ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԷԴ/0015/11/13 |
Գործ թիվ ԵԷԴ/0015/11/13 |
|
Նախագահող դատավոր՝ Հ. Տեր-Ադամյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Օհանյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
քարտուղարությամբ |
Մ. Ավագյանի | |
մասնակցությամբ դիմողի ներկայացուցիչ |
Հ. Հովհաննիսյանի |
2013 թվականի նոյեմբերի 28-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի օգոստոսի 12-ի որոշման դեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Հ.Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
1. Երևան քաղաքի Արցախի փողոցի թիվ 10դ շենքի աստիճանավանդակում, 2012 թվականի մայիսի 14-ին` ժամը 15:00-ի սահմաններում, առաջացած հրդեհի վերաբերյալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից նախապատրաստված նյութերը 2012 թվականի հոկտեմբերի 24-ին ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժին:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչ Է.Թումաղայանը 2013 թվականի մարտի 20-ին որոշում է կայացրել վերոհիշյալ հրդեհի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:
2. Քննիչ Է.Թումաղայանի 2013 թվականի մարտի 20-ի որոշման դեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վ.Զոլոտուխինը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազին:
Երևան քաղաքի դատախազի 2013 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ քննիչի 2013 թվականի մարտի 20-ի որոշման դեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վ.Զոլոտուխինի բողոքը մերժվել է` անհիմն լինելու պատճառաբանությամբ:
3. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վ.Զոլոտուխինը բողոք է ներկայացրել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչ Է.Թումաղայանի 2013 թվականի մարտի 20-ի որոշումը, իսկ նախաքննության մարմնին պարտավորեցնել նյութերը նախապատրաստել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների պահպանմամբ և վերջնական որոշում կայացնել ձեռք բերված տվյալներին համապատասխան:
Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 25-ի որոշմամբ բողոքը մերժվել է:
4. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Հ.Հովհաննիսյանը` խնդրելով վերացնել քննիչի 2013 թվականի մարտի 20-ի որոշումը կամ նախաքննության մարմնին պարտավորեցնել «կայացված որոշումը վերակազմել ըստ նյութերում եղած տվյալների»:
Վերաքննիչ դատարանի 2013 թվականի օգոստոսի 12-ի որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Հ.Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 25-ի որոշումը` թողնվել օրինական ուժի մեջ:
5. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Հ.Հովհաննիսյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
6. Քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2013 թվականի մարտի 20-ի որոշման մեջ արձանագրված է հետևյալը. «(…) Համաձայն ՀՀ փորձագիտական կենտրոնի թիվ 12471204 եզրակացության` Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 10դ շենքի 7-րդ հարկում գտնվող աստիճանավանդակում տեղի ունեցած հրդեհի ամենայն հավանական պատճառը կարող է հանդիսանալ հարկի միջով անցնող էլ. հաղորդալարերում առաջացած վթարային ռեժիմի երևույթը` կարճ միացումը:
Այսպիսով, նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ 2012 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Արցախի փողոցի թիվ 10դ շենքի աստիճանավանդակում առաջացած հրդեհի պատճառը հանդիսացել է կարճ միացումը, այսինքն տեղի է ունեցել պատահար, որպիսի պայմաններում բացակայում է հանցագործության դեպքը (...)» (տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 5-6):
7. Առաջին ատյանի դատարանը, իր որոշման մեջ մեջբերելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 103-րդ հոդվածի 1-ին մասը, 290-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, արձանագրել է հետևյալը՝ «Նշված հոդվածների վերլուծությունից երևում է, որ քրեական հետապնդման մարմնի գործողությունները և որոշումները, նախքան դատական կարգով բողոքարկվելը, բողոքարկվում են համապատասխան դատախազին, դատախազի որոշումները և գործողությունները` վերադաս դատախազին:
(...)
Նկատի ունենալով, որ բողոքը ներկայացվել է ՀՀ քր. դատ. օր-ի 103 հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական ընթացակարգի խախտմամբ, այն է` դատախազի որոշման դեմ բողոքը ներկայացվել է դատարան` առանց վերադաս դատախազին բողոքարկելու, հետևաբար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բողոքը` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի ՔՎ Էրեբունու քննչական բաժնի քննիչ` Է.Թումաղայանի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին 20.03.2012թ. որոշումը վերացնելու պահանջի մասին, ենթակա է մերժման (...)» (տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 36-38):
8. Վերաքննիչ դատարանը, մեջբերելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասը, 185-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 103-րդ հոդվածի 1-ին մասը, 290-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, իր որոշման մեջ արձանագրել է հետևյալը. «Նշված հոդվածների վերլուծությունից երևում է, որ քրեական հետապնդման մարմնի գործողությունները և որոշումները, նախքան դատական կարգով բողոքարկվելը, բողոքարկվում են համապատասխան դատախազին, դատախազի որոշումները և գործողությունները` վերադաս դատախազին: Այսինքն` քննիչի որոշումը նախքան դատական կարգով բողոքարկվելը ենթակա է բողոքարկման դատախազին, դատախազի որոշումներն ու գործողություններն էլ իրենց հերթին` վերադաս դատախազին:
(...)
Այսպիսով, համաձայնելով առաջին ատյանի դատարանի վերոնշյալ իրավական վերլուծությունների, պատճառաբանությունների և եզրահանգումների հետ և հաշվի առնելով այն, որ բողոքաբերի կողմից իրականում չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական ընթացակարգը, այն է` դատախազի համապատասխան որոշումը չի բողոքարկվել վերադաս դատախազին, այն միանգամից բողոքարկվել է առաջին ատյանի դատարան, վերաքննիչ դատարանը եկավ այն եզրահանգման, որ առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 25-ի որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, իսկ բողոքաբեր, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ներկայացուցիչ Հ.Հովհաննիսյանի կողմից վերաքննիչ բողոքում նշված փաստարկները հիմք չեն վերաքննիչ բողոքը բավարարելու համար (...)» (տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 43-50):
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոքաբերի պնդմամբ` ստորադաս դատարանները թույլ են տվել քրեադատավարական նորմերի պահանջների էական խախտումներ, ինչի արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն զրկվել է օրենքով երաշխավորված իր իրավունքներից:
Ի հիմնավորումն ասվածի՝ բողոքի հեղինակը նշել է, որ դատարանների այն պնդումը, թե բողոքն Առաջին ատյանի դատարան է ներկայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգի խախտմամբ, այն է` դատախազի որոշման դեմ բողոքը ներկայացվել է դատարան` առանց վերադաս դատախազին բողոքարկելու, հիմնազուրկ է: Տվյալ դեպքում Երևան քաղաքի դատախազի վերոհիշյալ որոշումը ոչ միայն վերադաս դատախազին, այլ նաև դատարան չի բողոքարկվել, դատարան է բողոքարկվել քննիչի` նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:
Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը, որը սահմանում է նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը դատական կարգով բողոքարկելու կարգը, որևէ պահանջ չի բովանդակում առ այն, որ նշված որոշումը նախապես պետք է բողոքարկվի դատախազին: Հետևաբար, դատարանների դիրքորոշումն առ այն, որ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը նախքան դատական կարգով բողոքարկելը պետք է բողոքարկվի դատախազին, իսկ վերջինիս որոշումը` վերադաս դատախազին և նոր միայն դատարան, հակասում է օրենքին, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` Ա.Օհանյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանը:
10. Բողոք բերած անձը փաստարկել է նաև, որ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի որոշումը չի բխում քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներից: Մասնավորապես` քննիչն իր որոշման մեջ մասնակիորեն մեջբերել է փորձագետի եզրակացության այն հատվածը, համաձայն որի՝ հրդեհի հավանական պատճառ կարող էր հանդիսանալ էլեկտրական հաղորդալարերում առաջացած վթարային ռեժիմի երևույթը` կարճ միացումը և, անտեսելով փորձագետի մյուս հետևություններն այն մասին, որ հրդեհի առաջացման պատճառ կարող էին հանդիսանալ նաև էլեկտրական հաղորդալարերի վրա ընկած բաց կրակի աղբյուրները, ինչպես նաև` գազի հաշվիչների և խողովակների մոնտաժման հետևանքով հաղորդալարերից մեկի մեկուսիչի վնասված լինելը, հաստատված է համարել, որ հրդեհի պատճառը հանդիսացել է կարճ միացումը: Վարույթն իրականացնող մարմնի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ Երևան քաղաքի Արցախի փողոցի թիվ 10դ շենքի շքամուտքում գազատար խողովակներն ու հաշվիչները տեղադրված են ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի թիվ 961-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի կոպիտ խախտումներով, ինչը հրդեհի առաջացմանը նպաստող հանգամանք է:
Արդյունքում, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն հրդեհի հետևանքով առաջացած նյութական վնասի փոխհատուցման պահանջ է ներկայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ 578.907 ՀՀ դրամի չափով:
Նկատի ունենալով, որ դեպքի վերաբերյալ նյութերը թերի են նախապատրաստված, հրդեհի առաջացման անմիջական պատճառն ու վնասի հետ կապված հանգամանքները պարզված չեն, ինչպես նաև հնարավոր քաղաքացիական հայցը կանխելու և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գույքային շահերը պաշտպանելու նպատակով քննիչի վերոհիշյալ որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան: Բողոքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացուցիչը խնդրել է նախաքննության մարմնին պարտավորեցնել նյութերը նախապատրաստել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների պահպանմամբ և վերջնական որոշում կայացնել ձեռք բերված տվյալներին համապատասխան: Ավելին, Առաջին ատյանի դատարանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ բավարար կլինի, եթե քննիչը վերակազմի իր որոշումը և դրանում մեջբերի նյութերով ձեռք բերված բոլոր տվյալները, մասնավորապես` որոշման մեջ նույնությամբ արտացոլի փորձագետի եզրակացությունը և մատնանշի գազի հաշվիչների և խողովակների՝ սահմանված կարգի խախտմամբ մոնտաժված լինելու հանգամանքը: Մինչդեռ դատարանների կողմից բողոքները մերժվել են այն պատճառաբանությամբ, որ քննիչի կայացրած որոշումը վերացնելու դեպքում պարտադիր է դառնում քրեական գործի հարուցումը, իսկ նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ, 232-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ չեն հայտնաբերվել:
Ըստ բողոքաբերի` նման պատճառաբանության պարագայում ստացվում է, որ եթե նյութերը հետաքննության կամ նախաքննության մարմնի կողմից թերի են նախապատրաստվել, սակայն վարույթն իրականացնող մարմինն արդեն իսկ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացրել, ապա թույլ տրված բացթողումները և խախտումները վերացնել այլևս հնարավոր չէ:
11. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 25-ի, Վերաքննիչ դատարանի 2013 թվականի օգոստոսի 12-ի որոշումները և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի որոշումը դատարան է բողոքարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ընթացակարգի խախտմամբ:
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունները և որոշումները կարող են սույն օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկվել դատավարության մասնակիցների կողմից: Քննիչի և հետաքննության մարմնի աշխատակցի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին, դատախազի որոշումները և գործողությունները` վերադաս դատախազին, դատարանինը` վերադաս դատարան: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում քրեական հետապնդման մարմնի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել դատարան»:
Մեջբերված քրեադատավարական դրույթի վերլուծությունից երևում է, որ այն դատավարության մասնակիցներին իրավունք է վերապահում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկել քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունները և որոշումները: Նշված հոդվածը սահմանում է բողոքարկման հետևյալ կարգը՝
ա) քննիչի և հետաքննության մարմնի աշխատակցի գործողությունները և որոշումները՝ համապատասխան դատախազին,
բ) դատախազի որոշումները և գործողությունները` վերադաս դատախազին,
գ) դատարանինը` վերադաս դատարան:
Վերոգրյալի հետ մեկտեղ, սակայն, հոդվածը չի բովանդակում պայման այն մասին, որ (ա), (բ) և (գ) կետերում շարադրված գործընթացները պետք է պարտադիր հաջորդեն մեկը մյուսին: Քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունները և որոշումները բողոքարկելիս վերոնշյալ հաջորդականության կամ որևէ այլ հաջորդականության պահպանումը պարտադիր կարող է լինել միայն որոշակի գործողություններ և որոշումներ բողոքարկելու համար այդպիսի պայման սահմանող քրեադատավարական հատուկ նորմի առկայության դեպքում:
14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն`
«1. Քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է համապատասխան դատախազին:
2. Որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին:
3. Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով որոշման պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում:
4. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա վերադաս դատախազը այն ստանալու պահից 7 օրվա ընթացքում վերացնում է բողոքարկվող որոշումը, հարուցում է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար այն ուղարկում է քննիչին կամ հաստատում է քրեական գործ հարուցելը մերժելու օրինականությունը:
5. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն: Բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը»:
Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման ընթացակարգին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Հ.Հարությունյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը բովանդակում է հատուկ իրավանորմեր, որոնք հստակ կարգավորում են մինչդատական վարույթի շրջանակներում ընդունվող դատավարական ակտերից մեկի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման կարգը, դրա արդյունքում ընդունվող որոշումների շրջանակը և այդ որոշումների հետևանքով որոշակի իրավահարաբերությունների փոփոխությունները: Հակառակ դրան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ և 290-րդ հոդվածներն ամրագրում են առավելապես ընդհանրական բնույթի նորմեր, որոնք մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության սահմանները և քրեական դատավարության այդ փուլում դատարանի լիազորությունները կարգավորում են ընդհանրական ձևով:
(...) ՀՀ քրեադատավարական օրենքում նույն իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր և հատուկ նորմերի առկայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենսդիրը կոնկրետ իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր նորմերից, տվյալ դեպքում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ և 290-րդ հոդվածներից առանձնացրել է այդ նույն իրավահարաբերությունը կարգավորող հատուկ նորմ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը՝ արդյունքում հստակեցնելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման դատական կարգն ու դրա արդյունքում դատարանի կողմից կայացվող որոշումը:
(...) շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նույն իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր և հատուկ նորմերի առկայության դեպքում իրավակիրառողը պետք է կիրառի հատուկ նորմերը և չկիրառի ընդհանուր նորմերը» (տե՛ս Համբարձում Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0004/11/11 որոշման 20-21-րդ կետերը):
Վերահաստատելով մեջբերված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության քրեադատավարական ընթացակարգը, բացառությամբ որոշումը բողոքարկելու ժամկետի հարցի, կարգավորվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով: Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը բողոքարկելու ժամկետի հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Հ.Աթոյանի բողոքի կապակցությամբ կայացված որոշման մեջ, որտեղ դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված յոթնօրյա ժամկետում, այլ 290-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետում (տե՛ս Հայարփի Աթոյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի հուլիսի 23-ի թիվ ԵԱԴԴ/0014/11/09 որոշման 27-29-րդ և 31-րդ կետերը):
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի ուսումնասիրությունից երևում է, որ այն չի բովանդակում պահանջ այն մասին, որ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը մինչև դատական կարգով բողոքարկելը պետք է բողոքարկվի դատախազին: Նշված հարցի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել Ա.Օհանյանի բողոքի կապակցությամբ կայացված որոշման մեջ՝ արձանագրելով, որ «(...) դատարանը, տալով օրենքի կամայական մեկնաբանություն, գտել է որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը պահանջում է նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը նախ բողոքարկել դատախազին, ապա դատարան: Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը նման պահանջ չի բովանդակում: (…)» (տե՛ս Ալբերտ Օհանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի հուլիսի 23-ի թիվ ԵԱՔԴ/0001/11/10 որոշման 25-րդ կետը):
15. Հիմք ընդունելով սույն որոշման 13-14-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր չէ սույն գործով ստորադաս դատարանների դիրքորոշումն այն մասին, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի որոշումը նախքան դատական կարգով բողոքարկվելը ենթակա է բողոքարկման դատախազին, դատախազի որոշումներն ու գործողություններն էլ իրենց հերթին` վերադաս դատախազին (տե՛ս սույն որոշման 7-8-րդ կետերը): Հետևաբար, իրավաչափ չեն ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի որոշումը դատարան է բողոքարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ընթացակարգի խախտմամբ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասը: Դատարանների կողմից թույլ տրված դատավարական իրավունքի խախտումն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն՝ հիմք է այդ դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան` նոր քննության ուղարկելու համար:
16. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչ Է.Թումաղայանի 2013 թվականի մարտի 20-ի որոշման մեջ պարզաբանված չեն նշված որոշման բողոքարկման կարգն ու ժամկետները: Մինչդեռ Ա.Դավթյանի և Ս.Մկրտչյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) քրեական դատավարության ընթացքում դատավարության մասնակցի վերաբերյալ համապատասխան դատավարական փաստաթղթեր կազմելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է դրանցում պարզաբանի նաև, թե որ մարմին, ինչ ժամկետում և ինչ կարգով կարող են բողոքարկվել այդ փաստաթղթերը: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից դատավարության մասնակցին վերոնշյալ պարզաբանումները չտրամադրելը հանգեցնում է վերջինիս իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտման:
(...) Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ քննիչի (...) որոշման մեջ պետք է (...) պարզաբանվեին որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետները՝ որոշման մեջ համապատասխան օրենսդրական դրույթների վրա հղում կատարելու և դրանց բովանդակությունը մեջբերելու միջոցով» (տե՛ս Արման Վահանի Դավթյանի և Սոնա Ռուբենի Մկրտչյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0004/11/12 որոշման 16-րդ և 18-րդ կետերը):
17. Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ դեպքի վերաբերյալ նյութերը թերի են նախապատրաստվել, հրդեհի առաջացման անմիջական պատճառն ու վնասի հետ կապված հանգամանքները չեն պարզվել, հրդեհի առաջացման պատճառի վերաբերյալ քննիչի եզրահանգումը չի բխում նյութերով ձեռք բերված տվյալներից (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը գործի նոր քննության ընթացքում պետք է մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկի դիմողի ներկայացրած բոլոր փաստարկները և պարզի, թե արդյո՞ք օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկվել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մաս): Ընդ որում, դատական ստուգման ենթարկելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչ Է.Թումաղայանի 2013 թվականի մարտի 20-ի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը, Առաջին ատյանի դատարանը պետք է պարզի, թե արդյո՞ք նախաքննության մարմնի հիշյալ որոշումը ձևակերպված է այնպես, որ կարող է ոչ իրավաչափ հետևանքներ առաջացնել դիմողի համար: Այդպիսի իրավիճակի առկայության դեպքում Առաջին ատյանի դատարանը պետք է այնպիսի որոշում կայացնի, որը հնարավորություն կտա վերացնել իրավահարաբերության մասնակցի, տվյալ դեպքում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի իրավունքների և օրինական շահերի խախտումը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բողոքը մերժելու վերաբերյալ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 25-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի օգոստոսի 12-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
Ս. Օհանյան | |
Հ. Ասատրյան | ||
Ս. Ավետիսյան | ||
Ե. Դանիելյան | ||
Ա. Պողոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|