Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.07.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.09.27/53(856).1 Հոդ.1356.45
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.07.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/0927/05/10

Վարչական գործ թիվ ՎԴ/0927/05/10
2011 թ.

Նախագահող դատավոր՝  Ռ. Հակոբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

 

Վ. Աբելյանի

Վ. Ավանեսյանի

 

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի հուլիսի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 08.07.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Գևորգ Աղրյանի ընդդեմ Կոմիտեի, երրորդ անձինք «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի, «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ի՝ Կոմիտեի 05.03.2010 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումն առոչինչ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Գևորգ Աղրյանը պահանջել է առոչինչ ճանաչել Կոմիտեի 05.03.2010 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 08.07.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գևորգ Աղրյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել ՀՀ մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի «ժ» և «ժա» կետերը, ՀՀ մաքսային վարչության պետի 12.06.1998 թվականի թիվ 78-ՄՎՐ հրամանը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ մաքսային օրենսգրքի 128-րդ, 131-րդ, 132-րդ հոդվածները, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել, որ 10.02.2010 թվականի թիվ C-2345 բեռնամաքսային հայտարարագիրն անմիջականորեն լրացվել և մաքսային մարմին է ներկայացվել Գևորգ Աղրյանի կողմից: Սույն գործով միայն Գևորգ Աղրյանը կարող էր հայտարարագրել «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ի անվամբ ստացված բեռը, միայն նա իրավունք ուներ զննել և չափել մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները, որի արդյունքում կհայտնաբերվեր փաստացի ներմուծված ապրանքի և փաստաթղթերի միջև առկա անհամապատասխանությունը և կկանխվեր մաքսային կանոնների խախտումը:

Բացի այդ, 30.12.2009 թվականի թիվ AA-296 լիազորագրով «Էյր Արմենիա» ՓԲԸ-ն լիազորել է Գևորգ Աղրյանին Կոմիտեում կատարել ցանկացած տեսակի գործողություն, այդ թվում և մաքսային ձևակերպումները, իսկ հայտարարագրումը մաքսային ձևակերպման փուլերից է: Այսինքն` Գևորգ Աղրյանը, լիազորված լինելով կատարելու մաքսային ձևակերպումներ, այդ թվում` ներկայացնելու հայտարարագիր, ՀՀ մաքսային օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի ուժով հանդես է եկել որպես հայտարարատու, ստանձնել է հայտարարատուի իրավունքներն ու պարտականությունները, ներառյալ` նույն օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով սահմանված ապրանքների հայտարարագրում իրականացնելու պարտականությունը, որի ոչ պատշաճ կատարումը հանգեցրել է նույն օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվությանը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 08.07.2010 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները

ՀՀ մաքսային օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասում նշված է, որ որպես հայտարարատու կարող է հանդես գալ ապրանքներ տեղափոխողը կամ նրա լիազորված անձը: Տվյալ դեպքում ապրանքներ տեղափոխողը «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ն է, «Էյր Արմենիա» ՓԲԸ-ն ապրանքներ տեղափոխող չէ, իսկ վերջինիս լիազորված անձը Գևորգ Աղրյանն է: Այսինքն` Գևորգ Աղրյանը ոչ մի կերպ չի կարող դիտվել որպես հայտարարատու:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ի և «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի միջև 01.12.2009 թվականին կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն` «Էյր Արմենիա» ՓԲԸ-ն պարտավորվել է կատարել «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ի ապրանքների մաքսազերծման հետ կապված անհրաժեշտ գործողությունները` ներմուծվող և արտահանվող ապրանքների մաքսազերծումը (գ.թ. 32-38):

2) 30.12.2009 թվականի թիվ AA-296 լիազորագրի համաձայն` «Էյր Արմենիա» ՓԲԸ-ն լիազորել է Գևորգ Աղրյանին ներկայացնելու ընկերությանը Կոմիտեում և մաքսային կետերում, ընկերության անունից կատարելու վճարումներ, ինչպես նաև ցանկացած տեսակի ձևակերպումներ (գ.թ. 31):

3) Կոմիտեի 05.03.2010 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշման համաձայն` «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի լիազոր անձ Գևորգ Աղրյանը «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ի անվամբ 28.01.2010 թվականի թիվ 9209057189 հաշիվ-ապրանքագրով, 04.02.2010 թվականի թիվ 730-46000205 ավիաբեռնագրով Շվեդիայից ՀՀ ներմուծված և 11.02.2010 թվականին «Զվարթնոց» մաքսատանը թիվ C-2345 բեռնամաքսային հայտարարագրով հայտարարագրված ԱՏԳ ԱԱ 85442000 ծածկագրի տակ դասվող, 4.078,3 կգ նետտո քաշով կոաքսիլային մալուխից 3.822,25 կգ-ը ԲՄՀ-ի թիվ 1 ապրանքային դիրքում հայտարարագրել է ոչ իր անվանմամբ և ԱՏԳ ԱԱ սխալ ծածկագրով` որպես ԱՏԳ ԱԱ 85176100 ծածկագրի տակ դասվող կոմունիկացիոն համակարգ լրակազմ:

Նշված իրավախախտման համար Գևորգ Աղրյանը ճանաչվել է զանցառու ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով և տուգանվել 3.822,25 կգ նետտո քաշով կոաքսիլային մալուխի մաքսային արժեքի չափով` 11.256.526 ՀՀ դրամ (գ.թ. 7-9):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը, այսինքն՝ դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելը, ինչպես նաև հայտարարագրումը ոչ իրենց անվանմամբ՝ հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում, առաջացնում է տուգանքի նշանակում՝ այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:

ՀՀ մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի «ժա» կետի համաձայն` հայտարարատու է համարվում ապրանքներ տեղափոխող կամ մաքսային բրոքեր (միջնորդ) հանդիսացող անձը, որը մաքսային մարմիններում հայտարարագրում և ներկայացնում է ապրանքները և տրանսպորտային միջոցները:

ՀՀ մաքսային օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` որպես հայտարարատու կարող է հանդես գալ ապրանքներ տեղափոխող անձը կամ նրա կողմից լիազորված անձը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հայտարարատուն նույն օրենսգրքի համաձայն կրում է պատասխանատվություն` հայտարարագրված տեղեկությունների հավաստիության համար:

Նշված դրույթների վերլուծությունից հետևում է, որ հայտարարագրված տեղեկությունների հավաստիության համար պատասխանատվություն է կրում հայտարարատուն, որպիսին համարվում է ապրանքներ տեղափոխող կամ մաքսային բրոքեր (միջնորդ) հանդիսացող անձը, կամ ապրանքներ տեղափոխող անձի լիազորված անձը:

Սույն գործով հայցը բավարարելիս Դատարանը պատճառաբանել է, որ ՀՀ մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածով սահմանված իրավունքները և պարտականությունները վերաբերում են բացառապես հայտարարատուին և ոչ թե հայտարարատուի լիազոր անձին: Հայտարարագրված տեղեկությունների հավաստիության համար պատասխանատվությունը ՀՀ մաքսային օրենսգրքի 131-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով կրում է հայտարարատուն: Հետևաբար, ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության սուբյեկտն օրենսդիրն արդեն իսկ որոշել է, որը, նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, հանդիսանում է հայտարարատուն: Գևորգ Աղրյանը ՀՀ մաքսային օրենսգրքի իմաստով հայտարարատու չի հանդիսացել: Վերջինս ընդամենը հանդիսացել է հայտարարատու «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի լիազորված անձը: Արդյունքում Դատարանը գտել է, որ վարչական ակտով Գևորգ Աղրյանի վրա դրվել է այնպիսի պարտականություն, որը կարող էր դրվել ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված իրենց պարտականությունները չկատարած միայն որոշակի սուբյեկտների վրա, մինչդեռ այդ սուբյեկտների մեջ հայտարարատուի լիազորված անձը չի մտնում:

Սույն գործի փաստերի համաձայն` «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ի և «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի միջև 01.12.2009 թվականին կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով «Էյր Արմենիա» ՓԲԸ-ն պարտավորվել է կատարել «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ի ապրանքների մաքսազերծման հետ կապված անհրաժեշտ գործողությունները` ներմուծվող և արտահանվող ապրանքների մաքսազերծումը, իսկ 30.12.2009 թվականի թիվ AA-296 լիազորագրի համաձայն` «Էյր Արմենիա» ՓԲԸ-ն լիազորել է Գևորգ Աղրյանին ներկայացնելու ընկերությանը Կոմիտեում և մաքսային կետերում, ընկերության անունից կատարելու վճարումներ, ինչպես նաև ցանկացած տեսակի ձևակերպումներ: Կոմիտեի 05.03.2010 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշման համաձայն` «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի լիազոր անձ Գևորգ Աղրյանը «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ի անվամբ 28.01.2010 թվականի թիվ 9209057189 հաշիվ-ապրանքագրով, 04.02.2010 թվականի թիվ 730-46000205 ավիաբեռնագրով Շվեդիայից ՀՀ ներմուծված և 11.02.2010 թվականին «Զվարթնոց» մաքսատանը թիվ C-2345 բեռնամաքսային հայտարարագրով հայտարարագրված ԱՏԳ ԱԱ 85442000 ծածկագրի տակ դասվող, 4.078,3 կգ նետտո քաշով կոաքսիլային մալուխից 3.822,25 կգ-ը ԲՄՀ-ի թիվ 1 ապրանքային դիրքում հայտարարագրել է ոչ իր անվանմամբ և ԱՏԳ ԱԱ սխալ ծածկագրով` որպես ԱՏԳ ԱԱ 85176100 ծածկագրի տակ դասվող կոմունիկացիոն համակարգ լրակազմ, որի համար ճանաչվել է զանցառու ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով և տուգանվել 3.822,25 կգ նետտո քաշով կոաքսիլային մալուխի մաքսային արժեքի չափով` 11.256.526 ՀՀ դրամ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ապրանքներ տեղափոխողը «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ն է, որը ներմուծած և արտահանած ապրանքների մաքսազերծման հետ կապված անհրաժեշտ գործողությունների կատարման համար լիազորել է «Էյր Արմենիա» ՓԲԸ-ին, իսկ Գևորգ Աղրյանը «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի լիազորված անձն է: Այսինքն` Գևորգ Աղրյանը «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ի լիազորված անձը չէ, հետևաբար ՀՀ մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի «ժա» կետի և 131-րդ հոդվածի 1-ին մասի ուժով չի կարող համարվել հայտարարատու, այսինքն` պատասխանատվություն չի կարող կրել հայտարարագրված տեղեկությունների հավաստիության համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի դ) կետի համաձայն` առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են, մասնավորապես` հետևյալ ակնառու կոպիտ սխալները. ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գևորգ Աղրյանը ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության սուբյեկտ չէ, այսինքն` նրա վրա դրվել է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, հետևաբար Կոմիտեի 05.03.2010 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումն առ ոչինչ վարչական ակտ է:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանը կայացրել է ըստ էության ճիշտ դատական ակտ, հետևաբար տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի թերի պատճառաբանված դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական դատարանի 08.07.2010 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ սույն որոշման պատճառաբանություններով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

 

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան