ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 2015 թվականի N 82-Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների և հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների, ինչպես նաև հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց (անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպություն) հաշվառման և վերջիններիս ցանկի հրապարակման հետ կապված հարաբերությունները:
2. Հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների, ինչպես նաև հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց (անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպություն) հաշվառումն իրականացնում է «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) համաձայն հաշվապահական հաշվառման կարգավորումը և համակարգումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):
3. Հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց ներկայացվող չափանիշները սահմանում է լիազոր մարմինը` հիմք ընդունելով օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:
4. Հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների, ինչպես նաև հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց (անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպություն)՝ հաշվառումն իրականացնելու նպատակով լիազոր մարմինը վարում է գրանցամատյան` իր կողմից սահմանված կարգով: Այդ նպատակով լիազորված մարմինը համապատասխան տեղեկություններ կարող է ձեռք բերել հանրային հատվածի կազմակերպություններից և (կամ) օգտագործել իր մոտ առկա տեղեկությունները:
5. Հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների, ինչպես նաև հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց ցանկը հրապարակում է լիազոր մարմինը` իր պաշտոնական ինտերնետային կայքում` առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ:
6. Լիազոր մարմինը համապատասխան միջոցներ է ձեռնարկում հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների, ինչպես նաև հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց հաշվառումը պատշաճ վարելու, գրանցամատյանը լրացնելու, նշված անձանց ցանկը ճշգրտելու և այն սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետում հրապարակելու ուղղությամբ:
7. Գրանցամատյանում գրառվում են տեղեկություններ նաև օրենքի` ուժի մեջ մտնելու պահին կազմակերպությունների հաշվապահական ծառայության ղեկավարի (գլխավոր հաշվապահի) պաշտոն զբաղեցնող անձանց վերաբերյալ` նրանց մասնագիտական վերապատրաստման կազմակերպման և իրականացման համար:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |