Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.01.23/5(945).1 Հոդ.41.16
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.11.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ՍԴ/0109/01/12

Գործ թիվ ՍԴ/0109/01/12

Նախագահող դատավոր՝  Գ. Ավետիսյան

      Դատավորներ` Ե. Դարբինյան

                    Ս. Չիչոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Ավետիսյանի

Հ. Ասատրյանի

 

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

Կ. Աբրահամյանի

 

2012 թվականի նոյեմբերի 1-ին

Երևան քաղաքում 

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սերոբ Ֆրունզիկի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի օգոստոսի 14-ի որոշման դեմ ՀՀ զինվորական դատախազության թիվ 3 կայազորի զինվորական դատախազի տեղակալ Ա.Աղաբեկյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2012 թվականի մարտի 22-ին ՀՀ ՊՆ 3-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Ա.Ոսկանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 90851712 քրեական գործը:

2012 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ Սերոբ Ֆրունզիկի Սարգսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

2. 2012 թվականի ապրիլի 13-ին թիվ 90851712 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանն արագացված դատական քննության կարգի կիրառմամբ 2012 թվականի մայիսի 31-ի դատավճռով ամբաստանյալ Սերոբ Սարգսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել է ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա՝ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով:

3. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ՀՀ զինվորական դատախազության թիվ 3 կայազորի զինվորական դատախազության դատախազ Է.Աղաբալյանը՝ խնդրելով Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատավճիռը պատժի մասով բեկանել` ամբաստանյալ Ս.Սարգսյանի նկատմամբ նշանակված 2 (երկու) տարի ժամկետով փորձաշրջանը փոփոխել և նշանակել պատիժ` ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով:

4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 14-ի որոշմամբ ՀՀ զինվորական դատախազության թիվ 3 կայազորի զինվորական դատախազության դատախազ Է.Աղաբալյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մայիսի 31-ի դատավճիռը՝ թողնվել օրինական ուժի մեջ:

5. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 14-ի որոշման դեմ ՀՀ զինվորական դատախազության թիվ 3 կայազորի զինվորական դատախազի տեղակալ Ա.Աղաբեկյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Ամբաստանյալ Սերոբ Սարգսյանը դատապարտվել է այն բանի համար, որ հանդիսանալով թիվ 49971 զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի 15-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար, կոչումով լեյտենանտ, պետ, մարտական պարապմունքի մեկնելու համար զենք և հանդերձանք ստանալու իր հանձնարարությունը չկատարելու համար, անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, այն է` ենթակա անձնակազմի նկատմամբ իր գերակա դիրքն ընդգծելու և նրանց մոտ խիստ պետի տպավորություն թողնելու նպատակով, 2012 թվականի մարտի 7-ին՝ ժամը 830 -ի սահմաններում, վաշտի զինանոցի մոտ գլխով մեկ անգամ հարվածել է իր նկատմամբ ստորադրյալ, նույն դասակի 3-րդ ջոկի ժամկետային զինծառայող նռնակաձիգի օգնական շարքային Սարգիս Սերգեյի Ամիրբեկյանի դեմքին, որի հետևանքով վերջինիս առողջությանը պատճառել է թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով, դրանով իսկ էական վնաս է հասցրել զինվորական ծառայության շահերին` ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքով կարգավորվող պետ-ստորադրյալ հարաբերություններին (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 58-59):

7. Թիվ 49971 զորամասի հրամանատարի հրամանով դեպքի կապակցությամբ 2012 թվականի մարտի 13-ին կազմված ծառայողական եզրակացության համաձայն՝ գործով տուժող, շարքային Ս.Ամիրբեկյանը չի կատարել մարտական պարապմունքի մեկնելու համար զենք և հանդերձանք ստանալու՝ դասակի հրամանատար Ս.Սարգսյանի հրամանը, ինչի համար ենթարկվել է կարգապահական տույժի` կարգապահական մեկուսարանում 10 օր ժամկետով պահելու ձևով (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 4-5, 18-19):

8. Ս.Սարգսյանը 2011 թվականին ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը (տե՛ս քրեական գործ հատոր 1, թերթ 28):

Ս.Սարգսյանն ունի խրախուսանքներ, ծառայողական բնութագիրը դրական է (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 75-76):

Ս.Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 75):

9. Մեղադրանքը պաշտպանող ՀՀ զինվորական դատախազության թիվ 3 կայազորի դատախազության դատախազ Է.Աղաբալյանը, Առաջին ատյանի դատարանում մեղադրական ճառով հանդես գալով, հայտնել է, որ «... Դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Սերոբ Սարգսյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, և միջնորդել դատական նիստն անցկացնել արագացված կարգով, որը դատարանի կողմից բավարարվել է:

Դատաքննության ընթացքում ուսումնասիրվեց ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, նրա անձը բնութագրող տվյալները:

Ս.Սարգսյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

Նրա անձը բնութագրող հատկանիշ անհրաժեշտ է դիտել այն, որ Ս.Սարգսյանը անկեղծորեն զղջացել է կատարածի համար, տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, զորամասի հրամանատարության և բնակության վայրից բնութագրվում է դրական, ունի մեկ շնորհակալություն և «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ»: Ելնելով վերոգրյալից՝ մեղադրողը միջնորդել է Ս.Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման` 2 տարի ժամկետով (տե՛ս քրեական գործ հատոր 1, թերթ 121):

10. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող ամբաստանյալ Ս.Սարգսյանի նկատմամբ պատժի տեսակն ու չափը որոշելիս Առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, ըստ էության բազմակողմանի ստուգման ու օբյեկտիվ գնահատության է ենթարկել մեղադրողի վերաքննիչ բողոքում մատնանշված բոլոր հանգամանքները, այդ թվում` ամբաստանյալ Ս.Սարգսյանի կատարած հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը և հետևանքները, անձը բնութագրող տվյալները, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, մասնավորապես այն, որ ամբաստանյալն առաջին անգամ է կատարել միջին ծանրության հանցանք, ծառայության և բնակության վայրերից բնութագրվում է դրականորեն, ընտանեկան և սոցիալական պայմանները, խնամքին են գտնվում հայրն ու մայրը, երիտասարդ կադրային սպա է, պարգևատրված է «ՀՀ զինված ուժեր 20 տարի» մեդալով, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, կատարածն ընդունելը և զղջալը, ինչպես նաև Ս.Սարգսյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը` վերջինիս նկատմամբ նշանակելով արդարացի պատիժ:

(...):

Հաշվի առնելով վերոգրյալը` Առաջին ատյանի դատարանը հանգել է հետևության, որ Ս.Սարգսյանի ուղղվելը հնարավոր է առանց հասարակությունից մեկուսացնելու, նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` երկու տարի ժամկետով» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 61-62):

11. Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի վերոգրյալ դրույթներից հետևում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ ինչպես պատժատեսակի և պատժաչափի, այնպես էլ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ դատարանի կողմից կայացված որոշումը պետք է հիմնված լինի կատարած հանցագործության, դրա առանձնահատկություններին, գործի կոնկրետ հանգամանքների, հանցավորի անձի, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների բազմակողմանի գնահատման վրա` նպատակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48 հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման հնարավորությունը:

Պատասխանատվության և պատժի անհատականացման հիմք են ոչ միայն կատարված արարքի հասարակական վտանգավորության աստիճանը, այլև հանցավորի անձը բնութագրող հատկանիշներ հանդիսացող նրա սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական, քրեական և քրեաիրավական, ֆիզիկական հատկությունների համակցության ճիշտ գնահատականը, ընտանեկան դրությունը, վարքագիծը աշխատանքում և կենցաղում, աշխատունակությունը, առողջական վիճակը, տարիքը, դատվածությունը և այլն:

Պատիժ նշանակելիս հանցավորի նկատմամբ անհատական մոտեցումը անհրաժեշտ է, որպեսզի դատարանը պատժի տեսակն ու չափը ընտրելիս համոզվի, որ դրանով կհասնի պատժի նպատակներին:

(...)

Մեղադրող Է.Աղաբաբյանի վերաքննիչ բողոքը և դատախազ Ա.Աղաբեկյանի պատճառաբանությունը, որով գտնում են, որ Առաջին ատյանի դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի պահանջները` կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի դրույթները, հիմնավոր չեն: Վերաքննիչ բողոքը պետք է մերժել` նկատի ունենալով, որ դրա հետևությունները չեն բխում գործի փաստական հանգամանքներից, իսկ Առաջին ատյանի դատարանի եզրահանգումները պատճառաբանված ու հիմնավոր են:

Վերոգրյալ հիմնավորմամբ Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ ամբաստանյալ Ս.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժն արդարացի է, օրինական ու հիմնավորված, հետևաբար պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով դատավճիռը բեկանելու օբյեկտիվ հիմքեր չկան, և վերաքննիչ բողոքը պետք է մերժել, իսկ նրա վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մայիսի 31-ի դատավճիռը պետք է թողնել օրինական ուժի մեջ» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 61-62):

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

12. Ըստ բողոքաբերի` սույն գործով առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4142 -րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքը, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:

13. Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ, 70-րդ հոդվածների պահանջները, ինչի հետևանքով հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակվել է ակնհայտ մեղմ պատիժ, որը չի համապատասխանում վերջինիս անձին, նրա կատարած հանցագործության բնույթին ու հանրության համար վտանգավորության աստիճանին: Մասնավորապես, բողոք բերած անձը նշել է, որ որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք դատարանը դիտել է հանցանքն առաջին անգամ կատարելը, սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղմացուցիչ հանգամանք նախատեսված է առաջին անգամ հանգամանքների պատահական զուգորդմամբ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարելը, մինչդեռ Ս.Սարգսյանի կողմից կատարված արարքի պարագայում հանգամանքների պատահական զուգորդում առկա չէ:

Վերոշարադրյալ դատողությունների հիման վրա, ինչպես նաև վկայակոչելով Կ.Հայրապետյանի գործով 2009 թվականի հունիսի 2-ին Վճռաբեկ դատարանի կայացրած թիվ ԵԿԴ/0146/01/08 որոշումը՝ բողոքաբերը եզրակացություն է արել այն մասին, որ հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ սույն գործով ամբաստանյալի կողմից առաջին անգամ հանցանք կատարելը պետք է դիտել որպես մեղմացուցիչ հանգամանք:

Բողոք բերած անձը նշել է նաև, որ ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք դիտվել է նաև կատարածի համար զղջալը, որը նախատեսված չէ ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածով:

Վերոգրյալից բողոքաբերը հետևություն է արել այն մասին, որ սույն գործով ամբաստանյալի կողմից կատարածի համար զղջալը հանդիսանում է ոչ թե նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող, այլ անձը բնութագրող հանգամանք:

14. Բողոքաբերը փաստարկել է, որ ստորադաս դատարանները որպես ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանք դիտել են այն, որ նա հանդիսանում է «կադրային սպա», մինչդեռ անձը բնութագրող տվյալները վերաբերում են անձի բարոյական հատկանիշներին, այդ թվում՝ բնութագրում են նրա վերաբերմունքը օրենքի, համակեցության կանոնների, ինչպես նաև զինվորական ծառայության նկատմամբ, մինչդեռ «կադրային սպա» լինելը, ինչպես նաև բարձրագույն կրթության առկայությունը դեռևս չի կարող վկայել մարդու օրինապաշտ և բարոյական լինելու մասին:

Վերոգրյալից բողոքաբերը հետևություն է արել այն մասին, որ ՀՀ զինված ուժերի սպայական կազմի մեծամասնությունը համալրված է «կադրային սպաներով», և «կադրային սպա» լինելը չի կարող հանդիսանալ անձը բնութագրող հանգամանք: Հակառակ դեպքում «կադրային սպա» լինելը որպես անձը բնութագրող հանգամանք պետք է դիտվի «կադրային սպաների» կողմից կատարված բոլոր զինվորական հանցագործությունների համար պատասխանատվություն և պատիժ սահմանելիս:

Բողոքաբերը փաստարկել է նաև, որ սույն գործով ստորադաս դատարաններն ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանք են դիտել «ՀՀ զինված ուժեր 20 տարի» մեդալով պարգևատրված լինելու հանգամանքը, սակայն նշված մեդալով պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի ամբողջ սպայական անձնակազմը:

Վերոգրյալից բողոք բերած անձը հետևություն է արել այն մասին, որ «ՀՀ զինված ուժեր 20 տարի» մեդալով պարգևատրված լինելու հանգամանքը չի վկայում ամբաստանյալի կատարած սխրանքների կամ հայրենիքին մատուցած ծառայությունների մասին:

15. Բողոք բերած անձի պնդմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ դատարանի որոշումը պետք է պատճառաբանված լինի, մինչդեռ, ըստ նրա, սույն գործով ստորադաս դատարանների դատական ակտերում առկա պատճառաբանությունները հիմնավոր չեն, ամբաստանյալի անձը բնութագրող, ինչպես նաև նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները ճիշտ չեն գնահատվել: Վկայակոչելով Հ.Սահակյանի գործով 2009 թվականի հունիսի 2-ին Վճռաբեկ դատարանի կայացրած թիվ ԵՔՐԴ/0571/01/08 որոշումը՝ բողոք բերած անձը նշել է, որ սույն գործով պատիժ նշանակելիս ստորադաս դատարանների կողմից չի քննարկվել սոցիալական արդարության վերականգնման հարցը:

16. Հիմք ընդունելով վերոշարադրյալ փաստարկները՝ բողոքաբերը խնդրել է մասնակիորեն բեկանել և փոփոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի օգոստոսի 14-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ և Սերոբ Սարգսյանին դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

17. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հիմքը Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատիժ նշանակելիս պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների, անձը բնութագրող տվյալների, ինչպես նաև անձի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի գնահատման ժամանակ հաշվի առնվող հանգամանքների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Այդ առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

 

I. Պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների կիրառումը սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ.

 

18. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ սույն գործով պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանի կողմից պահպանվել են պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները:

19. Պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ն.Սարգսյանի գործով կայացված որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները քրեական օրենքով նախատեսված այն հիմնադրույթներն են, որոնցով պետք է ղեկավարվի դատարանը պատիժ նշանակելիս: Այդ սկզբունքներն են`

ա) օրինականությունը,

բ) արդարությունը,

գ) պատժի անհատականացումը,

դ) մարդասիրությունը:

Պատիժ նշանակելու վերոնշյալ սկզբունքները սահմանում են այն հիմնական դրույթները, որոնցով ղեկավարվում է դատարանը յուրաքանչյուր քրեական գործով պատժի տեսակն ու չափն ընտրելիս:

(…) պատժի նշանակման իրավական շրջանակները սահմանված են ՀՀ քրեական օրենսգրքով: Դրա հետ մեկտեղ, սակայն, վերոնշյալ օրենքը դատարանին հնարավորություն է տվել որոշակի սկզբունքների (…) պահպանմամբ, իր ներքին համոզմանը և իրավագիտակցությանը համապատասխան, ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր և Հատուկ մասերով նախատեսված սահմաններում որոշել պատժի տեսակն ու չափը: Այլ կերպ՝ ուրվագծելով կոնկրետ հանցանքի համար նշանակման ենթակա պատժի առավելագույն և նվազագույն սահմանները՝ ՀՀ քրեական օրենքը դատարանին տվել է այդ շրջանակում հայեցողություն դրսևորելու հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի գրեթե բոլոր հոդվածների սանկցիաներում ամրագրված վերոնշյալ մոտեցումը պայմանավորված է այն տրամաբանությամբ, որ քրեական օրենքը համընդհանուր բնույթ ունի, իսկ արարքը և հանցավորի անձը կոնկրետ են: Ուստի կոնկրետ արարքի և անձի նկատմամբ համընդհանուր քրեական օրենքով նախատեսված սանկցիան կիրառելիս դատարանը պետք է որոշակի հայեցողություն դրսևորի:

Վերոգրյալից Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ առանց դատարանի հայեցողության պատժի անհատականացումն անհնար է:

(…) Պատիժ նշանակելիս դատարանի հայեցողության կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ պատիժ նշանակելիս դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանի ու բնույթի, հանցավորի անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա: Նշված հանգամանքների հայեցողական և ոչ երբեք կամային գնահատման ժամանակ դատարանը պետք է ելնի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից (տե՛ս Նարեկ Գևորգի Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշման 14-րդ, 22-23-րդ կետերը):

20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Ս.Սարգսյանի նկատմամբ պատժի տեսակն ու չափը որոշելիս Առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

21. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները վերլուծելով Ն.Սարգսյանի գործով կայացված որոշման մեջ ձևավորված և, համապատասխանաբար, սույն որոշման 18-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ սույն գործով պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանի կողմից պահպանվել են պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները:

 

II. Սույն գործով ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների գնահատումը.

 

22. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ սույն գործով առկա են ամբաստանյալ Ս.Սարգսյանի պատասխանատվությունը և պատիժ մեղմացնող հանգամանքներ:

23. Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների հետ կապված հարցերին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Թ.Տեր-Գրիգորյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «Պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը հաշվի է առնում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Հանցակազմի սահմաններից դուրս գտնվելով` դրանք բնութագրում են ինչպես կատարված հանցագործությունը, այնպես էլ հանցավորի անձնավորությունը, հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին` համապատասխանաբար բարձրացնելով կամ իջեցնելով այն: Դրանց գնահատմամբ է հնարավոր յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատական մոտեցում ցուցաբերել` ինչպես պատժի տեսակը և չափը որոշելիս, այնպես էլ այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս» (տե՛ս Թամարա Իշխանի Տեր-Գրիգորյանի գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ ՎԲ-192/07 որոշումը):

24. ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` «Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգաման[ք է] առաջին անգամ հանգամանքների պատահական զուգորդմամբ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարելը»:

Մեջբերված քրեաիրավական դրույթին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Կ.Հայրապետյանի գործով, ինչպես նաև Ա.Ավետիսյանի գործով կայացված որոշումներում:

Կ.Հայրապետյանի գործով կայացված որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) [առաջին անգամ հանգամանքների պատահական զուգորդման] հանգամանքի առկայության փաստը հաստատելու համար անհրաժեշտ պայմաններն են`

ա) անձը պետք է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքը կատարի առաջին անգամ,

բ) հանցանքի կատարումը պետք է պայմանավորված լինի հանցավորի կամքից անկախ գոյություն ունեցող հանգամանքների այնպիսի փոփոխությամբ կամ համընկնմամբ, որոնք ուղղակի կամ անուղղակի իրենց հուզական ազդեցությունն ունենան անձի նկատմամբ և նպաստեն հանցանքի կատարմանը:

Այսինքն` հանգամանքների պատահական զուգորդումը նախ և առաջ փաստի խնդիր է, որը դատարանի կողմից պետք է հաստատվի գործով բացահայտված բոլոր փաստական հանգամանքների համակցությամբ» (տե՛ս Կարեն Պարույրի Հայրապետյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ ԵԿԴ/0146/01/08 որոշման 15-րդ կետը):

Ա.Ավետիսյանի գործով կայացված որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) «հանցանքների պատահական զուգորդում» հասկացությունը գնահատողական կատեգորիա է և որոշվում է միայն դատարանի կողմից` գործի բոլոր հանգամանքներն իրենց համակցության մեջ հետազոտելու արդյունքում: Դրա հետ մեկտեղ, սակայն, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ, ի թիվս այլոց, հանգամանքների պատահական զուգորդում կարող են լինել.

1. իր կողմից կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանի գնահատման կապակցությամբ անձի մոլորությունը,

2. հանցավոր արարքներ կատարող անձանց խմբում մեկ անգամ պատահական գտնվելն ու այդ խմբի կողմից կատարված հանցագործությանը մեկ անգամ մասնակցելը,

3. մեղսագրվող հանցանքի կատարումն անձին ակնհայտորեն բնորոշ չլինելը,

4. հանցանքի կատարումը հոգեճնշող վիճակում, արտակարգ կամ այլ հանգամանքների ազդեցության տակ» (տե՛ս Անդրանիկ Մեսրոպի Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԱՆԴ/0091/01/09 որոշման 22-րդ կետը):

25. ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն սույն հոդվածի 1-ին մասում»:

Մեջբերված քրեաիրավական դրույթին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Պ.Բայրամյանի գործով կայացված որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «Դատարանի լայն հայեցողության շրջանակներում է նաև անձի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների կիրառման հարցը, քանի որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն նույն հոդվածի առաջին մասում: Այնուհանդերձ, դատարանի այս լիազորությունը բացարձակ չէ, և որպես մեղմացնող հաշվի առնվող հանգամանքները պետք է բավարարեն որոշակի չափանիշների: Դրանք են.

ա) հանգամանքը պետք է իրական լինի, այսինքն՝ գործով ձեռք բերված ապացույցները պետք է հաստատեն դրա առկայությունը

բ) այն պետք է ողջամտորեն նվազեցրած լինի անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը

գ) այն հաստատված ճանաչելիս դատարանը պետք է պահպանի ապացուցման ընդհանուր քրեադատավարական կանոնները. հանգամանքի առկայությունը հաստատող ապացույցները պետք է վերաբերելի և թույլատրելի լինեն, դրանք պետք է հետազոտված լինեն դատաքննության ընթացքում, ինչպես նաև պետք է պահպանվեն ապացույցների ստուգման և գնահատման օրենսդրական պահանջները» (տե՛ս Պարույր Ստյոպայի Բայրամյանի գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հունիսի 1-ի թիվ ՎԲ-84/07 որոշումը):

26. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Ս.Սարգսյանի նկատմամբ պատժի տեսակն ու չափը որոշելիս Առաջին ատյանի դատարանը, ի թիվս այլոց, բազմակողմանի ստուգման ու օբյեկտիվ գնահատության է ենթարկել ամբաստանյալ Ս.Սարգսյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, մասնավորապես այն, որ ամբաստանյալն առաջին անգամ է կատարել միջին ծանրության հանցանք, ծառայության և բնակության վայրերից բնութագրվում է դրականորեն, նրա խնամքին են գտնվում հայրն ու մայրը, երիտասարդ «կադրային սպա» է, պարգևատրված է «ՀՀ զինված ուժեր 20 տարի» մեդալով, ինչպես նաև այն, որ Ս.Սարգսյանն ընդունել է կատարածն ու զղջացել է (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

27. Սույն որոշման 26-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները վերլուծելով սույն որոշման 23-25-րդ կետերում մեջբերված և, համապատասխանաբար, Թ.Տեր-Գրիգորյանի, Կ.Հայրապետյանի, Ա.Ավետիսյանի, Պ.Բայրամյանի գործերով կայացված որոշումներում առկա իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր է Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ սույն գործով առկա են ամբաստանյալ Ս.Սարգսյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ: Հետևաբար, անհիմն են բողոքաբերի փաստարկներն այն մասին, որ սույն քրեական գործով հանգամանքների պատահական զուգորդում չկա:

Անդրադառնալով բողոքաբերի այն պնդմանը, թե ամբաստանյալ Ս.Սարգսյանի կողմից մեղքն ընդունելը և կատարածի համար զղջալը չի կարող դիտվել որպես նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք (տե՛ս սույն որոշման 13-րդ կետը)՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղքն ընդունելը կամ չընդունելն անձի սուբյեկտիվ իրավունքն է, որը նախատեսված և երաշխավորված է ՀՀ Սահմանադրության 21-րդ և 22-րդ հոդվածներով: Հետևաբար, մեղքը չընդունելը չի կարող պատիժ նշանակելիս հաշվի առնվել և հակառակը` մեղքն ընդունելը և կատարածի համար անկեղծորեն զղջալը ՀՀ քրեական օրենսգրքի շրջանակներում բարենպաստ քրեաիրավական նշանակություն ունեցող հանգամանք է և կարող է կատարել պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքի դեր: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մեղքն ընդունելը և կատարածի համար անկեղծորեն զղջալը, որպես մեղավոր անձի հետհանցավոր դրական վարքագիծ, վկայում է այն մասին, որ նա լրիվ գիտակցել է իր արարքի հանրային վտանգավորությունը, զղջացել է դրա համար: Մեղքն ընդունելու պարագայում քրեական պատժի նպատակների իրացումը, այդ թվում` պատժի ենթարկված անձին ուղղելու հավանականությունը, զգալիորեն բարձրանում է:

28. Վերոգրյալից բացի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` «Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգաման[ք է] տուժողի վարքագծի հակաօրինականությունը կամ հակաբարոյականությունը, որով պայմանավորվել է հանցագործությունը»:

Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Ս.Սարգսյանը, հանդիսանալով դասակի հրամանատար, կոչումով լեյտենանտ, պետ, մարտական պարապմունքի մեկնելու համար զենք և հանդերձանք ստանալու հանձնարարություն է տվել տուժողին՝ իր նկատմամբ ստորադրյալ, նույն դասակի ժամկետային զինծառայող նռնակաձիգի օգնական շարքային Ս.Ամիրբեկյանին: Շարքային Ս.Ամիրբեկյանը, սակայն, չի կատարել դասակի հրամանատար Ս.Սարգսյանի օրինական պահանջը, ինչի պատճառով վերջինս հարվածել է նրան (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Դեպքի կապակցությամբ կազմված ծառայողական եզրակացության համաձայն՝ տուժողը՝ շարքային Ս.Ամիրբեկյանը, ենթարկվել է կարգապահական տույժի (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ ամբաստանյալի կողմից տուժողին հարվածելը պայմանավորված է եղել տուժողի հակաօրինական արարքով, այն է՝ մարտական պարապմունքի մեկնելու համար զենք և հանդերձանք ստանալու հանձնարարությունը չկատարելով, մինչդեռ տուժողի վերոնշյալ արարքին գործի ո՛չ նախնական, ո՛չ դատական քննության ընթացքում որևէ գնահատական չի տրվել, և այդ կապակցությամբ համապատասխան դատավարական որոշում չի կայացվել (այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը կայացնում է համապատասխան լրացուցիչ որոշում):

29. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները համադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է հանդիսացել նաև այն, որ ամբաստանյալի կողմից կատարված հանցագործությունը պայմանավորված է եղել տուժողի վարքագծի հակաօրինականությամբ, որը դրսևորվել է օրենքով սահմանված կարգով տրված հանձնարարությունը չկատարելով:

 

III. Սույն գործով պատիժ նշանակելիս անձը բնութագրող տվյալները հաշվի առնելը.

 

30. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ գերատեսչական մեդալով պարգևատրելը և «կադրային սպա» լինելը համարվում են անձը բնութագրող տվյալներ:

31. Բարձրացված հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Հ.Հարությունյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «Պատասխանատվության և պատժի անհատականացման հիմք են ոչ միայն կատարված արարքի հասարակական վտանգավորության աստիճանի, այլև հանցավորի անձը բնութագրող հատկանիշներ հանդիսացող նրա սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական, քրեաբանական և քրեա-իրավական, ֆիզիկական հատկությունների համակցության ճիշտ գնահատումը (ընտանեկան դրությունը, վարքագիծը աշխատանքում և կենցաղում, աշխատունակությունը, առողջական վիճակը, տարիքը, դատվածությունը և այլն)» (տե՛ս Հազարապետ Ալբերտի Հարությունյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2007 թվականի մարտի 30-ի թիվ ՎԲ-50/07 որոշումը):

Ն.Սարգսյանի գործով կայացված որոշման մեջ զարգացնելով Հ.Հարությունյանի գործով կայացված որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «(...) հանցանք կատարած անձի ուսումնասիրությունը մեծ դեր է խաղում պատիժ նշանակելու համար: ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի («Պատժի նպատակները») իմաստով պատժի նպատակը, սոցիալական արդարությունը վերականգնելուց բացի, դատապարտյալի ուղղումն է և նոր հանցագործությունների կանխումը, ուստի դատարանը պարտավոր է հանգամանորեն հետազոտել անձի ինչպես կենսաբանական, այնպես էլ սոցիալական առանձնահատկությունները: Այս կապակացությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շատ դեպքերում պատժի տեսակի և չափի վրա ազդում են հանցավորի սեռը, տարիքը, առողջական վիճակը» (տե՛ս Նարեկ Գևորգի Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշման 19-րդ կետը):

32. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` «Դատավճռի ներածական մասում ցույց է տրվում ամբաստանյալի անունը, հայրանունը, ազգանունը, նրա ծննդյան թվականը, ամիսը, օրը և ծննդավայրը, ընտանեկան դրությունը, աշխատանքի վայրը, զբաղմունքը, կրթությունը և ամբաստանյալի անձին վերաբերող այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի համար»:

Շարադրված քրեադատավարական նորմի վերլուծությունից երևում է, որ ամբաստանյալի անձը բնութագրող տվյալներն օրենքում սպառիչ թվարկված չեն և կարող են առկա լինել գործի քննության համար նշանակություն ունեցող, ամբաստանյալի անձին վերաբերող այլ տեղեկություններ ևս (օրինակ՝ չմարված դատվածության մասին նշում, կամ որ դատարանի կողմից, երբ և ինչ հիմքով անձը ազատվել է պատիժը կրելուց, կամ չկրած պատժի տեսակն ու չափը, զինծառայողների դեպքում կարող է նշվել նաև զինվորական ծառայությանը զորակոչվելու ժամանակը, համապատասխան զորամասը, զինվորական կոչումը, զբաղեցրած պաշտոնը, պարգևների առկայությունը և այլն):

33. «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է, որ «Խրախուսանքը զինվորական կարգապահության ամրապնդման և զինծառայողների դաստիարակման միջոց է: Յուրաքանչյուր հրամանատար (սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով վերապահված իրավունքների սահմաններում պարտավոր է խրախուսել ենթակա զինծառայողներին` ծառայության մեջ աչքի ընկնելու և ծառայողական պարտականությունները ջանասիրաբար կատարելու, անձնական հատուկ վաստակի և դրական նախաձեռնություն ցուցաբերելու համար)»:

«ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն` «Զինծառայողներին տրվող խրախուսանքներից է գերատեսչական մեդալներով պարգևատրելը»:

«ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` տվյալ խրախուսանքը կարող է կիրառվել ցանկացած զինծառայողի նկատմամբ, անկախ զբաղեցված պաշտոնից և ունեցած զինվորական կոչումից:

«ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մեդալներով պարգևատրում» խրախուսանքը կիրառվում է հրամանով, և զինծառայողին առձեռն հանձնվում է գերատեսչական մեդալ: Մեդալների ցանկը հաստատում է ՀՀ պաշտպանության նախարարը:

ՀՀ պաշտպանության նախարարի 2011 թվականի հունիսի 20-ի թիվ 838 հրամանով սահմանվել է` «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալը հիմնելու և մեդալի կանոնադրությունը գործողության մեջ դնելու մասին կարգը: Հրամանի բովանդակությունից հետևում է, որ «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալը հիմնելը, պայմանավորված է ՀՀ զինված ուժերի 20-ամյա հոբելյանի կապակցությամբ զինված ուժերի զինծառայողների, պաշտպանության նախարարության քաղաքացիական հատուկ ծառայողների, հայրենիքի պաշտպանության, Հայոց բանակի կայացման ու հզորացման գործում մեծ ներդրում ունեցող անձանց խրախուսելու նպատակով:

34. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ պաշտպանության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1537 հրամանով Ս.Սարգսյանը պարգևատրվել է «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով:

Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ մեղադրանքը պաշտպանող դատախազն Առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ներկայացված իր մեղադրական ճառում որպես Ս.Սարգսյանի անձը բնութագրող հատկանիշ է դիտել կատարածի համար վերջինիս կողմից զղջալը, խոստովանական ցուցմունք տալը, զորամասի հրամանատարության և բնակության վայրից դրական բնութագրվելը, մեկ շնորհակալություն և հոբելյանական մեդալ ունենալը (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

35. Սույն որոշման 34-րդ կետում մեջբերված հանգամանքը վերլուծելով սույն որոշման 31-33-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաչափ չէ բողոքաբերի փաստարկն այն մասին, որ «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով պարգևատրված լինելու հանգամանքը չի վկայում ամբաստանյալի կատարած ինչ-որ սխրանքների կամ հայրենիքին մատուցած ծառայությունների մասին (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը): Վճռաբեկ դատարանի գնահատմամբ բողոքաբերի այս պնդումը չի բխում սույն որոշման 33-րդ կետում մեջբերված օրենսդրական և գերատեսչական ակտերի պահանջներից:

Վերոգրյալից բացի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատիժ նշանակելիս պետական կամ գերատեսչական պարգևը հաշվի չառնելու հետևանքով ոչ միայն խախտվում են պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները, արժեզրկվում է պետական կամ գերատեսչական պարգևի բարոյական, արժեհամակարգային և դաստիարակչական նշանակությունը, այլ նաև թերագնահատվում է հանցավորի արժանապատվությունը և նրա բարոյահոգեբանական բնութագիրը:

36. Զարգացնելով սույն որոշման 31-րդ կետում մեջբերված և, համապատասխանաբար, Հ.Հարությունյանի, Ն.Սարգսյանի գործերով կայացված որոշումներում ձևավորված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «հանցավորի անձնավորություն» եզրույթն ի տարբերություն «հանցագործության սուբյեկտ» եզրույթի, ավելի ընդարձակ է, և օժտված է սոցիալ-ժողովրդագրական, բարոյահոգեբանական և քրեաիրավական բնութագրերով: ՀՀ գործող քրեական օրենսդրության իմաստով «հանցավորի անձնավորություն» եզրույթը դիտարկվում է որպես քրեական պատասխանատվության և պատժի անհատականացման հիմք, հանցավորի անձը բնութագրող առանձին հատկանիշները և վարքագիծը օրենքում նախատեսված են որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ, ինչպես նաև դատապարտյալին պատժից ազատելու նախապայման:

37. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում շարադրված վերլուծությունը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված դրույթն այն մասին, որ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են (հոդված 3), մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների և ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից (հոդված 14)՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատժի անհատականացման ժամանակ հանցավորի անձը բնութագրող տվյալները հաշվի առնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես պատժի նպատակների իրականացման, այնպես էլ անձի արժանապատվության հարգման սահմանադրական պահանջի առկայությամբ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցավորի անձը բնութագրող տվյալները չեն կարող սահմանափակվել միայն անձի բարոյական հատկանիշներով և ներառում են նաև անձի ընտանեկան դրությունը, զբաղմունքի տեսակը, կրթությունը, նրա դրական կամ բացասական բնութագիրը, խրախուսանքների կամ տույժերի առկայությունը և այլն: Անձը բնութագրող տվյալների նշված մեկնաբանությունը վերաբերելի է հատկապես հանցանք կատարած զինծառայողների անձնավորությանը, ինչը պայմանավորված է զինվորական ծառայության՝ որպես պետական ծառայության առանձնահատուկ տեսակով և այդ ծառայությունը կրող զինծառայողների հատուկ կարգավիճակով:

38. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Զինվորական ծառայությունը կազմակերպվում է՝

1) զորակոչելու միջոցով՝ զորակոչային տարիքի քաղաքացիներին.

2) պայմանագրով՝ պահեստազորի շարքային կազմին.

3) պայմանագրով՝ ենթասպայական կազմին.

4) զորակոչի միջոցով կամ պայմանագրով՝ սպայական կազմին.

5) զորակոչի համար սահմանված կարգով՝ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված նախազորակոչային տարիքի քաղաքացիներին»:

Մեջբերված իրավական դրույթի վերլուծությունից երևում է, որ զինվորական ծառայության կազմակերպման մեջ առանձնացվում է ռազմաուսումնական հաստատություններ ընդունված նախազորակոչային տարիքի քաղաքացիների զորակոչը, որի միջոցով համալրվում է ՀՀ զինված ուժերի սպայական կազմի, այսպես կոչված՝ «կադրային սպայական կազմը»: «Կադրային սպայական կազմը», ի տարբերություն, զորակոչի միջոցով կամ պայմանագրով ձևավորվող սպայական կազմի, բաղկացած է պրոֆեսիոնալ զինվորականներից, որոնց հատուկ ուսուցման և պատրաստման համար պետությունը զգալի միջոցներ է ծախսում:

39. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալը 2011 թվականին ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, ունի խրախուսանքներ, ծառայողական բնութագիրը դրական է, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը ամբաստանյալ Ս.Սարգսյանի անձը բնութագրող վերոնշյալ հատկանիշները հաշվի են առել (տե՛ս սույն որոշման 10-11-րդ կետերը):

Սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի ուսումնասիրությունից երևում է, որ բողոքաբերի պնդմամբ անձը բնութագրող տվյալները այնպիսի տեղեկություններ են, որոնք բնութագրում են անձի բարոյական հատկանիշները` հնարավորության սահմաններում, նրա վերաբերմունքը ծառայության, օրենքի և համակեցության կանոնների նկատմամբ, մինչդեռ «կադրային սպա» լինելը, ինչպես նաև բարձրագույն կրթության առկայությունը դեռևս չի կարող վկայել մարդու օրինապաշտ և բարոյական լինելու մասին (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը):

40. Սույն որոշման 39-րդ կետում մեջբերված հանգամանքները մեկնաբանելով սույն որոշման 37-38-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ամբաստանյալի՝ «կադրային սպա» լինելը որպես անձը բնութագրող հանգամանք չգնահատելու և, հետևաբար, նրա կողմից առաջին անգամ, հանգամանքների պատահական զուգորդմամբ միջին ծանրության հանցանք կատարելու պարագայում հաշվի չառնելու և նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձը զրկվում է պետության հանդեպ ստանձնած իր պարտականությունը կատարելու հնարավորությունից: Նման մոտեցումը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, իրավաչափ չէ, հետևաբար, հիմնավոր չէ նաև բողոքաբերի փաստարկն այն մասին, որ ՀՀ զինված ուժերի «կադրային սպա» լինելը չի կարող հանդիսանալ անձը բնութագրող հանգամանք: Հետևաբար, «կադրային սպա» լինելու հանգամանքը Վերաքննիչ դատարանի կողմից որպես ամբաստանյալ Ս.Սարգսյանի անձը բնութագրող հանգամանք դիտելը ճիշտ է և բխում է, ինչպես ՀՀ քրեական օրենսգրքում առկա՝ պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից (տե՛ս սույն որոշման 19-21-րդ կետերը), այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի պահանջից (տե՛ս սույն որոշման 32-րդ կետը):

 

IV. Սույն գործով պատիժը պայմանականորեն չկիրառելը.

 

41. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված չորրորդ իրավական հարցը հետևյալն է. սույն քրեական գործի շրջանակներում հիմնավո՞ր է արդյոք ամբաստանյալ Ս.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը:

42. Պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Հ.Պետրոսյանի, Կ.Հարությունյանի, Գ.Ազատյանի, Ա.Անտոնյանի գործերով կայացված որոշումներում: Մասնավորապես, Հ.Պետրոսյանի գործով կայացված որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) օրենսդիրը պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք է համարում դատարանի համոզվածությունը, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց որոշակի պատժատեսակները ռեալ կրելու:

Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը պետք է հանգամանորեն քննության առնի ինչպես հանցագործության կատարման, այնպես էլ հանցավորի անձին վերաբերող բոլոր հանգամանքները: Կարևորն այն է, որ դատարանը հանգի հիմնավոր եզրակացության, որ դատապարտյալի ուղղումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու» (տե՛ս Հասմիկ Արտաշեսի Պետրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի հունիսի 29-ի թիվ ԱՐԱԴ/0050/01/08 որոշումը):

Կ.Հարությունյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «Չնայած պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսել, դատարանը պարտավոր է, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, հաշվի առնել նաև հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը: Դատարանի կողմից նշանակվող պատժի արդարացիության հիմնական պահանջն այն է, որ պատիժը պետք է համապատասխանի հանցագործության վտանգավորության աստիճանին ու բնույթին» (տե՛ս Կարեն Տիգրանի Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի նոյեմբերի 30-ի թիվ ՎԲ-201/07 որոշումը):

Գ.Ազատյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը կիրառելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի այն դրույթները, որոնք վերաբերում են պատժին և պատժի նպատակներին: Նշված դրույթներն են, մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 62-րդ և 63-րդ հոդվածները, որոնք սահմանում են պատժի նպատակները, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները, պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Նշված իրավադրույթների լույսի ներքո գնահատելով գործի հանգամանքները` կատարած հանցագործության առանձնահատկությունները, հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները, միայն դատարանը կարող է հանգել որոշակի հետևության, թե հանցանք կատարած անձի կողմից պատիժը կրելն անհրաժեշտ պայման է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին հասնելու համար, թե ոչ» (տե՛ս Գագիկ Հրաչի Ազատյանի գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ ՎԲ-195/07 որոշումը):

Ա.Անտոնյանի գործով կայացված որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ ինչպես պատժատեսակի և պատժաչափի, այնպես էլ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ դատարանի որոշումը պետք է հիմնված լինի կատարած հանցագործության, դրա առանձնահատկությունների, գործի կոնկրետ հանգամանքների, հանցավորի անձի, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների բազմակողմանի գնահատման վրա՝ օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման և մարդասիրության սկզբունքներին համապատասխան, նպատակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման հնարավորությունը» (տե՛ս Արթուր Խաչիկի Անտոնյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴ/0226/01/09 որոշման 19-րդ կետը):

43. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ մեղադրողի պատճառաբանությունն այն մասին, թե Առաջին ատյանի դատարանը, կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի դրույթները, խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի պահանջները, հիմնավոր չեն: Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանի եզրահանգումները պատճառաբանված ու հիմնավոր են, իսկ ամբաստանյալ Ս.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժն արդարացի է, օրինական ու հիմնավորված, հետևաբար պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով դատավճիռը բեկանելու օբյեկտիվ հիմքեր չկան (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

44. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները վերլուծելով սույն որոշման 40-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր է:

45. Սույն գործով բողոքաբերը փաստարկել է նաև, որ ստորադաս դատարանները, Ս.Սարգսյանի նկատմամբ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և պատիժը պայմանակորեն չկիրառելով, նշանակել են ակնհայտ մեղմ պատիժ, որն արդարացի չէ` չի համապատասխանում հանցանքի ծանրությանը և դա կատարելու հանգամանքներին:

Բողոքաբերի վերոշարադրյալ դիրքորոշման կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ դատավճռով նշանակված պատժի անհամապատասխանությունը կատարված հանցանքի ծանրությանը և ամբաստանյալի անձին, որպես դատական ակտը բեկանելու կամ փոփոխելու հիմք` անկախ նրանից, թե նշանակված պատիժն անարդարացի է` ակնհայտ խիստ է, թե ակնհայտ մեղմ, պայմանավորված է կիրառվող հոդվածի սանկցիայում նախատեսված պատժատեսակով և պատժաչափով, և այն չի կարող տարածվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառելիության կամ չկիրառելիության վրա:

Գ.Մարտիրոսյանի գործով որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշման համաձայն` «Պատիժը մեղմացնելը և պատիժը պայմանականորեն չկիրառելը իրենցից ներկայացնում են քրեաիրավական երկու ինքնուրույն ինստիտուտներ:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը սահմանում է պատիժը պայմանականորեն չկիրառելը, ըստ որի 1-ին կետի՝ եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին: Այսինքն՝ դատարանը, կայացնելով մեղադրական դատավճիռ, ամբաստանյալի նկատմամբ նշանակում է քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածում թվարկված պատժատեսակներից (կալանք, ազատազրկում, կարգապահական գումարտակում պահելը) որևէ մեկը՝ սահմանելով դրա չափը, այնուհետև համոզված լինելով, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը փաստացի կրելու, որոշում է դատապարտյալի վրա որոշակի պարտականություններ դնելով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:

Պատժի մեղմացումը դրսևորվում է հետևյալ ձևով՝ նշանակված հիմնական պատժատեսակը փոխելով ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված առավել մեղմ հիմնական պատժատեսակով, կամ նշանակված պատժաչափը նվազեցնելով, կամ նշանակված լրացուցիչ պատիժը վերացնելով, կամ դրա չափը նվազեցնելով, կամ ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածով՝ նշանակել քրեական օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով» (տե՛ս Գուրգեն Մարտիրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի փետրվարի 1-ի թիվ ՎԲ-01/08 որոշումը):

46. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում մեջբերված՝ Գ.Մարտիրոսյանի գործով կայացված որոշման մեջ առկա իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատիժը մեղմացնելը և պատիժը պայմանականորեն չկիրառելը երկու առանձին, ինքնուրույն քրեաիրավական ինստիտուտներ են, որոնց կիրառումը տարբեր հետևանքներ է առաջացնում: Մասնավորապես, պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձի նկատմամբ նշանակված պատիժն ի կատար չի ածվում, իսկ պատժի մեղմացման դեպքում փոփոխվում են ի կատար ածվող պատժի ժամկետները կամ հենց պատժատեսակը:

47. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը միջնորդել է Ս.Սարգսյանի նկատմամբ նշանակել պատիժ ազատազրկում` 2 տարի ժամկետով (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը): Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալին դատապարտել է երկու տարի ժամկետով ազատազրկման (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):

48. Սույն որոշման 47-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները մեկնաբանելով սույն որոշման 45-46-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն անհասկանալի է գտնում բողոքաբերի պնդումն այն մասին, թե ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը մեղմ է: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը չի վկայում ամբաստանյալի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելու մասին: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է բողոքաբերի փաստարկն այն մասին, թե ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը մեղմ պատժի նշանակում է (տե՛ս սույն որոշման 15-րդ կետը), և արձանագրում է, որ բողոքաբերի՝ «բեկանել և փոփոխել վերաքննիչ դատարանի դատական ակտը և կայացնել նոր դատական ակտ, ամբաստանյալ Ս.Սարգսյանին դատապարտել ազատազրկման երկու տարի ժամկետով» խնդրանքն իրավաչափ չէ, քանի որ չի բխում պատիժը պայմանականորեն չկիրառելու և մեղմ պատիժ նշանակելու ինստիտուտների տարբերակումից (տե՛ս սույն որոշման 46-րդ կետը):

49. Հիմք ընդունելով սույն որոշման 18-48-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ չի տվել դատական սխալ` նյութական կամ դատավարական իրավունքի խախտում, որը կարող է հիմք հանդիսանալ վճռաբեկ բողոքը բավարարելու համար: Հետևաբար, վճռաբեկ բողոքում նշված հիմքով նյութական օրենքի էական խախտում թույլ չի տրվել, այդ առումով Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված ու պատճառաբանված, լիովին համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին, ուստի նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա վճռաբեկ բողոքը պետք է մերժել` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Սերոբ Ֆրունզիկի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի օգոստոսի 14-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան