Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1185
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (16.12.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.19/70(1083) Հոդ.1195
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
16.12.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2014

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

16 դեկտեմբերի 2014 թ.

 

«ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԿՈՂՄԻՑ ՂԵԿԱՎԱՐՎՈՂ ՈՉ ՌԱԶՄԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԻ, ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎՃՌԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՆԱՄԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՄԲ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող ոչ ռազմական վարժանքների, խորհրդատվություն և աջակցություն տրամադրելու Վճռական աջակցության առաքելությունում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ» նամակների փոխանակմամբ կնքված համաձայնագրում (այսուհետ` Համաձայնագիր) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 11.12.2014թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով Համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող ոչ ռազմական վարժանքների, խորհրդատվություն և աջակցություն տրամադրելու Վճռական աջակցության առաքելությունում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ» համաձայնագիրը կնքվել է 2014թ. դեկտեմբերի 5-ին և 2014թ. դեկտեմբերի 6-ին` նամակների փոխանակմամբ:

2. Միջազգային անվտանգության ապահովման ուժերի /այսուհետ` ՄԱԱՈԻ/ կազմում ՀՀ խաղաղապահ զորախմբի մասնակցության իրավական հիմքերն ստեղծվել են 2009 թվականի հոկտեմբերի 19-ին և 2009 թվականի հոկտեմբերի 20-ին ստորագրված` «Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև նամակների փոխանակման միջոցով կնքվող համաձայնագրով, որը վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ:

«Վճռական աջակցություն» առաքելության ստեղծման, գործառույթների, պարտավորությունների և կարգավիճակի վերաբերյալ սկզբունքներն ամրագրված են «Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության և Աֆղանստանի Իսլամական Հանրապետության միջև Աֆղանստանում փոխադարձաբար համաձայնեցված (ՆԱՏՕ-ի գլխավորությամբ) գործողություններ իրականացնող ՆԱՏՕ-ի զինված ուժերի և ՆԱՏՕ-ի անձնակազմի կարգավիճակի մասին» համաձայնագրում:

Համաձայնագրի նպատակն է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող Անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված իրավական հարցերի կարգավորումը:

«Վճռական աջակցություն» առաքելությանը տրամադրած ուժերի համար Հայաստանի Հանրապետությունը ՆԱՏՕ-ից չի ստանա վճարումներ կամ փոխհատուցումներ: Ազգային ներկայացուցչության ծախսերը ՆԱՏՕ-ի ցանկացած շտաբում կլինի Հայաստանի Հանրապետության հաշվին: Ցանկացած հարց, որը սույն նամակով կարգավորված չէ, հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պարտավորությունը և ոչ մի ֆինանսական պարտավորություն չի առաջացնում ՆԱՏՕ-ի և «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից այլ ազգային բաղկացուցիչ տարրերի համար:

Հայաստանի Հանրապետությունը կպահպանի իր զորախմբերի նկատմամբ ազգային հրամանատարությունը:

Սույն Համաձայնագրի դրույթների կիրառման և մեկնաբանման հետ կապված բոլոր հարցերը կարգավորվում են ՆԱՏՕ-ի և Հայաստանի Հանրապետության միջև համապատասխան բանակցությունների միջոցով: «Վճռական աջակցություն» առաքելությանը Հայաստանի Հանրապետության աջակցման հետ կապված օպերատիվ խնդիրները կարգավորվում են ՎԱԱՀ-ի և հայկական ազգային զորախմբի հրամանատարի կամ նրանց կողմից նշանակված ներկայացուցիչների կողմից: Սույն Համաձայնագիրը կարող է լրացվել ՆԱՏՕ-ի և Հայաստանի Հանրապետության կողմից նշանակված ներկայացուցիչների միջև կնքված իրականացման կարգավորումների միջոցով:

Սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ ՆԱՏՕ-ի և Հայաստանի Հանրապետության փոխադարձ գրավոր համաձայնությամբ, որն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` ՀՀ ներպետական ընթացակարգերի ավարտման մասին ՀՀ-ի կողմից ՆԱՏՕ-ին գրավոր ծանուցելու օրվանից:

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմնա «Վճռական աջակցություն» առաքելության ողջ ընթացքում, քանի դեռ ՆԱՏՕ-ն կամ Հայաստանի Հանրապետությունն առաքելության ավարտից առնվազն 3 ամիս առաջ գրավոր չի ծանուցի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Պաշտոնական ներկայացուցչի բացատրության համաձայն` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումը կշարունակի իր առաքելությունը գերմանական զորախմբի կազմի մեջ և ֆինանսական ծախսերը կշարունակի հոգալ գերմանական կողմը:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

պատասխանատվություն կրել հայկական զորախմբի անձնակազմի, նրանց զենքերի և հանդերձանքի տեղափոխման համար` նշանակված մեկնման վայրից մինչև նշանակված գործողությունների վայր և հետադարձ ուղղությամբ, ըստ փոխադարձաբար համաձայնեցված ռոտացիոն ժամանակացույցի, առանց ՆԱՏՕ-ի կողմից վճարման,

պատասխանատվություն կրել Հայաստանի Հանրապետության անձնակազմին գործողությունների կատարման վայրում սննդի, կեցության, վառելիքի, վառելիքաքսուքային նյութերի և բուժօգնության, ինչպես նաև հիմնական աջակցության տրամադրման համար, առանց ՆԱՏՕ-ի կողմից վճարման,

առանց ՆԱՏՕ-ի կողմից վճարման, պատասխանատու լինել Հայաստանի Հանրապետության անձնակազմի աշխատավարձի, հատուկ վճարների, լրավճարների, օրապահիկի փոխհատուցման և վարձատրությունների ու այլ վճարումների կատարման համար, որը սովորաբար վճարվում է գործողությունների վայրում տեղակայված անձնակազմին,

Հայաստանի Հանրապետության անձնակազմին տրամադրել առաքելության կատարման համար անհրաժեշտ զենքեր և հանդերձանքի այլ պարագաներ` առանց ՆԱՏՕ-ի վճարման,

հրաժարվել միմյանց դեմ և մյուս բոլոր օպերատիվ գործընկեր երկրների դեմ ուղղված սեփական և օգտագործվող գույքին վնաս պատճառելուց բխող հայցապահանջներից և «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող Հայաստանի Հանրապետության զորախմբի անձնակազմին պատճառված մարմնական վնասվածքների փոխհատուցման պահանջներից,

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գործողությունների, անփութության հետևանքով երրորդ կողմից ներկայացված վնասների փոխհատուցման համար պատասխանատվություն կրել այն երկրի նկատմամբ, որի կողմից բարձրացվել է պատճառված վնասի հետ կապված հարցը: Երրորդ կողմերի բոլոր հայցապահանջներն ընթացք են ստանում ՎԱԱՀ-ի կողմից հրապարակված ընթացակարգերի հիման վրա և ներկայացվում են կարգավորման այն երկրի կողմից, որը պատասխանատու է պատճառված վնասի համար:

Հաշվի առնելով, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը` որպես գործընկեր պետություն, զարգացնում է գործակցային ռազմական հարաբերություններ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների հետ, և քանի որ միջազգային անվտանգության ապահովման արդի համակարգում բոլոր պետությունների անվտանգության խնդիրները փոխկապակցված են, Հայաստանի Հանրապետությունը ևս պարտավոր է ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունների շրջանակներում իր ներդրումն ունենալ միջազգային անվտանգության ապահովմանն ուղղված առաքելություններում:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող ոչ ռազմական վարժանքների, խորհրդատվություն և աջակցություն տրամադրելու Վճռական աջակցության առաքելությունում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ» նամակների փոխանակմամբ կնքված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

16 դեկտեմբերի 2014 թ.
ՍԴՈ-1185

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան