ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
24 հոկտեմբերի 2011 թ. |
N 312-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի առաջարկը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևան քաղաքում ընտանի կենդանիներին հաշվառելու և պահելու կանոնները՝ համաձայն հավելվածի:
Երևանի քաղաքապետ
Կ. Կարապետյան
Հավելված Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի հոկտեմբերի 24-ի N 312-Ն որոշման |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
I. Ընդհանուր դրույթներ
1. Երևան քաղաքում ընտանի կենդանիներին հաշվառելու և պահելու կանոններով (այսուհետ՝ Կանոններ) կարգավորվում են Երևան քաղաքի վարչական տարածքում ընտանի կենդանիներին հաշվառելու, պահելու հետ կապված հարաբերությունները, և տարածվում են Երևանի վարչական տարածքում գտնվող ընտանի կենդանիներ տիրապետող (պահող) ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա։
2. Կանոնները չեն տարածվում գիտական, գիտահետազոտական, բժշկական, ինչպես նաև ծառայողական նպատակներով ընտանի կենդանիներին օգտագործող և պահող համապատասխան թույլտվություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա։
3. Սույն կանոններում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) ընտանի կենդանի (այսուհետ՝ կենդանի)` մարդու կողմից պատմականորեն ընտելացված կենդանի,
2) գյուղատնտեսական ընտանի կենդանի` մարդու կողմից սննդամթերքի արտադրության համար պատմականորեն ընտելացված և բուծվող կենդանի,
3) ընտանի կենդանի տիրապետող (այսուհետ՝ տիրապետող)` այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ում հսկողության և (կամ) խնամքի ներքո գտնվում է կենդանին:
II. Տիրապետողի իրավունքները և պարտականությունները
4. Տիրապետողն իրավունք ունի՝
1) հիմնել կենդանիների տիրապետողների կազմակերպություն և (կամ) անդամակցել դրան,
2) ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն կենդանուն հաշվառելու և պահելու հետ կապված հարցերի վերաբերյալ,
3) սույն կանոններով նախատեսված այլ իրավունքներ:
5. Տիրապետողը պարտավոր է՝
1) սույն Կանոններին համապատասխան` 15-օրյա ժամկետում իրականացնել նոր ձեռք բերված կենդանու հաշվառումը,
2) կենդանուն պահել դրա կենսաբանական ու անհատական առանձնահատկություններին համապատասխան և ապահովել սննդի, ջրի, քնի, շարժման, բնական ակտիվության նկատմամբ նրանց պահանջները,
3) պահպանել կենդանուն պահելու սանիտարահիգիենիկ կանոնները, այդ թվում՝ իրականացնել կենդանու տարեկան պատվաստումը կատաղության դեմ,
4) անհապաղ անասնաբուժական կամ առողջապահության կազմակերպություններին հայտնել կենդանու կողմից մարդու կամ այլ կենդանու առողջությանը վնաս հասցնելու մասին` կենդանուն տեղափոխելով մոտակա անասնաբուժական կազմակերպություն՝ զննման և կարանտինային հսկողություն իրականացնելու համար,
5) անհապաղ անասնաբուժական կազմակերպությանը հայտնել կենդանու կատաղության հիվանդության կասկածի մասին և մինչ անասնաբույժ-մասնագետի ժամանումը մեկուսացնել կենդանուն,
6) կենդանու հիվանդությունների կանխման նպատակով իրականացնել սանիտարահիգիենիկ միջոցառումներ,
7) բացառել կենդանու կողմից ընդհանուր օգտագործման տարածքների, բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների, բակերի, մայթերի, փողոցների, սիզամարգերի, ինչպես նաև հանգստյան կանաչ գոտիների աղտոտումը,
8) կենդանուն պահելուց հրաժարվելու դեպքում այն փոխանցել այլ անձի։ Արգելվում է կենդանուն թողնել առանց հսկողության,
9) կենդանի պահելու համար ձեռք բերել համապատասխան թույլտվություն՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով,
10) ապահովել յուրաքանչյուր անձի անվտանգությունը և անդորրը կենդանու ազդեցությունից, այդ թվում` առանց դնչկալի կամ վնասազերծման ապահովման
III. Կենդանիների հաշվառումը
6. Կենդանիների հաշվառումն իրականացվում է մարդկանց և կենդանիների համար հատկապես վտանգավոր և վարակիչ հիվանդությունների հայտնաբերման, վարակված կենդանիների հայտնաբերման ու պրոֆիլակտիկայի ենթարկելու համար։
7. Կենդանիներն հաշվառման են ենթակա սկսած վեց ամսական հասակից։
8. Հաշվառման ենթակա չեն մանր կենդանիներն ու թռչունները, որոնք պահվում են դեկորատիվ նպատակով, ինչպես նաև կենդանաբանական այգիներում պահվող կենդանիները։
9. Հաշվառումն իրականացնում է վարչական շրջանի ղեկավարը՝ կենդանիների քանակի և դրանց կուտակումների վերաբերյալ օբյեկտիվ տեղեկությունների հավաքագրման միջոցով բնակչության իրավունքների և շահերի հաշվառմամբ կենդանիների պահման համար համալիր միջոցառումների պլանավորման և կատարման նպատակով։
10. Կենդանիների հաշվառումն իրականացվում է դրանց ձեռքբերման կամ Երևանի վարչական տարածք ներմուծման պահից 15-օրյա ժամկետում։
11. Հաշվառման արդյունքում տիրապետողին տրվում է գրանցման վկայական և անհատականացնող համար։ Հաշվառման մասին նշում է կատարվում կենդանիների հաշվառման գրքում։
12. Կենդանուն անհատականացնող համարը նշվում է կենդանու վզնոցի վրա:
13. Կենդանու հաշվառման ժամանակ տիրապետողը պարտադիր պետք է ծանուցվի Կանոնների մասին, ինչը հավաստվում է տիրապետողի ստորագրությամբ։ Տիրապետողն իրավունք ունի հաշվառող մարմնից անվճար տեղեկություններ ստանալ այն վայրերի մասին, որտեղ տիրապետողն իրավունք ունի կազմակերպել կենդանու զբոսանքը կամ արոտը, ինչպես նաև այն վայրերի մասին, որտեղ թույլատրված է կենդանիների թաղումը։
14. Կենդանու մահվան կամ սպանդի դեպքում կենդանու նախկին տիրապետողը պարտավոր է հաշվառող մարմին հանձնել գրանցման վկայականը, ինչի մասին նշում է կատարվում գրանցման գրքում։
15. Կենդանուն այլ անձի տիրապետությանը հանձնելու դեպքում նոր տիրապետողին են հանձնվում կենդանուն անհատականացնող համարի նշումով կենդանու վզնոցը և գրանցման վկայականը՝ կենդանու հետագա վերահաշվառում իրականացնելու համար։
16. Գրանցման գրքում նշվում են հետևյալ տեղեկությունները՝
1) գրառման հերթական համարը և հաշվառման տարեթիվը,
2) տիրապետողի անունը, ազգանունը, բնակության հասցեն, անձնագրի տվյալները,
3) կենդանու տեսակը, անունը, սեռը, գույնը, ցեղատեսակը, ծննդյան թիվը (եթե հայտնի է),
4) գրանցման վկայականի տրամադրման ամսաթիվը և հերթական համարը,
5) կենդանու անհատականացնող համարը,
6) տիրապետողի մոտ գտնվող կենդանիների թվաքանակը,
7) այլ տեղեկություններ։
18. Գրանցման վկայականի կորստյան դեպքում տիրապետողի դիմումի հիման վրա նրան տրվում է գրանցման նոր վկայական։
IV. Կենդանիներին պահելու, զբոսանքի իրականացման և վաճառքի պայմանները
19. Ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են կենդանիներին պահելիս հաշվի առնել այդ կենդանիների կենսաբանական և անհատական առանձնահատկությունները, պահպանել օրենսդրությունը, ինչպես նաև այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը։
20. Բնակելի շենքերում կենդանիներ մշտապես կամ ժամանակավորապես պահելիս պետք է ապահովվեն մարդկանց և կենդանիների կյանքի բարենպաստ պայմաններ։
21. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքներում կենդանիներ պահելն արգելվում է։
22. Կենդանիների զբոսանքը թույլատրվում է միայն այդ նպատակով հատուկ հատկացված տարածքներում։ Նման տարածքների բացակայության դեպքում զբոսանքը կարող է իրականացվել ամայի կամ խոտածածկ տարածքներում, բացառությամբ կրթական, մշակութային, սպորտային, առողջապահական կազմակերպություններին (հիմնարկներին) հարող տարածքների, մանկական հրապարակների և շուկաների տարածքների։
23. Շների զբոսանքն իրականացնելու ժամանակ տիրապետողը պետք է ապահովի շրջապատող անձանց անվտանգությունը։
24. Շների զբոսանքի ժամանակ տիրապետողը պարտավոր է՝
1) շանը տարածքից դուրս բերել կամ ներս տանել կապով, որի երկարությունը թույլ է տալիս հսկել շան վարքը: Մարդկանց և ուրիշ կենդանիներին սպառնացող շները (մարտական, ծառայողական, պարեկային և այլ ցեղատեսակի շներ, որոնք կարող են լինել ագրեսիվ և վտանգավոր մարդու կամ այլ կենդանու կյանքի կամ առողջության համար, այսուհետ` ագրեսիվ շուն) պետք է ունենան դնչկալներ։ Ագրեսիվ շների ցանկը սահմանում է Երևանի քաղաքապետը,
2) ագրեսիվ շանը պահել դնչկալով՝ մայթերով շարժման ժամանակ, հետիոտնի ճանապարհին, մարդաշատ վայրերում և երթևեկության հատման մասերում։
Բնակելի թաղամասերում ագրեսիվ շների զբոսանքը թույլատրվում է իրականացնել միայն դնչկալի և կապի առկայության դեպքում:
Հասարակական վայրերում տիրապետողը պետք է ագրեսիվ շանը պահի կարճ կապի վրա և դնչկալով,
3) առանց դնչկալի և կապի շանը զբոսանքի տանելու առանձնացված վայրերը սահմանվում են Երևանի քաղաքապետի կողմից։
25. Ճանապարհը կամ երթևեկելի մասն անցնելիս, ինչպես նաև մայրուղիների մոտ՝ ճանապարհային պատահարների կանխման նպատակով, տիրապետողը պարտավոր է կենդանուն պահել կարճ կապի վրա։
26. Տիրապետողները պարտավոր են թույլ չտալ մայթերի կամ այլ հանրային օգտագործման տարածքների աղտոտումը կենդանու զբոսանքի ընթացքում, ինչպես նաև պարտավոր են մաքրել դրանց կենսագործունեության արդյունքները։
27. Շներ տիրապետողներն իրավունք ունեն դրանց ազատ արձակել միայն սեփականության, տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող հատուկ առանձնացված տարածքներում կամ մեկուսացված շինություններում։
28. Կենդանիների վաճառքը թույլատրվում է իրականացնել մասնագիտացված խանութներում, կենդանիների շուկաներում կամ այդ նպատակի համար հարմարեցված հատուկ առանձնացված վայրերում՝ անասնաբուժական հատուկ վկայականի առկայության դեպքում։
29. Հասարակական վայրերում (խանութների հարևանությամբ, այգիներում, կայարաններում, գյուղատնտեսական արտադրանքի և սպառողական ապրանքների շուկաներում, տոնավաճառներում և այլն) կենդանիների վաճառքն արգելվում է։
30. Տիրապետողներն իրավունք ունեն կենդանիներին տեղափոխել քաղաքային տրանսպորտով։ Շները պետք է քաղաքային տրանսպորտով փոխադրվեն կարճ կապով և դնչկալով, բացառությամբ փոքր դեկորատիվ ցեղատեսակների և փոքր առանց ցեղատեսակի շների, որոնք տեղափոխվում են պայուսակներում կամ տեղափոխման համար հարմարեցված սարքերում։
31. Արգելվում է՝
1) կենդանուն գրգռել մարդկանց և կենդանիների վրա,
2) կռիվների կամ ներկայացումների համար կենդանիների օգտագործումը, որոնց արդյունքում կենդանին կարող է տանջվել, ցավեցվել, վնասվել կամ սպանվել,
3) կենդանիների երկարատև կամ մշտապես պահումը տրանսպորտային միջոցներում,
4) անհամատեղելի տեսակների միևնույն տարածքում կամ միևնույն տարածքում միևնույն տեսակների բնակեցումը, որոնց միջև կարող է առաջանալ ագրեսիվություն,
5) շանը զբոսանքի տանելը մանկական հրապարակներում, առողջապահական, կրթական, մշակույթի, սպորտի հիմնարկների և շուկաների տարածքներում,
6) հարբած անձանց և 14 տարին չլրացած անչափահասներին 15 կիլոգրամից ավելի քաշ ունեցող շներին զբոսանքի տանելը,
7) կենդանիների հետ խանութներ, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների օբյեկտներ, բժշկական, կրթական և մշակութային հաստատություններ այցելելը, բացառությամբ կենդանիների ցուցադրության կամ համանման այլ միջոցառումների այցելության դեպքերի։