ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2010 թվականի N 1730-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1516-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1316-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 1032-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1888-Ն ԵՎ N 1915-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի դեկտեմբերի 11-ի ՆՀ-292-Ն հրամանագրի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ։
2. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1516-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման N 1 հավելվածում`
ա. 7-րդ կետի «զ» ենթակետից հանել «սննդամթերքի անվտանգության, անասնաբուժական, բուսասանիտարական և» բառերը,
բ. 8-րդ կետի «ը», «ժբ» և «ժգ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը) անտառային հողերում հրդեհային անվտանգության ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ».
«ժբ) գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծության աջակցություն, ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ».
«ժգ) կենդանիների տոհմային գործի զարգացման ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ».
2) որոշման N 2 հավելվածում`
ա. «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնից հանել «Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչություն» և «Բուսասանիտարիայի պետական տեսչություն» բառերը,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` III բաժնով.
«III. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում պետական մարմիններ
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն»:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ ու հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1316-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետում`
ա. «ա» ենթակետի երկրորդ պարբերությունը «կողմից» բառից հետո լրացնել «(բացառությամբ սննդամթերքի անվտանգության բնագավառում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց)» բառերով,
բ. «ա» ենթակետի վեցերորդ պարբերությունը «իրականացումը» բառից հետո լրացնել «` բացառությամբ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների» բառերով,
գ. «բ» ենթակետից հանել «պարենահումքի ու սննդամթեքի» բառերը,
դ. «զ» ենթակետի երկրորդ պարբերությունից հանել «սննդի արտադրության», «գյուղատնտեսության» և «հանրային սննդի» բառերը, «առևտրի կազմակերպությունների» բառերը փոխարինել «ոչ պարենային արտադրանքի առևտրի կազմակերպությունների» բառերով, իսկ «գործընթացները» բառից հետո լրացնել «(բացառությամբ սննդամթերքի, կենդանական ծագման հումքի, մթերքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, անասնաբուժական դեղերի արտադրության, իրացման, վաճառքի, պահպանման, օգտահանման կամ ոչնչացման գործընթացների)» բառերով,
ե. «զ» ենթակետի չորրորդ պարբերությունը «արտադրանքի» բառից հետո լրացնել «բացառությամբ սննդամթերքի, սննդային հավելումների» բառերով, իսկ «նյութերի» բառից հետո` «բացառությամբ սննդամթերքի, սննդային հավելումների, սննդամթերքի հետ շփվող նյութերի» բառերով,
զ. «է» ենթակետից հանել «սննդամթերքի մշակման և արտադրության ոլորտում սննդային հավելումների» և «գյուղատնտեսական բույսերի և կենդանիների աճի համար խթանիչների օգտագործումը,» բառերը,
է. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժա» ենթակետով.
«ժա) սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կամ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողություն իրականացնող մարմիններին տեղեկացում, դրանց առաջացման, ինչպես նաև տարածման պատճառների ու պայմանների հայտնաբերումը, նմուշառման և լաբորատոր հետազոտությունների համատեղ իրականացումը, սննդային գործոնով պայմանավորված վարակիչ և ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների և թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման մասնակցությունը:».
2) որոշման N 2 հավելվածի «Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնում «Սնուցման և սննդամթերքի անվտանգության բաժին» բառերը փոխարինել «Սնուցման բաժին» բառերով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 24-ի «Չափագիտության ազգային մարմին և չափագիտության ազգային ինստիտուտ ճանաչելու մասին» N 1032-Ն որոշման 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` բացառությամբ փաթեթավորված, չափածրարված սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ապրանքների նկատմամբ չափագիտական վերահսկողության իրականացմանը վերաբերող ոլորտի, որի չափագիտության ազգային մարմին ճանաչել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:» բառերով:
6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին` 15-օրյա ժամկետում`
1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պահպանման ծախսերի վերաբերյալ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարություն սահմանված կարգով համատեղ ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմին հանձնվող գույքի կազմի և չափի վերաբերյալ։
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի`
1) «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսասանիտարիայի պետական տեսչություն ստեղծելու, տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1888-Ն որոշումը.
2) «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1915-Ն որոշումը։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հունվարի 12 |
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ` ծառայություն) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, որն իրականացնում է սննդամթերքի անվտանգության և համապատասխանության գնահատման, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը, օրենքով, իսկ առանձին դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ այդ բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։
2. Ծառայությունը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսասանիտարիայի պետական տեսչության իրավահաջորդն է։
3. Ծառայությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի հիման վրա։
4. Ծառայության լիազորությունները սահմանվում են «Անասնաբուժության մասին», «Բուսասանիտարիայի մասին» և «Սննդամթերքի անվտանգության մասին», «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։
5. Ծառայությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան։
6. Ծառայությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, ծառայության հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
(6-րդ կետը խմբ. 10.03.11 N 267-Ն)
7. Ծառայությունը կազմված է ծառայության պետից, պետի տեղակալներից, ծառայության աշխատակազմից, ինչպես նաև ծառայության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից։ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ծառայությանը կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման (կառավարման) իրավասությունը:
7.1. Ծառայության անվանումն է`
հայերեն լրիվ անվանումը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն,
ռուսերեն լրիվ անվանումը` Государственная служба безопасности пищевых продуктов министерства сельского хозяйства РА,
անգլերեն լրիվ անվանումը` State service fօr fօօd safety օf tհe Ministry օf Agricսltսre օf RօA,
հայերեն կրճատ անվանումը` ՍԱՊԾ,
ռուսերեն կրճատ անվանումը` ГСБПП,
անգլերեն կրճատ անվանումը` SSFS:
(7.1 կետը լրաց. 10.03.11 N 267-Ն)
II. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
8. Ծառայության նպատակներն ու խնդիրները սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումն է, որը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա`
1) սպառողների առողջության համար սննդամթերքի հնարավոր վնասակար ազդեցությունից պաշտպանության նպատակով սննդի շղթան (արտադրությունից մինչև սպառումը) որպես մեկ միասնական ամբողջություն դիտարկելն է («ֆերմայից մինչև պատառաքաղ» կամ «դաշտից մինչև սեղան» սկզբունքը).
2) սննդամթերքի արտադրության և շրջանառության կամ սննդի շղթայի փուլերում պետական վերահսկողության ապահովումը հետագծելիության սկզբունքի կիրառմամբ.
3) սննդամթերքի անվտանգության գիտականորեն հիմնավորված ռիսկերի գնահատման, խորհրդատվության տրամադրման, ռիսկերի կառավարման ընթացքում դրանց գիտականորեն հիմնավորված գնահատականների հիման վրա որոշումների ընդունումը («ռիսկերի վերլուծության սկզբունքը»).
4) սննդամթերքի անվտանգության համակարգի գործունեության վերաբերյալ հանրությանը հստակ, ամբողջական և հավաստի տեղեկատվության տրամադրումը («թափանցիկության և շահառուների ներգրավման սկզբունքը»).
5) սննդամթերքի անվտանգության ապահովման համար սննդի շղթայի բոլոր փուլերում գործառնություններ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ (ներառյալ անասնակեր և առաջնային գյուղատնտեսական մթերք արտադրողները, վերամշակողները, իրացնողները) օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցների կիրառումը («տնտեսավարող սուբյեկտների պատասխանատվության սկզբունքը»).
6) սպառողների առողջությանն սպառնացող վտանգի հավանականության առկայության դեպքում, երբ վտանգի լիարժեք գնահատման համար գիտական հիմքերը բավարար չեն կամ անորոշ են, ռիսկերի կառավարման նախազգուշական միջոցների կիրառումը («նախազգուշացման սկզբունքը»):
III. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Ծառայությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, կենդանական ծագման հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների և կերային հավելումների, բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների համար նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների համապատասխանության նկատմամբ վերահսկողություն.
2) սննդամթերքի անվտանգության, բուսասանիտարիայի և անասնաբուժության բնագավառներում ծրագրերի մշակումը և իրականացումը, միջազգային համապատասխան կառույցների հետ համագործակցությունը.
3) վերահսկողություն է իրականացնում ներմուծվող, տարանցիկ փոխադրվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների` արտահանող երկրի կողմից տրված բուսասանիտարական փաստաթղթերի համապատասխանության նկատմամբ.
4) իր լիազորությունների սահմաններում վերահսկողություն է իրականացնում բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման, արտահանման, պահպանման, փոխադրման, իրացման, օգտագործման գործընթացների, ինչպես նաև բուսասանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարման նկատմամբ.
5) Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու և դրանց հետագա տարածումը կանխարգելելու նպատակով պարբերաբար մոնիթորինգի` մշտադիտարկման անցկացում, բուսասանիտարական վտանգի վերլուծություն, այլ ծառայությունների կողմից կատարվող վնասակար օրգանիզմների մոնիթորինգի անցկացման նկատմամբ վերահսկողություն, արդյունքների հիման վրա կարանտին վնասակար օրգանիզմներից ազատ (զերծ) գոտիների սահմանների որոշում.
6) վերլուծում է գյուղատնտեսական, գեղազարդային մշակաբույսերի և անտառի բուսասանիտարական վիճակը, անհրաժեշտության դեպքում իրազեկում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց վնասակար օրգանիզմների հայտնաբերման, կանխարգելման, տարածման, դրանց դեմ պայքարի համալիր միջոցառումների կիրառման մասին.
7) բուսասանիտարական վտանգի վերլուծության հիման վրա հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքում բացակայող կամ սահմանափակ տարածում ունեցող կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ցանկը.
8) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում չստացած, օգտագործումից հանված, ժամկետանց և արգելված, բնակչության առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման, իրացման, օգտագործման բացառում, ագրարային կանոնների խախտմամբ կատարվող պայքարի աշխատանքների հսկողություն.
9) վերահսկողություն է իրականացնում իրավաբանական և ֆիզիկական անձանց հողային, արտադրական, առևտրային, պահեստային տարածքներում և կարգավորվող առարկաներում բույսերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների անցկացման նկատմամբ.
10) ֆիզիկական և իրավաբանական անձանց տալիս է բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների, բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման թույլտվություն և բույսերի, բուսական արտադրանքի ու կարգավորվող առարկաների ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրեր.
11) վերահսկողություն է իրականացնում հողերի մշակության, բույսերի և բուսական արտադրանքի արտադրության, ներմուծման, փոխադրման, պահպանման, իրացման, օգտագործման գործընթացներում բուսասանիտարական ստուգման և վնասակար օրգանիզմների դեմ տարվող պայքարի միջոցառումների անցկացման նկատմամբ.
12) ներմուծվող բեռներում հայտնաբերված կարանտին վնասակար օրգանիզմների մասին ծանուցում է արտահանող երկրի բուսասանիտարիայի բնագավառի պետական մարմնին, բույսերի պաշտպանության եվրոպական և միջերկրածովյան կազմակերպությանը և Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային հսկիչ կետերին.
13) իրականացնում (վարում) է բուսական արտադրանք և կարգավորվող առարկաներ արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող և արտահանող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական բուսասանիտարական հաշվառումը (ռեգիստրը), մուտքագրում և պահպանում է վնասակար օրգանիզմների հայտնաբերման տեղեկատվական համակարգերը (տվյալների բազաները).
14) վերահսկողություն է իրականացնում բույսերի պաշտպանության և կարանտինի միջոցառումների նկատմամբ, մոնիթորինգի իրականացման և բուսասանիտարական իրավիճակի գնահատման արդյունքում պլանավորում է վնասատուների դեմ պայքարի միջոցառումները.
15) վերահսկողություն է իրականացնում պեստիցիդների մնացորդային քանակի նկատմամբ.
16) սերոմոնիթորինգի աշխատանքների կազմակերպման և իրականացման գործընթացները վերահսկելը.
17) Հայաստանի Հանրապետությունում կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համալիրում հակաանասնահամաճարակային և անասնաբուժասանիտարական կանխարգելիչ և հարկադիր միջոցառումների իրականացման աշխատանքները վերահսկելը.
18) կենդանիների պահվածքի, անասնապահական շինությունների շահագործման վերաբերյալ խորհրդատվություն, անասնապահական շինությունների շինարարության թույլտվության համաձայնեցում, կենդանիների պահվածքի, անասնապահական շինությունների զոոհիգիենիկ և անասնաբուժասանիտարական նորմերի պահպանման վերահսկողություն.
19) հակաանասնահամաճարակային միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ անասնաբուժական միջոցների, անասնաբուժական դեղամիջոցների և այլ պարագաների ու նյութերի ձեռքբերման, ներմուծման, պահպանման, բաշխման, օգտագործման, իրացման վաճառքի (գործընթացների) նկատմամբ պետական վերահսկողությունը.
20) անասնաբուժական ծառայության, հանրապետությունում իրականացվող անասնահամաճարակային միջոցառումների, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման, արհեստական սերմնավորման կազմակերպում և դրանց նկատմամբ պետական վերահսկողություն, այդ գործընթացում պետական մարմինների և մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցություն.
21) անասնաբուժության, բուսասանիտարիայի և սննդամթերքի անվտանգության բնագավառներում սննդամթերքի, սննդային հավելումների, սննդամթերքի հետ շփվող նյութերի, կենդանական ծագման մթերքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, անասնաբուժական դեղերի, բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների, բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծում, արտահանում, արտադրություն, պահպանում, վերամշակում, իրացում, վաճառք, կենդանիների սպանդ իրականացնող անձանց գործունեության, տեխնոլոգիական սարքավորումների օգտագործման, շահագործման և տեխնոլոգիական գործընթացների կասեցում կամ արգելում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այդ թվում` սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմերով սահմանված պահանջների խախտումների դեպքերում, սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության, բուսասանիտարիայի և համապատասխանության բնագավառի օրենսդրության բացահայտված խախտումները և թերությունները վերացնելու նպատակով պարտադիր կատարման հանձնարարականների, առաջադրանքների սահմանում, արտադրանքի իրացման կասեցման կամ արգելման, խախտումների վերացման կարգադրագրերի արձակում, օրենքով սահմանված կարգով վարչական տույժերի և տուգանքների նշանակում.
22) մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումների իրականացման գործում պետական կառավարման ու շահագրգիռ մյուս մարմինների հետ համագործակցելը.
23) կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների հայտնաբերման դեպքում պետական սանիտարահիգիենիկ վերահսկողություն իրականացնող մարմնին տեղեկացում և համատեղ միջոցառումների կազմակերպում և իրականացում.
24) օտարերկրյա պետություններից կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր ու պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների` Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցումը կանխարգելող միջոցառումների կազմակերպում և իրականացում, այդ ուղղությամբ պետական և շահագրգիռ մյուս մարմինների հետ համագործակցություն.
25) Հայաստանի Հանրապետության տարածքով կենդանիների, սննդամթերքի կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի, լրացակերերի, անասնաբուժական դեղամիջոցների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման, ինչպես նաև ներքին փոխադրումների, արտադրության, դրանց վերամշակման, պահպանման, իրացման գործընթացների վերահսկում.
26) սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման, արտադրության, ինչպես նաև իրացման փուլում գենետիկորեն փոփոխված օրգանիզմների (ԳՓՕ-ի) հսկողության իրականացում.
27) Հայաստանի Հանրապետությունում կենդանիների արհեստական սերմնավորման, համարակալման և գրանցման գործընթացների վերահսկում.
28) սննդամթերքի արտադրության բնագավառում վտանգի աղբյուրի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրմանն աջակցելը, ներդրված համակարգի նկատմամբ պետական վերահսկողությունը.
29) սննդամթերքի, կենդանական ծագման հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, անասնաբուժական դեղամիջոցների, բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների, բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի, ինչպես նաև կենդանիների դիակների ոչնչացման կամ տեխնիկական օգտահանման գործընթացների վերահսկողություն.
30) անասնաբուժության, բուսասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության, համապատասխանության գնահատման բնագավառներում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանցից օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով համապատասխան տեղեկատվության, հաշվետվությունների ստացում` սահմանված կարգով և ժամկետներում, վերլուծության իրականացում, արձանագրված տվյալների հավաստիության ստուգում.
31) անասնաբուժական, սննդամթերքի անվտանգության ուղեկցող, լաբորատոր հետազոտությունները հավաստող փաստաթղթեր տալու, հաշվառելու և օգտագործելու գործընթացների վերահսկողություն.
32) սննդի արտադրության, պահպանման, տեղափոխման, վերամշակման, իրացման փուլում (արտադրության և շրջանառության փուլեր) բոլոր փուլերում սննդամթերքի անվտանգությանն առնչվող նորմատիվ փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.
33) փաթեթավորված, չափածրարված սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ապրանքների նկատմամբ չափագիտական վերահսկողության իրականացում.
34) սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, կերերի, լրացակերերի, կերային հավելումների, կերային խառնուրդների ներմուծման, արտահանման, արտադրության, պահպանման, փոխադրման, վերամշակման և իրացման գործընթացներում մակնշմանը, համապատասխանության գնահատմանը ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն.
35) բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների որակին, անվտանգությանը, համապատասխանությանը ներկայացվող պահանջների նկատմամբ վերահսկողություն` ներմուծման, արտահանման, արտադրության, պահպանման, փոխադրման, վերամշակման և իրացման գործընթացներում.
36) սննդի արտադրության և գյուղատնտեսության օբյեկտների, սարքավորումների, տեխնոլոգիական գործընթացները ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշումների ընդունում` մինչև սանիտարական նորմերի ու կանոնների, հիգիենիկ նորմատիվների և հակահամաճարակային ռեժիմների արձանագրված խախտումները վերացնելը.
37) սննդամթերքի մշակման և արտադրության ոլորտում սննդային հավելումների կիրառումը, գյուղատնտեսական բույսերի ու կենդանիների աճի համար խթանիչների օգտագործումը ժամանակավորապես արգելելու մասին, այն դեպքում, երբ առաջացել է մարդու առողջության վրա դրանց վնասակար ազդեցության վտանգ` մինչև մշակողի կամ արտադրողի կողմից դրանց անվտանգության վերաբերյալ գիտափորձնական հիմնավորում ներկայացնելը.
38) սննդամթերքի փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցների` որակական հատկությունների պահպանության, փաթեթավորման անվնաս պահպանման և աղտոտումից պաշտպանման՝ սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերով սահմանված սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին համապատասխան վերահսկողության իրականացում.
39) սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերի համար նախատեսված տարածքների կառուցման, կահավորման, վերանորոգման` նորմատիվ իրավական ակտերով սահմանված տվյալ սննդամթերքին ներկայացվող պահանջներին համապատասխանության վերահսկում.
40) սննդի արտադրության և գյուղատնտեսության մեջ հումքի նոր տեսակների կիրառումն ու իրացումը կասեցնելու մասին որոշման ընդունում, այն դեպքում երբ դրանք փորձաքննության արդյունքով ճանաչվել են մարդանց կյանքի և առողջության համար ճանաչվել են վտանգավոր.
41) սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության, բուսասանիտարիայի ոլորտների ռիսկերի կառավարումը և ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը` գիտականորեն հիմնավորված ռիսկերի վերլուծության և գնահատականների հիման վրա.
42) սույն կանոնադրությամբ նախատեսված ստուգումների ժամանակ արձանագրված արդյունքների ամփոփումը և վերլուծությունը.
43) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր իրավասության սահմաններում վարչական վարույթի վարումը, համապատասխան որոշումների ընդունումը և օրենքով նախատեսված դեպքերում պատասխանատվության միջոցների կիրառումը.
44) իրականացնում է վերահսկողություն նախատեսված ստուգումների ժամանակ հսկող տեսուչների իրականացված աշխատանքների նկատմամբ.
45) իր իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով գերատեսչական իրավական ակտերի ընդունում.
46) սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարական անվտանգության ապահովման նպատակով միջազգային և տարածաշրջանային համապատասխան կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը և տեղեկատվության փոխանակումը.
47) իրականացնում է օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։
IV. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
10. Ծառայության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը և ծառայության պետը` օրենքով ու սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
Ծառայության պետին (այսուհետ` պետ) նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
(10-րդ կետը խմբ. 10.03.11 N 267-Ն)
11. Ծառայության պետն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
12. Ծառայության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով ու կարգադրություններով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։
13. Ծառայության պետն իրականացնում է ծառայությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության ու բուսասանիտարիայի բնագավառների վերահսկողության քաղաքականության մշակման և իրականացման, տիրող իրավիճակի համար:
(13-րդ կետը խմբ. 10.03.11 N 267-Ն)
14. Ծառայության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետին:
15. Ծառայության պետը`
1) իր իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.
2) ղեկավարում է ծառայության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է ծառայության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
3) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի միջոցով առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության վարչապետին.
4) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ ծառայության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ ծառայության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
5) հաստատում է ծառայության հաստիքացուցակը.
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում ծառայության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
7) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.
8) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է ծառայության պետի տեղակալների, ծառայության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.
9) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ծառայության աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև իր ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
10) լսում և քննում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացված ծառայության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվությունների ու տարեկան հաշվեկշռի գործունեության ստուգման արդյունքները: Ծառայության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականն ու ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները, աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, որը լսում և իր առաջարկությունների հետ միաժամանակ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն.
11) իրականացնում է վերահսկողություն ծառայության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.
12) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.
13) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում ծառայության աշխատողների թիվը.
14) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
15) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շնորհում է դասային կոչումներ.
16) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
17) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(15-րդ կետը խմբ. 10.03.11 N 267-Ն)
16. Պետի բացակայության դեպքում նրա պարտականությունները կատարում է պետի տեղակալից մեկը:
17. Պետի տեղակալը`
1) համակարգում է ծառայության համակարգի աշխատանքները.
2) իր լիազորության սահմաններում համակարգում է ծառայության գործունեությունը` ծառայության իրեն հանձնարարված ոլորտում վերահսկողության քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` ծառայության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և իր ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով, տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
3) ծառայության նպատակներին և խնդիրներին համապատասխան` սահմանում է ծառայության համակարգի մարմիններին տրվող որոշակի հանձնարարականներ և առաջադրանքներ, իրականացնում է վերահսկողություն դրանց կատարման նկատմամբ.
4) պետի հանձնարարությամբ իրականացնում է պետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
5) համակարգում է իրեն հանձնարարված ոլորտներում ծառայության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
6) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
7) իրեն հանձնարարված ոլորտներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
8) պարբերաբար պետին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված ոլորտներում աշխատանքների իրականացման ընթացքի մասին.
9) ապահովում է իրեն հանձնարարված ոլորտներում պետի հրամանների և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում պետին.
10) պետին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերաբերող հարցերի մասին.
11) պետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
(17-րդ կետը փոփ. 10.03.11 N 267-Ն)
V. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
18. Ծառայության աշխատակազմի նպատակը և խնդիրը ծառայությանը` օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ծառայության մասնակցության ապահովումն է։
19. Ծառայության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից։
20. Ծառայության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա։
21. Ծառայության աշխատակազմն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։
22. Ծառայության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ։
23. Ծառայության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ։
24. Ծառայության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն։ Ծառայության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով։
25. Ծառայության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով։ Ծառայության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև ծառայության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
26. Ծառայության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը։
27. Ծառայության աշխատակազմի անվանումն է «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ։
28. Ծառայության աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Էրեբունի 12:
VI. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
29. Ծառայության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում։
30. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու ծառայության աշխատակազմի գույքը։
31. Ծառայության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով` իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը։
VI. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
32. Ծառայության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները:
33. Ծառայության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է պետը:
VII. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
34. Ծառայության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և պետը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում: Ծառայության աշխատակազմը ղեկավարում է ծառայության աշխատակազմի ղեկավարը:
35. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
1) վերակազմակերպում և դադարեցնում է ծառայության աշխատակազմի գործունեությունը.
2) հաստատում է ծառայության կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
3) որոշում է ծառայության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
4) հաստատում է ծառայության աշխատակազմի կառուցվածքը.
5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
36. Ծառայության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, ծառայության պետի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է ծառայության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և պետի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
37. Ծառայության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Ծառայության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
38. Ծառայության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի, ծառայության պետի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:
39. Ծառայության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
(39-րդ կետը փոփ. 10.03.11 N 267-Ն)
40. Ծառայության աշխատակազմի ղեկավարը`
1) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար.
2) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
3) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է ծառայության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
5) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.
6) պետի հաստատմանն է ներկայացնում ծառայության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է ծառայության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, ծառայության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
7) պետին է ներկայացնում առաջարկություններ ծառայության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
8) կազմակերպում է ծառայության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
9) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
10) կազմակերպում է ծառայությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
11) վերահսկում է ծառայության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
12) պետի ստորագրությանն է ներկայացնում պետի հրամանները.
13) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
14) կազմակերպում է ծառայության գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
15) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ, այդ թվում` նաև գլխավոր ֆինանսիստի պարտականությունները:
41. Ծառայության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է ծառայության աշխատակազմի ֆինանսահաշվապահական ծառայությունները, գործում ծառայության պետի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները։
42. Ծառայության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, ծառայության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
43. Ծառայության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
44. Ծառայության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
45. Ծառայության աուդիտորի պարտականությունները կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աուդիտորի կողմից:
IX. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
46. Ծառայության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Անասնաբուժական տեսչություն
Բուսասանիտարիայի տեսչություն
Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչություն
Ռազմավարության պլանավորման, մեթոդոլոգիայի և մոնիթորինգի վարչություն
Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժական և բուսասանիտարական ռիսկերի կառավարման վարչություն
Տարածքային մարմինների համակարգման վարչություն
Ներքին վերահսկողության բաժին
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Արտաքին կապերի բաժին
Անձնակազմի կառավարման բաժին
Քարտուղարություն
Իրավաբանական վարչություն
II. Տարածքային մարմիններ
Բագրատաշենի սահմանային հսկիչ բաժին
Բավրայի սահմանային հսկիչ կետ
Գոգավանի սահմանային հսկիչ կետ
Ագարակի սահմանային հսկիչ բաժին
Մարգարայի սահմանային հսկիչ կետ
Երևանի սահմանային հսկիչ բաժինուղղ.
«Զվարթնոց» օդանավակայանի սահմանային հսկիչ կետ
Գյումրու սահմանային հսկիչ կետ
Այրումի սահմանային հսկիչ կետ
Արագածոտնի մարզային կենտրոն
Արարատի մարզային կենտրոն
Արմավիրի մարզային կենտրոն
Գեղարքունիքի մարզային կենտրոն
Լոռու մարզային կենտրոն
Կոտայքի մարզային կենտրոն
Շիրակի մարզային կենտրոն
Սյունիքի մարզային կենտրոն
Վայոց ձորի մարզային կենտրոն
Տավուշի մարզային կենտրոն
Երևանի կենտրոնուղղ.
(Հավելվածը փոփ., լրաց. 10.03.11 N 267-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |