ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 նոյեմբերի 2010 թվականի N 1406-Ն
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1531-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 6-րդ մասը և 55-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) կենսաթոշակի վճարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) լիազոր մարմնի և բանկի միջև կնքվող` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) լիազոր մարմնի և վճարահաշվարկային կազմակերպության միջև կնքվող` կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1531-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը «և» բառից հետո լրացնել «վճարման ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով`» բառերով,
2) որոշման N 2 հավելվածի «II. Տարածքային ստորաբաժանումներ» գլխից հանել «Վճարումների ծառայություն» բառերը:
3. Սահմանել, որ՝
1) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունն է.
2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «CBANet» միջբանկային համակարգչային ցանցին միանալու և կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական բազայում համապատասխան փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցներից.
3) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության լուծարման օրվա դրությամբ կենսաթոշակը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության միջոցով ստացող կենսաթոշակառուի կենսաթոշակը «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության միջոցով վճարվում է կանխիկ եղանակով` սույն որոշմամբ սահմանված կարգով` մինչև կենսաթոշակն ստանալու եղանակը, բանկը կամ կազմակերպությունն ընտրելու կամ փոխելու համար կենսաթոշակառուի կողմից դիմում ներկայացնելը,
4) «ՎՏԲ-Հայաստան» բանկի հետ կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելու պահին կենսաթոշակը «ՎՏԲ-Հայաստան» բանկի միջոցով ստացող կենսաթոշակառուի կենսաթոշակը «ՎՏԲ-Հայաստան» բանկի միջոցով վճարվում է անկանխիկ եղանակով` սույն որոշմամբ սահմանված կարգով` մինչև կենսաթոշակն ստանալու եղանակը, բանկը կամ կազմակերպությունն ընտրելու կամ փոխելու համար կենսաթոշակառուի կողմից դիմում ներկայացնելը:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել լիազոր մարմնի հետ կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների և դրանց կողմից մատուցվող ծառայությունների ու միջնորդավճարների վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայք-էջում հրապարակելը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. նոյեմբերի 9 |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1406-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորում են կենսաթոշակների վճարման հետ կապված հարաբերությունները:
Կենսաթոշակը վճարվում է կանխիկ կամ անկանխիկ եղանակով` բանկի կամ կազմակերպության միջոցով:
2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝
1) բանկ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (այսուհետ` ծառայություն) հետ կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած բանկ, որի միջոցով իրականացվում է կենսաթոշակների անկանխիկ վճարում.
2) կազմակերպություն` ծառայության հետ կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած` կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարող վճարահաշվարկային կազմակերպություն.
3) վճարման ցուցակ` կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին և նրանց վճարման ենթակա գումարներին վերաբերող տվյալների ամբողջություն, որի հիման վրա իրականացվում է կենսաթոշակների վճարումը.
4) կենսաթոշակառու` անձ, ում նշանակվել է կենսաթոշակ կամ ով օրենքով սահմանված իրավունք (բացառությամբ` լիազորագրի հիման վրա ստացած իրավունքի) ունի ստանալու այլ անձին նշանակված կենսաթոշակը.
5) կենսաթոշակի գումար` ըստ վճարման ցուցակների կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին վճարման ենթակա գումար:
3. Կենսաթոշակը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` կենսաթոշակառուի դիմումի հիման վրա:
4. Ծառայությունը, յուրաքանչյուր ամսվա վճարման ցուցակները բանկին կամ կազմակերպությանն է տրամադրում ոչ ուշ, քան մինչև տվյալ ամսվա 7-րդ աշխատանքային օրը:
5. Կենսաթոշակառուն իրավունք ունի ցանկացած ժամանակ դիմելու տարածքային բաժին` կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը կամ կազմակերպությունը փոխելու համար:
6. Կենսաթոշակն ստանալու եղանակը ընտրելու (փոխելու, այլ բանկի կամ կազմակերպության միջոցով կենսաթոշակը ստանալու) համար կենսաթոշակառուն դիմում է ներկայացնում ծառայության` իր բնակության վայրի տարածքային բաժին (այսուհետ` տարածքային բաժին):
Կենսաթոշակը բանկի միջոցով վճարվում է բանկից սույն կարգի 11-րդ կետով սահմանված տեղեկատվությունն ստանալու ամսվան հաջորդող ամսվանից, իսկ կազմակերպության միջոցով` դիմումը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսից:
Դիմումը մերժվում է, եթե կենսաթոշակառուի նշած բանկը կամ կազմակերպությունը ծառայության հետ չի կնքել կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր:
7. Դիմումում ներառվում են՝
1) կենսաթոշակառուի անունը, ազգանունը, հայրանունը.
2) անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը.
3) կենսաթոշակն ստանալու եղանակը, կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու դեպքում` նաև իր` բանկում բացված բանկային հաշվի համարը, իսկ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստանալու համար դիմելու դեպքում` նաև կազմակերպության անվանումը:
8. Տարածքային բաժինը կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական բազա է մուտքագրում կենսաթոշակը վճարելու եղանակը, կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու դեպքում` նաև կենսաթոշակառուի` բանկում բացված բանկային հաշվի համարը, իսկ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստանալու համար դիմելու դեպքում` նաև կազմակերպության անվանումը:
9. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված դիմումը ներկայացնելուն նախորդող ժամանակահատվածի չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են դիմումում նշված եղանակով (բանկի կամ կազմակերպության միջոցով):
II. ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐԵԼԸ
10. Կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելը կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուի բանկային հաշվին փոխանցելն է:
Կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ծառայության և բանկի միջև կնքված` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրով (այսուհետ` օրինակելի պայմանագիր), իսկ բանկային հաշվին մուտքագրած գումարները կենսաթոշակառուի կողմից տնօրինելու հետ կապված հարաբերությունները` կենսաթոշակառուի ու բանկի միջև կնքված` բանկային հաշվի պայմանագրով (այսուհետ` բանկային հաշվի պայմանագիր):
11. Բանկը յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը ծառայությանն է տրամադրում մինչև տվյալ ամսվա 20-ը (ներառյալ) իր հետ բանկային հաշվի պայմանագիր կնքած և (կամ) օրինակելի պայմանագրի 1.7-րդ կետում նշված դիմում ներկայացրած կենսաթոշակառուների տվյալները:
12. Ծառայությունը կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու դիմում ներկայացրած կենսաթոշակառուների` սույն կարգի 7-րդ կետով սահմանված տվյալները համեմատում է սույն կարգի 11-րդ կետով սահմանված տվյալների հետ և անհամապատասխանությունների առկայության դեպքում ճշտում է դրանք:
Անհամապատասխանությունները ճշտվում են բանկի և ծառայության միջև համաձայնեցված կարգով:
13. Ծառայությունը, հիմք ընդունելով կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական բազայում առկա տվյալները (այդ թվում` կենսաթոշակը վճարելու եղանակի և բանկային հաշվի համարը (բանկը), նախորդ ամսվա ընթացքում «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով փաստաթուղթը ներկայացրած կամ հայտարարություն տված անձանց վերաբերող տվյալները), ձևավորում է վճարման ցուցակը:
14. Սույն կարգով և օրինակելի պայմանագրով սահմանված ժամկետներում ու կարգով ծառայությունը բանկին է տրամադրում վճարման ցուցակը և ապահովում է վճարման ենթակա ամբողջ գումարի (այդ թվում` օրինակելի պայմանագրով սահմանված` ծառայությունների դիմաց վճարման ենթակա փոխհատուցման գումարի) փոխանցումը բանկին:
15. Բանկը, ոչ ուշ, քան համապատասխան դրամական միջոցներն ընդունելու օրվան հաջորդող բանկային օրվա ընթացքում, կենսաթոշակի գումարը մուտքագրում է կենսաթոշակառուի բանկային հաշվին:
16. Ծառայության և բանկի միջև տեղեկատվության փոխանակությունն իրականացվում է բանկի և ծառայության միջև համաձայնեցված կարգով:
III. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐԵԼԸ
17. Կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ծառայության և կազմակերպության միջև կնքված` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրով (այսուհետ` հիմնական պայմանագիր), իսկ կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուին տրամադրելու պայմաններն ու կարգը` սույն կարգով և այլ իրավական ակտերով:
18. Ծառայությունը, հիմք ընդունելով կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական բազայում առկա տվյալները (այդ թվում` կենսաթոշակը վճարելու եղանակին և վճարող կազմակերպությանը վերաբերող), կազմում է տվյալ ամսվա վճարման ցուցակը:
19. Սույն կարգով և հիմնական պայմանագրով սահմանված ժամկետներում ու կարգով ծառայությունը կազմակերպությանն է տրամադրում վճարման ցուցակը և ապահովում է վճարման ենթակա գումարի փոխանցումը կազմակերպությանը:
20. Կազմակերպությունը կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարում է Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակառուի բնակության վայրի հասցեում կամ կազմակերպության գրասենյակում` կենսաթոշակի գումարն անձամբ կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին (այսուհետ` կենսաթոշակ ստացող անձ) տրամադրելու միջոցով:
21. Կենսաթոշակ ստացող անձը կենսաթոշակի գումարն ստանալու համար կազմակերպության համապատասխան աշխատողին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը:
22. Կազմակերպության համապատասխան աշխատողը համադրում է կենսաթոշակ ստացող անձի ներկայացրած փաստաթղթի և վճարման ցուցակի տվյալները:
23. Անհամապատասխանություններ չլինելու դեպքում կազմակերպության աշխատողը կենսաթոշակ ստացող անձին է տրամադրում կենսաթոշակի գումարը:
24. Կենսաթոշակ ստացող անձն ստորագրում է կենսաթոշակների վճարման ցուցակում:
25. Կազմակերպությունը տվյալ ամսվա կենսաթոշակը վճարում է մինչև տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը, և հիմնական պայմանագրով սահմանված կարգով տեղեկատվություն է տրամադրում ծառայությանը:
26. Կազմակերպության մատուցած ծառայությունների համար վճարումը կատարվում է հիմնական պայմանագրով սահմանված կարգով:
VI. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ԼԻԱԶՈՐԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ
27. Կենսաթոշակը լիազորագրի հիման վրա կանխիկ եղանակով վճարելու համար անձը կենսաթոշակառուի բնակության վայրի տարածքային բաժին է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագիրը և լիազորագրի լուսապատճենը:
28. Տարածքային բաժնի մասնագետը լիազորագրի պատճենը համեմատում է բնօրինակի հետ, պատճենը կնքում տարածքային բաժնի կնիքով և վերադարձնում լիազորագրի բնօրինակը:
Տարածքային բաժնի մասնագետը կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական բազա է մուտքագրում լիազորված անձի տվյալները, որոնք, կենսաթոշակառուի տվյալների հետ արտացոլվում են վճարման ցուցակում` որպես կենսաթոշակը կենսաթոշակառուի փոխարեն ստանալու` օրենքով սահմանված իրավունք ունեցող անձ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1406-Ն որոշման |
Օրինակելի ձև
լիազոր մարմնի և բանկի միջև կնքվող` կենսաթոշակների վճարման
ծառայությունների մատուցման պայմանագրի
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
քաղ. Երևան |
___ ________ 20___ թ. |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ` պատվիրատու), ի դեմս ծառայության պետ ______________-ի, ով գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. դեկտեմբերի 27-ի N 1531-Ն որոշմամբ հաստատված ծառայության կանոնադրության հիման վրա, և ________________ ընկերությունը` ի դեմս ______________________________-ի, ով գործում է կանոնադրության հիման վրա (այսուհետ` կատարող) կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:
1. Պայմանագրի առարկան և այլ պայմաններ
1.1 Սույն պայմանագրում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.
1.1.1. կենսաթոշակ` կենսաթոշակի, պատվովճար, դրամական օգնության և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների գումար,
1.1.2. կենսաթոշակառու` անձ, ում կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով` կատարողի մոտ իր անունով բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով:
1.2. Կատարողը սույն պայմանագրով պարտավորվում է պատվիրատուից ընդունել և կենսաթոշակառուի բանկային հաշվին մուտքագրել կենսաթոշակի գումարները` էլեկտրոնային եղանակով ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վճարային հաղորդագրության տեսակների միջոցով՝ ըստ պատվիրատուի ներկայացրած` սույն պայմանագրի N 1 հավելվածով սահմանված տեղեկատվության (այսուհետ` վճարման ցուցակ):
Բանկն իրավունք չունի կենսաթոշակառուին մերժելու սույն պայմանագրին համապատասխան բանկային հաշիվ բացելը և վարելը (բանկային հաշվի պայմանագիր կնքելը):
1.3. Բանկային հաշիվը բացելու և վարելու հետ կապված հարաբերությունները (ներառյալ ծառայությունների վարձավճարները) կարգավորվում են կենսաթոշակառուի և կատարողի միջև կնքված` բանկային հաշվի պայմանագրով:
1.4. Կատարողը պարտավոր է կենսաթոշակառուին սպասարկել սույն պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող N 2 հավելվածով սահմանված` կենսաթոշակների վճարման համար սահմանված նվազագույն ծառայությունների առավելագույն սակագների համաձայն (այսուհետ՝ հիմնական ծառայությունների ցանկ):
1.5. Կատարողը կարող է սահմանել այլ լրացուցիչ ծառայությունների մատուցում, որոնք ներառված չեն հիմնական ծառայությունների ցանկում կամ սահմանել հատուկ պայմաններ հիմնական ծառայությունների համար:
1.6. Այն դեպքում, երբ կենսաթոշակառուն արդեն ունի բացված բանկային հաշիվ կատարողի մոտ (բանկում), ապա կատարողը կարող է նույն հաշվին մուտքագրել կենսաթոշակի գումարը, եթե կարող է ապահովել միաժամանակ հիմնական ծառայությունների մատուցումը:
1.7. Այն դեպքում, երբ կենսաթոշակառուն, իր դիմումի հիման վրա հրաժարվում է իր կենսաթոշակը կատարողից ստանալ հիմնական ծառայությունների համաձայն, ապա կենսաթոշակառուն կարող է օգտվել կատարողի կողմից մատուցվող ծառայություններից: Այս դեպքում պատվիրատուն կատարողին փոխհատուցում չի վճարում:
2. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները՝
2.1. Կողմերը իրավունք ունեն.
2.1.1. սույն պայմանագրով սահմանված կարգով դադարեցնելու պայմանագրի գործողությունը,
2.1.2. օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու մյուս կողմի գործողությունները և (կամ) անգործությունը,
2.2. Կողմերը սույն պայմանագրով նախատեսված դեպքերում միմյանց տեղեկատվություն են տրամադրում գրավոր կարգով՝ առձեռն հանձնելու կամ փոստով ուղարկելու միջոցով (եթե կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, տեղեկատվության տրամադրման այլ կարգ չեն սահմանել):
2.3. Կատարողը պարտավոր է՝
2.3.1. կենսաթոշակը կենսաթոշակառուի բանկային հաշվին մուտքագրել համապատասխան դրամական միջոցներն ընդունելու օրվան հաջորդող բանկային օրվա ընթացքում,
2.3.2. կենսաթոշակառուի մահվան դեպքում, պատվիրատուի պահանջով, որպես սխալ վճարված գումար, ՀՀ պետական բյուջե փոխանցել կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակների գումարները` պատվիրատուին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված գումարի (իսկ կենսաթոշակառուի բանկային հաշվին բավարար միջոցների բացակայության դեպքում` փոխանցման ենթակա` սակայն չփոխանցված գումարի) մասին` համապատասխան պահանջագիրը ներկայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ: Կատարողը պատասխանատվություն չի կրում սխալ վճարված գումարների օգտագործման համար, եթե դրանք օգտագործվել են մինչև կենսաթոշակառուի մահվան մասին տեղեկատվությունն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը (սույն կետի իմաստով մահվան մասին տեղեկատվություն ստանալու օր է համարվում կենսաթոշակառուի մահվան վկայականի պատճենը կատարողին ներկայացնելու կամ սույն պայմանագրի 2.4.2 կետով սահմանված` կենսաթոշակառուի մահվան մասին տեղեկատվությունը պատվիրատուից ստանալու օրը),
2.3.3. կենսաթոշակառուի մահվան մասին տեղեկատվություն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ (սույն կետի իմաստով մահվան մասին տեղեկատվության ստանալու օր է համարվում կենսաթոշակառուի մահվան վկայականի պատճենը կատարողին ներկայացնելը) տեղեկացնել պատվիրատուին և դադարեցնել տվյալ կենսաթոշակառուի հաշվով գործառույթների իրականացումը,
2.3.4. կենսաթոշակառուին մատչելի եղանակով անվճար տրամադրել իր բանկային հաշվին մուտքագրված կենսաթոշակի գումարների վերաբերյալ տեղեկատվություն (այսուհետ՝ քաղվածք)` առնվազն ամիսը մեկ անգամ,
2.3.5. մինչև յուրաքանչյուր ամսվա հինգերորդ աշխատանքային օրը պատվիրատուին տրամադրել այն կենսաթոշակառուների ցուցակը, ովքեր նախորդ ամսվա ընթացքում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ներկայացրել են փաստաթուղթը կամ տվել են հայտարարություն: Ընդ որում, կենսաթոշակառուի կողմից հայտարարություն տալ է համարվում նաև առնվազն տարին մեկ անգամ անձամբ կատարողի մոտ ներկայանալը,
2.3.6. յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը պատվիրատուին տրամադրել մինչև տվյալ ամսվա 20-ը (ներառյալ) իր հետ բանկային հաշվի պայմանագիր կնքած և (կամ) սույն պայմանագրի 1.7-րդ կետում նշված դիմում ներկայացրած կենսաթոշակառուների տվյալները:
2.4. Պատվիրատուն պարտավոր է`
2.4.1. տվյալ ամսվա վճարման ցուցակը կատարողին տրամադրելու օրվան հաջորդող բանկային օրվանից ոչ ուշ կատարողի հաշվին փոխանցել վճարման ենթակա ամբողջ գումարը,
2.4.2. կենսաթոշակառուի մահվան մասին տեղեկատվություն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ կատարողին տեղեկացնել այդ մասին և դադարեցնել կենսաթոշակի վճարումը,
2.4.3. օրենքով սահմանված կարգով ապահովել սույն պայմանագրի շրջանակներում իրեն հայտնի դարձած` բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության գաղտնիությունը,
2.4.4. սույն պայմանագրի 2.3.2 կետում նշված գումարների վերադարձման նպատակով կատարողին ներկայացնել սահմանված ձևով վճարման պահանջագիր:
3. Պայմանագրի գինը
Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների համար պատվիրատուն կատարողին վճարում է յուրաքանչյուր կենսաթոշակառուի համար տարեկան երեք հարյուր վաթսուն ՀՀ դրամի փոխհատուցում:
Ընդ որում, պատվիրատուն փոխհատուցման գումարը յուրաքանչյուր անգամ բանկին է փոխանցում միանվագ` կենսաթոշակառուի դիմումի հիման վրա տվյալ բանկի միջոցով առաջին անգամ վճարվող կենսաթոշակի գումարի հետ կամ տվյալ բանկին փոխհատուցումը վճարելու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա կենսաթոշակի գումարի հետ (եթե կենսաթոշակառուն այդ ընթացքում չի դիմել այլ բանկի միջոցով իր կենսաթոշակը վճարելու համար):
4. Վեճերի լուծման կարգը
Սույն պայմանագրի կապակցությամբ վեճեր ու տարաձայնություններ առաջանալու դեպքում դրանք լուծվում են տասնհինգ օրվա ընթացքում` բանակցությունների միջոցով, իսկ բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Եզրափակիչ դրույթներ
5.1. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կհանդիսանան սույն պայմանագրի անբաժանելի մասը:
5.2. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից։ Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ։
5.3. Սույն պայմանագիրը լուծվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ պայմանագիրը կատարելուց միակողմանի հրաժարվելու դեպքում: Պայմանագիրը լուծելու առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն երկու ամիս առաջ:
Պայմանագիրը լուծելու առաջարկությունը ներկայացնող կողմը պարտավոր է պայմանագիրը լուծելու մասին պատշաճ կարգով ծանուցել կենսաթոշակառուին առնվազն պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ:
Սույն պայմանագիրը լուծվում է պայմանագրով ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատճառած վնասները լրիվ հատուցելու պայմանով:
5.4. Սույն պայմանագիրն իրավաբանական ուժ է ստանում կնքման պահից և գործում է անորոշ ժամկետով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ |
_____________________________ |
_____________________________________________
|
________________________ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 |
Ց Ա Ն Կ
Պատվիրատուի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացվող տվյալների
1. բանկի անվանումը,
2. կենսաթոշակառուի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը, առկայության դեպքում` կենսաթոշակառուի փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը,
3. կենսաթոշակառուի բանկային հաշվի համարը,
4. վճարման ենթակա կենսաթոշակի գումարը` (այդ թվում` տվյալ ամսվան նախորդող ժամանակահատվածի համար)` ըստ ժամանակահատվածի և ըստ տեսակների,
5. վճարման ենթակա ընդհանուր գումարը:
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 |
Կենսաթոշակների վճարման համար սահմանված նվազագույն ծառայությունների առավելագույն սակագները
NN |
Ծառայությունների տեսակը |
Առավելագույն սակագինը |
1. |
Բանկային (քարտային) հաշվի բացում և սպասարկում |
անվճար |
2. |
Քարտերի թողարկում և տրամադրում |
անվճար |
3. |
Բանկային (քարտային) հաշվից միջոցների կանխիկացում (տվյալ բանկի սպասարկման կետերում) |
անվճար |
4. |
Քարտային հաշվից միջոցների կանխիկացում (այլ բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող սպասարկման կետերում) |
0.5 % |
5. |
Քարտի բլոկավորում և ապաբլոկավորում (քարտապանի պահանջով) |
անվճար |
6. |
Բանկոմատի միջոցով քարտի առգրավման դեպքում (բանկի սեփական սպասարկման կետերում) քարտի վերադարձ |
անվճար |
7.* |
Բանկոմատի միջոցով քարտի առգրավման դեպքում (այլ բանկերի սպասարկման կետերում) քարտի վերադարձ |
200 ՀՀ դրամ |
8.* |
ՊԻՆ կոդի վերականգնում |
700 ՀՀ դրամ |
9.* |
Քարտի վերաթողարկում (կորցնելու դեպքում) |
900 ՀՀ դրամ |
10. |
Քարտային գործարքների վերաբերյալ ամսական քաղվածքի տրամադրում |
անվճար |
11. |
Անկանխիկ վճարումների ապահովում |
անվճար |
Աղյուսակի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերում նշված ծառայություններն առաջին դեպքի համար մատուցվում են անվճար, իսկ հետագայում` աղյուսակում նշված միջնորդավճարի համաձայն, եթե բանկն ավելի նպաստավոր պայմաններ չի առաջարկում:
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2010 թվականի
նոյեմբերի 4-ի N 1406-Ն որոշման
Օրինակելի ձև
լիազոր մարմնի և վճարահաշվարկային կազմակերպության միջև կնքվող`
կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարելու ծառայությունների
մատուցման պայմանագրի
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
քաղ. Երևան |
___ ________ 20___ թ. |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ` պատվիրատու), ի դեմս ծառայության պետ ______________ -ի, ով գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. դեկտեմբերի 27-ի N 1531-Ն որոշմամբ հաստատված ծառայության կանոնադրության հիման վրա, և _________________________ վճարահաշվարկային կազմակերպությունը` ի դեմս _________________________________-ի ով գործում է կանոնադրության հիման վրա (այսուհետ` կատարող), կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:
1. Պայմանագրի առարկան և այլ պայմաններ
1.1. Սույն պայմանագրում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝
1.1.1. կենսաթոշակ` կենսաթոշակի, պատվովճարի, դրամական օգնության և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների գումար,
1.1.2. կենսաթոշակառու` անձ, ում կենսաթոշակը վճարվում է կանխիկ եղանակով` կենսաթոշակի գումարն անձամբ նրան կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին տրամադրելու միջոցով:
1.2. Կատարողը սույն պայմանագրով պարտավորվում է իր բանկային հաշվին մուտքագրված կենսաթոշակի գումարները, ըստ պատվիրատուի ներկայացրած` սույն պայմանագրի N 1 հավելվածով սահմանված տվյալների (այսուհետ` վճարման ցուցակ), տրամադրել կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին:
Վճարման ցուցակում արտացոլվում է նաև կենսաթոշակառուի փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձի տվյալները:
1.3. Սույն պայմանագրի 1.2-րդ կետով սահմանված ծառայությունը կատարողը մատուցում է կենսաթոշակառուի բնակության վայրի հասցեում կամ իր սպասարկման գրասենյակում:
Կատարողը ծառայությունը մատուցում է իր սպասարկման գրասենյակում, եթե կենսաթոշակառուն կատարողին դիմում է ներկայացրել կենսաթոշակը կատարողի սպասարկման գրասենյակում ստանալու վերաբերյալ կամ կենսաթոշակառուն (նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձը) կենսաթոշակն ստանալու համար այցելել է կատարողի սպասարկման գրասենյակ:
1.4. Սույն պայմանագրով սահմանված ծառայությունը կատարողը կենսաթոշակառուին մատուցում է անվճար:
1.5. Սույն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը (այդ թվում` նախորդ ամսվա ընթացքում կենսաթոշակների վճարման արդյունքների մասին անձնավորված տեղեկատվությունը) փոխանակվում է գրավոր կարգով՝ առձեռն հանձնելու կամ փոստով ուղարկելու միջոցով, եթե պատվիրատուն և կատարողը (այսուհետ` նաև կողմեր), փոխադարձ համաձայնությամբ, տեղեկատվության փոխանակման այլ կարգ չեն սահմանել:
1.6. Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունը կատարողի կողմից մատուցված է համարվում նախորդ ամսվա ընթացքում կենսաթոշակների վճարման արդյունքների մասին սույն պայմանագրի N 2 հավելվածով սահմանված տեղեկատվություն պարունակող փոխադարձ հաշվարկների ակտը (այսուհետ` փոխադարձ հաշվարկների ակտ) հաստատելու պահից:
2. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
2.1. Կատարողն իրավունք ունի՝
2.1.1. սույն պայմանագրով սահմանված կարգով լուծելու պայմանագիրը,
2.1.2. օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկել պատվիրատուի գործողությունները և (կամ) անգործությունը,
2.1.3. սույն պայմանագրով սահմանված կարգով ստանալու ծառայությունների մատուցման միջնորդավճարի գումարը:
2.2. Պատվիրատուն իրավունք ունի՝
2.2.1. սույն պայմանագրով սահմանված կարգով լուծելու պայմանագիրը,
2.2.2. ցանկացած ժամանակ ստուգելու կատարողի մատուցած ծառայությունների ընթացքը և որակը` առանց միջամտելու կատարողի գործողություններին,
2.2.3. կատարողից պահանջելու անհապաղ վերացնել հայտնաբերված թերությունները,
2.2.4. օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու կատարողի գործողությունները և (կամ) անգործությունը:
2.3. Կատարողը պարտավոր է՝
2.3.1. տվյալ ամսվա կենսաթոշակի գումարն իր հաշվեհամարին մուտքագրվելու և վճարման ցուցակն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից սկսած` կենսաթոշակի վճարման կարգի համաձայն ապահովել ծառայության մատուցումն իր սպասարկման գրասենյակում,
2.3.2. հաստատել և կենսաթոշակառուին հասանելի եղանակով հրապարակել կենսաթոշակառուի բնակության վայրի հասցեում ծառայության մատուցման ժամանակացույց` կենսաթոշակը կենսաթոշակառուին տրամադրելու նպատակով կենսաթոշակառուի բնակության վայրի հասցե այցելելով առնվազն 2 անգամ (եթե առաջին այցելության արդյունքում հնարավոր չի եղել կենսաթոշակը տրամադրել կենսաթոշակառուին),
2.3.3. կենսաթոշակը տրամադրել բացառապես վճարման ցուցակ ներառված` կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին` անձը հաստատող փաստաթղթի հիման վրա,
2.3.4. յուրաքանչյուր ամսվա 3-րդ աշխատանքային օրվանից ոչ ուշ պատվիրատուին տրամադրել փոխադարձ հաշվարկների ակտը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցել իր բանկային հաշվին փոխանցված, սակայն կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին չտրամադրված կենսաթոշակների գումարը,
2.3.5. պատվիրատուի պահանջով անձնավորված տեղեկատվություն տրամադրել կենսաթոշակը կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին տրամադրելու վերաբերյալ:
2.4. Պատվիրատուն պարտավոր է`
2.4.1. տվյալ ամսվա վճարման ցուցակը կատարողին տրամադրելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ կատարողի հաշվին փոխանցել վճարման ենթակա գումարը` ըստ պատվիրատուի և կատարողի փոխադարձ համաձայնությամբ սահմանված համամասնությունների,
2.4.2. փոխադարձ հաշվարկների ակտը հաստատելու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում կատարողին փոխանցել սույն պայմանագրով սահմանված ծառայությունների միջնորդավճարի գումարը:
3. Պայմանագրի գինը
Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների համար պատվիրատուն վճարում է կատարողին կենսաթոշակառուներին տրամադրված կենսաթոշակի գումարի մեկ տոկոսի չափով միջնորդավճար, ընդ որում, յուրաքանչյուր կենսաթոշակառուի մեկ ամսվա կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուին տրամադրելու համար միջնորդավճարի առավելագույն շեմ է սահմանվում երեք հարյուր դրամը:
4. Վեճերի լուծման կարգը
Սույն պայմանագրի կապակցությամբ վեճեր ու տարաձայնություններ առաջանալու դեպքում լուծվում են տասնհինգ օրվա ընթացքում` բանակցությունների միջոցով, իսկ բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Եզրափակիչ դրույթներ
5.1. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կհանդիսանան սույն պայմանագրի անբաժանելի մասը:
5.2. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից։ Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկական օրինակ։
5.3. Սույն պայմանագիրը լուծվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ պայմանագիրը կատարելուց միակողմանի հրաժարվելու դեպքում: Պայմանագրի լուծման առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն երկու ամիս առաջ:
Պայմանագիրը լուծելու առաջարկությունը ներկայացնող կողմը պարտավոր է պայմանագիրը լուծելու մասին պատշաճ կարգով ծանուցել կենսաթոշակառուին պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ:
Սույն պայմանագիրը լուծվում է պայմանագրով ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատճառած վնասները լրիվ հատուցելու պայմանով:
5.4. Սույն պայմանագիրն իրավաբանական ուժ է ստանում կնքման պահից և գործում է անորոշ ժամկետով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ |
Վճարահաշվարկային կազմակերպության նախագահ/գործադիր տնօրեն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման պայմանագրի |
Ց Ա Ն Կ
Պատվիրատուի կողմից ներկայացրած տվյալների
6. վճարահաշվարկային կազմակերպության անվանումը,
7. կենսաթոշակառուի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը, առկայության դեպքում` կենսաթոշակառուի փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը,
8. վճարման ենթակա կենսաթոշակի գումարը (այդ թվում` տվյալ ամսվան նախորդող ժամանակահատվածի համար)` ըստ ժամանակահատվածի և ըստ տեսակների,
9. վճարման ենթակա ընդհանուր գումարը:
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման պայմանագրի |
Ց Ա Ն Կ
Փոխադարձ հաշվարկների ակտում ներառվող տվյալների
1. ամիսը, որի ընթացքում իրականացվել են կենսաթոշակների վճարումները,
2. կենսաթոշակ ստացած անձանց թվաքանակը` ըստ տեսակների,
3. վճարված կենսաթոշակի գումարը` ըստ տեսակների,
4. մատուցված ծառայությունների միջնորդավճարի գումարը,
5. կողմերի վավերապայմանները, կնիքները և լիազորված անձանց անունները, ազգանունները և ստորագրությունները,
6. փոխադարձ հաշվարկների ակտը կնքելու օրը, ամիսը, տարին: