Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1107
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.09.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.09.25/52(992) Հոդ.860
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
10.09.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2013

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

10 սեպտեմբերի 2013 թ.

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ ԱՇԳԱԲԱՏՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ» 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի մայիսի 30-ին Աշգաբատում ստորագրված` «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջգրադարանային բաժանորդագրության համակարգի ստեղծման մասին» 1999 թվականի հունվարի 13-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության մեջ (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2013 թվականի հունիսի 25-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով Արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջգրադարանային բաժանորդագրության համակարգի ստեղծման մասին» 1999 թվականի հունվարի 13-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը (Արձանագրություն) ստորագրվել է 2012 թվականի մայիսի 30-ին` Աշգաբատում, Հայաստանի Հանրապետության վարչապետ Տ. Սարգսյանի կողմից:

Արձանագրության համար պայմանագրաիրավական հիմք է հանդիսանում 1999 թվականի հունվարի 13-ին Սարատովում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջգրադարանային բաժանորդագրության համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը (Համաձայնագիր), որը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվել է 1999 թվականի նոյեմբերի 23-ին:

Արձանագրության վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունն արել է հայտարարություն:

 

2. Ըստ գործի նյութերի` Արձանագրությունն ուղղված է Համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարգի, ինչպես նաև Համաձայնագրի մի շարք դրույթների հստակեցմանը:

 

3. Ըստ Արձանագրության` կողմերը համաձայնում են Համաձայնագրում կատարել հետևյալ փոփոխությունները.

- 4-րդ հոդվածի 1-ին կետում «Գիտական-տեխնոլոգիական զարգացման միջպետական կոմիտե (հետագայում` ԳՏԶ ՄԿ)» բառերը փոխարինել «Գիտական-տեխնիկական և նորարարության ոլորտներում համագործակցության միջպետական խորհուրդ (հետագայում` ԳՏՆ ՄԽ)» բառերով և «Տնտեսագիտական խորհրդի միջպետական տնտեսագիտական կոմիտե (հետագայում` ՄՏԿ)» բառերը` «ԱՊՀ տնտեսագիտական խորհուրդ» բառերով.

- 4-րդ հոդվածի 2-րդ կետում ՄՏԿ հապավումը փոխարինել «ԱՊՀ տնտեսագիտական խորհուրդ» բառերով.

- 4-րդ հոդվածի 3-րդ կետում ԳՏԶ ՄԿ հապավումը փոխարինել ԳՏՆ ՄԽ հապավումով.

- 9-րդ հոդվածում բացառել «և ուժի մեջ են մտնում Համաձայնագրի 11-րդ հոդվածով նախատեսված կարգին համապատասխան» բառերը:

 

4. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9-րդ հոդվածի դրույթներին։

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2012 թվականի մայիսի 30-ին Աշգաբատում ստորագրված` «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջգրադարանային բաժանորդագրության համակարգի ստեղծման մասին» 1999 թվականի հունվարի 13-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության մեջ (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

10 սեպտեմբերի 2013 թ.

ՍԴՈ-1107