Գլխավոր տեղեկություն
Համար
N 670-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.09.2013-12.06.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.08/34(837) Հոդ.780
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 2011 թվականի N 670-Ն

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ և 35-րդ հոդվածի 2-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) կենսաթոշակ վճարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) լիազոր մարմնի և բանկի միջև կնքվող` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) լիազոր մարմնի և վճարահաշվարկային կազմակերպության միջև կնքվող` կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սահմանել, որ՝

1) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունն է.

2) սույն որոշմամբ սահմանված կարգով վճարվում են նաև լիազոր մարմնի կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նշանակվող` պատվովճարի, դրամական օգնության և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների գումարները.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` համապատասխան մարմիններ) համակարգերի կենսաթոշակառուների կենսաթոշակը մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող ընթացակարգերով կարող է վճարվել մինչև 2012 թվականի հուլիսի 1‑ը.

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի կենսաթոշակառուի կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարվում է Հայաստանի Հանրապետության տարածքային զինվորական կոմիսարիատների միջոցով.

5) ոչ ուշ, քան սկսած 2012 թվականի հուլիսի 1-ից՝ համապատասխան մարմինների համակարգերի կենսաթոշակառուների (բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետում նշված կենսաթոշակառուների) կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով՝ «ՎՏԲ-Հայաստան» բանկի միջոցով` մինչև կենսաթոշակն ստանալու եղանակը, բանկը կամ կազմակերպությունն ընտրելու կամ փոխելու համար կենսաթոշակառուի կողմից դիմում ներկայացնելը.

6) մինչև 2012 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարվում են միայն «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության միջոցով (բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետում նշված կենսաթոշակառուներին վճարվող կենսաթոշակի):

(2-րդ կետը փոփ. 23.02.12 N 184-Ն)

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել լիազոր մարմնի հետ կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքէջում հրապարակելը:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետին` ձեռնարկել միջոցներ՝ կենսաթոշակառուների (այդ թվում` զինվորական կենսաթոշակ ստացող) հաշվառման միասնական տեղեկատվական համակարգի հիման վրա կենսաթոշակը սույն որոշմամբ սահմանված կարգով վճարելն ապահովելու համար:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. մայիսի 27
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 670-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ՎՃԱՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են կենսաթոշակը, կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը և կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարները վճարելուն առնչվող հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝

1) կենսաթոշակի գումար` ըստ վճարման ցուցակների կենսաթոշակ ստացող անձին վճարվող գումար.

2) կենսաթոշակառու` անձ, ում կենսաթոշակ է նշանակվել, կամ ով օրենքով սահմանված իրավունք (բացառությամբ լիազորագրով ստացած իրավունքի) ունի ստանալու կենսաթոշակառուի կենսաթոշակը.

3) կենսաթոշակ ստացող անձ՝ կենսաթոշակառու կամ կենսաթոշակառուի կենսաթոշակը լիազորագրով ստանալու իրավունք ունեցող անձ.

4) վճարման ցուցակ` կենսաթոշակ ստացող անձանց տվյալների և նրանց վճարման ենթակա գումարներին (այդ թվում` չվճարված կենսաթոշակի գումարներին) վերաբերող տվյալների ամբողջություն, որի հիման վրա վճարվում են կենսաթոշակները (կենսաթոշակների վճարման ցուցակում ներառվում են այն կենսաթոշակառուները, ում կենսաթոշակ վճարելն օրենքով սահմանված կարգով դադարեցված չէ).

5) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (այսուհետ` ծառայություն) տարածքային ստորաբաժանումներ, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության դատախազության` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումներ.

6) բանկ` ծառայության հետ կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած՝ կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարող բանկ.

7) կազմակերպություն` ծառայության հետ կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած` կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարող վճարահաշվարկային կազմակերպություն:

(2-րդ կետը լրաց. 23.02.12 N 184-Ն)

3. Կենսաթոշակը, կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը և կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են կանխիկ կամ անկանխիկ եղանակով` բանկի կամ կազմակերպության միջոցով:

4. Կենսաթոշակառուն իրավունք ունի ցանկացած ժամանակ դիմելու կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում` կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը, կամ կազմակերպությունը փոխելու համար:

5. Դիմումը ներկայացնելուն նախորդող ժամանակահատվածի չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են դիմումում նշված եղանակով (բանկի կամ կազմակերպության միջոցով):

6. Դիմումում ներառվում են՝

1) կենսաթոշակառուի անունը, ազգանունը, հայրանունը.

2) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը.

3) կենսաթոշակն ստանալու եղանակը, կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու դեպքում` նաև բանկում բացված իր բանկային հաշվի համարը, իսկ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստանալու համար դիմելու դեպքում` նաև կազմակերպության անվանումը:

7. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարելու եղանակին (բանկին կամ կազմակերպությանը) վերաբերող տեղեկատվությունը մուտքագրում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան (այսուհետ` շտեմարան):

8. Տվյալ ամսվա կենսաթոշակը դիմումում նշված եղանակով (բանկի կամ կազմակերպության միջոցով) վճարվում է, եթե դիմումը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացվել մինչև տվյալ ամսվան նախորդող ամսվա վերջին աշխատանքային օրը (եթե կենսաթոշակառուի տվյալներում անճշտություններ չկան):

(8-րդ կետը փոփ. 29.08.13 N 973-Ն)

 

II. ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐԵԼԸ

 

9. Կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելը կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուի բանկային հաշվին փոխանցելն է: Կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուի բանկային հաշվին է փոխանցվում գանձապետարանի միջոցով:

(9-րդ կետը լրաց. 23.02.12 N 184-Ն)

10. Կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելուն առնչվող հարաբերությունները կարգավորվում են «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով, կենսաթոշակների վճարման ծառայություններ մատուցելու մասին ծառայության և բանկի միջև կնքված պայմանագրով (այսուհետ` պայմանագիր), իսկ բանկային հաշվի սպասարկմանն առնչվող հարաբերությունները` կենսաթոշակառուի ու բանկի միջև կնքված` բանկային հաշվի պայմանագրով (այսուհետ` բանկային հաշվի պայմանագիր):

(10-րդ կետը լրաց. 23.02.12 N 184-Ն)

11. Բանկը ծառայությանն է տրամադրում իր հետ բանկային հաշվի պայմանագիր կնքած կամ պայմանագրի 1.7-րդ կետում նշված դիմում ներկայացրած կենսաթոշակառուների տվյալները:

12. Ծառայությունը շտեմարան ներառված` կենսաթոշակը տվյալ բանկի միջոցով ստանալու մասին դիմում ներկայացրած կենսաթոշակառուների տվյալները համեմատում է սույն կարգի 11-րդ կետում նշված տվյալների հետ և անհամապատասխանությունների առկայության դեպքում` բանկի և ծառայության փոխհամաձայնեցված կարգով ճշտում դրանք: Եթե սույն կետում նշված անհամապատասխանությունները փոխհամաձայնեցված կարգով չեն ճշտվում, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին եղանակով (կազմակերպության կամ բանկի միջոցով): Սույն կետով սահմանված դեպքում` եթե կենսաթոշակը նախկին բանկի միջոցով վճարելը հնարավոր չէ բանկային հաշիվը փակված լինելու պատճառով, ապա կենսաթոշակը, մինչև անհամապատասխանությունները ճշտելը, վճարվում է կանխիկ եղանակով:

(12-րդ կետը լրաց. 23.02.12 N 184-Ն)

13. Ծառայությունը, հիմք ընդունելով շտեմարանում առկա տվյալները (այդ թվում` կենսաթոշակը վճարելու եղանակը և բանկային հաշվի համարը (բանկը), նախորդ ամսվա ընթացքում «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով փաստաթուղթ ներկայացրած կամ հայտարարություն տված անձանց վերաբերող տվյալները), ձևավորում է էլեկտրոնային վճարման ցուցակը:

14. Սույն կարգով և պայմանագրով սահմանված ժամկետներում ու կարգով ծառայությունը բանկին և գանձապետարանին է տրամադրում էլեկտրոնային վճարման ցուցակը և, գանձապետարանի միջոցով, ապահովում է վճարման ենթակա գումարի (այդ թվում` պայմանագրով սահմանված` ծառայությունների դիմաց վճարման ենթակա փոխհատուցման գումարի) փոխանցումը բանկին ու կենսաթոշակի գումարի փոխանցումը կենսաթոշակառուի բանկային հաշվին:

(14-րդ կետը փոփ., լրաց. 23.02.12 N 184-Ն)

15. Բանկը համապատասխան դրամական միջոցներն ընդունելու օրվան հաջորդող բանկային օրվանից ոչ ուշ կենսաթոշակի գումարը մուտքագրում է կենսաթոշակառուի բանկային հաշվին:

16. Ծառայությունը և բանկը տեղեկատվությունը փոխանակում են փոխհամաձայնեցված կարգով:

 

III. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐԵԼԸ

 

17. Կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարելուն առնչվող հարաբերությունները կարգավորվում են կենսաթոշակների վճարման ծառայություններ մատուցելու մասին ծառայության և կազմակերպության միջև կնքված պայմանագրով (այսուհետ` հիմնական պայմանագիր), իսկ կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուին տրամադրելու պայմաններն ու կարգը` սույն կարգով և իրավական այլ ակտերով:

18. Ծառայությունը, հիմք ընդունելով շտեմարանում առկա տվյալները (այդ թվում` կենսաթոշակը վճարելու եղանակին և վճարող կազմակերպությանը վերաբերող), ձևավորում է տվյալ ամսվա վճարման ցուցակը և տպագրում է վճարման ցուցակի թղթային տարբերակը:

19. Ծառայությունը սույն կարգով և հիմնական պայմանագրով սահմանված ժամկետներում ու կարգով կազմակերպությանն է տրամադրում վճարման ցուցակի թղթային և էլեկտրոնային տարբերակներն ու ապահովում է վճարման ենթակա գումարը կազմակերպությանը փոխանցելը:

(19-րդ կետը փոփ. 23.02.12 N 184-Ն)

20. Կազմակերպությունը կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարում է Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակառուի բնակության վայրի հասցեում կամ կազմակերպության գրասենյակում` կենսաթոշակի գումարը կենսաթոշակ ստացող անձին տրամադրելու միջոցով:

21. Կենսաթոշակ ստացող անձը կենսաթոշակի գումարն ստանալու համար կազմակերպության համապատասխան աշխատողին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը:

22. Կազմակերպության համապատասխան աշխատողը համադրում է կենսաթոշակ ստացող անձի ներկայացրած փաստաթղթի և վճարման ցուցակի տվյալները:

23. Անհամապատասխանություններ չլինելու դեպքում կազմակերպության աշխատողը կենսաթոշակ ստացող անձին է տրամադրում կենսաթոշակի գումարը:

24. Կենսաթոշակ ստացող անձն ստորագրում է կենսաթոշակների վճարման ցուցակում:

25. Կազմակերպությունը տվյալ ամսվա կենսաթոշակը վճարում է մինչև տվյալ ամսվա 20-ը և հիմնական պայմանագրով սահմանված կարգով, վճարման ցուցակի հիման վրա, կենսաթոշակների վճարման վերաբերյալ անձնավորված տեղեկատվություն է տրամադրում ծառայությանը` թղթային և էլեկտրոնային տարբերակով: Ծառայությունը և կազմակերպությունը տեղեկատվություն են փոխանակում փոխհամաձայնեցված կարգով:

(25-րդ կետը խմբ. 23.02.12 N 184-Ն)

26. Կազմակերպության մատուցած ծառայությունների համար վճարումը կատարվում է հիմնական պայմանագրով սահմանված կարգով:

 

IV. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ԼԻԱԶՈՐԱԳՐՈՎ ՎՃԱՐԵԼԸ

 

27. Կենսաթոշակը կանխիկ եղանակով կարող է վճարվել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված լիազորագրով:

28. Կենսաթոշակը լիազորագրի հիման վրա կանխիկ եղանակով վճարելու համար անձը կենսաթոշակառուի բնակության վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում լիազորագիրը և դրա լուսապատճենը:

29. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մասնագետը լիազորագրի պատճենը համեմատում է բնօրինակի հետ, պատճենի վրա կատարում է «Իսկականի հետ ճիշտ է» գրառումը, կնքում է տարածքային բաժնի կնիքով և վերադարձնում բնօրինակը:

30. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մասնագետը շտեմարան է մուտքագրում լիազորված անձի տվյալները, որոնք, կենսաթոշակառուի տվյալների հետ միասին արտացոլվում են վճարման ցուցակում` որպես կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձ:

 

V. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՏՐՎՈՂ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԸ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՉՎՃԱՐՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՒՄԱՐԸ ՎՃԱՐԵԼԸ

 

31. Կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը և կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարն ստանալու համար անձը (այսուհետ` շահառու) դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է այն կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, որտեղ հաշվառված է եղել կենսաթոշակառուն:

32. Դիմումում նշում է նաև այն կազմակերպության կամ բանկի անվանումը, որի միջոցով ցանկանում է ստանալ վճարման ենթակա գումարները:

33. Դիմումը հաշվառվում է դիմումների հաշվառման մատյանում և շտեմարանի էլեկտրոնային մատյանում:

34. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը ընդունում է որոշում կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը և (կամ) կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը շահառուին վճարելու կամ վճարելը մերժելու կամ վճարելու ժամկետը հետաձգելու վերաբերյալ:

35. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը մերժում է կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը և (կամ) կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը շահառուին վճարելը, եթե շահառուն չի ներկայացրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը:

36. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը հետաձգում է կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը և (կամ) կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը շահառուին վճարելու ժամկետը, եթե, շտեմարանի տվյալների համաձայն, առկա է կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումար:

37. Սույն կարգի 36-րդ կետով սահմանված` կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների կենսաթոշակի գումարը կանխիկ եղանակով վճարված լինելու դեպքում՝ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման ղեկավարը, շահառուի դիմելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ, ծառայության անունից Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին:

38. Սույն կարգի 36-րդ կետով սահմանված` կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների կենսաթոշակի գումարն անկանխիկ եղանակով վճարված լինելու դեպքում` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դրա մասին տեղեկացնում է ծառայությանը` ներկայացնելով մահացած կենսաթոշակառուի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը, կենսաթոշակի գործի համարը:

39. Ծառայությունը պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում բանկին տեղեկացնում է կենսաթոշակառուի մահվան մասին և ներկայացնում է վճարման պահանջագիր:

40. Եթե վճարման պահանջագրի հիման վրա, պայմանագրով սահմանված` կենսաթոշակառուի բանկային հաշվին բավարար միջոցների բացակայության դեպքում, կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարն ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չի փոխանցվում, ծառայությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին:

41. Ծառայությունը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը տեղեկացնում է վճարման պահանջագրի հիման վրա կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու կամ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու վերաբերյալ:

42. Սույն կարգի 36-րդ կետով սահմանված դեպքում՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը և (կամ) կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը շահառուին վճարվում է կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնելուց կամ քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշում ընդունվելուց հետո:

43. Կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը և կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը կազմակերպության միջոցով ստանալու դեպքում` այդ գումարները վճարվում են դիմելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակների վճարման հետ միաժամանակ, եթե շահառուն դիմումը և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ներկայացրել է մինչև դիմելու ամսվա վերջին աշխատանքային օրը (եթե կենսաթոշակառուի տվյալներում անճշտություններ չկան):

(43-րդ կետը փոփ. 29.08.13 N 973-Ն)

44. Կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը և կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը բանկի միջոցով ստանալու դեպքում` այդ գումարները վճարվում են (բանկին են փոխանցվում) դիմելու օրվան հաջորոդող 5-րդ աշխատանքային օրվանից ոչ ուշ:

45. Սույն կարգի 36-րդ կետով սահմանված դեպքում՝ սույն կարգի 43-րդ և 44-րդ կետերով սահմանված ժամկետները հաշվարկվում են կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնելը կամ քրեական գործով վարույթը կասեցնելը հաստատող տեղեկատվությունն ստանալու օրվանից:

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 23.02.12 N 184-Ն, փոփ. 29.08.13 N 973-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 670-Ն որոշման

Oրինակելի ձև

լիազոր մարմնի և բանկի միջև կնքվող` կենսաթոշակների

վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

 քաղ. Երևան

 ___ _______ 20 թ.

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ` պատվիրատու), ի դեմս ծառայության պետ ______________-ի, ով գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1531-Ն որոշմամբ հաստատված ծառայության կանոնադրության հիման վրա, և ________________ ընկերությունը` ի դեմս _________________________________-ի, ով գործում է իր կանոնադրության հիման վրա (այսուհետ` կատարող) կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

 

1. Պայմանագրի առարկան և այլ պայմաններ

 

1.1. Սույն պայմանագրում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝

1.1.1. կենսաթոշակ` ծառայության միջոցով վճարվող` կենսաթոշակի, պատվովճարի, դրամական օգնության և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների գումար.

1.1.2. կենսաթոշակառու` անձ, ում կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով` կատարողի մոտ իր անունով բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով.

1.1.3. շահառու` թաղման նպաստի և կենսաթոշակառուի մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումարներն ստանալու իրավունք ունեցող անձ, ում տվյալները պատվիրատուն ներկայացրել է կատարողին:

1.2. Կատարողը սույն պայմանագրով պարտավորվում է՝

1.2.1. պատվիրատուից ընդունել և կենսաթոշակառուի բանկային հաշվին մուտքագրել կենսաթոշակի գումարները` էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված վճարային հաղորդագրության տեսակների միջոցով՝ ըստ պատվիրատուի ներկայացրած` սույն պայմանագրի N 1 հավելվածով սահմանված տեղեկատվության (այսուհետ` վճարման ցուցակ).

1.2.2. պատվիրատուից ընդունել և շահառուին կանխիկ եղանակով վճարել թաղման նպաստի և կենսաթոշակառուի մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումարները՝ անկախ շահառուի հետ բանկային հաշվի պայմանագիր կնքած լինելու հանգամանքից:

Բանկն իրավունք չունի կենսաթոշակառուին մերժելու սույն պայմանագրին համապատասխան բանկային հաշիվ բացելը և վարելը (բանկային հաշվի պայմանագիր կնքելը):

1.3. Բանկային հաշիվը բացելու և վարելու հետ կապված հարաբերությունները (ներառյալ ծառայությունների վարձավճարները) կարգավորվում են կենսաթոշակառուի և կատարողի միջև կնքված բանկային հաշվի պայմանագրով:

1.4. Կատարողը պարտավոր է կենսաթոշակառուին սպասարկել սույն պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող N 2 հավելվածով սահմանված` կենսաթոշակների վճարման համար սահմանված նվազագույն ծառայությունների առավելագույն սակագների համաձայն (այսուհետ՝ հիմնական ծառայությունների ցանկ):

1.5. Կատարողը կարող է սահմանել այլ լրացուցիչ ծառայությունների մատուցում, որոնք ներառված չեն հիմնական ծառայությունների ցանկում կամ սահմանել հատուկ պայմաններ՝ հիմնական ծառայությունների համար, որոնք չպետք է պակաս բարենպաստ վիճակի մեջ դնեն կենսաթոշակառուին:

1.6. Այն դեպքում, երբ կենսաթոշակառուն կատարողի մոտ (բանկում) արդեն ունի բացված բանկային հաշիվ, ապա կատարողը կարող է նույն հաշվին մուտքագրել կենսաթոշակի գումարը, եթե կարող է ապահովել միաժամանակ հիմնական ծառայությունների մատուցումը:

1.7. Այն դեպքում, երբ կենսաթոշակառուն, իր դիմումի հիման վրա հրաժարվում է իր կենսաթոշակը կատարողից ստանալ հիմնական ծառայությունների ցանկի համաձայն, ապա կենսաթոշակառուն կարող է օգտվել կատարողի կողմից մատուցվող ծառայություններից: Այս դեպքում պատվիրատուն կատարողին փոխհատուցում չի վճարում:

 

2. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

2.1. Կողմերն իրավունք ունեն՝

2.1.1. սույն պայմանագրով սահմանված կարգով դադարեցնելու պայմանագրի գործողությունը.

2.1.2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու մյուս կողմի գործողությունները և (կամ) անգործությունը:

2.2. Կողմերը սույն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեղեկատվութունը փոխանակում են փոխհամաձայնեցված կարգով:

2.3. Կատարողը պարտավոր է՝

2.3.1. կենսաթոշակը կենսաթոշակառուի բանկային հաշվին մուտքագրել համապատասխան դրամական միջոցների ընդունման օրվան հաջորդող բանկային օրվա ընթացքում.

2.3.2. կենսաթոշակառուի մահվան դեպքում, պատվիրատուի պահանջով, որպես սխալ վճարված գումար, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցել կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակների գումարները` պատվիրատուին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված գումարի (իսկ կենսաթոշակառուի բանկային հաշվին բավարար միջոցների բացակայության դեպքում` փոխանցման ենթակա` սակայն չփոխանցված գումարի) մասին` համապատասխան պահանջագիրը ներկայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ: Կատարողը պատասխանատվություն չի կրում սխալ վճարված գումարների համար, եթե դրանք հաշվից ելքագրվել են մինչև կենսաթոշակառուի մահվան մասին տեղեկատվությունն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը (սույն կետի իմաստով մահվան մասին տեղեկատվություն ստանալու օր է համարվում կենսաթոշակառուի մահվան վկայականի պատճենը կատարողին ներկայացնելու կամ սույն պայմանագրի 2.4.2-րդ կետով սահմանված` կենսաթոշակառուի մահվան մասին տեղեկատվությունը պատվիրատուից ստանալու օրը).

2.3.3. կենսաթոշակառուի մահվան մասին տեղեկատվություն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ (սույն կետի իմաստով մահվան մասին տեղեկատվության ստանալու օր է համարվում կենսաթոշակառուի մահվան վկայականի պատճենը կատարողին ներկայացնելու օրը) տեղեկացնել պատվիրատուին և դադարեցնել տվյալ կենսաթոշակառուի հաշվով գործառույթների իրականացումը.

2.3.4. կենսաթոշակառուին մատչելի եղանակով անվճար տրամադրել իր բանկային հաշվին մուտքագրված կենսաթոշակի գումարների մասին տեղեկատվություն (այսուհետ՝ քաղվածք)` առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ.

2.3.5. մինչև յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը պատվիրատուին տրամադրել այն կենսաթոշակառուների ցուցակը, ովքեր նախորդ ամսվա ընթացքում «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ներկայացրել են փաստաթուղթը կամ տվել են հայտարարություն: Ընդ որում, կենսաթոշակառուի կողմից հայտարարություն տալ է համարվում նաև առնվազն տարեկան մեկ անգամ անձամբ կատարողի մոտ ներկայանալով՝ որևէ փաստաթուղթ ստորագրելը.

2.3.6. կողմերի միջև փոխհամաձայնեցված ժամկետներում պատվիրատուին տրամադրել մինչև տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը (ներառյալ) իր հետ բանկային հաշվի պայմանագիր կնքած և (կամ) սույն պայմանագրի 1.7-րդ կետում նշված դիմում ներկայացրած կենսաթոշակառուների տվյալները.

(2.3.6-րդ կետը փոփ. 29.08.13 N 973-Ն)

2.3.7. թաղման նպաստի և կենսաթոշակառուի մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումարներն իր բանկային հաշվին մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ ապահովել գումարի վճարումը՝ իր ցանկացած մասնաճյուղում:

2.4. Պատվիրատուն պարտավոր է`

2.4.1. տվյալ ամսվա վճարման ցուցակը կատարողին տրամադրելու օրվան հաջորդող բանկային օրվանից ոչ ուշ կատարողի հաշվին փոխանցել վճարման ենթակա ամբողջ գումարը.

2.4.2. կենսաթոշակառուի մահվան մասին տեղեկատվություն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ կատարողին տեղեկացնել դրա մասին և դադարեցնել կենսաթոշակի վճարումը.

2.4.3. օրենքով սահմանված կարգով ապահովել սույն պայմանագրի շրջանակներում իրեն հայտնի դարձած` բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության գաղտնիությունը.

2.4.4. սույն պայմանագրի 2.3.2-րդ կետում նշված գումարների վերադարձման նպատակով կատարողին ներկայացնել սահմանված ձևով վճարման պահանջագիր.

2.4.5. շահառուի տվյալները կատարողին տրամադրելու օրվան հաջորդող բանկային օրվանից ոչ ուշ կատարողի հաշվին փոխանցել թաղման նպաստի և կենսաթոշակառուի մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումարը:

 

3. Պայմանագրի գինը

 

Սույն պայմանագրի 1.2.1-ին կետով նախատեսված ծառայությունների համար պատվիրատուն կատարողին վճարում է յուրաքանչյուր կենսաթոշակառուի համար ամսական երեսուն դրամի չափով փոխհատուցում, որը պատվիրատուն բանկ է փոխանցում տվյալ ամսվա կենսաթոշակի գումարի հետ միասին:

Սույն պայմանագրի 1.2.2-րդ կետով նախատեսված ծառայությունների համար կատարողին փոխհատուցում չի վճարվում, իսկ կատարողն այդ գումարները շահառուին կանխիկ վճարելու համար ծառայությունների վարձավճար (կանխիկացման վճար) չի գանձում:

 

4. Վեճերի լուծման կարգը

 

Սույն պայմանագրի կապակցությամբ վեճեր ու տարաձայնություններ առաջանալու դեպքում դրանք լուծվում են տասնհինգ օրվա ընթացքում` բանակցությունների միջոցով, իսկ բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Վեճերի ու տարաձայնությունների վերաբերյալ բանակցությունների կամ դատական գործընթացների ժամանակահատվածում կատարողը պարտավոր է շարունակել մատուցել սույն պայմանագրով սահմանված ծառայությունները:

 

5. Եզրափակիչ դրույթներ

 

5.1. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կհանդիսանան սույն պայմանագրի անբաժանելի մասը:

5.2. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից։ Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ։

5.3. Սույն պայմանագիրը լուծվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվելու դեպքում: Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն երկու ամիս առաջ:

Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացնող կողմը պարտավոր է պայմանագիրը լուծելու մասին պատշաճ կարգով ծանուցել կենսաթոշակառուին՝ պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ:

Սույն պայմանագիրը լուծվում է պայմանագրով ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատճառած վնասները լրիվ հատուցելու պայմանով:

5.4. Սույն պայմանագիրն իրավաբանական ուժ է ստանում կնքման պահից և գործում է անորոշ ժամկետով:

 

 

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարության սոցիալական
ապահովության պետական ծառայության պետ


 ________________________________
Բանկի նախագահ/գործադիր տնօրեն
 
     
__________________        __________________ __________________        __________________
   (ստորագրությունը)                  (անունը, ազգանունը)    (ստորագրությունը)                   (անունը, ազգանունը)  

(ձևը փոփ. 29.08.13 N 973-Ն)

 

 

Հավելված N 1

կենսաթոշակների վճարման ծառայությունների

մատուցման պայմանագրի

Ց Ա Ն Կ

 

ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

1. Բանկի անվանումը

2. Կենսաթոշակառուի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը, առկայության դեպքում` կենսաթոշակառուի փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը

3. Կենսաթոշակառուի բանկային հաշվի համարը

4. Վճարման ենթակա կենսաթոշակի գումարը (այդ թվում` տվյալ ամսվան նախորդող ժամանակահատվածի համար)` ըստ ժամանակահատվածի և տեսակների

5. Վճարման ենթակա ընդհանուր գումարը

 

 

Հավելված N 2

կենսաթոշակների վճարման ծառայությունների

մատուցման պայմանագրի

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ

Աղյուսակ

 

NN
ը/կ

Ծառայությունների տեսակը

Առավելագույն սակագինը

1.

Բանկային (քարտային) հաշվի բացում և սպասարկում

անվճար

2.

Քարտերի թողարկում և տրամադրում

անվճար

3.

Բանկային (քարտային) հաշվից միջոցների կանխիկացում (տվյալ բանկի սպասարկման կետերում)

անվճար

4.

Քարտային հաշվից միջոցների կանխիկացում (այլ բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող սպասարկման կետերում)

0.5 %

5.

Քարտի բլոկավորում և ապաբլոկավորում (քարտապանի պահանջով)

անվճար

6.

Բանկոմատի միջոցով քարտի առգրավման դեպքում (բանկի սեփական սպասարկման կետերում) քարտի վերադարձ

անվճար

7.

Բանկոմատի միջոցով քարտի առգրավման դեպքում (այլ բանկերի սպասարկման կետերում) քարտի վերադարձ

200 դրամ

8.

ՊԻՆ կոդի վերականգնում

700 դրամ

9.

Քարտի վերաթողարկում (կորցնելու դեպքում)

900 դրամ

10.

Քարտային գործարքների վերաբերյալ ամսական քաղվածքի տրամադրում

անվճար

11.

Անկանխիկ վճարումների ապահովում

անվճար

Սույն աղյուսակի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերում նշված ծառայություններն առաջին դեպքի համար մատուցվում են անվճար, իսկ հետագայում` աղյուսակում նշված միջնորդավճարի համաձայն, եթե բանկն ավելի նպաստավոր պայմաններ չի առաջարկում:

(հավելվածը խմբ., փոփ. 23.02.12 N 184-Ն, փոփ. 29.08.13 N 973-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 670-Ն որոշման

 

Օրինակելի ձև

լիազոր մարմնի և վճարահաշվարկային կազմակերպության միջև կնքվող`

կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարման ծառայությունների

մատուցման պայմանագրի

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

 քաղ. Երևան

 ___ ________ 20 թ.

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ` պատվիրատու), ի դեմս ծառայության պետ __________________ -ի, ով գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1531-Ն որոշմամբ հաստատված ծառայության կանոնադրության հիման վրա, և _________________ վճարահաշվարկային կազմակերպությունը` ի դեմս _________________-ի, ով գործում է իր կանոնադրության հիման վրա (այսուհետ` կատարող), կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

 

1. Պայմանագրի առարկան և այլ պայմաններ

 

1.1. Սույն պայմանագրում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝

1.1.1. կենսաթոշակ` ծառայության միջոցով վճարվող` կենսաթոշակի, պատվովճարի, դրամական օգնության և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների գումար (այդ թվում` կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի և կենսաթոշակառուի մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումար).

1.1.2. կենսաթոշակառու` անձ, ում կենսաթոշակը վճարվում է կանխիկ եղանակով` կենսաթոշակի գումարն անձամբ նրան կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին տրամադրելու միջոցով:

 1.2. Կատարողը սույն պայմանագրով պարտավորվում է իր բանկային հաշվին մուտքագրված կենսաթոշակի գումարները, ըստ պատվիրատուի ներկայացրած` սույն պայմանագրի N 1 հավելվածով սահմանված տվյալների (այսուհետ` վճարման ցուցակ)` մինչև տվյալ ամսվա 20-ը տրամադրել կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին:

Վճարման ցուցակում արտացոլվում են նաև կենսաթոշակառուի փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձի տվյալները:

1.3. Կատարողը սույն պայմանագրի 1.2-րդ կետով սահմանված ծառայությունը մատուցում է կենսաթոշակառուի բնակության վայրի հասցեում կամ իր սպասարկման գրասենյակում:

Կատարողը ծառայությունը մատուցում է իր սպասարկման գրասենյակում, եթե կենսաթոշակառուն կատարողին ներկայացրել է դիմում կենսաթոշակը կատարողի սպասարկման գրասենյակում ստանալու մասին, կամ կենսաթոշակառուն (նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձը) կենսաթոշակն ստանալու համար այցելել է կատարողի սպասարկման գրասենյակ:

Կատարողի (նրա աշխատողի) գործողությունների կամ անգործության հետևանքով պետությանը կամ այլ անձանց պատճառած նյութական վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման:

1.4. Կատարողը սույն պայմանագրով սահմանված ծառայությունը մատուցում է անվճար:

1.5. Կողմերը սույն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեղեկատվութունը փոխանակում են փոխհամաձայնեցված կարգով:

1.6. Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունը Կատարողի կողմից մատուցված է համարվում նախորդ ամսվա ընթացքում կենսաթոշակների վճարման արդյունքների մասին սույն պայմանագրի N 2 հավելվածով սահմանված տեղեկատվություն պարունակող փոխադարձ հաշվարկների ակտի (այսուհետ` փոխադարձ հաշվարկների ակտ) հաստատման պահից:

 

2. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

2.1. Կատարողն իրավունք ունի՝

2.1.1. սույն պայմանագրով սահմանված կարգով լուծելու պայմանագիրը.

2.1.2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու պատվիրատուի գործողությունները և (կամ) անգործությունը.

2.1.3. սույն պայմանագրով սահմանված կարգով ստանալու ծառայությունների մատուցման միջնորդավճարի գումարը:

2.2. Պատվիրատուն իրավունք ունի՝

2.2.1. սույն պայմանագրով սահմանված կարգով լուծելու պայմանագիրը.

2.2.2. ցանկացած ժամանակ ստուգելու կատարողի մատուցած ծառայությունների ընթացքը և որակը` առանց միջամտելու կատարողի գործողություններին.

2.2.3. կատարողից պահանջելու` անհապաղ վերացնել հայտնաբերված թերությունները.

2.2.4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու կատարողի գործողությունները և (կամ) անգործությունը:

2.3. Կատարողը պարտավոր է՝

2.3.1. տվյալ ամսվա կենսաթոշակի գումարն իր հաշվի համարին մուտքագրվելու և վճարման ցուցակն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից սկսած` կենսաթոշակի վճարման կարգի համաձայն ապահովել ծառայության մատուցումն իր սպասարկման գրասենյակում.

2.3.2. հաստատել և կենսաթոշակառուին հասանելի եղանակով հրապարակել կենսաթոշակառուի բնակության վայրի հասցեում ծառայության մատուցման ժամանակացույց` կենսաթոշակը կենսաթոշակառուին տրամադրելու նպատակով կենսաթոշակառուի բնակության վայրի հասցե այցելելով առնվազն 2 անգամ (եթե առաջին այցելության արդյունքում հնարավոր չի եղել կենսաթոշակը տրամադրել կենսաթոշակառուին).

2.3.3. կենսաթոշակը տրամադրել բացառապես վճարման ցուցակում ներառված` կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին` անձը հաստատող փաստաթղթի հիման վրա.

2.3.4. կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրվանից ոչ ուշ պատվիրատուին տրամադրել նախորդ ամսվա կենսաթոշակների վճարման արդյունքների մասին տեղեկատվությունը, իսկ հինգերորդ աշխատանքային օրվանից ոչ ուշ` փոխադարձ հաշվարկների ակտը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցել իր բանկային հաշվին փոխանցված, սակայն կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին չտրամադրված կենսաթոշակների գումարը.

2.3.5. պատվիրատուի պահանջով տրամադրել անձնավորված տեղեկատվություն կենսաթոշակը կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին տրամադրելու մասին:

2.4. Պատվիրատուն պարտավոր է`

2.4.1. տվյալ ամսվա վճարման ցուցակը կատարողին տրամադրելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ կատարողի հաշվին փոխանցել վճարման ենթակա գումարը` ըստ պատվիրատուի և կատարողի փոխադարձ համաձայնությամբ սահմանված համամասնությունների.

2.4.2. փոխադարձ հաշվարկների ակտը հաստատելու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում կատարողին փոխանցել սույն պայմանագրով սահմանված ծառայությունների միջնորդավճարի գումարը:

 

3. Պայմանագրի գինը

 

Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների համար պատվիրատուն կատարողին վճարում է կենսաթոշակառուներին տրամադրված կենսաթոշակի գումարի մեկ տոկոսի չափով միջնորդավճար:

 

4. Վեճերի լուծման կարգը

 

Սույն պայմանագրի կապակցությամբ վեճեր և տարաձայնություններ առաջանալու դեպքում դրանք լուծվում են տասնհինգ օրվա ընթացքում` բանակցությունների միջոցով, իսկ բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

5. Եզրափակիչ դրույթներ

 

5.1. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կհանդիսանան սույն պայմանագրի անբաժանելի մասը:

5.2. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից։ Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկական օրինակ։

5.3. Սույն պայմանագիրը լուծվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ պայմանագրի կատարումից միակողմանիորեն հրաժարվելու դեպքում: Պայմանագրի լուծման վերաբերյալ առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն երկու ամիս առաջ:

Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացնող կողմը պարտավոր է պայմանագիրը լուծելու մասին պատշաճ կարգով ծանուցել կենսաթոշակառուին՝ պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ:

Սույն պայմանագիրը լուծվում է պայմանագրով ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատճառած վնասները լրիվ հատուցելու պայմանով:

5.4. Սույն պայմանագիրն իրավաբանական ուժ է ստանում կնքման պահից և գործում է անորոշ ժամկետով:

 

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարության սոցիալական
ապահովության պետական ծառայության պետ


 Վճարահաշվարկային կազմակերպության
նախագահ/գործադիր տնօրեն
 
     
__________________        __________________ __________________        __________________
   (ստորագրությունը)                  (անունը, ազգանունը)    (ստորագրությունը)                   (անունը, ազգանունը)  

 

Հավելված N 1

կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման պայմանագրի

Ց Ա Ն Կ

 

ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

1. Վճարահաշվարկային կազմակերպության անվանումը

2. Կենսաթոշակառուի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը, առկայության դեպքում` կենսաթոշակառուի փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը

3. Վճարման ենթակա կենսաթոշակի գումարը (այդ թվում` տվյալ ամսվան նախորդող ժամանակահատվածի համար)` ըստ ժամանակահատվածի և տեսակների

4. Վճարման ենթակա ընդհանուր գումարը

 

 

Հավելված N 2

կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման պայմանագրի

 

Ց Ա Ն Կ

 

ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԱԿՏՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

1. Ամիսը, որի ընթացքում իրականացվել են կենսաթոշակների վճարումները

2. Կենսաթոշակ ստացած անձանց թիվը` ըստ տեսակների

3. Վճարված կենսաթոշակի գումարը` ըստ տեսակների

4. Մատուցված ծառայությունների միջնորդավճարի գումարը

5. Կողմերի վավերապայմանները, կնիքները և լիազորված անձանց անունները, ազգանուններն ու ստորագրությունները

6. Փոխադարձ հաշվարկների ակտը կնքելու օրը, ամիսը, տարեթիվը

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան