ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1462/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1462/02/09 |
Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան | |
Դատավորներ` Տ. Սահակյան Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Դրմեյանի | |
Վ. Աբելյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի հուլիսի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «ՌԱՍԿՈ» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արման Մինասյանի և Սուսաննա Բաղյանի ընդդեմ Ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Արման Մինասյանը և Սուսաննա Բաղյանը պահանջել են Ընկերությունից բռնագանձել 4.240.340 ՀՀ դրամ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 19.02.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Ընկերությունից հօգուտ Արման Մինասյանի և Սուսաննա Բաղյանի բռնագանձվել է 2.542.000 ՀՀ դրամ` որպես ապահովագրական վճարի հատուցման, 500.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանական ծառայության վարձատրության և 50.840 ՀՀ դրամ` որպես հայցվորների կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարներ։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.07.2010 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Արման Մինասյանի և Սուսաննա Բաղյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 19.02.2010 թվականի վճիռը՝ ապահովագրական վճարի հատուցման մասով բեկանվել է, և այդ մասով գործն ուղարկվել է նոր քննության։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը։
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Արման Մինասյանը և Սուսաննա Բաղյանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, ապահովագրական վկայագրի հավելված հանդիսացող կանոնների 9.1 կետը, սխալ է մեկնաբանել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ կետի «ա» ենթակետը, չի կիրառել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր և կիրառել է ՀՀ կառավարության 18.09.2008 թվականի թիվ 1158-Ն որոշումը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն օբյեկտիվ գնահատականի չի արժանացրել այն հանգամանքը, որ, տեղի ունեցած պատահարի արդյունքում պատճառված վնասի ապահովագրական հատուցումն Ընկերության կողմից մերժվել է վարորդի համապատասխան կարգի վարորդական իրավունք չունենալու` առանց օրինական հիմքի տրանսպորտային միջոցը շահագործելու հիմքով:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել ՀՀ ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժանմունքի պետ Ա. Մադաթյանի կողմից հաստատված 16.01.2009 թվականի եզրակացությունը, համաձայն որի՝ Արման Մինասյանը թույլ է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ կետի «ա» ենթակետի խախտում, այն է` ավտոմեքենան վարել է՝ չունենալով համապատասխան կատեգորիայի վարորդական իրավունք:
Վերաքննիչ դատարանը, մերժելով բողոքը, պատճառաբանել է, որ Արման Մինասյանը սովորել և քննություն է հանձնել «B» և «C» կատեգորիաների վարորդական իրավունքի վկայագրի համար, սակայն ստացել է «C» կատեգորիայի վարորդական իրավունք և, հղում կատարելով ՀՀ կառավարության 18.09.2008 թվականի թիվ 1158-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետին, որը սահմանում է, որ միաժամանակ «B» և «C» կատեգորիաների վարորդական իրավունքի վկայագրի համար գործնական քննություն ընդունվում է միայն «C» կարգի տրանսպորտային միջոցով, հանգել է այն հետևության, որ բարձր կարգի «C» վարորդական իրավունքի վկայականի առկայության պայմաններում վարորդին արգելված չէ վարել ավելի ցածր`«B» կարգի մեխանիկական տրանսպորտային միջոց:
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Արման Մինասյանին վարորդական իրավունքի վկայականը տրվել է 1998 թվականին, հետևաբար վկայակոչած ՀՀ կառավարության 18.09.2008 թվականի թիվ 1158-Ն որոշմամբ հաստատված կարգը կիրառելի չէր նրա նկատմամբ:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, բավարարելով Սուսաննա Բաղյանի և Արման Մինասյանի վերաքննիչ բողոքը, խախտել է ապահովագրության վկայագրի հավելված հանդիսացող կանոնների 9.1 կետը, որի արդյունքում իրականացրել է ապահովագրական վճարի հատուցման սխալ հաշվարկ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.07.2010 թվականի որոշումը։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Դատարանն իրավացիորեն նշել է, որ «C» կարգի վարորդական իրավունքի վկայական ունենալու դեպքում «B» կարգի մեխանիկական տրանսպորտային միջոց վարելով վթարի ենթարկվելը չի կարող հիմք հանդիսանալ ապահովագրական հատուցումը մերժելու համար:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Ընկերության և Սուսաննա Բաղյանի միջև 23.07.2008 թվականին կնքված Ապահովագրության պայմանագրի (ապահովագրության վկայագրի) համաձայն՝ Սուսաննա Բաղյանն ապահովագրել է իրեն սեփականության իրավունքով պատկանող «Մերսեդես Բենց C 240» մակնիշի 15 UO 433 պետական համարանիշի ավտոտրանսպորտը (այսուհետ`Ավտոտրանսպորտ) իրական արժեքի 70%-ի չափով` 24.07.2008 թվականից մինչև 23.07.2009 թվականը, և նրան է տրվել Ցամաքային ավտոտրանսպորտի կամավոր ապահովագրության թիվ N ԱՏ 008385 ապահովագրության վկայագիրը: Նույն վկայագրի 13-րդ կետի համաձայն` ոչ պայմանական չվճարվող գումար է սահմանվել 83.000 ՀՀ դրամը՝ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի համար (հատոր 1-ին, գ.թ. 11):
2. Ապահովագրության վկայագրի 4-րդ կետի համաձայն՝ ապահովադրի կողմից հայտարարված ապահովագրական (իրական) արժեքը 7.900.000 ՀՀ դրամն է, իսկ նույն վկայագրի 7-րդ կետի համաձայն՝ ապահովագրական գումարն է 5.530.000 ՀՀ դրամ գումարը: Ապահովագրության վկայագրի 5-րդ կետի համաձայն՝ լիազորված վարորդ է Արման Կառլենի Մինասյանը, վարորդական վկայական՝ АГН 768089, վարորդական ստաժ՝ 1998 թվականից (հատոր 1-ին, գ.թ.11):
3. Ապահովագրության վկայագրի 16-րդ կետի համաձայն` ապահովագրության կանոններն Ընկերության խորհրդի 01.02.2008 թվականի որոշմամբ (արձանագրություն թիվ 018), փոփոխությունները` 21.07.2008 թվականի թիվ 32 որոշմամբ հաստատված «Ցամաքային ավտոտրանսպորտի կամավոր ապահովագրության» կանոններն են, որոնք կցվում են սույն վկայագրին (հատոր 1-ին, գ.թ.11)։
4. Ապահովագրության վկայագրի հավելված հանդիսացող «Ցամաքային ավտոտրանսպորտի կամավոր ապահովագրության» կանոնների 1.7.7 կետի համաձայն` Լիազորված վարորդն անձ է, որը նշված է Ապահովագրության պայմանագրում և ունի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ ավտոտրանսպորտային միջոցը վարելու օրինական հիմք և համապատասխան կարգի վարորդական իրավունք, որի կողմից ապահովագրված տրանսպորտային միջոցը վարելու հետևանքով առաջացած պատահարները Կանոններով և պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխան հանդիսանում են Ապահովագրության պայմանագրի առարկա (հատոր 1-ին, գ.թ. 13):
5. Նույն կանոնների 2.1. կետի համաձայն՝ ապահովագրության պայմանագրով Ապահովագրողը պարտավորվում է սահմանված որոշակի գումարի (ապահովագրավճարի) դիմաց Կանոններով սահմանված և Ապահովագրության պայմանագրում նշված որոշակի ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում Ապահովադրին վճարել ապահովագրված ավտոտրանսպորտի համար Ապահովագրության պայմանագրով սահմանված որոշակի գումարի (ապահովագրական գումար) սահմաններում ապահովագրական հատուցում (հատոր 1-ին, գ.թ. 13):
6. Նույն կանոնների 2.3 կետի համաձայն՝ ավտոտրանսպորտի ապահովագրության պայմանագրի կնքման համար Ապահովադիրը պարտավոր է ներկայացնել ավտոտրանսպորտը վարելու թույլտվություն ունեցող անձի (անձանց) տվյալները (անձնագրային և վարորդական տվյալները) (հատոր 1-ին, գ.թ. 13):
7. Նույն կանոնների 9.1 կետի համաձայն՝ եթե ապահովագրական պատահար տեղի ունենալու պահին Ապահովագրության պայմանագրով սահմանված ապահովագրական գումարը ցածր է ավտոտրանսպորտի ապահովագրական (իրական և շուկայական) արժեքից, ապա ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում Ապահովագրողն Ապահովադրին (Շահառուին) վճարում է ապահովագրական հատուցում ապահովագրական պատահարի հետևանքով պատճառված փաստացի վնասի մի մասի չափով՝ ապահովագրական արժեքի նկատմամբ ապահովագրական գումարի համամասնությամբ՝ դրանից մասհանելով Ապահովագրության պայմանագրով նախատեսված ոչ պայմանական չհատուցվող գումարը, բացառությամբ Ապահովագրության պայմանագրով նախատեսված դեպքերի (հատոր 1-ին, գ.թ. 17):
8. 19.12.2008 թվականին Սուսաննա Բաղյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենան ենթարկվել է վթարի, ինչի արդյունքում տրվել է ՀՀ ոստիկանության փորձագիտական վարչության փորձագետի 14.01.2009 թվականի թիվ 1513-ԱՊ եզրակացությունը, համաձայն որի՝ ավտոմեքենային պատճառվել է 3.750.000 ՀՀ դրամի նյութական վնաս (հատոր 1-ին, գ.թ. 33-34):
9. Ընկերության գործադիր տնօրենի 19.12.2008 թվականի գրավոր հանձնարարականի հիման վրա տրված 23.01.2009 թվականի թիվ 09-015 եզրակացությամբ մերժվել է Ընկերությունում ապահովագրված «Մերսեդես Բենց C 240» մակնիշի 15 UO 433 պետական համարանիշի ավտոմեքենայի 19.12.2008 թվականին տեղի ունեցած վթարի հետ կապված ապահովագրական հատուցման վճարումը: Նույն եզրակացությամբ արձանագրվել է, որ Արման Մինասյանն իր բացատրության մեջ նշել է, որ ունի միայն վարորդական իրավունքի «C» կատեգորիա, որը թույլ է տալիս վարել միայն բեռնատար մեքենաներ (հատոր 1-ին, գ.թ. 21-24):
10. ՀՀ ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժանմունքի պետ Ա.Մադաթյանի կողմից հաստատված 16.01.2009 թվականի եզրակացության համաձայն՝ Արման Մինասյանը թույլ է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ կետի «ա» ենթակետի խախտում, այն է` ավտոմեքենան վարել է՝ չունենալով համապատասխան կատեգորիայի վարորդական իրավունք (հատոր 1-ին, գ.թ. 29):
11. Գործում առկա հայցվորների միջնորդությամբ Արման Մինասյանը և Սուսաննա Բաղյանը հայցապահանջը լրացրել են և պահանջել են բռնագանձել Ընկերությունից ապահովագրական հատուցումն անհիմն մերժելու հետևանքով իրենց պատճառված վնասները (հատոր 1-ին, գ.թ. 62):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
⚖ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովագրության պայմանագրով մի կողմը` ապահովագրողը, որոշակի միանվագ կամ պարբերական վճարի (ապահովագրավճարի) դիմաց պարտավորվում է մյուս կողմին` ապահովադրին կամ նրա մատնանշած անձին (շահառուին), որոշակի ապահովագրական գումարի շրջանակներում հատուցել որոշակի իրադարձության (իրադարձությունների) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը կամ դրա մի մասը կամ տրամադրել որոշակի գումար (ապահովագրական հատուցում), եթե այդ իրադարձությունների տեղի ունենալը կրում է հավանական և(կամ) պատահական բնույթ և կախված չէ կողմերի կամ ապահովագրված անձի կամ շահառուի կամքից (բացառությամբ կյանքի ապահովագրության այն դեպքերի, երբ հատուցվում է որոշակի հավաստի և ակնկալվող իրադարձության տեղի ունենալը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 998-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` ապահովագրության պայմանագրի էական պայմաններից մեկն էլ ապահովագրական պատահարը (պատահարները) կամ իրադարձությունն է, որի տեղի ունենալու դեպքում տրվում է ապահովագրական հատուցումը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983.1-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ ապահովագրական հատուցումն ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովագրողի կողմից ապահովագրական պայմանագրի հիման վրա ապահովադրին կամ շահառուին վճարման ենթակա գումարն է՝ դրամական արտահայտությամբ կամ համարժեք գույքով։
Նույն օրենսգքրի 999-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանները, որոնցով կնքվում է ապահովագրության պայմանագիրը, կարող են որոշվել ապահովագրողի կամ ապահովագրողների միության ընդունած կամ հաստատած ապահովագրության համապատասխան տեսակի, դասի համար սահմանված ստանդարտ պայմաններով (ապահովագրության ընդհանուր պայմաններ): Եթե ապահովագրության պայմանագիրը կնքվել է ապահովագրողի կամ ապահովագրական միությունների կողմից հաստատված ապահովագրության պայմանագրի ընդհանուր պայմանների հիման վրա, ապա ապահովագրության պայմանագիրը պետք է հղում պարունակի այդ պայմաններին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ապահովագրության ընդհանուր պայմաններում պարունակվող և ապահովագրության պայմանագրի մեջ չընդգրկված պայմանները պարտադիր են ապահովադրի (շահառուի) համար, եթե պայմանագրում ուղղակի վկայակոչված է այդ ընդհանուր պայմանների կիրառումը, և այդ պայմանները կցված են պայմանագրին, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովագրվողը և ապահովագրողը պետք է գրավոր (ապահովագրական պայմանագրով կամ առանձին համաձայնությամբ) պայմանավորվեն ապահովագրության ընդհանուր պայմանների առանձին դրույթներ փոփոխելու, վերացնելու կամ լրացնելու կարգի վերաբերյալ:
Ապահովագրության վկայագրի հավելված հանդիսացող «Ցամաքային ավտոտրանսպորտի կամավոր ապահովագրության» կանոնների 1.7.7 կետի համաձայն` լիազորված վարորդն անձ է, որը նշված է Ապահովագրության պայմանագրում և ունի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ ավտոտրանսպորտային միջոցը վարելու օրինական հիմք և համապատասխան կարգի վարորդական իրավունք, որի կողմից ապահովագրված տրանսպորտային միջոցը վարելու հետևանքով առաջացած պատահարները Կանոններով և պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխան հանդիսանում են Ապահովագրության պայմանագրի առարկա:
Նույն կանոնների 2.3 կետի համաձայն՝ ավտոտրանսպորտի ապահովագրության պայմանագրի կնքման համար Ապահովադիրը պարտավոր է ներկայացնել ավտոտրանսպորտը վարելու թույլտվություն ունեցող անձի (անձանց) տվյալները (անձնագրային և վարորդական տվյալները) :
Սույն գործով Դատարանը հայցը մասնակի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ ապահովագրության պայմանագիրը (ապահովագրության վկայագիրը) կնքելիս Ընկերությունը, տեղեկացված լինելով, որ Արման Մինասյանն ըստ էության իրավունք չուներ վարելու ապահովագրության օբյեկտ հանդիսացող ավտոմեքենան, Արման Մինասյանին չի պարտավորեցրել վարորդական իրավունքի դասը համապատասխանեցնել, այսինքն՝ ապահովագրության վկայագրի կնքման ժամանակ ապահովագրողին հայտնի են եղել ապահովագրության ռիսկի գնահատման համար նշանակություն ունեցող բոլոր տեղեկությունները:
Վերաքննիչ դատարանը դատական ակտը մասնակիորեն բեկանելիս կիրառել է ՀՀ կառավարության 18.09.2008 թվականի թիվ 1158-Ն որոշմամբ հաստատված կարգը և արձանագրել, որ «C» կարգի վարորդական իրավունքի վկայագրի առկայության պայմաններում վարորդին արգելված չէ վարելու ավելի ցածր «B» կարգի մեխանիկական տրանսպորտային միջոց: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Դատարանի վճռում բացակայում է որևէ անդրադարձ հայցվորների ավելացրած հայցապահանջի հիմնավոր կամ անհիմն լինելու վերաբերյալ, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանը հատուցման ենթակա գումարը ճիշտ չի հաշվարկել, մասնավորապես հիմք է ընդունել ոչ թե վնասի չափը, այլ ավտոտրանսպորտի ապահովագրման չափը: Այսինքն՝ ապահովագրության վկայագրով ոչ թե սահմանված է ապահովագրական պատահարի հետևանքով պատճառված վնասի որոշակի չափի հատուցում (բացառությամբ ոչ պայմանական չհատուցվող գումարի), այլ ավտոտրանսպորտի ապահովագրում դրա իրական արժեքի որոշակի չափով:
Սույն գործում առկա փաստերի համաձայն` Ընկերության և Սուսաննա Բաղյանի միջև 23.07.2008 թվականին կնքված Ապահովագրության պայմանագրով (վկայագրով), Սուսաննա Բաղյանն ապահովագրել է իրեն սեփականության իրավունքով պատկանող Ավտոտրանսպորտի իրական արժեքի 70%-ի չափով` 24.07.2008 թվականից մինչև 23.07.2009 թվականը, և նրան է տրվել Ցամաքային ավտոտրանսպորտի կամավոր ապահովագրության թիվ N ԱՏ 008385 ապահովագրության վկայագիրը: Վկայագրի 5-րդ կետով որպես լիազորված վարորդ նշվել է Արման Մինասյանը, վարորդական վկայական՝ АГН 768089, վարորդական ստաժ՝ 1998 թվականից: Հետագայում՝ 19.12.2008 թվականին, Սուսաննա Բաղյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենան ենթարկվել է վթարի, ինչի արդյունքում ավտոմեքենային պատճառվել է 3.750.000 ՀՀ դրամի նյութական վնաս: Ընկերության 23.01.2009 թվականի թիվ 09-015 եզրակացությամբ մերժվել է Ընկերությունում ապահովագրված «Մերսեդես Բենց C 240» մակնիշի 15 UO 433 պետական համարանիշի ավտոմեքենայի 19.12.2008 թվականին տեղի ունեցած վթարի հետ կապված ապահովագրական հատուցման վճարումը: Նույն եզրակացությամբ արձանագրվել է, որ Արման Մինասյանն իր բացատրության մեջ նշել է, որ ունի միայն վարորդական իրավունքի «C» կատեգորիա, որը թույլ է տալիս վարել միայն բեռնատար մեքենաներ:
Հիմք ընդունելով վերը նշվածը և սույն գործի փաստերը համադրելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության հետ ցամաքային ավտոտրանսպորտի կամավոր ապահովագրության պայմանագիր (վկայագիր) կնքելիս Սուսաննա Բաղյանը կատարել է նշված պայմանագրի անբաժանելի մաս կազմող կանոնների 2.3 կետով սահմանված պարտավորությունը, մասնավորապես՝ որպես Ապահովադիր ներկայացրել է ավտոտրանսպորտը վարելու թույլտվություն ունեցող անձի (անձանց) տվյալները (անձնագրային և վարորդական տվյալները): Ապահովագրության վկայագրի 5-րդ կետով որպես լիազորված վարորդ նշվել է Արման Մինասյանը, վարորդական վկայական՝ АГН 768089, վարորդական ստաժ՝ 1998 թվականից:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունն է կրում լիազորված անձի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ ավտոտրանսպորտային միջոցը վարելու օրինական հիմք և համապատասխան կարգի վարորդական իրավունք ունենալու հանգամանքը ստուգելու պարտավորություն և դրանից ելնելով՝ որոշում է ապահովագրության պայմանագիրը կնքելու կամ չկնքելու հարցը: Սույն գործով Ընկերությունը տեղեկացվել էր լիազորված անձի բոլոր այն տվյալների մասին, որոնք, ըստ կանոնների 1.7.7 կետի, անհրաժեշտ և բավարար էին պայմանագիրը կնքելու հարցը լուծելու համար, մասնավորապես, այն որ Արման Մինասյանն ունի միայն վարորդական իրավունքի «C» կատեգորիա, որը թույլ է տալիս վարել միայն բեռնատար մեքենաներ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե Ընկերությունը, ներկայացված փաստաթղթերի գնահատման արդյունքում անտեսելով ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները, այնուամենայնիվ, կնքում է ապահովագրության պայմանագիր, այսինքն` պատրաստակամություն է հայտնում, որպեսզի համապատասխան ավտոտրանսպորտային միջոցն այդ անձի կողմից վարելու հետևանքով առաջացած պատահարները լինեն ապահովագրության պայմանագրի առարկա, ապա Ընկերությունն այլևս չի կարող վկայակոչել նման թերությունների առկայությունը և պետք է կատարի պայմանագրից բխող բոլոր պարտավորությունները:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սուսաննա Բաղյանի կողմից տեղի չի ունեցել ապահովագրության վկայագրի մաս կազմող կանոնների խախտում, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի ուժով Ընկերությունը պարտավոր է հատուցել ապահովագրական վճարը:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ ՀՀ կառավարության 18.09.2008 թվականի թիվ 1158-Ն որոշմամբ հաստատված կարգից հետևում է, որ «C» կարգի վարորդական իրավունքի վկայագրի առկայության պայմաններում վարորդին արգելված չէ վարելու ավելի ցածր «B» կարգի մեխանիկական տրանսպորտային միջոց, ապա Վճռաբեկ դատարանն այդ փաստարկին չի անդրադառնում, քանի որ վերոնշյալ կարգն ընդունվել է 18.09.2008 թվականին, հետևաբար այն կիրառելի չէ 1998 թվականին Արման Մինասյանին տրված վարորդական իրավունքի վկայականի նկատմամբ, առավել ևս որ նման կանոնակարգում նշված կարգում առկա չէ:
Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Դատարանի վճռում բացակայում է անդրադարձ հայցվորների ավելացրած հայցապահանջին, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածը:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ապահովագրության վկայագրի հավելված հանդիսացող կանոնների 9.1 կետը, որի արդյունքում իրականացրել է ապահովագրական վճարի հատուցման սխալ հաշվարկ, ապա Վճռաբեկ դատարանն այն հիմնավոր է համարում հետևյալ պատճառաբանությամբ՝
Ապահովագրության վկայագրի հավելված հանդիսացող «Ցամաքային ավտոտրանսպորտի կամավոր ապահովագրության» կանոնների 9.1 կետի համաձայն՝ եթե ապահովագրական պատահար տեղի ունենանալու պահին Ապահովագրության պայմանագրով սահմանված ապահովագրական գումարը ցածր է ավտոտրանսպորտի ապահովագրական (իրական և շուկայական) արժեքից, ապա ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում Ապահովագրողն Ապահովադրին (Շահառուին) վճարում է ապահովագրական հատուցում ապահովագրական պատահարի հետևանքով պատճառված փաստացի վնասի մի մասի չափով՝ ապահովագրական արժեքի նկատմամբ ապահովագրական գումարի համամասնությամբ՝ դրանից մասհանելով Ապահովագրության պայմանագրով նախատեսված ոչ պայմանական չհատուցվող գումարը, բացառությամբ Ապահովագրության պայմանագրով նախատեսված դեպքերի:
Սույն գործով Սուսաննա Բաղյանն ապահովագրել է իրեն սեփականության իրավունքով պատկանող «Մերսեդես Բենց C 240» մակնիշի 15 UO 433 պետական համարանիշի ավտոմեքենան իրական արժեքի 70%-ի չափով, գործում առկա Ապահովագրության վկայագրի 4-րդ կետի համաձայն`ապահովադրի կողմից հայտարարված ապահովագրական (իրական) արժեքը 7.900.000 ՀՀ դրամն է, իսկ նույն վկայագրի 7-րդ կետի համաձայն՝ ապահովագրական գումարն է 5.530.000 ՀՀ դրամը, վթարի հետևանքով ավտոմեքենային պատճառված վնասը 3.750.000 ՀՀ դրամ է, վկայագրի 13-րդ կետի համաձայն՝ ոչ պայմանական չվճարվող գումար է սահմանվել 83.000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի համար:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ապահովագրական գումարը կանոնների 9.1 կետի ուժով ենթակա է հատուցման հետևյալ կերպ. պատճառված իրական վնասի 70%-ից պետք է հանվի պայմանագրով նախատեսված չհատուցվող գումարը, ինչն էլ կկազմի ապահովագրական հատուցման գումարը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկվող դատական ակտի բեկանման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ Դատարանի 19.02.2010 թվականի վճիռը՝ ապահովագրական վճարի հատուցման մասով բեկանվել է, և այդ մասով գործն ուղարկվել է նոր քննության:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանը կայացրել է ըստ էության ճիշտ դատական ակտ, հետևաբար տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի սխալ պատճառաբանված դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը։
Վերոգրյալից ելնելով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանում գործի նոր քննության ընթացքում պետք է հիմք ընդունել սույն որոշման պատճառաբանությունները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2010 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ սույն որոշման պատճառաբանություններով։
2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Մ. Դրմեյան | |
|
Վ. Աբելյան | |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|