Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1089
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2013.04.26/15(23) Հոդ.429
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
30.04.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2013

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

30 ապրիլի 2013 թ.

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի նոյեմբերի 29-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2013 թվականի ապրիլի 5-ին ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրն (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2012 թվականի նոյեմբերի 29-ին` Երևանում:

 

2. Համաձայնագրի նպատակն է նպաստել երկու պետությունների միջև գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում գիտատեխնիկական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը, գիտական գործունեության արդյունքների կիրառմանը, ինչպես նաև երկկողմ փոխշահավետ կապերի ամրապնդմանը:

 

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև գիտատեխնիկական համագործակցությունը կիրականացվի նախարարությունների, կառավարման այլ մարմինների, գիտությունների ազգային ակադեմիաների, գիտահետազոտական գերատեսչությունների և կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտնականների և մասնագետների միջոցով, նրանց իրավասության սահմաններում և նրանց միջև ուղղակի համաձայնագրերի և պայմանագրերի հիման վրա` Համաձայնագրի կողմերի օրենսդրություններին համապատասխան:

 

4. Համաձայնագրով սահմանվում են համագործակցության կազմակերպումն իրականացնող սուբյեկտները` Հայաստանի Հանրապետության կողմից` ՀՀ կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող գիտության պետական կոմիտեն, Թուրքմենստանի կողմից` Թուրքմենստանի գիտությունների ակադեմիան:

 

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

 Համաձայնագրի իրականացման նպատակով Թուրքմենստանի հետ համատեղ ստեղծել գիտատեխնիկական համագործակցության հարցերի համատեղ Հանձնաժողով, ինչպես նաև ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող գիտության պետական կոմիտեն իրականացնի Համաձայնագրով սահմանված համագործակցության կազմակերպումը,

 հաշվի առնելով գիտական հետազոտությունների, փորձարարաշինարարական մշակումների բարձր մակարդակի պահպանման կարևորությունը՝ օժանդակել նոր տեխնոլոգիաների փոխանակմանը, հատուկ ուշադրություն դարձնել համատեղ ծրագրերի ու նախագծերի իրականացման ժամանակ երկու պետությունների գիտնականների համար նորագույն և եզակի փորձարարական կայանքներից, սարքերից, սարքավորումից օգտվելու հարցում հասանելիության ապահովմանը, ինչպես նաև համագործակցության հիմունքներով մասնակցել դրանց մշակման, արտադրության և ձեռքբերման աշխատանքներին,

 երաշխավորել, որ համագործակցության ընթացքում ստացված՝ գիտական և գիտատեխնիկական տեղեկատվությունը, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան բաց է հրապարակման համար, ընդունված եղանակների օգտագործման շրջանակներում հասանելի կլինի համաշխարհային գիտական հանրությանը,

 հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները, Համաձայնագրի շրջանակներում համագործակցության արդյունքում ապահովել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը,

 Համաձայնագրի իրագործման ընթացքում համատեղ իրականացնել գերակա նշանակություն ունեցող գիտական, գիտատեխնիկական և նորարարական նախագծեր և ծրագրեր, ինչպես նաև հիմնարար հետազոտություններ, անցկացնել դրանց փոխադարձ փորձաքննություն,

 ապահովել գիտահետազոտական աշխատանքների արդյունքների համատեղ հրատարակումը, գիտնականների և մասնագետների փոխանակումը, գիտական կադրերի պատրաստումը, աջակցել կադրերի որակավորման քննության անցկացմանը,

 համագործակցության ձևերն ընտրելիս և սահմանելիս ղեկավարվել բացառապես Հայաստանի Հանրապետության պետական և ազգային գիտության, տնտեսության զարգացման և հասարակական առաջընթացի շահերով,

 իրականացնել համագործակցություն նաև փոխհամաձայնեցված այլ ձևերով, որոնք կապահովեն սույն Համաձայնագրի իրականացումը:

 

6. Համաձայնագրով նախատեսված է Համաձայնագրի մեկնաբանումից կամ կիրառումից ծագող վեճերի ու տարաձայնության դեպքում Համաձայնագրի կողմերի կողմից դրանց կարգավորման ընթացակարգը:

 

7. Համաձայնագրում ամրագրված են Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու կամ դրա գործողությունը դադարեցնելու կարգն ու ժամկետները:

 

8. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ գիտության զարգացման և տեխնոլոգիական առաջընթացի` որպես Հայաստանի Հանրապետության համար կարևորագույն ռազմավարական խնդրի իրացման կարևորագույն ուղղություններից է միջազգային գիտատեխնիկական համագործակցության իրականացումը:

Այդ առումով սահմանադրական դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության կողմից գիտատեխնիկական համագործակցության վերաբերյալ ստորագրված շուրջ մեկ տասնյակից ավելի երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերը, այդ թվում` սույն Համաձայնագիրը միտված են համաշխարհային գիտական, գիտակրթական և գիտատեխնոլոգիական տարածքում հայկական գիտության դերակատարման կարևորմանն ու առաջընթացի ապահովմանը, գիտության և տեխնոլոգիաների գերակայությունների վերասահմանմանը, ԱՊՀ անդամ պետությունների հետ գիտական հանրության կապերի ու համագործակցության հաստատմանը, գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում փոխշահավետ կապերի հաստատմանը: Սույն Համաձայնագրի շրջանակում պահանջվում է միջազգային պարտավորությունների պատշաճ կատարում:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2012 թվականի նոյեմբերի 29-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

30 ապրիլի 2013 թ.

ՍԴՈ-1089

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան