Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1148
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.04.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.05.15/12(491).1 Հոդ.332
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
18.04.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2014

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

18 ապրիլի 2014 թ.

 

ՔԱՂԱՔԱՑԻ ԳԵՎՈՐԳ ՍԼՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 45.6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ /գրավոր ընթացակարգի շրջանակներում/`

դիմող Գ. Սլոյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության խորհրդատու Ս. Թևանյանի,

հրավիրված` ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Ա. Աշոտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Գևորգ Սլոյանի դիմումի հիման վրա՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղաքացի Գևորգ Սլոյանի` 14.10.2013թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, լսելով ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարի պարզաբանումները, հետազոտելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 2004 թվականի դեկտեմբերի 14-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել՝ 2005 թվականի հունվարի 13-ին և ուժի մեջ է մտել 2005 թվականի հունվարի 22-ին։

Օրենքի՝ «Փաստաբանական դպրոցի ունկնդրի կարգավիճակը» վերտառությամբ 45.6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Փաստաբանական դպրոցի ունկնդիր կարող է լինել այն գործունակ ֆիզիկական անձը, որն ունի իրավաբանական կրթության բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան, բացառությամբ, եթե նա դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ»։

Վերոնշյալ դրույթը «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացվել է «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-339-Ն ՀՀ օրենքով, որն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 2011 թվականի դեկտեմբերի 8-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել՝ 2011 թվականի դեկտեմբերի 29-ին և ուժի մեջ է մտել 2012 թվականի հունվարի 19-ին։

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. 23.06.2012թ. դիմողը դիմում է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամ՝ ընդունելության քննություններին մասնակցելու նպատակով։

17.07.2012թ. դիմողն ստացել է փաստաբանական դպրոցի ընդունելության հանձնաժողովի նախագահի 09.07.2012թ. որոշումը «Հավակնորդ Գևորգ Սլոյանի կարգավիճակից զրկելու և քննությանը թույլ չտալու մասին»։

Դիմողը վերոնշյալ որոշումը բողոքարկել է «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ, որն իր` 26.07.2012թ. որոշմամբ դիմողի դիմում-բողոքը մերժել է։

Դիմողը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի՝ խնդրելով դատարանին պարտավորեցնել պատասխանողին հաստատել դիմողի հավակնորդի իր կարգավիճակը և թույլ տալ մասնակցել ՀՀ փաստաբանական դպրոցի ընդունելության քննություններին։

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/2103/02/12 քաղաքացիական գործով 27.02.2013թ. կայացրած վճռով դիմողի հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր` 29.05.2013թ. որոշմամբ մերժել է դիմողի վերաքննիչ բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը։

ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 31.07.2013թ. որոշմամբ վերադարձրել է դիմողի վճռաբեկ բողոքը։

 

3. Դիմողը գտնում է, որ օրենքի վիճարկվող դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 14.1, 32 և 39-րդ հոդվածներին։

Օրենքի վիճարկվող դրույթների՝ ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածին հակասելու վերաբերյալ դիմողի փաստարկները հանգում են հետևյալին. վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանների մի շարք դատական ակտեր՝ դիմողը գտնում է, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդրի կարգավիճակ ձեռք բերելու համար սահմանելով Հայաստանի Հանրապետությունում սահմանված բարձրագույն կրթության որակավորման երեք աստիճաններից երկուսից մեկի /բակալավր կամ դիպլոմավորված մասնագետ/ առկայության պահանջը, առանց որևէ օբյեկտիվ և ողջամիտ արդարացման սահմանել է խտրական վերաբերմունք իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան ունեցող անձանց նկատմամբ, և եթե նույնիսկ այդպիսի խտրականությունն ունի օբյեկտիվ և ողջամիտ արդարացում, ապա օրենքով կիրառվող միջոցները (տարբերակման, խտրականության) համարժեք չեն հետապնդվող նպատակներին, և կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև չկա համամասնության ողջամիտ հարաբերակցություն։

Օրենքի վիճարկվող դրույթների՝ ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածին հակասելու վերաբերյալ դիմողի փաստարկները հանգում են հետևյալին. ներկայացնելով ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածում ամրագրված՝ աշխատանքի ընտրության ազատության բովանդակության մեկնաբանությունը, դիմողը ներկայացնում է հետևյալ տեսակետը. «…դիմումատուն իր ունեցած որակավորմամբ համարվում է բարձրագույն իրավագիտական կրթություն ունեցող անձ, ինչը նշանակում է, որ նա ազատորեն կարող է ընտրել զբաղմունքի (գործունեության) տեսակ։ Տվյալ պարագայում դիմումատուն, լինելով բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող անձ, ցանկանում է զբաղվել փաստաբանական գործունեությամբ, իսկ մասնագիտություն (դրա շրջանակներում՝ մասնագիտացում) և որոշակի տեսակի աշխատանքի ընտրության ազատությունը բացառապես տվյալ անձի իրավունքն է։ Մինչդեռ դիմումատուի նկատմամբ կիրառված օրենքը սահմանափակում է նրա իրավունքը՝ զբաղվել փաստաբանական գործունեությամբ, հետևապես՝ օրենքի այդ նորմը հակասում է ՀՀ Սահմանադրության 32 հոդվածին, այնքանով որքանով արգելափակում է փաստաբանի աշխատանքն ազատորեն ընտրելու դիմումատուի իրավունքը»։

Միաժամանակ, վկայակոչելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի նախորդ խմբագրությամբ տեքստը և արձանագրելով, որ ի տարբերություն գործող իրավակարգավորման՝ նախկինում փաստաբանի արտոնագիր ձեռք բերելու համար նախատեսված էր բարձրագույն իրավաբանական կրթության, ներառյալ՝ իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճանի առկայությունը, դիմողը գտնում է նաև, որ գործող իրավակարգավորման հետևանքով խաթարվել են իր լեգիտիմ ակնկալիքներն այնքանով, որքանով ինքը, ստանալով բարձրագույն իրավաբանական կրթություն, ի թիվս այլնի, ակնկալել է նաև փաստաբանական գործունեության ազատ ընտրության հնարավորությունը։

Օրենքի վիճարկվող դրույթների` ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածին հակասելու վերաբերյալ դիմողի փաստարկները հանգում են հետևյալին. հղում կատարելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքին, արձանագրելով, որ տվյալ օրենքի համաձայն՝ և՛ իրավագիտության բակալավրի, և՛ իրավագիտության մագիստրոսի, և՛ իրավագիտության դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող անձինք համարվում են բարձրագույն իրավագիտական կրթություն ունեցող անձինք, վկայակոչելով նաև նույն օրենքի՝ լրացուցիչ կրթության և դրա արդյունքում ավարտական փաստաթուղթ ստանալու վերաբերյալ համապատասխան դրույթները՝ դիմողը հանգում է այն եզրակացությանը, որ վիճարկվող նորմերի գոյության հետևանքով ինքը զրկվում է լրացուցիչ մասնագիտական կրթություն ստանալու և համապատասխան ավարտական փաստաթուղթ ստանալու իր իրավունքներից, քանզի նրա նկատմամբ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի վիճարկվող նորմով դրսևորվում է չհիմնավորված խտրականություն /տարբերակում, ինչը չունի ողջամիտ և արդարացի հիմնավորում։

 

4. Պատասխանող կողմը գտնում է, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 14.1, 32 և 39-րդ հոդվածներին։

Իր դիրքորոշումը հիմնավորելու համար պատասխանողը «Կրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի՝ կրթական ծրագրի վերաբերյալ դրույթների, նույն հոդվածի 17.1, 20, 21 և 22-րդ կետերի, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի դրույթների վերլուծության հիման վրա ներկայացնում է այն չափանիշները, որոնք հիմք են տալիս միմյանցից տարանջատել 1-ին և 2-րդ մակարդակի բարձրագույն կրթության որակավորման համակարգերը, այն է՝ այն հենքը, որի հիման վրա պետք է շարունակվի բարձրագույն մասնագիտական կրթությունը, այն ժամանակահատվածը, որի ընթացքում պետք է անձն ստանա համապատասխան կրթական համակարգին համապատասխանող ուսուցում, և այն կրթական ծրագիրը, որի հիման վրա իրականացվում է համապատասխան մակարդակի կրթության կազմակերպումը։

Վերը նշված չափանիշների հիման վրա պատասխանողը գտնում է, որ բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրերով ուսումնառությունը բարձրագույն կրթության տարբեր ձևերի համատեքստում կարող է դիտվել որպես «հիմնական» կամ «բազային» մասնագիտական կրթություն, որի հիման վրա անձը հետագայում կարող է շարունակել իր կրթությունը մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար, որից հետո՝ նաև հետբուհական մասնագիտական կրթության ոլորտում։

Վկայակոչելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները, որոնք բացահայտում են փաստաբանական գործունեության բովանդակությունը, ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններում արտահայտված այն դոկտրինալ դիրքորոշումը, համաձայն որի՝ պետությունը երաշխավորում է իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, պատասխանատու է դրա պատշաճ որակի համար և այդ առումով պարտավոր է սահմանել փաստաբաններին ներկայացվող մասնագիտական և բարոյական պահանջներն ու չափանիշները, արձանագրելով, որ փաստաբանական դպրոցի կողմից չի իրականացվում սկզբնական մասնագիտական գիտելիքների փոխանցում և առաջնային մասնագիտական կրթության կազմակերպում, պատասխանող կողմը բնական է համարում, որ փաստաբանական գործունեության իրականացման համար պահանջվի ոչ թե տվյալ ոլորտի բարձրագույն մասնագիտական կրթության առավել բարձր որակավորման աստիճանի առկայություն, օրինակ՝ մագիստրոսի կամ համապատասխան բնագավառի գիտությունների թեկնածուի կամ գիտությունների դոկտորի գիտական աստիճանի առկայություն, այլ համապատասխան ոլորտի բարձրագույն մասնագիտական «բազային» կրթության առկայություն։

Միաժամանակ, պատասխանողը գտնում է, որ յուրաքանչյուր իրավունքի իրականացման համար օրենքով կարող են և պետք է սահմանված լինեն որոշակի նախադրյալներ, չափանիշներ և պահանջներ, և որ իրավունքները և ազատությունները չեն կարող լինել բացարձակ և անվերապահ։ Այս առումով պատասխանող կողմը գտնում է նաև, որ օրենքի վիճարկվող դրույթները չեն նախատեսում խտրականություն, չեն խախտում անձի՝ կրթության և աշխատանքի ազատ ընտրության իրավունքները։

 

5. Հաշվի առնելով դիմողի փաստարկները՝ սույն գործի քննության շրջանակներում հարկ է նախ բացահայտել ՀՀ օրենսդրությամբ իրավաբանական կրթություն պահանջող պաշտոնների հավակնորդներին ներկայացվող պահանջները։

Հիմք ընդունելով ՀՀ դատական օրենսգրքի 115-րդ հոդվածի 4-րդ կետը, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածը, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերությունը, «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ պարբերությունը և դրանք համադրելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի վիճարկվող նորմի հետ` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը դատավորի, դատախազի, քննիչի պաշտոնների հավակնորդներին կամ որպես նոտար կամ փաստաբան աշխատելու համար անձին ներկայացնում է միասնական կրթական չափանիշ, այն է՝ բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճանի առկայությունը: Դա ինքնանպատակ չէ, քանի որ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի՝ «բակալավր», «դիպլոմավորված մասնագետ», «մագիստրոս» հասկացությունների բովանդակությունը սահմանող՝ համապատասխանաբար 20, 21 և 22-րդ կետերի դրույթների, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի՝ «բարձրագույն մասնագիտական կրթություն» հասկացության բովանդակությունը սահմանող 3-րդ հոդվածի և բարձրագույն մասնագիտական կրթության երկաստիճան որակավորման համակարգ սահմանող 9-րդ հոդվածի տրամաբանությունից բխում է, որ ցանկացած բուհական մասնագիտության շրջանակներում մագիստրատուրան հանդես է գալիս որպես տվյալ մասնագիտության խորացման համակարգ։ Մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում ներդրված Բոլոնյան կրթական համակարգը թույլ է տալիս այլ մասնագիտություն ունեցող բակալավրին կամ դիպլոմավորված մասնագետին ընդունվել մեկ այլ մասնագիտության մագիստրատուրա: Սակայն օրենքը նախատեսում է, որ տվյալ մասնագիտացման գծով ուսուցումը չի դիտվում որպես երկրորդ բարձրագույն կրթություն:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Բոլոնյան գործընթացի արդյունքում ներդրված կրեդիտային համակարգը որոշակի կրթական ծրագրով համապատասխան մասնագիտական որակավորում ստանալու համար պահանջում է համապատասխան քանակությամբ կրեդիտների կուտակում: Ուստիև մագիստրոսի որակավորման աստիճանը պետք է համարել տվյալ մասնագիտությամբ առավել բարձր կրթական աստիճան միայն այն պարագայում, երբ առկա է այդ մասնագիտության համար նախատեսված անհրաժեշտ կրեդիտների կուտակումը: Միայն տվյալ պարագայում անձը կարող է համարվել համապատասխան կրթական ծրագրով տվյալ մասնագիտությամբ երկրորդ աստիճանի՝ մագիստրոսի որակավորման կրող:

Սակայն այս հիմնախնդիրը հստակ կանոնակարգված չէ ՀՀ օրենսդրությամբ, ինչը լայն հայեցողական մոտեցումների և մարդկանց իրավունքների խախտման մեծ ռիսկ է բովանդակում: Մասնավորապես` «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությունից բխում է, որ «Բարձրագույն կրթության տարբեր աստիճանների կրթական ծրագրերով առաջին անգամ կրթություն ստանալը չի դիտվում որպես երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն»: Մյուս կողմից` հիշյալ օրենքներում և տարբեր ենթաօրենսդրական ակտերում /հատկապես կրթության ընդհանուր չափորոշիչների հաստատման, կրեդիտային համակարգի ներդրման, կրթության որակավորումների ազգային շրջանակը հաստատելու վերաբերյալ ՀՀ կառավարության` համապատասխանաբար 2001թ. հունվարի 16-ի թիվ 24, 2005թ. դեկտեմբերի 22-ի թիվ 2307-Ն, 2011թ. մարտի 31-ի թիվ 332-Ն որոշումներում, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից ընդունված համապատասխան գերատեսչական ակտերում/ առկա չէ հստակ մոտեցում կրթության տարբեր աստիճանների իրավական բովանդակության, կրթության շարունակականության, կրեդիտային կուտակային համակարգի և համարժեք որակավորման ներդաշնակման, այս ոլորտում միասնական չափորոշիչների հաստատման վերաբերյալ: Նման պայմաններում մագիստրոսական կրթություն իրականացնող տարբեր հաստատություններում յուրովի մեկնաբանելով ՀՀ օրենսդրությունը` իրենց իսկ շահերից ու նպատակներից ելնելով, տարատեսակ կարգեր են սահմանել թե՛ մագիստրատուրայի ընդունելության և թե՛ մագիստրոսների որակավորման հարցերում: Նման պայմաններում անձն ընդհուպ պետական կրթական հաստատություններում նաև վճարովի կրթություն ստանալուց հետո անգամ տվյալ մասնագիտությամբ աշխատելու, ինչպես նաև հետագա մասնագիտական ուսուցման իրավունք չի ստանում:

ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրական անհստակությունները հանգեցրել են նրան, երբ, մի կողմից, անձն իրավաչափ ակնկալիքներով հանձնում է սահմանված քննությունները, ուսանում է մագիստրատուրայում, ստանում է պետական նմուշի դիպլոմ, սակայն հետագայում պարզվում է, որ տարբեր իրավական ակտերով նախատեսված սահմանափակումներով ինքը տվյալ մասնագիտությամբ աշխատել չի կարող, մյուս կողմից` նա մեկ կամ երկու տարում կարող է մագիստրատուրայի բարձրագույն մասնագիտական ծրագրով այլ մասնագիտություն ձեռք բերել, ստանալ պետության կողմից սահմանված նմուշի համապատասխան դիպլոմ` առանց անհրաժեշտ կրեդիտների կուտակման: Նման վիճակը պահանջում է համակարգային ու հետևողական օրենսդրական հստակեցումներ` առաջին հերթին «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքների մակարդակում` բարձրագույն մասնագիտական որակավորման աստիճանները ներդաշնակելով տվյալ մասնագիտության համար պետության կողմից սահմանված կրեդիտներին:

Սահմանադրական դատարանն ի գիտություն ընդունեց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Ա. Աշոտյանի պարզաբանումն առ այն, որ մինչև 2014թ. վերջը վերոհիշյալ հարցերի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումները կհստակեցվեն և կնախաձեռնվեն համապատասխան իրավական կարգավորումներ:

 

6. Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավական պետությունում, իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում, օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ սպասելիքները։ Իրավակարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի հիմքում պետք է դրվի այն հիմնարար մոտեցումը, որ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքը հանդիսանում է իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերից մեկը: Փաստն այն է, որ վեճի առարկա իրավահարաբերությունների շրջանակում խախտվում է անձի օրինական ակնկալիքների իրավունքը: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասում` ընդհուպ անհրաժեշտ կրեդիտների առկայության պարագայում, իրավակիրառ պրակտիկայի կողմից տրվող մեկնաբանությամբ, գործնականում արգելափակվում է ավելի բարձր աստիճանի մասնագիտական որակավորում ունեցող անձի /մագիստրոսի/` փաստաբանական դպրոցի ունկնդիր դառնալու իրավունքը: Նման իրավիճակը հիմնականում պայմանավորված է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտում առկա` վերոշարադրյալ իրավական թերի ու համակարգային առումով անկատար լուծումներով: Դրա հետևանքով, մասնավորապես, պետական միասնական չափորոշիչների տեսանկյունից չի որոշակիացվել կապը բարձրագույն մասնագիտական համարժեք որակավորման ու դրա իրավական փաստը վկայող պետական նմուշի հավաստագրի /դիպլոմի/ միջև: Նման վիճակը, իր հերթին, հանգեցրել է նրան, որ, ինչպես նշվեց, վեճի առարկա իրավադրույթը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից խնդրահարույց է, չի համապատասխանում իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքին, ինչպես նաև չի ապահովում իրավունքի էության անձեռնմխելիության սահմանադրաիրավական երաշխիքի իրացումը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասը` այն մասով ու մեկնաբանությամբ, որով արգելափակվում է ավելի բարձր աստիճանի մասնագիտական համարժեք որակավորում ունեցող անձի` փաստաբանական դպրոցի ունկնդիր դառնալու իրավունքը, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ, 43-րդ /2-րդ մաս/ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

18 ապրիլի 2014 թ.

ՍԴՈ-1148

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան