Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.02.22/9(883).1 Հոդ.136.12
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.12.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1536/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1536/02/10

2011 թ.

Նախագահող դատավոր՝    Ա. Թումանյան

Դատավորներ՝  Գ. Մատինյան

                       Լ. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Է. Հայրիյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

 

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ Հայկ Մելքոնյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է բռնագանձել Հայկ Մելքոնյանից 84.681,42 ՀՀ դրամ, որից 83.021 ՀՀ դրամ` որպես մատուցված հեռախոսակապի ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումար և 1.660,42 ՀՀ դրամ` որպես վճարված պետական տուրք։

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա.Բադիրյան) (այսուհետ՝ Դատարան) 03.06.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 09.09.2011 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 03.06.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետը, 345-րդ հոդվածի 2-րդ կետը, 354-րդ հոդվածի 1-ին կետը, 777-րդ, 778-րդ հոդվածները, 779-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ, 54-րդ հոդվածների 1-ին կետերը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

 Վերաքննիչ դատարանը գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել համակցության մեջ և անտեսել է այն հանգամանքը, որ կողմերի միջև կնքված պատվեր-դիմումի հիման վրա Հայկ Մելքոնյանին փաստացի մատուցվել է հեռախոսակապի վճարովի ծառայություններ:

 Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ Ընկերության կողմից Դատարան է ներկայացվել հայցվող գումարի գոյացման հիմքը հիմնավորող ապացույցները, այն է` բաժանորդին ներկայացվող ծառայությունների մատուցման հաշիվը, որն իր մեջ ներառում է ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ հաշվարկը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.09.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Ընկերության և Հայկ Մելքոնյանի միջև 05.03.2008 թվականին կնքված թիվ 113474627 պատվեր-դիմումի (պայմանագրի) համաձայն` Հայկ Մելքոնյանին տրամադրվել է 099400777 հեռախոսահամարը: Հայկ Մելքոնյանի կողմից ստորագրվել է պատվեր-դիմումը, որով հաստատվել է վերջինիս կողմից Ընկերության GSM շարժական կապի պայմանագրային համակարգի բաժանորդ դառնալու և ««ԱրմենՏել» ՓԲԸ GSM շարժական կապի պայմանագրային համակարգի ծառայությունների մատուցման կանոնների» մասին իրազեկ լինելու վերաբերյալ փաստերը (գ.թ. 4)։

2. Ընկերության GSM շարժական կապի պայմանագրային համակարգի ծառայությունների մատուցման պայմանների 5.1-ին կետի համաձայն` վճարումները բաժանորդի կողմից կատարվում են հաշվետու ժամանակաշրջանում իրեն մատուցված փաստացի ծառայությունների դիմաց` համաձայն նույն պայմաններում սահմանված պայմանների, բաժանորդի կողմից ընտրված սակագնային պլանի, օգտագործած ծառայությունների ցանկի և ծավալների, եթե այլ բան չի սահմանված Ընկերության օպերատորի (այսուհետ` նաև Օպերատոր) կողմից, հաշվետու ժամանակաշրջանը հավասար է օրացուցային ամսվան: Պայմանների 5.2-րդ կետի համաձայն` փաստացի մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարը որոշվում է Օպերատորի բիլինգային համակարգի գրանցումների հիման վրա և նշվում է բաժանորդին ներկայացվող ծառայությունների մատուցման հաշվում: Ծառայությունների մատուցման հաշիվը հանդիսանում է բաժանորդին` ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ ապացույց (գ.թ. 4)։

3. Ծառայությունների մատուցման թիվ 101008239500, թիվ 101008943217, թիվ 101009960093 և թիվ 101010764297 հաշիվների համաձայն` համապատասխանաբար 01.03.2008 թվականից մինչև 31.03.2008 թվականը, 01.04.2008 թվականից մինչև 30.04.2008 թվականը, 01.05.2008 թվականից մինչև 31.05.2008 թվականը և 01.06.2008 թվականից մինչև 30.06.2008 թվականն ընկած ժամանակահատվածների համար մատուցված ծառայությունների, ինչպես նաև նախկին հաշվեկշռի հաշվի առկայության պայմաններում վարձերը կազմել է ընդամենը 83.021 ՀՀ դրամ, որպիսի հաշվարկներն իրականացվել են փաստացի մատուցված ծառայությունների` ամսական ծառայությունների վարձի, զանգերի վարձի, կարճ հաղորդագրությունների վճարի և դրանց համապատասխան չափման միավորի, քանակի ծավալի, չափման միավորի գնի հիման վրա (գ.թ. 8-19)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը։

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է կողմերի միջև ապացուցման դատավարական բեռի բաշխման հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը՝ ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից։ Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս ըստ հայցի Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի ընդդեմ Սեդա Սարգսյանի՝ գրավադրված գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, և հակընդդեմ հայցի՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.02.2009 թվականի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերը, 53-րդ, 54-րդ հոդվածների 1-ին կետերը, Ընկերության վերաքննիչ բողոքը մերժելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ «Դատարանը, մերժելով Ընկերության հայցը, պատճառաբանել է՝ «Գործի փաստերը համադրելով՝ դատարանը հաստատված է համարում, որ 05.03.2008 թվականի պատվեր-դիմումի ուժով, ծառայությունների վճարովի մատուցման պարտավորական իրավահարաբերություններ են ծագել հայցվոր ընկերության և պատասխանողի միջև: Դատարանը գտնում է, որ պատասխանողի պարտավորության /պարտքի գումարի/ չափը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստ է, որպիսի ապացուցման պարտականությունը կրում է հայցվորը: Տվյալ դեպքում հայցվոր ընկերության կողմից չհիմնավորվեց դրամական պահանջի չափը, քանի որ դատարանին ներկայացված միակողմանիորեն կազմված փաստաթղթերը դատարանը պատշաճ ապացույց չի համարում: Այսինքն` հայցվորը չապացուցեց, որ պահանջվող գումարի չափով իր կողմից բջջային հեռախոսակապի ծառայություններ են մատուցվել պատասխանողին…», որը ողջամիտ է և տրամաբանական»:

Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության և Հայկ Մելքոնյանի միջև 05.03.2008 թվականին կնքված թիվ 113474627 պատվեր-դիմումով (պայմանագիր) Հայկ Մելքոնյանին հատկացվել է հեռախոսահամար: Նշված պայմանագրերի ծառայությունների մատուցման պայմանների 5.1-ին կետի համաձայն`վճարումները բաժանորդի կողմից կատարվում են հաշվետու ժամանակաշրջանում իրեն մատուցված ծառայությունների դիմաց` համաձայն նույն պայմաններում սահմանված պայմանների, բաժանորդի կողմից ընտրված սակագնային պլանի, օգտագործած ծառայությունների ցանկի և ծավալների, իսկ 5.2-րդ կետի համաձայն` փաստացի մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարը որոշվում է Օպերատորի բիլինգային համակարգի գրանցումների հիման վրա և նշվում է բաժանորդին ներկայացվող ծառայությունների մատուցման հաշվում: Ծառայությունների մատուցման հաշիվը բաժանորդին` ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ ապացույց է:

Հիմք ընդունելով վերոգրյալը և վերլուծելով կողմերի միջև կնքված պատվեր-դիմումի (պայմանագրի) ծառայությունների մատուցման պայմանները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության կողմից ներկայացված ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ թիվ 101008239500, թիվ 101008943217, թիվ 101009960093 և թիվ 101010764297 հաշիվները սույն գործով հայցը հիմնավորող թույլատրելի և բավարար ապացույց են:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածների խախտում` անտեսելով Ընկերության կողմից բաժանորդին ներկայացված ծառայությունների մատուցման թիվ 101008239500, թիվ 101008943217, թիվ 101009960093 և թիվ 101010764297 հաշիվները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան