելով վերոգրյալը` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ բացակայում է պատճառահետևանքային կապը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասի և դիմողների իրավունքների ենթադրյալ խախտման միջև: Ավելին, ձևականորեն բարձրացնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարցը, իրականում դիմողները վիճարկում են իրենց նկատմամբ կիրառված դատական ակտերի իրավաչափությունը, ինչը սահմանադրական վերահսկողության օբյեկտ չի հանդիսանում:

Վերոգրյալը համադրելով ՀՀ սահմանադրական դատարանի` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման մեջ անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջի վերաբերյալ արտահայտած հետևյալ իրավական դիրքորոշման հետ` «...բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ», և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետը, 32-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերը, 69-րդ հոդվածի 7-րդ մասը` ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ քննության առարկա օրենսգրքի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը չհամապատասխանելու վերաբերյալ դիմողների փաստարկներն ակնհայտ անհիմն են, դիմողները գործնականում բարձրացրել են օրենքի նորմի իրավաչափ կիրառման հարց:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60, 63 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Քաղաքացիներ Էմմա Խոջոյանի և Գևորգ Արշակյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան

 

19 մայիսի 2015 թ.

ՍԴՈ-1205