Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-162
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.10.1992-մինչ օրս)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1992/20
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
18.10.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.10.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ  Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ՈՒ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. 1992 թվականի հոկտեմբերի 16-ից Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի և կենսաթոշակների նվազագույն չափը սահմանել 1200 ռուբլի:

Բնակչության ինդեքսավորման ենթակա մնացած եկամուտների նկատմամբ, ըստ տեսակների, կիրառել հետևյալ գործակիցները`

պաշտպանության, ներքին գործերի, պետական անվտանգության համակարգի, առողջապահության, լուսավորության և մշակույթի բնագավառի աշխատողների պաշտոնային դրույթների համար` 2,0.

մնացած բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքների համար` 1,8.

ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի համար` 2,0, դրանք սահմանելով`

աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 706 կոպ.

աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում.

36-ժամյա աշխատանքային շաբաթ` 784 կոպ.

30-ժամյա աշխատանքային շաբաթ` 946 կոպ.

(1-ին կետն ուժը կորցրել է 13.01.93 հրամանագիր)

2. Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակների (բացի կերակրողին կորցնելու կապակցությամբ երեխաներին տրվող կենսաթոշակների) ինչպես նաև խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատողներին պատճառված վնասի փոխհատուցման գումարների չափերը բարձրացնել 600 ռուբլով:

Երկու ծնողներին կորցրած երեխաներին, ինչպես նաև մեկ ծնողին կորցրած այն երեխաներին, որոնց մյուս ծնողը 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ է, կերակրողին կորցնելու կապակցությամբ նշանակված կենսաթոշակները վճարել այն հաշվով, որ յուրաքանչյուր երեխայի ամսական կենսաթոշակի չափը կազմի Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն կենսաթոշակի 110 %-ը:

Մեկ ծնողին կորցրած երեխաներին կերակրողին կորցնելու կապակցությամբ նշանակված կենսաթոշակները վճարել այն հաշվով, որ յուրաքանչյուր երեխայի ամսական կենսաթոշակի չափը կազմի Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն կենսաթոշակի 100 %-ը:

(2-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերությունները ուժը կորցրել է 13.01.93 հրամանագիր)

3. Բուհերի, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների, 10 ամսից պակաս ուսուցման տևողությամբ պրոֆտեխնիկական ուսումնարանների սովորողների, ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակները բարձրացնել 300 ռուբլով:

(3-րդ կետը ուժը կորցրել է 13.01.93 հրամանագիր)

4. Մինչև 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան) երեխաների համար ամենամսյա նպաստը բարձրացնել յուրաքանչյուր երեխայի համար 200-ական ռուբլով, սահմանելով այն 410 ռուբլի:

(4-րդ կետը ուժը կորցրել է 13.01.93 հրամանագիր)

5. Մինչև 17 տարեկան երեք և ավելի երեխաներ (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան) ունեցող ընտանիքների համար մեկ երեխայի ամսական նպաստի չափը սահմանել սույն հրամանագրի 4-րդ կետով որոշված նպաստի 25 %-ի չափով ավելի:

(5-րդ կետը ուժը կորցրել է 13.01.93 հրամանագիր)

6. Մինչև երեխայի 2 տարին լրանալը, նրան խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում, ամսական նպաստի չափը բարձրացնել 200 ռուբլով:

(6-րդ կետը ուժը կորցրել է 13.01.93 հրամանագիր)

7. Մինչև 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան) երեխաներ ունեցող միայնակ մայրերի ամենամսյա նպաստի չափը սահմանել 300 ռուբլի:

(7-րդ կետը ուժը կորցրել է 13.01.93 հրամանագիր)

8. Երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը սահմանել 1200 ռուբլի:

(8-րդ կետը ուժը կորցրել է 13.01.93 հրամանագիր)

9. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) տասնօրյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող որոշումներ.

բ) երկշաբաթյա ժամկետում առաջարկություն ներկայացնել չաշխատող կենսաթոշակառուների սոցիալական պաշտպանվածությունն ապահովելու լրացուցիչ միջոցառումների մասին:

գ) հաշվի առնելով սույն հրամանագրով կատարվող փոփոխությունները և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի «1992-1993 թվականների ձմռան նախապատրաստման և բնակչությանը պարեն, այդ թվում հաց մատակարարելու մասին» որոշման պահանջները, մեկշաբաթյա ժամկետում առաջարկություն ներկայացնել հացի և հացամթերքների արտադրության ու սպառման կարգավորման վերաբերյալ:

10. 1992 թվականի հոկտեմբերի 16-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Երեխաների համար տրվող նպաստների միասնական համակարգ սահմանելու մասին» հրամանագրի 1-ին կետի «գ» ենթակետը և մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության ու կենսաթոշակների նվազագույն չափերը, կենսաթոշակների, երեխաների համար տրվող նպաստների ու կրթաթոշակների չափերը ինդեքսավորելու մասին» հրամանագրի 1-ին և 2-րդ կետերը:

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


18 հոկտեմբերի 1992 թվականի,
քաղ. Երևան
ՆՀ-162


Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.01.1993, ՆՀ-187 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան