ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
11 ապրիլի 2012 թ. |
ՔԱՂԱՔԱՑԻ ՇԱՎԱՐՇ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 138-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ`
դիմող կողմի ներկայացուցիչ Կ. Մեժլումյանի,
գործով որպես պատասխանող ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ա. Մխիթարյանի և առաջատար մասնագետ Հ. Սարդարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38, 68 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Շավարշ Մկրտչյանի և այլոց դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը քաղաքացի Շավարշ Մկրտչյանի և այլոց՝ 17.01.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի բացատրությունները, հետազոտելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքը, վիճարկվող խնդրի իրավակարգավորման վերաբերյալ օրենսդրության այլ ակտերը և միջազգային իրավական պրակտիկան, Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2007 թվականի նոյեմբերի 28-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2007 թվականի դեկտեմբերի 10-ին և ուժի մեջ է մտել 2008 թվականի հունվարի 1-ից։
Օրենսգրքի` սույն գործով վիճարկվող «Հայցադիմումների քննության առանձնահատկությունները» վերտառությամբ 138-րդ հոդվածը սահմանում է.
«Սույն օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված գործերը դատարանը քննում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արագ բացահայտմանը»:
2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. Շավարշ Մկրտչյանը և այլոք հայցով դիմել են ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության՝ խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 26.06.2009թ. թիվ 944-Ն որոշումը՝ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Հալիձորի գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին»: Վարչական դատարանը հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածը` դիմումն ընդունել է քննության գրավոր ընթացակարգով: Դիմող կողմը միջնորդություն է ներկայացրել գործը հրապարակային քննելու վերաբերյալ, որը դատարանը մերժել է` գտնելով, որ գործով առկա չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածով սահմանված բանավոր քննության համար անհրաժեշտ հիմքերը և 01.03.2010թ. հրապարակել է թիվ ՎԴ/4396/05/09 որոշումը՝ ՀՀ կառավարության 26.06.2009թ. թիվ 944-Ն որոշումն անվավեր ճանաչելու մասին պահանջը մերժելու մասին: Այդ որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 05.05.2010թ. որոշմամբ վերադարձրել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով` նշելով նաև, որ նորմատիվ իրավական ակտի իրավաչափությունը վիճարկելու գործերով վարչական դատարանի ակտերը կարող են բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան միայն նյութական իրավունքի խախտման հիմքով: ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-936 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասն այն մասով, որով արգելափակվում է անձի իրավունքը՝ դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով բողոքարկելու նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Հիմք ընդունելով սահմանադրական դատարանի հիշյալ որոշումը` դիմողները նոր հանգամանքի հիմքով ներկայացրել են վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 29.07.2011թ. որոշմամբ բավարարվել է մասնակիորեն, իսկ դիմողների դատավարական իրավունքի խախտման հիմքով մերժվել է և ՀՀ վարչական դատարանի 01.03.2010թ. որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ: ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ պատճառաբանված և հիմնավոր է գտել ՀՀ վարչական դատարանի դիրքորոշումը՝ գործը բանավոր ընթացակարգով քննելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ, քանի որ գործով չի հիմնավորվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածով սահմանված դեպքերից որևէ մեկի առկայությունը, այն է՝ գործը ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արագ բացահայտմանը:
3. Դիմող կողմը գտնում է, որ վիճարկվող նորմը ՀՀ վարչական և ՀՀ վճռաբեկ դատարանների մեկնաբանությամբ չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, քանի որ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված՝ գործը գրավոր ընթացակարգով քննելու կանոնը չի կարող համարվել առանց հրապարակային դատաքննության դատական ակտի հրապարակման դատարանի իրավունք» և չի բխում ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներից «և խախտվում է դրանցով երաշխավորված հայցվորների իրավունքը»: Գործի հրապարակային քննության իրավունքն անձի սահմանադրական իրավունք է, «որի սահմանափակման դեպքերը թվարկված են նույն Սահմանադրությամբ, որպիսիք այս դեպքում առկա չեն, իսկ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն դա բարձրագույն արժեք է և պետությունը սահմանափակված է այդ իրավունքով»: Հակառակ վերը նշված սահմանադրական և Կոնվենցիայով երաշխավորված սկզբունքի, ինչպես գտնում է դիմող կողմը, ՀՀ վարչական դատարանը դատական նիստերի դահլիճում, կողմերի մասնակցությամբ գործի հրապարակային քննություն չի կատարել և «առանց գործի հրապարակային դատաքննության պետք է հրապարակի գործն ըստ էության լուծող դատական ակտը, ինչով էլ խախտվում են մեր կողմի վերը նշված իրավունքները»: Դիմող կողմը նաև գտնում է, որ դատարանի նման մոտեցմամբ իրենք զրկվում են դատարանին ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից: Բացի դրանից, «դատարանը նույնացրել, հետևաբար իրար է խառնել երկու տարբեր սկզբունքներ. սահմանադրական՝ հրապարակայնության սկզբունքը, որը երաշխավորում է գործերը դռնբաց քննելը, որպես բացառություն սահմանելով դռնփակ դատական նիստերի դեպքերը, և բանավորության սկզբունքը, որը վերաբերում է գործը բանավոր կամ գրավոր ընթացակարգով քննելու դեպքերին»: Ըստ դիմողի` «հրապարակայնության սկզբունքը չի նույնանում գործը բանավոր կամ գրավոր ընթացակարգով քննելու հետ, մասնավորապես գործը կարող է բանավորությամբ քննվել դռնփակ, որը բանավորության պահանջի պահպանում կլինի, բայց հրապարակայնության սկզբունքի խախտում, եթե առկա չեն Սահմանադրությամբ ու Կոնվենցիայով սահմանված՝ դռնփակության հիմքերը»: Արդյունքում, ինչպես գտնում է դիմող կողմը, «վարչական դատարանի համար հնարավորություն է ստեղծվում նորմատիվ ակտերի վիճարկման գործերը գրավոր ընթացակարգով քննելու պատրվակով դրանք քննել առանց հրապարակային դատաքննության, մասնավորապես, հայցադիմումը ստանալուց որոշ ժամանակ անց, առանց գործի հրապարակային կամ դռնփակ դատաքննության», որով խախտվում է ՀՀ Սահմանադրության 19-րդ և Կոնվենցիայի 6-րդ հոդվածներով երաշխավորված` գործին մասնակցող անձանց իրավունքները:
4. Պատասխանողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածներին հետևյալ հիմնավորմամբ. հաշվի առնելով հրապարակայնության կարևորությունն անձի արդար դատական քննության իրավունքի իրացման տեսանկյունից` դատական քննության հրապարակայնությունը բարձրացվել է արդարադատության սահմանադրական սկզբունքի մակարդակի և իր արտացոլումն է գտել ինչպես դատական համակարգի անկախությունն ու մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներն ամրագրող միջազգային իրավական փաստաթղթերում, այնպես էլ ներպետական օրենսդրությամբ: Ըստ պատասխանող կողմի` «հրապարակայնությունը հանդես է գալիս լայն և նեղ իմաստներով: Հրապարակայնությունը լայն իմաստով նշանակում է գործի քննությանը քաղաքացիների և զանգվածային տեղեկատվության միջոցների ներկայություն, իսկ նեղ իմաստով՝ կողմերի և գործին մասնակցող այլ անձանց ներկայություն դատական քննությանը»: Դատավարական սկզբունքներից է նաև դատական քննության բանավորությունը, «որը հնարավորություն է տալիս ապահովելու հրապարակայնության սկզբունքի առավել ամբողջական իրացումը դատական քննության ընթացքում»: Դատավարական սկզբունքները, թեկուզ ինքնուրույն, իրենց բովանդակությամբ բնորոշում են դատավարության այս կամ այն ինստիտուտը (փուլը), բայց և միաժամանակ գտնվում են սերտ փոխկապվածության մեջ, կազմում մեկ միասնական տրամաբանական-իրավական համակարգ: Պատասխանող կողմը նաև գտնում է, որ «գործերի քննության բանավոր ձևը հրապարակայնության սկզբունքի իրականացման նախապայման է»: Բանավորությունը պարզ և մատչելի է դատավարության բոլոր մասնակիցների համար, որը հնարավորություն է տալիս դատարանին և գործին մասնակցող անձանց «հեշտ ընկալելու գործի հանգամանքները, ճիշտ գնահատելու դրանք, իսկ դատական նիստին ներկա քաղաքացիներին և ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ծանոթանալու քննվող գործին, վերահսկողություն իրականացնելու դատարանի գործունեության նկատմամբ: Բանավորության շնորհիվ դատավարության բոլոր մասնակիցները կարող են կատարել մտքերի կենդանի և արագ փոխանակություն»: Միաժամանակ, ըստ պատասխանող կողմի, հիմնավոր պատճառներով դատավարության իրականացումը միայն բանավորության սկզբունքի կիրառմամբ անհնարին է, և հաշվի առնելով որոշ գործերի առանձնահատկությունները՝ դրանց առավել արդյունավետ քննությունը կարող է իրականացվել գրավոր ձևով, և բանավոր ընթացակարգի բացակայությունն արդարացվում է, եթե դատարանը քննում է բացառապես իրավունքի մասին հարցեր, որի դեպքում էլ «ապացույցներ ներկայացնելը ոչ միայն կողմի իրավունքն է, այլև պարտականությունը»: Ըստ պատասխանող կողմի` ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հնարավորություն է տալիս ներկայացնելու լրացուցիչ ապացույցներ գործը քննության նախապատրաստելու ավարտից հետո, ինչպես նաև հայցվորին իրավունք է ընձեռում մինչև դատաքննություն նշանակելը փոփոխել հայցի հիմքը կամ առարկան:
5. Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել`
- գրավոր ընթացակարգի՝ որպես արդար և հրապարակային դատաքննության սահմանադրական իրավունքի իրացման դատավարական ձևի, օրենսդրական երաշխավորման բովանդակությունն ու առանձնահատկությունները,
- գրավոր ընթացակարգով դատաքննության միջազգային իրավական (եվրոպական) պրակտիկայի և այդ բնագավառում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի բովանդակությունն ու առանձնահատկությունները,
- վարչական դատարանին ընդդատյա գործերով գրավոր ընթացակարգով դատաքննության պայմաններում մասնակիցների իրավունքների (այդ թվում՝ դատավարական) պաշտպանության երաշխավորումն ինչպես վիճարկվող, այնպես էլ դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված այլ նորմերում:
6. ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու համար անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք: Այդ իրավունքը երաշխավորված է նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա), որի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Ընդ որում, այդ իրավունքի իրացման նվազագույն և կարևոր երաշխիքներն են՝ հրապարակային դատաքննությունը (մասնավորապես` գործը քննող դատարանի, քննության առարկա գործի, քննության վայրի, ժամանակի, դատաքննության կարգի և այլնի մասին հրապարակային տեղեկությունները), ինչպես նաև դատական ակտի պարտադիր հրապարակումը:
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում պետության խնդիրն է օրենսդրությամբ ապահովել արդարադատության իրականացումն ընթացակարգային այնպիսի կանոններով, որոնցով երաշխավորվեն հրապարակային դատաքննության իրավունքի իրացման անհրաժեշտ իրավական պայմաններ, այդ թվում` նաև դատարանում գործերի քննության դատավարական ձևերի բազմազանության կիրառմամբ, ելնելով քննվող գործերի առանձնահատկություններից և դրանց արդար, արագ ու արդյունավետ լուծման անհրաժեշտությունից: Վերջինիս նպատակով է պայմանավորված գործերի դատաքննության ընթացակարգային այնպիսի ձևերի առկայությունը, ինչպիսիք են դատաքննության բանավոր և գրավոր ընթացակարգերը կամ բանավորության և գրավոր քննության սկզբունքները: Գրավոր ընթացակարգի պայմաններում գործի քննությունն իրականացվում է առանց «բանավոր լսումների»՝ առանց կողմերի ուղղակի մասնակցության, որը պայմանավորված է դատավարական մի շարք առանձնահատկություններով:
Ձևավորված միջազգային օրենսդրական և արդարադատական պրակտիկայում դատաքննության վերոնշյալ երկու սկզբունքներն էլ հավասարապես կարևորված են և ունեն տարբեր դրսևորումներ` պայմանավորված իրավական տվյալ համակարգով, դատական համակարգի կառուցակարգով, արդարադատություն իրականացնող մարմինների գործառույթների բովանդակությամբ, ինչպես նաև դատարաններում քննվող կոնկրետ գործերի առանձնահատկություններով, դատավարության կողմերի կամաարտահայտմամբ և ներպետական օրենսդրությամբ նախատեսված այլ հանգամանքներով: Այդ պրակտիկայի համալիր ուսումնասիրությունն սկզբունքորեն հանգեցնում է հետևյալին.
- դատաքննության բանավորության և գրավոր քննության սկզբունքները հավասարապես կիրառելի են արդարադատության բոլոր բնագավառներում (ընդհանուր իրավասության (քրեական և քաղաքացիական գործերով), վարչական, սահմանադրական և մասնագիտացված այլ արդարադատության),
- եթե քննության բանավոր ընթացակարգն սկզբունքորեն կիրառելի է առանց բացառության, ապա գրավոր ընթացակարգով դատաքննությունն իրականացվում է առանձնահատուկ դեպքերում և որոշակի հանգամանքների առկայությամբ, մասնավորապես.
1) երբ բացակայում է դատական գործով փաստական հանգամանքների բանավոր քննության անհրաժեշտությունը կամ, եթե դատարան ներկայացված նյութերի (փաստաթղթեր և այլն) բանավոր ուսումնասիրումը (քննությունը) վիճարկվող հարցի հետագա հստակեցմանը չի նպաստելու, և եթե այն չի հակասում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հանրաճանաչ սկզբունքներին,
2) առկա է դատավարության կողմերի միջնորդությամբ կամ առանց դրա կայացված դատական որոշում՝ գործի քննությունը գրավոր ընթացակարգով կազմակերպելու վերաբերյալ,
3) դատաքննության նախապատրաստման փուլում, երբ քննարկվում է դիմումի ընդունելիության հարցը,
4) հանրային շահերին սպառնացող վտանգը կանխելու կամ անհրաժեշտ այլ նպատակներով՝ դատարանի կողմից ժամանակավոր միջոցներ կիրառելու հարցը որոշելու դեպքերում,
5) դատաքննությանը չմասնակցելու վերաբերյալ դատավարության մասնակիցների միջնորդության առկայության դեպքում՝ դատարանի որոշմամբ,
6) եթե դատարանն անհրաժեշտ է համարել որոշում կայացնել գործում առկա գրավոր փաստաթղթերի հիման վրա,
7) եթե գործի հետ կապված հանգամանքների պարզումն այլ կերպ (բանավոր քննությամբ) անհնարին է,
8) գործով արագ դատաքննություն ապահովելու նպատակով,
9) միայն իրավունքի կամ ընթացակարգային հարցերի վերաբերյալ որոշում կայացնելու անհրաժեշտության դեպքերում,
10) դատական վերադասության (վերաքննության, վճռաբեկության) կարգով գործեր (բողոքներ, գանգատներ) քննելիս, եթե այլ կարգ նախատեսված չէ,
11) եթե գործի քննությունը չի հանգեցնում որևէ փաստացի կամ իրավական հիմնախնդրի, և փաստերը հստակեցված են,
12) եթե դատարանի որոշումը չի պարունակելու իրավական գնահատականներ,
13) եթե դատարանում քննվող դիմումն անվերապահ հիմնավորված է կամ ակնհայտ անհիմն է, և դատարանը գտնում է, որ բանավոր քննության անհրաժեշտություն չկա,
14) հանրային իրավունքի վերաբերյալ վեճեր քննելիս,
15) եթե կողմերի միջև առկա չէ իրավական վեճ կամ պատասխանող կողմը համաձայն է դատարան ներկայացված պահանջներին:
Վերոհիշյալ իրավապայմաններն արտացոլված են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում: Մասնավորապես, եվրոպական դատարանը շեշտել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված` գործի հրապարակային քննության իրավունքն անհրաժեշտաբար ներառում է «բանավոր լսման» իրավունքը: Այնուամենայնիվ, նման լսումներ անցկացնելու պարտավորությունը բացարձակ չէ: Այսպես, բանավոր քննության բացակայությունը կարող է համատեղելի լինել 6-րդ հոդվածի պահանջների հետ, երբ քննության ենթակա հարցը չի բարձրացնում փաստի կամ իրավունքի հետ կապված այնպիսի հարց, որը կարող է պատշաճ ձևով լուծվել գործի նյութերի հիման վրա` առանց կողմերի բանավոր դիտարկումների (Elsholz v. Germany, Judgment of 13 July 2000, p.66, Fredin v. Sweden (no. 2), Judgmeut of 23 February 1994, pp. 21-22; Fischer v. Austria, Judgment of 26 April 1995, p. 44):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով գրավոր դատաքննությունը գնահատում է որպես արդար և հրապարակային, եթե.
- պայմանավորված է բացառիկ հանգամանքներով,
- իրականացվում է ողջամիտ ժամկետներում, ինչպես նաև արագ դատաքննություն ապահովելու նկատառումներով,
- պայմանավորված է քննվող գործի առանձնահատկությամբ,
- սկզբունքորեն կիրառվում է իրավունքի վերաբերյալ հարցեր լուծելիս, ինչպես նաև փաստական այնպիսի հանգամանքներ քննելիս, որպիսիք արդարացված են գրավոր ընթացակարգի պայմաններում:
Հետևաբար, սույն գործով վիճարկվող նորմերի սահմանադրականությունը որոշելիս սահմանադրական դատարանն առաջնորդվում է նաև վերոթվարկյալ չափանիշներին դրանց համապատասխանությունը գնահատելու անհրաժեշտությամբ:
Այսպիսով, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատաքննության գրավոր, ինչպես և բանավոր ընթացակարգերն արդարադատության իրականացման կազմակերպական-ընթացակարգային ձևեր են, որոնք իրավական ամրագրմամբ ներդրվելով արդարադատական պրակտիկայում` կոչված են. մի դեպքում՝ առանց «բանավոր լսումների» դատաքննական գործողությունների իրականացման, մյուս դեպքում` դրանց կատարմամբ ապահովելու դատական գործերի արդար, արդյունավետ և հրապարակային քննություն, դատական ակտերի կայացում և դրանց հրապարակում: Բոլոր դեպքերում, թե՛ բանավոր և թե՛ գրավոր ընթացակարգով գործերի դատաքննությունը պետք է անհրաժեշտ երաշխիքներ ապահովի դատաքննության մասնակիցների իրավունքների իրացման համար:
7. Դատաքննության գրավոր ընթացակարգի ինստիտուտը ՀՀ իրավահամակարգում ներդրված է սահմանադրական, ինչպես նաև վարչական արդարադատության բնագավառներում և կոչված է երաշխավորելու արդար, հրապարակային դատաքննություն որոշակի առանձնահատուկ գործերով և հանգամանքներում: Վարչական դատավարության շրջանակներում գրավոր ընթացակարգով քննություն կարող է կազմակերպվել գործով կողմերի կամաարտահայտմամբ կամ դատարանի նախաձեռնությամբ` որոշակի հիմքերի առկայության դեպքերում: Այդ ընթացակարգը վարչադատական գործերով կիրառվում է արագացված դատաքննություն իրականացնելիս (ՀՀ վարչ. դատ. օր-ի 108-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ), վարչական դատարանի ակտերի դեմ (այդ թվում՝ միջանկյալ) բերված վերաքննիչ բողոքներ քննելիս (ՀՀ վարչ. դատ. օր-ի 117.10-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասեր), վերաքննիչ դատարանի կողմից վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները վճռաբեկության կարգով վերանայելիս (ՀՀ վարչ. դատ. օր-ի 118-րդ հոդվածի 3-րդ մաս), նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործեր քննելիս (այդ թվում՝ ՀՀ վարչ. դատ. օր-ի 147-րդ հոդվածում նախատեսված գործերով), բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արագ բացահայտմանը (ՀՀ վարչ. դատ. օր-ի 138-րդ հոդված), ինչպես նաև վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ հայցադիմում քննելիս (ՀՀ վարչ. դատ. օր-ի 158-րդ հոդվածի 1-ին մաս):
Հարկ է նշել, որ ի տարբերություն օրենսգրքի վերը հիշատակված հոդվածներում ամփոփված գրավոր քննության կանոնների, բանավոր քննության կանոնները կամ վարչական դատարաններում դատաքննության ընդհանուր կարգը (համակարգված նորմերի ձևով) նախատեսված է օրենսգրքի 16-րդ գլխում:
8. Անդրադառնալով սույն գործով վիճարկվող նորմի սահմանադրականությանը` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխում ներառված նորմերի, այդ թվում՝ 138-րդ հոդվածի համաձայն, նորմատիվ իրավական ակտերի (օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված) իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը, որպես կանոն, վարչական դատարանն իրականացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արագ բացահայտմանը: Ինչպես հետևում է հիշյալ իրավակարգավորման բովանդակությունից` օրենսդիրը գրավոր ընթացակարգով դատաքննությունը պարտադիր է համարել այն գործերով, երբ օբյեկտիվորեն դատարանի առջև դրված է նորմատիվ ակտով նախատեսված իրավունքի բովանդակության (իրավադրույթի իրավաչափության), դրա միատեսակ և ճշգրիտ ընկալման ու մեկնաբանման հարց, որի լուծումը պահանջում է, նախևառաջ, վարչական դատարանի կողմից վիճարկվող նորմատիվ իրավական ակտի ուսումնասիրում, դրա իրավահամեմատական վերլուծություն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ ակտի դրույթների հետ և այլն: Այսինքն` այսպիսի գործերով (հանրային-իրավական վեճերից բխող) դատարանը, որպես կանոն, դատաքննական գործողությունների հրապարակային-բանավոր, կողմերի անմիջական մասնակցությամբ կատարելու անհրաժեշտություն չունի, որը թելադրված է արդյունավետ դատաքննություն կազմակերպելու նպատակով: Միաժամանակ, նկատի ունենալով կոնկրետ և իրավաբանորեն փաստված հանգամանքները, ելնելով տվյալ գործի քննությանը հասարակության առավել լայն մասնակցություն կամ դատաքննության նկատմամբ հասարակական առավել անմիջական հսկողություն ապահովելու, ինչպես նաև առավել արագ քննություն կազմակերպելու անհրաժեշտությունից, դատարանն իրավասու է պատճառաբանված որոշմամբ գործի քննությունը կազմակերպել բանավոր ընթացակարգով: Բացի դրանից, ելնելով կոնկրետ հանգամանքներից, ինչպես նաև վերոհիշյալ այլ նկատառումներից, վարչական դատարանն իրավասու է իր հայեցողությամբ կամ կողմերի պատճառաբանված միջնորդությամբ միևնույն գործի քննության շրջանակներում համատեղել ընթացակարգային՝ բանավոր և գրավոր ձևերը (օրինակ` ՀՀ վարչ. դատ. օր-ի 108-րդ, 111-րդ և 138-րդ հոդվածներում նախատեսված հիմքերով)՝ նպատակ ունենալով առավել արդյունավետ ու արագ ապահովել գործի հանգամանքների պարզումը:
Պետք է նկատի ունենալ նաև, որ նույնիսկ բանավոր քննության դեպքերում էլ գործի հանգամանքների պարզումը դատարանում ընթանում է ոչ միայն «բանավոր լսումների» կազմակերպման, այլև գրավոր ապացույցների ուսումնասիրման միջոցով: Հետևաբար, սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորման շրջանակներում բանավոր քննության սկզբունքը բացարձակ չէ :
9. Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ սույն գործով առաջադրված հարցերը, ըստ դիմող կողմի արտահայտած դիրքորոշումների ընդհանուր բովանդակության, պահանջում են բացահայտել նաև գրավոր դատաքննության և բանավորության սկզբունքների, ինչպես նաև հասարակության համար արդարադատության մատչելիության սկզբունքի կիրառելիության փոխառնչությունների իրավական բովանդակությունը:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավարության հրապարակայնությունն առաջին հերթին նշանակում է հասարակական վերահսկողության իրականացման հնարավորություն դատավարության և դատարանի ընդունած ակտերի նկատմամբ:
Սահմանադրական դատարանը միաժամանակ հարկ է համարում նշել, որ դատաքննության գրավոր ընթացակարգի և դատաքննության հրապարակայնության սկզբունքների «կարծեցյալ բախումը» հատկապես ակներև է այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածում նախատեսված հրապարակային քննության երաշխիքի համատեքստում բանավորության սկզբունքը բացառող ցանկացած իրավադրույթ միայն առերևույթ կարող է վիճահարույց թվալ: Սակայն դատաքննության գրավոր ընթացակարգի կիրառումն արդարադատության հիմնարար սկզբունքների իրականացման երաշխիքների խախտում չի կարող դիտվել` կողմերի համաձայնությամբ այն իրականացվելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այն դեպքերում, երբ անհրաժեշտ չէ լսել փորձագետին, հարցաքննել վկաներին, կատարել զննում, տալ դատական հանձնարարություններ (ՀՀ վարչ. դատ. օր-ի 108-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ, 117.10-րդ հոդվածի 5-րդ մաս): Մյուս կողմից` գրավոր քննությունը բացառվում է, երբ բանավոր քննություն անցկացնելու վերաբերյալ առկա են օրենքով հստակ նախատեսված պարտադիր հանգամանքներ: Սահմանադրական դատարանը նաև գտնում է, որ գրավոր ընթացակարգով դատաքննությունը, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով, չի կարող մեկնաբանվել որպես ոչ հրապարակային սկզբունքով արդարադատության իրականացում, առավել ևս՝ մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 2-րդ մասի նորմատիվ պայմանների անտեսման միջոց, եթե այն իրականացվում է հստակ սահմանված ընթացակարգով` երաշխավորելով դատաքննության մասնակիցների իրավունքների արդյունավետ իրացումը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում ամրագրված սկզբունքի համաձայն ևս հրապարակային դատաքննության (անկախ իրականացման ընթացակարգային ձևից) առաջնահերթ բաղադրիչներն են գործի հանգամանքների քննության (կամ «բանավոր լսումների») անցկացումը և որոշման հրապարակումը: Այդ դատարանի դիրքորոշման համաձայն. «ԵԽ անդամ բոլոր պետությունները ճանաչում են հրապարակայնության սկզբունքը, սակայն նրանց օրենսդրական համակարգերը և դատական պրակտիկան ունեն որոշակի տարբերություններ ինչպես դրա ծավալի, այնպես էլ իրականացման եղանակի առումով` կապված լսումների անցկացման և դատական որոշումների հրապարակման հետ: Հարցի ձևական կողմը, այնուամենայնիվ, 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հրապարակայնության պահանջների հիմքում ընկած նպատակի համեմատությամբ ունի երկրորդական նշանակություն» (Sutter v. Switzerland Judgment of 22 February 1984, p. 27, Adolf v. Austria Judgment of 26 March 1982, para. 30, Pretto and others v. Italy Judgment of 8 December 1983, para. 23, and Axen v. Germany Judgment of 8 December 1983, para. 25):
Այստեղից հետևում է, որ իրավունքի հարց քննելիս վարչական դատարանը պարտավոր լինելով պահպանել ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով երաշխավորված արդարադատության հրապարակայնության սկզբունքը, ելնելով գործի կոնկրետ հանգամանքներից, իրավասու է, իսկ օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ պարտավոր է, մի դեպքում կիրառել (հասարակության համար գործի քննության հանգամանքներն առավել մատչելի դարձնելու նպատակով) կամ չկիրառել այդ սկզբունքի առավել լայն կիրառման միջոցներ, մյուս դեպքում՝ կազմակերպել առավել արագ ու արդյունավետ դատաքննություն:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերոթվարկյալ բոլոր դեպքերում էլ օրենսդիրը վարչական դատարանին պարտավորեցրել է՝ անկախ քննվող գործի առանձնահատկությունից և գրավոր քննությամբ գործը լուծելու հիմք հանդիսացող այլ հանգամանքներից, անվերապահ իրականացնել գործերի արդար, արդյունավետ և հրապարակային քննություն , հետևաբար` այդպիսի իրավակարգավորումը հետապնդում է սահմանադրաիրավական նպատակ:
10. Սույն գործի շրջանակներում անհրաժեշտ համարելով նաև պարզել վիճարկվող իրավակարգավորմամբ դատավարության մասնակիցների իրավունքների երաշխավորման խնդիրը, հարկ է արձանագրել, որ ինչպես հետևում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխում ներառված նորմերի և դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված այլ նորմերի վերլուծությունից, գրավոր ընթացակարգով գործերի քննության պարագայում էլ դատավարության մասնակիցները (այդ թվում՝ կողմերը) կաշկանդված չեն իրացնելու իրենց դատավարական իրավունքները և կրում են համապատասխան պարտականություններ (ՀՀ վարչ. դատ. օր-ի 15-րդ, 16-րդ, 19-րդ, 25-րդ, հոդվածներ, 26-րդ հոդվածի 4-րդ մաս, 36-րդ հոդվածի 4-րդ մաս, 39-րդ, 42-րդ, 43-րդ, 44-րդ, 48-րդ, 83-րդ, 84-րդ, 85-րդ հոդվածներ), որպիսիք կարող են իրացվել՝ հաշվի առնելով գրավոր քննության առանձնահատկությունները, մասնավորապես այն դեպքերում, երբ խնդիրն առնչվում է դատավարական գործողությունների կատարմանը (ապացույցների հետազոտմանը, ինչպես նախատեսված է ՀՀ վարչ. դատ. օր-ի 7-րդ գլխում նախատեսված կանոններով)) ու դրան առնչվող մասնակիցների իրավունքներին ու պարտականություններին: Հետևաբար, սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ առանձնահատկությունների կիրառմամբ էլ մասնակիցների իրավունքների և պարտականությունների հիմնական նորմատիվ էությունը չի փոխվում: Այլ կերպ, ինչպես հետևում է վերոհիշյալ վերլուծությունից, գրավոր ընթացակարգի դեպքում էլ օրենսդիրը երաշխավորել է մրցակցային դատաքննության կանոնների պահպանում (այդ թվում՝ օրենսգրքի 2-րդ գլխի նորմատիվ պահանջների): Իսկ այդպիսի ընթացակարգով կայացված դատական ակտերը, ինչպես հետևում է վերոհիշյալ նորմերի բովանդակությունից, անվերապահ ենթակա են ինչպես հրապարակման (ի գիտություն՝ կողմերի), այնպես էլ պաշտոնական հրապարակման (ի գիտություն՝ հանրությանը) (ՀՀ վարչ. դատ. օր-ի 142-րդ հոդված): Այսինքն` այդ ակտերի ամբողջական տեքստերն սկզբունքորեն մատչելի են դարձվում նույն կերպ, ինչպես կներկայացվեին բանավոր լսումների արդյունքում: Միաժամանակ, գրավոր ընթացակարգով դատաքննության արդյունքում ակտերի կայացմանը և հրապարակմանը հաջորդում են օրենքով նախատեսված անհրաժեշտ իրավական հետևանքներ (ՀՀ վարչ. դատ. օր-ի 140-րդ հոդված), որոնք հասանելի և գնահատելի են ինչպես դատավարության կողմերի, այնպես էլ հանրության համար, և այդ ակտերը վերանայման ենթակա են օրենսգրքի 141-րդ հոդվածում, 19.1-րդ, 20-րդ, 22-րդ գլուխներում և 4-րդ բաժնում նախատեսված կանոններով սահմանված կարգով:
11. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև գրավոր սկզբունքով քննվող գործերով դատավարության մասնակիցների իրավունքների երաշխավորման խնդիրը դիտարկել այդ իրավունքների իրականացման առանձնահատկությունների և դատական հայեցողության շրջանակներում դրանց դրսևորման հնարավորությունների համատեքստում, նկատի ունենալով այն հանգամանքը, որ, ի տարբերություն բանավոր ընթացակարգի (օրենսգրքի 16-րդ գլուխ), ինչպես նաև ՀՀ սահմանադրական արդարադատական պրակտիկայի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում որոշակիացված և համակարգված չեն գրավոր քննության կանոնները: Դրանց բացակայությունը, թեև սահմանադրականության խնդիր անմիջականորեն չի առաջացնում, սակայն անձանց իրավունքների, ինչպես նաև արդար և հրապարակային դատաքննության երաշխավորմանն արգելք կարող է հանդիսանալ: Այդպիսի քննության շրջանակներում անձանց` օրենսգրքով երաշխավորված դատավարական իրավունքների իրականացման իրավական հնարավոր (հստակ կանխատեսելի) միջոցներն անորոշ են և կարող են ըստ էության լուծվել դատարանի բացարձակ հայեցողության շրջանակներում:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարությունում առկա է իրավակարգավորման բաց` կապված գրավոր ընթացակարգով դատավարության հստակ կարգի բացակայության հետ: Այդ բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության հարցն է, որը կարող է իրացվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում գրավոր ընթացակարգի կանոններ նախատեսելով, այդ թվում`
- գրավոր քննության նախապատրաստման և անցկացման կարգը,
- դատավարության մասնակիցների՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով վերապահված իրավունքների իրացման կարգը (կապված դատաքննության ողջ ընթացքում գրավոր ապացույցների, լրացուցիչ նյութերի, բացատրությունների, փաստարկների (հակափաստարկների), միջնորդությունների և դրանց ներկայացման ժամկետների ու դատավարական այլ գործողությունների կատարման հետ),
- գրավոր քննության շրջանակներում դատական միջանկյալ ակտերի կայացման կարգը,
- գրավոր դատաքննության ընթացքում դատարանի անհրաժեշտ գործողությունների շրջանակը (կապված՝ մի կողմից, մասնակիցների, մյուս կողմից՝ մասնակիցների և դատարանի միջև փաստաթղթաշրջանառության կազմակերպման ու կարգի (ժամկետների) հետ),
- գրավոր քննության ընթացքի արձանագրման և դրան ծանոթանալու կարգը,
- գրավոր ընթացակարգով քննության արդյունքում գործով ըստ էության որոշման կայացման և հրապարակման կարգը:
Հետևաբար, ելնելով վիճարկվող նորմերի և դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված այլ նորմերի սահմանադրաիրավական բովանդակությունից, համադրելով ՀՀ վարչական արդարադատության բնագավառում գրավոր քննության ընթացակարգի ընդհանուր իրավակարգավորումն արդար և հրապարակային դատաքննության իրավունքի ու դրա երաշխավորման ընթացակարգային ձևերի կիրառման միջազգային իրավական պրակտիկայում ամրագրված սկզբունքներին ու մոտեցումներին, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի նորմատիվ ընդհանուր բովանդակության հետ, միաժամանակ անհրաժեշտ համարելով օրենսդիր մարմնի կողմից ՀՀ վարչական դատավարությունում առկա բացի լուծումը` սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածն ինքնին սահմանադրականության խնդիր չի կարող հարուցել:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
11 ապրիլի 2012 թ. ՍԴՈ-1020 |