Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.03.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.05.23/26(900) Հոդ.664
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.03.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

 Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0402/02/11

2012թ.   

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0402/02/11

Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան

Դատավորներ` Ս. Միքայելյան

                    Ն. Հովսեփյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի մարտի 23-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ընկերության ընդդեմ Գեորգի Գյորգյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է բռնագանձել Գեորգի Գյորգյանից 236.923 ՀՀ դրամ` որպես մատուցված հեռախոսակապի ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումար։

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր`Հ. Ենոքյան) (այսուհետ՝ Դատարան) 12.08.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 16.11.2011 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.08.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ, 345-րդ, 347-րդ, 777-րդ, 779-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ, 54-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

 Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ մատուցված ծառայությունների գումարային արտահայտությամբ չափը հիմնավորող ապացույց են հանդիսանում մատուցված ծառայությունների հաշիվները, որոնք հնարավորություն են ընձեռում պարզելու, թե ինչ ծավալի, քանակի և տեսակի ծառայություններ են մատուցվել բաժանորդին: Ավելին, կողմերի միջև 30.03.2009 թվականին կնքված պատվեր-դիմումի (պայմանագրի) 5.2-րդ կետի համաձայն` փաստացի մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարը որոշվում է օպերատորի բիլինգային համակարգի գրանցումների հիման վրա և նշվում է բաժանորդին ներկայացվող ծառայությունների մատուցման հաշվում: Ծառայությունների մատուցման հաշիվը հանդիսանում է բաժանորդին ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ ապացույց: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը որևէ գնահատական չի տվել ներկայացված հաշիվներին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.11.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ընկերության և Գեորգի Գյորգյանի միջև 30.03.2009 թվականին կնքված թիվ 008-11019 պատվեր-դիմումի (պայմանագիր) համաձայն` Գեորգի Գյորգյանին հատկացվել են թվով 2 հեռախոսահամարներ: Նշված պայմանագրի ծառայությունների մատուցման պայմանների 5.1-ին կետի համաձայն` վճարումները բաժանորդի կողմից կատարվում են հաշվետու ժամանակաշրջանում իրեն մատուցված ծառայությունների դիմաց` համաձայն նույն պայմաններում սահմանված պայմանների, բաժանորդի կողմից ընտրված սակագնային պլանի, օգտագործած ծառայությունների ցանկի և ծավալների: Պայմանների 5.2-րդ կետի համաձայն` փաստացի մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարը որոշվում է օպերատորի բիլինգային համակարգի գրանցումների հիման վրա և նշվում է բաժանորդին ներկայացվող ծառայությունների մատուցման հաշվում: Ծառայությունների մատուցման հաշիվը հանդիսանում է բաժանորդին` ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ ապացույց, իսկ 5.5-րդ կետի համաձայն՝ բաժանորդի կողմից հաշվի չստանալը կամ ստացման ուշացումը չի կարող հիմք հանդիսանալ բաժանորդի կողմից ծառայությունների դիմաց վճարումները չկատարելու կամ վճարման ժամկետները հետաձգելու համար (գ.թ. 5)։

2) Ընկերության կողմից ներկայացված 31.07.2009 թվականի ծառայությունների մատուցման թիվ 101021340805 հաշվի համաձայն, որում ներառված են նաև 03.05.2009 թվականին ներկայացված թիվ 101019051287, 03.06.2009 թվականին ներկայացված թիվ 101019822981 և 03.07.2009 թվականին ներկայացված թիվ 101020569505 հաշիվներով վճարման ենթակա գումարները, Գեորգի Գյորգյանի պարտքը կազմում է 145.598,80 ՀՀ դրամ: Նշված հաշվին կից թիվ 101021340805 շրջանառու տեղեկանքի համաձայն ևս պարտքը կազմում է 145.598,80 ՀՀ դրամ (գ.թ. 8, 9)։

3) Ընկերության կողմից ներկայացված 31.08.2009 թվականի ծառայությունների մատուցման թիվ 101021984712 հաշվի համաձայն, որում ներառված են նաև 03.05.2009 թվականին ներկայացված թիվ 101019053596, 03.06.2009 թվականին ներկայացված թիվ 101019823582, 03.07.2009 թվականին ներկայացված թիվ 101020570958 և 04.08.2009 թվականին ներկայացված թիվ 101021341667 հաշիվներով վճարման ենթակա գումարները, Գեորգի Գյորգյանի պարտքը կազմում է 91.323,92 ՀՀ դրամ: Նշված հաշվին կից թիվ 101021984712 շրջանառու տեղեկանքի համաձայն ևս պարտքը կազմում է 91.323,92 ՀՀ դրամ (գ.թ. 18, 19)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավոր ապացույցներ են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկություններ պարունակող ակտերը, պայմանագրերը, տեղեկանքները, գործարար թղթակցությունը, այլ փաստաթղթերը և նյութերը, այդ թվում` էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով կամ փաստաթղթերի իսկությունը հաստատելու հնարավորություն ընձեռող այլ եղանակով ստացված ապացույցները:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Ընդ որում, դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, ինչպես նաև պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում պետք է պարզել իրավական հարցադրումն այն մասին, թե արդյո՞ք «ծառայությունների մատուցման հաշիվ»-ները պարտքի առկայությունը հիմնավորող պատշաճ ապացույցներ են:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է «ծառայությունների մատուցման հաշիվ»-ների` որպես Ընկերության հայցը հիմնավորող ապացույցի վերաբերելիության և թույլատրելիության հարցին և արձանագրել, որ հայցը հիմնավորող միակ թույլատրելի ապացույցն Ընկերության կողմից ներկայացված ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ հաշիվն է (տե՛ս ըստ հայցի «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ընդդեմ «Էյ Ար-Այ Սի Թի» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.07.2011 թվականի թիվ ԱՎԴ1/0009/02/10 որոշումը):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ «շրջանառու տեղեկանք»-ը բավարար չէ հայցվող գումարի չափը հիմնավորելու համար, քանի որ դրա մեջ միայն նշված է բաժանորդի կողմից յուրաքանչյուր ամսվա համար ծառայություններից օգտվելու դիմաց վճարվելիք պարտքի չափը, իսկ այդ գումարի գոյացման հիմքը հիմնավորող ապացույց հայցվորը Դատարան չի ներկայացրել, հետևաբար պատասխանողի կողմից հայցվորի նկատմամբ ունեցած պարտավորության` դրա չափի, առկայությունը հիմնավորող ապացույցների բացակայության պայմաններում հայցվորի պահանջը չի կարող լինել օրինաչափ:

Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերության և Գեորգի Գյորգյանի միջև 30.03.2009 թվականին կնքված թիվ 008-11019 պատվեր-դիմումի (պայմանագիր) համաձայն` Գեորգի Գյորգյանին հատկացվել են թվով 2 հեռախոսահամարներ: Նշված պայմանագրի ծառայությունների մատուցման պայմանների 5.1-ին կետի համաձայն` վճարումները բաժանորդի կողմից կատարվում են հաշվետու ժամանակաշրջանում իրեն մատուցված ծառայությունների դիմաց` համաձայն նույն պայմաններում սահմանված պայմանների, բաժանորդի կողմից ընտրված սակագնային պլանի, օգտագործած ծառայությունների ցանկի և ծավալների: Պայմանների 5.2-րդ կետի համաձայն` փաստացի մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարը որոշվում է օպերատորի բիլինգային համակարգի գրանցումների հիման վրա և նշվում է բաժանորդին ներկայացվող ծառայությունների մատուցման հաշվում: Ծառայությունների մատուցման հաշիվը հանդիսանում է բաժանորդին` ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ ապացույց, իսկ 5.5-րդ կետի համաձայն՝ բաժանորդի կողմից հաշվի չստանալը կամ ստացման ուշացումը չի կարող հիմք հանդիսանալ բաժանորդի կողմից ծառայությունների դիմաց վճարումները չկատարելու կամ վճարման ժամկետները հետաձգելու համար: Ընկերության կողմից ներկայացված 31.07.2009 թվականի ծառայությունների մատուցման թիվ 101021340805 հաշվի համաձայն, որում ներառված են նաև 03.05.2009 թվականին ներկայացված թիվ 101019051287, 03.06.2009 թվականին ներկայացված թիվ 101019822981 և 03.07.2009 թվականին ներկայացված թիվ 101020569505 հաշիվներով վճարման ենթակա գումարները, Գեորգի Գյորգյանի պարտքը կազմում է 145.598,80 ՀՀ դրամ: Նշված հաշվին կից թիվ 101021340805 շրջանառու տեղեկանքի համաձայն ևս պարտքը կազմում է 145.598,80 ՀՀ դրամ:

Ընկերության կողմից ներկայացված 31.08.2009 թվականի ծառայությունների մատուցման թիվ 101021984712 հաշվի համաձայն, որում ներառված են նաև 03.05.2009 թվականին ներկայացված թիվ 101019053596, 03.06.2009 թվականին ներկայացված թիվ 101019823582, 03.07.2009 թվականին ներկայացված թիվ 101020570958 և 04.08.2009 թվականին ներկայացված թիվ 101021341667 հաշիվներով վճարման ենթակա գումարները, Գեորգի Գյորգյանի պարտքը կազմում է 91.323,92 ՀՀ դրամ: Նշված հաշվին կից թիվ 101021984712 շրջանառու տեղեկանքի համաձայն ևս պարտքը կազմում է 91.323,92 ՀՀ դրամ:

Հիմք ընդունելով վերոգրյալը և վերլուծելով կողմերի միջև կնքված պատվեր-դիմումի (պայմանագրի) ծառայությունների մատուցման պայմանները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով «ծառայությունների մատուցման հաշիվ»-ները ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ հայցը հիմնավորող թույլատրելի ապացույցներ են, որոնք անտեսվել են ստորադաս դատարանների կողմից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան