ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունվարի 2011 թվականի N 9-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պահպանման ծախսերի ֆինանսավորման, այդ թվում` ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ առաջարկություն:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`
1) 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կառուցվածքը.
2) ապահովել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պետական հաշվառումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում` պետական հիմնարկի միջոցների հաշվին.
3) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատողների թիվը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հունվարի 17 |
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության (այսուհետ` լիազոր մարմին) «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը (այսուհետ` հիմնարկ) բնապահպանության նախարարության կազմում գործող՝ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է:
2. Հիմնարկի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր):
3. Հիմնարկն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով ու համապատասխան միջազգային կամ օտարերկրյա կազմակերպության միջև ստորագրված վարկային կամ դրամաշնորհային համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:
4. Հիմնադրի և հիմնարկի միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
5. Հիմնարկի անվանումն է`
1) հայերեն լրիվ՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ.
2) ռուսերեն լրիվ՝ Государственное учреждение "Бюро по реализации экологическиx программ" министерства охраны природы Республики Армения.
3) անգլերեն լրիվ՝ State Agency "Environmental project implementation unit” at the Ministry of Nature Protection of the Republic of Armenia.
4) հայերեն կրճատ` ՀՀ ԲՆ «ԲԾԻԳ» ՊՀ.
5) ռուսերեն կրճատ` ГУ "АРЭП" МОП РА.
6) անգլերեն կրճատ` SA "EPIU” MoNP RA:
6. Հիմնարկի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Արմենակյան 129:
II. ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
7. Հիմնարկի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բնապահպանության ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն է: Հիմնարկի գործունեության հիմնական ոլորտներն են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և տարածքային կառավարման մարմինների բնապահպանության ոլորտի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու և դրամաշնորհային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին մշակված ծրագրերը և աշխատանքները, այդ թվում`
1) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի` ընդերքի, հողերի, ջրերի, մթնոլորտի, կենդանական ու բուսական աշխարհի, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման ու վերարտադրության բնագավառի պետական ծրագրերի իրականացման ապահովումը.
2) բնական ռեսուրսների կառավարման և շրջակա բնական միջավայրի պահպանության բնագավառում պետական ծրագրերի և պետական պատվերի իրականացումը.
3) բնապահպանության ոլորտում նախապատրաստական և ներդրումային միջազգային ծրագրերի իրականացումը:
8. Հիմնարկը ծրագրերի իրականացման ընթացքում հանդես է գալիս որպես պատվիրատու, միջազգային կազմակերպությունների հետ առկա պայմանագրերի պարագայում` նաև որպես իրականացնող: Ծրագրերի իրականացման ընթացքում հիմնարկի և սույն կանոնադրության 7-րդ կետով սահմանված իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են նրանց միջև կնքվող համաձայնագրով:
9. Հիմնարկի խնդիրներն են`
1) ծրագրի իրականացման շրջանակներում աշխատանքների կատարման ընթացիկ ժամանակացույցի և այդ աշխատանքների ծախսերի նախահաշվի կազմումը.
2) ծրագրի իրականացման նպատակով մրցույթների անցկացումը, առաջարկների գնահատումն ու վերլուծումը.
3) ծրագրի իրականացման հետ կապված պայմանագրերի նախապատրաստումն ու ստորագրումը.
4) ծրագրի լրիվ իրականացման մոնիթորինգը, հաշվետվություններ պատրաստելն ու ներկայացնելը.
5) ծրագրով նախատեսված աշխատանքների որակի, ժամկետների և կատարման նկատմամբ հսկողությունը.
6) ծրագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների (այդ թվում` նաև խորհրդատվական) ձեռքբերումը, եթե ծրագրի իրականացման պլանի համաձայն ծրագրի որևէ բաղադրիչի իրականացումը վերապահված չէ երրորդ անձի.
7) գործունեության համար անհրաժեշտ նախագծային աշխատանքների, փորձագիտական գնահատումների պատվիրումը կամ իրականացումը.
8) ծրագրի իրականացման հետ կապված վճարումների ղեկավարումը:
10. Հիմնարկն անցնում է տարեկան արտաքին աուդիտ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
11. Հիմնարկի տնօրենը ձևավորում է գնումների տարեկան հանձնաժողով: Գնումների տարեկան հանձնաժողովում պետական կառավարման մարմինները ներկայացվում են հետևյալ հարաբերակցությամբ` մեկական ներկայացուցիչ՝ ծրագիրը մշակած համապատասխան պետական մարմնից, լիազոր մարմնից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, ծրագրի շահառուներից, քաղաքացիական հասարակությունից, և երկու ներկայացուցիչ՝ հիմնարկի աշխատակազմից: Այն դեպքում, երբ ծրագիրը մշակած պետական մարմինը և հիմնարկի լիազորված մարմինը համընկնում են, հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար առաջարկվում է երկու թեկնածու:
12. Գնումների տարեկան հանձնաժողովը քննարկում և հաստատում է գնումների այն արդյունքները, որոնք սույն կանոնադրությամբ վերապահված չեն այլ մարմինների:
13. Գնումների տարեկան հանձնաժողովը քննարկում, եզրակացություն է կազմում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում 350 մլն դրամին համարժեք և ավելի գումարով մրցույթների արդյունքները:
III. ՀԻՄՆԱՐԿԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
14. Հիմնարկի իրավունակությունը ծագում է նրա կանոնադրությունը հաստատելու մասին հիմնադրի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
15. Հիմնարկի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և միջազգային պայմանագրերով:
16. Հիմնարկն իր հիմնադրի անունից, սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության նպատակներին համապատասխան, կարող է ունենալ քաղաքացիական իրավունքներ և կրել այդ գործունեության հետ կապված քաղաքացիական պարտականություններ:
17. Հիմնարկին պատկանող քաղաքացիական իրավունքները՝ ներառյալ դրա պաշտպանության իրավունքը, պետական հիմնարկն իրականացնում է հիմնադրի հայեցողությամբ` նրա անունից:
18. Հիմնարկն օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրերի իրականացման դեպքում օգտվում է տվյալ միջազգային համաձայնագրերով նախատեսված արտոնություններից:
19. Հիմնարկն ունի անվանում, հիմնադրի կողմից իրեն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույք, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմ: Հիմնարկն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով, եթե այլ պայմաններ չեն նախատեսված միջազգային կազմակերպությունների հետ կնքված համաձայնագրերով:
20. Հիմնարկն օրենքի սահմաններում, սույն կանոնադրությամբ նախատեսված ոլորտների և խնդիրների իրականացման համար, հիմնադրի անունից իրավունք ունի`
1) ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ.
2) դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելու պայմանագրեր և կրելու պարտավորություններ.
4) ծրագրի շրջանակներում մինչև 50,0 հազ. ԱՄՆ-ի դոլարին կամ 50,0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք այլ արժույթին համարժեք դրամ գումարով պայմանագրերի կնքման վերաբերյալ ինքնուրույն որոշում ընդունելու:
21. Հիմնարկի իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով, ինչպես նաև` հիմնադրի որոշմամբ:
22. Հիմնարկի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում հիմնադիրը` օրենքով սահմանված կարգով:
23. Հիմնարկը պարտավոր է`
1) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել հաշվետվություններ.
2) ապահովել կազմակերպության փաստաթղթերի (կազմակերպության կանոնադրություն, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հաստատող փաստաթղթեր, կազմակերպության ներքին փաստաթղթեր, տարեկան հաշվետվություններ, հաշվապահական հաշվառման փաստաթղթեր, կառավարման մարմինների նիստերի արձանագրություններ, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր) պահպանումը:
IV. ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
24. Հիմնարկի կառավարումն իրականացնում են հիմնադիրը և լիազոր մարմինը: Հիմնարկի հիմնադրին է պատկանում հիմնարկի կառավարման և գործունեության մասին ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը:
25. Հիմնարկի հիմնադրի լիազորություններն են`
1) հիմնարկի կառուցվածքի սահմանումը.
2) հիմնարկի գործունեության դադարման մասին որոշման ընդունումը.
3) հիմնարկի կանոնադրության հաստատումը, դրանում փոփոխությունների ու լրացումների կատարումը.
4) 350 մլն դրամին համարժեք և ավելի գումարով մրցույթների արդյունքների հաստատումը։
26. Լիազոր մարմինը`
1) կազմում և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում հիմնարկի աշխատողների թիվը.
2) տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու միջնորդությամբ դիմում է Հայաստանի Հանրապետության վարչապետին.
3) թեկնածուներ է առաջադրում մրցութային հանձնաժողովում ընդգրկելու համար.
4) հաստատում է հաստիքացուցակը և աշխատավարձի ֆոնդը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ.
5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
27. Հիմնարկի բարձրագույն ղեկավար պաշտոնատար անձը դրա տնօրենն է, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Հայաստանի Հանրապետության վարչապետը տնօրենին պաշտոնի է նշանակում մրցութային կարգով: Հիմնարկի տնօրենի և աշխատողների մրցույթի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
28. Հիմնարկի աշխատողների թիվը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` լիազոր մարմնի ներկայացմամբ:
29. Հիմնարկի տնօրենը գործում է սույն կանոնադրության, Հայաստանի Հանրապետության վարչապետի և հիմնադրի կողմից տրված հանձնարարականների ու Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
30. Հիմնարկի տնօրենը հաշվետու է հիմնադրին, Հայաստանի Հանրապետության վարչապետին և լիազոր մարմնին: Տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու միջնորդություն Հայաստանի Հանրապետության վարչապետին կարող է ներկայացնել նաև լիազոր մարմինը:
31. Հիմնարկի տնօրենը պատասխանատու է հիմնարկի կողմից մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց՝ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
32. Հիմնարկի տնօրենն օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է հիմնարկի գործունեությունը և կրում է պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի որոշումների, հիմնարկի և պետական մարմինների միջև կնքվող համաձայնագրերի, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
33. Հիմնարկի տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
34. Հիմնարկի տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառած վնասի համար: Հիմնարկի տնօրենի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
35. Հիմնարկի տնօրենը`
1) տնօրինում է հիմնարկի գույքը (այդ թվում` ֆինանսական միջոցները), գործարքներ կնքում հիմնադրի անունից.
2) ներկայացնում է հիմնարկը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
3) գործում է առանց լիազորագրի.
4) տալիս է հիմնարկի անունից հանդես գալու լիազորագրեր.
5) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).
6) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
7) մրցութային կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հիմնարկի աշխատողներին (բացառությամբ սպասարկող անձնակազմի).
8) հիմնարկի աշխատողների նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.
9) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և հիմնադրի հանձնարարականներով նախատեսված այլ լիազորություններ:
36. Հիմնարկի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է հիմնադրի կողմից սահմանված կարգով:
V. ՀԻՄՆԱՐԿԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ
37. Հիմնարկը չունի հիմնադրից առանձնացված գույք: Հիմնարկի գույքը սեփականության իրավունքով պատկանում է հիմնադրին:
38. Հիմնարկի գույքային իրավունքների օբյեկտներն են`
1) գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները.
2) աշխատանքները և ծառայությունները.
3) տեղեկատվությունը.
4) ոչ նյութական բարիքները:
39. Հիմնարկի տիրապետմանն ու օգտագործմանը կարող է պատկանել ցանկացած գույք` բացառությամբ գույքի առանձին տեսակների, որոնք օրենքին համապատասխան չեն կարող պատկանել հիմնարկին: Հիմնարկի տնօրինությանը պատկանող գույքի թիվն ու արժեքը չի սահմանափակվում` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
40. Հիմնարկի գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո:
VI. ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
41. Հիմնարկի գործունեությունը կարող է դադարել միայն հիմնադրի որոշմամբ:
42. Հիմնարկի հիմնադիրը կազմակերպության գործունեության դադարման մասին որոշմամբ նաև նշանակում է լուծարային հանձնաժողով, սահմանում լուծարման կարգն ու ժամկետները: Հիմնարկի լուծարման ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից:
43. Հիմնարկի գործունեությունը համարվում է դադարած` հիմնադրի սահմանած օրվանից:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |