«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 փետրվարի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 05015030
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
18 նոյեմբերի 2014 թ. |
թիվ 312-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ՓԱՅԵՐԻ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ) ՀԵՏԳՆՄԱՆ (ՄԱՐՄԱՆ) ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/27 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով սահմանել կենսաթոշակային ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) կասեցման և նոր փայերի (բաժնետոմսերի) թողարկման կասեցման հիմքեր, որոնք կարող են նախատեսվել կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ),
հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետը, 64-րդ հոդվածի 5-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) կասեցման և թողարկման կասեցման հիմքերը» կանոնակարգ 10/27-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2014 թ. նոյեմբերի 20 Երևան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 955-Ն հրամանով ___________________ Գագիկ Խաչատրյան 27.12.2014 թ. |
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/27
«ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ՓԱՅԵՐԻ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ) ՀԵՏԳՆՄԱՆ (ՄԱՐՄԱՆ) ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ»
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգը կարգավորում է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից պարտադիր և կամավոր կենսաթոշակային ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) կասեցման, ինչպես նաև պարտադիր կենսաթոշակային ֆոնդի նոր փայերի թողարկման կասեցման այն հիմքերը, որոնք կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները կարող են նախատեսել ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ):
2. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով կիրառվող նշանակությունը:
ԳԼՈՒԽ 2. ՊԱՐՏԱԴԻՐ ԵՎ ԿԱՄԱՎՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՅԵՐԻ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ) ՀԵՏԳՆՄԱՆ (ՄԱՐՄԱՆ) ԿԱՍԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
3. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) կարող է նախատեսել ֆոնդի մասնակիցների շահերը վտանգող ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) կասեցման միայն հետևյալ հիմքերը.
1) Կարգավորվող շուկաների բնականոն գործունեության դադարում կամ շուկայի ձախողումներ (այդ թվում՝ գործարքների կնքման սահմանափակումների կիրառում): Փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) կասեցման այս հիմքն առկա է այն ժամանակ, երբ շուկայի վրա ազդում են այնպիսի անկանխատեսելի իրադարձություններ, որոնք խափանում են կարգավորվող շուկայի գործունեության բնականոն ընթացքը և (կամ) առաջացնում են շուկայի ձախողումներ (անկայունություն), որն էլ անհնար է դարձնում կենսաթոշակային ֆոնդի ակտիվների արժեքի ճշգրիտ որոշումը կամ ֆոնդի ակտիվների վաճառքը՝ փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) գումարը փոխհատուցելու համար: Ընդ որում, եթե կարգավորվող շուկաների բնականոն գործունեության դադարեցումները, շուկայի ձախողումները չեն ազդում կենսաթոշակային ֆոնդի ակտիվների էական մասի վրա, այս դեպքում փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) կասեցումը կարող է հիմնավորված չլինել:
2) Գործառնական խնդիրների կամ տեխնիկական ձախողումների առաջացում: Փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) կասեցման համար հիմք հանդիսացող իրավիճակներ կարող են համարվել գործառնական խնդիրները կամ տեխնիկական ձախողումները, որոնք կարող են ժամանակավորապես խոչընդոտել ֆինանսական շուկաներում գործառնությունների իրականացումը, ուստի՝ ազդել կենսաթոշակային ֆոնդի ակտիվների շուկայական արժեքի վրա: Բացի այդ, երրորդ անձինք, որոնք գործում են կենսաթոշակային ֆոնդի անունից և հաշվին, նույնպես կարող են առաջացնել կենսաթոշակային ֆոնդի ակտիվների շուկայական արժեքի վրա ազդող գործառնական խնդիրներ:
3) Իրացվելիության խնդիրների առաջացում: Փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) կասեցման հիմք կարող են հանդիսանալ այն դեպքերը, երբ կենսաթոշակային ֆոնդում առկա դրամական միջոցները բավարար չեն փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) համար, և կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են վաճառվել զգալի կորուստներով:
4) Փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) արդյունքում ֆոնդի զուտ ակտիվների արժեքը էապես կնվազի և (կամ) կնվազի օրենքով որոշված կարգով նախատեսված ֆոնդի զուտ ակտիվների նվազագույն մեծությունից:
5) Այլ գործոններ: Փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) կասեցման հիմք կարող են հանդիսանալ նաև բնական աղետները, ինչպես նաև այն գործոնները, որոնք անհնար են դարձնում կենսաթոշակային ֆոնդի զուտ ակտիվների արժեքի որոշումը, ֆոնդի ակտիվների գնահատումը, տնօրինումը և (կամ) դրանց գծով եկամուտների ստացումը:
ԳԼՈՒԽ 3. ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
4. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը ֆոնդի կանոններով, որպես պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի թողարկման կասեցման հիմքեր, կարող է նախատեսել ֆոնդի մասնակիցների շահերը վտանգող՝ սույն կանոնակարգի 3-րդ կետի 1-ին, 2-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված հիմքերը: