ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ3/0246/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ3/0246/02/09 |
|
Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան | |
Դատավորներ` Դ. Խաչատրյան |
|
Կ. Չիլինգարյան |
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Անտոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2012 թվականի մարտի 23-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Բավական Սուքիասյանի և Արևիկ Ափոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.09.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Վանո Ափոյանի ընդդեմ Բավական Սուքիասյանի և Արևիկ Ափոյանի` սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանից վտարելու պահանջի մասին, և ըստ Բավական Սուքիասյանի և Արևիկ Ափոյանի հակընդդեմ հայցի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի հաստատման և ըստ կտակի ժառանգության դեպքում պարտադիր բաժնի իրավունքով մաս առանձնացնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Վանո Ափոյանը պահանջել է Բավական Սուքիասյանին և Արևիկ Ափոյանին վտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող Արթիկ քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 1 հասցեում գտնվող տնից:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Բավական Սուքիասյանը և Արևիկ Ափոյանը պահանջել են ձեռքբերման վաղեմությամբ ճանաչել սեփականության իրավունքն Արթիկ քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 1 հասցեի տան` իրենց կողմից զբաղեցված մասի նկատմամբ և ըստ կտակի ժառանգության դեպքում պարտադիր բաժնի իրավունքով առանձնացնել իրենց կողմից որպես առանձին տնտեսություն օգտագործված մասը:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 07.04.2010 թվականի վճռով Վանո Ափոյանի հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.07.2010 թվականի որոշմամբ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 07.04.2010 թվականի վճիռը բեկանվել, և գործն ուղարկվել է նոր քննության:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Մնացյան) (այսուհետ` Դատարան) 10.06.2011 թվականի վճռով Վանո Ափոյանի հայցը մերժվել է, իսկ Բավական Սուքիասյանի և Արևիկ Ափոյանի հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն՝ ճանաչվել է Բավական Սուքիասյանի և Արևիկ Ափոյանի սեփականության իրավունքն Արթիկ քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 1 հասցեի տան` ըստ հատակագծի 01, 02, 1-1, 1-2 և 1-3 առանձնացված սենյակների և հողատարածքի` Բավական Սուքիասյանին և Արևիկ Ափոյանին նախկին սեփականատիրոջ կողմից փաստացի փոխանցված մասի նկատմամբ: Հայցապահանջը` ըստ կտակի ժառանգության դեպքում պարտադիր բաժնի իրավունքով մաս առանձնացնելու պահանջի մասին, մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.09.2011 թվականի որոշմամբ Վանո Ափոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 10.06.2011 թվականի վճիռը բեկանվել է մասնակիորեն` հայցը մերժելու և հակընդդեմ հայցը բավարարելու մասով, և այդ մասով փոփոխվել է` հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու մասով, մերժվել: Վճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Բավական Սուքիասյանը և Արևիկ Ափոյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի որոշումն անօրինական է հետևյալ պատճառաբանությամբ.
Բավական Սուքիասյանի ամուսինը` Մերուժան Ափոյանը, ծնվել և մեծացել է վիճելի տանը, որն ի սկզբանե կառուցվել է երեք հարկաբաժիններով երեք որդիների համար: Վիճելի սեփական տունն ի սկզբանե կառուցվել է առանձին մուտքերով և մասնաբաժիններով, որոնք իրարից առանձնացված են հիմնական պատով, առանձին մուտքերով և որոշակի չափի հողամասով: Բավական Սուքիասյանի և Մերուժան Ափոյանի ամուսնությունից հետո` սկսած 1982 թվականից, նշված տան իրենց կողմից զբաղեցված մասը սեփականատեր Լուսիկ Ափոյանի կամքով առանձնացվել է այդ ընտանիքի համար և այդ պահից մինչև հիմա ընտանիքով ապրել են` որպես առանձին տնտեսություն: Ինչպես Մերուժան Ափոյանի օրոք, այնպես էլ նրա մահից` 1995 թվականից հետո, կատարել են կառուցապատման և վերանորոգման աշխատանքներ` որպես իրենց սեփականություն: Չնայած առանձին տնտեսություն վարելուն` ամբողջ տունը գրանցված էր Լուսիկ Ափոյանի անվամբ: Սակայն Լուսիկ Ափոյանը միշտ էլ հայտարարել էր, որ տան արևմուտքի կողմի բնակարանը Մերուժան Ափոյանին է: Բացի այդ, տնային գրքից էլ երևում է, որ Բավական Սուքիասյանի` վիճելի հասցե գալու նպատակը նշված է «մշտական բնակություն»: Կոմունալ ծառայությունների համապատասխան կազմակերպությունների և Բավական Սուքիասյանի միջև կնքվել են բոլոր պայմանագրերն ու անհրաժեշտ փաստաթղթերը, որտեղ մշտապես նշվել է Արթիկ քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 1 հասցեն:
Այսպիսով` Բավական Սուքիասյանը և իր ընտանիքը 1982 թվականից ամբողջությամբ վիճելի հասցեի իրենց մասը տիրապետել են որպես իրենց սեփականություն:
Այն հանգամանքը, որ շուրջ 29 տարի բարեխղճորեն, անընդմեջ և բացահայտ և որպես իրենց սեփականություն Բավական Սուքիասյանն իր ընտանիքի հետ տիրապետում է վիճելի հասցեի` իրենց զբաղեցրած մասը, հաստատվում է էլեկտրաէներգիայի սպառման, խմելու ջրի համար վճարման անդորրագրերով, Արթիկի թիվ 12 թաղի լիազորի տեղեկանքով, Արթիկի քաղաքապետարանի համապատասխան տեղեկանքով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 22.09.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 10.06.2011 թվականի վճռին։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Համաձայն 17.05.1986 թվականին կազմված Արթիկ քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 1 հասցեի անհատական բնակելի տան տեխնիկական անձնագրի` սեփականատեր Լուսիկ Ափոյանի անվամբ նշումով, գույքագրումը կատարվել է 1975 թվականին` հին գույքաթերթի հիման վրա:
2. Լուսիկ Ափոյանը 10.02.2000 թվականին կազմել է փակ կտակ, որով իր ամբողջ ունեցվածքը կտակել է թոռանը` Վանո Ափոյանին: Լուսիկ Ափոյանի մահից` 09.12.2000 թվականից հետո Վանո Ափոյանին 16.06.2004 թվականին տրվել է ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր (հատոր 1-ին, գ.թ. 118-119):
3. Վերոնշյալ ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա 348,9 քմ մակերեսով վիճելի բնակարանի և 0,04761 հա հողամասի նկատմամբ 30.05.2006 թվականին գրանցվել է Վանո Ափոյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 7-8):
4. Համաձայն 03.11.2009 թվականի թիվ 12 թաղի կոմիտեի նախագահի տեղեկանքի` Բավական Սուքիասյանը 1982 թվականից բնակվել է Արթիկ քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 1 քարաշեն բնակարանում իր հանգուցյալ ամուսնու` Մերուժան Ափոյանի հետ համատեղ, այնուհետև նշված բնակարանը կառուցել և վերակառուցել են սկեսրոջ հետ միասին մինչև վերջինիս մահը` 2000 թվականի դեկտեմբեր ամիսը, որից հետո շարունակել են բնակվել նշված բնակարանում (հատոր 1-ին, գ.թ. 81)։
5. Բավական Սուքիասյանն Արթիկ քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 1 հասցեում հանդիսանում է խմելու ջրի, էլեկտրական ցանցի ինքնուրույն բաժանորդ (հատոր 1-ին, գ.թ. 82-86)։
6. «Պ.Ա.Գ. ԷՍԹԵՅԹ» ՍՊԸ-ի մասնագիտական եզրակացության համաձայն` Արթիկ քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 1 հասցեի տունը երկհարկանի է, օգտագործվում է երկու տնատիրությունների կողմից առանձին-առանձին` յուրաքանչյուրի համար առանձնացված հողամասերով (հատոր 3-րդ, գ.թ. 108-113)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն)։
Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը։ Մասնավորապես դրանք են`
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս։ Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման։ Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։ Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:
2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։ Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:
3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ։ Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։ Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:
4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե`ս օրինակ` Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ ընդդեմ Մանվել, Սոֆիկ, Մելանյա, Սամվել Սարիբեկյաններ և Քնարիկ Աղազարյան, Մանվել Սարիբեկյան և Քնարիկ Աղազարյան ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյանների` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը)։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
Դատարանը Վանո Ափոյանի հայցը մերժելու և Բավական Սուքիասյանի և Արևիկ Ափոյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասով հակընդդեմ հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Վանո Ափոյանը չի հիմնավորել, որ ժառանգության բացման պահից 9 տարիների ընթացքում, իսկ դրանից առաջ էլ` սկսած 1982 թվականից, անշարժ գույքի սեփականատերերը քայլեր են ձեռնարկել Բավական Սուքիասյանի և նրա ընտանիքի տիրապետությունից վիճելի գույքն ազատելու ուղղությամբ: Մինչդեռ գործում առկա ապացույցներով հիմնավորվում է այն հանգամանքը, որ Բավական Սուքիասյանն իր ընտանիքի հետ վեճի առարկա գույքը 28 տարի տիրապետել են բարեխիղճ, բացահայտ և տասը տարի անընդմեջ։
Վերաքննիչ դատարանը դատական ակտի բեկանման հիմքում դրել է այն հանգամանքը, որ սույն գործով Բավական Սուքիասյանն ու Արևիկ Ափոյանը չեն ներկայացրել իրենց պահանջը հիմնավորող ապացույցներ, մասնավորապես այն, որ բարեխղճորեն, բացահայտ և 10 տարի անընդմեջ տիրապետել և օգտագործել են վիճելի գույքը` որպես սեփականը։
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա փաստերով հաստատվում է հակընդդեմ հայցով հայցվորների` վիճելի հասցեում իրենց զբաղեցրած մասը բարեխղճորեն, բացահայտ և 10 տարուց ավելի անընդմեջ որպես սեփականը տիրապետելու և օգտագործելու փաստը։ Ձեռքբերման վաղեմությամբ վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման վերոնշյալ վավերապայմանների առկայությունը հաստատվում է, մասնավորապես, հետևյալ ներքոշարադրյալ փաստերով.
Վիճելի հասցեի տնատիրությունն ի սկզբանե կառուցվել է երեք առանձին բաժիններով, որոնք միմյանցից առանձնացված էին հիմնական պատով, առանձին մուտքով և որոշակի չափի հողամասով: Նշված բաժիններից մեկը Լուսիկ Ափոյանը հատկացրել է իր որդուն` Մերուժան Ափոյանին: Այսինքն` նշված հասցեի վիճելի մասը սկզբնապես տիրապետել է Մերուժան Ափոյանը, ով 1982 թվականից ամուսնացել և շարունակել է տիրապետել նշված գույքն արդեն իր կնոջ և 2 երեխաների հետ: Վիճելի տանն են ծնվել նաև Բավական Սուքիասյանի երկու դուստրերը` Արևիկ և Լուսինե Մերուժանի Ափոյանները: Վերջիններս Արթիկ քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 1 հասցեում բնակվել են առանձին մուտքերով և վարել են առանձին տնտեսություն:
Այնուհետև 1995 թվականին` Մերուժան Ափոյանի մահից հետո, Բավական Սուքիասյանը` որպես իր ամուսնու իրավահաջորդ, ընտանիքով շարունակել է բնակվել վիճելի տանը և որպես իր սեփական գույք` կատարել է կառուցապատման և վերանորոգման աշխատանքներ: Համաձայն 03.11.2009 թվականի թիվ 12 թաղի կոմիտեի նախագահի տեղեկանքի` Բավական Սուքիասյանը 1982 թվականից բնակվել է Արթիկ քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 1 քարաշեն բնակարանում իր հանգուցյալ ամուսնու` Մերուժան Ափոյանի հետ համատեղ, այնուհետև նշված բնակարանը կառուցել և վերակառուցել են սկեսրոջ հետ միասին մինչև վերջինիս մահը` 2000 թվականի դեկտեմբեր ամիսը, որից հետո շարունակել են բնակվել նշված բնակարանում:
Այսպիսով` վերոգրյալ փաստերը Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս եզրահանգելու, որ սույն գործով առկա է վիճելի գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ չորս վավերապայմանների միաժամանակյա առկայությունը, ինչը բավարար էր հայցը մերժելու և հակընդդեմ հայցը` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման մասով, բավարարելու համար:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։
Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.09.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10.06.2011 թվականի վճռին։
2. Վանո Ափոյանից հօգուտ Բավական Սուքիասյանի և Արևիկ Ափոյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք, 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրք:
Վանո Ափոյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հակընդդեմ հայցադիմումի համար հետաձգված պետական տուրքի գումար, և 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար հետաձգված պետական տուրքի գումար։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ս. Անտոնյան | |
Վ. Աբելյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |