ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
10 մարտի 2015 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ՀՌՈՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ (ԵԳՖԱԾ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ա. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված` «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի (ԵԳՖԱԾ) ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 2015 թվականի փետրվարի 9-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը և բանավոր պարզաբանումները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Ֆինանսավորման համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2014թ. նոյեմբերի 12-ին` Հռոմում, որի նպատակը գյուղատնտեսական արտադրական համակարգերի և արժեշղթայի օղակների միջև կապի խթանման միջոցով բնակչության եկամտի աճի և զբաղվածության կայուն հնարավորություններ ստեղծելն ու նրանց տնտեսական և սոցիալական կարգավիճակի բարելավումն է:
Համաձայնագիրը ներառում է թվով երեք բաղադրիչներ` Առդիր 1-ին` «Ծրագրի նկարագրությունը և իրականացումը», Առդիր 2-րդ` «Գումարների բաշխման աղյուսակ», Առդիր 3-րդ` «Հատուկ պայմաններ»:
Համաձայնագրին կից ներկայացված է նաև «Գյուղատնտեսության զարգացման ֆինանսավորման պայմանները» (ընդունվել է 2009թ. ապրիլի 29-ին և փոփոխվել՝ 2010թ. սեպտեմբերի 17-ին) վերտառությամբ փաստաթուղթը, որի դրույթները կիրառելի են Համաձայնագրի Բաժին Ա-ի 2-րդ մասի համաձայն:
2. Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ կամ ԳԶՄՀ), Համաձայնագրում նշված պայմաններով, Հայաստանի Հանրապետությանն է տրամադրում յոթ միլիոն երկու հարյուր հիսուն հազար Հատուկ փոխառության իրավունքին (7.250.000 ՀՓԻ) համարժեք գումարի չափով վարկ՝ 25 տարի ժամկետով, ներառյալ 5 տարի արտոնյալ ժամկետով (այսուհետ` Վարկ) և երկու հարյուր երեսունմեկ հազար Հատուկ փոխառության իրավունքին (231.000 ՀՓԻ) համարժեք գումարի չափով դրամաշնորհ (այսուհետ` Դրամաշնորհ):
Ֆինանսավորվող ծրագրի շահառուներն են այն անհատ և գյուղացիական տնտեսությունները, որոնք, զբաղվելով գյուղատնտեսությամբ` օգտվում են ոռոգման հին կամ ոչ արդյունավետ համակարգերից: Գյուղական ֆինանսավորման բաղադրիչի թիրախային խումբն են կազմում գյուղացիական ընտանիքները, միկրո, փոքր և միջին` գյուղատնտեսական և գյուղական ձեռնարկությունների փաստացի և պոտենցիալ սեփականատերերը և աշխատողները` հատուկ ուշադրություն դարձնելով գյուղաբնակ աղքատ կանանց և երիտասարդների տնտեսական կարողությունների զարգացմանը: Ենթակառուցվածքների բաղադրիչի իրականացման աշխարհագրական տարածք են հանդիսանում Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և Արագածոտնի մարզերը, իսկ Գյուղական ֆինանսավորման բաղադրիչն իրականացվում է հանրապետության ողջ տարածքում` հատուկ ուշադրություն դարձնելով ենթակառուցվածքների բաղադրիչի աշխարհագրական տարածքին (Ծրագրի իրականացման տարածք):
Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից` «Գյուղական ֆինանսավորման բաղադրիչ», «Գյուղական տարածքների ջրամատակարարման և ոռոգման ենթակառուցվածքների բարելավում (ԳՏՋՈԵԲ) բաղադրիչ», «Ֆերմերների իրազեկման և աջակցության բաղադրիչ» և «Ծրագրի կառավարման բաղադրիչ»:
3. Ֆինանսավորման համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.
- կիսամյակային մուծումներով՝ յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին, 20 տարվա ընթացքում ԱՄՆ դոլարով վճարել Վարկի հիմնական գումարը՝ 1.25% տարեկան տոկոսադրույքով և 0.75% տարեկան սպասարկման վճարով (Բաժին «Բ», կետեր 2, 3 և 5),
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանում բացառապես Ծրագրի կողմից տնօրինման նպատակով բացել երկու հաշիվ (Նշանակված հաշիվներ), որոնք նախատեսված են ԱՄՆ դոլարով ֆինանսական միջոցները նախապես ստանալու համար, որոնցից մեկը` Վարկի միջոցների (Վարկի նշանակված հաշիվ), իսկ մյուսը Դրամաշնորհի միջոցների համար (Դրամաշնորհի նշանակված հաշիվ), և Նշանակված հաշիվներից ֆինանսական միջոցները փոխանցել Ֆինանսավորման համաձայնագրի «Բ» բաժնի 7-րդ կետում նկարագրված Ծրագրային հաշիվներին, որոնք տնօրինվում են Ծրագրի իրականացման գրասենյակի (ԾԻԳ), Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (ՀԳՏՏԶՀ/ՖՐԵԴԱ) և Գյուղական ֆինանսավորման կառույցի (ԳՖԿ) կողմից, ինչպես պահանջվում է Ծրագրի իրականացմամբ և ինչպես նշված է Տարեկան աշխատանքային պլան-բյուջեներում (Բաժին «Բ», կետ 6),
- Հիմնադրամի համար ընդունելի առևտրային բանկերում բացել ՀՀ դրամով երկու Ծրագրային հաշիվ, մեկը` Վարկի, մյուսը Դրամաշնորհի համար, ինչպես նաև բացել և վարել ՀՀ դրամով Ծրագրային հաշիվ կառավարության կողմից Ծրագրի համաֆինանսավորման համար (այսուհետ` կառավարության համաֆինանսավորման Ծրագրային հաշիվ) (Բաժին «Բ», կետ 7),
- տրամադրել համաֆինանսավորում 3.589 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով` Ծրագրի Գյուղական տարածքների ջրամատակարարման և ոռոգման ենթակառուցվածքների բարելավում (ԳՏՋՈԵԲ) բաղադրիչի, ինչպես նաև հարկերի և տուրքերի վճարման համար (Բաժին «Բ», կետ 8),
- ապահովել, որպեսզի ընդունվի կառավարության որոշում Ֆինանսավորման համաձայնագրի 1-ին առդիրի 6-րդ պարբերությանը համապատասխան՝ ԾԻԳ-ի` որպես Ծրագիրն իրականացնող գրասենյակի հաստատման մասին, ինչպես նաև ապահովել, որպեսզի Ծրագրի իրականացման ձեռնարկը (ԾԻՁ) հաստատված լինի ԳԶՄՀ-ի կողմից, և ստեղծել Ծրագրի ղեկավար խորհուրդ (ԾՂԽ), ինչպես նկարագրված է Ֆինանսավորման համաձայնագրի 1-ին առդիրի 5-րդ պարբերությունում (Բաժին «Ե», կետ 2),
- ապահովել, որպեսզի ընդունվի կառավարության որոշում, որով կհաստատվի, որ ընթացիկ «Գյուղական կարողությունների ստեղծում ծրագրի» (ԳԿՍԾ) իրականացման գրասենյակը, որը մասամբ ֆինանսավորվում է Հիմնադրամի կողմից` 2010 թվականի նոյեմբերի 30-ով թվագրված Ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում, կկրի վարչական, ֆինանսական և գործառնական պատասխանատվություն Ծրագրի իրականացման համար (Առդիր 1, բաժին II, մաս «Ա», կետ 6),
- կնքել եռակողմ համաձայնագիր ԳՖԿ-ի և յուրաքանչյուր մասնակից ֆինանսական կառույցների (ՄՖԿ) հետ, որտեղ կսահմանվեն, ի լրումն այլ կետերի, այն դրույթներն ու պայմանները, ըստ որոնց` Վարկի գումարները ԳՖԿ-ի միջոցով կփոխանցվեն մասնակից ֆինանսական կառույցներին` որպես ֆինանսավորում, ի կատարումն Ծրագրի նպատակների (Առդիր 1, բաժին II, մաս «Բ», կետ 8.1, ենթակետ «դ»),
- ԳՖԿ-ի հետ ստորագրել փոխըմբռնման հուշագիր` սահմանելու համար այն պայմանները, որոնցով Վարկի գումարները կտրվեն ԳՖԿ-ին, ինչպես նաև Վարկի գումարները տրամադրել ԳՖԿ-ին ԱՄՆ դոլարով (Առդիր 1, բաժին II, մաս «Բ», կետ 8.1, ենթակետ «ե»),
- ՀԳՏՏԶՀ-ի հետ կնքել լրացուցիչ համաձայնագիր, որը, ի լրումն այլ կետերի, կսահմանի այն դրույթներն ու պայմանները, ըստ որոնց` Վարկի գումարները Հայաստանի Հանրապետության կողմից կփոխանցվեն ՀԳՏՏԶՀ-ին` ի կատարումն Ծրագրի նպատակների, ինչպես նաև Վարկի գումարները տրամադրել ՀՀ դրամով` ՀԳՏՏԶՀ գործառնությունների իրականացման համար (Առդիր 1, բաժին II, մաս «Բ», կետ 8.2, ենթակետ «դ»),
- ԳԶՄՀ-ի ուշադրությանը ներկայացնել Ծրագրի իրականացմանն առնչվող` Հայաստանի Հանրապետությանը հայտնի խարդախության և/կամ կոռուպցիայի վերաբերյալ ցանկացած հայտարարություն կամ մտահոգություն (Առդիր 3, կետ 1),
- ԾԻԳ-ի միջոցով նշանակել ԳԶՄՀ-ի համար ընդունելի անկախ աուդիտորների` ԳԶՄՀ կողմից հաստատված «Առաջադրանքի պայմանների» շրջանակում և Ծրագրի աուդիտների վերաբերյալ ԳԶՄՀ-ի ուղեցույցին համապատասխան, ինչպես նաև ամբողջ Ծրագրի` տարեկան աուդիտ անցած` համախմբված ֆինանսական հաշվետվությունը ներքին հսկողության վերաբերյալ աուդիտի դիտողություններով ղեկավարությանն ուղղված նամակի հետ ներկայացնել ԳԶՄՀ-ին` ֆիսկալ տարվա ավարտից հետո` վեց (6) ամսվա ընթացքում, ինչպես նաև ապահովել, որպեսզի ԳՖԿ-ի և ՀԳՏՏԶՀ-ի ֆինանսական հաշվետվությունները տարեկան աուդիտի ենթարկվեն ԳԶՄՀ-ի համար ընդունելի անկախ աուդիտորների կողմից Աուդիտի միջազգային չափորոշիչներին (ԱՄՉ) համապատասխան, և որ այդ աուդիտորները ներկայացվեն ԳԶՄՀ-ին ՀՀ բյուջետային տարվա ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում՝ ապահովելով նաև Համաձայնագրի 3-րդ առդիրի 2-րդ կետում նշված գործողությունների կատարումը (Առդիր 3, կետ 2),
- ապահովել, որպեսզի Ծրագրի շրջանակներում գնված բոլոր փոխադրամիջոցները և այլ սարքավորումները տրամադրվեն Ծրագրի կողմերին` Ծրագրի իրականացման նպատակով և ծառայեն Ծրագրի կարիքներին (Առդիր 3, կետ 3),
- երաշխավորել, որ ԳԶՄՀ-ի Վարկի և դրամաշնորհային գումարները չեն օգտագործվի սոցիալական ապահովության հիմնադրամին ուղղված` Ծրագրի աշխատակազմի գծով սոցիալական ապահովության վճարների կատարման նպատակով (Առդիր 3, կետ 6),
- ապահովել, որպեսզի ԳՖԿ-ի վերաֆինանսավորմանն ուղղված ողջ ներդրումային կապիտալը, ինչպես նաև ՀԳՏՏԶՀ-ի հիմնադրամի կողմից կատարվելիք` բաժնեմասնակցային ներդրումները և ենթավարկերը տեղաբաշխվեն ՀԳՏՏԶՀ-ի հիմնադրամի ներդրումային աճողական հաշվից և ԳՖԿ-ի վարկային աճողական հաշիվներից, ինչպես նաև վերադարձվեն ՀԳՏՏԶՀ-ի հիմնադրամի ներդրումային հաշվին և ԳՖԿ-ի շրջանառու միջոցների հաշիվներին, որոնք, համապատասխանաբար, գործարկվում են ՀԳՏՏԶՀ-ի հիմնադրամի և ԳՖԿ-ի կողմից (Առդիր 3, կետ 7),
- Ծրագրի իրականացման ողջ ընթացքում ապահովել, որպեսզի շինարարական բոլոր աշխատանքները, Ծրագրի նպատակներով գնված սարքավորումները և ծառայություններն ազատվեն բոլոր տեսակի մաքսային հարկերից, տուրքերից (Առդիր 3, կետ 8):
4. Համաձայնագրում նախատեսված են կողմերի իրավունքների ու պարտականությունների պատշաճ կատարումն ապահովող այլ դրույթներ, ինչպես նաև Համաձայնագիրը գործողության մեջ դնելու ընթացակարգեր:
5. Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2014թ. նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված` «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2014թ. օգոստոսի 6-ին ստորագրված` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրի (ՍԴՈ-1187) և Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014թ. օգոստոսի 6-ին ստորագրված` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի (ՍԴՈ-1186) համադրված վերլուծությունը վկայում է, որ.
- թվարկված համաձայնագրերում հատկացված միջոցների բաշխվածությունն ըստ ծրագրային բաղադրիչների (կատեգորիաների) ներկայացված է ընդհանուր գումարային (Հատուկ փոխառության իրավունքին (ՀՓԻ) համարժեք) արժեքով և տոկոսային հարաբերակցությամբ` որպես ընդունելի (թույլատրելի) ծախս, այսինքն՝ նշված են միայն գումարի առավելագույն չափը և տոկոսային բաշխվածությունը,
- մանրամասնված չէ ծրագրերի բաղադրիչներից յուրաքանչյուրի ենթաբաղադրիչների (ենթակատեգորիաների) համար նախատեսված գումարի չափը,
- ի տարբերություն «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային և ֆինանսավորման համաձայնագրերի, որոնց «Լրացուցիչ հմ. 3 նամակի լրացում» մասում ներկայացված են Ծրագրի արդյունքների շրջանակը և նպատակի քանակական ցուցանիշները, Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2014թ. նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված` «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրում ներկայացված չեն ծրագրի կատարման արդյունքում ակնկալվող արդյունքները` ըստ քանակական ցուցանիշների, այդ ցուցանիշների մարզային կամ համայնքային բաշխվածությունը և այլն:
Ինչ վերաբերում է սույն գործով քննության առարկա Համաձայնագրում ծրագրային առանձին կատեգորիաների համար հատկացվելիք միջոցների բաշխմանը, ապա, չնայած այն ներկայացված է ըստ ենթակատեգորիաների, այնուհանդերձ, մանրամասնված չեն այդ հատկացումների նպատակային ծախսերը:
6. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած վերոհիշյալ պարտավորությունները բխում են ՀՀ Սահմանադրությամբ պետության առջև սոցիալական բնագավառում դրված սահմանադրաիրավական խնդիրներից, և այդ պարտավորությունների բարեխիղճ կատարման դեպքում միայն դրանք սահմանադրականության խնդիր չեն կարող հարուցել:
Սահմանադրական դատարանը միաժամանակ կարևորում է վարկային համաձայնագրերով նախատեսվող ծախսային բնագավառների (կատեգորիաների) առավել հստակեցումը, ինչը սահմանադրաիրավական կայուն նախադրյալ կհանդիսանա միջազգային պարտավորությունների շրջանակներում վարկային և դրան հավասարեցված այլ միջոցների նպատակային ծախսման նկատմամբ պետական արդյունավետ հսկողություն երաշխավորելու համար:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված` «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի (ԵԳՖԱԾ) ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
10 մարտի 2015 թ. |