ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԼԴ4/0201/02/10 |
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ4/0201/02/10 2012 թ. |
Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան |
Դատավորներ՝ | Ս. Միքայելյան |
Դ. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2012 թվականի հոկտեմբերի 19-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.05.2012 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Բանկի ընդդեմ Մարինե Բաղրամյանի, Արթուր Ղուկասյանի, «Ամոարթարգ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն), անհատ ձեռնարկատեր Արսեն Ղուկասյանի, անհատ ձեռնարկատեր Անահիտ Զաքարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է համապարտության կարգով բռնագանձել Մարինե Բաղրամյանից, Արթուր Ղուկասյանից, Ընկերությունից, անհատ ձեռնարկատեր Արսեն Ղուկասյանից, անհատ ձեռնարկատեր Անահիտ Զաքարյանից 11.100.305,7 ՀՀ դրամ՝ որպես վարկային պարտավորության գումար, 135.000 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի գումար, ինչպես նաև 15.04.2009 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը վարկային պայմանագրով նախատեսված կարգով հաշվեգրել տոկոսներ և տույժեր:
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Մկոյան) (այսուհետ՝ Դատարան) 10.12.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 03.05.2012 թվականի որոշմամբ Դատարանի 10.12.2010 թվականի վճռի դեմ Արամայիս Ղուկասյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, բեկանվել է Դատարանի 10.12.2010 թվականի վճռի՝ Ընկերությունից համապարտության կարգով գումար բռնագանձելու մասը, և այդ մասով գործն ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արամայիս Ղուկասյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին կետը, 211-րդ հոդվածը, 219-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ բողոք բերող անձը վերաքննիչ բողոք ներկայացնելիս Բանկին չի ուղարկել բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենները, իսկ Վերաքննիչ դատարանը, անտեսելով այդ հանգամանքը, վարույթ է ընդունել վերաքննիչ բողոքը` զրկելով Բանկին օրենքով իրեն վերապահված վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքից:
Վերաքննիչ դատարանը, դուրս գալով վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, գործով կողմ չհանդիսացող անձից, առանց ապացույցն իր կամքից անկախ հանգամանքներով առաջին ատյանի դատարան չներկայացնելու վերաբերյալ հիմնավորվածության, ընդունել է նոր ապացույց` Ընկերության կանոնադրությունը, գնահատել այն: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ անկախ այն հանգամանքից, թե Արամայիս Ղուկասյանն Ընկերության քանի տոկոս բաժնեմասն է տիրապետում, որևէ հիմք չի եղել նրան սույն գործով որպես կողմ ներգրավելու համար: Երաշխավորության պայմանագրի կնքման պահին Ընկերության տնօրենն է եղել Արթուր Ղուկասյանը, որն էլ իր լիազորությունների սահմաններում Բանկի հետ կնքել է երաշխավորության պայմանագիր: Այսինքն՝ Ընկերության մասնակցի որևէ իրավունք չի խախտվել:
Բացի այդ, ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ երաշխավորության պայմանագիրը պետք է կնքվեր Ընկերության ընդհանուր ժողովի որոշման հիման վրա, ապա նշված հարցը սույն գործով չի կարող քննարկման առարկա լինել, քանի որ երաշխավորության պայմանագիրը չի վիճարկվում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.05.2012 թվականի որոշման՝ Ընկերությունից գումար բռնագանձելու մասով Դատարանի 10.12.2010 թվականի վճիռը բեկանելու մասը և այդ մասով օրինական ուժ տալ Դատարանի 10.12.2010 թվականի վճռին:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Բողոք բերած անձն անտեսել է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի և Ընկերության կանոնադրության 7.5-րդ կետի պահանջները, որոնցով սահմանափակվում են ընկերության տնօրենի իրավասությունները:
Վերաքննիչ դատարանն իրավացիորեն եզրահանգել է, որ Դատարանի վճռով խախտվել են Ընկերության 66,6 տոկոս բաժնեմասի սեփականատեր Արամայիս Ղուկասյանի իրավունքները:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Բանկի և Մարինե Բաղրամյանի միջև 15.05.2008 թվականին կնքված թիվ 506 վարկային պայմանագրով, անշարժ գույք ձեռք բերելու նպատակով, Մարինե Բաղրամյանին տրամադրվել է 8.000.000 ՀՀ դրամ վարկ մինչև 15.05.2018 թվականը մարման ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 7-9):
2) Բանկի և Ընկերության միջև 15.05.2008 թվականին կնքված թիվ 506-Ա երաշխավորության պայմանագրով Ընկերությունն ամբողջ ծավալով երաշխավորել է 15.05.2008 թվականի թիվ 506 վարկային պայմանագրով Մարինե Բաղրամյանի ստացած 8.000.000 ՀՀ դրամ վարկի վերադարձը (հատոր 1-ին, գ.թ. 12-14):
3) Ընկերության կանոնադրության համաձայն՝ Արամայիս Ղուկասյանը Ընկերության մասնակից է բաժնեմասերի 2/3-րդ չափով (ներկայացվել է վերաքննիչ բողոքին կից, հատոր 2-րդ, գ.թ. 46-56):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա։
Նույն օրենսգրքի 205-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն նաև գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ։
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունի ոչ միայն գործին մասնակցող անձը, այլ նաև գործին մասնակից չդարձված անձը, պայմանով, եթե գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է տվյալ անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։
Նույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, իսկ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝ ընկերությունը պատասխանատու չէ իր մասնակիցների պարտավորությունների համար, իսկ ընկերության մասնակիցները պատասխանատու չեն ընկերության պարտավորությունների համար և իրենց ներդրած ավանդների արժեքի սահմաններում կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը։
Սույն գործով վեճը վերաբերում է երկու իրավաբանական անձանց միջև կնքված երաշխավորության պայմանագրով ծագած պարտավորություններին։ Հետևաբար Ընկերությունը երաշխավորության պայմանագիրը կնքել է և այդ պայմանագրով ծագած հարաբերություներում հանդես է եկել որպես ինքնուրույն սուբյեկտ: Պայմանագրով ստանձնած պարտավորություները չեն ազդում Ընկերության մասնակիցների իրավունքների և պարտականություների վրա: Օրենսդրական նման կանոնակարգումից էլ բխում է, որ միայն Ընկերությունն է կրում երաշխավորության պայմանագրով սահմանված պարտավորությունը պատշաճ չկատարելու ռիսկը, որպես քաղաքացիաիրավական հարաբերության ինքուրույն սուբյեկտ:
Դատարանը Բանկի հայցը բավարարելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ Բանկի և Ընկերության միջև 15.05.2008 թվականին կնքված թիվ 506-Ա երաշխավորության պայմանագրով Ընկերությունն ամբողջ ծավալով երաշխավորել է 15.05.2008 թվականի թիվ 506 վարկային պայմանագրով Մարինե Բաղրամյանի ստացած 8.000.000 ՀՀ դրամ վարկի վերադարձը։
Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը՝ Ընկերությունից համապարտության կարգով գումար բռնագանձելու մասով բեկանելիս պատճառաբանել է, որ Դատարանն ըստ էության վճիռ է կայացրել Ընկերության մասնակից Արամայիս Ղուկասյանի իրավունքների վերաբերյալ՝ առանց նրան մասնակից դարձնելու գործի քննությանը։
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը սահմանում է ընկերության մասնակիցների իրավունքները, համաձայն որի` նրանք իրավունք ունեն՝ ա) նույն օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել ընկերության կառավարմանը, բ) ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով տեղեկություններ ստանալ ընկերության գործունեության վերաբերյալ, գ) ստանալ ընկերության գործունեությունից ստացվող՝ օրենքով սահմանված շահույթի մասը, դ) օրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով իր բաժնեմասը (դրա մասը) օտարել ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների կամ երրորդ անձանց, ե) անկախ մյուս մասնակիցների համաձայնությունից, ցանկացած պահի դուրս գալ ընկերությունից, զ) ընկերության լուծարման դեպքում օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով բաժին ստանալ ընկերության մնացած գույքից։ Ընկերության մասնակիցներն ունեն նաև օրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներ։
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը սահմանում է ընկերության մասնակիցների պարտականությունները, համաձայն որի` նրանք պարտավոր են՝ ա) ներդրումներ կատարել ընկերության կանոնադրական կապիտալում ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով, բ) չհրապարակել ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնիք պարունակող տեղեկություններ, բացի օրենքով սահմանված դեպքերից։ Ընկերության մասնակիցները կրում են նաև օրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ։
Վերը նշված նորմերն ամրագրվել են նաև Ընկերության կանոնադրության 4-րդ գլխում։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով երկու իրավաբանական անձանց միջև երաշխավորության պայմանագրով ծագած պարտավորությունների կատարման վերաբերյալ կայացված վճիռը որևէ կերպ չի վերաբերում Ընկերության մասնակցի՝ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12-13-րդ հոդվածներով սահմանված իրավունքներին և պարտականություններին, հետևաբար Ընկերության մասնակից Արամայիս Ղուկասյանին գործին մասնակից դարձնելու դատավարական պարտականություն Դատարանը չուներ։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի եզրահանգմանն առ այն, որ երաշխավորության պայմանագրով ստանձնած պարտավորությունը գերազանցում է Ընկերության կանոնադրական կապիտալի 25 տոկոսը, հետևաբար այդ գործարքը կարող էր կատարվել միայն Ընկերության ընդհանուր ժողովի որոշմամբ, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ իրավաբանական անձանց մասնակցությամբ վեճին Ընկերության մասնակցին մասնակից դարձնելու համար, քանի որ նշված հարցի քննարկումը դուրս է սույն գործով քննարկվող հարցի շրջանակներից, քանի որ Բանկի և Ընկերության միջև կնքված երաշխավորության պայմանագիրը չի վիճարկվում։ Նշված պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը սույն գործի նկատմամբ կիրառելի չի համարում «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը:
Վերը նշված պատճառաբանություններից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածը, կիրառել է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր և Ընկերության մասնակից Արամայիս Ղուկասյանին սույն գործի քննությանը մասնակից դարձնելու անհրաժեշտության վերաբերյալ հանգել է սխալ եզրահանգման։
Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.05.2012 թվականի որոշման՝ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.12.2010 թվականի վճռի՝ «Ամոարթարգ» ՍՊԸ-ից համապարտության կարգով գումար բռնագանձելու մասով բեկանելու մասը և այդ մասով օրինական ուժ տալ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.12.2010 թվականի վճռին։
2. Արամայիս Ղուկասյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 317.059,17 ՀՀ դրամ՝ վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.03.2012 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի չվճարված մասի գումար, 337.059,17 ՀՀ դրամ՝ վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վճռաբեկ դատարանի 27.06.2012 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող՝ |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Է. Հայրիյան | |
Տ. Պետրոսյան | |
Ե. Սողոմոնյան |