ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 08-1808 |
Քաղաքացիական գործ թիվ 08-1808 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան | |
Դատավորներ՝ Տ. Սահակյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. ԽՈւնԴԿԱՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. աՎԱՆԵՍՅԱՆԻ | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի հոկտեմբերի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Տրոլեյբուսային վարչություն» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հասմիկ Խաչատրյանի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.01.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` սեփականության իրավունքի ճանաչման և սեփականության իրավունքի գրանցման պարտադրման պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է ճանաչել սեփականության իրավունքը Գյումրու Վ. Սարգսյան փողոցի թիվ 15 հասցեում գտնվող 224,8քմ մակերեսով շենքի, Օստրովսկի թիվ 7 և Տերյան փողոցների խաչմերուկ հասցեում գտնվող 200քմ մակերեսով հողամասի և 60քմ մակերեսով շենքի նկատմամբ և պարտավորեցնել Կադաստրին գրանցելու սեփականության իրավունքը:
ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ` Դատարան) 07.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի 08.02.2008 թվականի որոշմամբ Կադաստրի վճռաբեկ բողոքը փոխանցվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.07.2008 թվականի որոշմամբ Կադաստրի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 22.07.2009 թվականի որոշմամբ Գյումրու քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.01.2010 թվականի որոշմամբ գործին մասանկից չդարձված անձ Գյումրու քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 07.11.2007 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2.Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետը և 110-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ տնտեսական դատարանի` 03.10.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով քննված գործը և սույն քաղաքացիական գործը նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքով չեն:
ՀՀ տնտեսական դատարանի` 03.10.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով գործին մասնակցող անձինք են հայցվոր` «Տրոլեյբուսային վարչություն» փակ բաժնետիրական ընկերությունը, պատասխանող` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանումը, երրորդ անձինք Գյումրու քաղաքապետարանը և «Կարկոմավտո» ՍՊ ընկերությունը: Վեճի առարկան է Գյումրու քաղաքապետի 16.06.2005 թվականի թիվ 1286 և 14.07.2004 թվականի թիվ 1062 որոշումները մասամբ 10.379,7քմ մակերեսով հողակտորի մասով անվավեր ճանաչելու և Գյումրի քաղաքի Վ.Սարգսյան 15 հասցեում գտնվող 224,8քմ մակերեսով հողամասի և 224,8քմ մակերեսով շենքի, Գյումրու Օստրովսկու 7 և Տերյան փողոցների խաչմերուկ հասցեում գտնվող 200քմ մակերեսով հողամասի և 60քմ մակերեսով շենքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և վերը նշված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցմանը պարտավորեցնելու պահանջները: Վեճի հիմքն է` ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ, 113-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետի և 207-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով ձեռքբերման վաղեմությամբ իրավունքի պետական գրանցումը:
Սույն գործով Ընկերության հայցն ուղղված է Կադաստրի դեմ, վեճի առարկան Գյումրի քաղաքի Վ.Սարգսյան 15 հասցեում գտնվող 224,8քմ մակերեսով հողամասի և 224,8քմ մակերեսով շենքի, Գյումրի քաղաքի Օստրովսկու 7 և Տերյան փողոցների խաչմերուկ հասցեում գտնվող 200քմ մակերեսով հողամասի և 60քմ մակերեսով շենքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելն է, իսկ հիմքը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 4-րդ կետով, 173-րդ, 176-րդ, 177-րդ 187-րդ հոդվածներով, 205-րդ հոդվածի 4-րդ կետով, 273-րդ, 275-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ, 118-րդ հոդվածներով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 21-րդ և 24-րդ հոդվածներով սեփականության իրավունքը ճանաչելու և Կադաստրին սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Գյումրու քաղաքապետարանի որոշումներով «Կարկոմավտո» ՍՊԸ-ին հատկացված հողակտորների մեջ 224,8քմ մակերեսով հողամասը ներառված չի եղել, հետևաբար 224,8քմ մակերեսով հողամասը չէր կարող քննարկման առարկա դառնալ ՀՀ տնտեսական դատարանի 03.10.2007 թվականի վճռով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.01.2010 թվականի որոշումը և այն փոփոխել:
3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝
ՀՀ տնտեսական դատարանի` 03.10.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն` «Տրոլեյբուսային վարչություն» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման, երրորդ անձինք Գյումրու քաղաքապետարանի և «Կարկոմավտո» ՍՊ ընկերության` Գյումրու քաղաքապետի 16.06.2005 թվականի թիվ 1286 և 14.07.2004 թվականի թիվ 1062 որոշումները մասամբ` 10.379,7քմ մակերեսով հողակտորի մասով, անվավեր ճանաչելու և Գյումրու Վ.Սարգսյան 15 հասցեում գտնվող 224,8քմ մակերեսով հողամասի և 224,8քմ մակերեսով շենքի, Գյումրու Օստրովսկու 7 և Տերյան փողոցների խաչմերուկ հասցեում գտնվող 200քմ մակերեսով հողամասի և 60քմ մակերեսով շենքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և վերը նշված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցմանը պարտավորեցնելու պահանջների մասին մերժվել է (հատոր երկրորդ գ.թ 18-21):
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին, միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, բացառությամբ նույն օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի:
Վերաքննիչ դատարանը սույն գործի կարճման հիմքում դրել է այն հանգամանքը, որ ՀՀ տնտեսական դատարանի` 03.10.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով քննված գործը և սույն քաղաքացիական գործը նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքով է:
ՀՀ տնտեսական դատարանի` 03.10.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն` «Տրոլեյբուսային վարչություն» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման, երրորդ անձ Գյումրու քաղաքապետարանի` սեփականության իրավունքի ճանաչման և սեփականության իրավունքի գրանցման պարտադրման պահանջի մասին, այնուհետև դատաքննության ընթացքում հայցի հիմքը և առարկան փոխել է և պահանջել է հայցը քննության առնել «Գյումրու քաղաքապետի` 14.07.2004 թվականի թիվ 1062 և 16.06.2005 թվականի թիվ 1286 որոշումները մասամբ` 10.379,7քմ մակերեսով հողամասի մասով, անվավեր ճանաչելու, Ընկերության սեփականության իրավունքը նշված հողամասի մասով ճանաչելու, ինչպես նաև հողամասերի, այնպես էլ շենքերի նկատմամբ Ընկերության սեփականության իրավունքի գրանցումը կատարելուն Կադաստրին պարտավորեցնելու և «Կարկոմավտո» ՍՊԸ-ի անվամբ ք. Գյումրի Վ. Սարգսյան 15 հասցեում գտնվող հողակտորների նկատմամբ գրանցված իրավունքը 10.379,7քմ հողակտորի մասով անվավեր ճանաչելու պահանջի մասով», իսկ ք. Գյումրի Օստրովսկի 7 և Տերյան փողոցների խաչմերուկում գտնվող հողակտորի մասով պահանջը թողնվել է նույնը:
Նշված գործին մասնակցող անձինք են` հայցվոր «Տրոլեյբուսային վարչություն» ՓԲԸ-ն, պատասխանող ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանումը, երրորդ անձինք Գյումրու քաղաքապետարանը և «Կարկոմավտո» ՍՊԸ-ն: Վեճի առարկան է Գյումրու քաղաքապետի 16.06.2005 թվականի թիվ 1286 և 14.07.2004 թվականի թիվ 1062 որոշումները մասամբ` 10.379,7քմ մակերեսով հողակտորի մասով անվավեր ճանաչելու և Գյումրու Վ.Սարգսյան 15 հասցեում գտնվող 224,8քմ մակերեսով հողամասի և 224,8քմ մակերեսով շենքի, Գյումրի քաղաքի Օստրովսկու 7 և Տերյան փողոցների խաչմերուկ հասցեում գտնվող 200քմ մակերեսով հողամասի և 60քմ մակերեսով շենքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և վերը նշված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցմանը պարտավորեցնելու պահանջները: Հիմքը` հողամասի և շինության նկատմամբ ձեռքբերման վաղեմությամբ սեփականության իրավունքի ճանաչումը և պետական գրանցումը:
Սույն քաղաքացիական գործով դատարանը քննել է Ընկերության հայցն ընդդեմ Կադաստրի` սեփականության իրավունքի ճանաչման և սեփականության իրավունքի գրանցման պարտադրման պահանջների մասին: Սույն քաղաքացիական գործին մասնակցող անձինք են հայցվոր Ընկերությունը և պատասխանող Կադաստրը: Վեճի առարկան է` Գյումրի քաղաքի Վ.Սարգսյան 15 հասցեում գտնվող 224,8քմ մակերեսով հողամասի և 224,8քմ մակերեսով շենքի, Գյումրի քաղաքի Օստրովսկու 7 և Տերյան փողոցների խաչմերուկ հասցեում գտնվող 200քմ մակերեսով հողամասի և 60քմ մակերեսով շենքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելը, իսկ հիմքը` հողամասի և շինության նկատմամբ ձեռքբերման վաղեմությամբ սեփականության իրավունքի ճանաչումը և պետական գրանցումն է:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ ՀՀ տնտեսական դատարանի` 03.10.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով և սույն քաղաքացիական գործով վեճը նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.01.2010 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ | |
Դատավորներ` |
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | |
Վ. ԱԲԵԼՅԱՆ | ||
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |