ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի հուլիսի 8-ին
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Սույն օրենքի կարգավորման առարկան և խնդիրը |
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի պետական քաղաքականության սկզբունքները և ուղղությունները, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման իրավական հիմքերը, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքները և պարտականությունները։
2. Սույն օրենքի խնդիրն է ճանապարհային երթևեկության անվտանգության սպառնալիքների, մասնավորապես ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման, դրանց ծանրության և հետևանքների նվազեցման միջոցով քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի, նրանց իրավունքների և օրինական շահերի, հասարակության և պետության շահերի պահպանումը:
Հոդված 2. | Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
անբավարար տեսանելիություն՝ մառախուղի, անձրևի, ձյունաթափի և (կամ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար այլ անբարենպաստ եղանակի պայմաններում, ինչպես նաև օրվա մութ ժամանակ, աղջամուղջի ու մթնշաղի ժամանակ ճանապարհի տեսանելիություն և (կամ) մինչև 300 մետր տեսանելիության հեռավորություն.
ավտոդրոմ՝ տրանսպորտային միջոցների վարման ուսուցման կամ հմտություն ձեռք բերելու նպատակով վարժություններ կատարելու համար անշարժ տեղակայված կառույցներով, սարքերով և տարրերով կահավորված, ցանկապատված, առանձնացված փակ տարածք.
ավտոհրապարակ՝ տրանսպորտային միջոցների վարման ուսուցման նպատակով վարժություններ կատարելու համար շարժական սարքերով և տարրերով կահավորված առանձնացված տարածք.
ավտոմոբիլ` ճանապարհով մարդկանց կամ բեռներ փոխադրելու կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի քարշակման համար նախատեսված մեխանիկական տրանսպորտային միջոց: Այս հասկացությունն իր մեջ ներառում է տրոլեյբուսները, այսինքն` էլեկտրահաղորդիչով միացված ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցները: Հասկացությունն իր մեջ չի ներառում այնպիսի տրանսպորտային միջոցներ, ինչպիսիք են գյուղատնտեսական տրակտորները, որոնց օգտագործումը ճանապարհով մարդկանց կամ բեռներ փոխադրելու կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի քարշակման համար հանդիսանում է լրացուցիչ գործառույթ.
բնակավայր` կառուցապատ տարածք, որի մուտքն ու ելքը նշված են բնակավայրի ճանապարհային նշաններով.
երթևեկելի մաս՝ ճանապարհի տարր` նախատեսված ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկության համար.
երթևեկության գոտի` երթևեկելի մասի գծանշված կամ չգծանշված երկայնական գոտի, որի լայնությունը բավարար է տրանսպորտային միջոցների մեկ շարքով երթևեկության համար.
երկաթուղային գծանց` ճանապարհի նույն մակարդակի վրա երկաթուղու կամ տրամվայի առանձնացված պաստառ ունեցող ուղիների հատումը.
ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց` կանգառի կետեր (կանգառներ) ունեցող երթուղիներով շարժվող ուղևորներ և (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանսպորտային միջոց (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս).
թույլատրելի առավելագույն զանգված՝ վարորդով, ուղևորներով և բեռով բեռնված, լրակազմված ու լիցքավորված տրանսպորտային միջոցի զանգված, որն արտադրող կազմակերպությունը սահմանել է որպես առավելագույն թույլատրելի: Որպես մեկ ամբողջություն՝ շարժվող տրանսպորտային միջոցների միակցված շարժակազմի թույլատրելի առավելագույն զանգված է համարվում դրա կազմում գտնվող բոլոր տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածների գումարը.
խաչմերուկ` միևնույն մակարդակի վրա ճանապարհների հատման, միացման կամ անջատման տարածք, ներառյալ` այդպիսի հատումով, միացումով, անջատումով առաջացած տարածքը, որը պայմանականորեն սահմանազատված է այդ ճանապարհների երթևեկելի մասերի հատման, միացման կամ անջատման տիրույթում առկա կորացումների համապատասխանաբար հակադիր սկզբնակետերը միացնող երևակայական գծերով: Մերձակա տարածքից ելքը ճանապարհ խաչմերուկ չի համարվում.
կազմակերպված հետիոտնային շարասյուն՝ համատեղ, մեկ ուղղությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանապարհով շարժվող մարդկանց խումբ.
կանգառ` մինչև 5 րոպե կամ ուղևորի նստելու, իջնելու և (կամ) տրանսպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու համար անհրաժեշտ ժամանակով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը.
կայանում` 5 րոպեից ավելի տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը, բացառությամբ ճանապարհային երթևեկության այլ մասնակցի կամ որևէ արգելքի հետ ընդհարումը կանխելու, ուղևորի նստելու, իջնելու և (կամ) տրանսպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերի.
կարգավորող` ճանապարհային երթևեկությունը կարգավորելու իրավասություն ունեցող և օրենսդրությամբ սահմանված կարգով այդ կարգավորումն իրականացնող անձ.
կողնակ` տրանսպորտային միջոցի կանգառի, հեծանվորդի և հետիոտնի երթևեկության, ճանապարհի վերանորոգման ժամանակ շինանյութերի տեղադրման կամ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի համար նախատեսված, երթևեկելի մասին հարող, դրանից ծածկույթի տեսակով տարբերվող կամ համապատասխան գծանշումով առանձնացված ճանապարհի տարր.
կցորդ (կիսակցորդ)` շարժիչով չկահավորված տրանսպորտային միջոց, որը նախատեսված է մեխանիկական տրանսպորտային միջոցով շարժման մեջ դրվելու և դրա կազմում որպես մեկ ամբողջություն երթևեկելու համար.
հարկադրված կանգառ` տրանսպորտային միջոցի անսարքության, վարորդի (ուղևորի) ֆիզիկական և (կամ) հոգեկան վիճակով և (կամ) բեռի փոխադրմամբ պայմանավորված` վտանգի կամ ճանապարհին ի հայտ եկած այլ խոչընդոտի պատճառով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը.
հեծանիվ` առնվազն 2 անիվ ունեցող և դրա վրա գտնվող մարդու մկանային ուժով, մասնավորապես ոտնակի կամ բռնակի օգնությամբ շարժման մեջ դրվող տրանսպորտային միջոց, բացառությամբ հաշմանդամային սայլակի.
հետիոտն` տրանսպորտային միջոցից դուրս` ճանապարհի վրա գտնվող անձ, բացառությամբ ճանապարհի վրա աշխատանքներ իրականացնելու իրավասություն ունեցող և օրենսդրությամբ սահմանված կարգով այդ աշխատանքներն իրականացնող անձի: Հետիոտնին հավասարեցվում է առանց շարժիչի հաշմանդամային սայլակով տեղաշարժվող, հեծանիվ, մոպեդ, մոտոցիկլետ տանող կամ բեռնասայլակ, սահնակ, մանկասայլակ կամ հաշմանդամային սայլակ քաշող (հրող) անձը, ինչպես նաև շարժիչով հաշմանդամային սայլակով հետիոտնի արագությամբ տեղաշարժվող հաշմանդամը.
հետիոտնային անցում` ճանապարհային նշաններով և (կամ) գծանշումներով նշված և օրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտների տեղաշարժվելու համար նախատեսված երթևեկելի մասի առանձնացված հատված.
ճանապարհ` առնվազն մեկ երթևեկելի մաս ունեցող, իսկ առկայության դեպքում նաև տրամվայի գծեր, մայթեր, կողնակներ և բաժանարար գոտիներ ներառող և օրենսդրությամբ սահմանված կարգով տրանսպորտային միջոցների երթևեկության համար օգտագործվող կահավորված կամ հարմարեցված հողային գոտի կամ արհեստական կառույցի մակերես.
ճանապարհային երթևեկություն` տրանսպորտային միջոցով կամ առանց դրա ճանապարհով մարդկանց տեղաշարժման և (կամ) բեռների փոխադրման ընթացքում առաջացող հասարակական հարաբերությունների համակարգ.
ճանապարհային երթևեկության անվտանգություն` ճանապարհատրանսպորտային պատահարներից երթևեկության մասնակիցների պաշտպանվածության վիճակ.
ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ՝ ճանապարհային նշաններ, լուսացույցներ, պաշտպանիչներ, գծանշումներ և այլն.
ճանապարհների ինժեներական կառույցներ՝ կանգառներ, երկաթուղային գծանցներ, քաղաքային էլեկտրատրանսպորտի գծեր, ավտոտաղավարներ, տրանսպորտային միջոցների կայանավայրեր, հանգստյան գոտիներ, ձյունապաշտպան անտառաշերտեր, տնկիներ, ճանապարհի օտարման շերտից դուրս գտնվող շրջանցող ուղիներ, հակահրդեհային և հակաձնահոսային կառույցներ, հակավթարային փակուղիներ, ճանապարհային կապ, լուսավորություն և այլն.
ճանապարհատրանսպորտային պատահար` ճանապարհով տրանսպորտային միջոցի շարժման ընթացքում և դրա մասնակցությամբ առաջացած դեպք, որի հետևանքով զոհվել կամ վիրավորվել են մարդիկ կամ վնասվել են տրանսպորտային միջոցներ, բեռներ, կառույցներ կամ պատճառվել է այլ նյութական վնաս.
ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում` ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելմանը և դրանց հետևանքների ծանրության նվազեցմանն ուղղված գործունեություն.
ճանապարհային երթևեկության մասնակից (այսուհետ` երթևեկության մասնակից)` ճանապարհային երթևեկությանը անմիջականորեն մասնակցող անձ` վարորդ, հետիոտն, ուղևոր.
ճանապարհային երթևեկության կազմակերպում` ճանապարհային երթևեկության կարգավորմանն ուղղված կազմակերպչական, իրավական և տեխնիկական համալիր միջոցառումներ.
մայթ` օրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտնի տեղաշարժվելու համար նախատեսված երթևեկելի մասին հարող կամ դրանից որևէ եղանակով առանձնացված ճանապարհի տարր.
մեխանիկական տրանսպորտային միջոց` շարժիչով շարժման մեջ դրվող տրանսպորտային միջոց, ներառյալ` տրակտորները, ինքնագնաց մեքենաները և մեխանիզմները (բացի այն տրանսպորտային միջոցներից, որոնց շարժիչի աշխատանքային ծավալը չի գերազանցում 50 խորանարդ սանտիմետրը), ինչպես նաև տրոլեյբուսները և 3 կՎտ-ից ավելի հզորությամբ էլեկտրական շարժիչ ունեցող տրանսպորտային միջոցները.
մերձակա տարածք` տրանսպորտային միջոցների միջանցիկ երթևեկության համար (բակեր, կայանատեղեր, փակ տարածքներ, ավտոլցավորման կայաններ և այլն) չնախատեսված, ճանապարհին անմիջականորեն սահմանակից տարածք.
միջազգային երթևեկություն` այլ երկրում գրանցված և անընդմեջ կամ մինչև երկու ամսվա ընդմիջումով և մինչև մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գտնվող տրանսպորտային միջոցի երթևեկությունը Հայաստանի Հանրապետությունում.
մոպեդ` մինչև 50 սմ3 բանվորական ծավալի շարժիչով և մինչև 50 կիլոմետր-ժամ առավելագույն արագությամբ երկանիվ կամ եռանիվ տրանսպորտային միջոց: Մոպեդին են հավասարեցվում նաև կախովի շարժիչով հեծանիվը և համարժեք տեխնիկական բնութագրեր ունեցող այլ տրանսպորտային միջոցը.
մոտոցիկլետ` կողային կցորդով կամ առանց դրա երկանիվ մեխանիկական տրանսպորտային միջոց: Մոտոցիկլետին են հավասարեցվում նաև լրակազմված և լցավորված վիճակում առանց վարորդի, բեռի և ուղևորների` մինչև 400 կգ զանգվածով եռանիվ մեխանիկական տրանսպորտային միջոցները, ինչպես նաև մոտոսահնակները (ձյունագնացները).
ոչ սթափ վիճակ` ալկոհոլային խմիչքի, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործմամբ պայմանավորված` մարդու ֆիզիկական և (կամ) հոգեկան վիճակ, որի դեպքում տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է վարչական պատասխանատվություն.
որակավորման քննություն՝ համապատասխան կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ձեռք բերելու համար ուսումնական ծրագրերին համապատասխան անցկացվող տեսական և (կամ) գործնական քննություն.
վարորդ` տրանսպորտային միջոցը ղեկավարող անձ: Վարորդին է հավասարեցվում նաև վարել սովորեցնողը, ինչպես նաև ճանապարհով բեռնակիր և (կամ) հեծկան կենդանիներ կամ անասուններ քշող անձը.
վթարային իրադրություն՝ երթևեկության մասնակցի և (կամ) կարգավորողի գործողության և (կամ) անգործության հետևանքով առաջացած իրավիճակ, որի ժամանակ ստեղծվում է ճանապարհատրանսպորտային պատահարի իրական վտանգ.
տեսանելիության հեռավորություն` վարորդի նստատեղի բարձրության վրա գտնվող դիտակետից մինչև նույն բարձրության վրա գտնվող տեսանելի առարկան եղած հեռավորությունը.
տրանսպորտային միջոց` ճանապարհով մարդ, բեռ կամ վրան տեղադրված սարքավորում փոխադրելու համար նախատեսված սարք.
ուղևոր` տրանսպորտային միջոցի սրահում (խցիկում) կամ տրանսպորտային միջոցի վրա գտնվող, ինչպես նաև տրանսպորտային միջոցը նստող (բարձրացող) ու դրանից դուրս եկող (իջնող) անձ, բացառությամբ վարորդի և վարել սովորեցնողի.
օրվա մութ ժամանակ՝ արեգակնային լուսավորության բացակայության ժամանակահատվածը.
ավտոբուս` ուղևորների համար նախատեսված 8-ից ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով և կահավորվածությամբ ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.
բաժանարար գոտի` ճանապարհի հարակից երթևեկելի մասերը բաժանող, կառուցվածքորեն և (կամ) համապատասխան գծանշումով առանձնացված տարր, որը նախատեսված չէ տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության կամ կանգառի համար.
բեռնատար ավտոմոբիլ` իր կառուցվածքով և կահավորվածությամբ բեռների փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.
զոհված` ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացած անձ.
ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի կանգառի կետ` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի երթուղու որոշակի հատվածում ուղևորների նստեցման-իջեցման համար նախատեսված և համապատասխան ճանապարհային նշաններով կահավորված վայր.
թեթև մարդատար ավտոմոբիլ` ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով և կահավորվածությամբ ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.
ինքնաշեն տրանսպորտային միջոց` անհատական (կոլեկտիվ) եղանակով կառուցված տրանսպորտային միջոցների համար սահմանված տեխնիկական պայմաններին համապատասխան պատրաստված տրանսպորտային միջոց.
իրավասու պաշտոնատար անձ` վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու և (կամ) դրա հիման վրա որոշում կայացնելու իրավասություն ունեցող ոստիկանության պաշտոնատար անձ.
հաշվառումից հանում` տրանսպորտային միջոցն իրավասու այլ մարմնի կողմից հաշվառելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ խոտանման հետ կապված հաշվառման գործողություն.
հատուկ տարածք` արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցների պահպանման համար նախատեսված ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի կողմից պահպանվող տարածք.
վերահաշվառում` տրանսպորտային միջոցի հաշվառման տվյալներից (սեփականատիրոջ ազգանուն, անուն, հասցե, տրանսպորտային միջոցի տեսակ, մակնիշ, համարանիշ, գույն, համարակիր ագրեգատների համարներ, թույլատրված առավելագույն զանգված, առանց բեռնվածության զանգված, հաշվառման վկայագրում կատարված հատուկ նշումներ) որևէ մեկի փոփոխության հետ կապված հաշվառման գործողություն.
վերասարքավորում` տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վրա ազդող բաղադրիչ մասերի կամ սարքավորումների օտարման կամ չնախատեսվածների տեղադրման հետ կապված տրանսպորտային միջոցի կառուցվածքի փոփոխություն.
վիրավոր` ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մարմնական վնասվածք ստացած անձ, որով պայմանավորվում է նրա հետագա հոսպիտալացումը կամ ամբուլատոր բուժման անհրաժեշտությունը:
(2-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 21.02.07 ՀՕ-72-Ն)
Հոդված 3. | Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրությունը |
1. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրությունը կազմված է Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:
2. Սույն օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են օրենսդրությամբ սահմանված կարգով փախստականի կարգավիճակ ունեցող անձանց, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա:
3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են պայմանագրի նորմերը:
Գ Լ ՈՒ Խ 2
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 4. |
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականությունը |
1. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականությունը (այսուհետ՝ պետական քաղաքականություն) ճանապարհային երթևեկության կանոնակարգման, անվտանգության ապահովման համար պայմաններ և երաշխիքներ ստեղծելու նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրականացրած սոցիալական, տնտեսական, քաղաքական, կազմակերպչական, իրավական և այլ միջոցառումների համակարգ է:
2. Պետական քաղաքականությունն իրականացվում է սույն օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համալիր և տարեկան ծրագրերով սահմանված կարգով։
Հոդված 5. | Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները |
1. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`
ա) երթևեկության մասնակիցների կյանքի և առողջության գերակայությունը տնտեսավարման գործունեության արդյունքների նկատմամբ.
բ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ժամանակ քաղաքացիների, հասարակության և պետության իրավունքների ու օրինական շահերի հաշվեկշռվածության ապահովումը.
գ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված գործունեության նկատմամբ ծրագրային-նպատակային մոտեցումը.
դ) ճանապարհային երթևեկության իրականացման միասնական կարգի սահմանումը:
2. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով կիրառվող միջոցները պետք է համապատասխանեն իրադրությանը, լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:
Հոդված 6. | Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները |
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են`
ա) ճանապարհային երթևեկության կազմակերպումը.
բ) տրանսպորտային համակարգի գործունեության պետական կարգավորումն ու կառավարումը.
գ) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհներին երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովումը.
դ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասության սահմանումը.
ե) ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման, դրանց ծանրության աստիճանի և հետևանքների նվազեցման նպատակով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և այլ անձանց գործունեության համակարգումը.
զ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումների նյութական և ֆինանսական ապահովումը.
է) տրանսպորտային միջոցների վարորդների պատրաստումը և քաղաքացիների` ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների ու պահանջների ուսուցումը.
ը) ճանապարհային երթևեկության անվտանգության բժշկական ապահովման ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացումը.
թ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում օրենսդրության, ստանդարտների, տեխնիկական նորմերի և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ պետական վերահսկողության սահմանումը և իրականացումը.
ժ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում օրենսդրության, ստանդարտների, տեխնիկական նորմերի, ճանապարհային երթևեկության կանոնների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտումների նախականխումը, հայտնաբերումը (ներառյալ` տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով) և օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների ձեռնարկումը.
ժա) տրանսպորտային միջոցների և քաղաքացիների ապահովագրման ոլորտում սոցիալական ուղղվածության քաղաքականության իրականացումը:
Հոդված 7. | Ճանապարհային երթևեկության կազմակերպումը |
1. Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանվում է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն։
2. Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության միասնական կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ճանապարհային երթևեկության կանոններով:
Հոդված 8. | Ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակի հիմնական ցուցանիշների պետական հաշվառման կազմակերպումը |
1. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակի հիմնական ցուցանիշների պետական հաշվառում:
Այդպիսի ցուցանիշներ են համարվում ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետևանքով տուժած անձանց, վնասված տրանսպորտային միջոցների, ճանապարհային երթևեկության կանոնները խախտողների, ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների և հանցագործությունների քանակը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակը և դրա ապահովմանն ուղղված միջոցառումների արդյունքներն արտացոլող այլ ցուցանիշներ։
2. Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառումն իրականացնում է ոստիկանությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց (զոհվածների և վիրավորների) հաշվառումն իրականացնում են բժշկական կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
4. Ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների հաշվառումն իրականացվում է ոստիկանության պետի, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության բնագավառում կատարված իրավախախտումների հաշվառումը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններով սահմանված կարգով:
(8-րդ հոդվածը խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 9. | Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները |
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
ա) իրականացնում է պետական քաղաքականությունը և կրում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պատասխանատվությունը.
բ) հաստատում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համալիր և տարեկան ծրագրերը, ինչպես նաև դրանք կատարողների ներկայացրած հաշվետվությունները.
գ) հաստատում է ճանապարհային երթևեկության կանոնները.
դ) սահմանում է տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեություն իրականացնելու լիցենզավորման կարգը.
ե) սահմանում է վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը.
զ) սահմանում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն իրականացնելու լիցենզավորման կարգը, լիցենզիայի պայմաններն ու պահանջները, ներառյալ` տվյալ լիցենզիայի հիման վրա շահագործվող հոսքագծերի նվազագույն քանակը, լիցենզիաների գործողության տարածքները Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում.
է) սահմանում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը.
ը) սահմանում է տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տեխնիկական զննության ընթացքում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքներին ներկայացվող պահանջները.
թ) սահմանում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննման փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները.
ժ) սահմանում է ճանապարհային լուսացույցներին և այլ տեխնիկական միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները և շահագործման նորմերը.
ժա) սահմանում է տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների պետական հաշվառման կարգը, հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը և տրանսպորտային միջոցների հաշվառման ազգային և միջազգային վկայագրերի ձևերը.
ժբ) սահմանում է տրանսպորտային միջոցների համարանիշների հաշվառման և հատկացման կարգը, ինչպես նաև հաշվառման համարանիշներին ներկայացվող պահանջները.
ժգ) սահմանում է տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները և տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների հատկացման աճուրդների անցկացման կարգը.
ժդ) սահմանում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականին ներկայացվող պահանջները.
ժե) սահմանում է կարմիր, կապույտ, դեղին (նարնջագույն), լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկը.
ժզ) սահմանում է ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների կառուցման, վերակառուցման, վերանորոգման, պահպանման և ճանապարհամերձ օբյեկտների տեղաբաշխման նախագծերը, ինչպես նաև ճանապարհային աշխատանքների կատարման ժամանակ երթևեկության կազմակերպման սխեմաները ոստիկանության հետ համաձայնեցնելու կարգը.
ժէ) սահմանում է վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց պարտադիր բժշկական հավատարմագրման պարբերականությունը, դրա իրականացման կարգը, այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը.
ժը) սահմանում է ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը.
ժթ) սահմանում է ճանապարհային երթևեկության կազմակերպման կարգը.
ի) սահմանում է ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները.
իա) սահմանում է վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարա փոխադրելու կանոնները.
իբ) սահմանում է հանված հաշվառման համարանիշները համապատասխան մարմիններին հանձնելու, պահպանելու և վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) վերադարձնելու կարգը.
իգ) սահմանում է ոստիկանության կողմից հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու կարգը.
իդ) սահմանում է տրանսպորտային միջոցների առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների վաճառք իրականացնելու թույլտվություն տալու կարգը.
իե) հաստատում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ճանապարհային ոստիկանություն) կանոնադրությունը.
իզ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ։
(9-րդ հոդվածը խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն)
Հոդված 10. | Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանության լիազորությունները |
1. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` ոստիկանություն)`
ա) մասնակցում է պետական քաղաքականության իրականացմանը.
բ) մասնակցում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համալիր և տարեկան ծրագրերի մշակմանը և իրականացմանը.
գ) մշակում և համապատասխան մարմինների քննարկմանն է ներկայացնում բնագավառը կարգավորող իրավական ակտերի նախագծեր.
դ) վերահսկողություն է իրականացնում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ և ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ.
ե) տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ տեխնիկական փորձաքննությամբ հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում դրանց տեխնիկական վիճակի և կահավորման անվտանգության ապահովման նկատմամբ, ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ.
զ) տալիս է հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն, բացառությամբ թափքը կամ հենասարքը համապատասխանաբար նույն եզրաչափերով թափքով կամ հենասարքով կամ շարժիչը նույն տեխնիկական բնութագրերով շարժիչով կամ տրանսպորտային միջոցի գույնը փոփոխելու դեպքերի.
է) սահմանված կարգով ընդունում է վարորդական վկայական ստանալու քննություններ և տալիս տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի ազգային վկայականներ, իսկ դրանց հիման վրա` նաև միջազգային վարորդական վկայականներ.
ը) կարգավորում է ճանապարհային երթևեկությունը, օրենքով սահմանված դեպքերում կանգնեցնում և արգելում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը.
թ) սահմանում է տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների կազմը և աճուրդային մեկնարկային գները, կազմակերպում և անցկացնում է տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների հատկացման աճուրդները.
ժ) հսկողություն է իրականացնում ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, ներկայացնում հայտնաբերված խախտումների վերացման պահանջներ.
ժա) իրականացնում է ճանապարհապարեկային ծառայություն` որպես կանոն, շրջիկ պարեկության եղանակով.
ժբ) կարգավորում է ճանապարհային երթևեկությունը, այդ թվում` անսարք լուսացույցների դեպքերում` առաջին 3 ժամն անվճար, իսկ հաջորդող յուրաքանչյուր ժամվա համար` ճանապարհը տնօրինող մարմնի կողմից հետագայում վճարելու պայմանով, որը փոխհատուցվում է լուսացույցները սպասարկող կազմակերպության կողմից` կապալի պայմանագրին համապատասխան.
ժգ) կազմակերպում և անցկացնում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումներ.
ժդ) սահմանված կարգով տալիս է տրանսպորտային միջոցների առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների վաճառք իրականացնելու թույլտվություն.
ժե) մատուցում է սույն օրենքով սահմանված վճարովի ծառայություններ.
ժզ) հրապարակում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն առնչվող` օրենքով չարգելված տեղեկություններ.
ժէ) համագործակցում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ.
ժը) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
2. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում իրավախախտում ամրագրող տեխնիկական միջոցները ճանապարհներին տեղակայվում են իրավասու մարմինների կողմից` ոստիկանության ներկայացմամբ:
(10-րդ հոդվածը խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 11. | Ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների կառուցման, վերակառուցման, վերանորոգման և պահպանման ժամանակ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հիմնական պահանջները |
1. Ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների նախագծումը, կառուցումը, վերակառուցումը, վերանորոգումն ու պահպանումն իրականացնում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները՝ օրենքով իրենց տրված իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինները, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով նման իրավասություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, ներառյալ` ճանապարհների սեփականատերերը:
2. Արգելվում է ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների նախագծման, կառուցման, վերակառուցման, վերանորոգման և պահպանման ժամանակ ճանապարհային երթևեկության անվտանգության վրա բացասաբար ազդող ինժեներական լուծումների հաշվին կապիտալ ծախսերի նվազեցումը:
Հոդված 12. | Ճանապարհային երթևեկության սահմանափակումը և (կամ) դադարեցումը |
Ճանապարհներին երթևեկության անվտանգության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարող է ժամանակավորապես սահմանափակվել և (կամ) դադարեցվել օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
Հոդված 13. | Տրանսպորտային միջոցների հաշվառման պայմանները |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող գործարանային արտադրության կամ ինքնաշեն տրանսպորտային միջոցները ենթակա են պարտադիր պետական հաշվառման:
2. Տրանսպորտային միջոցը կարող է չներկայացվել պարտադիր պետական հաշվառման, եթե այն`
ա) ձեռք է բերվել (ներմուծվել է) վաճառքի նպատակով տրանսպորտային միջոցների առևտրով զբաղվող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից.
բ) չի շահագործվելու:
3. Տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ նրա լիազորած անձը պարտավոր է տրանսպորտային միջոցը ոստիկանությունում հաշվառման (վերահաշվառման) ներկայացնել դրա ձեռքբերման, մաքսային ձևակերպման կամ հաշվառման տվյալների փոփոխության օրվանից հետո` 5 օրվա ընթացքում, կամ տարանցիկ համարանիշների գործողության ժամկետում:
«Ժամանակավոր» և «տարանցիկ» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները ենթակա են հաշվառման սահմանային մաքսային կետերում:
«Ժամանակավոր» մաքսային ռեժիմով ներմուծված տրանսպորտային միջոցներին սահմանային մաքսային կետում տրվում են հաշվառման փաստաթղթեր և հաշվառման համարանիշներ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի: «Ժամանակավոր» և «տարանցիկ» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանվում է ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի համատեղ հրամանով:
Հայաստանի Հանրապետություն ներմուծված և Ճանապարհային ոստիկանությունում հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցներին մաքսազերծումից հետո մաքսային մարմնի կողմից տրվում են «տարանցիկ» համարանիշներ:
«Տարանցիկ» համարանիշները մաքսային մարմիններին տրամադրում է Ճանապարհային ոստիկանությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
4. Հաշվառված տրանսպորտային միջոցի օտարման հետ կապված հաշվառման գործողությունները կատարվում են Ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանումում լրացված`
ա) օտարողի (ներկայացուցչի) և ձեռք բերողի (ներկայացուցչի) համատեղ դիմումի հիման վրա, եթե օտարումը ձևակերպված է հասարակ գրավոր գործարքով.
բ) միայն ձեռք բերողի (ներկայացուցչի) դիմումի հիման վրա, եթե ձեռք բերողը ներկայացնում է կողմերի պահանջով նոտարի վավերացրած օտարման պայմանագիր կամ հարկադիր կատարողի կամ անվճարունակության կառավարչի հետ կնքված օտարման պայմանագիր.
գ) տրանսպորտային միջոցի մահացած սեփականատիրոջ ժառանգի (ներկայացուցչի) դիմումի հիման վրա, եթե հաշվառվում է ժառանգի անունով:
5. Իրավասու մարմնի տված թույլտվության հիման վրա վերասարքավորված տրանսպորտային միջոցը հաշվառվում, վերահաշվառվում և հաշվառումից հանվում է տեխնիկական զննություն անցնելու վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնելուց հետո: Տրանպորտային միջոցի վերասարքավորման դեպքում, անկախ վերասարքավորման տեսակից, տրանսպորտային միջոցի թողարկման տարեթիվը փոխելն արգելվում է:
6. Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը պետության սեփականությունն է:
7. Տրանսպորտային միջոցը փոխելիս (օտարելիս) աճուրդով ձեռք բերված մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործողն այն ի պահ է հանձնում տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին: Եթե երկու ամսվա ընթացքում նա հաշվառման է ներկայացնում իրեն պատկանող այլ տրանսպորտային միջոց, ապա այդ համարանիշը տրամադրվում է նրան համարանիշների հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ: Նշված ժամկետում այլ տրանսպորտային միջոց հաշվառման չներկայացնելու դեպքում նա զրկվում է ի պահ հանձնված հաշվառման համարանիշն անվճար օգտագործելու առաջնահերթության իրավունքից:
(13-րդ հոդվածը խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն)
Հոդված 131. |
Տրանսպորտային միջոցների պետական հաշվառման տվյալների փոխանցման կարգը |
Ոստիկանության մարմիններում հաշվառված (վերահաշվառված) կամ հաշվառումից հանված տրանսպորտային միջոցների հաշվառման տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետում փոխանցվում են համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաև այլ պետական կառավարման մարմինների:
(131 հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն)
Հոդված 14. | Տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հիմնական պահանջները |
1. Ճանապարհային երթևեկությանը մասնակցող տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը և կահավորումը պետք է համապատասխանեն օրենսդրության, ստանդարտների, կանոնների և տեխնիկական շահագործման հրահանգների պահանջներին` երթևեկության անվտանգությանը և շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող մասով:
2. Ճանապարհային երթևեկությանը մասնակցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին վիճակում պահպանելու համար օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում տրանսպորտային միջոցի սեփականատերը, այն օգտագործողը կամ օգտագործման իրավասություն ունեցող անձը:
(14-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն)
Հոդված 15. | Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող տրանսպորտային միջոցները և դրանց կցորդները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են տեխնիկական զննության:
2. Տրանսպորտային միջոցի առաջին տեխնիկական զննությունը կատարվում է նախքան տրանսպորտային միջոցը Ճանապարհային ոստիկանությունում առաջին անգամ հաշվառելը:
Նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը կատարվում է տրանսպորտային միջոցի հաշվառմանը հաջորդող տարում: Այդ տրանսպորտային միջոցներին հաշվառման համարանիշի հետ տրվում է հաշվառման կտրոն, որը պետք է փակցվի տեխնիկական զննության կտրոնի համար նախատեսված տեղում:
3. Տրանսպորտային միջոցի երկրորդ և հետագա տեխնիկական զննությունները կատարվում են հետևյալ պարբերականությամբ.
ա) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցները` առևտրային հիմունքներով ուղևորների փոխադրման համար օգտագործվող թեթև մարդատար ավտոմոբիլները (տաքսի ավտոմոբիլներ) և կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրամվայները, տրոլեյբուսները և ավտոբուսները` յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ.
բ) տրանսպորտային միջոցները, դրանց թողարկման տարվան հաջորդող չորրորդ տարին ներառյալ (բացի սույն մասի «ա» կետում նշված տրանսպորտային միջոցներից)` յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ.
գ) տրանսպորտային միջոցները, դրանց թողարկման տարվան հաջորդող հինգերորդ տարվանից սկսած, իսկ ինքնաշեն կամ թողարկման տարին չճշտված տրանսպորտային միջոցները (բացի սույն մասի «ա» կետում նշված տրանսպորտային միջոցներից)` յուրաքանչյուր տարին մեկ անգամ:
Տրանսպորտային միջոցը սույն մասի պահանջին համապատասխանող տարում տեխնիկական զննություն պետք է անցնի մինչև նախորդ տեխնիկական զննության արդյունքում տրամադրված կտրոնի վրա նշված ամսվա վերջին օրը:
4. Տեխնիկական զննությունն իրականացնում են տրանսպորտային միջոցի հաշվառման վայրն սպասարկող տարածքում տեխնիկական զննության լիցենզիա ունեցող կազմակերպությունները, բացառությամբ տրամվայների և տրոլեյբուսների, որոնց տեխնիկական զննությունն անցկացնում են դրանք շահագործող կազմակերպությունները:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության և ոստիկանության ծառայողական տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացվում է համապատասխան պետական մարմինների իրավասու ստորաբաժանումներում` պետական մարմինների ղեկավարների հրամանով սահմանված կարգով:
Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության սակագների ձևավորման սկզբունքները և դրանք հաստատող պետական մարմինը սահմանվում են օրենքով:
5. Լիցենզիայում պետք է նշվի շահագործվող հոսքագծերի քանակը` ելնելով լիցենզիայի գործողության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցների քանակից: Լիցենզավորված անձը կարող է իր հոսքագծերը տեղակայել իր լիցենզիայի գործողության տարածքի մեկ կամ մի քանի վայրերում: Լիցենզավորված անձն իրավունք չունի իրականացնելու տրանսպորտային միջոցների առուվաճառք, տրանսպորտային միջոցների վերանորոգում, տրանսպորտային միջոցները վարձակալությամբ տալու գործունեություն:
6. Տեխնիկական զննության արդյունքում շահագործման պահանջներին համապատասխանող տրանսպորտային միջոցի համար զննություն իրականացրած լիցենզավորված անձը տրամադրում է սահմանած նմուշի կտրոն, որը պետք է փակցվի տրանսպորտային միջոցի վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված տեղում:
7. Կտրոնը համարվում է խիստ հաշվառման փաստաթուղթ: Կտրոնները լիցենզավորված անձին տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարարության լիազոր մարմինը` հօգուտ պետական բյուջեի գանձելով օրենքով սահմանված պետական տուրք յուրաքանչյուր միավորի համար:
(15-րդ հոդվածը խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն)
Հոդված 16. | Տրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկման և վերանորոգման ընթացքում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հիմնական պահանջները |
1. Տրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկման և վերանորոգման նորմերը, կանոնները և ընթացակարգը սահմանում է տրանսպորտային միջոցն արտադրող կազմակերպությունը՝ հաշվի առնելով դրա շահագործման պայմանները:
2. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով առանձին կարգի տրանսպորտային միջոցներ կահավորվում են կարմիր, կապույտ, դեղին (նարնջագույն), լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով:
Հոդված 17. | Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու հիմքերը և կարգը |
1. Ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է սույն հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով ազդանշան տալով կանգնեցնել տրանսպորտային միջոցը, եթե՝
ա) ակնհայտ կամ տեխնիկական միջոցների օգտագործմամբ երևում է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները, կամ տրանսպորտային միջոցի ընթացքը կամ տեղափոխվող բեռը, կամ վարորդը կամ ուղևորներն իրենց վարքագծով ակնհայտորեն վտանգ են ստեղծում երթևեկության անվտանգության համար.
բ) բավարար հիմքեր կան կասկածելու, որ տրանսպորտային միջոցը կամ դրա ներսում գտնվող անձինք գտնվում են հետախուզման մեջ.
գ) անհրաժեշտություն կա վարորդներին տեղեկացնել ճանապարհներին առաջացած վտանգների, անբավարար պայմանների մասին:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված դեպքերից բացի, ոստիկանության ծառայողները կարող են տրանսպորտային միջոցները կանգնեցնել նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կամ նրան փոխարինող անձի կողմից լիազորած հատուկ միջոցառումներ անցկացնելիս:
3. Ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողների կողմից տրանսպորտային միջոցները կանգնեցնելու մասին պահանջը պետք է տրվի դեպի տրանսպորտային միջոցն ուղղված ցուցաձողի, կարմիր ազդանշանով սկավառակի կամ բարձրախոս սարքի միջոցով: Երթևեկության մասնակիցների ուշադրությունն իր վրա հրավիրելու համար կարող է ազդանշան տրվել նաև սուլիչով: Ճանապարհային երթևեկությունը կարգավորելիս ոստիկանության ծառայողը, իրավիճակից ելնելով, կարգավորիչ ազդանշաններին զուգահեռ, կարող է ազատ ձեռքով տալ վարորդների և հետիոտների համար ընկալելի այլ ազդանշաններ: Ազդանշանները պետք է հասկանալի լինեն վարորդին և տրվեն ժամանակին, որպեսզի դրանց պահանջների կատարումը չստեղծի վթարային իրադրություն:
4. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է անհապաղ մոտենալ վարորդին, ներկայանալ, հայտնել կանգնեցնելու պատճառը և օրենքով սահմանված կարգով արձանագրելով խախտումը` թույլատրել տրանսպորտային միջոցի հետագա երթևեկությունը, բացառությամբ սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասով և երկրորդ մասի «ա», «դ», «ե», «զ» և «է» կետերով նախատեսված դեպքերի:
5. Ճանապարհի վիճակի կամ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների, ճանապարհներին առաջացած վտանգների և (կամ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վերաբերյալ այլ տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքում կարգավորող ոստիկանության ծառայողը կարող է սույն հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով ազդանշան տալով կանգնեցնել տրանսպորտային միջոցը:
6. Սույն հոդվածի առաջին մասի «գ» կետով և հինգերորդ մասով նշված գործողությունները կատարելուց հետո ոստիկանության ծառայողը թույլատրում է տրանսպորտային միջոցի հետագա երթևեկությունը, եթե ի հայտ չեն գալիս սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ա» կամ երկրորդ մասի «բ» կետերում նշված հիմքերը:
7. Ոստիկանության ծառայողը կարող է տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո վարորդին առաջարկել դուրս գալ տրանսպորտային միջոցի խցիկից կամ սրահից, եթե՝
ա) անհրաժեշտ է վերացնել տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքությունը կամ բեռների փոխադրման կանոնների խախտումը.
բ) բավարար հիմքեր կան կասկածելու, որ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում.
գ) տրանսպորտային միջոցը կանգնեցվել է հետախուզման մեջ գտնվելու կասկածանքով և անհրաժեշտ է տրանսպորտային միջոցի շարժիչի, թափքի կամ հենասարքի համարները վարորդի մասնակցությամբ համեմատել տրանսպորտային միջոցի գրանցման փաստաթղթի գրառումների հետ.
դ) վարորդը կամ ուղևորը կասկածվում են հանցագործություն կատարելու մեջ.
ե) անհրաժեշտ է վարորդի մասնակցությամբ կազմել արձանագրություն կամ օգնություն ցույց տալ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին:
8. Երթևեկության սահմանված արագության գերազանցման և տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված չափի խախտումների համար պատասխանատվություն է առաջանում, երբ տվյալ խախտումը փաստարկված է համապատասխան տեխնիկական միջոցների կիրառմամբ:
(17-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն)
Հոդված 18. | Տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելելու հիմքերը |
1. Տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելվում է, եթե`
ա) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է ոչ սթափ վիճակում.
բ) վարորդը զրկված է տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից.
գ) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է առանց տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի.
դ) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է` իր մոտ չունենալով վարորդական իրավունքի վկայական.
ե) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ կամ ուժը կորցրած վարորդական իրավունքի վկայականով.
զ) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է առանց վարորդական վկայականում նշված փաստաթղթերի կամ պարագաների.
է) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ հաշվառման վկայագրով կամ առանց հաշվառման վկայագրի.
ը) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ, փոխված կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշներով (ժամանակավոր համարանիշների դեպքում` նաև ժամկետանց համարանիշներով) կամ առանց հաշվառման համարանիշների.
թ) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է առանց օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի.
ժ) տրանսպորտային միջոցը կամ տրանսպորտային միջոցի ներսում գտնվող անձը գտնվում է հետախուզման մեջ, կամ կան հիմնավոր կասկածներ, որ տրանսպորտային միջոցով կատարվել է հանցագործություն, կամ դրա մեջ գտնվում են հանցագործություն նախապատրաստող, կատարող կամ կատարած անձինք.
ժա) տրանսպորտային միջոցն օրենքով սահմանված ժամկետում չի անցել տեխնիկական զննություն, կամ սահմանված կարգով փակցված չէ տվյալ տարվա տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը.
ժբ) տրանսպորտային միջոցն անօրինական վերասարքավորված է.
ժգ) տրանսպորտային միջոցը պատճառ է դարձել այնպիսի ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման համար, որի հետևանքով մարդու կյանքին կամ առողջությանը պատճառվել է վնաս, կամ այդպիսի պատահարի մասնակիցն է.
ժդ) սահմանված կարգով մուծված չէ այլ պետություններում հաշվառված, ինչպես նաև ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով (բեռով կամ առանց բեռի) տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար նախատեսված ճանապարհային վճարը.
ժե) տրանսպորտային միջոցն առանց համապատասխան թույլտվության կահավորված է առկայծող փարոսիկներով և (կամ) հատուկ ձայնային ազդանշաններով, կամ տրանսպորտային միջոցի թափքի արտաքին մակերևույթի վրա առանց համապատասխան թույլտվության փակցված են գունագծապատկերներ, գրառումներ և այլ նշումներ, կամ դրանք չեն համապատասխանում օրենսդրության կամ ստանդարտների պահանջներին.
ժզ) տրանսպորտային միջոցը կահավորված է կեղծված, փոփոխված (ջնջված) համարներ ունեցող ագրեգատներով կամ հանգույցներով:
2. Շահագործումն արգելվում է նաև այն ավտոմոբիլների, ավտոբուսների, ավտոգնացքների, կցորդների, մոտոցիկլետների, մոպեդների, մոտոսայլակների, տրակտորների և այլ ինքնագնաց մեքենաների, որոնց տեխնիկական վիճակը և կահավորվածությունը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկին:
3. Երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող կամ կայանումն արգելված տեղերում կանգնած տրանսպորտային միջոցները տեղափոխվում են հատուկ տարածք, եթե վարորդը տեղում չէ կամ հրաժարվում է վերացնել խոչընդոտը կամ կայանման կաննոնների խախտումը:
(18-րդ հոդվածը խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն)
Հոդված 181. |
Տրանսպորտային միջոցները հատուկ տարածք բերման ենթարկելու և արգելանքի տակ դնելու կարգը |
1. Սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը», «թ», «ժ», «ժգ», «ժդ», «ժե» և «ժզ» կետերով նախատեսված դեպքերում ճանապարհային երթևեկությունը կարգավորողը պարտավոր է սույն հոդվածով սահմանված կարգով, տրանսպորտային միջոցը բերման ենթարկելով պահպանվող հատուկ տարածք, դնել արգելանքի տակ: Սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ա», «բ», «գ», «դ», «ե» և «զ» կետերով նախատեսված դեպքերում, տրանսպորտային միջոցի վարորդի համաձայնությամբ, տրանսպորտային միջոցը կարող է հանձնվել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձի:
2. Բերման ենթարկումն իրենից ներկայացնում է տրանսպորտային միջոցի օգտագործումը դադարեցնելու ժամանակավոր հարկադիր միջոց, որը ներառում է (վարչական իրավախախտման հայտնաբերման տեղում արգելանքի տակ դնելու պատճառը վերացնելու անհնարինության դեպքում) վերջինիս տեղափոխումը հատուկ տարածք:
3. Տրանսպորտային միջոցը բերման ենթարկելու և արգելանքի տակ դնելու հիմքերի առկայության դեպքում իրավասու պաշտոնատար անձն անհրաժեշտ գործողություններ է իրականացնում վարորդին տրանսպորտային միջոցի վարումից սույն օրենքի 241 -րդ հոդվածով սահմանված կարգով հեռացնելու և տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման ենթարկելու ուղղությամբ:
4. Տրանսպորտային միջոցի տեղափոխումը հատուկ տարածք իրականացնում է իրավասու պաշտոնատար անձը անձամբ կամ մեկ այլ տրանսպորտային միջոցի օգնությամբ:
5. Տրանսպորտային միջոցի վարորդի բացակայության դեպքում այն հատուկ տարածք բերման ենթարկելու մասին բերման ենթարկողն անհապաղ հայտնում է ոստիկանության` տվյալ տարածքը սպասարկող ստորաբաժանում: Ստորաբաժանումը տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին տեղեկացնում է տրանսպորտային միջոցի գտնվելու վայրի մասին:
6. Հայաստանի Հանրապետության զինված ուժերին պատկանող տրանսպորտային միջոցները բերման են ենթարկվում սույն հոդվածի համաձայն` տեղակայելով դրանք կայազորային հավաքատեղերում:
Պայթուցիկ, դյուրավառ, ռադիոակտիվ ու խիստ ներգործող թունավոր նյութեր և այլ հատուկ բեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցները բերման են ենթարկվում սույն հոդվածի համաձայն` տեղակայելով դրանք փրկարար ծառայության պետական լիազոր մարմնի կողմից հսկվող տարածքներում:
Տրոլեյբուսը բերման է ենթարկվում սույն հոդվածի համաձայն` տեղակայելով այն համապատասխան հավաքակայանում:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերին պատկանող, պայթուցիկ, դյուրավառ, ռադիոակտիվ ու խիստ ներգործող թունավոր նյութեր և այլ հատուկ բեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցները, ինչպես նաև տրոլեյբուսները բերման ենթարկելու և համապատասխան մարմիններին հանձնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման ենթարկելու և արգելանքի տակ դնելու վերաբերյալ իրավասու պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն, որի ձևը սահմանվում է ոստիկանության պետի հրամանով:
Արձանագրության մեջ նշվում է բերման ենթարկված տրանսպորտային միջոցի մեջ գտնվող իրերի ցուցակը: Արձանագրության կրկնօրինակը հանձնվում է այն անձին, որի նկատմամբ կիրառվել է հարկադրանքի միջոցը, իսկ հատուկ տարածք տրանսպորտային միջոցի տեղափոխման դեպքում` նաև հատուկ տարածքում տրանսպորտային միջոցի պահպանման համար պատասխանատու անձին:
8. Տրանսպորտային միջոցն արգելանքի տակ դնելու և պահպանման ժամկետը հաշվվում է օրերով և ժամերով` սկսած հատուկ տարածքում դրա տեղավորման պահից:
9. Եթե տրանսպորտային միջոցը տնօրինողը կամ տրանսպորտային միջոցի շահագործման համար պատասխանատու անձը տրանսպորտային միջոցն արգելանքի վերցնելու պահից 120 ժամվա ընթացքում`
ա) վերացնում է արգելանքի տակ դնելու պատճառները, ապա ոստիկանությունն անմիջապես տրանսպորտային միջոցը հանում է արգելանքից.
բ) չի վերացնում արգելանքի տակ դնելու պատճառները կամ վերացնելով արգելանքի տակ դնելու պատճառները` տրանսպորտային միջոցը չի հանում հատուկ տարածքից, ապա տրանսպորտային միջոցի պահպանման ծախսերը մարելու նպատակով տրանսպորտային միջոցի վարորդից (տիրոջից, տիրոջ ներկայացուցչից) հաջորդող յուրաքանչյուր լրիվ օրվա համար գանձվում է վճար՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով, որը մուտքագրվում է ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ (հաշվին):
10. Տրանսպորտային միջոցի վարորդի (սեփականատիրոջ, սեփականատիրոջ ներկայացուցչի) կողմից պահպանման ծախսերը կամավոր չվճարելու դեպքում օրենքով սահմանված կարգով դրանք ենթակա են բռնագանձման:
11. Սույն հոդվածի իններորդ մասի «բ» կետով սահմանված կարգը չի տարածվում սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ժ» կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում տրանսպորտային միջոցն արգելանքի տակ դնելու դեպքերի վրա, իսկ սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ժգ» կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում տրանսպորտային միջոցն արգելանքի տակ դնելու ժամանակ գործում է գործի քննության ավարտից հետո տրանսպորտային միջոցի վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) ծանուցելուց 120 ժամ հետո:
12. Այն դեպքում, երբ օրենքով նախատեսված է իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավում, տրանսպորտային միջոցն արգելանքի տակ դնելու պատճառները վերացվում են իրավասու պաշտոնատար անձի կողմից:
13. Վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) թույլատրվում է մոտենալ հատուկ տարածքում պահպանվող տրանսպորտային միջոցին միայն դրա պահպանման համար պատասխանատու անձի ներկայությամբ:
14. Իրավասու պաշտոնատար անձը համոզվելով, որ տրանսպորտային միջոցի բերման ենթարկելու պատճառները վերացված են, գրավոր կարգով թույլատրություն է տալիս հատուկ տարածքում արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցը բաց թողնելու մասին և համապատասխան նշում կատարում տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման ենթարկելու և արգելանքի տակ դնելու արձանագրության մեջ:
15. Բերման ենթարկված տրանսպորտային միջոցը վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) հանձնումը կատարվում է տրանսպորտային միջոցը հատուկ տարածքում պահպանման ծախսերն ամբողջությամբ վճարելուց հետո:
16. Հատուկ տարածքներում իրականացվում է բերման ենթարկված և արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցների հաշվառում, որի կարգը սահմանվում է ոստիկանության պետի նորմատիվ հրամանով:
(181 հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն)
Հոդված 182. |
Տրանսպորտային միջոցների շահագործման արգելումը` հաշվառման համարանիշները հանելով |
1. Սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ժա», «ժբ» կետերով և երկրորդ մասով նախատեսված դեպքերում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողը պարտավոր է արձանագրել խախտումը և սույն հոդվածով սահմանված կարգով հանել տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշները, բացառությամբ այն դեպքի, երբ տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը գտնվում է վարորդի մոտ: Այդ դեպքում կտրոնը փակցվում է սահմանված տեղում, և թույլատրվում է տրանսպորտային միջոցի հետագա շահագործումը:
2. Սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ժա» և «ժբ» կետերում նշված դեպքերում տրանսպորտային միջոցների համարանիշները հանելու դեպքում վարորդին տրվում է 10-օրյա ժամկետով ժամանակավոր համարանիշ` տրանսպորտային միջոցը տեխնիկական զննություն անցկացնելու կամ գործարանային տեսքի բերելու կամ վերասարքավորումն օրինականացնելու համար, իսկ 18-րդ հոդվածի երկրորդ մասում նշված դեպքերում անսարքությունները վերացվում են տեղում, կամ տրանսպորտային միջոցը վարորդը տեղափոխում է տեխնիկական սպասարկման կամ նորոգման վայր:
3. Տրանսպորտային միջոցների շահագործումը` հաշվառման համարանիշները հանելով արգելելու և ժամանակավոր համարանիշ տալու դեպքում, իրավասու պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն: Ժամանակավոր համարանիշի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ արձանագրության ձևը` ոստիկանության պետը:
Տրանսպորտային միջոցի շահագործումը` հաշվառման համարանիշները հանելով արգելելու պատճառները վերացնելուց հետո, հաշվառման համարանիշները անմիջապես վերադարձվում են տրանսպորտային միջոցի վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին):
(182 հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն)
Հոդված 19. | Ճանապարհային երթևեկության կազմակերպման միջոցառումները և այդ ընթացքում անվտանգության ապահովման պահանջները |
1. Ճանապարհային երթևեկության անվտանգության և ճանապարհների թողունակության բարձրացման նպատակով ճանապարհային երթևեկության կազմակերպման միջոցառումներն օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները և ճանապարհը տնօրինող այլ անձինք:
2. Արգելվում է ի վնաս ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակի, ճանապարհների թողունակության բարձրացման և ճանապարհային երթևեկության կազմակերպման այլ միջոցառումների իրականացումը:
3. Ճանապարհային երթևեկության անվտանգության համար իրական սպառնալիքի առաջացման դեպքում ճանապարհը տնօրինողը կամ սահմանված կարգով սպասարկողը դրա մասին անհապաղ տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և շահագրգիռ այլ մարմինների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներով և հանրության մատչելի այլ ձևերով` հանրությանը:
(19-րդ հոդվածը խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն)
Հոդված 20. | Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպությունների պաշտոնատար անձանց պարտականությունները |
1. Տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպություններում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ու շահագործման համար պատասխանատու է կազմակերպության ղեկավարի նշանակած պաշտոնատար անձը, իսկ նրա բացակայության դեպքում՝ կազմակերպության ղեկավարը:
2. Տրանսպորտային միջոցների շահագործման համար պատասխանատու անձինք պարտավոր են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով օրենսդրությամբ սահմանված կարգով՝
ա) կազմակերպել վարորդների աշխատանքը.
բ) պահպանել վարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմը.
գ) վերլուծել և վերացնել իրենց պատկանող և (կամ) իրենց կողմից շահագործվող տրանսպորտային միջոցի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի, դրա հետևանքների և (կամ) ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառները.
դ) ապահովել ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջներին տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի համապատասխանությունը և արգելել տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցի շահագործումը:
3. Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ու շահագործման համար պատասխանատու պաշտոնատար անձանց արգելվում է՝
ա) երթուղի բաց թողնել տրանսպորտային միջոցներն այնպիսի տեխնիկական անսարքություններով, որոնց առկայության դեպքում արգելվում է դրանց շահագործումը, կամ որոնք վերասարքավորված են առանց համապատասխան թույլտվության, օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված չեն, պետական տեխնիկական զննություն չեն անցել.
բ) թույլատրել տրանսպորտային միջոցը վարել ոչ սթափ վիճակում, ինչպես նաև տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու իրավունք չունեցող կամ սահմանված կարգով պարբերական բժշկական զննություն չանցած անձանց.
գ) հրահանգել տրակտորներով, ինքնագնացով և թրթուրավոր այլ մեքենաներով երթևեկել ասֆալտե և ցեմենտբետոնե ծածկույթ ունեցող ճանապարհներով.
դ) երթուղի բաց թողնել տրանսպորտային միջոցը` առանց դրա տեխնիկական վիճակը և վարորդի առողջական վիճակը հավաստող նշագրումով փաստաթղթի:
Հոդված 21. | Ճանապարհի և դրա ինժեներական կառույցների պահպանման համար պատասխանատու անձանց պարտականությունները |
1. Ճանապարհի և դրա ինժեներական կառույցների պահպանման համար պատասխանատու պաշտոնատար և այլ անձինք պարտավոր են՝
ա) ճանապարհը և դրա ինժեներական կառույցները պահպանել երթևեկության համար անվտանգ վիճակում՝ ապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենսդրության, ստանդարտների, նորմերի և կանոնների պահանջները.
բ) անհապաղ միջոցներ ձեռնարկել` վերացնելու ճանապարհային երթևեկության անվտանգությանը սպառնացող խոչընդոտը` անհրաժեշտության դեպքում ճանապարհի տվյալ հատվածում ժամանակավորապես սահմանափակելով կամ արգելելով ճանապարհային երթևեկությունը.
գ) զանգվածային լրատվության միջոցներով, տեխնիկական միջոցների կամ տեղեկատու վահանակների օգտագործմամբ և (կամ) հանրությանը մատչելի այլ ձևերով երթևեկության մասնակիցներին տեղեկացնել ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխության և (կամ) սահմանափակման, ներառյալ` ճանապարհային երթևեկության նշանների փոփոխության մասին:
2. Ճանապարհի վրա աշխատանք կատարելու համար պատասխանատու պաշտոնատար անձը պարտավոր է այդ աշխատանքը կազմակերպել` ապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը: Ճանապարհի վրա աշխատանքի կատարման վայրը, ինչպես նաև այդ վայրում տեղակայված ճանապարհային մեքենաները, շինարարական նյութերը, կառուցվածքները և աշխատանքի կատարման համար անհրաժեշտ այլ առարկաները նշվում են համապատասխան ճանապարհային նշաններով, ուղղորդ կամ ցանկապատող սարքավորումներով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում՝ նաև կարմիր կամ դեղին ազդանշանային լույսերով:
3. Ճանապարհային աշխատանքներն ավարտելուց հետո անհապաղ ապահովվում է տրանսպորտային միջոցների և հետիոտների անվտանգ երթևեկությունը:
Հոդված 22. | Ճանապարհային երթևեկության անվտանգության բժշկական ապահովումը |
Ճանապարհային երթևեկության անվտանգության բժշկական ապահովումն իրականացնում են օրենսդրությամբ սահմանված կարգով դրա իրավասությունն ունեցող առողջապահական կազմակերպությունները կամ բժիշկները:
Գ Լ ՈՒ Խ 5
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 23. | Ճանապարհային երթևեկության մասնակիցների հիմնական իրավունքներն ու պարտականությունները |
1. Ճանապարհային երթևեկության մասնակիցն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով՝
ա) ազատ և անարգել տեղաշարժվելու ճանապարհով.
բ) ստանալու տեղեկություններ ճանապարհի վիճակի, ճանապարհային երթևեկության սահմանափակման և (կամ) արգելման մասին, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման այլ միջոցառումների մասին.
գ) ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում համապատասխան իրավասու կազմակերպություններից և անձանցից ստանալու անվճար բժշկական, փրկարարական և այլ առաջնային օգնություն.
դ) բողոքարկելու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունները:
2. Ճանապարհային երթևեկության մասնակցի կողմից իր իրավունքների իրականացումը չի կարող սահմանափակել կամ խախտել երթևեկության մյուս մասնակիցների իրավունքները:
3. Ճանապարհային երթևեկության մասնակիցը պարտավոր է պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ճանապարհային երթևեկության կանոնները, ինչպես նաև ոստիկանության ծառայողների ու երթևեկության կարգավորման համար լիազորված այլ անձանց օրինական պահանջներն ու իր գործողություններով չստեղծել վթարային իրադրություն:
4. Արգելվում է վնասել կամ աղտոտել ճանապարհի ծածկույթը, վնասել, փակել, հանել կամ տեղադրել ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները, ճանապարհին թողնել շինարարական նյութեր կամ այլ իրեր ու առարկաներ, որոնք կարող են խոչընդոտել ճանապարհային երթևեկությանը: Նման իրավիճակ ստեղծող անձը պարտավոր է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները խոչընդոտն անհապաղ վերացնելու համար, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա ճանապարհային երթևեկության մասնակիցներին տեղեկացնել վտանգի մասին և հայտնել ոստիկանություն:
(23-րդ հոդվածը խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն)
Հոդված 24. | Տրանսպորտային միջոցների սեփականատերերի և վարորդների հիմնական պարտականությունները |
1. Տրանսպորտային միջոցի սեփականատերը պարտավոր է ապահովել տրանսպորտային միջոցի տեխնիկապես սարքին վիճակը՝ համաձայն տրանսպորտային միջոցի շահագործումը թույլատրող պայմանների ու շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկի:
2. Տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է`
ա) երթևեկությունն սկսելուց առաջ ստուգել`
1) տրանսպորտային միջոցի տեխնիկական զննություն անցած լինելու կամ անօրինական վերասարքավորված չլինելու փաստերը.
2) արգելակային համակարգի, ղեկային կառավարման, լապտերների և հետին եզրաչափային լույսերի (օրվա մութ ժամանակ, անբավարար տեսանելիության պայմաններում) կամ վարորդի դիմացի ապակեմաքրիչի (անձրևի կամ ձյունաթափի ժամանակ), կցման հարմարանքի (ավտոգնացքի կազմում) սարքինությունը, ինչպես նաև անվադողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրության համապատասխանությունը սահմանված նորմերին: Նշված պահանջը տարածվում է տրանսպորտային միջոցի վարորդի վրա նաև երթևեկության ընթացքում.
բ) ոստիկանության ծառայողի պահանջով՝
1) օրենքով սահմանված դեպքերում ոստիկանության ծառայողներին չխոչընդոտել տրանսպորտային միջոցը և բեռը՝ իր ու քաղաքացիների ներկայությամբ զննելու համար (զինվորական տրանսպորտային միջոցների զննումը կատարվում է համապատասխան մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ).
2) ոչ սթափ վիճակում գտնվելու բավարար հիմքերի առկայության դեպքում ենթարկվել համապատասխան ստուգման՝ սթափության վիճակը որոշելու համար (զինվորական տրանսպորտային միջոցների վարորդների սթափության վիճակը որոշվում է համապատասխան մարմնի ներկայացուցչի ներկայությամբ).
գ) օժանդակելու նպատակով տրամադրել տրանսպորտային միջոցը՝
1) ոստիկանության ծառայողներին՝ շտապ բժշկական օգնության կարիք ունեցող անձանց բժշկական հաստատություն տեղափոխելու համար.
2) բուժաշխատողներին, որոնք բուժօգնություն ցույց տալու համար մեկնում են համընթաց ուղղությամբ (վարորդի համաձայնությամբ).
3) ոստիկանության ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով.
դ) ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակցություն ունենալու դեպքում՝
1) անմիջապես կանգնեցնել տրանսպորտային միջոցը, ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված կարգով միացնել վթարային լուսային ազդանշանը և չտեղաշարժել ինչպես տրանսպորտային միջոցը, այնպես էլ վթարի հետ կապված առարկաները (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում հետվթարային անվտանգությունն ապահովելու նպատակով պետք է միացված լինեն նաև օգնության համար դեպքի վայրին անմիջապես մոտ կանգնեցված տրանսպորտային միջոցների վթարային լուսային ազդանշանները).
2) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ տուժածներին առաջին բժշկական օգնություն ցույց տալու, «Շտապ բժշկական օգնություն» կամ մասնագիտացված այլ ծառայություն կանչելու համար, իսկ ծայրահեղ դեպքերում՝ համընթաց շարժվող կամ իր տրանսպորտային միջոցով տուժածներին մոտակա բուժհիմնարկ տեղափոխել, այնտեղ հայտնել իր ազգանունը, տրանսպորտային միջոցի գրանցման համարանիշը (ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ կամ վարորդական իրավունքի վկայական և տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիր), որից հետո վերադառնալ պատահարի վայր.
3) սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգով ազատել երթևեկելի մասը, եթե մյուս տրանսպորտային միջոցների երթևեկությունը խոչընդոտված է.
4) պատահարի մասին հայտնել ոստիկանություն և սպասել ոստիկանության ծառայողների ներկայանալուն:
3. Սույն հոդվածի երկրորդ մասի «գ» կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում վարորդի կողմից տրանսպորտային միջոցը կամովին չտրամադրելիս ոստիկանության ծառայողն իրավասու է նրան հեռացնելու տրանսպորտային միջոցի վարումից և օգտագործելու տրանսպորտային միջոցը: Նշված պահանջը չի տարածվում օպերատիվ ծառայություններին, դիվանագիտական, հյուպատոսական, օտարերկրյա պետությունների ներկայացուցչություններին, միջազգային կազմակերպություններին և հաշմանդամներին պատկանող տրանսպորտային միջոցների վարորդների վրա:
Ոստիկանության ծառայողները տրանսպորտային միջոցների վարորդներին կարող են հեռացնել դրանց վարումից նաև օրենքով սահմանված այլ դեպքերում։
4. Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժողներ չկան, ապա վարորդները, պատահարի իրավիճակի գնահատման փոխհամաձայնությամբ, կարող են նախօրոք կազմել ու ստորագրել վթարի սխեման, ներկայանալ մոտակա ճանապարհապարեկային ծառայության պահակետ կամ ոստիկանության տարածքային մարմին՝ պատահարը սահմանված կարգով ձևակերպելու համար:
5. Մեխանիկական տրանսպորտային միջոցի, ինչպես նաև տրամվայի վարորդը, բացի սույն հոդվածի երկրորդ մասում նշվածից, պարտավոր է՝
ա) իր մոտ ունենալ և ոստիկանության ծառայողների, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կարգավորման համար օրենքով սահմանված կարգով լիազորված այլ անձանց պահանջով ներկայացնել ստուգման՝
1) տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական վկայականը (կամ տրանսպորտային միջոց վարելու ժամանակավոր վարորդական վկայական կամ թույլտվություն՝ անձը հաստատող փաստաթղթի հետ միասին), իսկ դրանում նշված դեպքերում` նաև բժշկական տեղեկանքը.
2) տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը.
3) (ենթակետն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-72-Ն)
4) ուղևորների և բեռների փոխադրման համար օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր (ծանրաքաշ, մեծ եզրաչափերով ու վտանգավոր բեռների փոխադրման թույլտվություն և այլն).
բ) կառուցվածքով նախատեսված անվտանգության գոտիներով կահավորված տրանսպորտային միջոցներով երթևեկելիս լինել ամրակապված և չփոխադրել անվտանգության գոտիներով չամրակապված ուղևորների: Թույլատրվում է գոտիներով չամրակապել մինչև 12 տարեկան երեխաներին (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված ամրակապելու համար պարտադիր դեպքերի), ինչպես նաև տրանսպորտային միջոցը վարել սովորեցնողին, երբ այն վարում է սովորողը, իսկ բնակավայրերում, բացի այդ, օպերատիվ ծառայությունների, թափքի գունագրաֆիկ երանգավորում ունեցող ավտոմոբիլների վարորդներին և ուղևորներին.
գ) մոտոցիկլետով երթևեկելիս լինել կոճկված սաղավարտով և չփոխադրել չկոճկված սաղավարտով ուղևորների:
6. Միջազգային ճանապարհային երթևեկությանը մասնակցող մեխանիկական տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է՝
ա) իր մոտ ունենալ միջազգային ճանապարհային երթևեկության համար նախատեսված փաստաթղթերին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական իրավունքի վկայական, տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիր, իսկ Հայաստանի Հանրապետության կողմից այլ պետությունների հետ կնքված միջպետական համաձայնագրերի առկայության դեպքում՝ նաև այլ փաստաթղթեր.
բ) տրանսպորտային միջոցի վրա ունենալ լատինական տառերով և արաբական թվերով համարանիշեր և այն երկրի տարբերանշանը, որտեղ գրանցված է տրանսպորտային միջոցը:
7. Վարորդին արգելվում է՝
ա) տրանսպորտային միջոցը վարել ոչ սթափ վիճակում.
բ) տրանսպորտային միջոցի վարումը հանձնել ոչ սթափ վիճակում գտնվող կամ իրենց մոտ տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու համար վարորդական իրավունքի վկայական չունեցող անձանց.
գ) լքել իր տեղը կամ թողնել տրանսպորտային միջոցը, եթե նրա կողմից չեն ձեռնարկվել բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք բացառում են տրանսպորտային միջոցի ինքնաբերաբար շարժումը կամ դրա օգտագործումը իր բացակայության ժամանակ.
դ) բացել տրանսպորտային միջոցի դռները ընթացքի ժամանակ.
ե) բացել տրանսպորտային միջոցի դռները նույնիսկ կանգառի ժամանակ, եթե դա կխոչընդոտի ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին.
զ) ընթացքի ժամանակ օգտվել ռադիոկապից և հեռախոսակապից, եթե դրանք կահավորված չեն առանց ձեռքերի օգտագործման այդ սարքերից օգտվելու սարքավորումներով (բացառությամբ ծառայողական առաջադրանքներ կատարող, օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդների):
8. Մոպեդները, հեծանիվները կամ լծասայլերը (լծասահնակները) պետք է վարել, իսկ բեռնակիր և հեծկան կենդանիներին քշել մեկ շարքով, ճանապարհի եզրային գոտիով, հնարավորին չափ աջով: Թույլատրվում է շարժվել կողնակներով, եթե դա խոչընդոտ չի հանդիսանա հետիոտներին:
Հեծանվորդների, լծասայլերի (լծասահնակների), բեռնակիր և հեծկան կենդանիների շարասյուները երթևեկելի մասով շարժվելիս պետք է բաժանված լինեն խմբերի, յուրաքանչյուրում՝ 10-ական հեծանվորդ, բեռնակիր կամ հեծկան կենդանի կամ էլ 5-ական լծասայլ (լծասահնակ): Խմբերի վազանցումը հեշտացնելու համար դրանց միջև հեռավորությունը պետք է լինի 80-100 մ:
9. Խաչմերուկներից դուրս գտնվող հեծանվային արահետի և ճանապարհի չկարգավորվող փոխհատման վրա մոպեդների վարորդները և հեծանվորդները պետք է զիջեն ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցներին:
Լծասայլի (լծասահնակի) վարորդը մերձակա տարածքից կամ երկրորդական ճանապարհից դուրս գալիս սահմանափակ տեսանելիության տեղերում կենդանիներին պետք է տանի սանձից բռնած:
10. Կենդանիներին ճանապարհով, որպես կանոն, պետք է քշել օրվա լուսավոր ժամերին, ընդ որում` հնարավորին չափ ճանապարհի աջ եզրով:
Երկաթուղային գծանցներով կենդանիներին քշելիս անասունները պետք է բաժանվեն այնպիսի երկարությամբ խմբերի, որպեսզի անասնավարների քանակից ելնելով` հնարավոր լինի ապահովել անցման անվտանգությունը:
11. Մոպեդների վարորդներին և հեծանվորդներին արգելվում է՝
ա) երթևեկել առանց ղեկը բռնելու.
բ) փոխադրել ուղևորներ (բացառությամբ հուսալի ոտնատեղերով կահավորված լրացուցիչ նստատեղերի վրա մինչև 7 տարեկան երեխաների).
գ) փոխադրել բեռ, եթե այն խանգարում է վարելուն, կամ եթե բեռը երկարությամբ կամ լայնությամբ ավելի քան 0,5 մ գերազանցում է այդ տրանսպորտային միջոցի եզրաչափը.
դ) հեծանվային արահետի առկայության դեպքում երթևեկել արահետից դուրս.
ե) կատարել ձախ շրջադարձ կամ հետադարձ տրամվայի երթևեկությամբ, ինչպես նաև տվյալ ուղղությամբ մեկից ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին:
Արգելվում է մոպեդների և հեծանիվների քարշակումը, ինչպես նաև քարշակումը դրանցով, բացառությամբ կառուցվածքով նախատեսված համատեղ շահագործվող կցորդների:
12. Լծասայլերի (լծասահնակների) վարորդներին, բեռնակիր, հեծկան կենդանիներ և անասուններ քշողներին արգելվում է՝
ա) կենդանիներին թողնել ճանապարհին առանց հսկողության.
բ) կենդանիներին արածեցնել ճանապարհի կանաչապատված բաժանարար գոտում, ճանապարհին 100 մ մոտ տարածքներում, ինչպես նաև դրանց կուտակել երթևեկելի մասերում և մայթերին.
գ) օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում անասուններին անցկացնել երկաթգծերով և ճանապարհներով, իսկ մնացած ժամանակ՝ դրա համար նախատեսված տեղերից դուրս.
դ) այլ ուղիների առկայության դեպքում կենդանիներին քշել ասֆալտբետոնե և ցեմենտբետոնե ծածկույթով ճանապարհներով:
Արգելվում է վարել լծասայլ, եթե այն՝
ա) կահավորված չէ կառուցվածքով նախատեսված կայանման արգելակով և հակագլորման հենակներով.
բ) առջևի մասում չունի սպիտակ գույնի երկու լուսանդրադարձիչներ կամ լապտերներ (օրվա մութ ժամանակ կամ անբավարար տեսանելիության պայմաններում երթևեկելու համար).
գ) հետևի մասում չունի կարմիր գույնի երկու լուսանդրադարձիչներ կամ լապտերներ:
(24-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն)
Հոդված 241. |
Տրանսպորտային միջոցի վարորդին դրա վարումից հեռացնելու կարգը |
1. Վարորդին տրանսպորտային միջոցի վարումից հեռացնելու նպատակով ոստիկանության ծառայողը նրանից պահանջում է դուրս գալ տրանսպորտային միջոցի սրահից (խցիկից): Այդ պահանջը վարորդի կողմից չկատարելու դեպքում ոստիկանության ծառայողն իրավասու է կիրառելու «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված հատուկ միջոցներ:
2. Վարորդին տրանսպորտային միջոցի վարումից հեռացնելու դեպքում ոստիկանության ծառայողը ապահովում է «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի պահանջների կատարումը:
3. Վարորդին տրանսպորտային միջոցի վարումից հեռացնելու դեպքում ոստիկանության ծառայողն ապահովում է ուղևորների տեղափոխումն ու բեռների պահպանումը:
4. Եթե ոստիկանության ծառայողը վարորդին տրանսպորտային միջոցի վարումից հեռացնում է տրանսպորտային միջոցն օգտագործելու նպատակով, ապա նա վարորդի պահանջով պարտավոր է նրան տրամադրել համապատասխան տեղեկանք (կտրոն)՝ նշելով ուղևորության տևողությունը, անցած տարածությունը, իր ազգանունը, պաշտոնը, ծառայողական վկայականի համարը և ստորաբաժանման անվանումը:
(241 հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն)
Հոդված 25. | Հետիոտների հիմնական պարտականությունները |
1. Հետիոտները պարտավոր են շարժվել մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ կողնակներով: Մեծածավալ իրեր տեղափոխող հետիոտները, ինչպես նաև առանց շարժիչի հաշմանդամային սայլակներով երթևեկողները կարող են շարժվել երթևեկելի մասի եզրով, եթե դրանց երթևեկությունը խոչընդոտում է մայթերով և արահետներով շարժվող այլ հետիոտների:
2. Մայթերի, հետիոտնային արահետների կամ կողնակների բացակայության, ինչպես նաև նրանցով երթևեկելու անհնարինության դեպքում հետիոտները կարող են շարժվել հեծանվային արահետով կամ ճանապարհի երթևեկելի մասի եզրով, մեկ շարքով (բաժանարար գոտիներ ունեցող ճանապարհներին՝ երթևեկելի մասի արտաքին եզրով):
3. Հետիոտները երթևեկելի մասով շարժվելիս պետք
է քայլեն տրանսպորտային միջոցների հոսքին հանդիպակաց, իսկ առանց շարժիչի հաշմանդամային սայլակներով տեղաշարժվողները, ինչպես նաև մոտոցիկլետ, մոպեդ կամ հեծանիվ տանող անձինք՝ տրանսպորտային միջոցների հոսքին համընթաց:
4. Երթևեկելի մասով կազմակերպված հետիոտնային շարասյուների շարժվելը թույլատրվում է միայն աջ կողմով, շարքում ոչ ավելի, քան 4 մարդ, տրանսպորտային միջոցների հոսքին համընթաց: Շարասյան ձախ կողմում, առջևից և հետևից պետք է գտնվեն կարմիր դրոշակներով ուղեկցողներ, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում՝ առջևից սպիտակ, իսկ հետևից կարմիր գույնի միացված լապտերիկներով:
5. Երեխաների խմբերը թույլատրվում է տանել միայն մայթերով և հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ կողնակներով, բայց միայն օրվա լուսավոր ժամերին և չափահասների ուղեկցությամբ:
6. Հետիոտները պետք է երթևեկելի մասը հատեն հետիոտնային անցումներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ խաչմերուկներում՝ մայթերի կամ կողնակների ուղղությամբ:
7. Եթե տեսադաշտում բացակայում են հետիոտնային անցում և խաչմերուկ, ապա բաժանարար գոտի կամ պատնեշ չունեցող ճանապարհները թույլատրվում է հատել երթևեկելի մասի եզրին ուղղահայաց, երկու կողմերից լավ տեսանելի հատվածներում:
8. Այն տեղերում, որտեղ երթևեկությունը կարգավորվում է, հետիոտները պետք է ղեկավարվեն կարգավորողի կամ հետիոտնային լուսացույցի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ տրանսպորտային լուսացույցի ազդանշաններով:
Չկարգավորվող հետիոտնային անցումներում հետիոտները կարող են դուրս գալ երթևեկելի մաս` միայն գնահատելով մոտեցող տրանսպորտային միջոցի արագությունն ու իրենց միջև եղած հեռավորությունը և համոզվելով, որ անցումը անվտանգ է իրենց համար:
9. Հետիոտնային անցումներից դուրս երթևեկելի մասը հատող հետիոտները չպետք է խոչընդոտ ստեղծեն երթևեկող տրանսպորտային միջոցների համար, իսկ կանգնած տրանսպորտային միջոցի կամ տեսանելիությունը սահմանափակող այլ խոչընդոտի հետևից կարող են դուրս գալ, եթե միայն համոզված են, որ մոտեցող տրանսպորտային միջոցներ չկան:
10. Դուրս գալով երթևեկելի մաս՝ հետիոտները չպետք է այնտեղ կանգնեն կամ հապաղեն, եթե անցումն անվտանգ է: Այն հետիոտները, որոնք չեն հասցրել ավարտել անցումը, պետք է կանգ առնեն անվտանգության կղզյակի կամ հակադիր ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող գծի վրա: Անցումը կարելի է շարունակել միայն հետագա երթևեկության անվտանգության մեջ համոզվելուց հետո:
11. Կապույտ կամ կապույտ և կարմիր գույնի առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցների մոտենալու դեպքում հետիոտները չպետք է սկսեն երթևեկելի մասի հատումը, իսկ այնտեղ գտնվողները պետք է զիջեն ճանապարհը նշված տրանսպորտային միջոցներին և դրանցով ուղեկցվողներին` անհապաղ ազատելով երթևեկելի մասը:
12. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և «տաքսու» թույլատրվում է սպասել միայն երթևեկելի մասից բարձրացված սպասահարթակների վրա, իսկ դրանց բացակայության դեպքում՝ մայթերին կամ կողնակներին: Բարձրացված սպասահարթակներով չկահավորված կանգառի կետերում թույլատրվում է դուրս գալ երթևեկելի մաս միայն մոտեցող տրանսպորտային միջոցի կանգնելուց հետո: Տրանսպորտային միջոցից իջնելուց հետո պետք է անհապաղ ազատել երթևեկելի մասը:
(25-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն)
Հոդված 26. | Ուղևորների հիմնական պարտականությունները |
1. Ուղևորը պարտավոր է՝
ա) կառուցվածքով նախատեսված անվտանգության գոտիներով կահավորված տրանսպորտային միջոցներով երթևեկելիս ամրակապված լինել դրանցով, իսկ մոտոցիկլետներով երթևեկելիս՝ կոճկված սաղավարտով.
բ) տրանսպորտային միջոցի կանգնելուց հետո նստել և իջնել միայն մայթի կամ կողնակի կողմից, իսկ եթե դա անհնար է՝ երթևեկելի մասի կողմից, պայմանով, որ այն կկատարվի անվտանգ և խոչընդոտ չի ստեղծի երթևեկության մյուս մասնակիցների համար:
2. Ուղևորին արգելվում է՝
ա) վարորդի ուշադրությունը շեղել տրանսպորտային միջոցի ղեկավարումից.
բ) կողավոր թափքով բեռնատար ավտոմոբիլի թափքում երթևեկելիս կանգնել, նստել թափքի կողերին կամ դրանցից բարձր գտնվող բեռի վրա.
գ) երթևեկության ընթացքում բացել տրանսպորտային միջոցի դռները, ինչպես նաև դռները բացել կանգառի ժամանակ, եթե դա խոչընդոտ կստեղծի ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների համար.
դ) երթևեկության ընթացքում դուրս կախվել (դուրս ցցվել) տրանսպորտային միջոցից կամ դուրս նետել ինչ-որ առարկաներ:
Գ Լ ՈՒ Խ 6
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 27. | Տրանսպորտային միջոցների դասակարգումը և դրանք վարելու իրավունքը |
1. Մեխանիկական տրանսպորտային միջոցները բաժանվում են հետևյալ կարգերի.
ա) «A» կարգ` մոտոտրանսպորտային միջոցներ (մոտոցիկլետներ և դրան հավասարեցված մեխանիկական տրանսպորտային միջոցներ), բացառությամբ մոպեդի.
բ) «B» կարգ` մինչև 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ ուղևորների համար նախատեսված մինչև 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ.
գ) «C» կարգ` 3500 կգ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլներ.
դ) «D» կարգ` ուղևորների համար նախատեսված 8-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլներ.
ե) «E» կարգ` «B», «C» կամ «D» կարգի քարշակով շարժակազմեր.
զ) «Տրոլեյբուս» և «Մոտոսայլակ»:
2. «C» կարգի տրանսպորտային միջոցներով (բեռնատարներով) թույլատրվում է փոխադրել մինչև 8 ուղևոր, իսկ դրանից ավելի մարդ փոխադրելու դեպքում վարորդը պարտավոր է ունենալ նաև «D» կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք:
3. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական տրվում է՝
ա) «A» կարգի և մոտոսայլակ` 18 տարին լրացած անձանց.
բ) «B» և «C» կարգերի` 18 տարին լրացած անձանց.
գ) «D» կարգի՝ 21 տարին լրացած «B» և (կամ) «C» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժեր և այլ զորքեր զորակոչված 19 տարին լրացած «B» և (կամ) «C» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց.
դ) «E» կարգի՝ 19 տարին լրացած «B», «C» կամ «D» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց.
ե) «տրամվայ» և «տրոլեյբուս»՝ 20 տարին լրացած անձանց:
«B», «C» և «D» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ունեցող անձանց թույլատրվում է դրանք վարել նաև կցորդներով, եթե կցորդի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կիլոգրամը: 750 կիլոգրամը գերազանցող թույլատրելի առավելագույն զանգված ունեցող կցորդներով տրանսպորտային միջոցներ վարելու համար վարորդը պետք է ունենա նաև «E» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք:
4. Մոպեդ վարել թույլատրվում է 16 տարին, իսկ հեծանիվ, լծասայլ (լծասահնակ) վարել, բեռնակիր, հեծկան կենդանիներ կամ անասուններ քշել` 14 տարին լրացած անձանց:
5. Հայաստանի Հանրապետությունում գործում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանող ազգային և միջազգային վարորդական վկայականներ:
6. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը ծագում է վարորդական իրավունքի վկայականը ստանալու պահից:
7. «A» և «B» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական վկայականները տրվում են 18, իսկ «C», «D» և «E» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական վկայականները` 21 տարին լրացած անձանց:
8. Ազգային վարորդական վկայականը տրվում է տասը, իսկ միջազգային վարորդական վկայականը` մինչև երեք տարի ժամանակով, բայց ոչ ավելի, քան ազգային վարորդական վկայականի գործողության կամ բժշկական հավատարմագրման տեղեկանքի ժամկետից:
9. «Տրամվայ» և «տրոլեյբուս» վարելու իրավունք տալու համար գործնական քննությունը ընդունում են «տրամվայ» և «տրոլեյբուս» շահագործող կազմակերպությունները` տրանսպորտի և կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:
(27-րդ հոդվածը լրաց., խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն)
Հոդված 28. | Տրանսպորտային միջոցի վարորդի ուսուցման հիմնական պահանջները |
1. Սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված տարիքը լրացած և օրենսդրությամբ նախատեսված դեպքերում վարորդական գործունեության, ներառյալ` առողջական վիճակի հետ կապված սահմանափակումներ չունեցող անձինք կարող են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հաստատած ուսումնական պլանով և ծրագրով ուսուցումը ստանալուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել տրանսպորտային միջոցը վարելու իրավունքի որակավորման քննություններին։
2. (2-րդ մասն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-72-Ն)
3. Գործնական քննությանը կարող են մասնակցել միայն վարորդի թեկնածուները:
4. Վարորդի թեկնածու կարող է դառնալ 17 տարին լրացած անձը:
5. (5-րդ մասն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-72-Ն)
6. Անհատական կարգով գործնական վարել սովորեցնողը պետք է ունենա տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական իրավունքի վկայական:
7. Տրանսպորտային միջոցների գործնական վարման սկզբնական ուսուցումն իրականացվում է ավտոդրոմում կամ ավտոհրապարակում, իսկ դրա բացակայության դեպքում` ճանապարհային երթևեկությունից մեկուսացված փակ տարածքում, որը կահավորվում է տրանսպորտային միջոցների սկզբնական գործնական վարման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:
8. Գործնական վարման ուսուցման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցը պետք է ունենա համապատասխան ճանաչման նշան և կահավորված լինի վարել սովորեցնողի համար նախատեսված հետին տեսանելիության հայելիով, ինչպես նաև կցորդման և արգելակման լրացուցիչ ոտնակներով: Գործնական վարման ուսուցումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների (Երևանում՝ Երևանի քաղաքապետի) սահմանած ճանապարհներին:
9. Գործնական վարման ուսուցումն անցնող վարորդի թեկնածուի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ուսումնական հիմնարկի վարորդ-հրահանգիչը կամ անհատական կարգով գործնական վարել սովորեցնողը:
10. Տրանսպորտային միջոցների վարորդների ուսուցումը լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն է, որի լիցենզավորումը, լիցենզիայի պայմանների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, որը նախքան լիցենզիա տալը պետք է տրանսպորտի և կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնից ստանա տրանսպորտային միջոց վարելու ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների հագեցվածության մասին եզրակացություն: Տրանսպորտային միջոցների վարորդների ուսուցման գործունեություն իրականացնելու լիցենզավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
11. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը յուրաքանչյուր տարի լիցենզավորող մարմին է ներկայացնում ուսուցում իրականացնող կազմակերպությունների շրջանավարտների կողմից որակավորման քննությունների հանձնման արդյունքները:
Եթե կազմակերպության շրջանավարտների 70%-ը չի կարողացել առաջին անգամից հանձնել որակավորման քննությունները, ապա դա հիմք է համարվում լիցենզիայից զրկելու համար:
(28-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն)
Հոդված 29. | Վարորդական վկայականի ուժը կորցնելը |
1. Անձի վարորդական վկայականը համարվում է ուժը կորցրած, եթե`
ա) օրինական ուժի մեջ է մտել նրան անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճիռը.
բ) առկա է նրա հոգեկան հիվանդության վերաբերյալ և (կամ) առողջական վիճակը օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին չհամապատասխանելու մասին իրավասու մարմնի եզրակացությունը.
գ) նա մահացել է.
դ) լրացել է վարորդական իրավունքի գործողության ժամկետը.
ե) վարորդական վկայականը կորել է, և դրա տերը դիմել է` սահմանված կարգով նոր վկայական ստանալու համար կամ իրազեկել է կորստյան մասին:
2. Վարորդական վկայականի գործողությունը դադարում է օրենքով սահմանված կարգով վարելու իրավունքից զրկելու մասին դատարանի կամ իրավասու այլ մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ մինչև դրանում սահմանված ժամկետի ավարտը:
3. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների տված վարորդական իրավունքի վկայականը կորցնելու, ինչպես նաև փոխանակման դեպքերում դրա տնօրինողին օրենսդրությամբ սահմանված կարգով նույն կարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի նոր վկայական է տրվում առանց որակավորման քննություններ հանձնելու:
Օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց վարորդական վկայականները վերադարձվում են զրկման ժամկետը լրանալուց կամ օրենքով սահմանված կարգով կրճատվելուց հետո` որակավորման քննությունները հանձնելուց հետո:
(29-րդ հոդվածը լրաց., խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն)
Հոդված 30. | Քաղաքացիների` ավտոմոբիլային ճանապարհներին անվտանգ վարքագծի կանոնների ուսուցումը |
1. Քաղաքացիների` ավտոմոբիլային ճանապարհներին անվտանգ վարքագծի կանոնների ուսուցումն ապահովում են օրենսդրությամբ սահմանված կարգով կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները:
2. Հանրակրթական միջնակարգ ուսումնական հաստատություններում ճանապարհային երթևեկության կանոնների պարտադիր ուսուցումն իրականացվում է կրթության և գիտության ոլորտի` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի հաստատած ծրագրերին համապատասխան:
3. Քաղաքացիների` ավտոմոբիլային ճանապարհներին անվտանգ վարքագծի կանոնների ուսուցումն իրականացվում է պետական կառավարման տարածքային մարմինների և տրանսպորտի, կրթության, առողջապահության, բնապահպանության ու բնակչության սոցիալական պաշտպանության բնագավառների պետական կառավարման մարմինների համատեղ մշակած օրինակելի ծրագրերով:
4. Ոստիկանությունը, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնած զանգվածային լրատվության միջոցներն օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցում են իրավասու մարմիններին` քաղաքացիների` ճանապարհներին անվտանգ երթևեկության վարքագծի կանոնների ուսուցման հարցում:
Գ Լ ՈՒ Խ 7
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 31. | Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական հսկողությունը և վերահսկողությունը |
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական հսկողությունը և վերահսկողությունն իրականացնում են օրենքով սահմանված կարգով դրա համար լիազորված պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:
Հոդված 32. | Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առանձին գործունեության ձևերի համաձայնեցումը |
1. Իրավասու մարմինները, կազմակերպությունները և անձինք ոստիկանության համաձայնությամբ կարող են իրականացնել`
ա) անմիջապես ճանապարհի վրա և դրա մոտ` դեպի ճանապարհ մուտք և ելք ունեցող կրպակների, գովազդային վահանակների և այլնի տեղադրումը.
բ) ծանրաքաշ, մեծ եզրաչափերով, ինչպես նաև վտանգավոր բեռի և չվնասազերծված տարայի փոխադրումը.
գ) ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող, ինչպես նաև ավտոգնացքի կազմում երկու և ավելի կցորդների հետ միասին շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկությունը.
դ) տրանսպորտային միջոցի վերասարքավորումը և դրա կառուցվածքի փոփոխությունը:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերից բացի, համապատասխան պաշտոնատար անձինք ոստիկանության և այլ իրավասու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցնում են նաև՝
ա) ճանապարհային երթևեկության կազմակերպման և տեխնիկական միջոցների տեղադրման նախագծերը.
բ) ճանապարհի և դրա ինժեներական կառույցների շինարարության, վերակառուցման և վերանորոգման նախագծերը.
գ) ճանապարհային երթևեկությանը խոչընդոտող ցանկացած աշխատանքի կատարման ծրագրերը և (կամ) նախագծերը.
դ) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի դասավորությունը երթուղիներում և այդ երթուղիները.
ե) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասնագետների, վարորդ-հրահանգիչների և վարորդների պատրաստման ուսումնական ծրագրերը.
զ) այն ճանապարհների ցանկը, որտեղ թույլատրվում է ուսումնական վարումը.
է) ճանապարհի վրա զանգվածային, մարզական և այլ միջոցառումների անցկացումը:
3. Սույն հոդվածի երկրորդ մասի «է» կետում նշված միջոցառումների անցկացման թույլտվություն տալու դեպքում այն տվող մարմինը պարտավոր է այդ մասին տեղեկացնել ոստիկանությանը:
(32-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն)
Գ Լ ՈՒ Խ 8
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 33. | Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվությունը |
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրությունը խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 81
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 331. |
Նյութական խրախուսման և տեխնիկական զարգացման արտաբյուջետային ֆոնդը |
1. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Ճանապարհային ոստիկանությունն ունի նյութական խրախուսման և տեխնիկական զարգացման արտաբյուջետային ֆոնդ (այսուհետ՝ արտաբյուջետային ֆոնդ)` կենտրոնական գանձապետարանում բացվող բանկային հաշիվ:
2. Արտաբյուջետային ֆոնդը կազմավորվում է՝
ա) մարզական, մշակութային և օրենքով չարգելված այլ զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ, բացի բարեգործական և պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումներից, պայմանագրային հիմունքներով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումից ստացվող միջոցներից.
բ) տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման աճուրդներից, ինչպես նաև տրանսպորտային միջոցների ցանկալի համարանիշներ տրամադրելու շնորհիվ ստացվող միջոցներից.
գ) օրենքով չարգելված տեղեկատվության վճարովի տրամադրումից ստացվող միջոցներից.
դ) ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում վարչական իրավախախտումների համար գանձված տուգանքներից.
ե) տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար գանձվող վճարներից, այդ թվում` տրանսպորտային միջոցի հաշվառման վայրից դուրս` սեփականատիրոջ (լիազորված անձի) նախընտրած վայրում տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար, բացառությամբ տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված հաշվառումից հանելու դեպքերի.
զ) լուսացույցների խափանման դեպքերում` ճանապարհային երթևեկությունը վճարովի հիմունքներով կարգավորելուց ստացվող միջոցներից.
է) արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցի՝ հատուկ տարածքում պահպանման համար գանձվող վճարներից.
ը) տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական ստանալու քննություններ ընդունելու համար նախատեսված վճարներից.
թ) տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու համար գանձվող վճարներից.
ժ) ֆիզիկական և իրավաբանական անձանց դրամական նվիրատվություններից.
ժա) արտաբյուջետային ֆոնդի միջոցներով ձեռք բերված տեխնիկական սարքավորումների և տրանսպորտային միջոցների օտարումից ստացվող միջոցներից.
ժբ) ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցման, ինչպես նաև իրավական իրազեկման նպատակով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին իրավական ակտերի և (կամ) դրանց մեկնաբանությունների վերաբերյալ հրատարակվող նյութերի վաճառքից.
ժգ) նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցին հաշվառման կտրոն տալու համար նախատեսված վճարներից:
3. Արտաբյուջետային ֆոնդը ծախսվում է՝
ա) Ճանապարհային ոստիկանության համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման ուղղությամբ.
բ) Ճանապարհային ոստիկանության ծառայողների սոցիալական վիճակի բարելավման և նյութական խրախուսման համար.
գ) Ճանապարհային ոստիկանության ծառայողների վերապատրաստման (որակավորման) համար.
դ) Ճանապարհային ոստիկանության շենքերի, շինությունների, ծառայության պայմանների բարելավման համար.
ե) անհիմն գանձված վարչական տուգանքների վերադարձման, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության ծառայողի ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման համար:
Արտաբյուջետային ֆոնդը ծախսելու այլ ուղղությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Արտաբյուջետային ֆոնդի միջոցները մուտքագրվում և օգտագործվում են ոստիկանության պետի հրամանով սահմանված կարգով` պետական ֆինանսների կառավարման բնագավառի պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցված նախահաշվի համաձայն:
5. Արտաբյուջետային ֆոնդի ծախսման հաշվետվությունը ներառվում է պետական բյուջեի տարեկան հաշվետվության մեջ:
Արտաբյուջետային ֆոնդի հաշվի միջոցների շրջանառությունը բյուջետային տարվա ընթացքում իրականացվում, և այդ հաշվի մուտքերի նախահաշվային և փաստացի, ինչպես նաև ելքերի դրամարկղային և փաստացի ցուցանիշները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հաշվետվություններում արտացոլվում են որպես պետական բյուջեի համապատասխան մուտքեր և ելքեր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
6. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված ծառայությունների համար գանձվող վճարների չափը, բացառությամբ «ե», «ը», «թ» և «ժգ» կետերով նախատեսված պարտադիր վճարների, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(331 հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն, խմբ. 07.04.09 ՀՕ-83-Ն)
Հոդված 332. |
Արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա պարտադիր վճարների չափերը |
Արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա պարտադիր վճարների չափերն են`
ա) տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար` 5000 դրամ.
բ) տրանսպորտային միջոցի հաշվառման վայրից դուրս` սեփականատիրոջ (լիազորված անձի) նախընտրած վայրում տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար` 10.000 դրամ.
գ) տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական ստանալու գործնական քննություն ընդունելու համար` 10.000 դրամ.
դ) տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու համար` 10.000 դրամ.
ե) նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցին հաշվառման կտրոն տալու համար` 1.000 դրամ:
(332 հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն)
(Գլուխը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն)
Գ Լ ՈՒ Խ 9
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 34. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
|
Ռ. Քոչարյան |
|